ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
[էջ 67]
ՊԱՏՃԵՆ ԱՌԱՋԻՆ
ԳԼՈԻԽ Բ ՊԱՐՍԻՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ57, ՄԻՀՐԱՆԻ ՏԱՐՈՆ ԳԱԼԸ ԵՐԵՍՈԻՆ ՀԱԶԱՐՈՎ ԵՎ ԿՈՏՈՐՎԵԼԸ ԳԱՅԼ ՎԱՀԱՆԻՑ ՕՁ ՔԱՂԱՔՈՒՄ
Փոկասի թագավորության առաջին տարում մեռավ Մորիկը իր ծառայի դավադրությամբ, որը և նստեց նրա աթոռին։ Հիշեց Խոսրովը իր պայմանը, եկավ առավ ավարի ու գերության, քարուքանդ արեց բազում ավաններ ու քաղաքներ ու տարավ գնաց։ Իսկ Միհրանին, որն իր քրոջ որդին էր, ուղարկեց Տարոնի վրա [ԼՌ] երեսուն հազարով։ Սա, երբ եկավ Հաշտենից գավառը, բռնեց մի մարդու որպես ուղեկցորդ իրենց, որ բերեց նրանց հասցրեց մինչև քարե [Արձանը]*։ Երբ կարդացին արձանագրությունը, անմիջապես խորտակեցին քարե արձանը, իսկ իրենցից ութ հազար հոգի գնացին դեպի Մեղտի և Աստղունք (Աստեղունս) ամրոցները։ Մնացյալ քսաներկու հազարը այնտեղ Արձանում կանգնած [մնում էին] հետևելու փախստականներին։ Այնժամ վանքերում գտնվող յոթ ճգնավորները, երբ որ հասկացան [եղելությունը], բոլոր կրոնավորներին հաջողացրին փախցնել։ Նրանցից ոմանք փախստական գնացին, բայց մյուսները մնացին։ Սակայն Պոլիկարպոսը բոլորին ուղարկեց Ողական ամրոցը։ Այնտեղ թողեց միայն հայր Թոդիկին և եկեղեցու սպասավորներին։
___________________
* Այսինքն՝ մինչև Արձան կոչված վայրը (Վ. Վ.)։
[էջ 68]
Ապա հրամայեց սպասավորներին իրենք իրենց անձերը նախապատրաստել նվիրաբերելու տիրոջ մարմնին (այսինքն նահատակվելու)։ Եվ յոթը խոտաճարակները, երբ մատուցեցին պատարագը, հրամայեցին ոմն նշանագրի*, որը Հունաստանից էր եկել, իրեն մոտ գրի առնել [նրանց] բոլոր ասածները։ Իսկ իրենք սուրբ սեղանի առաջ բազկատարած սկսեցին խոսել այսպես,
— Տեր Աստված զորությանց և արարիչ հավիտեն[ության], որ ստեղծեցիր մարդուն ըստ քո պատկերի և բարերարությամբ, և կարգեցիր նրան իշխան բովանդակ երկրի վրա. տվեցիր նրան փառք ու պատիվ հավիտենական ու անմահություն։ Միայն բանսարկուի նախանձի պատճառով էր, որ մեղքը տարածվեց աշխարհիս համայն, և մեղքից եղավ մոռացումը, իսկ մոռացումից՝ կորուստն հավիտենական։ Ուստի և որդեգրությունը (իմա՝ որդեսիրությունը), որ Աստծուց էր սահմանված, [մոռացված էր]. ջնջեցինք մեղսագործության ձգտման [ծնունդը]58, որի հետևանքով փակված էր փրկության ճանապարհը և մահն էր թագավորում։ Բայց դու, Տե՛ր, խղճացիր, [գթացիր] քո ձեռքով ստեղծվածներիս, քո միածին որդուն առաքեցիր որպես փրկություն աշխարհիս, որ կնոջից ծնվեց և աշխարհ եկավ մեր նմանությամբ59։ Եվ ինքը անբիծ ու անմեղ լինելով, դատապարտվեց յուր անձով և լուծեց, [մաքրեց] անեծքը նախաստեղծի, որ խաչի վրա էր: Չցանկացավ ծառայել այդ ապականված էությանը. դրանով մաքրեց մահվան ապականությունը` գերեզման իջեցնելով և մահվան վրա իշխելով՝ մահը գերեց, դեպի երկնային թագավորությունը ճանապարհ հարթեց՝ ամենեցուն առաջնորդելով դեպի հավիտենական կյանք։ Այս ամենը կատարելով` յուր սեփական մարմինը թողեց հավատացյալներին որպես կերակուր, իսկ յուր արյունը՝ որպես ըմպելիք։ Եվ մահը նրա, որ [այդպես եղավ], վկայում են բոլոր հավատացյալները, իսկ այն մահը, որ հանուն նրա անվան է՝ առ ոչինչ համարեն, իրենց մարմինները դաժան տանջանքների մատնելով։ Նույնպես և մենք այսօր մեր անձերն ենք [տանջանքի] մատնում իբրև պատարագ քո անվան փառաբանությանը։ Հիշի՛ր, Տե՛ր,
___________________
* Իմա՝ դպիրի (Ծ. Թ.):
[էջ 69]
քո գութն ու մարդասիրությունը և այն, ինչ ինքդ իբրև ժառանգություն թողեցիր,
մի հանձնիր անհավատների ձեռքը։ Թող չմեծաբանեն հեթանոսները, թե ոչնչացրին մեր
հույսի օջախները և ոչ ոք չկա, որ կարող է օգնել մեզ։
Արդ, հիշի՛ր, Տե՛ր, քո արյանդ վարձքը և քո անունը փառաբանողներին փրկիր բարբարոսների
ձեռքից։ Եվ թող հույսով ապավինեն անվանը քո բոլորը, ովքեր երկյուղածությամբ քեզ
են ծառայում։ Ամրապնդի՛ր, զորացրո՛ւ, Տե՛ր, քո ժողովրդի ոգին, առաջնորդիր դեպի
հավիտենություն։ Պատսպարիր նրանց քո խնամատար աջով, որ փրկեցիր խաչիդ զորությամբ`
նեղության օրերում հասցնելով օգնական ձեռքդ։ Տարածիր ամրածածուկ աջդ այս բանավոր
փարախիս վրա. մի՛ թող այն անհավատներին որպես ժառանգություն, այլ քո ձեռքը թող
զորավիգ լինի հավատացյալներիդ, որ խոստովանությամբ քո անունն են պաշտում բոլոր
օտար ազգերի առաջ։
— Տուր, Տե՛ր, քո այդ վերին Երուսաղեմում ժառանգության տեղի մեր անձերի համար, որովհետև քո անվան համար ենք նահատակվում հանապազօրյա և մեր կյանքը քո անչափելի մարդասիրության փոխանակ, կամավոր տանջանքների ենք մատնում։ Այլև դրանից զատ ուրիշ ոչինչ չունենք պարտքդ հատուցելու այս աշխարհում կրած զրկանքներից բացի։ Արդ, խոնարհեցրու քո լսելիքը և ունկնդիր եղիր քո ծառաների մաղթանքին։ Այս սուրբ Կարապետի բարեխոսությամբ և քո Մկրտչի աղաչանքով պահպանիր հավատացյալներիդ եկեղեցին անդրդվելի ու անսասանելի, որպեսզի հաստատուն մնա մեր հավատի հիմը առաքելական և մարգարեական քարոզչությամբ, մինչև կրկին երևալդ համայն աշխարհի դատաստանին։ Եվ եղիցի փառք քեզ, Տեր, հենց այս տաճարում, որ ինքդ նախընտրեցիր հիմնադրությամբ սրբույն Գրիգորի և բնակությամբ սբ. Կարապետիս. թող մնա և հարատևի սուրբ երրորդությանդ պաշտամունքը այստեղ։
Սա դժոխոց բռնության խորտակիչը եղավ և մահվան վրա կապանքներ դրեց, որով և մահն անգամ սարսափում է սրանից և վախենում է մերձենալ իր հավատացյալներին։ Սրա ահից դևերն են պապանձվում՝ չհամարձակվելով խաբել60 (դժրել) յուր սպասավորներին։ Եվ ովքեր, որ սրա դուռն են գալիս իրենց անձանց կարիքների համար, կարեկից եղիր և[էջ 70]
բժշկիր նրանց բոլոր տեսակի ախտերից ու հիվանդություններից։ Բայց թե լինում են ցանկացողներ, որ իրենց ցավերը իրենք կրեն, [այդպես թող լինի], որովհետև այստեղ մարմնով տառապողները հոգով են ապրում հանդերձյալ կյանքում։ Իսկ ովքեր իրենց վշտից ու կարիքներից, չար ցանկություններից կամ դևերի լլկումից, գետավիժությունից ու գազանակուր լինելուց կամ այլ զարհուրելի որոգայթների գիհից փրկվելու համար իրենց նեղության օրերում հավատով կհիշեն այս սուրբ եկեղեցու անունը, դու, Տեր Աստված մեր, գթասրտությամբ ու մարդասիրաբար լսիր նրանց և հեռու պահիր ամենայն չարյաց, որովհետև քո արարածներն են և գինը՝ քո սուրբ արյան։
Մի՛ դատապարտիր նրանց իրենց մեղքերի համար, այլ քո գթասրտությամբ խնամիր և քո մարդասիրությամբ ներիր ու բժշկիր, դու, որ աննախանձ, [անչար] մատակարարդ ես ամենքի՝ յուրաքանչյուրին ըստ իր կարիքի։
Հիշի՛ր, Տեր, ինչ որ քո արյամբ ձեռք բերիր և սիրով որդեգրեցիր։ Մի՛ լինիր չարյաց
իշխանություն քո հոտի վրա և ո՛չ ապականիչ՝ ժառանգության Վերին Սիոնի։ Ընդունի՛ր,
Տեր, մեր աղաչանքները և շնորհներդ բաշխիր սրա (եկեղեցու) բնակիչներին, որոնք
հեռանում են այս կյանքից թշվառությամբ ապրելով և ոչ թե փափկակեցությամբ մարմնի։
Ներիր նրանց հանցանքները բարեխոսությամբ սուրբ Կարապետի և մեր արյան հեղմամբ
[գրիր] նրանց որդեգրությունը սրբոցն ի լույս։
Աղաչում ենք, որպեսզի քո ողորմածությամբ մեղավորաց մեղքերին թողություն շնորհես՝
կանգնեցնելով նրանց սուրբ եկեղեցու խորանի առջև և բարեխոս ունենալով սուրբն Կարապետ.
հաշտվիր նրանց հետ մեր նահատակությամբ և մեր աղաչանքն էլ անտես մի՛ առնիր։ Մեղավորների
մեղքերը սրբիր, վիրավորյալների վերքերը բժշկիր, որոնք իրենց կենդանության ժամանակ
այստեղին ապավինեցին, եկեղեցու համար բարիքներ գործեցին և իրենց ունեցածից կրոնավորներին
բաժին հանեցին՝ հանուն Աստուծո։ Դու հատուցիր նրանց բարեխոսությամբ սուրբ Կարապետիս
և այս վեմերի վրա թող հաստատուն մնա, Տե՛ր, փառքն ու զորությունը աջիդ. ինչպես
որ սա բոլոր եկեղեցիներից ամենից առաջ հիմ-
[էջ 71]
նադրվեց և աստվածությանդ փառքն է սփռված նրա շուրջ բոլորը, նույնպես և մնալու է աստ, մինչև որ կրկին գաս նորոգելու երկիրը։ Եվ այնժամ սրան նորոգված ու անապականությամբ լի կգտնես, ինչպես որ խորանն էր հնում՝ և ներքուստ, և արտաքուստ։ Այլևս մեր մահն ահա ընդունիր որպես հաճո է քո աստվածությանդ, զի քո է զորությունն ամենայնի և քեզ փառք հավիտյանս, ամեն։
Իսկ երբ այս բոլորը ասվեց-ավարտվեց, երկնքից եկավ մի ձայն, որը այսպես խոսեց,
— Թող լինի այնպես, ինչպես ինքներդ եք ցանկանում, և նա, ով հանուն ինձ և հանուն
այս սբ. Կարապետի՝ թշվառությամբ իր կյանքը անցկացնի, պիտի բարությամբ նրան հատուցեմ
օրն հատուցման և նրանց բոլոր հանցանքները պիտի ներեմ, որովհետև մարդասեր եմ բոլոր
հավատացյալների նկատմամբ։ Եվ դուք տեսնելու եք այն լուսավոր կյանքը, որ ինքներդ
պատրաստեցիք ձեր իսկ տքնությամբ։
Այս բանը լսելով` սրբերը բոլոր ծունկի եկան սուրբ սեղանի առջև։ Ապա Պողիկարպոսը դուրս եկավ, գնաց կանգնեց սուրբ խաչի առջև և սկսեց աղաչել աստծուն, որ գալիք թշնամուն կործանում բերի, աշխարհին խաղաղություն լինի և աղքատ ու տանջվող մարդիկ իրենց տան ու տեղի տերը մնան։
Այնժամ հանկարծակի խուժեցին պարսից զորքերը, և երբ տեսան Պողիկարպոսին, բռնեցին, կտրեցին նրա գլուխը և նետեցին առջև խաչին։ Իսկ իրենք շուտափույթ դեպի եկեղեցու դուռը շտապեցին, տեսան այնտեղ արտասվող և առ աստված պաղատող կրոնավորներին։ Անմիջապես հարձակվեցին սրբերի վրա և յոթին էլ սպանեցին։ Ահա նրանց անունները՝ Թեովնաս, Պողիկարպոս, Սիմոն, Հովհաննես, Եպիփան, Դիմարիոս և Նարկեսոս։ Այս բոլոր յոթն էլ նահատակվեցին Միհրանի զորքերի ձեռքով, քաղոց ամսի չորսին (երեկավուրն) երեկոյան։ Իսկ իրենք մինչև առավոտ մնացին այնտեղ, սակայն եկեղեցու դուռը գտնել չկարողացան, որովհետև տերը ծածկեց նրանց աչքից։ Ապա սկսեցին մուրճերով հարվածել, որպեսզի քանդեն, սակայն դևերից սարսափահար փախան այնտեղից։ Եվ որովհետև բոլորը փախան, ուստի սրբերի ոսկորները երեք օր շարունակ ընկած էին անթաղ։ Երեք օրից[էջ 72]
հետո եկան եկեղեցու սպասավորները, հայր Թոդիկի հետ միասին, և տեսնելով նրանց վախճանված՝ շատ տրտմեցին ու արտասվեցին։ Ապա առնելով նրանց նշխարները, իջեցրին դրախտի (գերեզմանի) մեջ, եկեղեցու հարավային կողմը. հենց այնտեղ էլ դրին Անտոնի և Կրոնիդեսի մոտ, որոնք սբ, Գրիգորից հետո եկել էին Կեսարիայից։ Եվ նրանց վրա խաչ կանգնեցրին. իսկ այդտեղից էլ այնուհետև շատերն էին բժշկություն ստանում։
Իսկ ոմանք շտապում են հասնել Մուշեղ իշխանից իմանալու զորքերի դրության մասին61, բայց երբ տեսան նրանց կոտորված, խիստ զարմացան և շուտափույթ գնալով պատմեցին Մուշեղ իշխանին։ Իսկ նա լսելով՝ երեք օր շարունակ [ինչպես մեռյալը] լուռ ու մունջ, գլխահակ նստած մնում էր։ Իսկ զորքերը քրիստոնեավայել օրինոք և մխիթարական այս թուղթը մատուցեցին նրան.
— Ով երանելի լույսի ճշմարիտ շառավիղ, երջանիկ սպարապետ, մի տրտմեր նրանց համար, ովքեր իրենց աղոթքներով ամուր աշտարակ եղան աշխարհիս և օգնական ու բարեխոս մեզ համար առ Աստված։ Բայց դու ավելի ևս գոհություն հայտնիր հայր Աստծուց, որ հենց քո օրերում, այնտեղի բազում տառապանքից հետո, այդ աստիճան հանգստությամբ, մարտիրոսական մահվամբ առ Աստված փոխվեցին, խոտաբուտ (խոտաճարակությունից)* կյանքից անցան դեպի դրախտը փափկության, և մեզ համար էլ բարեխոս եղան։ Արդ` ե՛կ, սթափվի՛ր, [զգաստացիր], որպեսզի մեզ վրա եկող այդ Միհրանին չարաչար պատժես և մեր երկրեն վտարես։
Իսկ նա՝ կարծես երկարատև քնից զարթնած, հրամայեց իր մոտ կանչել Վահանին, որին Տարոնի իշխան էր կարգել այն ժամանակ, երբ ինքը մարզպան էր։
— Որդյակ իմ, Վահան,— ասաց նրան,— դու լավ գիտես, թե որքան և որպես եմ ապրել, քանզի շուրջ հարյուր և քսան տարի է62, ինչ ես պատերազմներ եմ մղում։ Քրտինքի փոխարեն ճակատիս արյունն եմ սրբել սլաքներով։ Ութսու-
___________________
* Խոտաբուտ՝ իբրև ճգնավոր խոտաճարակ, ճգնակեցությամթ ապրող և ապաշխարող մարդ (Ծ, Թ,)։
[էջ 73]
ներեք ճակատամարտ անձամբ ինքս եմ վարել, այժմ ծեր եմ և դողդոջուն։ Իմ օգնականն այժմ Աստված է և դու և ուրիշ ոչ ոք, քանզի իմ միակ որդին63 մեռավ տասներկու տարեկան հասակում։ Արդ, այս բանս մտքումդ լավ պահիր, որդյակ, զի եթե հանուն Քրիստոսի սուրբ եկեղեցու նահատակվես, կմարտիրոսանաս անմահությամբ, իսկ եթե նյութեղեն ինչքի համար կռվի դաշտ իջնես64... դու քաջության անուն կվաստակես։ Եվ քանզի ես ուրիշ ժառանգ չունեմ65, ուստի իմ երկիրն ամբողջ քեզ և քո ժառանգներին եմ թողնում։ Ահա, գնա ուրեմն և աշխատիր իմաստությամբ ձեռքդ գցես թշնամուդ. սուրբ Կարապետը թող քեզ զորավիգ ու սատար լինի և սուրբ կրոնավորների աղոթքները թող քեզ օգնական լինեն աջից ու ձախից։
Իսկ Վահանը հանձն է առնում կատարելու այդ գործը։ Սկսեց [այնժամ] դեսպաններ ընտրել
և ուղարկել Միհրանի մոտ, որպեսզի նա համաձայնվի և հաշտությամբ թողնի ու գնա։
Բայց նա պատասխանում է.— Ես չեմ հաշտվի ու այստեղից չեմ գնա*, մինչև Մուշեղ իշխանին
ձերբակալած պարսից արքայի մոտ չտանեմ։
Ապա Վահանը դարձյալ մարդ ուղարկելով [նրա մոտ] ասում է.— Եթե խոստանաս այս երկրի
իշխանությունն ինձ տալ, ինքս Մուշեղ իշխանին կհանձնեմ քո ձեռքը, քանզի ես ինքս
էլ նրանից խիստ դժգոհ եմ և [նրանից] ապստամբած ցանկանում եմ քեզ մոտ գալ, որպեսզի
հանկարծահաս վտանգից խուսափելով, ապահով լինեմ։
Սա էլ ուրախացած [պատգամաբեր] ուղարկեց հայտնելու Վահանին, թե սիրով համաձայն է նրա հետ։ Ինքն այդ ժամանակ գտնվում էր Մուշ ավանում, իսկ Մուշեղը Ողական ամրոցում։ Իսկ այն զորքերը, որ կրոնավորներին կոտորեցին, անցան դեպի Աստղոն (նույն Աստղոնքն է) ամրոցը66։ Երկու օր այնտեղ մնացին, բայց ոչինչ անել չկարողացան։
Ուստի շարժվեցին գնացին Միհրանի մոտ և ամրոցի ամբողջ ձևն ու դիրքը բացատրեցին նրան։ Երբ Վահանը եկավ Միհրանի մոտ, վերջինս նրանից նաև Աստղոնք ամրոցը պահանջեց։
___________________
* «Ո՛չ, այլ մինչև զիշխանն Մուշեղ...» խոսակցության ոճը պահպանելու համար թարգմանում ենք ազատ և ոչ բառացի (Վ, Վ.)։
[էջ 74]
— Այդպես չէ, տեր իմ,— ասաց Վահանը։— Տուր իմ ձեռքը չորս հազար զինվոր, որպեսզի հարձակվենք այն ամուր բերդերի վրա, որոնց մեջ նրա (Մուշեղի) մտերիմ մարդիկն են, նրա [կողմնակիցները], գանձերն ու ունեցվածքը, որ գուցե ինձ ապստամբ համարելով՝ դիմադրեն բռնությամբ և չհանձնվեն իմ ձեռքը։ Իսկ այժմ գնանք նախ Օձ քաղաքի վրա, ապա նոր մնացածների։
Այնժամ Միհրանը հանձնեց նրա ձեռքը չորս հազար մարդ, ընտիր ձիավորներ։ Եվ մինչև գնացին հասան Օձ քաղաքի դարպասին, պարսպի ներսում նենգությամբ մահվան դարան էր պատրաստել67 իր հետ եկած զորքի համար։ Վաղ առավոտյան քաղաքում գտնվողներին պատվեր ուղարկեց դարպասը բաց անել և պարսից զորքին ներս առնել։ Որովհետև քաղաքադուռը շատ նեղ էր, մեկական էին ներս մտնում։ Նրանք, որ դռնից ներս էին անցնում, իսկույն առնում էին, տանում տուն, զգեստները հանում և գլուխը կտրելով պարսպից դուրս, մի աներևույթ խոր տեղ նետում։ Չորս հազարից միայն հիսուն հոգի թողել էր Խարձք (Խարձք կամ Խարձ, Հարձք) կոչվող գյուղում։
Նրանց (գյուղացիներին) պատվիրել էր, թե երբ որևէ մեկին ձեզ մոտ ուղարկեմ, շուտափույթ Միհրանի մոտ հասեք և օգնական զորք բերեք։ Եվ այդպես էլ արեց։ Սրանք դարձյալ գնացին Միհրանի մոտ, վերցրին իրենց հետ երկու հազար ընտիր զինվորներ ու բերին Վահանի մոտ։ Եվ այդ բոլորը նա այնպիսի հնարամտությամբ էր գործում, որ պարսիկները ոչինչ հասկանալ չկարողացան։ Ահա, երբ բավական մոտեցել էին քաղաքի դռանը, Վահանը պարսիկներից խլած ասպազենն ու հանդերձանքը տալով քաղաքացիներին` ներսից դուրս կանչեց նրանց։ Ապա խրատ տվեց, թե երբ պարսիկները տեսնեն ձեզ, դուք միահամուռ դեպի քաղաքը արշավեք և ներս մտնելով հաղթանակի փողեր հնչեցրեք, դուռն էլ բաց թողեք, որպեսզի նրանք կարծեն, թե քաղաքն արդեն գրավեցին։ Եվ այդպես էլ արեցին։ Պարսիկները, երբ տեսան, որ նրանք միահամուռ դեպի քաղաքն են դիմում, չափազանց ուրախացած իրենք էլ դեպի քաղաքը արշավեցին և անհամբերությամբ քաղաքի դռնից ներս էին լցվում։
Իսկ Վահանը փութանակի առաջ գալով [պարսից] զոր-[էջ 75]
քին ավետիս է տալիս և նրանցից քսան հոգի էլ ավետավոր է ուղարկում Միհրանի մոտ՝ թե քաղաքն արդեն գրավեցինք. ապա ինքը կրկին ետ դարձավ պարսկական զորքի ետևից։ Երբ նրանցից շատերն արդեն քաղաքն էին մտել և մյուսներն էլ դեռ մտնում էին, հանկարծ սկսեցին կասկածել կատարվածի մասին ու ցանկանում էին ետ դառնալ։
Բայց Վահանը հետամուտ լինելով՝ դեպի մորուտներն է քշում-լցնում նրանց*. և ինքն այս կողմից, քաղաքացիք մյուս կողմից քառասուն մարդ մորուահեղձ արին (ճահիճների, տիղմի մեջ խեղդեցին), իսկ մնացածներին քաղաքում արգելելով բոլորի գլուխները կտրել ու պարիսպների վրա շարել է տալիս։ Եվ համրեցին, հենց մենակ այդ օրվա սպանվածները եղան վեց հազար՝ հինգը միայն պակաս։ Ապա հրաման տվեց բոլորի քթերը կտրել։ Իսկ ինքն առավ իր զորքը հինգ հարյուր մարդ և ելավ, որպեսզի գնա Մուշեղի մոտ։ Երեք, հարյուր հոգի թողեց Մեղտիի անցման տեղում, երկու հարյուր աշտե[ավոր]ներ էլ Սանասա (Սասնա) ծմակը թողեց, երկու հարյուրն էլ իր հետ վերցնելով գնաց Մուշ [ավան]աքաղաքը՝ Միհրանի մոտ68։
Ներս մտավ նրա բնակարանը, խոսեց նրա հետ և այսպես ասաց,— Ես քո զորքերից փախստական եղած եկա քեզ մոտ, որովհետև ոչ քաղաքը թողեցին և ոչ էլ ավարամաս մեզ բաժին տվին։ Նույնիսկ իմ սեփական զինվորներին էլ քաղաքում փակեցին [արգելեցին]. իսկ ես, ահավասիկ, փախտական քեզ մոտ եմ։ Միհրանը որոշեց նրանց դեմ հազար հոգի ուղարկել։ Բայց նա (Վահանը) ասում է, թե քո դեմ էլ են ապստամբել, ցանկանում են քաղաքից վերցրած ամբողջ ավարն ու կողոպուտը առած՝ հունաց կողմն անցնել։ Ուստի Միհրանը զայրացած նրանց դեմ է ուղարկում երկու հազար մարդ։ Այնժամ Վահանը պարսից զորքերին խորհուրդ է տալիս գիշերով չանցնել Մեղտի գետը, այլ իջևանել, հանգստանալ և առավոտյան գնալ։ Միգուցե որևէ թշնամի հարձակվի և դուք էլ տեղանքին անծանոթ եք, ասում է նրանց։— Ուստի հազար մարդ անցեք գնացեք դեպի ծմակը**, հազար էլ դեպի դաշտը։ Եվ կարգելով նրանց համար առաջնորդներ, ինքը ևս
___________________
* Բնագրում՝ «... Ի մուրասն լնուլ..»։
** Պետք է լինի ծծմակը, ծծմակա քիթ կոչված վայրն է (Վ.Վ.):
[էջ 76]
Միհրանի մոտից դուրս եկավ, որպեսզի նրանց շուտ ուղարկի։ Երբ հասան այնտեղ, ուր պետք է բաժանվեին, հարյուր մարդ առանձնացրեց, որպեսզի նրանց ետևից դեպի ծմակը գնան, հարյուր հոգի էլ ինքը առնելով՝ մյուսների ետևից գնաց։
Երբ գնացին հասան Մեղտի գետի եզերքը, նրանց թողեց գետի այս կողմը, որ քնեն [հանգստանան], իսկ ինքը դարանակալներին պատրաստ պահելով, սպասավորներին հրամայեց անջատել ձիերի երամակը՝ արոտի տանելու պատրվակով։ Այսպես բոլորին անհոգ անելով, հանկարծակի երկու կողմերից հնչեցրին փողերը և բոլորին մեջտեղն առնելով իսկույն ևեթ կտրեցին նրանց գլուխներն ու գետը նետեցին. և նրանցից ոչ մեկը չկարողացավ փախչել ազատվել։ Ապա հրամայեց երիվարներին ծմակը տանել։ Մինչև սրանք կոտորածի այս գործն էլ ավարտեցին, այնուհետև շարժվեցին մյուսներին ընդառաջ, քանի դեռ նրանք չէին եկել հասել ծմակին. ուստի այնտեղ կանգ առան, մնացին, մինչև որ [նրանք էլ] եկան, որովհետև այդպես էր պատվիրված Վահանի կողմից։
Երբ եկան և բանից անտեղյակ այնտեղ հասան, այնժամ կամուրջի երկու ծայրերը շրջափակեցին, նրանց շուրջանակի մեջտեղը առան և ահեղագոչ որոտալով սկսեցին անխնա կոտորել։ Միայն մեկը սրանցից դիակների (կամ թփուտների)69 տակ թաքնվելով, հեծավ երիվարն ու փախավ դեպի Մուշ։ Սակայն երկու հոգի հետապնդեցին նրան և անցնելով գետի այն կողմը, բռնեցին ու գլուխը ջախջախեցին։ Ապա նրանցից մեկը վերցրեց մի բուռ ավազ և տալով ընկերոջը ասաց.
— Պարսիկներից խորտիկներ պատրաստող70, առ, աղը վերցրու։ Ուստի և մինչև այսօր էլ այդ տեղը Առաղս է կոչվում։ Այստեղ Վահանը հետագայում ավան էլ կառուցեց։ Իսկ Վահանը մյուսներին դեպի ճահճուտը քշեց. շատերին այնտեղից հանել չկարողացան, և այնտեղ էլ խեղդվեցին։ Իսկ նրանք, որ ցամաքի վրա էին՝ քթները կտրեցին պահեցին, գլուխները դաշտում ու մորուտներում սփռեցին։ Ապա հավաքել տվեց երկու հազար երիվարները և ուղարկեց Ուղնուտ (Եղնուտ, կամ Ողնուտ) ամրոցը*։ Ինքը վեր կացավ շուտա–
___________________
* ՎԼ՝ յԵղանց բերդ, զոր դեռ Եղնուտն կոչեն։ Հ—յՈղնոյ։ ՎԾՊ՝ Ցողնուբերդն (Ա. Ա.— էջ 130)։
[էջ 77]
փույթ եկավ Միհրանի մոտ։ Իր ծառաներին կարգադրեց ճաշկերույթ պատրաստել և Միհրանին
էլ հրավիրեց։ Սակայն Միհրանը հիվանդությունը պատճառ բռնելով սենյակը մտավ և միայն
նրան ներս թողեց։ Վահանն ինքը դռնապան դարձավ և այցելության եկող իշխաններին
դռնից ետ էր դարձնում ասելով.— Հայոց մարզպանը ճաշի գալ չկարողացավ և ինձ էլ
թույլ չտվեց։ Սրանք էլ հավաքվելով տաճարներից մեկում գինարբուքի նստեցին։ Այդ
ժամանակ Վահանը վերցրեց մաղախը, ուր կտրված քթերն էին լցված և ծառաներից մեկին
հրամայեց դնել Միհրանի առջև։ Վերջինս տեսնելով այդ՝ զարհուրեցավ և հարցրեց Վահանից.
— Ի՞նչ բան է այդ, պատմիր ինձ տեսնեմ։ Իսկ նա, ինչ կատարվել էր, բոլորը մի առ
մի պատմեց հերթով և ոչինչ չթաքցրեց։ Միհրանը կատաղած վերցրեց տեգը, որ ծառայի
ձեռքին էր և ցանկանում էր հարվածել Վահանին, բայց Վահանը քաշեց սուրը, որն իր
գոտուց կախած ուներ, կտրեց նախ նրա (Միհրանի) քիթն ու դրեց նրա առջևը ասելով.
— Այդ դո՞ւ ես անարգողը մեր աստծուն, այդ դո՞ւ էիր, որ մեր սուրբ կրոնավորներին
մեր աշխարհի սյուներին գլխատել տվիր։ Այնուհետև պատռելով նրա որովայնը, ծառային
հրամայեց հանել նրա լյարդն ու դնել բերանը. ապա խրեց դանակը նրա կոկորդն ու թողեց
այդպես ցցված [կոկորդում]։ Բայց մինչդեռ նրա թլպատն էլ (առնանդամը) կկտրեր, ասաց.
[էջ 78]
կնքեց այն, ապա կանչելով հավատարիմ մարդկանցից հիսուն հոգի, պատվիրեց տանել Վաշիրին, որ Ապահունիքում էր և իր ձեռքի տակ հազար մարդ ուներ։ [Սրանք] թուղթն առան ու գնացին։ Իսկ Վահանը կանչելով պատվիրակին կարգադրեց, թե գնա և կանչիր այսինչ անունով իշխանին։ Նա գնաց և կանչեց։ Եվ երբ իշխանը եկավ մտավ խավարչտին փողանը (միջանցքը), որտեղ երկու կողմերից վեց մարդ պատրաստ թաքնված կային, ու ցանկանում էր մտնել [Միհրանի] օթևանը, անմիջապես բռնեցին նրա կոկորդից, որպեսզի չլինի թե մյուսները նրա ձայնը լսեն, ապա դանակը նրա սիրտը խրելով մյուս հարկը նետեցին։ Եվ այս ամենը արեց նրա համար, որ պատվիրակին ու գրագրին մեղադրելով` բանտ տանել չտար71։ Իսկ ինքը խաբեությամբ իշխաններին խորհրդի կանչել տվեց և իր մտադրությունը թաքցնելով՝ նրանց հետ էլ նույն ձևով վարվեց։
Այդպես ութսունվեց իշխանների միայն այդ օրը սպանել տվեց։ Իսկ երբ իշխանների հետ գործը ավարտվեց, ելավ գնաց տաճարը, որտեղ զորքերն էին խմբված, կիտված։ Այստեղ և յուրային, և օտար գավառների (իմա՝ պարսիկներին—Վ. Վ.) մարդկանց տաճարից հանել հրամայեց և ինքը սկսեց անարգական խոսքերով հանդիմանել նրանց՝ թե վայել է ձեզ, արդյո՞ք, ձեր մարզպանի մարգարտյա պսակը գողանալ։ Արդ, կարգադրված է բոլորիդ այստեղ մերկացնել, մինչև խոստովանեք և ի ցույց հանեք։ Եվ նրանց զգեստները հանել տալով՝ բոլորին այնտեղ տաճարում փակել տվեց։ Նույնպես վարվեց նաև մյուս տաճարում գտնվող հազար ինը հարյուր և երեք (ՌՋԳ) մարդկանց հետ։ Ապա հրամայեց փակել տաճարների դռները, բերել տվեց Միհրանի գլուխը, կախեց երդիկն ի վայր և ցույց տալով նրանց՝ ասաց,— Սա այն գլուխն է, որը խորհում էր սուրբ Կարապետը հիմն ի վեր կործանել և բոլոր կրոնավորներին հրով այրել։
Ապա հրամայեց երկու տաճարներն էլ կրակի տալ և դառնալով նրանց ասաց.
— Դուք ինձ չափազանց մեծ վնաս տվիք, պատճառ եղաք, որ ես այս սբ. տաճարները այրել տվի։ Բայց քանի որ մեր [հայր] Աստվածն ու սուրբ Կարապետն են այդպես ցանկանում, ես այս փայտը, որ զղջման, [ապաշավանքի] համար[էջ 79]
էի թողել, բայց, ահավասիկ, ձեզ հետ, նույնպես և ձեր թագավորի (իմա՝ զորավարի—Վ. Վ.) հետ միասին կառափն եմ հանում։ Ես մեծ աշխատությամբ, չարչարանքով եմ այն պատրաստել, բայց դուք մերկ եք և ցրտահար, ուստի հանուն իմ բազում մեղքերի թողության և հանուն իմ անցավորաց (հայրերի) հիշատակի, այսօր մի լավ տաքացեք և բոլորովին մի ամաչեք։ Այս սուրբ տներն էլ թող ձեզ գերեզման լինեն՝ շնորհոքն արքային պարսից։ Եվ բորբոքվեց մարդկային ճարպով առատ[ացած] կրակի բոցը, մինչև իսկ ամբողջ քաղաքը արբեցավ նրանց ճենճերի հոտից։ Իսկ ինքը հավաքել տվեց նրանց ամբողջ ինչքն ու գանձերը և հրամայեց տանել Ողական ամրոցը։ Ապա՝ Մուշեղը հանձնարարեց, որպեսզի իշխաններին տանեն քաղաքը72։
Այնուհետև Վահանը երեք հազար մարդ իր հետ առնելով գնաց Վաշիրին ընդառաջ, բարձրացավ լեռան վրա և երեք կողմից դարան պատրաստեց։ Ապա նվիրակին ու դպիրին առաքեց Վաշիրին իր մոտ հրավիրելու։ Նրանք գնացին հայտնեցին Վահանի պատվերը Վաշիրին, որր իջևանել էր [արդեն] Նիա73 ծովի եզերքը։ Բայց դպիրն ու նվիրակը եղելությունից ոչինչ տեղյակ չէին, քանզի Վահանը թույլ չէր տվել նրանց մոտենալու զորքին, այլ պահել էր ետևում մեկուսացված։ Այն ժամանակ էլ, երբ տաճարները այրել տվեց, նրանց այլ պատրվակով ուրիշ տեղ ուղարկեց, որպեսզի չիմանան, թե ինչ է կատարվել։ Իշխանների զգեստն ու հանդերձանքն էլ տեսնելով՝ կարծում էին, թե միհրանյանք են։ Արդ, գնացին նրանք և Վահանի պատվերը հայտնեցին Վաշիրին՝ որպես թե Միհրանի կողմից են ուղարկվել, և Վաշիրը վերցնելով հազար հարյուր մարդ, եկավ բարձրացավ նույն լեռը։ Երբ մոտեցան այն տեղին, որ Վահանն էր, Վաշիրը հիսուն զինվոր առանձնացրեց և ազատ արձակեց, այլ թշնամիներից ապահով լինելու համար, իսկ ինքը եկավ մտավ վրանը՝ Վահանի մոտ, կարծելով, թե Միհրանն է։ Երբ տեսավ Վահանը նրան, ասաց.— Վաշիր, միտքդ ի՞նչ է, պարսից հավատի՞ն եք ցանկանում դարձնել հայոց երկիրը...
Նախ հրամայեց զորքերին պատշաճ տարածություն հեռու պահել, ապա սկսեց գանահարել Վաշիրին այնքան, մինչև խոստացավ իր բոլոր զորքին այնտեղ կանչել։ Հարվածների[էջ 80]
սաստիկ ցավից [Վաշիրը] հրաման ուղարկեց իշխաններին և զորապետներին շտապ իր մոտ գնալու։ Պարսիկ գրագրին էլ կաշառք խոստանալով՝ [Վահանը] հրամանը այնպես գրել տվեց, որ շուտափույթ գան, որպես թե հույները հանկարծակի մեզ վրա են հարձակվել։ Եվ Վաշիրի մատանին էլ տալով [նրանց], ուղարկեց հեռվում թողնված զորքերի մոտ։ Ապա հրավերք հղեց թիկունքում եղած զորքին, և կոչունքի պատրվակով իշխաններին մեկ-մեկ խորանն էին տանում ու գլխատում։ Եվ ոչ-ոք չիմացավ եղելությունն այնքան ժամանակ, մինչև որ [նրանցից] մեկը մազապուրծ փախստական իր րանակը հասավ։ Բայց երբ Վահանը հասկացավ, որ կատարվածը հայտնի դարձավ, դարանամուտ մարդկանց լուր ուղարկեց հետևի կողմից հարձակվել նրանց վրա։ Եվ փախցրին նրանց մինչև Կոթի ձորաբերանի բերդը։ Դարանամուտներից ամենավերջինները նույնիսկ ընդհարվեցին նրանց հետ, բերդի մարդիկն էլ ներսի կողմից դուրս գալով նրանց դեմ՝ քարերով ու գլերով բոլորին անխնա կոտորեցին։ Հարյուր մարդ միայն փախստական եղած հասան մինչև Ապահունիք, սակայն դարան մտածները նկատեցին, հարձակվեցին և սրանց էլ ձերբակալեցին։
Իսկ վաղ առավոտյան պարսից մյուս զորքն էլ եկավ հասավ այնտեղ բլրի այս կողմը։ Վահանն ընդառաջ եկավ նրանց ու ասաց.— Ամենքդ էլ իջեք ձիերից, թող երիվարները արածեն մինչև երեկո, որովհետև մութն ընկնելուն պես պետք է հարձակվենք հունաց զորքի վրա։
Այդպես էլ արեցին։ Դարան մտածները թաքստոցներից դիմեցին նրանց կողմը, ձիերի երամակը անջատեցին զորքից, քշեցին Արածանիի կողմերը, հանեցին մինչև Քարքե լեռան բարձունքները։ Իսկ պարսից զորքերը հասկանալով իրենց գլխին եկած աղետը՝ միաբերան աղաղակում էին.
— Վայ մեզ, կորած ենք։ Այստեղից էլ գավառի անունը մնաց Կորեանք լեռներ։ Իսկ Վահանի զորքերը մնացածներին քշեցին իջեցրին հենց այդտեղի ձորը, ուր դարանամուտ զինվորներն էին և երկու կողմից հարձակվեցին, նրանց մեջտեղն առան, բոլորին կոտորեցին և առհասարակ ոչ մեկին չխղճացին։ Միայն քառասուն մարդ [Վահանը] հրամայեց կենդանի թողնել որպես զրուցատար (գուժկան) պարսից արքային։[էջ 81]
Հանձնարարեց տանել թագավորին նաև Միհրանի գլուխը այսպես պատվիրելով.
— Այս մարդը, երբ մարզպան եկավ մեր երկիրը, այնժամ զորքերը դեմ առ դեմ ախոյան
կանգնելով՝ խաղագնդակ էին ուզում, բայց չկարողացան[ք] գտնել։ Հույներից էլ չհամարձակվեցինք
գնալ խնդրել, որովհետև ձեր ոխերիմ թշնամիներն են։ Ձեր զորքի մոտ էլ աչքի անցկացրինք74,
հեռվից տեսանք, որ ձերոնց մոտ նույնպես գնդակ չկար։ Ստիպված կտրեցինք այս գլուխն
ու խաղացինք։ Արդ, իմացանք, որ Շահաստանից եկել եք Բուստր քաղաքը, որը երկիր
է տափարակ ու դաշտաձև։ Գիտենք, որ գնդակ պիտի խաղաք, ահավասիկ, վերցրեք ձեր քրոջ
որդու գլուխը և թող ձեզ խաղագնդակ լինի սերնդից-սերունդ։
Երբ այն քառասուն մարդիկը գնացին և Միհրանի գլուխը տարան թագավորի առջևը դրին, սաստիկ վրդովվեց ու խորին ամոթանքից պապանձվեց [պարսից արքան]։ Իսկ հաջորդ տարին դարձյալ զորք գումարեց և հոխորտանքով ուղարկեց Տարոնի վրա։ Այս նույն տարին էր, որ Իննակնյան սբ. Կարապետը սաստիկ երկրաշարժից փուլ եկավ։ Դրա համար Տարոնի իշխան Մուշեղը մեծ քանակությամբ գանձեր տվեց և հրամայեց քարակոփ ու ամրակուռ կառուցել։ Սակայն անընդհատ պատերազմների պատճառով, ինչպես որ պետք էր, չէին հասցնում կառուցել։ Ուստի [նա] վերաշինել տվեց սուրբ Կարապետն ու նույն ժամանակ էլ ինքը վախճանվեց։ Նրա դին ամփոփեցին Արծրունյաց իշխանի կողքին՝ վանքի արևելյան ճակատամասում։
Մուշեղի մահից հետո նրա իշխանական աթոռին նստեց Մամիկոնյան տան իշխան Վահանը։ Ուստի հավաքվեցին եկան Գլակա վանքը, սուրբ Կարապետում ցնծության մեծ տոն կատարեցին՝ բազում քահանաներով ու եպիսկոպոսներով, նա էլ տասներկու* գյուղ ազատ [հայտարարեց] ու նվիրեց վանքին՝ ջնջելով դրանց անունները արքունական դիվանից։
Նույն տարում վախճանվեց նաև Գլակա վանքի վանահայր երանելի տեր Թոդիկը, նա թաղված է Հայրաբլուրում, որ գտնվում է եկեղեցու աջ կողմում՝ Ավետյաց և Ասնի75 բլուր–
___________________
* Ձեռագրերի մեծ մասում տասներկուսի փոխարեն տասնևութ... (Վ. Վ.)
[էջ 82]
ների մեջտեղը։ Նրա աթոռին նստեց Արծրունյաց իշխանի և Մարիամ տիկնոջ* որդի մանուկ Ստեփանոսը։ Սա Տարոնի գավառի եկեղեցիներում բազում նորոգություններ կատարեց և կանոնավորություն մտցրեց։ Բոլոր եպիսկոպոսներից նրան ավելի բարձր էին դասում, քանզի փառավոր հովիվ էր իր հոտի, սրբագույն էր վարքով, մանավանդ, որ իրեն ենթակա երեք հարյուր իննսուն և ութը կրոնավորներ ուներ։ Եվ իր առաքինի ու սուրբ վարքի պատճառով բոլորը նրան իբրև մի նոր Հովհաննես Կարապետ էին համարում։ Սա էր, որ աղաչեց սուրբ Կարապետին լուսաբերաց կլանող գազանների բերանները կապկպել և այդպես էլ եղավ։ Սա էր հանդիմանողը Հարքի իշխանին, որը իր հարազատ եղբոր կնոջ հետ էր ամուսնացել, համոզեց նրան հեռանալ [եղբոր] կնոջից, դարձրեց կրոնավոր և նրա ձեռքով եկեղեցի շինել տվեց Թիլ ավանում։
ՊԱՏՃԵՆ ԵՐԿՐՈՐԴ
ՎԱԽԹԱՆԳԻ ՏԱՐՈՆ ԳԱԼԸ ԵՐԵՍՈՒՆ ՀԱԶԱՐՈՎ ԵՎ ՊՈՐՊ ՔԱՂԱՔՆ ՈԻ ԳԱՀԱՐ ԱՄՐՈՑԸ ԿԱՌՈՒՑԵԼԸ
Պարսից թագավորը երկրորդ անգամ երբ շարժվեց գնաց հույների դեմ, այնժամ մտաբերեց Միհրանի՝ իր քրոջ որդու մահը և նրա հորեղբայր Վախթանգին երեսուն հազար ընտիր հեծելազորով ուղարկեց հայոց երկիրը՝ [Տարոն]։ Սա եկավ հասավ Ապահունիք76, նստեց այնտեղ և հարկահավաքներ ուղարկեց Հարք, Հաշտենք և Մուշ գավառներն ու պահանջեց նրանցից արքունական հարկերը։ Բայց այդ երկրների իշխանները նրան թուղթ գրեցին և ասացին,
— Եթե Վահանը կլինի քեզ հարկատու, ապա կլինենք նաև մենք և կվճարենք հարկերը, ապա թե ոչ` այստեղից պիտի ամոթահար վերադառնաս։ Այդ ժամանակ Վախթանգը խրոխտարար հոխորտալով` կողմնապահներ է թողնում Ապահունյաց երկրում և սաստիկ բարկությունից կատաղած, գալիս
___________________
* Նա, որը նահատակվեց (Ծ. Թ.)
[էջ 83]
հասնում է Տարոնի բարձունքին [որ Տարոնի գլուխ է կոչվում]։ Գալով այնտեղ տեսնում է, որ մի ընդարձակ ու խիստ վայելուչ և [հարմարավետ] դաշտավայր է. սկսեց այնտեղ քաղաք կառուցել, այգիներ ու բուրաստաններ տնկել։ Վերաշինել տվեց Ձյուն[ա]կերտ մեծ քաղաքը77, Պարսկաստանից իր կնոջը Պորպե[ս]ին բերել տվեց այնտեղ և նրա անունով էլ քաղաքը վերակոչեց Պորպե, որ մեր լեզվով համեղ է նշանակում։ Եվ մատուռի դռանը, որ Սահակ Մեծ Պարթևի ձեռքով էր հիմնադրված, պարսկական ատրուշանը հաստատել տվեց։ Այնուհետև բարձրացավ Տավրոս լեռան վրա, կառուցել տվեց այնտեղ մի մեծ ամրոց և կոչեց Գահար, որովհետև [նրանցից] շատերը՝ վայրի գազաններից սարսափահար, այնտեղ գահավեժ եղան, կարծելով թե հեծյալներ են78։ Ապա Գ[ո]ռոզ լեռնաբլրի վրա մի ավան կառուցել տվեց իր Գռեգուռոս որդու անունով և կոչեց այն Գռգռոս79։
Դրանից հետո [Վախթանգը] սուրհանդակ հղեց Վահանի մոտ և այսպես ասաց.
— Քաջաբազուկ և հզոր Վահան հսկային՝ դիցն օգնականությամբ, ողջույն... Թեև իմ եղբորորդու մահվան համար շատ տրտմեցինք, սակայն հույժ զարմացած ենք ձերդ մեծության իմաստությունը տեսնելով։ Ահավասիկ, ես եկել եմ հանուն սիրո, եկ ինձ մոտ և խոստացիր երդմամբ տալ (զհարկն դիմոսական) տերունական հարկը, նաև հնազանդ լինել արքային [պարսից], նրա նկատմամբ չարիք չխորհել, և ես կյանքդ քեզ կբաշխեմ, թույլ կտամ հայոց մեծ իշխանի այդ փառքդ պատվով վայելես։ Ողջ եղի՛ր, դիցն օգնականությամբ...
Այնժամ Վահանը պատասխանեց և այսպես ասաց.
— Վախթանգիդ՝ վախկոտ ու տմարդի, ամենուրեք աղբ ճաշակող խոճկորների ցեղից սերված, քեզ ողջույն։ Թեև Միհրանիդ մահվամբ շատ խնդացինք, բայց նույնպես էլ քո անմտությանդ վրա լաց եղանք, որովհետև նրա մահվան բոթը լսեցիր, ապա նոր միայն ճանաչեցիր իմ բազկի զորությունը, որ Աստծո կողմից է շնորհված ինձ։ Եթե սիրով ու բարեկամությամբ ես եկել [մեզ մոտ], ապա կնոջդ ինչո՞ւ բերեցիր։ Մի՞թե արու զավակներ ես ցանկանում ունենալ մեր տղամարդկանցից։ Կամ թե իրո՞ք սիրո պատճառով եկար, իմ այդ քաղաքն ու բերդը ինչո՞ւ վերակառուցեցիր։ Սակայն գիտեմ,[էջ 84]
որ խոսքդ սուտ, շնաբերան ես և վայրահաչ [խածնող]։ Ինքնակամ կյանքդ մահվան ես դատապարտել։ Լսիր խոսքս, դուրս եկ մեր երկրից և գնա խաղաղությամբ. ապա թե ոչ մահը, որով պիտի քեզ սատակեցնեմ, աշխարհն ամբողջ տեսնելով [կզարհուրի]։
Բայց նա՝ [Վախթանգը] զայրացած նրա վրա, Մուշ քաղաքն է ուղարկում վեց հազար զինվոր*։ Այնժամ Վահանին տեղեկացրին, թե Ռահանը վեց հազարով քեզ վրա է գալիս։ Նա էլ գիշերով շարժվեց գնաց մինչև Ծծմաոտի (իմա՝ Ծծմակա ոտ) աղբյուրը, ուր եկել և իջևանել էին։ Եվ հանկարծակի սրերի բերանն առած, կոտորեցին նրանց։ Չկարողացան [նրանք] նույնիսկ իրենց ձիերին մոտենալ, քանի որ Վահանի որդի Սմբատը մեջտեղից արշավելով, անջատեց զորքերից չորս հազար երիվարներն ու անցկացրեց Արածանիից այն կողմ` Հաշտենից գավառը։
Երկու հարյուր ընտիր նժույգներ էլ իբրև նշան առաջին հաղթության, ավարամաս ուղարկեց սուրբ Կարապետին, նաև իբրև երախայրիք` քանզի ինքն այնտեղ էր մկրտություն ստացել։ Իսկ Վահանը [պարսիկներին] քշեց դեպի մորուտները, մեծ մասին սրախողխող արեցին. երկու հարյուր հոգու էլ [նրանցից] մերկացրին ու շամբուտների մեջ ընկղմեցին։
Այդ ժամանակ Հաշտենից իշխանն իր ձեռքի տակ ուներ վեց հարյուր զինվոր, Պալունյաց իշխանը՝ երկու հազար և երկու հարյուր, Արջուց իշխանը՝ չորս հազար, Ողնուտի իշխանը հինգ հազար և ինքը Վահանը ութ հազար։ Նրա որդի Սմբատն էլ տասը հազար զինվոր ուներ, բոլորը միասին քսանութ հազար80։
Այս բոլոր զորքերը ենթարկվում էին Վահանին, սակայն բաժանել էր և ամեն կողմերում էլ սահմանապահ զորք թողել։ Այդ նույն օրը նրա մոտ կար միայն երեք հազար զինվոր։
Եվ բազում նախճիր գործեց այնտեղ Հաշտենից իշխանը. աճապարանքով կտրեց Ռահանի գլուխը, իսկ նրա զորքին փախուստի մատնելով՝ շատ խիստ նեղեցին։ Ուստի ետ դարձան [նրանք] և աղաչեցին իրենց կյանքը խնայել և խոստա–
___________________
* Այդ մասին տե՛ս ներքևում բաց N 80։
[էջ 85]
ցան [իրենք] հարկ վճարել։ Բայց Վահանը այսպես ասավ նրանց.
— Հանձնեք մեզ Ռահանի գլուխը և մենք ձեզ ազատ կարձակենք։ Այնժամ նրանք տարակուսած՝
այդ վիճակից ելք էին փնտրում և չէին կարողանում գտնել, որովհետև փնտրում էին
իրենց մեջ Ռահանի գլուխը, բայց չկար։ Ուստի բերեցին Ռահանի որդի Վահին և հանձնեցին
Վահանին։ Այդ ժամանակ Հաշտենից իշխանը՝ ինքն առաջ եկավ և ասաց նրանց.— Կամ Ռահանի
գլուխը տվեք մեզ, կամ երեսուն հազար դահեկան։
Նրանք էլ բերին տվին երեսուն հազար դահեկանն ու ազատ գնացին։ Սակայն, երբ Վահանը նայեց ու տեսավ, որ բոլորը ազատ գնում են, աստվածային նախանձախնդրությամբ ու չարությամբ լցվեց նրանց հանդեպ. հարձակվեցին նրանց վրա ու սկսեցին անխնա կոտորել։ Իսկ նրանք վայնասուն բարձրացնելով գոչում էին.— Առ ի՞նչ (ինչո՞ւ դարձյալ) պատերազմ եք բորբոքում, ով զազրախոսներ (իմա՝ պոռոտախոսներ): Իսկ այդ տեղն էլ ավելի անվամբ Առինչ կոչվեց։ Մնացածներին էլ այնտեղ հարթավայրում սփռելով՝ սաստիկ կոտորած գործեցին։ Նրանք էլ, որ փախան-ազատվեցին, հինգ-վեց հարյուր հոգի հազիվ թե լինեին։ Սրանք գնացին և եղածը մի առ մի պատմեցին Վախթանգին։ Նա էլ զայրացած հրամայեց գլխատել բոլոր նրանց, որ կենդանի վերադարձան։ Եվ այնտեղ եղած վեց հազարից ոչ մեկն էլ չմնաց։
Այնժամ Վախթանգի զայրույթն ու ցասումը դարձավ Վահանի դեմ։ Այս անգամ նրա դեմ ուղարկեց Ասուրին ութ հազարանոց մի բանակով։ Նրանք եկան, բանակ դրին Մեղտի գետի ափին և պատգամաբեր ուղարկեցին Վահանի մոտ. և պատգամաբերը այսպես [խոսեց].
— Ո՛վ դու, չարաբարո գայլ Վահան, մի՞թե չես գիտակցում, որ ծառա և [հարկատու] ես Արյաց արքային, ինչո՞ւ այդ աստիճան անամոթաբար հանդգնում ես։ Եկ, ասում եմ քեզ, մեղմացրու բարքդ, խոնարհաբար հարկդ վճարիր, ապա թե ոչ, շան մահով պիտի մեռնես։
Վահանը՝ լսելով այդ խոսքերը, վերցրեց վեց հազար մարդ և իր Սմբատ որդու հետ միասին գնաց պատերազմի։
Երբ գնացին հասան ու բանակ դրին միմյանց հանդեպ,[էջ 86]
այնժամ Ասուրը սկսեց բորբոքել Վահանի զայրույթը՝ նրան գայլ անվանելով։ Իսկ նա պատասխանեց.
— Հիրավի է, որ այդ անունն ես տալիս ինձ, քանզի գալիս եմ շարունակ կոտորում, գնում և դարձյալ գալիս։ Ապա սկսեցին մարտնչել միմյանց դեմ։ Պատերազմը երբ թեժացավ, Վահանի որդի Սմբատը միշտ աչքն Ասուրի վրա էր պահում, և հանդիպեցին իրար։ Բայց Ասուրը նկատելով, որ իր առջև կանգնածը մի պատանի է, քամահրեց նրան այսպես.
— Քարապաշտ հարճորդի (բիճ), հեռու քաշվի՛ր դեմիցս, որպեսզի ես իսկական տղամարդկանց հետ մենամարտեմ։ Իսկ Սմբատը պատասխանեց.
— Դու ծնունդ ես սատանայի և հիրավի են քեզ Ասուր կոչում, քանզի սուրդ ոչինչ է, և հենց հիմա կտրիճիս հետ ուժդ փորձելով՝ կճանաչես քո կնամարդի լինելը։ Եվ այս ասելով նետվեց դեպի նա. նախ կտրեց Ասուրի ձիու գլուխը, գետին տապալեց նրան, ապա սուրը ճոճելով հարձակվեց նրա վրա, կտրեց նրա գլուխն ու վեր բարձրացնելով ասաց.
— Փա՛ռք քեզ, Քրիստոս, փառք, փա՜ռք քեզ սուրբ Կարապետ, որ զորավիգ եղար կործանելու թշնամուս։ Եվ մինչդեռ նա խոսում էր այդպես, ինը հոգի թշնամիներից շրջապատել էին Վահանին՝ նրա հորը, և ինչպես անտառի կաղնուն, անխնա տապարահարում էին։ Այնժամ Վահանը սկսեց թուլանալ և ձայնը բարձրացնելով որդուն կանչել.
— Ո՞ւր ես, որդյակ իմ՝ Սմբատ, հասիր օգնության. քանզի նա այդ ժամանակ ութսուն և ութ տարեկան էր։ Բայց այդ միջոցին Սմբատը քաջաբար առաջ նետվելով գոչեց.— Զորավիգ լե՛ր մեզ, ով սուրբ Կարապետ։ Եվ այն կողմից, ինչպես արծիվ սրաթռիչք, դեպի նա սուրաց, մի հարվածով կտրեց Ասուրի որդու գլուխը թիկնախառն ու գետին տապալեց, մյուսներին էլ այս ու այն կողմ ցրիվ տալով իր հորը փրկեց։
Այնժամ զորացավ Վահանը, ոգևորված առաջ արշավեց. և որովհետև տերը նրանց ձեռքը մատնեց պարսկական զորքին, մինչև արևամուտ կոտորած արին ու [մյուսներին էլ] հալածական դարձրին։ Եվ այսպես ութ հազարից երեք հազարը միայն կենդանի Վախթանգի մոտ հասան, որը տեսնելով այդ լուռ ու մունջ մնաց և մինչև հաջորդ տարին ոչինչ չձեռնարկեց։ Այս նույն տարին վախճանվեց քաջ Վահանը՝[էջ 87]
[հայոց] եկեղեցու նախանձախնդիր վրիժառուն։ Ապա կարգադրեցին տանել նրա դին Գլակա վանքը. ուր և կա թաղված՝ սուրբ Կարապետի դռան մոտ։
Հաջորդ տարի Վախթանգը քսան հազար զորք գումարեց և ուղարկեց Սմբատի դեմ՝ այս պահանջով, թե եկ կամ պատերազմենք, կամ հնազանդվիր ու մեզ հարկատու դարձիր: Իսկ նա (Սմբատը) ինը հազարանոց մի բանակ կազմեց և դուրս եկավ նրա դեմ պատերազմի, գնաց հասավ մինչև Անտաք81։
Հինգ հազարը թողեց այն բլրի վրա, որը Մահու (Մահվան) ագարակ է կոչվում և ինքը մնացածով ելավ գնաց նրա դեմ՝ նրան գրգռելու մտքով։ Վախթանգն էլ կարծեց, թե բոլորը [այդքանն] են միայն և նրանց դեմ ուղարկեց ընդամենը ինը հազար հոգի։ Զորքերը գիշերով եկան և շրջապատեցին նրանց82։ Եվ նա (Սմբատը) կամեցավ [հենց այդ գիշեր] հարձակվել նրանց վրա, սակայն իր մոտ գտնվող քահանաները արգելեցին, բայց նա չլսեց։— Ես վստահ եմ Աստծու կողմից, ասաց, որովհետև միամտությամբ, [անկեղծ հոգով] ենք հավատացել ու ծառայել սուրբ Կարապետին, ուստի նա մեզ աչքաթող չի անի։ Եվ գիշերվա կեսին ջահերով դուրս եկան ու հարձակվեցին Պարսից զորքի վրա։ Այստեղ հանկարծակի երևաց մի սպիտակափառ հերավոր ծերունի, որի մազերից լույս էր ճառագում և մոտենալով քաջ Սմբատին ասաց.
— Քաջալերվեցե՛ք, որդյակ իմ և մի երկնչեք, քանզի սուրբ Կարապետն է մեր թիկունքում պատրաստ կանգնած և ինքն է պատերազմում մեզ հետ միասին։ Եվ այս իրողությունը ոչ մեկին թող անհավատալի չթվա, քանի որ նրանք (թշնամիները), սկսել էին միմյանց դեմ մարտնչել և միմյանց կոտորել։ Այդ մեր տերն ինքն էր նրանց դեմ պատերազմում։ Եվ այնքան շատ կոտորվեցին այնտեղ, որ արյան հեղեղներ գոյացան, ուստի և այստեղն էլ Թիլ83 կոչվեցավ։ Իսկ երբ ավարտեցին վերջացրին կոտորածի գործը՝ այդ ամբողջ բազմության, երկու հարյուր մարդ միայն կենդանի թողեցին, որպեսզի ուրիշներին զրուցատար լինեն գիշերը երևացած այն մարդու մասին, որովհետև իրենք թշնամիներն էլ տեսան նրան։ Իսկ ինքը [Սմբատը] առնելով ձիերի ամբողջ երամակը ուղարկեց Մուշ, իր որդուն (սա իր մորական պապի անունով[էջ 88]
Վահան Կամսարական էր կոչվում)84, որպեսզի քաղաքի ողջ հետևակ զինվորներին շուտափույթ հեծյալ դարձնի։ Եվ նա կազմեց մի հեծյալ գունդ՝ երկու հազար հինգ հարյուր հոգի և դուրս բերելով ուղարկեց Սմբատ իշխանի մոտ։ [Սմբատը] ութ օր շարունակ խույս էր տալիս և իր զորքն էր կազմում ու դասավորում։ Ութ օրից հետո Վախթանգը եկավ հասավ այնտեղ պատերազմի դաշտը, և վաղ առավոտյան պատրաստվեցին ճակատամարտի։
Այստեղ Սմբատր երկու հազար հեծյալ զինվորներ անջատեց զորքից և գիշերով գաղտնի անցկացրեց պարսիկների թիկունքը՝ նախապես պատրաստած թաքստոցը։ Երկու հազար էլ անցկացրեց բլրի հակառակ կողմը. և այսպես երկու կողմերից գաղտնի բանակներ կազմեց ու պատրաստ պահում էր։ Ապա ինքը մնացած ութ հազարը առանձին ճակատների բաժանելով՝ դասավորեց մինչև լուսաբաց, որպեսզի գաղտնի դարանի մասին ոչինչ չհասկացվի և վաղ առավոտյան փութանակի ուղիղ թշնամու վրա շարժվեց։
Երբ սկսեցին պատերազմել միմյանց դեմ, սկզբում հաղթությունը կարծես նրանց կողմն էր թեքվում և [խիստ] նեղեցին Սմբատին։ Այնժամ Սմբատը բարձրացավ լեռան կատարը և կանչեց ինչպես առյուծ. «Ո՞ւր եք, իմ քաջեր, հապա՛, առաջ եկե՛ք»։ Զորքերը լսելով ամեն կողմից դուրս թափվեցին ու հարձակվելով բոլոր կողմերից շրջապատեցին պարսից բանակը։ Եվ այնպես խտացավ ու բորբոքվեց ճակատամարտը, որ նույնիսկ իրար ճանաչելը անհնարին դարձավ. միայն փողերի ձայնից և դրոշների տեսքից էին տարբերում միմյանց։
Բայց ահա, երբ միմյանց դեմ դուրս եկան Վախթանգն ու Սմբատը, Վախթանգն ասաց,— Կանգնի՛ր, հարճորդի, թեպետ և շատ-շատերի ջնջեցիր, այսօր, սակայն, իմ քաջերի ձեռքից քեզ պրծում չկա. մեր սրերը պիտի կտոր-կտոր պառատեն ձեզ բոլորիդ։ Իսկ Սմբատը հարձակվելով` խփեց կտրեց նրա ազդրի սռնապանը, խոցեց նրան ուժգին և կամենում էր գետին տապալել։ Բայց Վախթանգը հասցրեց տեգով հարվածել նրա կրծքին, որը ցցվեց նրա լանջապանի մեջ, բայց ներս չթափանցեց։
Այնժամ Սմբատը ձայնը բարձրացնելով գոչեց.
[էջ 89]
— Ով սուրբ Կարապետ, այսօր էլ ցույց տուր զորությունդ ծառաներին քո, քանզի հանուն քո և քեզ հավատարիմ երկրպագողների ենք նահատակվում։ Եվ տեգով ուժգին հարվածեց Վախթանգի թիկունքին, պատռեց [երկաթյա] զրահը և սրտի մեջ մխրճելով՝ մյուս կողմից դուրս բերեց, ապա հանեց սուրը, թափով խփեց կտրեց Վախթանգի գլուխը, սակայն բռնել չհասցրեց, քանզի բազմաթիվ մարդկանց վրայով այն կողմ թռավ [գլուխը]։ Այդ միջոցին Վախթանգի ծառաներից մեկը վերցրեց գլուխն ու սկսեց փախչել։ Սմբատը հասավ նրա ետևից ու մուրճով հարվածեց նրա գագաթին, սաղավարտը գոգվեց և գանգի ոսկորը ներսից պատռվեց։ Մուրճը այնպես խորը մտավ սաղավարտի մեջ, որ հազիվ կարողացավ քաշել հանել։ Նա էլ գլուխը նետեց ու ինքն ընկավ մեռավ։ Վախթանգի ծառաներից մեկ ուրիշը գետնից վերցրեց գլուխն ու սկսեց փախչել։
Իսկ Սմբատը հետապնդելով նրան ասաց.— Ով անմիտ պարսիկներ, չտեսա՞ք, թե ինչպիսի մահով կործանվեց ձեր զորապետ Վախթանգը։ Իսկ դուք, որ այդպես հավատարիմ ծառաներ եք նրա գլուխն առնելով փախչում եք, իմացե՛ք, որ այդպես պարտավոր եք լինել... Եվ ծառան [սարսափահար] ետ դարձավ, նետեց գլուխը Սմբատի կրծքին ու ասաց.
— Տա՛ր, խորովի ու կե՛ր։ Բայց վայ ձեզ, որ վաղն այլևս չկա, որ սպանեք։ Իսկ Սմբատը գլուխն առնելով՝ հետապնդեց պարսիկին, հասավ ու ասաց.— Այ տիրատյաց պարսիկ, ինչո՞ւ քո գլուխը չես տալիս քո տիրոջ գլխի փոխարեն։ Արդ, քանի որ այդպես տիրատյաց եք, ուստի ես կհեռացնեմ այդ գլուխը քո վրայից։ Այդպես ասելով՝ խփեց կտրեց նրա գլուխն ու նետեց ցած, ապա մեծավ հաղթությամբ վերադարձան բլուրը: Զորքերն էլ շրջապատելով պարսիկներին, բոլորին կոտորեցին ու նույն տեղում վայր թափեցին, և ոչ մեկը նրանցից կենդանի չմնաց, բացի այն չորս հարյուր հոգուց, որոնք ուղտապաններ էին։ Նրանց հրամայեց չսպանել, այլ վերցրեց նրանցից հազար քառասունչորս ուղտ և ութ հազար ձի ու ջորի։
Իսկ երբ ավարտվեց պատերազմը, հրամայեց նրանց դիակները լցնել ձորերն ու հեղեղատները, և բլրի անունն էլ կոչեցին Մահու բլուր։ Ապա Սմբատն առավ իր զորքն ու[էջ 90]
գիշերով ելավ գնաց Պորպ քաղաքի վրա։ Զինվորները գիշերով մտնում էին տները, որ տանը պարսից լեզվով խոսող էին գտնում՝ սպանում էին անխտիր։
Եվ ապա բոլորի քթերը կտրեցին և լարի վրա շարելով՝ բերին Սմբատի առջևը դրին։ Համրեցին քթերը ու տեսան, որ բոլորը քսանչորս հազար էին՝ մարդ, կին և երեխա։ Իսկ Վախթանգի կնոջն ու որդուն առան տարան Այծից բերդն ու պահեցին այնտեղ։ Ապա լուր ուղարկեց [Սմբատը] պարսից Խոսրով թագավորին ու ասաց.
— Կամ հինգ տարվա (այլ օրինակներում՝ տասնհինգ) հարկը կտաս ինձ, քանի որ զորքդ ու [նրանց անասունները] իմ երկրի հացն ու խոտը կերան, և փայտի արժեքը, որ իբրև վառելիք օգտագործեցին, և ջրինը, որ խմեցին, և այն տաճարների գինը, որ իմ հայր Վահանը այրեց քո զինվորների պատճառով, և սապոնի գինը՝ հիսուն հազար դահեկան, որով քո զորքերի գիշահոտ (գարշահոտ) ու արյունաթաթախ զգեստները լվանալ տվեցինք ու հագանք։ Ապա թե ոչ՝ գամ հարյուր մարդով քո վրա և ամբողջ Պարսկաստանը գերեվարեմ բերեմ Տարոնում լցնեմ, և քո այդ կուռքերի տեղն էլ բերեմ շներին կապեմ, որ դրանց փոխարեն ձեզ համար հաչեն։ Արդ, ինչ որ ասացի, բոլորը շուտափույթ ուղարկի, իսկ եթե ոչ` կտեսնես ինչ եմ բերելու քո գլխին։ Խոսրով արքան, սակայն պատասխան չտվեց։ Այն ժամանակ Վախթանգի եղբայր Սուրենը առավ հարյուր հազար դահեկան, ինը հազար էլ մարդ իր հետ վերցնելով՝ եկավ Տարոն, որպեսզի փրկագին տա և ազատի իր եղբոր կնոջն ու որդուն։ Սմբատն ընդառաջ գնաց Սուրենին, սիրով ընդունեց նրան և առավ տարավ Մուշ։
Տասն օր այնտեղ մնալուց հետո Սուրենը խոսք բաց արեց իր եղբոր որդու մասին, թե որտե՞ղ է։ Իսկ նրանք ցույց տվեցին բերդն ու ասացին, թե՝ այնտեղ է։ Եվ նա հարցրեց.— ի՞նչ է անում, այծարա՞ծ է այնտեղ, թե դիվարած։ Սմբատը ծիծաղեց Սուրենի աղի, [սրամիտ] խոսքի վրա85 և հրամայեց [Վախթանգի] կնոջն ու որդուն բերել նրա առջև։ Երբ բերին եկան, Սուրենը դառնալով Սմբատին ասաց.—Ով հզոր իշխանդ հայոց աշխարհի, այս կնոջն ու նրա որդուն շնորհ արա
___________________
* Այլ օրինակներում՝ Արծուից (Ծ. Թ.):
[էջ 91]
պարսից արքային։ Բայց Սմբատը պատասխանեց և ասաց.— Պարսից արքային մի սատկած շուն անգամ իբրև շնորհ [անվճար] չեմ տա, որ տանի ճաշ պատրաստի և ուտի, թող թե դրանց տամ։ Բայց քեզ կտամ, եթե գնել ես ցանկանում, ապա թե՝ ոչ, երեքդ էլ գնացեք Արծրունիք և այնտեղ այծեր արածացրեք։ Սուրենը, սակայն, քանզի իմաստուն մարդ էր, խոհեմաբար ասաց.— Ով բարեպաշտ իշխան, ոչ թե այծերիդ, այլ եթե դռանդ շներին անգամ մեզ արածացնել տայիր, դարձյալ փառք ու պարծանք էր մեզ համար, քանի որ քո դռանն ենք։ Իսկ եթե կամենում ես լսել ինձ՝ ահավասիկ, վերցրեք այս հարյուր հազար դահեկանը, երկու հազար ուղտերն ու հինգ հազար պարսկական նժույգները և շնորհ արեք մեզ հանձնել այդ կնոջն ու իր որդուն։
Այնժամ իշխանը պատասխանեց.— Այդ բոլորը, ինչ այստեղ ես բերել, իմն է. քո գլուխն էլ կարող եմ ուսերիցդ վերացնել և ինչ ունես, բոլորն էլ գրավել։ Բայց եթե [սրանք] քեզ համար թանկ են, ապա ինքդ քրիստոնյա դարձիր և ինձ էլ մի [հնարով] պարսիկների մոտ տար, և դրանք էլ թող քեզ լինեն։ Հապա թե ոչ՝ այնժամ ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք։ Իսկ Սուրենը նրա առջևը բերել տվեց հարյուր հազար դահեկանը, ուղտերն ու ձիերը և հանձնեց իշխանին։ Բայց Սմբատն ասաց նրան.— Շատ եմ հավանում բերածներիդ, սակայն հարյուր ութսուն հազար դահեկանի լուր (զուտ, միայն)86 փայտ են տարել Քարքե լեռան [լանջերից], չորս հազար դահեկանի խոտ են կերել այդ դաշտերից, քսան հազար դահեկանի եղջերուներ, եղնիկներ և նապաստակներ են որսացել մեր անտառներից ու հանդերից, հացի ու ջրի գինն էլ ձեզ եմ բաշխում։ Բայց որ երկու տարի շարունակ Խառանի, Ասորեստանի, Մուրհայի (Մուրխայի) անուշահամ գինին մեզանից կտրել էին և իրենք էին արբենում, այդ թող տան։ Ապա նաև վեց գավառների հարկը, նաև քաղաքի ամբողջ եկամուտը, որը կերել սպառել են՝ լրիվ չորս հազար դահեկան, թող բոլորը տան. դու՝ ինքդ էլ Քրիստոսի սուրբ հավատն ընդունիր, ինձ էլ պարսիկների մոտ առաջնորդիր, [այն ժամանակ] նրանց քեզ եմ բաշխում։
Շատ տրտմեցավ Սուրենն ու երեք օր շարունակ ոչինչ խոսել չկարողացավ, սակայն Սմբատը սփոփեց նրան ասելով.—[էջ 92]
Մի՛ տրտմիր, ամեն բան քո ցանկությամբ կանեմ, բայց միայն եկ միասին անցնենք գնանք մեր եկեղեցիներում ուխտի։ Եվ զորքն առած՝ գնացին անցան Արածանի գետի այն կողմը, [Վախթանդի] կնոջն ու որդուն էլ իրենց հետ տարան: Բայց որոհետև գաղտնամտաբար ցանկանում էր խաբել պարսիկին87, Սմբատը իր որդի Վահանին թողեց գետի այն կողմը, որպեսզի եթե [նրանցից] որևէ մեկը փորձի այն կողմն անցնել, նա անմիջապես սպանի։
Այնժամ ինքն իր զորքը, թվով չորս հազար այր, թողեց Մեղտիում, իսկ պարսիկներին էլ՝ Արտից գյուղ կոչվող անդաստանում, առավ իր հետ հինգ հարյուր զինվոր, նույնչափ էլ Սուրենին թույլ տվեց ունենալու իր հետ և միասին անցան գնացին դեպի վանքերը։ Երբ եկան հասան այնտեղ, ուր սբ. Խաչի գաղտնարանն էր, ձիերից իջան և այնպես հետիոտն շարժվեցին դեպի վանքը, քանզի երիվարներով այն կողմն անցնել անհնարին էր, ձորի արևելյան կողմը դժվարանցանելի [մացառուտ] էր ու զառիվայր՝ մինչև եկեղեցին. մանավանդ, որ սուրբ Գրիգորն ու մեծն Տրդատը չհամարձակվեցին երիվարներով այդտեղից անցնել, ապա ուրիշ որևէ մեկն ինչպե՞ս կարող էր հանդգնել։
Ահա, երբ եկան մերձեցան վանքերին, սբ. ուխտի պաշտոնյաները (վանականները) նրանց ընդառաջ եկան և արգելեցին ներս մտնել եկեղեցի [անհավատ] Սուրենի պատճառով։ Դրա համար շատ զայրացավ Սմբատը և դառնալով Սուրենին ասաց.— Դուք՝ պարսիկներդ, այնքան պիղծ եք, որ այս մայրիներին անգամ արժանի չեք, ուր մնաց, թե ապրելու արժանի լինեք։ Եվ Վարազը, որ Պալունյաց իշխանն էր, հարձակվեց նրանց վրա, սրով կտրեց Սուրենի գլուխը, իսկ պարսից մյուս երկու իշխաններին ծառերից կախելով խեղդամահ արին, [նրանց] չորս հարյուր զինվորներին էլ անխտիր սրի քաշեցին։ Քանի որ Պալունյաց իշխանի զորքերը թաքնված էին Մեծամորի կողքին՝ բլրի մոտ գտնվող փոքրիկ ամրոցում, երեք հարյուր մարդ էլ Անտաքի ներսում, ուստի սրանք հեծան նրանց (պարսիկների) ձիերը և իջեցրին մինչև Մեծամոր, նրանք էլ, որ դարանում էին, դուրս եկան և երկու կողմերից մեջտեղն առնելով՝ այն հինգ հարյուր մարդկանց բոլորին կոտորեցին:
[էջ 93]
Ապա շտապեցին կտրեցին ձիերի երամակը պարսից զորքերից՝ ավելի քան երկու հազար երիվար*, և Սրյանց ձորովն ի վեր տարան։ Սրանք այն մարդիկ էին, որ Արտից գյուղի ամրոցում էին և գիշերով դուրս եկան ու երիվարներին անջատեցին նրանցից։ Իսկ մնացած զորքը հետամուտ՝ հետիոտն հասան այնտեղ, որ կոչվում է Գողոց աղբյուր։ Այստեղ ձիադողերը ետ դարձան՝ նետ–աղեղներով ու պարսաքարերով հարվածեցին ու սպանեցին [նրանցից] հինգ հարյուր և քսան մարդ։ Իջան սրանց երիվարներն էլ վերցրին, խառնեցին մյուսներին և բոլորը եղավ երեք հազար։ Բայց պարսիկներից ոմանք ձորը մտնելով՝ հետամուտ եղան նրանց մինչև հասան անտառին, այստեղ հանկարծակի հարձակվեցին ձիագողերի վրա և սկսեցին կոտորել։ Իսկ ձիագողերից նա, որ ավագն էր և իրեն էլ Սերեմ էին կոչում, ետ դարձավ և սուրը հանելով սկսեց ինքը միայնակ պատերազմել նրանց դեմ, մինչև ընկերները ետ դարձան։ Բայց մինչև եկան հասան Սերեմն արդեն սպանվեց, որովհետև [թշնամու] նետը խոցել էր նրա սիրտը։ Նույն ձորում էլ [նրան] թաղեցին, և այն տեղի ու անտառի անունն էլ մնաց Սերեմաձոր։
Նրա ընկերները, սակայն, քարերով ու նետերով հարձակվեցին թշնամիների վրա, բազում մարդկանց քարակոծ անելով սպանեցին, իսկ մնացածները փախստական եղան գնացին հավաքվեցին մի քարայր տեղ և ճաշկերույթի նստեցին։ Այդ ժամանակ մի հեծյալ խումբ՝ թվով հարյուր հիսուն մարդ, որսորդության նպատակով դուրս ելան Ողական ամրոցից ու եկան այդ կողմերը։ Երբ տեսան պարսկական զորքին՝ քանզի անհոգ լինելով [զվարճանում էին], միահամուռ հարձակվեցին նրանց վրա և ոչ մեկին թույլ չավին իրենց երիվարներին մոտենալ, այլև շրջապատելով՝ նույն հացի սեղանի վրա բոլորին սրախողխող արին, թվով հինգ հարյուր և ութ մարդ։ Եվ քանզի այդպես գումարված–ժողովված կոտորվեցին, ուստի այդ տեղի անունն էլ Ժողով կոչվեց։
Մինչդեռ այս բոլորն այսպես եղավ, Սմբատն ու Պալունյաց իշխանը զորքերով թաքնվեցին ձորում մի անտեսանելի
___________________
* Այլ օրինակներում փախցրած ձիերի քանակը երկու հազար հինգ հարյուր է (Ծ. Թ.)։[էջ 94]
տեղ և մի հոգու ուղարկեցին Մեղտի, թե շտապ եկեք դրանց վրա։ Ապա հարյուր մարդ էլ ուղարկեցին պարսից զորքին գրգռելու։ Երբ պարսիկները տեսան սրանց, միասին գրոհ տվին նրանց ետևից և ուր որ է հասնում էին։ Բայց նրանք խուսափեցին, և երբ եկան ելան բլուրն ու հասան Սմբատի մոտ, պարսից զորքը սկսեց կուտակվել ու բազմանալ նրա ու Վարազի շուրջը։ Իսկ նրանք ծունր իջնելով օգնության կանչեցին սուրբ Կարապետին՝ խոսելով այսպես,— Հիշի՛ր մեզ, ով սբ. Կարապետ, ու երախտիքը մեր և ինչպես հեռավոր տեղերում օգնության հասար մեզ, ապա մոտիկ տեղում նույնպես հասիր։ Եվ աստվածային օգնությունը հասավ նրանց թիկունքից։ Ապա ճակատ կազմեցին հենց բլրի վրա՝ Սմբատը աջ կողմից և Վարազը՝ ահյակ, ու սկսեցին արնահեղությունը. և արյամբ թաթախվեցին իրենք էլ, իրենց երիվարներն էլ։ Այնքան հեղեցին, որ արյունից մածուցվեց սուրը Սմբատի ափի մեջ և դաստակից էլ կոտրվեց ու չկարողացավ պոկել, որովհետև արյունը [սառչելով] պինդ էր մածուցվել։ Եվ հենց պարսիկները նկատեցին, թե սուրը կպել է ափի մեջ ու կոտրվել, և նա մի այլ սուր չի կարող բռնել, ուստի ձայն տալով իրար կանչում էին,— Աճապարե՛ք, քանզի մածուցվեց սուրը քաջի և կոտրվեց սուրը, որ նրա ձեռքումն էր, և իր աստվածն իսկ իրեն կապկապեց։
Եվ անհամար բազմությամբ շրջապատեցին նրան ու անխնա հարվածում էին։ Ինչպես որ չոր փայտն է ճեղքվելիս ճարճատում, այնպես ճարճատում էին նրանց սրերը Սմբատի գլխին։ Իսկ նա բարձրագոչ կանչում էր.— Վա՜յ ձեր քաջությանն ու արիությանը, որ իմ գլուխը կտրելու չափ իսկ զորություն չունեք՝ բոլորդ միասին։ Նա այդպես ասաց, որպեսզի ընդմիշտ հիշվի այդ խոսքը։ Սակայն հասկացավ, որ հույժ սաստկացնում են [ճնշումը], ուստի ձայն տալով ասում էր.— Ո՞ւր ես, քաջաբազուկ և սարսափ թշնամյաց՝ իշխանդ Պալունյաց, իմ ծերության օրերի գավազան, առաջ սլացիր ինչպես հզոր արծիվ, քանզի անգղներն ու բվեճներն են շրջապատել ինձ...
Իսկ նա լսելով թողեց ձախ թևն իր որդի Վահանին88, նա, որ Վահանահովիտը կառուցել տվեց, և արծվի նման կռնչա–[էջ 95]
լով այնպես սուրաց նրանց վրա, որ նրա ձայնից երիվարներն անգամ դողացին, և աստծու օգնականությամբ, Սմբատի թիկունքի կողմից հասնելով՝ այնպես ուժգնորեն տեգով հարվածեց պարսկի թիկունքին, որ երիվարի ողնաշարի հետ միասին կտրելով՝ մյուս կողմից դուրս հանեց, և մինչև կհասցներ հանել [տեգը], նա ընկավ ու մեռավ։ Եվ քանի որ չկարողացավ տեգը հանել, ծաղր[անքով] ասաց.— «Գնա՛, չափի տեգդ, իմացի՛ր թե քանի՞ կանգուն է նրա հասակը, որպեսզի որևէ մեկը ստելով չխաբի՝ թե երեք կանգուն է»։
Ապա Սմբատը թեժ կռվի միջից մի կողմ քաշվեց ու հրամայեց բերել մի պարսիկի, իր ձեռքի վրա պարսկի գլուխը կտրել տվեց, որպեսզի տաք արյունով ողողվի և թուլանալով պոկվի բռնատեղից (այսինքն՝ ափի միջից)։
Եվ այդպես էլ եղավ։ Այնժամ Սմբատը առավ մի այլ սուր, հեծավ մի ուրիշ նժույգ, բայց հանկարծ նկատեց, որ [թշնամիներից] վեց հազար մարդ շրջապատեցին յուրայիններին, որ ընդամենը հինգ հարյուր էին։ Հասկացավ իսկույն, որ երիվարները այլևս չեն կարողանում շարժվել, կանգնել են, անմիջապես խփեց մի պարսկի, ցած գլորեց ձիու վրայից և մատուցելով այն Վարազին՝ ասաց.— Հեծիր, իշխանդ Պալունյաց։ Նա էլ ոտքն իր ձիու վրայից շուռ տալով, մյուսը հեծավ։ Եվ այդ բանը տեսնելով պարսիկ զորքերը խիստ զարմացան, թե ինչպես են կարողանում այդպես փութանակի փոփոխել երիվարները։ Եվ այդպես շարունակ այդ զարհուրելի պատերազմի ընթացքում անընդհատ փոխում էին իրենց ձիերը։ Իսկ թշնամու զորքը նրանց շուրջը շարունակ կուտակվում, շատանում էր, սակայն որչափ թշնամու զորքերը նրանց շուրջը բազմանում, [ավելի շատանում] էին, այնքան իրենք նրանց շրջապատման մեջ ավելի հանգիստ էին։ Եվ այնքան կիտվեցին, որ եզրերում գտնվողները [նրանց] մոտենալու տեղ իսկ չէին գտնում։ Այնժամ Սմբատի զորքերից ոմանք սկսեցին երկյուղել [թուլանալ] բայց աստվածային տեսիլքով, կարծես, հանկարծահաս երևաց նրանց աչքին մյուս Սմբատը Հաշտենից իշխանը, դեպ իրենք սուրալիս, որ իր
___________________
* Հավանաբար Սմբատը (Ծ. Թ.):
[էջ 96]
հետ բերում էր նաև Սմբատի որդի Վահան Կամսարականին ու վեց հազար քաջամարտիկ էլ նրա հետ միասին։
Նրանց տեսնելով՝ ձայն տվեց Վարազ իշխանն ու ասաց. — Քաջորդի Վահան, որտեղ էիր, որ ավելի վաղ չեկար մեզ օգնության։ Եվ Վահանը արտասվախառն ձայն տալով ասաց.– Ո՞ւր է, կենդանի է արդյոք իմ բազմաչարչար այն ծերունի հայրը, թե արդեն երկինք փոխվեց՝ տիրոջ մոտ իր հանգիստն առնելու։ Իսկ Սմբատը լսելով այդ՝ ձայն տվեց.— Որդյակ իմ, Վահա՜ն, մեր սուրբ Կարապետն էր ինձ թիկունք և զորավիգ, այլ ինչպե՞ս պիտի ես պարսիկների ձեռքով մեռնեի։ Լսելով այդ` Վահանը իր գոհությունը հայտնեց աստծուց, ապա ուղիղ դիմացից արշավելով հարվածեց, ճեղքեց թշնամու հոծ բազմությունը, մտավ զորքի մեջ ու սկսեց ծավալվել (իմա՝ կոտորել, ջարդել — Վ. Վ.), մի թևում ինքը, իսկ մյուսում Հաշտենից իշխան Սմբատը։ Եվ իրենց մեջտեղն առնելով սկսեցին ոչնչացնել նախ պատերազմագլուխները* (ծայրաթևերը), ապա իրար վրա բերելով՝ բոլորեցին պարսկական ամբողջ զորքին և մեջերն առնելով՝ սկսեցին անխնա կոտորել, մինչև արևամուտ։ Պարսիկներից ազատվեցին միայն երեք հարյուր հոգի, որոնք մեջտեղից սողոսկելով, փախստական գնացին։ Բայց քանի որ նրանց նժույգները մնացին, իրենք գաղտագողի մտան մի ձորի մեջ ու թաքնվեցին այնտեղ։ Մահից փրկված՝ [թմրեցին] ննջեցին մինչև մյուս օրվա կեսօրը։ Բայց հայոց իշխանի զորքերը եկան, նրանց երեսներին ջուր ցանեցին, արթնացրին և տարան Մեղտի, ուստի և այդ ձորն էլ Թմրաձոր կոչվեց։ Ապա Սմբատը հրամայեց մեռածների դիակները կիտել իրար վրա՝ մոտակա մի բլրի կատարին, որը Վարազի գործած կոտորածի պատճառով կոչվեց Վարազա[կա]բլուր։ Իսկ իրենք եկան իջևանեցին Վանքի գյուղը, որին նաև Կենաց վայր էին անվանում։ Երբ մտան գյուղը, բնակիչները երգով ու պարով ընդառաջ ելան նրանց։ Բայց հետո, երբ դիակներն սկսեցին նեխվել, նրանք դրա վրա երգ հորինեցին (շեր կապեցին), ու ասում էին,—
___________________
Լ. — գրչագիրն ունի «... զգլուխ պատերազմին»։
Հ — գրչագիրն ունի «...պատերազմական գլուխսն»։ Տե՛ս N 89 բացատրությունը (Վ. Վ.)։[էջ 97]
— Կերան գազանները մեռածների մարմիններն ու գիրացան.
Կուղն այնքան կերավ, որ փքվեց ինչպես արջը,
Եվ աղվեսը հպարտացավ` առյուծից առավել,
Գայլը, քանզի խիստ շատակեր էր, պայթեց,
Իսկ արջը, քանի որ կերածն իսկույն դուրս է տալիս, սովից մեռավ.
Անգղները, քանզի շատ ագահ էին,
Նստեցին և այլևս վեր կենալ չկարողացան,
Մկներն այնքան շատ կրեցին [լցրին] ծակերը, իրենց ոտքերը մաշեցին...
Այս ամենը երգով ասում էին, ուստի և նրանց դեմ հանդիման եկողները կատարվածին տեղեկանալով՝ գյուղի անունը Շիրականիք (Շերանիկ) կոչեցին։ Իսկ այն պարսիկներին, որ [Սմբատը] կարգադրեց Մեղտի տանել, պատվիրեց նրանց բոլորի վերքերը բուժել, բազում քանակությամբ գանձ, ձի ու զենք տվեց նրանց և խաղաղությամբ ճանապարհ դրեց դեպի Պարսկաստան՝ որպես պարսիկներին զրուցատար։ Ապա իրենք ելան բարձրացան տերունական տաճարը, անբավ հարստություն ընծայեցին Աստծուն սուրբ Կարապետի վանքում և մեծավ ցնծությամբ դարձան իրենց օջախները։
Այդ նույն օրը վախճանվեցավ երանելին՝ Ստեփանոսը և կա թաղված այնտեղ՝ Հայրաբլուրում, մյուս երանելի հայրերի կողքին։ Այնժամ Վահանը Մամիկոնյանց, Պալունյաց և Հաշտենից եպիսկոպոսներին իր հետ առած եկավ վանքը։
Գլակա վանքի վանահայր ձեռնադրեցին Եպիփանին, որը Դվինի հարթավայրից էր եկել ու բնակություն հաստատել վանքի անապատում։ Սա քսաներկուերորդն էր [այստեղ], Ստեփանոսից հետո90։ Սա էր, որ մասնակցեց Հերակլ կայսեր իր թագավորության իններորդ տարում գումարած կրոնական ժողովին և բազում հայրապետների նզովեց*։ Նույն պիղծ աղանդի** պատճառով էր, որ Հաշտենից եպիսկոպոսը հալածվեց ու փախավ Հունաց երկիրը։ Եվ մարդասեր Քրիստոսին փառք հավիտյանս, ամեն։
___________________
* Այդ մասին տե՛ս Սեբեոսի, ինչպես նաև Ասողիկի պատմածները։
** Իմա՝ քաղկեդոնությունը։
[էջ 98]
ՊԱՏՃԵՆ ԵՐՐՈՐԴ
ՏԻԳՐԱՆԻ [ՏԱՐՈՆ] ԳԱԼՈՒ ԵՎ ՀՈՆԸՆԿԵՑՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԿՈՏՈՐԱԾԻ ՄԱՍԻՆ91
Դարձյալ Խոսրովը զորք գումարեց և իր Տիդրան Մեծ զորավարին քսան հազարանոց մի բանակով ուղարկեց Մամիկոնյան տան [իշխան] Սմբատի դեմ։ Երբ սա եկավ հասավ Ապահունիք, Սմբատին կանչեց իր մոտ։ Իսկ Սմբատը իր որդի Վահան Կամսարականին ուղարկեց իմանալու, թե ի՞նչ է ուզում։ Երբ սա գնաց ու իմացավ իրերի հանգամանքը, պատասխան հղեց իր հորը, թե,— Սա մերթ բարի է խորհում մեր մասին, մերթ էլ չար։ Բայց տես, որ մեզանից պահանջում է Մուշեղ իշխանի ու քո հայր Վահանի նշխարները, նաև Վարազակի պատերազմի ժամանակ սպանված Վախթանգի կնոջն ու որդուն։ Իսկ եթե չտաս, ասում է, կգամ, ձեր պաշտամունքի օջախները քարուքանդ կանեմ, կբրեմ ու կավիրեմ, ձեր եկեղեցիները կրակատուն (կռատուն) կդարձնեմ, և ձեզ էլ շղթայակապ արքունի դուռը կքշեմ։ Այդ բոլորը այսպես ասաց, և ինքն էլ Հաշտենքի կողմից է պատրաստվում մեզ վրա գալ։ Ուստի ես նրա ետևից կգնամ, իսկ դու էլ հավաքիր մեր ամբողջ զորքը, գնա սուրբ Կարապետ, այնտեղի կրոնավորներին աղաչանք արա, որպեսզի աղոթեն առ Աստված մեզ համար։ Ողջ եղիր՝ տիրոջ կամքով։
Սմբատն առավ ընթերցեց նամակը, եկավ հասավ սուրբ Կարապետ, ծունր իջավ սրբազան սեղանի առջև, իր ձեռքերը դեպի վեր կարկառեց, սկսեց արտասվել ու խոսեց այսպես.
— Արթնացի ր, տե՛ր և արթնացրո՛ւ զորությունը քո, լավ ականջ դի՛ր այս խոսքերիս, նայի՛ր, տեր և մի՛ լռիր, մի՛ հանգստացիր, քանզի չափազանց շատ խրոխտացավ թշնամին մեզ վրա։ Եվ այնուհետև թող որ կամքդ լինի։ Աղաչում եմ, սակայն, հիշի՛ր թեկուզ հանուն այս ուխտի սրբության կրած մեր բազում չարչարանքները, որպեսզի փառավորվի քո անունը միշտ և հավիտյան։
Այսպես խոսեց, ապա հրամայեց բերել տասներկու սուր և դրեց բեմի առջև, քանի դեռ պատարագն էին մատուցում։ Երբ պատարագն ավարտվեց, իր ձեռքն առավ դրանք ու
[էջ 99]
ասաց.— Ահա, տեր [հավատում ենք զորությանը քո, որ եթե նույնիսկ այս սրերը խմոր դառնան օտարների սրերի հանդեպ, դարձյալ քո հրամանով կհաղթենք նրանց]92։ Այո , տեր, հոգնեցինք, ձանձրացան, անարգ ու անօրեն պարսիկներին կոտորելով։ Նույնիսկ նրանք, որ մեր սուսերները ժանգից ու արյունից էին սրբում, նրանք էլ հոգնեցին։ Այլև հուսանք, որ ինչպես ստեղծեցիր, այնպես էլ [զորավիգ] կլինես։ Այսպես խոսեց և ելավ գնաց հավաքեց իր զորքը՝ ինը հազար ինը հարյուր և քառասուն հոգի*, ապա գնաց իջավ Հաշտենից գավառի Գրեհն (թե՞ Գռեհն) կոչված գյուղը։ Իսկ Տիգրանը եկավ իջևանեց Հոնընկեցում և Սմբատի մոտ պատգամաբերներ առաքեց ու ասաց.—Վե՛ր կաց, ե՛կ ինձ մոտ և մի՛ վախեցիր, այլև գանձ ու մեծություն կստանաս ինձանից։ [Արքայական] պսակ կդնեմ գլխիդ և քեզ հայոց մարզպան կդարձնեմ, միայն թե Մուշեղի ու Վահանի ոսկորներն ինձ տաս։
Բայց Սմբատը բռնեց պատգամաբերներից մեկին, երկաթյա մի շամփուր շիկացնել տվեց, փաթաթեց այն իբրև պսակ նրա գլխի շուրջն ու ասաց.— Սպասիր, տեսնենք, թե քո գլխին պսակ դնելու համար ինձ ի՞նչ պարգև պիտի գա։ Ապա հրամայեց բռնել նաև նրա հետ եկած բոլոր մարդկանց ու կտրել նրանց գլուխները։ Եվ այդպես էլ վարվեցին, և նրանց գլուխները [գցելը]** տևեց մինչև կեսօրվա ժամի վեցը։ Իսկ գյուղի անունն էլ այդ պատճառով կոչվեց մոգուց գերեզման, որը նույն Մոգտունն է***։
Ապա Սմբատը բարձրացավ մինչև լեռան բարձունքը, որին Սերեմավայր են կոչում և բանակ դրեց Տիգրանի հանդեպ։ Երբ երեկոն իջավ, Սմբատի որդի Վահան Կամսարականը գնաց, կտրեց Տիգրանի որդու և նրա հետ էլ երեք իշխանների գլուխները, որովհետև միևնույն խորանում էին թաքնված և գլուխներն առած՝ տարավ գնաց իր հոր մստ։ Բայց նորից վերադարձավ, եկավ նույն տեղը և գաղտագողի գնաց մտավ խորանի
___________________
* Այլ տեղում՝ ինը հազար ութ հարյուր ութսուն... (Հ գրչագրում)։
** Հավանաբար կարված գլուխներն ու մարմինները տանում էին հեռու, մորուտները և կորցնում այնտեղ: Այդես պետք է հասկանալ:
*** ՎԼՍ— ունեն «Մոկկունս», որ ավելի ճիշտ է` Մոկունս, Մոկունք:
[էջ 100]
ներսը, Տիգրանի մոտ։ Տիգրանը տեսնելով մերկացրած սուսերը նրա ձեռքին՝ չհամարձակվեց որևէ մեկի ձայն տալ և կարծեց, թե եկել է ինչ–որ բան, [կարասիք] գողանալու։ Սակայն Վահանը հանկարծակի բերելով նրան, հապշտապ վերցրեց մի բարձ, դրեց նրա (Տիգրանի) բերանին և ինքն էլ նստեց վրան, որպեսզի չկարողանա ոչ մի կերպ շարժվել։ Այնժամ ներս եկավ Վահանի թիկնապահներից մեկը, կտրեց Տիգրանի գլուխը։ Ապա հավաքեցին այնտեղ եղած ամբողջ կահկարասին, թանկարժեք ակնեղենները, ընտիր սուսերներն ու առան գնացին։
[Տեսնելով այդ] հայոց զորքերը շատ ուրախացան և մեծ գոհություն մատուցեցին տիրոջը։ Բայց նաև ապաշավեցին, [ստրջացան] քանզի իշխանների գերեզմանները [թշնամու կողմից] կողոպտվել էին։
Իսկ Վահանը հնարամտորեն գործելով, վերցրեց երկու հարյուր կաշվյա ասպար, դրեց դրանք հարյուր ամեհի ջորիների վրա, ասպարներից յուրաքանչյուրի այս ու այն կողմից երկաթներով ամրացրեց և առավ գնաց մինչև հոնաց (հոների) բանակի մոտերքը, որպես թե ինքը Տիգրանին է փոխարինում և իր ձեռքի տակ շուրջ ութ հազար զինվոր ունի։ Եկավ ու բանակ դրեց Տավրոսի* լեռների հանդեպ մի քարաբլուր տեղ, դրանք** ջոկված, զատված էին ուրիշ բանակներից93։ Եվ ահա, առավ Վահանը հարյուր ամեհի ջորիները, տարավ հասցրեց [նրանց] բանակի հենց կողքը, և յուրաքանչյուր տասը ջորու ետևից մեկական մարդ էր գնում։ Իսկ երբ հասան խառնվեցին բանակին, նրանք, որ ջորիներին էին վարում, սրերով խթանեցին ջորիներին ու բաց թողին նրանց վրա, իրենք էլ նրանց ետևից հասնելով, սկսեցին սաստիկ կոտորածը։ Բոլոր կողմերից շուրջանակի հնչեցնում էին փողերը և իբրև թե պատերազմողներին օգնության էին կանչում։ Պարսկական94 զորքերը պատերազմական փողերի ձայնը լսելով՝ զարհուրեցին, սարսափեցին, սաստիկ վայնասուն բարձրացրին, որովհետև ասպարների [բախման] զրնգոցից, զորքերի գոռում–գոչունից, փողերի խլացուցիչ ձայնից խրտնած
___________________
* Պետք է լինի Տարոնի (Ծ. Թ.):
** Իմա` այդ ութ հազար զինվորները:
[էջ 101]
ջորիները այս ու այն կողմ էին արշավում։ [Թշնամու] զորքերն էլ կարծում էին, թե հեծյալներ են, ամեն ոք միայն վայ էր կանչում, քանզի մարդկանց հետքերը չէին էլ տեսնում, որովհետև տերն՝ ինքն էր նրանց դեմ պատերազմում։
Արդ, քանի որ մնացած զորքերի մոտ անցնել չկարողացան գիշերը սաստիկ խավար լինելու պատճառով և բոլորովին էլ չհասկացան, որ դիմացը քարաբլուրն է, որովհետև աստվածն էր հիմարացրել նրանց, ուստի իրենց երիվարներին թողած` ուստի դեպի քարաբլուրը փախուստի դիմեցին։ Եվ սկսեցին վեմերի ահավոր բարձունքից ի վայր գահավիժել։ Նույնիսկ չհասցրին հասկանալ, թե ի՞նչ տեղի ունեցավ, մինչև իսպառ դադարեցին նրանց աղաղակներն ու ճիչերը։
Իսկ հայոց զորքերը, երբ տեսան, որ բոլորը խորտակվեցին ու ձայներն էլ լռեցին, իրենք վերադարձան շուտափույթ նրանց բանակատեղը և եղած մթերքն ու գանձերը ամբողջությամբ հավաքեցին։ [Վերցրած] ուղտերն ու ձիերը ուղարկեցին Պալունյաց գավառը, և երիվարների, ուղտերի ու գրաստների թիվը՝ բոլորը միասին տասն և ութ հազար հաշվեցին, որ ծածկեց ամբողջ գավառի գետնի երեսը։ Երբ առավոտը բացվեց, պարսից մյուս զորքերը տարակուսի եկած սկսեցին փնտրել Տիգրանին ու նրա որդուն, բայց չգտան։ Այնժամ փախստականների հետքերով գնացին, փնտրեցին և տեսան նրանց նույնպես գահավեժ եղած ու մահացած։ Ուստի միաբերան իրենց [իշխան] զորագլուխ կարգեցին Միհրխոսրովին*։ Ապա մեծավ բարկությամբ դարձյալ զորք կազմեցին և պատերազմի պատրաստվեցին։
Իսկ Սմբատը Վահանին երեք հազար մարդկանցով ուղեկալ (կողմնապահ) էր թողել և երկու հազար հոգի էլ երեք95 կողմերից դարանակալ էր կանգնեցրել, ինքն էլ մնացած զորքն առած սկսեց պատերազմի նախապատրաստվել։ Աջ թևը հանձնեց Պալունյաց Վարազ իշխանին, քանզի սա այնքան հզոր էր, որ ամեն մի մարդու մեկ հարվածից ավելի երբեք չէր կրկնում։ Ձախ թևն էլ հանձնեց Հաշտենից իշխանին, իսկ Վարազի որդի Վահանին թողեց իրեն թիկնապահ։ Եվ այսպես կազմ ու պատրաստ երկու կողմերից եկան միմյանց
___________________
* Լ— գրչագիրն ունի՝ «զՄիՀրան Խոսրով» ձևով։
[էջ 102]
դեմ։ Երբ Սմբատն ու Միհրխոսրովը եկան դեմ դիմաց ու սկսեցին մեկը մյուսի գլխին հարվածներ տեղալ, այնժամ [պարսից] զորքը մեղվի նման թափվեց Սմբատի վրա։ Եվ սկսեց թուլանալ Սմբատը, որովհետև շատ ծերացած էր. ուստի ձայնը բարձրացնելով գոչեց.
— Որտեղ ես, որդյա՛կ իմ, Վահան, հասի՛ր օգնության... Իսկ Վահանը ձայն տալով սուրբ Կարապետին գոչեց.
— Ահա, հասավ ժամը օգնության, ով Մկրտիչ Քրիստոսի Հովհաննես, ցույց տո՛ւր մեր սուրբ կրոնավորաց աղոթքների զորությունը։ Եվ այդպես ասելով՝ ինչպես քաջա[սիրտ] առյուծ հարձակվեց ու անմիջապես ցիր ու ցան արեց իր հոր շուրջը կիտվածներին։ Իսկ Սմբատը ոգի առած՝ բարձրացրեց սուրը, ուժգին հարվածեց, կտրեց նրանց ավագի (զորավարի) գլուխը թիկնախառն ու գետին գլորեց։
Ապա ետ դարձան, հարձակվեցին մնացածների վրա ու փախցրին մինչև թաքստոցները։ Այդ կողմից էլ դարանակալվածները հարձակում գործեցին և երկուստեք մեջտեղ առնելով՝ համրանքով երեք հազար [կտրված] գլուխ այն քարն ի վայր գլորեցին96, որը Հոնընկեց էր անվանվել: Ապա երեկոն իջավ և պարսից մնացած զորքը դեպի Հաշտենից կողմերը փախստական գնացին՝ թվով ութ հազար հոգի։ Իսկ [մերոնք] այստեղ հաղթության մեծ հանդես կատարեցին, ստուգեցին, թե իրենցից որչա՞փ և ի՞նչ էր պակասել։ Ուստի և այնտեղի անունն էլ Հանդիսյանք կոչվեց97։ Սմբատը, երբ տեղեկացավ նրանց դեպի Հաշտենք փախստական գնալու մասին, անմիջապես կարգադրեց զորքով հետամուտ լինել նրանց, և շուտով հասան։ Երբ բանակ դրեցին միմյանց դեմ, խորհուրդ արին և նախապատրաստվեցին հենց նույն գիշերը հարձակվել պարսիկների վրա։ Բայց մինչդեռ սրանք այստեղ սպասում էին, Ապահունիքում գտնվող պարսկական զորքից երեք հազար հոգի եկան հասան ու այնտեղ միմյանց խառնվեցին98։ Ահա, Տարոնի հայկական զորքերը, երբ տեսան, որ Ապահունիքից եկածները միացան պարսիկներին, հուսալքվեցին98: Ահա, Տարոնի հայկական զորքերր, երբ տեսան, որ գտնելով Մարտուց փողով (խանդակներով) դեպի ցած գնացին, մինչև Արածանի դետի ափը և այնտեղ բանակ դրին։ Իսկ
[էջ 103]
պարսիկները նրանց հետապնդելով սեղմեցին դեպի գետը և խիստ նեղեցին։ Այնժամ Սմբատը իր ամբողջ հույսը Աստծու վրա թողնելով, սկսեց այսպես խոսել.
— Գիտեմ, ով տե՛ր, քո մարդասիրությունը, որ կա հանդեպ մեզ վաղուց ի վեր։ Արդ, նայի՛ր ու տե՛ս, թե ինչպես նեղն են գցել մեզ պարսիկները99: Եվ այդ ասելով խաչակնքեցին ու հարձակվեցին թշնամիների վրա։ Այն ժամանակ երևաց նրանց այր մի ահեղ ու լուսավոր, և մազերից նրա լույս էր ճառագում։ Նրան տեսնելով քաջ Վահանը իսկույն հասկացավ, որ սուրբ Կարապետն է և ոգևորված հարձակվեց թշնամիների վրա, կտրեց–անջատեց նրանցից երեք հազար հոգի ու իր առջևն արած` տարավ անցկացրեց Աստեղունքի կողմերը։ Եվ շրջապատած՝ տարան նրանց մինչև այն նույն եկեղեցու դիմաց, որ նրանք ցանկացել էին դեռ [այն ժամանակ] ներս մտնել և բոլոր կրոնավորներին կոտորել։ Սակայն տիրոջ զորությունը տապալեց նրանց և ձորից այն կողմ անցնել չկարողացան, ուստի և դրանից հետո նրանց ընկած տեղը Այծսան կոչվեց100։ Իսկ պարսից մնացած զորքը եկան հասան անտառին, որ վանքին դիմահայաց էր և թաքնվեցին այնտեղ։ Բայց Վահանը աճապարեց այնտեղ, և բոլորին սրի բերանն առած կոտորեցին ու ոչ մեկին կենդանի չթողեցին։ Ուստի և այդ տեղի անունն էլ Մահու առիթ (Մահուառիթ) կոչվեց։ Սակայն այդ օրը բազում աշխատությունից խիստ հոգնեց Սմբատը։ Դրա համար էլ Պալունյաց Վարազ իշխանը շտապեց թիկունքից նրան օգնության և նրանց զորքին իրենց առաջն առնելով՝ ոմանց գետավեժ արին, մյուսներին [հալածական] բերին իջեցրին այն վայրը, որը այժմ Կուրա[ն] է կոչվում։ Եվ նրանք, որ փախստական գնացին, նրանցից էլ երիվարները մնացին։ Ուստի և Պալունյաց իշխանը բազում մարդկանցով հետամուտ լինելով՝ շատերին կոտորեցին։ Արդ, երբ եկան հասան պարսիկներին, Պալունյաց իշխանը դառնալով նրանց ասաց.
— Ինչո՞ւ դադարեցաք, փախչեի՛ք, որպեսզի մենք ավելի հեշտությամբ կոտորեինք։ Եվ նրանք պատասխանեցին.
— Մենք կորանք ու սպառվեցանք։ Հենց դրա համար էլ այդ տեղը Կուրա[նք] է կոչվում։ Եվ սկսեցին նույն տեղում
[էջ 104]
մեկ–մեկ բռնել ու թլպաները կտրել101։ Համրանքով հազար վեց հարյուր ութսուն հոգու թլպաները կտրեցին, իսկ մյուսները շուրջ երկու հազար հոգի, փախան գետը լցվեցին ու այնտեղ խեղդվեցին։ [Պարսիկների] մի մասին էլ Սմբատի զորքերը ոչնչացրին, նրա գունդը անցավ գետից այն կողմը, դիմեց դեպի Հովեանք և հետապնդեց լեռան կողմերը փախչողներին։ Ամրոցում եղած տղամարդիկ էլ դուրս եկան նրանց ետևից, հարձակվեցին և նետերով, պարսաքարերով ու գլաքարերով սպանեցին երկու հազար ութ հարյուր մարդ։ Այդ օրը միայն հազար քառասուն մարդ կենդանի մնաց նրանցից, որոնք փախան գնացին հասան պարսից երկիրը Խոսրովի մոտ։ Իսկ նա դարձյալ զորք հավաքեց և ուղարկեց Տարոն։
Այս նույն տարում վախճանվեցավ Սմբատ իշխանը, վերցրին տարան նրան Գլակա վանքը, որտեղ իր հայրերի հանգստարանն է (դամբարանը), և այժմ էլ կա այնտեղ՝ ս. Ստեփանոս եկեղեցու դռանը։ Այս եկեղեցին կառուցել տվեց Ստեփանոսը, նա, որի մայրը հերձվեց (քառատվեց)։ Այդ [մասին ուրիշ] ոչինչ հայտնի չէ102...
Սմբատի վախճանվելու նույն տարում առ Աստված փոխվեց նաև սուրբ հայր Եպիփանը՝ քսան տարի վանահայրելուց հետո։ Նրա աթոռին նստեց Դավիթը՝ երեք տարի, որ քսաներեքերորդն էր103, սբ. Գրիգորից հետո։ Եվ նույն օրն է