ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support

Արման Կիրակոսյան

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԵՎՄՏԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ


Բովանդակություն   Տիտղոսաթերթ   Առաջաբան
Գլուխ առաջին
   Գլուխ երկրորդ   Գլուխ երրորդ   Գլուխ չորրորդ   Գլուխ հինգերորդ
Ամփոփում   Գրականության ցանկ   Բովանդակություն (ըստ աղբյուրի)


[ էջ 428 ]

ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

1. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆԸ
1900-1914 ԹԹ.

20-րդ դ. սկզբին եվրոպական տերությունների պայքարը Մերձավոր Արևելքում մտավ նոր փուլ: Նրանց միջև աշխարհի բաժանման գործընթացի ավարտի և վերաբաժանման պայքարի սրման պայմաններում Օսմանյան կայսրությունը շարունակում էր մնալ վաճառահանման շուկաների, հումքի աղբյուրների և ներդրումային ոլորտների համար մրցակցության խոշորագույն առարկա: Երկիրը փաստորեն վերածվել էր եվրոպական տերությունների կիսագաղութի, տնտեսության կարևորագույն ոլորտները գրավված էին օտարերկրյա կապիտալի կողմից: Կայսրության տարածքների հետզհետե կրճատումն1 էլ ավելի էր սրում տերությունների հակասությունները թուրքական տիրույթների համար մղվող պայքարում: Միաժամանակ թափ էր առնում մրցակցությունը նորանկախ բալկանյան պետությունների միջև, որը միահյուսված էր Թուրքիայի և Ավստրո-Հունգարիայի ճնշված ժողովուրդների ազգային ազատագրական շարժումների հետ: Օսմանյան կայսրության տարբեր հատվածներում բռնկվող ապստամբությունները թուլացնում էին կենտրոնական

__________________________________
1 1881 թ. Ֆրանսիան գրավեց Թունիսը, 1882 թ. Մեծ Բրիտանիան` Եգիպտոսը, 1885 թ. Արևելյան Ռումելիան վերամիավորվեց Հյուսիսային Բուլղարիայի հետ, 1897 թ. Կրետե կղզին ձեռք բերեց ինքնավարություն:

[ էջ 429 ]

իշխանությունը, հող նախապատրաստելով երիտթուրքական շարժման ակտիվացման և եվրոպական տերությունների հետագա միջամտության համար:

Մերձավոր Արևելքում տերությունների պայքարի նոր գործոն էր հետզհետե դառնում Գերմանիայի քաղաքականության ակտիվացումը: Բաղդադի երկաթգծի կոնցեսիայի ձեռքբերումը 1903 թ. մեծապես ամրապնդեց գերմանական կառավարության դիրքն Օսմանյան կայսրությունում: Գերմանական խոշոր կապիտալի ներդրումները պայմանավորեցին Գերմանիայի կողմից Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության պահպանմանն ուղղված հստակ քաղաքականության հաստատմանը, ինչը խոչընդոտում էր ոչ թուրք ժողովուրդների ազգային ազատագրական շարժումների զարգացումը: Իր հերթին Աբդուլ Համիդը ձգտում էր գերմանական կառավարության և նրա կապիտալի միջոցով ամրապնդել իր գահը, պայքարել ներքին ընդդիմության և ազգային ազատագրական շարժումների դեմ:

1878 թ. Բոսնիայի և Հերցեգովինայի ձեռքբերումից հետո Ավստրո-Հունգարիան զգալիորեն ուժեղացրեց իր դիրքերը Բալկաններում և Մերձավոր Արևելքում: Չունենալով անդրծովյան գաղութներ, և, դիտելով Եվրոպական Թուրքիան որպես քաղաքական և տնտեսական ազդեցության հաստատման առարկա, ավստրիական կապիտալը բավականին ինտենսիվ կերպով ներդրվում էր բալկանյան պետությունների տնտեսության մեջ: 20-րդ դ. սկզբին ավստրո-հունգարական դիվանագիտության հիմնական նպատակը կայանում էր Սերբիայի ճնշման և հարավսլավոնական ընդհանուր պետության ստեղծման կանխարգելման մեջ:

Մեծ հետաքրքրություն Արևելյան հարցի հանդեպ սկսեց ցուցաբերել նաև մեծ տերություններից ամենից թույլը` Իտալիան, որը փորձում էր Բալկաններ ներթափանցել կարևոր աշխարհաքաղաքական դիրք ունեցող Ալբանիայի վրայով:

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան շարունակում էին կարևորագույն առևտրական և ֆինանսական դիրքեր զբաղեցնել Օսմանյան կայսրությունում: Ֆինանսների բնագավառում առաջատար դերը պատկանում էր Ֆրանսիային, իսկ առևտրում` Մեծ Բրիտանիային: 1895-1914 թթ. ֆրանսիական ֆինանսական կապիտալի մասնաբաժինը Օսմանյան կայսրության արտաքին պարտքի մեջ 46%-ից աճեց մինչև 60%-ի:2 1899-1901 թթ. ցուցանիշների

__________________________________
2 Внешнеэкономические связи..., с. 123.

[ էջ 430 ]

համաձայն, բրիտանական ապրանքների ներմուծման և արտահանման բաժինն Օսմանյան կայսրության արտաքին առևտրում կազմում էր 35%-ը:3

Գտնվելով ֆինանսական կախվածության մեջ իր դաշնակիցներից, Ռուսաստանը չէր կարող մրցել արևմտաեվրոպական տերությունների հետ` Օսմանյան կայսրության նկատմամբ տնտեսական ակտիվ քաղաքականության անցկացման հարցում: Ռուսական առևտրի հաշվեկշիռը Բալկաններում և Փոքր Ասիայում շարունակում էր մնալ չնչին: Օսմանյան կայսրության հետ իր առևտրում Ռուսաստանը զբաղեցնում էր 5-րդ տեղը ներմուծման և 8-րդը` արտահանման ցուցանիշներով, ռուսական կապիտալը գրեթե բացակայում էր իրագործվող ներդրումային ծրագրերում:4 Միաժամանակ Ռուսաստանը շարունակում էր առաջատար դեր խաղալ թուրքական լծից բալկանյան ժողովուրդների ազատագրման հարցում, ակտիվորեն մասնակցել բալկանյան խնդրի լուծման գործընթացում: Թեև նեղուցներին և Կոստանդնուպոլսին տիրանալու հարցը ռուսական վերնախավի կողմից համարվում էր Ռուսաստանի հիմնական խնդիրը, սակայն ներքին անկայունության և արտաքին քաղաքականության ոլորտում դիրքերի թուլացման հետևանքով 20-րդ դ. սկզբին այն հանվել էր օրակարգից: Ռուսական դիվանագիտության առջև դրված էր շատ ավելի սահմանափակ խնդիր` ապահովել ռուսական ռազմանավերի ազատ անցումը նեղուցներով: Ավստրո-գերմանական քաղաքականության ակտիվացումը Մերձավոր Արևելքում սրեց ավստրո-ռուսական և ռուս-գերմանական հարաբերությունները, ստիպելով ռուսական կառավարությանը մերձեցման եզրեր փնտրել Մեծ Բրիտանիայի հետ: Անգլո-գերմանական հակասությունների սրումը Մերձավոր Արևելքում իր հերթին բերեց նրան, որ 1907 թթ. երկու տերությունները ստորագրեցին համաձայնագիր` Իրանում, Աֆղանստանում և Տիբեթում շահերի սահմանազատման մասին: Այդ և 1904 թ. անգլո-ֆրանսիական համաձայնագրերի ստորագրումով, ի հակադրություն ավստրո-գերմանական դաշինքին, փաստորեն ավարտվեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի եռյակ համաձայնության` Անտանտի ձևավորումը:

Գերմանիայի կողմից Մեծ Բրիտանիայի ազդեցության դուրս մղումը Կոստանդնուպոլսից ստիպում էր բրիտանական դիվանագիտությանը հրաժարվել

__________________________________
3 Նույն տեղում, էջ 149:
4 Восточный вопрос во внешней политике России..., с. 287.

[ էջ 431 ]

բալկանյան ժողովուրդների և հայերի դեմ տարվող սուլթանական կառավարությանն աջակցելու քաղաքականությունից: Թեև Բեռլինի համաժողովի տարիներին որդեգրված բարենորոգումների իրագործման միջոցով իր ազդեցության ամրապնդման և Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականությունն ապահովող քաղաքականությունը ոչ միայն ցանկալի արդյունք չտվեց, այլև վատթարացրեց անգլո-թուրքական հարաբերությունները, բրիտանական կառավարությունն ամբողջությամբ չհրաժարվեց այդ ուղեգծից: Բարենորոգումների իրագործման շարունակական առաջարկներն ու Օսմանյան կայսրությունում սահմանադրական և խորհրդարանական կարգեր հաստատելու ուղղությամբ տարվող բրիտանական դիվանագիտության գործունեությունը դիտվում էր սուլթանական իշխանությունների կողմից որպես չափազանց վտանգավոր:

1876 թ. բուլղարական և 1894-1896 թթ. հայկական կոտորածները վերջնականապես հիմնավորեցին բուլղարների, սերբերի, հույների և հայերի քաղաքական ձգտումները վերանայելու և քաջալերելու բրիտանական դիվանագիտության քաղաքականությունը: Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության ղեկավարները եկել էին այն համոզման, որ սուլթանի քրիստոնյա հպատակների հարցը կարող է լուծում ստանալ միմիայն «գորդյան հանգույցը կտրելու, այսինքն, կայսրության հետագա անդամահատության միջոցով»:5 1908 թ. հունվարին Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիկոլաս Օ`Կոնորը6 գրում էր արտաքին գործերի նախարար Էդուարդ Գրեյին, որ «քանի դեռ Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները կախում ունեն սուլթանից, նրանք պակաս քան հանդուրժելի են: Նորին Մեծության (Աբդուլ Համիդի - Ա.Կ.) կառավարության Մակեդոնիայի, Հայաստանի և այլ ճնշված ազգությունների նկատմամբ տարվող քաղաքականությունը դատապարտելի է և նույնիսկ գարշելի»:7 Իսկ բրիտանական դեսպանության նախկին թարգման, Կոստանդնուպոլսում Մեծ Բրիտանիայի առևտրական պալատի նախագահ Ադամ Բլոկը նույն թվականի մարտին գրում էր մշտական փոխարտգործնախարար Չարլզ

__________________________________
5 Heller J. British Policy Towards the Ottoman Empire. 1908-1914. London, 1983, p. 2.
6 Օ`Կոնոր (O`Conor) Նիկոլաս (1843-1908) - բրիտանացի դիվանագետ: 1892-1895 թթ.` դեսպանորդ Չինաստանում, 1895-1896 թթ.` դեսպան Ռուսաստանում, 1898-1908 թթ.` դեսպան Թուրքիայում:
7 Heller J. Op.cit., p. 2.

[ էջ 432 ]

Հարդինգին,8 որ քանի դեռ Աբդուլ Համիդը գտնվում է իշխանության գլխին, բարելավումների և բարենորոգումների ոչ մի սպասելիք լինել չի կարող:9 Մայիսին Գրեյը գրում էր Օսմանյան կայսրությունում ժամանակավոր հավատարմատար Ջորջ Բարկլեյին. «Ինչ էլ որ լինի, մենք վատ վերաբերմունք չունենք Թուրքիայի հանդեպ, սակայն Դուռը մեզ հնարավորություն չի տալիս բարելավելու մեր հարաբերությունները նրա հետ»:10

Մակեդոնական հարցում բրիտանական դիվանագիտությունը գործում էր համագործակցաբար Ռուսաստանի հետ: Եթե խնդրի առաջին փուլում` երբ Ռուսաստանը զբաղված էր ռուս-ճապոնական պատերազմով, ինչպես պահպանողական, այնպես էլ լիբերալ կառավարությունները փորձում էին համագործակցել բոլոր մեծ տերությունների հետ Մակեդոնիայում բարենորոգումների իրագործման հարցում, ապա երկրորդ փուլում` Մեծ Բրիտանիան ավելի հեռու գնաց իր պահանջներում, համաձայնեցնելով իր դիրքորոշումը Ռուսաստանի հետ: 1908 թ. մարտին բրիտանական կառավարությունը դիմեց մեծ տերություններին, առաջարկելով բարենորոգումների այնպիսի մի ծրագրի իրականացում, որը, ձևական դարձնելով թուրքական իշխանությունը շրջանում, փաստորեն նշանակում էր Մակեդոնիայի անջատում Օսմանյան կայսրությունից: 1908 թ. հունիսին Ռևելում կայացած Նիկոլայ 2-րդի և Մեծ Բրիտանիայի թագավոր Էդուարդ 7-րդի հանդիպման ժամանակ երկու տերությունների համագործակցությունը Մակեդոնական հարցում դարձավ հատուկ քննարկման առարկա: Թեև ռուսական կողմի ճնշման տակ Մեծ Բրիտանիան մեղմացրեց իր պահանջները մակեդոնական բարենորոգումների կապակցությամբ, Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մերժեցին բարենորոգումների ծրագիրը, գնահատելով այն որպես իրենց շահերին և Օսմանյան կայսրության տարածքային ամբողջականության դեմ ուղղված քայլ: Բարենորոգումների քաղաքականության հերթական այս անհաջողությունը ստիպեց բրիտանական կառավարությանը մտածել ՙեվրոպական համերգի՚ գաղափարի վերջնական

__________________________________
8 Հարդինգ (Hardinge) Չարլզ (1958-1944) - բրիտանացի դիվանագետ: 1906-1910, 1916-1920 թթ.` մշտական փոխարտգործնախարար, 1910-1916 թթ.` Հնդկաստանի փոխարքա, 1920-1922 թթ.` դեսպան Ֆրանսիայում:
9 Heller J. Op.cit., p.4.
10 Նույն տեղում, էջ 5:

[ էջ 433 ]

տապալման և Արևելյան հարցում տերությունների վերախմբավորման անհրաժեշտության մասին:11

Աբդուլ Համիդի հակահայկական քաղաքականության և Արևմտյան Հայաստանում ստեղծված անմխիթար իրավիճակի հետևանքով հազարավոր հայեր թողեցին իրենց հայրենիքը և ապաստան գտան Արևելյան Հայաստանում, Պարսկաստանում, Եվրոպայում ու Ամերիկայում: Չնայած հայ քաղաքական հիմնական կուսակցությունների` դաշնակցականների և հնչակյանների ծրագրերի և գործունեության միջև եղած տարբերություններին, նրանք միասնական էին Արևմտյան Հայաստանի ազատագրության, հայկական անկախ պետության ստեղծման հարցում: Բայց հայ կուսակցությունները այդպես էլ չհամախմբվեցին ազգային այդ գաղափարի շուրջ, չմիավորեցին իրենց ուժերը ժողովրդական միասնական հզոր շարժում առաջացնելու նպատակով, ինչպես վարվեցին կայսրության մյուս ճնշված ժողովուրդները: Անհաջողության մատնվեցին նաև ոչ թուրք ժողովուրդների` մասնավորապես քրդերի հետ միասնական ճակատ ստեղծելու փորձերը: Ընդհակառակը, թուրքական իշխանություններին հաջողվեց օգտագործել քրդական ցեղերին իրենց նպատակների համար, հրահրել նրանց հայերի դեմ: 19-րդ դ. վերջին – 20-րդ դ. սկզբին հայ ազատագրական շարժման վերելքը, այն բացառապես սուլթանական իշխանության դեմ օգտագործելու ձգտումն ընդդիմադիր երիտթուրքական կուսակցությանը հանգեցրեց հայ կուսակցությունների, գլխավորապես, Դաշնակցության հետ հարաբերություններ հաստատելու գաղափարին, թեև ազգային հարցում երիտթուրքերի և Աբդուլ Համիդի միջև սկզբունքային տարբերություններ գոյություն չունեին: Շարունակելով ազգային- ազատագրական պայքարը, հայ քաղաքական կուսակցություններն իրենց մասնակցությունն ունեցան Աբդուլ Համիդի վարչակարգի դեմ ընդդիմադիր ուժերի միություն ստեղծելու գործում, ինչը հանգեցրեց 1908 թ. երիտթուրքական հեղաշրջմանը:12

__________________________________
11 Նույն տեղում, էջ 5-6; История дипломатии. Т. 2..., с. 638-645; Восточный вопрос во внешней политике России..., с. 307-308.
12 Հայ քաղաքական կուսակցությունների և երիտթուրքերի հարաբերությունների մասին տես` Կիրակոսյան Ջ. Երիտթուրքերը պատմության դատաստանի առաջ (19-րդ դարի 90-ական թթ. – 1914 թ.), Երևան, 1982; Кочар М. Армяно-турецкие общественно-

[ էջ 434 ]

1898-1907 թթ. հայ ազատագրական շարժումն իր վերելքն ապրեց 1903-1904 թթ., որի գագաթնակետը հանդիսացավ Սասունի ապստամբությունը: Հայդուկային պայքարն Արևմտյան Հայաստանում ընթանում էր հայերի համար ոչ բարենպաստ միջազային պայմաններում, երբ Հայկական հարցն ընդհանրապես մոռացության էր մատնվել եվրոպական տերությունների կողմից: Թեև Մեծ Բրիտանիայի դիվանագիտությունը խուսափում էր այդ շրջանում բարձրացնել Հայկական հարցը, բրիտանական դեսպանությունը շարունակում էր հետևել և միջամտել Արևմտյան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ընթացքին:

1904 թ. մարտին դեսպանությունը տեղեկություններ ստացավ Մուշի և Սասունի հայերի շրջանում տիրող «լուրջ անհանգիստ իրավիճակի» և այդ կապակցությամբ «հայ հեղափոխականների» նկատմամբ թուրքական իշխանությունների մտադրության մասին: Մարտի 11-ին Աբդուլ Համիդի հետ կայացած հանդիպման ժամանակ դեսպան Օ`Կոնորը պնդում էր հայերի ղեկավարների հետ խաղաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության վրա, առաջարկելով նրանց ընդհանուր ներման շնորհում և երկրից ազատորեն դուրս գալու հնարավորություն: Մինչ այդ, դեսպանի խորհրդի համաձայն, պատրիարքը նույնպես դիմել էր սուլթանական իշխանություններին նման խնդրանքով: Նա առաջարկում էր Մուշի եկեղեցականների միջոցով համոզել «հեղափոխականներին» ցրվել` կառավարության կողմից ներում շնորհելու և երկրից դուրս արտաքսելու երաշխիք ունենալու դեպքում:

Բանակցությունների ձախողման պարագայում Օ`Կոնորն առաջարկել էր նաև իր և ռուսական կառավարությունների պատրաստակամությունը` համապատասխան հյուպատոսների միջնորդության միջոցով օգտակար լինել խնդրի կարգավորմանը: Հետագայում այդ առաջարկությանը միանում է նաև Ֆրանսիայի կառավարությունը: Եվ երբ «հեղափոխականները» հրաժարվեցին եկեղեցականների միջնորդությունից, երեք տերությունների հյուպատոսները հանձնարարություն ստացան բանակցություններ սկսել հայերի հետ: Սակայն «ապստամբների հանդուգն վերաբերմունքի» և թուրքական զորքի վրա կատարած հարձակման արդյունքում հյուպատոսների միջնորդությունն այդ պահին դարձավ

__________________________________
политические отношения и Армянский вопрос в конце Х1Х – начале ХХ в. Ереван, 1988.

[ էջ 435 ]

անօգուտ: Իրավիճակն ավելի բարդացավ, երբ հայերի վրա «մեծ դաժանությամբ» հարձակում գործեցին քրդերը, որոնք ավերեցին և այրեցին մի քանի գյուղ:13

Մայիսի 24-ին Օ`Կոնորը պահանջում էր մեծ վեզիրից հայերի վրա հարձակումներ գործելու համար պատժել մի քանի քրդերի, որպեսզի վերջիններս հասկանան, որ կենտրոնական իշխանությունները որոշ չափով վերահսկում են նրանց «վայրագ գործողությունները»: Մեծ վեզիրը պատասխանում է, որ քրդերին ընդհանրապես արգելված է հայտնվել հուզումների ենթակա շրջաններում, իսկ կառավարությունն արդեն մեծ ռազմական ուժ է ուղարկել ապստամբների դեմ` արյունահեղությունը կանխելու համար: Այնուհետև նա նշում էր, որ հայերի կողմից դավադրության կազմակերպման փաստերը լիովին հաստատված են, վերջերս նրանք հեղափոխական հավաքներ են գումարել Կարսում և սահմանակից այլ վայրերում, որից հետո շուրջ 600 «ապստամբներ» խախտել են սահմանն ու թափանցել Թուրքիա: Հունիսի 13-ին դեսպանը կրկին անգամ զգուշացնում էր մեծ վեզիրին, որ թուրքական կառավարության վրա «սարսափելի պատասխանատվություն է» ընկնելու, եթե ապացուցվի, որ քրդերին թույլ է տրվել մասնակցել «վերջին անկարգություններին»: Դեսպանության տեղեկությունների համաձայն, իշխանությունները հատուկ ստիպում են հայերին շարժվել դեպի հարթավայրեր, որտեղ նրանք ընկնելու են քրդերի ձեռքը: Օ`Կոնորը պահանջում էր մեծ վեզիրից հրահանգներ իջեցնել Բիթլիսի վալիին, որպեսզի վերջինս թույլատրի փախստական հայերին ետ վերադառնալ իրենց տները և ապահովել նրանց անվտանգությունը:14

Հունիսի 21-ին մեծ վեզիրը տեղեկացնում էր Օ`Կոնորին, որ, քննարկելով Մուշում և Սասունում ստեղծված իրավիճակը, կառավարությունն ընդունել է հետևյալ որոշումը. 1/ Մուշում և այլ վայրերում գտնվող փախստականներին շնորհվելու է Սասուն վերադառնալու թույլտվություն. 2/ փախստականների տները վերականգնելու նպատակով Բիթլիսի վալիին ուղակվելու է 5 հազ. թուրքական ոսկի. 3/ քրդերի ավերիչ հարձակումներից և հեղափոխական հնարավոր ընդվզումը կանխելու նպատակով Սասունի շրջակայքում կառուցվելու են զորանոցներ. 4/ ընդհանուր ներում է շնորհվելու բոլոր նրանց, ովքեր կամավոր հանձնվելու են

__________________________________
13 FO 881/8556, No. 1262, T.R. Memorandum respecting the Armenians, December 11, 1905, pp. 1-2.
14 Նույն տեղում, էջ 2:

[ էջ 436 ]

և ովքեր չեն մասնակցել հանցագործությունների կազմակերպմանը. 5/ վերակազմակերպվելու է Բիթլիսի և հարևան վիլայեթների ժանդարմերիան, անցկացվելու է հատուկ հետաքննութուն` տեղական իշխանությունների չարաշահումները հայտնաբերելու նպատակով:15

Հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայի փոխհյուպատոս Հիթկոթը Մուշից Օ`Կոնորին հաղորդում էր, որ իրավիճակը շրջանում բավականին բարելավվել է: Թուրքական իշխանությունները ջանում են բավարարել իրենց տները վերադարձած փախստականների անմիջական կարիքները, վալին խոստանում է ապահովել հայերի անվտանգությունը քրդերից: Օգոստոսի 12-ին, պատասխանելով բրիտանական խորհրդարանի անդամների արտգործնախարարությանը հասցեագրցած հարցմանը, փոխարտգործնախարարը հայտարարում էր, որ հյուպատոսական գործակալներից ստացված տեղեկությունների համաձայն, հունիսի վերջին թուրքական իշխանությունները ձեռնարկել են մի շարք միջոցառումներ` իրավիճակը զգալիորեն բարելավելու ուղղությամբ: Հատուկ հանձնաժողովի հսկողության ներքո, որի կազմում ընդգրկված են նաև հայերի նշանավոր ներկայացուցիչներ, փախստականները վերահաստատվել են իրենց տներում, վերակառուցվում են տներն ու անասունները, նրանց համար առաքվում է սննդամթերք: Քրդերի մասնակցությունը վերջին անկարգություններին, շարունակում էր փոխարտգործնախարարը, դեռևս չի հաստատվում, սակայն իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հայերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Վերջին տաս օրերի ընթացքում թուրք-պարսկական սահմանամերձ տարածքներում արձանագրվել են ընդհարումներ թուրքական զորքերի և հայկական «հեղափոխական» ջոկատների միջև: Ընդհանուր իրավիճակն Օսմանյան կայսրության ասիական վիլայեթներում նախարարության ներկայացուցիչը համարում էր «բնականոն»:

Սեպտեմբերի 27-ին մեծ վեզիրը տեղեկացնում էր Օ`Կոնորին հատուկ խառը հանձնաժողով ստեղծելու մասին, որը զբաղվելու է փախստականներին ետ վերադարձնելու, ավերված տները վերակառուցելու և հատկացված միջոցներն իրենց նպատակին ծառայեցնելու համադրման աշխատանքներով: 1905 թ. հունվարին Սասուն այցելած Վանում

__________________________________
15 Նույն տեղում, էջ 2-3:

[ էջ 437 ]

փոխհյուպատոս, կապիտան Թայրելը հաղորդում էր, որ սուլթանական կառավարությունն իրապես զգալի աշխատանք է կատարել իրավիճակը Սասունում բարելավելու ուղղությամբ:16

Օգոստոսին Օ`Կոնորը հաղորդում էր, որ սուլթանական իշխանությունները հայտնաբերել են Զմյուռնիայում մեծ քանակությամբ ռումբեր և «դժոխային մեքենաներ», որի հետևանքով ամեն օր ձերբակալվում էին 100-200 հայեր, մեկ հայ ենթարկվել էր նույնիսկ մահապատժի: Սեպտեմբերի 19-ի դեսպանի զեկուցագրում կարդում ենք, որ Կոստանդնուպոլսի թուրք բնակչությունը հավատացած էր, որ հայերը ծրագրում են ընդհանուր հարձակում սկսել իշխանությունների դեմ, օգտագործելով ռումբեր և այլ միջոցներ: Նմանօրինակ տեղեկությունները ստացել էին այնպիսի տարածում, շարունակում էր դեսպանը, որ մահմեդականներն իրապես վախեցել էին իրենց կյանքի համար և հայերի հարձակման դեպքում պատրաստվում էին կիրառել «արյունարբու միջոցներ»:

Ըստ Օ`Կոնորի, սուլթանի դեմ իրագործված մահափորձը ստեղծել էր «անհանգստության և կասկածանքի» ընդհանուր մթնոլորտ: Սեպտեմբերի 26-ին Մեծ Բրիտանիայի դեսպանի և Աբդուլ Համիդի միջև կայացած հանդիպման ժամանակ վերջինս պնդում էր, որ այդ դավադրության հեղինակները հայերն են: Նա նշում էր, որ Կոստանդնուպոլսի 12 տարբեր թաղամասերում հայտնաբերված են հայերի կողմից տեղադրված ռումբեր, որոնք պետք է պայթեցվեին հեղաշրջման հաջող իրականացման դեպքում: Սուլթանը շարունակում էր. «Հայերը երևակայում են, որ պաշտպանված են տերությունների կողմից, սակայն եթե նրանք բարկացնեն մեզ, մենք կսպանենք բոլոր հայերին մինչև տերությունների հնարավոր միջամտությունը: Եվ հետո, ինչ՞ կարող են անել տերությունները: Ես արդեն ծեր մարդ եմ»:17

Բրիտանական դիվանագիտությունն այդքան էլ մեծ նշանակություն չտվեց 1908 թ. երիտթուրքական հեղաշրջմանը նախորդող իրադարձություններին, սակայն արդեն հուլիսի 23-24-ին, երբ Աբդուլ Համիդը ստիպված եղավ հրաժարվել իր բացարձակ իշխանությունից, Ֆորին Օֆիսն անմիջապես որոշում կայացրեց կտրուկ փոփոխության ենթարկել իր դիրքորոշումն Օսմանյան կայսրության հանդեպ: Հուլիսի 25-ին Գրեյին ուղղված հեռագրում

__________________________________
16 Նույն տեղում, էջ 3-4:
17 Նույն տեղում, էջ 4-5:

[ էջ 438 ]

Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի հավատարմատար Ջորջ Բարկլայը18 գրում էր Գրեյին, որ Կոստանդնուպոլսում տեղի են ունեցել զգալի փոփոխություններ` մեծ վեզիր Սաիդ փաշայի խորհրդով սուլթանը ընդհանուր ներում է շնորհել քաղբանտարկյալներին, գրաքննություն այլևս գոյություն չունի: Նա մանրամասնորեն նկարագրում էր ժողովրդի ցնծությունը, կառավարական շենքերի առջև տեղի ունեցող ցույցերը, մահմեդականների և քրիստոնյաների, մասնավորապես, հայերի հետ եղբայրացման նկատելի երևույթները:19

Հուլիսի 27-ին Բարկլային ուղղված հեռագրում Գրեյը գրում էր սուլթանի կողմից սահմանադրության հրապարակման և մեծ վեզիրի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ Սաիդ փաշային շնորհավորելու անհրաժեշտության մասին: Նա նշում էր, որ մեծ վեզիրը պետք է վստահ լինի բրիտանական կառավարության Թուրքիայի հանդեպ ունեցած բարի վերաբերմունքի մեջ: Ըստ Գրեյի, Մեծ Բրիտանիան համարում է տեղի ունեցած իրադարձությունը որպես նոր քայլ երկրի բարեկեցության ճանապարհին: Նա հանձնարարում էր Բարկլային հավաստիացնել Սաիդ փաշային, որ Հայաստանում և Մակեդոնիայում տիրող իրավիճակի առնչությամբ բրիտանական կառավարության կողմից ժամանակ առ ժամանակ ձեռնարկված գործողությունները նպատակ են հետապնդել այդ շրջանների կառավարման բարելավումը պայմանագրային պարտավորությունների համաձայն և ամենևին էլ թշնամական բնույթ չեն կրել Թուրքիայի հանդեպ: Բրիտանական կառավարությունը համարում է, շարունակում էր Գրեյը, որ Մակեդոնական և նման բոլոր հարցերը կարող են լուծում ստանալ միմիայն այն դեպքում, երբ թուրքական իշխանության տակ գտնվող բոլոր «տիրույթներում» կհաստատվի «լավ կառավարում»: Բրիտանական կառավարությունը պատրաստ է, ըստ նախարարի, աջակցել Թուրքիային այդ հարցում:20

Այդ կապակցությամբ նույն օրը Գրեյը հանդես եկավ ելույթով խորհրդարանում: Նա ասում էր. «Եթե Թուրքիան պատրաստ է բարելավել ողջ կառավարման համակարգը երկրում

__________________________________
18 Բարկլայ (Barclay) Ջորջ (1862-1921) - բրիտանացի դիվանագետ: 1906-1908 թթ.` հավատարմատար Թուրքիայում, 1908-1912 թթ.` դեսպանորդ Իրանում, 1912-1918 թթ.` Ռումինիայում:
19 Turkey, No. 1 (1909). Correspondence Respecting the Constitutional Movement in Turkey. 1908. London, 1909, p. 11.
20 Նույն տեղում, էջ 14:

[ էջ 439 ]

և երաշխավորելու է, որ մահմեդականներն ու քրիստոնյաները հավասարապես շահելու են բարելավումից, ապա ավելի լավ կլինի, եթե Մակեդոնական հարցը լուծում ստանա թուրքերի կողմից այնպես, ինչպես որ մենք տարիներ շարունակ ստիպել ենք իրենց այդ անելու...: Մեր անձնական համակրանքը պետք է լինի նրանց հետ, ով փորձելու է իրագործել բարենորոգումները...:21

Սակայն ոչ բոլոր բրիտանացի դիվանագետներն էին կիսում Գրեյի տեսակետները: Բարկլայը բավականին թերահավատ էր «հեղափոխության հաջողության» կապակցությամբ, իսկ Հարդինգն այդ օրերին գրում էր, որ «վերջին օրերի իրադարձություններն այնքան անսպասելի էին, որ անհնարին է ասել, թե որն է լինելու մեր հաջորդ քայլը մակեդոնական բարենորոգումների ծրագրերի առնչությամբ»: Նա համարում էր, որ «եթե միայն այդ երիտասարդ թուրքերի կուսակցությունը կարողանա իրեն հաստատել ու ստեղծել իրապես լավ վարչակարգ երկրում, նրանք ամբողջությամբ կխաղան մեր...խաղը»: Ֆորին Օֆիսը նույնպես հավատացած էր, որ «հեղափոխությունը հարված է հասցնելու գերմանական ազդեցությանը Կոստանդնուպոլսում»:22 Իսկ ինչ վերաբերում է այդ կապակցությամբ ռուս-բրիտանական հարաբերություններին, ապա Գրեյը նշում էր. «Ներկայումս ամենից նրբազգաց կետը դա Ռուսաստանն է` մենք չենք կարող վերադառնալ լորդ Բիքոնսֆիլդի հին քաղաքականությանը, մենք ներկայումս վարելու ենք թուրքամետ գիծ, առանց որևէ կասկած հարուցելու, որ այն կրելու է հակառուսական բնույթ»:23

Հուլիսի 30-ին Կոստանդնուպոլիս ժամանեց Մեծ Բրիտանիայի նոր դեսպան Ջերարդ Լոութերը,24 որին հետագայում մեղադրեցին Մեծ Բրիտանիայի և Օսմանյան կայսրության միջև հարաբերությունները վատթարացնելու մեջ: Անմիջապես հաջորդ օրը Գրեյը տեղեկացնում էր նրան Թուրքիայի դեսպանի հետ կայացած իր զրույցի մասին: Հանդիպման ժամանակ դեսպանը հետաքրքրվում էր Թուրքիայի իրադարձությունների կապակցությամբ Մեծ Բրիտանիայի կառավարության վերաբերմունքի մասին: Գրեյը պատասխանում էր, որ

__________________________________
21 Heller J. Op.cit., p. 10.
22 Նույն տեղում, էջ 10-11:
23 Նույն տեղում, էջ 11:
24 Լոութեր (1858-1916) Ջերարդ - բրիտանացի դիվանագետ: 1908-1913 թթ.` դեսպան Թուրքիայում:

[ էջ 440 ]

բրիտանական կառավարությունը ողջունում է Թուրքիայի նոր կառավարությունը: «Մեր միակ ցանկությունը եղել է լավ կառավարման ապահովումը և եթե թուրքերն այսօր պատրաստվում են ստեղծել նմանն իրենց համար, - շարունակում էր նախարարը, - մենք ուրախ կլինենք արտահայտելու մեր բավարարվածությունն ու համակրանքը...: Մեր վեճերը երբեք չեն եղել թուրք ժողովրդի հետ, այլ միայն կառավարության հետ, նրա ղեկավարման առանձին թերությունների պատճառով, ինչի դեմ այսօր բողոքում են թուրքերը»:25

Օգոստոսի 3-ին Էրզրումում Մեծ Բրիտանիայի հյուպատոս Շիպլին Լոութերին զեկուցում էր, որ քաղաքի բանտից ազատ են արձակվել 92 քաղբանտարկյալներ, որոնցից 60-ը հայեր են: Նրանք բոլորը մեղադրված էին հեղափոխական գրականության տարածման, ռուս-թուրքական սահմանը խախտելու և զենքի փոխադրման մեջ: Ըստ հյուպատոսի, քաղաքի հայ բնակչությունը արտակարգ խանդավառությամբ էր ընդունել նոր իշխանությունների այդ քայլը:26 Հաջորդ օրը Լոութերը Գրեյին հաղորդում էր Կոստանդնուպոլսի Շիշլիի գերեզմանոցում կատարված արտասովոր մի երևույթի մասին. հայերի և թուրքերի մի մեծ բազմություն` կրոնական դասերի ներկայացուցիչների մասնակցությամբ, նշում էր 1895 և 1896 թթ. հայկական կոտորածների զոհերի հիշատակը:27 Օգոստոսի 12-ին հյուպատոս Սթիվենսը հաղորդում էր Բաթումից, որ Թուրքիայի հյուպատոսարանը հայտարարել է սուլթանի կողմից Անդրկովկաս գաղթած փախստականներին, հիմնականում հայերին, ներում շնորհելու մասին և կոչ է անում վերադառնալ հայրենիք:28 Մուշում և Բիթլիսում հայ բնակչության խանդավառության, ինչպես նաև մահմեդականների և քրիստոնյաների եղբայրացման փաստերի մասին տեղեկացնում էր (1 սեպտեմբերի) Մեծ Բրիտանիայի փոխհյուպատոս Սաֆրաստյանը:29

Միաժամանակ սեպտեմբերի 20-ին Լոութերը գրում էր Գրեյին, որ չնայած հեղաշրջման որոշակի դրական ազդեցությանը, իրավիճակը Հայաստանում դեռևս մնում է

__________________________________
25 Turkey, No. 1 (1909)..., p. 18.
26 Նույն տեղում, էջ 61-62:
27 Walker Ch. Op.cit., p. 181.
28 Turkey, No. 1(1909)..., p. 61.
29 Նույն տեղում, էջ 89:

[ էջ 441 ]

անբավարար, մասնավորապես, Մուշի և Բիթլիսի շրջանում քրդերը շարունակում էր հարձակումներ գործել և թալանել հայ բնակչությանը:30

Ֆօրին Օֆիսը շարունակում էր իր գլխավոր խնդիրը համարել Օսմանյան կայսրության վարչական համակարգի բարենորոգումների իրագործումը, խոստանալով ամեն կերպ քաջալերել նոր իշխանություններին: Գրեյի կարծիքով, երիտթուրքերը պետք չէ շտապեն այդ հարցում, նրանց նպատակը պետք է լինի կառավարական հիմնական լծակների փոխանցումը ՙազնիվ և կարող՚ մարդկանց ձեռքը: Նա նույնպես հույս ուներ, որ նոր վարչակարգը բրիտանական կապիտալի ներդրման մեծ հնարավորություններ պետք է ստեղծի, սակայն միաժամանակ հուսախաբություն ապրեց, երբ ֆինանսները վերակարգելու համար երիտթուրքերն ընտրեցին ֆրանսիացի փորձագետի:31

Իր առաջին կապը երիտթուրքերի հետ Լոութերը հաստատեց սեպտեմբերի 2-ին, երբ հանդիպում ունեցավ Մեհմեդ Թալաաթի և Բեհաեդդին Շաքիրի հետ: Դեսպանը չափազանղ տպավորված էր իրենց ժամանակակից գաղափարներից և ապագա դժվարությունների իրական ըմբռնումներից: Նրանք երկուսն էլ հաստատեցին իրենց բրիտանական կողմնորոշումը, նշելով, որ նայում են բրիտանական կառավարության վրա ՙհավանությամբ և համակրանքով՚:32

Սակայն միջազգային իրադրությունը թելադրում էր բրիտանական դիվանագիտությանը խաղի այլ կանոններ: Իրավիճակը կտրուկ կերպով փոխվեց հոկտեմբերի սկզբին, երբ Բուլղարիան հայտարարեց իր անկախությունը, իսկ Ավստրիան գրավեց Բոսնիան և Հերցեգովինան: Բուլղարիայի անկախության պարագայում բրիտանական կառավարությունը նախընտրեց պաշտպանել Ռուսաստանի դիրքորոշումը, սակայն մերժեց Ֆրանսիայի առաջարկը` Ավստրո-Հունգարիայի քայլը քննարկելու նպատակով տերությունների համաժողով գումարելու վերաբերյալ: Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանի միջոցով Գրեյը խորհուրդ էր տալիս նոր իշխանություններին ընդունել ինչպես Բուլղարիայի անկախությունն, այնպես էլ Բոսնիայի ու Հերցեգովինայի գրավումը և խուսափել պատերազմից, քանի որ Թուրքիան ներկայումս կարիք ունի միայն ժամանակի ու

__________________________________
30 Նույն տեղում, էջ 80, 88:
31 FO 371/545, No. 235.
32 FO 371/549, No. 541.

[ էջ 442 ]

ֆինանսների: Փոխարենը թուրքական կառավարությանն առաջարկվում էր ֆինանսական աջակցություն և համակրանքի հավաստիացումներ նոր իշխանությունների նկատմամբ: Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի արտգործնախարար Թևֆիկ փաշան այցելեց Լոութերին և կրկին անգամ փորձեց համոզել բրիտանական կառավարությանը փոխել իր դիրքորոշումը:33

Բուլղարիայի անկախացումը, Բոսնիայի և Հերցեգովինայի գրավումն ու Կրետեյի կողմից Հունաստանի հետ վերամիավորման հռչակումը ծանր հարված հասցրին Օսմանյան կայսրության նոր իշխանություններին և բողոքի մեծ ալիք բարձրացրին երկրում: Փորձելով շահել երիտթուրքերի համակրանքը և փոխհատուցել կայսրության տարածքային կորուստները, Ֆորին Օֆիսը որոշում ընդունեց առաջարկել Թուրքիային իր աջակցությունը` Բեռլինի պայմանագրի 23 և 61-րդ հոդվածների վերացման հարցում, համաձայն որոնց թուրքական կողմը պարտավորվել էր վարչական բարենորոգումներ իրագործել կայսրության եվրոպական և հայկական շրջաններում: Օսմանյան վարչակարգի բարեփոխման դեպքում բրիտանական կառավարությունը խոստանում էր նաև կապիտուլյացիոն բնույթի պայմանագրերը փոխարինել քաղաքակիրթ պետությունների միջև ստորագրվող կանոնավոր համաձայնագրերով: Փոխարենը օսմանյան կառավարությունը պետք է ճանաչեր Բուլղարիայի անկախությունը և Բոսնիայի ու Հերցեգովինայի գրավումը: Երբ մեծ վեզիր Քյամիլ փաշան մերժեց Լոութերի կողմից իրեն ներկայացված բրիտանական առաջարկը, Ֆորին Օֆիսն ընդունեց բավականին կոշտ դիրք: Գրեյն ասում էր Թուրքիայի դեսպանին, որ օսմանյան կառավարությունն իրավունք չունի վիճաբանելու, երբ խոսքը գնում է Թուրքիայի քաղաքական շահերի մասին: Իր հերթին Հարդինգը հայտարարում էր, որ եթե Թուրքիան նույնիսկ հաղթի Բուլղարիային, Ռուսաստանը և Եվրոպան թույլ չեն տա, որպեսզի Արևելյան Ռումելիան վերադարձվի Օսմանյան կայսրությանը: Անհաջողությամբ ավարտվեց նաև Ֆորին Օֆիսի հերթական նախաձեռնությունը` Ավստրո-Հունգարիայի նկրտումների դեմ պայքարելու նպատակով Օսմանյան կայսրություն-Բալկանյան պետություններ դաշինք ստեղծելու վերաբերյալ:34

1908 թ. Լոութերը հաղորդում էր Կոստանդնուպոլսում հետզհետե գերմանական ազդեցության ուժեղացման նշանների մասին: Միաժամանակ բրիտանական

__________________________________
33 FO 371/550, No. 294.
34 Heller J. Op.cit., p. 18-19.

[ էջ 443 ]

դիվանագիտության գնահատականները երիտթուրքերի ազգայնամոլ քաղաքականության վերաբերյալ սկսում են կրել քննադատական բնույթ: Դեսպանի կարծիքով, երիտթուրքերը ներկայացնում են թուրքական, այլ ոչ թե օսմանյան շահերը: Հարդինգը գրում էր Լոութերին, որ «ցանկալի կլիներ, որ այդ երիտթուրքերի կոմիտեն անհետանա մոտ ապագայում, այլապես նրանք կփչանան ժամանակի ընթացքում և կորդեգրեն ճիշտ նույն քաղաքականությունը, որը նախկինում իրագործում էր պալատական վերնախավը»: Իսկ Կոստանդնուպոլսի բրիտանական դեսպանության նախկին ռազմական կցորդ Մաունսելը համարում էր, որ անհույս է սպասել երիտթուրքերից բարենորոգումների իրագործում, քանզի «դա նույն հին թուրքն է, որը փոխել է միայն իր վերնազգեստը...»: Այս պայմաններում բրիտանական դիվանագիտությունը շարունակ փորձում էր խուսափել երիտթուրքական կառավարության ներկայացված երկու պետությունների միջև դաշնակցային հարաբերություններ ստեղծելու առաջարկներից: Այդ կապակցությամբ Հարդինգը նշում էր, որ «բարեկամ Թուրքիան շատ ավելի հարմար կարգավիճակ է մեզ համար, քան դաշնակից Թուրքիան»:35

1909 թ. գարնանը Աբդուլ Համիդի և մեծ վեզիր Քյամիլ փաշայի կողմնակիցները բրիտանական կառավարության գաղտնի աջակցությամբ փորձեցին տապալել երիտթուրքական ռեժիմը, սակայն հեղաշրջումն ավարտվեց անհաջողությամբ: Երիտթուրքերը ոչ միայն վերականգնեցին իրենց իշխանությունն, այլև գահնկեց արեցին Աբդուլ Համիդին, փոխարինելով նրան նոր սուլթանով, անդեմ Մեհմեդ 5-րդով: Մեծ վեզիրի պաշտոնը ստանձնեց գերմանական ազդեցության տակ գտնվող Հիլմի փաշան: Հայտնվելով նոր իրականության առջև, բրիտանական դիվանագիտությունը շատ արագ մոռացավ «սահմանադրական միապետ Աբդուլ Համիդին աջակցելու իրենց նախկին փորձերը»: Այդ օրերին Գրեյը գրում էր. «...Պարզ դարձավ, որ մենք մեծապես թերագնահատեցինք կոմիտեի (Միություն և առաջադիմություն երիտթուրքական կոմիտե, Իթթիհատ - Ա.Կ.) տրամադրության ներքո գտնվող ուժերի հզորությունը..., Թուրքիայի լավագույն տարրերը կարծես թե հայտնվել են իրենց կողմում և մենք պետք է աջակցենք և համակրենք այդ տարրերին..., մենք պետք է մոտենանք նրանց պակաս քննադատությամբ և ավելի

__________________________________
35 Նույն տեղում, էջ 24-25:

[ էջ 444 ]

համակրանքով»:36 Միաժամանակ Լոութերի զեկուցագրերի ընդհանուր ոճը շարունակում էր մնալ չափազանց քննադատական: Նա համարում էր, որ երիտթուրքական իշխանությունը կրկնում է կառավարման Աբդուլ Համիդի նույն մեթոդները, բացարձակապես ոչինչ չի փոխվել ազգային քաղաքականության բնագավառում, բարելավում չի նկատվում քրիստոնյաների նկատմամբ իրենց դիրքորոշման մեջ:37 Դեսպանի գնահատականներն ամբողջությամբ դրսևորվեցին ապրիլին Ադանայում տեղի ունեցած արյունալի իրադարձությունների ժամանակ:

Ապրիլի 13-ին բրիտանական հյուպատոսության թարգման Աթանասիոս Տրիպանիսը հաղորդում էր Ադանայից Մերսինում փոխհյուպատոս Դութի-Ուայլիին քաղաքում սկսված անկարգությունների մասին: Փոխհյուպատոսն անմիջապես մեկնում է Ադանա և ականատես դառնում երեք օր տևած քաղաքի հայ բնակչության ջարդին, որին մասնակցում էին ինչպես մահմեդական խաժամուժը, այնպես էլ տեղի թուրք իշխանությունները: Երկու օր անընդմեջ Դութի-Ուայլին փորձում էր քաղաքի իշխանությունների միջոցով կանգնեցնել հայերի ջարդը, սակայն իր բոլոր ջանքերն ավարտվում են ապարդյուն:38 Իր տվյալների համաձայն, ապրիլի 13-16-ը Ադանայում սպանվել էր 2 հազ., իսկ շրջակա գյուղերում` 15-25 հազ. հայ:39

Լոութերին ուղղված զեկուցագրում Դութի-Ուայլին կտրականապես մերժում էր հայերի կողմից անկարգությունները հրահրելու գաղափարը, նշելով, որ «կոտորածները սկսվեցին տարբեր վայրերում նույն օրը և գրեթե նույն ժամին»: Նա համոզված էր, որ տեղի իշխանությունները նախօրոք տեղյակ էին նախապատրաստվող ջարդի մասին:40 Ապրիլի 24-ին կրկին իշխանության գլուխ անցած երիտթուրքերի առաջին իսկ քայլը հանդիսացավ կարգ ու կանոնը վերականգնելու պատրվակով Բեյրութից և Դամասկոսից դեպի Ադանա Ռումելիայից բերված զորքի ուղարկումը, որը նոր թափ հաղորդեց հայերի կոտորածին: Բրիտանացի ականատեսների վկայությամբ, թուրք զինվորների համար գլխավոր թիրախ էր

__________________________________
36 Նույն տեղում, էջ 30:
37 Նույն տեղում, էջ 31:
38 FO 424/219, pp. 80-85.
39 Նույն տեղում, էջ 84:
40 Somakian M. Empires in Conflict: Armenia and the Great Powers, 1895-1920. London-New York, 1995, p. 42.

[ էջ 445 ]

դարձել քաղաքի հայկական թաղամասը, մասնավորապես Մուշեղյան դպրոցն ու եկեղեցին, որտեղ ապաստան էին գտել մեծ քանակությամբ հայ փախստականներ: Բանակի և իշխանությունների գործողությունների արդյունքում Ադանայում հրկիզվել էր 4 հազ. 437 հայի տուն: Կոտորածներ տեղի ունեցան Ադանայի նահանգի գրեթե բոլոր գավառների և Հալեպի նահանգի հայաբնակ վայրերում: Ընդհանուր առմամբ զոհվեցին շուրջ 30 հազ. հայեր:41

Քննարկելով բրիտանական դիվանագիտության գործելակերպի հնարավոր փոփոխությունն Ադանայի ջարդի առնչությամբ, Ֆորին Օֆիսն ընդհանրապես բացառեց մեծ տերությունների միջամտության հարցի բարձրացումը: Գրեյը համարում էր դիվանագիտական միջամտությունն անիմաստ և անհեռատես քայլ, որը կարող էր հրահրել հայերին սարքել այնպիսի անկարգություններ, որոնց կհետևեր նոր ջարդ և տերությունների այս անգամ ռազմական միջամտություն:42

1909-1910 թթ. ընթացքում ինչպես բրիտանական դեսպանությունն, այնպես էլ Ֆորին Օֆիսն իրենց դժգոհությունն էին արտահայտում Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակի առնչությամբ, բնութագրելով այն որպես անբավարար: Ըստ Լոութերի, երկրի ներքին քաղաքական վիճակը դարձավ ընդհանրապես անհուսալի, երբ Կոստանդնուպոլսում սպանվեց ընդդիմության «վերջին վերապրուկը», Սեդաի Միլլեթ թերթի խմբագիրը: Ամբողջ իշխանությունը կենտրոնացված էր «զինվորական բռնապետ» Շեֆքեթ փաշայի ձեռքում, որի խոսքն ուներ «բացարձակ օրենքի» ուժ:43 Հունիսի 28-ին Գերմանիայում դեսպան Գոշենին ուղղված նամակում Հարդինգը գրում էր. «Իրավիճակը Թուրքիայում ներկայումս շատ վատն է և մեր ազդեցությունը մեծապես նվազում է, մինչդեռ Մարշալն (Գերմանիայի դեսպանը Օսմանյան կայսրությունում - Ա.Կ.) ակնհայտորեն մեծ գործարք է կայացրել թուրքերի հետ` իր կորցրած հեղինակությունը վերականգնելու համար: Իթթիհատը կարծես թե հաստատել է

__________________________________
41 Նույն տեղում, էջ 92-93; Woods Ch. The Danger Zone of Europe. London, 1911, pp. 136-138, 155-161; Abbott G. Turkey in Transition. London, 1909, p. 304-305; Walker Ch. Op. cit., pp. 182-186; Turkish Atrocities. The Young Turks and the Truth about the Holocaust at Adana in Asia Minor , during April, 1909. London, 1913.
42 Heller J. Op.cit., p. 82.
43 FO 371/1007, No. 268.

[ էջ 446 ]

նույնիսկ շատ ավելի կարծր բռնապետություն, քան թե այն, որը գործադրում էր մեր բարեկամ Աբդուլ Համիդը»:44

Իրականում Գերմանիան հաղթած էր դուրս եկել Բարձր Դռան նկատմամբ ազդեցություն հաստատելու երկու տերությունների մրցակցության պայքարում, որի հիմնական պատճառը կայանում էր նրանում, որ Մեծ Բրիտանիան, իր կենսական շահերից ելնելով, շարունակում էր վճռական կեցվածք հանդես բերել Միջագետքի, Պարսից ծոցի, Եգիպտոսի և Կրետեի հարցերում, ինչը չափազանց ցավագին էր ընդունվում երիտթուրքերի կողմից:

Բրիտանական դիվանագետները մեղադրում էին նաև երիտթուրքերին օսմանիզմի գաղափարախոսությունը պանիսլամիզմով փոխարինելու մեջ, ինչն օգտագործվում էր նրանց կողմից մահմեդական բնակչության կրոնական զգացմունքներն ազգայնական նպատակներին ծառայեցնելու համար: Այդ հարցում Ֆորին Օֆիսն ընդունեց ընդգծված կարծր դիրք, մասնավորապես, Մոնաստիրում տեղի ունեցած Իթթիհատի հերթական համագումարից հետո, որտեղ որոշում էր կայացվել մերժել Մակեդոնիայի քրիստոնյաների իրավունքներն ու ազատությունները: Գրեյը գրում էր. «Մեկ ազգությունը մյուսի դեմ հանելը դա Աբդուլ Համիդի հին քաղաքականությունն է, ինչը կբերի նույն արդյունքի»:45 Ավելին, Ֆորին Օֆիսը պատրաստ էր նույնիսկ պաշտպանելու Բուլղարիայի և Սերբիայի երիտթուրքերի Ալբանիայի և Մակեդոնիայի թուրքացման ծրագրերի դեմ ուղղված քաղաքականությունը: Այդ կապակցությամբ Մեծ Բրիտանիայի նոր մշտական փոխարտգործնախարար Նիկոլսոնը նշում էր. «Ես նոր ռեժիմի մեծ կողմնակից չեմ և թերահավատ եմ, որ յուրաքանչյուր թուրք, լինի դա նոր կամ հին, կամ էլ նրանց միջինը, կարողանա հավասար հիմքի վրա դնել մահմեդականին և քրիստոնյային»:46

Սակայն ոչ բոլորն էին կիսում Գրեյի, Նիկոլսոնի և Լոութերի կարծիքը երիտթուրքերի մասին: Այսպես, 1910 թ. Թուրքիա այցելած և Թալաաթի ու Ջավիդի հետ հանդիպում

__________________________________
44 Heller J. Op.cit., p. 33.
45 FO, 371/1012, No. 512.
46 Heller J. Op.cit., pp. 34-35.

[ էջ 447 ]

ունեցած ներքին գործերի նախարար Ուինսթոն Չերչիլը47 չափազանց տպավորված էր երիտթուրքական կառավարության անդամների «որակով, եռանդով և գործնական բնույթով»: «...Նրանց հարաբերությունները գործընկերների հետ և նրանց ընդհանուր կեցվածքը, - գրում էր Չերչիլը, - ավելի հիշեցնում են ինձ գործի նկատմամբ մեր ունեցած մոտեցումները...» 48

1910 թ. նոյեմբերին Սալոնիկում կայացած Իթթիհատի տարեկան համագումարն էլ ավելի ամրապնդեց Ֆորին Օֆիսի համոզվածությունն այն բանում, որ երիտթուրքերը որդեգրել են թուրքիզմի և պանիսլամիզմի քաղաքական ուղեգիծ: Ֆորին Օֆիսի վերլուծության համաձայն, երիտթուրքերի դիրքորոշումն «ամբողջությամբ գերմանամետ» է և «ընդգծված վերապահ» Անտանտի տերությունների հանդեպ, նրանք շարունակելու են «չնշումների և հնարավորությունների սահմաններում քրիստոնյա տարրը ոչնչացնելու քաղաքականությունը», ինչպես նաև ակտիվացնելու են պանիսլամիստական քարոզչությունը կայսրության սահմաններից դուրս:49 Այդ կապակցությամբ Նիկոլսոնը գրում էր. «Հետաքրքիր կլիներ, եթե այս քսաներորդ դարում մենք ականատես դառնայինք տասնյոթերորդ դարի Օսմանյան կայսրության վերակենդանացմանը...: Ես կարծում եմ, որ այդ պանիսլամական շարժումն ապագայում ամենից մեծ վտանգն է ներկայացնելու մեզ համար և իրականում շատ ավելի մեծ, քան «դեղին վտանգը»...:50 Լոութերը սակայն չէր կիսում Նիկոլսոնի այդ մտավախությունը, համարելով, որ պանիսլամիզմը կարող է ստեղծել շահերի, այլ ոչ թե կրոնի ընդհանրություն: Նա գրում էր, որ շիա պարսիկները զզվում են

__________________________________
47 Չերչիլ (Churchill) Ուինսթոն (1874-1965) - բրիտանացի պետական և քաղաքական գործիչ, պահպանողական կուսակցության ղեկավար: 1900-1922, 1924-1964 թթ.` խորհրդարանի համայնքների պալատի անդամ, 1906-1908 թթ.` գաղութների փոխնախարար, 1910-1911 թթ.` ներքին գործերի նախարար, 1911-1915 թթ.` ռազմածովային նախարար, 1917 թ.` ռազմական մատակարարման նախարար, 1919-1921 թթ.` ռազմական նախարար և ավիացիայի նախարար, 1921-1922 թթ.` գաղութների նախարար, 1924-1929 թթ.` ֆինանսների նախարար, 1939-1940 թթ.` ռազմածովային նախարար, 1940-1945 թթ.` վարչապետ և պաշտպանության նախարար, 1951-1955 թթ.` վարչապետ և պաշտպանության նախարար:
48 Gilbert M. Winston S. Churchill. Vol. 3: 1914-1916. London, 1971, pp. 188-189.
49 FO 371/1000, No. 158.
50 Heller J. Op.cit., p. 39.

[ էջ 448 ]

սուննիներից և չեն ցանկանում համագործակցել օսմանների հետ, արաբները հարգանք չեն տածում թուրքերի հանդեպ, համարելով, որ խալիֆայությունը պետք է գտնվի իրենց մոտ, իսկ Հնդկաստանի սուննիներն անվանում են երիտթուրքերին «սրբապիղծ հեղափոխականներ»:51 Իսկ դեսպանության գլխավոր թարգման Ջերալդ Ֆիցմորիսն52 այն կարծիքին էր, որ Մակեդոնիայում, Ալբանիայում, Յեմենում և Արաբիայում տիրող ընդհանուր դժգոհությունը երիտթուրքական իշխանություններից բերելու է Օսմանյան կայսրության փլուզմանը: Նա իր ափսոսանքն էր հայտնում, որ երիտթուրքերը չեն հասկանում «բարոյական ուժի» արժեքը ներքին քաղաքականության մեջ և նախընտրում են «բռնի միջոցները», որոնք և տանելու են նրանց դեպի կործանում:53

Առաջին համաշխարհային պատերազմը նախորդող տարիների Մեծ Բրիտանիայի կառավարության քաղաքականությունն Օսմանյան կայսրության հանդեպ մեծապես պայմանավորված էր իր տնտեսական շահերով և հետաքրքրություններով: Բրիտանական դիվանագիտությունն այդ տարիներին անզիջում պայքար էր մղում Բաղդադի երկաթգծի, Մոսուլի և Բաղդադի նավթային կոնցեսիաների ձեռքբերման, Միջագետքի առևտրի և ոռոգման համակարգը բարելավելու իրավունքներն ապահովելու ուղղությամբ: Սակայն երիտթուրքական և գերմանական կառավարությունները հզոր պատնեշներ էին ստեղծում Միջագետքում և Պարսից ծոցում բրիտանական գերակայության ու հեղինակության վերահաստատմանն ուղղված ձգտումների առջև: Երիտթուրքերը մտահոգված էին, որ բրիտանական կառավարության հետաքրքրությունը երկաթգծի կառուցման հարցում մեծապես պայմանավորված է Օսմանյան կայսրության հետագա մասնատման նպատակով, իսկ Գերմանիան չէր կարող հանդուրժել Միջագետքի տարածքով դեպի Պարսից ծոց բրիտանական անկախ երկաթգծի շինարարությունը:

__________________________________
51 FO 371/1017, No. 93.
52 Ֆիցմորիս (Fitzmaurice) Ջերալդ (1865-1939) - բրիտանացի դիվանագետ: 1891-1892 թթ.` փոխհյուպատոս Վանում, 1892-1893 թթ.` Էրզրումում, 1893 թ.` Տրապիզոնում, 1894-1895 թթ.` դեսպանության երրորդ թարգման, 1895-1896 թթ.` փոխհյուպատոս Զմյուռնիայում, 1896 թ.` Ադանայում, 1900-1901 թթ.` հյուպատոս Սալոնիկում, 1902 թ.` Դարդանելում, 1906 թ.` դեսպանության երկրորդ թարգման, 1907-1914 թթ.` դեսպանության գլխավոր թարգման:
53 Heller J. Op.cit., p. 40.

[ էջ 449 ]

1910 թ. գարնանը, երբ կառավարության գլուխ անցած Հաքքի փաշան ընդունեց էլ ավելի անհանդուրժողական կեցվածք բրիտանական շահերի հանդեպ, Գրեյը պատրաստակամություն հայտնեց պարտավորեցնող հավաստիացումներ ներկայացնել երիտթուրքերին այն մասին, որ բրիտանական կառավարությունը որևէ քաղաքական նպատակ չի հետապնդում Միջագետքում: Ավելին, Լոութերը հրահանգ ստացավ Ֆորին Օֆիսից առաջարկել Դռանը, որպեսզի երկաթգծի Տիգրիսի հատվածը պայմանականորեն կառուցվի թուրքական ընկերության կողմից:54 Մարտին Թուրքիայի արտգործնախարար Ռիֆաատ փաշան ներկայացնում է բրիտանական կառավարությանը Բաղդադ-Ծոց երկաթգծին վերաբերող առաջարկ, համաձայն որի Մեծ Բրիտանիայի մասնաբաժինը կազմում էր ընդամենը 20%, ընդ որում Քուվեյթի վերջնակայարանը նախատեսվում էր թողնել Դռան հսկողության ներքո:55 Սակայն հետագա բանակցություններն այդպես էլ արդյունք չտվեցին:

Մայիսին Մեծ Բրիտանիայի Կայսերական պաշտպանության կոմիտեն մանրամասնորեն քննարկեց անգլո-թուրքական հարաբերություններում ստեղծված իրավիճակը: Գլխավոր սպայակույտի հրամանատար, գեներալ Նիկոլսոնը զգուշացնում էր, որ քանի որ օսմանյան բանակը իր թվով շատ մեծ է և արագորեն բարելավվում է, Մեծ Բրիտանիայի ծովային կամ ցամաքային գործողությունները Օսմանյան կայսրությունում կարող են կրել միմիայն ժամանակավոր բնույթ: Ըստ իրեն, պատերազմի դեպքում Դուռը կարող է նաև դժվարություններ ստեղծել Մեծ Բրիտանիայի համար Եգիպտոսում: Կոմիտեի անդամ Կիտչեների կարծիքով, եթե Մեծ Բրիտանիան թույլ տա երիտթուրքերին իրենց հսկողությունը հաստատել Քուվեյթում, ապա այդ հանգամանքը կարող է լուրջ վտանգ ներկայացնել բրիտանական շահերին Հնդկաստանում: Իր հերթին Հնդկաստանում փոխարքա նշանակված Հարդինգը հաղորդում էր, որ տեղի մահմեդականներից որևէ վտանգ չի սպառնում, քանի որ երիտթուրքերի կողմից հռչակած պանիսլամիստական քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան «սոփեստություն»: Ընդունելով բավականին ռազմատենչ դիրք, Գրեյն առաջարկում էր ռազմական գործողություններ սկսել Յեմենում: Ի վերջո կոմիտեն եկավ այն եզրահանգման, որ ռազմական գործողությունների միջոցով

__________________________________
54 Նույն տեղում, էջ 47:
55 Նույն տեղում, էջ 50:

[ էջ 450 ]

հարկադրել Դռանը լինելու է անհնար:56 Հուլիսին կոմիտեն որոշում ընդունեց ներկայացնել երիտթուրքական կառավարությանը հետևյալ առաջարկները. 1/ ընտրել Բասրան որպես Բաղդադի երկաթգծի վերջնակայարան. 2/ ընդունել օսմանյան ավատիշխանությունը Քուվեյթի նկատմամբ և ճանաչել շեյխին որպես օսմանյան կայմակամ. 3/ պահանջել 20% մասնաբաժին Բաղդադի երկաթգծի շինարարությունից ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ Ռուսաստանի և Ֆրանսիայի համար: Մնացած 40%-ը պետք է բաժին հասներ Գերմանիային և Ավստրո-Հունգարիային:57

1912 թ. ապրիլին Օսմանյան կայսրության կառավարությունը կրկին մերժեց բրիտանական առաջարկը, պահանջելով ընդհանրապես հրաժարվել Ռուսաստանի մասնաբաժնից և ընդունել քառապատիկ բաժանման սկզբունքը: Ի պատասխան, փաստորեն հրաժարվելով ռուսական մասնաբաժնի համար հետագա պայքարից, հուլիսին բրիտանական կառավարությունը ներկայացնում է նոր պահանջներ. 1/ մասնաբաժնի քառակողմ բաժանման սկզբունքը պետք է տարածվի նաև կայսրության ասիական շրջաններում կառուցվելիք բոլոր երկաթգծերի վրա. 2/ երկու բրիտանացի ընդգրկել Բաղդադ-Բասրա երկաթուղային ընկերության խորհրդի կազմում. 3/ երաշխավորել, որ առանց բրիտանական կառավարության համաձայնության երկաթգիծը Բասրայից հետո նոր ճյուղավորում չի ստանալու. 4/ Բաղդադի և Բասրայի միջև աշխատելու է ևս երեք բրիտանական շոքեքարշ. 5/ իրավունք վերապահել բրիտանական կառավարությանը հսկողություն սահմանել և կարգ ու կանոն ապահովել Պարսից ծոցի ջրերում:58

Բրիտանական կառավարությունը հույս ուներ, որ Կոստանդնուպոլսում տեղի ունեցած փոփոխությունները59 ցանկալի ազդեցություն կարող են գործել երկաթուղու խնդրի լուծման

__________________________________
56 FO 371/1245/18946.
57 FO371/1234/29868.
58 FO 371/1484/16000.
59 1912 թ. հուլիսին, օգտագործելով երիտթուրքերի նկատմամբ երկրում ստեղծված դժգոհությունը, 1911 թ. նոյեմբերին ձևավորված «Ազատություն և համաձայնություն» կուսակցությունը և նրա կողմնակիցները կարողացան ստիպել կառավարությանը տալ հրաժարական, իսկ այնուհետև ցրեցին նաև երիտթուրքերի ազդեցության տակ գտնվող խորհրդարանը:

[ էջ 451 ]

վրա: Սակայն հուլիսին, հասկանալով, որ որևէ հաջողության հասնել չի կարողանում երկաթգծի հարցում, բրիտանական կառավարությունը փաստորեն հրաժարվեց այդ ծրագրից, նպատակադրվելով ձեռքբերել Մոսուլի և Բաղդադի նավթային կոնցեսիաները: Ֆորին Օֆիսի մասնագետները հաշվարկել էին, որ ներկա պայմաններում նավթի խնդիրը դառնում է շատ ավելի կարևոր գործոն, քան Բաղդադի երկաթուղու հարցը: Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի միջև բանակցություններն ավարտվեցին 1914 թ. մարտին համաձայնագրի ստորագրումով, համաձայն որի նավթային կոնցեսիաների 75 %-ը հասավ բրիտանական «D`Arcy» և «Anglo-Persian Petroleum» ընկերություններին, իսկ 25 %-ը` «Deutsche Bank»-ին:60

Բրիտանական դիվանագիտությունը սպասողական և չեզոք դիրք գրավեց Տրիպոլիի համար Իտալիայի և Օսմանյան կայսրության միջև ծագած պատերազմի ընթացքում (1911 թ. սեպտեմբեր – 1912 թ. հոկտեմբեր): Չնայած օսմանյան կառավարության կողմից Մեծ Բրիտանիային ներկայացված օգնություն դիմումներին, Գրեյը նախընտրեց, որպեսզի ոչ Մեծ Բրիտանիան, ոչ էլ Ֆրանսիան հանդես չգան Իտալիայի դեմ` վերջինիս Անտանտայի կողմը գրավելու, Օսմանյան կայսրությունը թուլացնելու և Եռյակ Դաշինքի շարքերում խառնաշփոթ ստեղծելու նպատակով: Բարեկամանալու համար բրիտանական կառավարությունը երեք նախապայման էր ներկայացնում երիտթուրքերին. 1/ Իտալիայի հետ պատերազմի անմիջապես դադարեցում. 2/ փոխել գերմանական բարեկամությունը բրիտանականի հետ. 3/ էական բարելավումներ իրականացրել երկրի ներքին կառավարման մեջ: Ավելին, 1911 թ. հոկտեմբերին Ֆորին Օֆիսը փորձում էր նույնիսկ համոզել Դռանը, որ դիմադրությունն անիմաստ է, քանի որ Տրիպոլին արդեն կարելի է կորսված համարել: Սակայն պատերազմի հետագա ընթացքը` Դարդանելի ռմբակոցումը և Ռոդոսի ու Դոդեկանեսյան 12 կղզիների գրավումն Իտալիայի կողմից, սկսեց անհանգստացնել բրիտանական դիվանագիտությանը: Եռյակ Դաշինքի տերությունների հետ հնարավոր պատերազմի դեպքում իտալական ռազմածովային բազաներն Էգեյանում և արևելյան Միջերկրականում կարող էին մեծ վտանգ ներկայացնել ինչպես Եգիպտոսի, այնպես էլ Մեծ Բրիտանիայի մերձավորարևելյան և

__________________________________
60 Heller J. Op.cit., pp. 90-92.

[ էջ 452 ]

սևծովյան առևտրի համար:61 Թուրք-իտալական պատերազմն ավարտվեց 1912 թ. հոկտեմբերի 18-ի Լոզանի պայմանագրի ստորագրությամբ, համաձայն որի Թուրքիան ճանաչեց Իտալիայի իրավունքները Տրիպոլիի նկատմամբ:

Նույն միջոցին Բալկանների վրա կրկին սկսվեցին կուտակվել ամպեր: 1912 թ. մարտին Սերբիան և Բուլղարիան ստորագրեցին դաշինքի և բարեկամության գաղտնի պայմանագիր: Սկզբնական շրջանում Ֆորին Օֆիսն ուշադրություն չդարձրեց ձևավորվող դաշինքի մասին ստացվող տեղեկություններին, սխալ ենթադրելով, որ այն ուղղված է Ավստրո-Հունգարիայի դեմ: Սակայն շատ շուտով պարզ դարձավ, որ դաշինքն ունի ընդգծված հակաթուրքական բնույթ և գաղտնի կերպով պաշտպանվում է Ռուսաստանի կառավարության կողմից: Բրիտանական դիվանագիտությունը կրկին հայտնվեց անհարմար իրավիճակում: Մի կողմից նա չէր կարող փչացնել Ռուսաստանի հետ հաստատված բարեկամությունը, սակայն մյուս կողմից գիտակցում էր, որ նման հակաթուրքական դաշինքի պաշտպանությունը կարող է ստեղծել պանիսլամիստական շարժման լուրջ վտանգ:62

Իրավիճակը Մակեդոնիայում էլ ավելի վատթարացավ օգոստոսին, երբ մակեդոնական հեղափոխականների կողմից Կոչանայում պայթեցված ռումբին ի պատասխան տեղական թուրք իշխանությունները կազմակերպեցին 700 քրիստոնյայի կոտորած: Փորձելով կանխել բալկանյան պետությունների հարձակումը, որոնք ինքնավարություն էին պահանջում Մակեդոնիայի և Թրակիայի համար, բրիտանական դիվանագիտությունը համոզում էր Դռանը շուտափույթ կերպով իրագործել քրիստոնյաների իրավունքներն ապահովոց բարենորոգումներ և պատժել Կոչանայի ջարդի մեղավորներին:63 Սակայն դա նրան այդպես էլ չհաջողվեց, հոկտեմբերին Բուլղարիան, Հունաստանը, Սերբիան և Չեռնոգորիան պատերազմ հայտարարեցին Օսմանյան կայսրությանը:

Սկզբնական փուլում Ֆորին Օֆիսը համոզված էր, որ կողմերը հաջողության չեն հասնելու պատերազմի դաշտում, սակայն դաշնակիցների առաջին իսկ հաղթանակներն

__________________________________
61 FO 371/1535/2334, No. 425; FO 371/1491, No. 133; Heller J. Op. cit., pp.53-56, 64; Гасратян М.А., Орешкова С.Ф., Петросян Ю.А. Очерки истории Турции. М., 1983, с. 55.
62 FO 371/1492,No. 129.
63 Heller J. Op.cit., pp. 68-69.

[ էջ 453 ]

օսմանյան բանակի նկատմամբ փոխեցին բրիտանական դիվանագիտության տեսակետը: Գրեթե ամբողջությամբ համաձայնելով Ռուսաստանի բալկանյան քաղաքականության հետ, այն պատրաստ էր այսուհետ պաշտպանելու բալկանյան պետությունների շահերը, համոզվելով, որ թուրքերը վերջնականապես կորցնում են Օսմանյան կայսրության եվրոպական մասը: Երկու տերությունների դիրքորոշումների մեջ գոյություն ունեցող միակ չնչին տարբերությունը դա Կոստանդնուպոլսի ապագայի հարցն էր: Եթե Ռուսաստանն առաջարկում էր միջազգային հսկողություն սահմանել քաղաքի և նեղուցների նկատմամբ, ապա բրիտանական կառավարությունը` ապահովել նրա չեզոքությունն ու վերածել այն ազատ նավահանգստի:64 Անգլո-ռուսական և անգլո-ֆրանսիական բարեկամությունը տվյալ պահին Ֆորին Օֆիսը համարում էր շատ ավելի կարևոր բրիտանական շահերի համար, քան Կոստանդնուպոլսի հնարավոր անկումն ու Բրիտանական կայսրության մահմեդական հպատակների հակազդեցությունն այդ կապակցությամբ:

Զգալով մոտալուտ պարտության և նրա հնարավոր հետևանքների վտանգը, Թուրքիայի արտգործնախարարի պաշտոնակատար Գաբրիել էֆենդին, իսկ այնուհետև մեծ վեզիր Քյամիլ փաշան Լոութերի միջոցով առաջարկեցին բրիտանական կառավարությանը նախաձեռնություն հանդես բերել տերությունների միջնորդությունն ապահովելու հարցում: Ռազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու մասին բրիտանական դիվանագետների խորհուրդների արդյունքում դեկտեմբերի 3-ին օսմանյան կառավարությունը ստորագրեց զինադադար: Գրեյն այն կարծիքին էր, որ եթե Դուռն իրապես ցանկանում է խուսափել հետագա պարտություններից և բարդություններից, այն պետք է ամբողջությամբ եվրոպական տերություններին թողնի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը:65 Մեծ Բրիտանիայի դեսպանն իր հերթին առաջարկում էր Դռանը Լոնդոնում կայանալիք բանակցությունների ընթացքում հանդես բերել «խոհեմություն և չափավորություն»: Հակառակ պարագայում, բանակցությունների հնարավոր փակուղի մտնելու դեպքում, բրիտանական կառավարությունը մտադիր էր նույնիսկ կիրառել ռազմական միջամտություն:66

__________________________________
64 Նույն տեղում, էջ 74:
65 FO 371/1502, No. 524.
66 Heller J. Op.cit., pp. 75-76.

[ էջ 454 ]

Լոնդոնի բանակցություններն ընթանում էին բավականին ծանր Թուրքիայի համար, քանի որ բրիտանական կառավարությունն ամբողջությամբ պաշտպանում էր դաշնակիցների շահերը, պահանջելով Ադրիանուպոլիսի զիջումը Բուլղարիային, Ալբանիայի ինքնավարությունն ու Էգեյան ծովի կղզիների միավորումը Հունաստանի հետ: Այդ օրերին Ֆորին Օֆիսի Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ Ալվին Պարկերը կանխատեսում էր, որ բանակցությունների ձախողմանն ու պատերազմական գործողությունների վերսկսմանն անխուսափելիորեն հետևելու է Օսմանյան կայսրության ընդհանուր անկումը, քանի որ ասիական շրջաններում սպասվող հնարավոր պայթյունի հետևանքով Ռուսաստանը գրավելու է Հայաստանը, Ֆրանսիան` Սիրիան, իսկ Գերմանիան` Անատոլիան:67 Բրիտանական դիվանագետներն այն կարծիքին էին, որ ներկա պայմաններում Օսմանյան կայսրությունը պետք է համախմբի իր ուժերը` ասիական տերություն դառնալու համար: Ֆիցմորիսը համոզված էր, որ Դռանը վտանգ է սպառնում «մեծ Արաբական և Հայկական հարցերի» կողմից:68 Իր հերթին Լոութերը նախազգուշացնում էր Ֆորին Օֆիսին, որ բալկանյան պետությունների շահերի պաշտպանությունը Մեծ Բրիտանիայի կողմից կարող է վերականգնել երիտթուրքերի իշխանությունը, ինչպես նաև հանձնել Օսմանյան կայսրությունը Եռյակ Դաշինքի տերություններին:69

1913 թ. հունվարի 22-ին Քյամիլ փաշայի կառավարությունը բրիտանական դիվանագիտության ճնշման տակ համաձայնեց զիջել Ադրիանուպոլիսը Բուլղարիային: Անմիջապես հաջորդ օրը երիտթուրքերը վերականգնեցին իրենց իշխանությունը և վերսկսեցին ռազմական գործողությունները Բուլղարիայի դեմ, սակայն այդպես էլ որևէ հաջողության չհասան: Մայիսի վերջին ստորագրված Լոնդոնի խաղաղ պայմանագրի համաձայն, Օսմանյան կայսրության գրեթե բոլոր եվրոպական տարածքները բաժանվեցին բալկանյան պետությունների միջև, իսկ Ալբանիան ձեռքբերեց ինքնավարություն` միջազգային հսկողության ներքո:

1913 թ. հունիսին Ֆորին Օֆիսը քննարկում էր Օսմանյան կայսրության հետ պաշտպանական դաշինքի ստեղծման գաղափարը, որը սակայն մերժվեց առաջատար

__________________________________
67 FO 371/1507, No. 177.
68 Heller J. Op.cit., p. 77.
69 FO 371/1798, No. 120; 371/1757, No. 521.

[ էջ 455 ]

դիվանագետների կողմից: Գրեյը հանդես էր գալիս եվրոպական տերությունների չեզոք «համերգային քաղաքականության» օգտին, որի խախտումը կարող էր հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Իսկ Լյուիս Մալլետը,70 որը հոկտեմբերին նշանակվեց դեսպան Օսմանյան կայսրությունում, այն կարծիքին էր, որ պաշտպանական դաշինքը Թուրքիայի հետ կմիավորի ողջ Եվրոպան Մեծ Բրիտանիայի դեմ: Նա առաջարկում էր որդեգրել քաղաքականություն, համաձայն որի բոլոր տերությունները պետք է հանդես բերեն չեզոք ուղեգիծ, պաշտպանեն Օսմանյան կայրության ներկայիս տարածքների անկախությունն ու ամբողջականությունը, ինչպես նաև հսկողություն սահմանեն երկրի ֆինանսների և բարենորոգումների իրագործման նկատմամբ:71

Լոնդոնի պայմանագրի ստորագրումով սակայն Բալկաններում խաղաղություն այդպես էլ չհաստատվեց: Սկսվեց երկրորդ բալկանյան պատերազմը, այս անգամ Բուլղարիայի դեմ հանդես եկան նրա երեկվա դաշնակիցները` Սերբիան, Հունաստանը և Չեռնոգորիան: Օգտվելով պատեհ առիթից, Թուրքիան կրկին գրավեց Ադրիանուպոլիսը: Մեծ Բրիտանիայի կառավարությունն, ի դեմս «թուրքատյաց» համարվող վարչապետ Հերբերտ Ասկվիթի,72 կտրականապես մերժեց ռուսական կառավարության առաջարկը Կովկասում ճակատ բացելու վերաբերյալ, քանի որ համոզված էր, որ նման զարգացումը վերջնականապես կարող է փլուզել Օսմանյան կայսրությունը: Ֆորին Օֆիսը սահմանափակվեց միայն Դռանն ուղղված նախազգուշացումով այն մասին, որ օսմանյան բանակի առաջխաղացումը Էնոս-Միդիա գծից կարող է ստեղծել եվրոպական միջամտության վտանգ և բարձրացնել Կոստանդնուպոլսի հարցը: Նույնիսկ երբ օսմանյան բանակը գրավեց Մարիցան, բրիտանական կառավարությունը մերժեց Ռուսաստանի առաջարկը Անտանտայի հարաբերությունները Դռան հետ խզելու վերաբերյալ: Ֆորին Օֆիսը որոշում էր

__________________________________
70 Մալլետ (Mallet) Լյուիս (1864-1936) - բրիտանացի դիվանագետ: 1907-1913 թթ.` փոխարտգործնախարարի օգնական, Արևելյան դեպարտամենտի տնօրեն, 1913 թ. հոկըտեմբեր – 1914 թ. նոյեմբեր` դեսպան Թուրքիայում:
71 Heller J. Op.cit., p. 80.
72 Ասկվիթ (Asquith) Հերբերտ (1852-1928) - բրիտանացի քաղաքական գործիչ, լիբերալ կուսակցության ղեկավար: 1892-1895 թթ.` ներքին գործերի նախարար, 1905-1908 թթ.` գլխավոր գանձապահ, 1908-1916 թթ.` վարչապետ:

[ էջ 456 ]

կայացրել բողոքարկել երիտթուրքական կառավարության ռազմական գործողությունների դեմ ոչ թե միայն Անտանտի, այլ բոլոր եվրոպական տերությունների կողմից:73

Ինչպես արդեն նշվեց, 1913 թ. հոկտեմբերին Օսմանյան կայսրությունում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնում Լոութերին փոխարինեց Մալլետը: Ֆորին Օֆիսը մեղադրում էր Լոութերին Դռան հետ բրիտանական կառավարության հարաբերությունների վատթարացման մեջ: Ավելին, նրա հետ միասին Լոնդոն ետ կանչվեց նաև դեսպանության ողջ անձնակազմը: Մալլետը համաձայնեց ընդունել այդ առաջարկը, քաջ գիտակցելով կառավարության կողմից իր վրա դրված թուրք-բրիտանական հարաբերությունների բարելավումն ապահովելու դժվարին խնդիրը: Այդ օրերին նա գրում էր, որ հավանաբար իրեն սպասում է նույն ճակատագիրը, որին արժանացել էին բրիտանացի բոլոր դեսպանները Ռեդկլիֆից հետո: Միաժամանակ նա համոզված էր, որ Մեծ Բրիտանիան հետևողականորեն պետք է վարի Օսմանյան կայսրության պահպանումն ու ուժեղացումն ապահովող քաղաքականություն, քանի որ նրա փլուզումն ու դրա հետևանքով հայկական վեց վիլայեթների, Փոքր Ասիայի և Սիրիայի գրավումը համապատասխանաբար Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի կողմից վտանգելու է Բրիտանական կայսրության շահերը Հնդկաստանում:74 Մալլետի երիտթուրքամետ մոտեցումները դրսևորվեցին իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից: Նա հավատացած էր, որ ներկայիս կառավարությունը երբևիցե գոյություն ունեցող օսմանյան վարչակարգերից ամենից կարողն ու արդյունավետն է: Համոզված լինելով, որ հարաբերությունները Դռան հետ գնալով ավելի բարելավվում են, Մալլետը կտրականապես մերժում էր բոլոր հաստատումներն այն մասին, որ երիտթուրքերը թշնամական դիրք են որդեգրել Բրիտանիայի հանդեպ և ամբողջությամբ դարձել Գերմանիայի դաշնակիցները:75

Բրիտանական կառավարությունը համապատասխանաբար չարձագանքեց նույնիսկ համատեղության կարգով Թուրքիայում Գերմանիայի ռազմական միսիայի ղեկավար, գեներալ Լիման ֆոն Սանդերսի նշանակմանը Կոստանդնուպոլսում տեղակայված առաջին ռազմաբանակի հրամանատարի պաշտոնում: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ

__________________________________
73 Heller J. Op.cit., pp. 81-82.
74 Նույն տեղում, էջ 101-102:
75 Նույն տեղում, էջ 104, 106:

[ էջ 457 ]

Սազոնովը76 բրիտանական նավատորմի օգտագործման պատրաստակամություն պահանջեց հանդես բերել Գրեյից, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց այդ գաղափարից, առաջարկելով ընդամենը Թուրքիայում Անտանտի դեսպանների կողմից նույնանման (նույնիսկ ոչ համատեղ) հայտագիր ներկայացնել Դռանը` Գերմանիային բացառիկ իրավունքներ տրամադրելու կապակցությամբ: Ֆորին Օֆիսն այն կարծիքին էր, որ բրիտանական շահերը և Օսմանյան կայսրության հանդեպ որդեգրված քաղաքականությունը պահանջում են կարելիին չափ նվազեցնել Լիման ֆոն Սանդերսի նշանակման կարևորությունը` խնդրի կարգավորումը թողնելով անմիջապես Ռուսաստանին և Գերմանիային:77 Ֆորին Օֆիսի ուշադրությանը չարժանացան նաև դեսպանության ռազմական կցորդի նախազգուշացումներն այն մասին, որ գերմանական ռազմական միսիայում ծառայող 47 սպաները արտակարգ կարևորություն ունեցող դիրքեր են զբաղեցրել օսմանյան բանակի կազմում ոչ միայն մայրաքաղաքում, այլև կայսրության տարբեր շրջաններում:78

Թեև Բալկանյան պատերազմի շրջանից սկսած Մեծ Բրիտանիայի կառավարությունը համակրանքով էր վերաբերվում Հունաստանի կողմից Էգեյան ծովի կղզիների գրավման փաստի առնչությամբ, առաջին համաշխարհային պատերազմի նախորյակին Մալլետն ամեն կերպ փորձում էր չեզոքացնել այդ քաղաքականությունը, համարելով, որ այն կարող է վտանգել Թուրքիայի ասիական շրջանների ամբողջականության պահպանմանը, ինչպես նաև նպաստել Եռյակ Դաշինք-Օսմանյան կայրություն հարաբերությունների բարելավմանը: Նա առաջարկում էր Ֆորին Օֆիսին աշխատանք տանել Մեծ Բրիտանիայի մամուլի հակաերիտթուրքական կեցվածքը փոխելու և բրիտանական կապիտալը դեպի Թուրքիա նպատակաուղղելու ուղղությամբ:79

__________________________________
76 Սազոնով Սերգեյ (1860-1927) – ռուս պետական գործիչ և դիվանագետ: 1883-1909 թթ.` դեսպանությունների քարտուղար և խորհրդական Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Վատիկանում, 1909-1910 թթ.` փոխարտգործնախարար, 1910-1916 թթ.` արտգործնախարար:
77 FO 371/1847, No. 385.
78 Trumpener U. Liman von Sanders and the German-Ottoman Alliance. – Journal of Contemporary History, 1966, pp. 179-192.
79 FO 371/2114, No. 1512.

[ էջ 458 ]

1914 թ. ընթացքում բրիտանական կառավարությունը որդեգրել էր մի քաղաքականություն, որն ուղղված էր հակաօսմանյան կամ հակաերիտթուրքական որևէ շարժման դեմ: Ֆորին Օֆիսը հայտարարում էր, որ չի աջակցելու որևէ վտանգալից քաղաքականություն, որը միայն կարող է վնաս հասցնել Բրիտանիայի տնտեսական շահերին Միջագետքում: Խոսքը հիմնականում գնում էր արաբական անջատողական շարժման մասին, որը կարող էր հիմնովին փլուզել Օսմանյան կայսրությունը: Մալլետն առաջարկում էր Ֆորին Օֆիսին հանդես բերել ավանդական բրիտանական քաղաքականություն և նույնիսկ փոքր հետաքրքրություն չցուցադրել Արաբական հարցի հանդեպ: Նույն մոտեցումը որդեգրվեց նաև այդ շրջանում շատ ավելի փոքր նշանակություն ունեցող Հրեական հարցի և սիոնիստական շարժման նկատմամբ:80

Սակայն բրիտանական կառավարությանն այդպես էլ չհաջողվեց վերականգնել երբեմնի անգլո-թուրքական բարեկամությունն ու ապահովել Թուրքիայի չեզոքությունը գալիք աշխարհամարտում: Մեծ Բրիտանիայի ընդգծված բալկանամետ և ռուսամետ քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ դաշինք ստեղծելու Թալաաթի և Ջեմալի անհաջող փորձերը, մեծապես նպաստեցին Էնվերի պրոգերմանական ուղեգծի ուժեղացմանն ու վերջնական հաստատմանը: Գերմանա-թուրքական բանակցությունները սկսվեցին հուլիսին և ավարտվեցին օգոստոսին մեծ վեզիր և արտգործնախարար Սաիդ Հալիմ փաշայի ու Գերմանիայի դեսպան Վանգենհայմի միջև ստորագրված ռազմական դաշինքի պայմանագրով, որին անմիջապես հետևեց գերմանական «Գեբեն» և «Բրեսլաու» ռազմանավերի մուտքը Կոստանդնուպոլիս և օսմանյան բանակի զորահավաքը:

Չնայած իր ակնհայտ դիվանագիտական պարտությանը, բրիտանական կառավարությունը շարունակեց փորձեր կատարել իրավիճակը փրկելու ուղղությամբ: Օգոստոսի 15-ի իր գաղտնի նամակում Չերչիլը փորձում էր համոզել Էնվերին հրաժարվել Գերմանիայի հետ դաշինք կնքելու գաղափարից, նկատի առնելով Անտանտի ռազմածովային գերաշռությունը և խոստանալով Թուրքիայի չեզոքության դեպքում ապահովել ու պաշտպանել նրա տարածքային ամբողջականությունը:81 Իր հերթին Մալլետը

__________________________________
80 Heller J. Op.cit., pp. 129-130.
81 Նույն տեղում, էջ 136:

[ էջ 459 ]

ջանք ու եռանդ չէր խնայում համոզելու երիտթուրքերին` իրենց որոշումից ետ կանգնելու նպատակով, թեև Ֆորին Օֆիսն արդեն իսկ կորցրել էր իր հույսը և մտածում էր միմիայն Բրիտանիայի հպատակներին, դիվանագիտական ու հյուպատոսական անձնակազմին երկրից անվտանգ կերպով դուրս բերելու, ինչպես նաև պատերազմի դեպքում արաբական շարժումը երիտթուրքերի և Գերմանիայի դեմ օգտագործելու մասին: Գրեյը նույնիսկ բանակցություններ էր սկսել ԱՄՆ-ի հետ, որպեսզի պատերազմի շրջանում բրիտանական շահերը Կոստանդնուպոլսում ներկայացնի ամերիկյան դեսպանությունը:82

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ բրիտանական դիվանագիտությունն այլևս ոչինչ անել չէր կարող Թուրքիայի չեզոքությունն ապահովելու հարցում: Հոկտեմբերի 3-ին երիտթուրքական կառավարությունը պաշտոնապես հայտարարեց գերմանացիների կողմից ականապատված Դարդանելը փակելու մասին, հոկտեմբերի 25-ին Էնվերը հրաման արձակեց գերմանացի ծովակալ Սուշոնին ռուսական նավատորմի վրա հարձակում գործելու վերաբերյալ, նոյեմբերի 1-ին Մալլետը, իսկ մի քանի օր անց թուրք դեսպան Թևֆիկ փաշան համապատասխանաբար մեկնեցին Կոստանդնուպոլսից և Լոնդոնից, նոյեմբերի 5-ին Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրությանը:

2. ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ 1912-1914 ԹԹ.

1910-1912 թթ. ընթացքում բրիտանական հյուպատոսները շարունակ հաղորդում էին հայկական վիլայեթներում տիրող ծանր իրավիճակի, Հայկական հարցի օրըստօրե սրման մասին: Ըստ այդ տեղեկությունների, երիտթուրքական իշխանությունները ոչ միայն չէին

__________________________________
82 Նույն տեղում, էջ 139-140, 149:

[ էջ 460 ]

պատրաստվում բարենորոգումների միջոցով բարելավել իրավիճակը հայկական շրջաններում, այլև հրահրում էին ազգամիջյան թշնամություն, սատարում և քաջալերում տեղական իշխանությունների անօրինականությունները, հայերին պատկանող հողատարածքների բռնագրավումը, Բալկաններից գաղթած փախստականների բնակեցումը, քրդական ջոկատների ավերիչ հարձակումները հայկական բնակավայրերի վրա, հայ բնակչության թալանն ու կոտորածները: Սակայն Ֆորին Օֆիսը հրաժարվում էր որևէ դիվանագիտական միջամտությունից Հայկական հարցում, վախենալով արագացնել Փոքր Ասիայի բաժանման գործընթացը, որը կարող էր ավարտվել ոչ իր օգտին, և, դեռևս հույս ունենալով, որ թուրք իշխանությունները կբարելավեն իրավիճակն այդ շրջաններում:

Փորձելով կանխել հայերի հնարավոր դիմումը եվրոպական տերություններին, մասնավորապես Ռուսաստանին, Բարձր Դուռն ինքը նախաձեռնեց բարենորոգումների ծրագրի մշակումը: 1912 թ. դեկտեմբերի սկզբին ներքին գործերի նախարար Ռեշիդ փաշայի ղեկավարությամբ պատրաստված նախագիծը ներկայացվեց մեծ վեզիրի կողմից գլխավորած հատուկ հանձնաժողովի քննարկմանը: Ծրագիրը նախատեսում էր Դռան կողմից վեց տարով գլխավոր տեսուչի նշանակումn արևելյան վիլայեթների համար, որին ենթարկվելու էին վալին, ռազմական պարետը, ոստիկանությունն ու ժանդարմերիան: Համաձայն նախագծի, ստեղծվող հատուկ հանձնաժողովը կազմված էր լինելու երեք մահմեդականներից ու երեք քրիստոնյաներից և ղեկավարվելու էր թուրքական կառավարության ծառայության մեջ գտնվող, երկրի վարչական գործերին ու սովորություններին ծանոթ արտասահմանցի, որը միաժամանակ հանդիսանալու էր գլխավոր տեսուչի խորհրդականը: Հատուկ հանձնաժողովի պարտավորությունների մեջ էր մտնում կարգ ու կանոնի ապահովումը, քրդերի և հայերի միջև ծագող հողային վեճերի լուծումը, ժանդարմերիայի բարեփոխումը, ճանապարհների շինարարության ապահովումը և այլն: Նախագիծը չէր նախատեսում գոյություն ունեցող վարչական, ֆինանսական, իրավական օրենքների փոփոխություն և կիրառվելու էր միայն Վանի, Բիթլիսի, Խարբերդի և Դիարբեքիրի վիլայեթներում:83 Հայերից ստացված առաջարկությունների շնորհիվ նախագիծը ենթարկվեց որոշակի փոփոխությունների: Նոր տարբերակի համաձայն, հայկական վեց վիլայեթները բաժանվում էին երկու սեկտորների, որոնք ղեկավարվելու էին

__________________________________
83 АВПР, ф. Политический архив, 1912, д. 1044, л. 319.

[ էջ 461 ]

թուրք գլխավոր տեսուչների կողմից: Հատուկ հանձնաժողովները կազմված էին լինելու երկու մահմեդականից, երկու քրիստոնյայից ու երկու արտասահմանցուց և ղեկավարվելու էին գլխավոր տեսուչների արտասահմանցի-խորհրդականների կողմից:84 Սակայն Բարձր Դուռը ձգձգեց և այդպես էլ չիրագործեց այդ ծրագիրը:

Ռուսաստանի քաղաքականության ակտիվացումը Հայկական հարցում 1912 թ. վերջին85 լրջորեն անհանգստացրեց բրիտանական դիվանագետներին: 1913 թ. հունվարի կեսերին Լոութերը գրում էր, որ հայերն այլևս չեն բավարարվելու կիսամիջոցներով և ձգտելու են խնդրի արմատական լուծմանը, պահանջելով ինքնավարություն Ռուսաստանի հովանու ներքո: Մալլետի կարծիքով, Հայկական հարցի բարձրացմանը կհաջորդի Փոքր Ասիայի բաժանումը մեծ տերությունների միջև, իսկ Նիկոլսոնը համոզված էր, որ հայկական վիլայեթների գրավումը Ռուսաստանի կողմից այլևս ժամանակի հարց է:86

Կանխատեսելով, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Հայկական հարցի բարձրացումը միջազգային առկա պայմաններում, գերմանական դիվանագիտությունն իր հերթին որոշակի դեր խաղաց բրիտանական կառավարության կասկածանքը Ռուսաստանի «հայկական» ծրագրերի նկատմամբ գրգռելու հարցում: Գերմանիան հույս ուներ` Կիպրոսի կոնվենցիայի օրինակով, Մեծ Բրիտանիայի հետ համատեղ հանդես գալ Թուրքիայի ասիական շրջանների ամբողջականության երաշխավորողի դերում` ընդդեմ Ռուսաստանի նկրտումների:87 Միաժամանակ գերմանական դիվանագիտությունը զգալիորեն աշխուժացրեց իր աշխատանքը Բարձր Դռան հետ` հայկական շրջանների համար

__________________________________
84 ЦГИА РА, ф. 57, оп. 5, д. 5