ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
[էջ 143]
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1 «Պատմութիւն Տարաւնոյ, զոր թարգմանեալ է Զենոբայ ասորոց եպիսկոպոսի»։ Բառացի կլինի այսպես՝ «Տարոնի պատմությունը», որը թարգմանել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը (կամ թարգմանվել է նրա կողմից)։ «Տարոնի պատմության» հեղինակի, նրա գրության ժամանակաշրջանի և այլ հանգամանքների հետ կապված մի շարք հարցեր մինչև այժմ էլ դեռ լիովին պարզաբանված չեն։ Քանի դեռ վերջնականապես բացահայտված չեն այս գործի՝ մեկ, թե երկու հեղինակների պատկանելու, հեղինակի ո՞ր դարում ապրած և ե՞րբ գրած լինելու, այն կազմող պատճենների և դրանց բնույթի վերաբերյալ խնդիրները, պայմանականորեն գրքի վերնագրում թողնում ենք «թարգմանելը», որ նշանակում է Զենոբի՝ ոչ թե պատմիչ-գրող, այլ սույն գրվածքի մի մասի թարգմանիչ կամ թարգման լինելը։ Միևնույն ժամանակ տալիս ենք հետևյալ բացատրությունը. «Թարգմանեալ է» բառն այստեղ մի քանի իմաստներով կարելի է հասկանալ.
ա. Ուղղակի իմաստով՝ այսինքն «Տարոնի պատմությունը», որը թարգմանել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը (կամ թարգմանվել է նրա կողմից)։
բ. «Տարոնի պատմությունը», որ թարգմանվել է ասորիների Զենոբ եպիսկոպոսից, նրա գրվածքից, նրա կազմած պատճենների, թղթերի հավաքածուից։
գ. «Տարոնի պատմությունը», որը գրել է, շարադրել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը։ Գրաբարում (նրա ազդեցությամբ՝ նաև աշխարհաբարում) գրելը, շարադրելը կամ թարգմանելը շատ հաճախ գործածվել են գրեթե նույն իմաստով, նշանակում էր որևէ մտքի, խոսքի կամ գաղափարի մեկնաբան, թարգման լինել։ Այս նույն իմաստով գործածված ենք տեսնում Մ. Նալբանդյանի, Վ. Տերյանի, Հ. Թումանյանի և այլոց մոտ։
դ. «Տարոնի պատմությունը», որ արտագրված, պատճենված է ասորիների Զենոբ եպիսկոպոսի կողմից, կամ թե՝ նրանից։
2 Թարգմանության համար մեր օգտագործած հրատարակության մեջ «Պատմության» գլուխներն ու դրանց առանձին մասերը (իմա՝ պատճեն-
[էջ 144]
ները) խառնված են իրար (Ա. Ա. Աբրահամյան, «Հովհան Մամիկոնյան», «Պատմութիւն Տարաւնոյ», Ե., 1941 թ.)։ Սույն հրատարակության բնագրական ճշգրտումների, գլխակարգության և առանձին գլուխների վերնագրերի խնդրին ժամանակին անդրադարձել է նաև ակադ. Լ. Խաչիկյանը*։ Ահա, թե ինչ է գրում նա.— «Հովհան Մամիկոնյանը խմբագրելով Տարոնի և Գլակա վանքի պատմության վերաբերյալ իր ունեցած նյութերը, դրանք բաժանել է չորս գլխի.
Առաջին գլուխ. «... Պատմութիւն Տարօնոյ, զոր թարգմանեաց Զենոբ ասորի եպիսկոպոսն»։
Երկրորդ գլուխ. «... Պատմութիւն վասն Իննակնեան տեղեաց և պատերազմին որ յԱրձանն եղև»։
Երրորդ գլուխ. «... Եթէ ոյք էին որ յաջորդեցին յառաջնորդութիւն սուրբ Կարապետին»։
Չորրորդ գլուխ. «Գլուխ պարսից պատմութեան»։ (Բայց պետք է այստեղ նշել, որ ձեռագրերում «Պատմությունը» առանձին գլուխներ չունի)։ Այնուհետև Լ. Խաչիկյանը տալիս է նշած առանձին գլուխների հետևյալ ստորաբաժանումները.
«Առաջին գլխի պատճեններն են (իմա՝ ենթաբաժինները)—ա. «Պատճեն առաջին. [Գիր] սրբոյն Գրիգորի, զոր գրեաց և յղեաց ի Կեսարիա»։
բ. «Պատճեն երկրորդ, պատասխանի պայմանավոր գրոյն սրբոյն Գրիգորի, զոր գրեաց Կեսարու հայրապետն»։
Երկրորդ գլխի պատճեններն են.— ա. «Պատճէն առաջին. Զենոբա Ասորւոյ պատասխանի թղթոյն ասորւոց»։
բ. [«Պատճէն երկրորդ, Վասն] պատերազմին որ յԱրձանն եղև»։
Երրորդ գլուխը պատճեններ չունի։ Իսկ չորրորդ գլուխը բաղկացած է չորս պատճեններից, ա. «[Պատճէն] առաջին, վասն գալոյն Միհրանայ ի Տարաւն...», բ. «[Պատճէն] երկրորդ. Վասն գալոյն Վախթանգայ ի Տարաւն...». գ. «[Պատճէն] երրորդ. Վասն գալոյն Տիգրանայ և կոտորածին, որ ի Հոնընկեցն».
դ. «Պատճէն չորրորդ. Վասն գալոյն Վարդուհեր և մեռանելոյն ի Փանդիկ...»**։
«Տարոնի պատմությունը» տարբեր աղբյուրներից հավաքված, իմի բերված ժողովածու է,
ուստի և այն առանձին գլուխների բաժանելը բարդ է։ Մնացած դեպքերում միանգամայն
իրավացի համարելով Խաչիկյանի դիտողությունները, գլխակարգության վերաբերյալ անհրաժեշտ
ենք համարում ավելացնել, սակայն, որ բուն տեքստում եղած անճշտությունները ոչ
այնքան կազմող հրատարակիչի մեղքով են, որքան պահպանված գր-
_____________________
* Տե՛ս Տեղեկագիր Հայկ. ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի, 1944 թ.: №1—2, Լ. Խաչիկյանի հոդվածը (կամ՝ նույնի առանձնատիպը):
** Ծիծառի խաչի և «Վասն մահուան Տիրանայ...» գլուխները Լ. Խաչիկյանը համարում է ընդմիջարկություններ, որովհետև սակավաթիվ գրչագրերում միայն կան (Ծ. Թ.): Ա. Աբրահամյանն էլ դրանք օտարամուտ է համարել (տե՛ս այստեղ, № 111 բացատրությունը):
[էջ 145]
չագրերում եղած խառնաշփոթությունների արդյունք, մի հանգամանք, որը որոշակի արտահայտվել է նաև վենետիկյան ու մյուս հրատարակություններում։
Իսկապես, թարգմանության համար մեր օգտագործած օրինակում ոչ մի կերպ հնարավոր չէ զատորոշել առանձին մասերն ու դրանք կազմող «պատճենները», որը մեծապես դժվարացնում է որոշելու նախ «Պատմության» կառուցվածքային առանձնահատկությունները, ապա և հնարավորին չափ ճշտորեն կատարելու թարգմանությունը։ Այդ կապակցությամբ Լ. Խաչիկյանը նշում է, թե հրատարակիչը «գլուխների և պատճենների վերնագրերը դիտելով որպես ամբողջություն, միևնույն տառաձևերն է գործածել դրանց համար և հաճախ իրար է ձուլել տարբեր վերնագրեր»։ Օրինակ է բերում չորրորդ գլխի վերնագիրը, որը ճշտում է այսպես. «Գլուխ ՊԱՐՍԻՑ ՊԱՏՄՈԻԹԵԱՆ (ինչպես որ ունեն ՍԼԲ գրչագրերը). [Պատճէն առաջին. Վասն] գալոյն Միհրանայ ի Տարաւն երեսուն հազարաւ եւ կոտորելն Գայլուն Վահանայ զնոսա յՕձ քաղաքի» (ՎԼՍԲ)։ Մինչդեռ խմբագրված օրինակից ստացվում է, թե Միհրանը երկրորդ անգամ է գալիս Տարոնի վրա։
Խաչիկյանի նշած՝ չորրորդ գլխի երրորդ պատճենը մեր օգտագործած օրինակում նշանակված է երկրորդ, որը չի համապատասխանում ԼՍՄՊՀ օրինակներին։ 1889 թվ. Վենետիկյան հրատարակությունը պատճենը չի նշել և ունի այսպես. «Գլուխ Չորրորդ Պատճէնին. Վասն գալոյն Տիգրանայ, և կոտորածին՝ որ ի Հոնընկեցն»։ Սակայն «Պատմության» գլխակարգության վերաբերյալ եղած ուղղումներն ու ճշգրտումները դեռևս չպետք է վերջնական կամ անթերի համարել։
3 Ագաթանգեղոսը պատմում է, թե Տրդատ թագավորը երբ քրիստոնյա դարձավ, և գրեթե ամբողջ երկիրն էլ քրիստոնյա դարձրին, հավաքում է բոլոր մեծամեծներին ու իշխաններին և պատվիրում, որ բերեն Գրիգորին քահահայապետ օծեն։ Եվ որոշում են պատգամավոր ուղարկել Կեսարիա քաղաքը՝ Ղևոնդիոս հայրապետի մոտ՝ Գրիգորին օծելու նպատակով*։ Կեսարիա քաղաքը գտնվում էր Գամիրքում։ Այս նույն քաղաքում էր, որ հետագայում, մանուկ հասակից, ինչպես նշում է Փավստոսը**, սնվում, մեծանում, ուսում ստանում և քահանայապետ է օծվում նաև Ներսես Մեծը։ Փավստոսը (նաև ուրիշներն էլ) հաստատում է, որ հայոց կաթողիկոսներին առհասարակ այնտեղ էին օծում։
4 «... զի երկոքեան ամոլքն աստ եկեալք, եւ սորին վիճակի սահման ընկալան ի ձեռն հոգւոյ սրբոյ...» (էջ 34)։ Ամենայն հավանականությամբ այստեղ խոսքը վերաբերում է Անտոն և Կրոնիդես քարոզիչներին, որոնք առաջինն էին ուղարկվել կայսրության արևելյան կողմերում նոր ուսմունքը տարածելու և այնտեղ էլ նահատակվեցին։ Փոքր ինչ հետո էլ ուղղակի ասում է, թե «Ապա նույն տեղում (այսինքն՝ Իննակնյան վայրում) թողեցի Քրիստոսի երկու կենդանի վկաներին՝ Կրոնիդեսին և Անտոնին, որոնց
____________________________
* Ագաթանգեղոս. Տփղիս, 1909, էջ 415:
** Տե՛ս Փավստոս, Հայոց պատմություն, Ե., 1968 թ., 123 և 126 էջեր:
[էջ 146]
ինքդ, քո բարեպաշտության շնորհիվ, մեր հայոց աշխարհին ընծայեցիր»։
5 Չնայած Հովհանը մեծի մասամբ կամայական է վերաբերվում փաստերի, թվերի և հատկապես անունների ճշգրտությանը, սակայն այստեղ զարմանալի ճշտությամբ բնորոշում է Երկրորդ և Չորրորդ Հայքերի սահմանները՝ այն ժամանակներում, որին վերաբերում է նրա խոսքը։ «Զի սա է,— ասում է նա,— երկիրս Հայոց (չորրորդ բաժինս և Երկրորդ Հայոց աւարտինս, ի լերինն որ կոչի Տաւրոս, և հատանէ անցանէ մինչև ի դրունս Պահլաւայ պարսից։ Եւ առ սովաւ բնակի յերկիրս Մամիկոնէից.» և հետևյալն (աստ. էջ 20)։ Ըստ նորագույն տվյալների 7— 9-րդ դարերում Արևմտյան Հայաստանի կազմի մեջ էին մտնում նախկին (այսինքն՝ 4-րդ դարի, որին վերաբերում է Հովհանի խոսքը) Առաջին Հայքը, Երկրորդ Հայքը և Չորրորդ Հայքի մեծ մասը։ Չորրորդ Հայք է կոչվել Հուստինիանոս կայսեր կողմից 536 թ. կատարված վարչական վերափոխումներից հետո, «... երբ նա Հայաստանի այս մասը վերածեց բյուզանդական պրովինցիայի և կոչեց Չորրորդ Հայք։ Հնում այս երկիրը կոչվում էր Ծոփք» (տե՛ս Հայկ ՍՍՀ Ատլաս, Երևան — Մոսկվա, 1961, էջ 104): Իրոք որ Չորրորդ Հայքի սահմանները հասնում էին մինչև Պարսկաստանի հյուսիսային կողմերը*։
6 «Կէտ» բառի համար յոթը տարբեր իմաստներով գործածվելու բացատրություններ է տալիս Նոր հայկազյան բառարանը (այսուհետև՝ ՆՀԲ, 1979 թ., հ. 1, էջ 1094—1095)։ Բերում ենք այստեղ այն նշանակությամբ գործածվելու մասին փաստարկումը, որը կարծում ենք ավելի մոտ լինի մեր տեքստում արտահայտված իմաստին։ «Կէտ»— նպատակ. դիտել, սահման, պայման, կանոն, չափ, եզր, ծայր, լրումն, որոշումն մտաց, որոշյալ ժամանակ, ժամադրություն... Կէտ եդեալ մեր՝ ցուցանել վասն Յովսեփու։ Որոց կէտ առաջի եդեալ է, զի քեզ նմանող լինիցին...»։ Հենց այս վերջին իմաստով գործածված ենք համարում մեր տեքստում, այսինքն՝ նրանց կատարած գործն ու վարքը իբրև օրինակ, չափանիշ ընդունել։ Այդպես էլ թարգմանեցինք։
7 Հավանաբար խոսքն այստեղ վերաբերում է Հայաստանի և Կապադովկիայի հյուսիսային և հյուսիս-արևելյան գավառների ժողովուրդներին, որոնք այն ժամանակ դեռ քրիստոնեություն չէին ընդունել։ Ագաթանգեղոսը նույնպես վկայում է, որ Գրիգոր Լուսավորիչը ամբողջ Հայաստան աշխարհը քրիստոնեական դարձի բերելուց հետո միայն նույն գործը կատարում է հյուսիսային կողմերում։
8 Խոսքը հրեաների հռչակավոր Մովսես մարգարեի մասին է, որը՝ ըստ Աստվածաշնչի, իսրայելացիներին Եգիպտոսից որպես թե առաջնորդեց դեպի այսպես կոչված Ավետյաց երկիրը։ Առասպելի համաձայն նա աղոթելով կանգնեցրեց ծովի ջրերը, և նրանց ամբողջ ազգը քայլելով անցավ
____________________________
* Տե՛ս Հակոբյան Թ., Ուրվագծեր Հայաստանի պատմական աշխարհագրության, Երևան, 1960թ., էջ 225 և 261: Նաև՝ Հովհաննիսյան Պ. Հ. և Աբրահամյան Ա. Գ., Հայ ժողովրւփ պատմության քրեստոմատիա, Ե., 1981, էջ 379-381:
[էջ 147]
ծովի վրայով ու փրկեց եգիպտական փարավոնների հալածանքից և ոչնչանալուց: Նրա մասին տես՝ «Գործք Առաքելոց», գլուխ Է (22) և հետևյալը, նաև «Բառարան սուրբ գրոց», Կ, Պոլիս, 1881 թ., էջ 363—364։
9 «...զի ոչ իւիք պակաս է քան զառաջին Անտոնն (կամ՝ ի սուրբ Անտովնէ)», «որի մոտ ոչինչ թերի կամ պակաս չէ առաջին Անտոնից»— այստեղ խոսքը Կեսարիայի հռչակավոր քարոզիչ առաջին Անտոնին է վերաբերում, որ ապրում ու գործում էր այն ժամանակ, երբ Հիսուսի ուսմունքը դեռևս գաղտնի էր և պաշտոնական իրավունք չէր ստացել կայսրության մեջ, երբ Տրդատ Մեծն ու Լուսավորիչն էլ դեռ Հայաստան չէին վերադարձել։
10 Բնագրում (իմա՝ գրչագրերում) ամենուրեք «վերակացու», բայց ոչ այդ բառի այժմյան իմաստով, այլ իբրև գլխավոր, առաջնորդ, այսպես ասած ավագերեց այն կրոնավորների նկատմամբ, որոնք իր հետ պետք է գային և իբր պաշտոնյա, սպասավոր գործեին Գլակա վանքում։
11 Այստեղ բնագրային անճշտություն կա (էջ 24)։ նախորդ նախադասության մեջ ասված է, թե «Եւ գրեաց ինքն թագաւորն և գահերեց իշխանքն չորեսին...». այսինքն թե նամակի հեղինակը, գրողը ինքը թագավորն է։ Սակայն հաջորդ պարբերությունից պարզվում է, որ նամակ գրողը ոչ թե Տրդատն է, այլ՝ Գրիգորը: Հրատարակիչն էլ է նկատում, որ Պոլսի հրատարակությունը, ինչպես նաև Ս գրչագիրն ունեն հետևյալ ձևով. «... գրեաց սուրբն Գրիգոր հանդերձ թագաւորաւն...», Լ՝ «ևս ամենայն նախարարաւքն» և այլն: Միայն այդ ձևով է համապատասխանում գրվածքի մտքին և այդ պետք է համարել ճիշտ։
12 «Գլակ» անվան վերաբերյալ ուսումնասիրողները տարբեր ենթադրություններ են արել: Զենոբ Ասորու անունը առաջին անգամ տալիս է Գրիգոր Լուսավորիչը Ղեոնդիոսին գրած հենց առաջին թղթում։ Բայց այստեղ նա Գլակ չի կոչվում։ Եղիազարին և Տիմոթեոսին գրած հաջորդ թղթում նա գրում է, թե Եղիազարի եղբայր Զենոբին ինքը սբ. Կարապետի վանքի եպիսկոպոս է ձեռնադրել և վանքն էլ «...փոխեցանք յիւր աւելի անունն Գլակա վանս եդաք»։ Դրանից հետո է այն Գլակա վանք կոչվել։ Մ. Միանսարովը հիշատակում է «Տարոնի պատմության»՝ Կալկաթայում եղած մի հրատարակություն (Տե՛ս Bibliocraphia.— “Camcasica et Transcaucasica”, Т. I, СПБ, 1874—76), որտեղ Գլակ ավելի անվան համար ասում է, թե ենթադրել են, որ Զենոբը Գլակից էր, որը մի բնակավայր-ավան էր հարավային Ասորեստանում, Եգիպտոսի սահմաններին կից, ազգով էլ ասորի էր։ Այս նկատողությունը չափազանց հետաքրքրական է, սակայն, ցավոք, հեղինակը չի ասում, թե ովքեր են այդպես ենթադրել, կամ՝ իրոք եղե՞լ է, կա՞ արդյոք այդ անվամբ բնակավայր առհասարակ։
Հիմնվելով «Պատմության» մեջ եղած վկայությանը՝ Գար. Զարբհանալյանը եկել է այն համոզման, թե վանքը, իսկապես, Գլակա է կոչվել Զենոբի՝ այնտեղ վանահայր լինելու պատճառով, նրա անունով։ Սակայն այդպիսի կարծիքը մեզ անհավանական է թվում, քանի որ հնում ոչ թե տեղանուններն էին կոչվում անձանց անուններով, այլ՝ ընդհակառակը։ Մ. Չամչյանը գտնում է, որ Զենոբ նրա անունն է, իսկ Գլակ՝ մականու-
[էջ 148]
նը, համարում է նրան Լուսավորչի ժամանակակիցն ու գործակիցը։ Մ. Էմինը ուշադրություն չի դարձնում Զենոբի Գլակ կոչմանը։ Շատ ուշագրավ դիտողություն ունի այս կապակցությամբ Ղ. Ալիշանը։ Նա Գլակ անունը նմանեցնում է հայկական անվան կամ բառի (օր, Գղակ) և հնարովի համարում Զենոբի Գլակ մականունը։ Ըստ իս Ալիշանի ենթադրությունն ավելի ճշմարտամոտ է։
13 Բնագրում՝ «Միւս պատճառ՝ վասն//նորա և միւս՝ քննութեան աղանդոյն Մենանդրի» (էջ 52)։ Անճշտությունն անմիջապես աչքի է զարնում։ Ենթադրում ենք, որ նրանց՝ Երուսաղեմ գնալու պատճառներից մեկն էլ Եղիազարին այնտեղ տեսնելն էր։
14 Սույն պարագրաֆը, ինչպես և նրա շարունակությունը ոչնչով չեն կապվում նախորդի մտքին։ Այստեղ ևս երևում է, որ տեքստում անճշտություն կա, գուցե և տողեր են պակասում։ Հրատարակիչը նույնպես նկատում է, թե Լ գրչագրում «զոր»-ից կրճատված է մինչև 10-րդ տողի «հայրապետ» բառը (էջ 52)։ Թարգմանելիս ձգտել ենք վերականգնել հատվածի բովանդակության ուղիղ ընթացքը։ Ուստի թվում է, թե նրա մահը նույնիսկ հաճելի, ցանկալի էր բոլոր երուսաղեմցիների համար։
15 Բնագրում «Եւ առաքեաց զիշխանս Մամիկոնեից տանն...» արտահայտությունը մեզ սխալ է թվում, որովհետև դուրս է գալիս, թե Մամիկոնյան տան իշխաններին ուղարկեց (էջ 53)։ Մինչդեռ, ինչպես տողատակում հրատարակիչն էլ է նշում «Լ» գրչագիրն ունի «... առաքեաց զԵղիազար հանդերձ նախարարաւ մի (Փխ. զիշխանս Մամիկոնեից տանն) ձևով։ Վերջինը պետք է ճիշտ համարել։
16 Բնագրում՝ «... որք բաժանեցին զամենայն աշխարհս շրջագայութեամբ աւետարանին» խոսքը բառացի թարգմանելու դեպքում ճիշտ չի ստացվում։ Հրատարակիչը տողատակում նշում է, որ «Հ» օրինակը «բաժանելու» փոխարեն ունի «Բժշկեցին», որն ավելի է հարմարվում սույն խոսքի իմաստին։ Սակայն գուցե և ասված լինի, թե քարոզչության գնալիս՝ այդ վայրերն իրենց մեջ բաժանեցին և յուրաքանչյուրը մեկնեց իրեն բաժին հասած կողմերում կամ գավառներում քարոզելու, այս առումով էլ կարելի է հասկանալ։
17 Այստեղ նույնպես ինչ-որ անճշտություն կա. հավանաբար գրչագրական աղավաղում։ Նախորդ պարբերության մեջ խոսքը վերաբերում էր տաճարին և նրա հիմնադրված տեղին։ Սակայն դրանից հետո խոսվում է անձի մասին, ամենայն հավանականությամբ՝ սբ. Կարապետի։ Հրատարակիչը դարձյալ նկատել է, որ նույն տեղը «Լ» գրչագրում «որ եղև...»-ից պակաս է մինչև «անճառելի» բառը (էջ 56)։
18 Այստեղ նույնպես մի հատված՝ «... անուանեաց տեղին Ղազարու (թե՞ Եղիազարու) վանք» բառերից հետո «Լ» գրչագրում, ինչպես հրատարակիչը ցույց է տվել տողատակում, բուն տեքստից մի հատված բաց է թողնված և ինքն էլ է բաց թողնում։ Սակայն մեր խորին համոզմամբ պետք է դրվի իր տեղում, քանի որ նախ՝ լրացնում, ամբողջացնում է հատվածի միտքը, ապա՝ շատ հետաքրքրական տեղեկություն է պարունակում ժամանակաշրջանի հասարակական հարաբերությունների վերաբերմամբ։
[էջ 149]
Ուստի և թարգմանեցինք ու դրեցինք համապատասխան տեղում։ Բացի այդ, խմբագրված տեքստից այնպես է հասկացվում, թե Տարոնում տեղի ունեցած դեպքերի մասին Բեկտորն ու Անաստասն են պատմում Աշտիշատի կողմից Բյուզանդիա գնացածներին, մինչդեռ իրականում ճիշտ հակառակն է (էջ 58)։
19 Նամակի վերնագրում (էջ 59) «Հայրապետիդ Հայոց մեծաց» արտահայտությունը մեր կարծիքով պետք է լինի «Մեծի հայրապետիդ Հայոց», այսինքն «Հայոց մեծ հայրապետիդ», այդպես էլ թարգմանեցինք: Կամ գուցե և գործածված լինի մեծ Հայաստանի իմաստով։ Բացի այդ, Պոլսի հրատարակությունն ունի հետևյալ վերնագիրը. «Պատճէն Դ-րորդ զոր գրեցին Բեկտոր և Անաստաս և այլքն առ սուրբն Գրիգոր» և հետևյալն։ Բայց քանի որ գլխակարգության ու պատճենների վերաբերյալ արդեն խոսվել է վերևում (ծան. №2), ուստի ավելորդ է նորից անդրադառնալ դրան։
20 Զենոբը որպես թե Լուսավորչին խնդրում է շարադրել դեպքերը Խոսրովից
սկսած, սակայն Գրիգորը չի համաձայնվում և թույլ չի տալիս:
«Լ» գրչագրում այդ մասին կա հետևյալը, «...այլ ոչ կացեալ յանձինս, այլ աղաչել
բազում աւուրս, զի տացէ նմա հրաման գրել զԽոսրովու մասին և զՏրդատայ փախուստն
ի յոյնս և զտիրելն ի վերայ հայոց և զտանջելն զսրբոյն Գրիգորի և զխոզանալն Տրդատայ
և զգնալն ի Կեսարիայ և ի Հռովմ և ապա զպատմութիւն Գիսանե[այ]...» և այնուհետև
ինչպես բնագրում է (էջ 63)։ Բուն տեքստում այս հատվածի գոյությունը մեզ ավելի
քան ճիշտ է թվում նաև այն պատճառով, որ Գրիգորը չցանկանալով այդ անվայել ու ստապատիր
պատմություններին ասորի քարոզիչներին և ընդհանրապես օտարներին իրազեկ դարձնել,
արգելում է Զենոբին այդ մասին իր նամակներում հիշատակել։ Մանավանդ որ նույն տեղում
կա հետևյալ նախադասությունը — «Զի ոչ է օրեն զայնչափ պատմութիւն յասորոց թուղթսն
գրել և յիշատակ Հայոց ոչ թողուլ», որի վերջին մասը նախորդի հետ առնչություն չունի
և գիտակցաբար բաց ենք թողնում։
21 Անհրաժեշտ ենք համարում այստեղ հայտնել, որ նամակները (թղթերը) թարգմանելիս ձգտել ենք ամեն կերպ հարազատ մնալ միջնադարի եկեղեցա-դոգմատիկական գրականության մեջ առատորեն տարածված թղթերի, ճառերի, նամակների ոգուն և ոճին։ Այդ իսկ պատճառով տեղ-տեղ հետևել ենք ավելի ազատ թարգմանության ոճին։
22 Զենոբի այս նամակում կա մի հատված, որը գայթակղության քար է եղել շատերի համար, նաև սխալների տեղիք տվել: Թյուրիմացությունը առաջ է եկել սխալ ընթերցումից՝ բնագրի աղավաղված լինելու պատճառով։ Զենոբը գրում է, թե.— «Եւ դուք մի ինչ աղարտեք զսակաւ պատմութիւնս և կամ թէ Ագաթանգեղոս զայդ ոչ հիշե, զի «ես յառաջագոյն գրեցի քան զնա» (էջ 65)։ Հատվածը այս նույն ձևով է հասկացել ու ընդունել նաև Գ. Զարբհանալյանը («Հայկ. հին դպրութեան պատմութիւն», Վենետիկ, 1897, էջ 234), Մկրտիչ Էմինը նույնպես, ըստ իս, սխալ է թարգմանել ու մեկնաբանել։ Նա ենթադրում է, թե այստեղ խոսքը վե-
[էջ 150]
րաբերում է ոչ թե գործին կամ գրողին, այլ կատարվածին, եղելություններին. «... քանզի,— ասում է նա,— յառաջագոյն (ընդգծումը իրենն է) ասէ ոչ վասն անձին յիւրոյ, այլ վասն գործոցն, որք զառաջինն գործեցան ի հայս ի ձեռն սրբոյն Գրիգորի»։ Ապա ավելացնում է, թե առաջին վայրը, որտեղ Գրիգորը խաչով զինվեց ընդդեմ կուռքերի՝ հռչակավոր Տարոնն էր, իր մեծահամբավ Վահեվահեան մեհյանով (տե՛ս վերը նշված աշխատությունը, էջ 67 և հետևյալն)։ Իսկ որ Վահեվահյան մեհյանն էլ այդ նույն տեղում չի գտնվում, արդեն վաղուց ուրիշների կողմից նկատվել է (Աբեղյան Մ., Երկեր, հ. 1, էջ 189 — 190), Սույն օրինակի հրատարակիչ Ա. Աբրահամյանը տողատակի բացատրականում ավելացնում է, թե ՎԾԼ օրինակներն այդ հատվածն ունեն հետևյալ ձևով — «...Ընդէ՞ր ոչ է զայսոսիկ յիչեալ [Ագաթանգեղոս], զի նա յառաջագոյն էր գրէալ»։ Սակայն տարօրինակ է, որ նա տեքստը կազմելիս դրա վրա ուշադրություն չի դարձնում։ Բնագրի ճիշտ ընթերցվածը վերականգնում է Լ. Խաչիկյանը վերը նշված իր հոդվածում. Լ գրչագրում պահպանված հատվածով սույն խոսքը ճշտվում է այսպես — «Եւ դուք մի ինչ աղարտէք զսակաւ պատմութիւնս և կամ թէ Ագաթանգեղոս ընդէ՞ր ոչ է զայսոսիկ յիշեալ, զի նա յառաջագոյն էր գրեալ»։ Այսպիսով Հովհանի (իմա՝ Զենոբի) ասածից ստացվում է, որ ոչ թե ինքն է Ագաթանգեղոսից առաջ գրել, այլ Ագաթանգեղոսն է ավելի առաջ գրել, սակայն այդ բաները չի գրել, չի հիշատակել։ Անտարակույս է, որ այս վերջինն է ճիշտը։
23 Բնագրի «Ընդ ժամանակս թագաւորութեանն Խոսրովու որդւոյ Վաղարշու վրէժխնդիր լինէր Արտևանայ եղբաւր իւրում...» արտահայտությունը փաստական անճշտություն է պարունակում։ Օգտվելով բանավոր աղբյուրից՝ Զենոբը (նույնն է թե ինքը՝ Հովհանը) պատմական դեպքերն ու անձերը շփոթել է իրար հետ։ Եթե ուղղակի ընդունենք, դուրս է գալիս, որ Խոսրով Երկրորդը Վաղարշի որդին է, միաժամանակ և Արտևանի եղբայրը: Մինչդեռ հայտնի է, որ Վաղարշ Բ-ի որդին Խոսրով Ա-ն է՝ Տրդատ Երկրորդի հայրը, իսկ այստեղ խոսքը վերաբերվում է Խոսրով Բ-ին՝ Տրդատ Մեծի (Գ-ի) հորը (տե՛ս Լեո, Մանանդյան, Խալաթյան և ուրիշներ)։ Ագաթանգեղոսի աշխարհաբար հրատարակության ծանոթագրությունների բաժնում թարգմանիչ Ա. Տեր-Ղևոնդյանն էլ է նշել (անդ. ծանոթ. № 4), որ Ագաթանգեղոսի մոտ նույնպես վիպական տարրի կամ անհավաստի աղբյուրի օգտագործման շնորհիվ այդ նույն անձերը շփոթ ձևով են ներկայացված։ Իսկ ինչ վերաբերում է «Արտևանայ եղբաւր իւrnւմ» արտահայտությանը, ապա հեղինակն այստեղ հավանաբար այն գործածել է ոչ ուղղակի, այլ ազգակից, տոհմակից, այսինքն Արշակունի լինելու իմաստով։
24 «Եւ եղև միջնորդ արքայն ճենաց և ոչ կարաց գրաւել զսիրտ նոցա ի յաշտութիւն» (էջ 67),— ասում է Զենոբը։ Արդեն ժամանակին մեծանուն գիտնական Աբեղյանը նկատել է թե «Այս պատմության մեջ պարզ երևում է Մամիկոնյան նախնիների՝ Մամ-Կոնի զրույցի մի մթնացած արձագանք հետին դարերի»։ Ուստի Դեմետր և Գիսանե անունները համարժեք է դնում Մամիկ և Կոնակ անուններին, ցույց է տալիս, որ «ճիշտ է, անուն-
[էջ 151]
ներն այստեղ տարբեր են, բայց դա նշանակություն չունի... կապն անունի և մոտիվի միջև շատ թույլ է, անունները հաճախ փոխվում են, մոտիվներն ավելի կայուն են»։ «Մամիկոնյանների ծագումը,— ավելացնում է նա, — ըստ Բուզանդի, Խորենացու և Սեբեոսի չինական է, բայց այստեղ երկու եղբայրները Հնդկաստանից են։ Երկու դեպքում ևս այդ պետք է առնվի ոչ իսկական մտքով» (Աբեղյան Մ., Երկեր, Ե., 1966, հ. Ա, էջ 298)։ Ճենաց և հայոց այն ժամանակվա հարաբերությունների անհավանական լինելը նշել է նաև Գր. Խալաթյանը։ Նա իրավացիորեն ենթադրում է, թե այդպիսի մի ազգի գոյությունը Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մեջ պետք է փնտրել («Զենոբ Գլակ...», Վիեննա, 1893, էջ 36 և հետևյալն)։ Հնդիկների մասին Զենոբի հիշատակության վրա առաջինը ուշադրություն է դարձրել Մկրտիչ Էմինը։ Բայց քանի որ նա հակված է Զենոբի մոտ եղած ամեն բան ճիշտ համարել, ուստի և այս էլ է իրողություն համարում (տե՛ս անդ, էջ 72 — 74)։ Հայոց և պարսից թագավորների միջև Ճենաց թագավորի միջնորդության փաստի՝ ինչպես նաև քիչ հետո հիշատակվող սբ. Գրիգորի եղբայր Սուրենի՝ ճենաց երկիրը գնալու և այնտեղ տասնինը (ԺԹ) տարի թագավորելու մասին հիշատակությունները նույն զրույցի հեռավոր, բայց ավելի ևս շփոթ ու աղավաղված արձագանքներն են անշուշտ։ Այս բանը հաստատվում է նաև Ուխտանեսի վկայությամբ, որը բոլորովին տարբեր բան է հաղորդում (տե՛ս ներքևում՝ ծան. №25)։
25 Զենոբը այստեղ մի բոլորովին անհավանական պատմություն է մեջ բերում։ Իբր թե Գրիգորի եղբայր Սուրենը (մի անձնավորություն, որի գոյությունը նույնիսկ կասկածելի է), «... իբրև զարգացաւ (իմա՝ հասակ առավ, մեծացավ) «գնաց երկիրն ճենաց, ետ մահուն Խոսրովուհեայ (սա իր հորաքույրն էր և Ջիվանշիր իշխանի կինը) և կացեալ անդ ամս Ժ (տասը), թագաւորեաց անդ ի վերայ երկրին ճենաց ամս ԺԹ (տասնևինը)» տարի։ Գուցե եղած լինի «ամս Թ» կամ թե՝ «թագաւորեաց ամիսս ԺԹ», իսկ եթե ոչ՝ դուրս է գալիս կատարյալ անհեթեթություն։ Ուխտանես պատմիչը ավելի ուղիղ բացատրություն է տալիս։ Նա դեպքերը պատմում է ինչպես Ագաթանգեղոսը, չնայած նշում է, որ Զենոբ Ասորուց է վերցրել։ Սուրենի՝ ճենաց երկիրը գնալու և այնտեղ թագավորելու մասին նա ոչինչ չի ասում։ «Իսկ զմիւս եղբայր նորայ,— ասում է,— որում անուն կոչէր Սուրեն, առեալ մանկաբարձն տարաւ ի դուռն արքային Պարսից: Եւ նա (արքան) տայ նմա զհօրն խոստացեալ պարգևսն՝ որպէս վերագոյն ասացաք։ Եւ նորա սնեալ առ հօրաքեռն իւրում, որ էր կին որդւոյն (?) Ջաւանշէրի թագաւորին Հեփթաղեայ։ Արդ վասն մանկանն այսորիկ՝ որ էր եղբայր սրբոյն Գրիգորի, Զենոբայ Ասորայ ասացեալ ստուգիւ ի պատմութեան անդ իւրում...» (Ուխտանես, Վաղ-պատ, 1871, էջ 78 — 79)։
26 Գր. Խալաթյանը Զենոբի գրվածքը հավաքագրված է համարում հետևյալ հայ հեղինակներից. Ագաթանգեղոսից (ամենաառատը), Խորենացուց, Սեբեոսից, սբ. Հակոբի վարքից, ինչպես նաև այլ անանուն հեղինակներից։ Անկախ այն բանից՝ ճիշտ է նրա ենթադրությունը, թե ոչ, բայց հավանական պետք է համարել այն պնդումը, թե Զենոբի մոտ ս. Հակոբի վարքը նույնանում է Գր. Լուսավորիչի և Զգոնի ազգակցության մա-
[էջ 152]
սին եղած ավանդությանը... որ դա միևնույն զրույցն է և անձերն էլ նույնն են»։
Ապա ավելացնում է նաև, որ ս. Հակոբի վարքի՝ 7-րդ դարից առաջ գրված լինելը անհավանական
է (Զենոբ Գլակ, էջ 41—44)։ Այդ մասին բոլորովին տարբեր տեսակետ է հայտնել բանասեր
Ղ. Այվազյանը (տե՛ս К. В. Айвазян, «История Тарона» и Армянская литература
IV—VII веков», Ереван, 1976, ст. 11—13):
Նույնիսկ 10-րդ դարի մատենագիր Ուխտանեսի ժամանակ այս մասին զրույցներն արդեն
հակասական և կասկածելի հիմք ունեին։ Նա հետևյալն է գրում. «Արդ ոմանք յԱսորոց
կողման համբաւեն Զգոն ոմն Յակոբ անուն կոչեցեալ, թէ՝ նա է եղբայր Գրիգորի, բայց
չէ ճշմարիտ, զի Յակոբն այն հօրաքեռորդի էր սրբոյն Գրիգորի, և անուն մոր նորա՝
Խոսրովուհի (անդ. էջ 80)։ Այս բոլորը ապացուցում են մի բան, որ հեղինակը դրանք
քաղել, հավաքել և իմի է բերել բազմաթիվ տարբեր ու հակասական [բանավոր] աղբյուրներից։
27 Ներկա՝ մեր օգտագործած օրինակի հրատարակիչը տողատակի ծանոթագրության մեջ նշել է, որ «Լ» գրչագիրն այստեղ «Սագդենէաւ»-ից հետո ունի «[և նորին որդւովն Հրաչէին գնաց ի կողմանս Պարսից և ի դրունս արքունի սնանի ի կողմանս Սարդինաց] յաշխարհն գթաց» և այնուհետև ինչպես տեքստում, բայց որովհետև հատվածը ոչնչով չի կապվում բուն տեքստին, ուստի ավելորդ համարեցինք դնել այստեղ։
28 Զենոբի նամակում Բեկտոր քարոզչին ուղղված հետևյալ միտքը կա հայտնված Գր. Լուսավորիչի ծագման և ազգականության վերաբերմամբ. «Եթէ ստուգիւ կամիս դիտել զայսոսիկ, ով երանելիդ Բեկտոր, ընթերցիր զթագաւորութիւնն Հեփթաղինեկայ Հելլենացի գրով ել կամ զթագաւորութենէն ճենաց, զոր գտանես յՈւռհայ քաղաքի առ Բարդա պատմագրի» (էջ 74)։ Իրավացի է Խալաթյանը, երբ ենթադրում է, թե դրանով Զենոբը ցանկացել է ցույց տալ իր հնարովի պատմության «ստուգությունը»։ «Բարդա անլուր անունը՝ ըստ իս,— ասում է նա,— նպատակով է գործածել այստեղ Զենոբը՝ յուր մտացածին պատմութեան ստուգութիւն տալու դիտմամբ» (նույն տեղում, էջ 48 — 49)։ Զենոբի (գրավոր) աղբյուրներից Գար. Զարբհանալյանը հիշատակում է այս նույն Բարդային (ըստ իս՝ Բարդածանին) և Պիսիդոն թարգմանչին։ Սակայն մենք դժվարանում ենք առանց որևէ հիմքի այս Բարդային նույնացնել մեծ Պատմահոր կողմից հիշատակված Բարդածանի (Բարդեզան) հետ։
29 «Պատմության» 69-րդ էջում այս Բեկտորը կին է առնում Եվթաղեի քրոջը՝ Սոփիին, իսկ 72-րդ էջում նշված է, որ Եվթաղեն նրա աներն է, այսինքն՝ Սոփիի հայրը, մինչդեռ պետք է լինի աներորդին։
30 Ագաթանգեղոսի մոտ Գրիգորը Խորվիրապում մնում է տասներեք տարի (տե՛ս՝ Ագաթանգեղոս, Պատմություն Հայոց, Ե., 1977, էջ 63)։ Սակայն Զենոբի մոտ տասնևհինգ տարի է մնում։ Ագաթանգեղոսի թարգմանիչ-հրատարակիչն էլ է գրում (ծան. 19), թե «ըստ հայկական ձեռագրերի, Գրիգորը Խորվիրապում մնաց «ամս երեքտասան», սակայն Վիեննայի կրկնագիրն ունի «ամս չորեքտասան (Յուշարձան, 118), որը կր-
[էջ 153]
կնված է նաև հունարեն ու արաբերեն թարգմանությունների մեջ (անդ. էջ 170):
31 Վերևում (այստեղ՝ էջ 2) Գրիգորի՝ Ղևոնդ հայրապետին գրած առաջին թղթից երևում է, որ հայոց եպիսկոպոսը և Զենոբ Ասորու եղբայրը ոմն Սիոսն է, մինչդեռ այստեղ Եղիազարն է (Եղիազարոս)։ Վերջինը պետք է ճիշտ համարել։ Անճշտությունը առաջացել է բնագրի սխալ ընթերցելուց:
32 Մեր օգտագործած օրինակի հրատարակիչն էլ է վկայում (էջ 80, տողատակում), թե ՀՄՎՍՊ օրինակները «... իսկ զաւրքս հայոց...» չունեն. նախադասությունը աղավաղված է և հաջորդ բառերի իմաստին չի համապատասխանում։ «... զոր օրինակ սովոր են ասպատակելոյ» արտահայտությունը, բանից դուրս է գալիս, ոչ թե հայոց զորքին է վերաբերում, այլ ամենայն հավանականությամբ՝ քրմական զորքին կամ հյուսիսցիներին, որը սխալ է։
33 Մեզ թվում է, թե բնագրում կիսատ է կամ աղավաղված։ Բացի այդ, մի այլ տեղ (վերևում, էջ 2) Դեմետրը Գիսանեի որդին է (մեհյանն էլ Գիսանեի անունով է կոչվում), ինչպես Քրիստոսն է համարվում Աստծու որդի։ Իսկ այստեղ նրանք եղբայրներ են և Արձան քրմապետի որդիները։ Մի քանի տող հետո էլ Արձանի որդի Դեմետրն է հրավիրում Անգեղտան իշխանին մենամարտելու, սակայն մենամարտում է ինքը՝ Արձան քրմապետը,
34 Բնագրում «... թողեալ զայլ զաւրսն, ուշ նմա արարեալ» (էջ 88) բառացի «ուշադրությունը նրան կամ նրա կողմը դարձրեց»,— ճիշտ լինել չի կարող, այլ անուղղակի, փոխաբերական իմաստով պետք է հասկանալ, այսինքն՝ նրա կողմը դառնալ, նրան հետևել, նրա ետևից գնալ: Այդպես էլ թարգմանեցինք։
35 «Ասպատակել», որ արդեն երկրորդ անգամ է հանդիպում այստեղ, դարձյալ այդ բառի ուղղակի, արդի հայերենում ձեռք բերած իմաստով չպետք է հասկանալ: Նրանք (զինվորները) կռատներն ու բագիններն էին փնտրում, որոնում, ասպատակում, որպեսզի կործանեն, ոչնչացնեն։ Ասպատակել՝ զննել, փնտրել, խուզարկել (տեղանքը)։
36 Հրատարակիչը տողատակի բացատրականում նշել է, որ «Լ» գրչագիրը «Քրիստոսի»... բառից հետո ունի, «Զի թէ անցեալ ժամանակս ոք մոռանայ զյիշատակս տեղեացդ, զայս արձանս բացեալ ընթերցցին»: Սակայն անհասկանալի պատճառով չի դրել տեքստում։
37 Այն ժամանակ, որին վերաբերում է այս դեպքերի հիշատակությունը, առավելապես Զենոբին վերագրվող հատվածների, արաբական (իսմայելացի) թվանշանները դեռևս գոյություն էլ չունեին, թող թե գործածության մեջ մտած լինեին և մեր հեղինակն էլ ծանոթ լիներ դրանց։ Պարզ է, որ նկարագրվող դեպքերից շատ հետո են հավաքված կամ շարադրված այդ պատմությունները, կամ էլ հետագա շրջանում կատարված խմբագրման արդյունք են:
38 Զենոբը վերևում (էջ 77—78) պատմում է, թե Գրիգորին Ղևոնդը uբ. Կարապետի նշխարների հետ տալիս է նաև երկու լուսեղեն ակներ,
[էջ 154]
որոնց նա Ղիգոն է կոչում (Ղինգերին կամ Լիգրոն, լիւգրովն): Բնագրի աղավաղված լինելու պատճառով պարզ չի հասկացվում, թե այդ անունը ինչի՞ն է վերաբերում կամ ո՞ւմ, դրանք տվողին, բերողին, թե՞ հենց ակներին։ Դրանց մասին մի տեղ ակնարկում է նաև Վարդան Բարձրբերդցին, որը ըստ երևույթին Զենոբից է վերցրել: Այստեղ (էջ 101) Զենոբն ասում է. «...և եդ անդ զմին ակն լուսոյ, զոր եբեր ի Կեսարիայէ, և անուն Ղիգոն»։ Գրիգորը դրանցից մեկը դնում է Կարապետի նշխարների հետ միասին տապանում։ Այդ շողարձակ քարերի էության ու գործածության հանգամանալից բացատրությունը տե՛ս Գր. Խալաթյանի՝ վերը նշված աշխատության մեջ (էջ 53):
39 Դժվարանում ենք բացատրել, թե ինչո՞ւ Արշակունի դուռ (Մեր օրինակում՝ Աշակունի ձևով, վենետիկյանը՝ Արշակունի): Ընդհանրապես այսպիսի պատահական և չպատճառաբանված արտահայտություններ, տեղանուններ ու անուններ շատ կան Հովհանի մոտ։ Սակայն հնարավոր է, որ հնում հենց այդպես էլ կոչված լինի։ Հրատարակիչը տողատակում (էջ 102) նշել է, որ Լ գրչագիրն ունի «առ դուռնն յանկիւնն» ձևով, առանց «դրանն Արշակունի» բառերի։
40 Այս Գիսանե և Դեմետր անուններն էլ հենց իր՝ Զենոբի մոտ նույնիսկ մի կայուն ու որոշակի դրություն չունեն (տե՛ս վերևում № 33 բացատրությունը): Մեկ նրանք հնդիկ թագավորի որդիներ են (կամ իշխանական մի տոհմից), մեկ Դեմետրը Գիսանեի որդին է, մեկ նրանք Արձան քրմապետի որդիներն են և այլն։ Շատ պարզ երևում է, որ այդ գալիս է նույն զրույցի տարբեր ու հակասական պատումների օգտագործման հանգամանքից։ Այս անուններին մեր հին շրջանի (մինչև 10–րդ դար) ոչ մի պատմիչ ծանոթ չէ։ Ավելի ուշ շրջանինը Զենոբից են վերցրել: Այդ անունների, ինչպես նաև Կուառ, Մեղտես և Հոռեան եղբայրների ու դրանց հետ կապված զանազան այլ հանգամանքների մանրամասն քննությունը տե՛ս Գր. Խալաթյանի՝ վերը նշված աշխատության մեջ (էջ 53 — 58), նաև Աբեղյանի մոտ (Երկեր, հ. Ա, էջ 298). դրա վրա ուշադրություն են դարձրել նաև ակադ. Ն. Մառը, բանասեր Ղ. Այվազյանը, Բ. Ուլուբաբյանը և շատ ուրիշներ։
41 Բնագրում «Եւ զայս ասացեալ խաղաղեցաւ տեղին ի մենջ և անյայտնի եղև նշանաւք բևեռացն և փափագողացն» (էջ 116) նախադասությունը բառացի թարգմանությամբ անհաջող և միտքն աղճատված է ստացվում։ Գուցե և գրչագրի խաթարված լինելու պատճառով է այդպես եղել և տարբեր խոսքերի մասերը միացել են իրար։ Հաջորդ պարբերության մեջ ավելի ակնառու է մտքի աղավաղումը, ուստի թարգմանեցինք փոքր–ինչ ազատ:
42 «Արդ, ինչ որ զկնի այսոցիկ՝ և զայն թողաք այլ պատմագրի, մինչև դարձեալ կրկին դառնա պատմութիւնս ի Տարաւն, զի որպէս զայլ տեղեացն չէ գրեալ, զի թագաւորաց ժամանակագիրք էն» (էջ 116)։ Այստեղ նույնպես, ինչպես նշեցինք, եթե նույնիսկ ձեռագրերում պակաս կամ աղավաղում էլ չլիներ, դարձյալ պարզ չի հասկացվում, թե հեղինակը ի՞նչ դեպքեր կամ կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունի՝ անվանելով «ժամանակագիրք
[էջ 155]
թագաւորաց» «Տարոնի պատմության» մեջ, հատկապես Զենոբին վերագրված մասում, շատ հաճախ հանդիպող այս հակասությունների վերաբերյալ հավանական է ենթադրել, թե հեղինակը (կամ հավաքողը) դրանք վերցրած լինի պատահական, մեծի մասամբ բանավոր աղբյուրներից և «կարկատան» արած, ինչպես արդեն նկատվել է բանասիրության կողմից:
43 Այս երկրորդ պատճենի վերնագրի վերաբերյալ մեր օգտագործած օրինակում հրատարակիչը տողատակի բացատրականում ցույց է տվել, որ ձեռագրերում մի քանի տարբերակներ ունի։ Լ ձեռագրում՝ «Պատճէն յերկրորդ պատերազմին որ յԱրձանն եղև»։
ՎՍ—«Պատճէն երկրորդ։ Վասն պատերազմին որ յԱրձանն եղև»:
ՊՀ— յԱրձանայ... (պակասավոր է)։
Վճ — «Պատճէն երկրորդ պատերազմին, գալոյն Գեդռեհոնի քառասուն հազար արամբ վերայ արքային հայոց Տրդատայ»։ Այստեղ դնում ենք այնպես, ինչպես Լ գրչագրում է, քանի որ այդ է ընդհանուրը բոլորի համար:
44 Սույն պատճենի սկզբում, վերնագրից հետո, Լ գրչագիրը պահպանել է նաև մի փոքր հատված, որը մյուսները չունեն և ներկա օրինակի հրատարակիչը անհասկանալի պատճառով տեքստում բաց է թողել զետեղելով այն տողատակում։ Այս է. «...ի ժամանակս յայնոսիկ լուր եհաս...» և հետևյալն։ Թարգմանության մեջ վերականգնեցինք ամբողջությամբ իր տեղում, քանի որ նախ՝ ազդարարում է ինչ-որ մտքի սկիզբը և երկրորդ՝ սերտ կապակցություն է ստեղծում նախորդ ու հաջորդ՝ նոր սկսվող պարբերությունների միջև։
45 «... կողմնապահ թողին զիշխանն Աղձնեաց, Դռով անուն նորա»: Դռով անունը, ինչպես պարզ երևում է, հայացի չէ։ Հրատարակիչն էլ է նկատում, որ ԼԴՍՎ օրինակները «Դռով անուն նորա»–ի փոխարեն ունեն «չորեք հազար արամբք» և եզրակացնում է, թե «Գուցեև աղավաղված լինի «Դռովը՝ ԴՌ–ով»–ից, այսինքն «չորեք հազար»–ից: Հնարավոր է. սակայն պետք է նկատել, որ այստեղ խոսքը վերաբերում է մի մարդու, մեկ անձի, որը կաշառվելով՝ սահմանն անպաշտպան է թողել ու գնացել, և ոչ թե ԴՌ (չորս հազար) հոգուց բաղկացած զորքի։ Հնարավոր է նաև, որ լինի իսկական անվան աղավաղված ձևը։
46 «... զաւրքն սկսան կազմել փողոց թագաւորին (այլ օրինակներում՝ Հ, ՀՄ, Պ ամրոց կազմել) զի յԱձանն ելցէ»։ Կազմել փողոց կամ ամրոց արտահայտությունը չպետք է ուղղակի իմաստով հասկանալ: Այդ նշանակում է շարքերը կազմել, ամրացնել, պատնեշ ստեղծել: Փոքր ինչ ներքևում (էջ 134) նույնպես կա նշված հետևյալ ձևով. «Ե ի վաղիւն սկսան ռազմ կազմել և փողոցս պատերազմին թողել Բ դրունս և դռնապանս...» և այլն։ Նշանակում է գունդ-գունդ նախապատրաստել, դասավորել, թևերում պահապաններ կարգել, կազմ ու պատրաստ լինել,
47 «Եւ ի վիրս մտեալ՝ ի բազում տեղիս կոտորեցին»— այսպիսի ընթերցումը սխալ է և գրվածքի բուն մտքին էլ հակասում է: Եթե այս նույն ձևով թարգմանենք, կստացվի, որ նրանք (այսինքն՝ հյուսիսցիները) են Վրաստանի այլ և այլ վայրերում կոտորած սփռել: Մինչդեռ իրականում,
[էջ 156]
ինչպես և երևում է տեքստի հետագա շարունակությունից, իրենք՝ հյուսիսցիներն են Վրաստանում ևս ահագին քանակությամբ ջարդվել։
48 Այստեղ փոքր–ինչ անորոշ է խոսում____«Եւ զկնի այսորիկ եթէ իմանալ ոք կամիսցի զայլն, ի պատմագիրս հարցցէ»։ Պարզ չի հասկացվում, թե ի՞նչ պատմագիրների կամ կոնկրետ ո՞ւմ ի նկատի ունի հեղինակը... Գուցե Ագաթանգեղոսի՞ն։
49 Ինչպես արդեն նշվել է վերևում, երրորդ հատվածը պատճեններ չունի։ Այստեղ տրվում է միայն սբ. Կարապետի վանքում վանահայր եղած անձանց ոչ ճշգրիտ ցուցակը, որը հեղինակը կամ, որ ավելի հավանական է, հավաքող–խմբագրողը բերում հասցնում է մինչև 7–րդ դարը։ Եվ բացի դրանից պարունակում է նաև մի քանի զուտ բանավոր աղբյուրներից քաղված, պատմության հետ ոչ մի կապ չունեցող զրույցներ։ Հենց այստեղից էլ սկսվում է սույն «Պատմության»՝ Հովհան Մամիկոնյանին վերագրված կամ իրեն պատկանող բաժինը։
50 Գր. Լուսավորչի վերջին օրերի մասին հետևյալն է գրում (էջ 145). Եպիփանի՝ Գլակա վանքում վանահայրության օրերում նա՝ Գրիգորը, եկավ վանքը, բարձրացավ Անտոնի ու Կրոնիդեսի գտնված վայրը՝ Ավետյաց բլուրը։ Բայց սրանք իբր Գրիգորին խորհուրդ են տալիս հեռանալ այդտեղից. «... գնա,— ասում են,— յանապատ յանմարդաբնակ տեղիս, զի մի ոք փառաւորութիւն մատուցանէ քում սրբութանդ» (ՎԼՍԲ)։ Ուստի այստեղ չորս ամիս մնալուց հետո, անցնում գնում է Մանյա կոչված այրը (իմա՝ ճգնարան, անապատ), որտեղ և «ամս Է կացեալ՝ վախճանի ի կենաց ի փառս Աստուծոյ»։ Բայց ավելի հավանական է թվում ոչ թե «ամս Է», այլ «ամիսս Է»-ն, որովհետև հազիվ թե այդ օրերում նա յոթը տարի շարունակ անգործ որևէ տեղ նստեր, մինչև մահանար։
51 Կյուրեղից, թե՞ Գրիգորից հետո (ՍԼԲ) հիշատակվում է ոմն «Ըղիմիդոս
կամ Ղիմինդոս՝ ամս Ժ». սակայն այդ անունը բաց է թողնված մեր օրինակի բուն տեքստում
և զետեղված է տողատակում։ Նրա մասին ասված է. «... (Սա առաջին եպիսկոպոս ձեռնադրվեցաւ
ի Մանդակունւոյն Յոհաննէ հայոց Կաթողիկոսէ։ Սա գնաց ընդ Վարդանայ հայոց Կաթողիկոսի
ի ժողովն Հոռոմոց, յորում ամենայն Հայք, Վիրք և Յոյնք առ Զենոնիւ կայսեր Բ ի
Քրիստոս հաւատացին և մի բնութիւն խոստով[ան]եցան»։
Անհասկանալի պատճառով հրատարակիչը այս հատվածը, ինչպես նաև «Uտեփաննոս՝ ամս Զ...»
և նույն Ստեփանոսի՝ Կոմիտասի մոտ գնալու, նրանից սբ. Հռիփսիմյանց նշխարները բերելու
և Գլակա վանքում հաստատելու վերաբերյալ հատվածը բաց է թողել։ Գուցե ի նկատի է
ունեցել փաստի կասկածելի լինե՞լը։ Բայց եթե այդպես մոտենալու լինենք, մեր այս
հեղինակի մոտ, մանավանդ այդ գլխում, ամեն ինչ է կասկածելի, երբեմն նույնիսկ չափազանց
հեռու ճշմարտությունից։ Թարգմանության մեջ երկուսն էլ վերականգնեցինք իրենց տեղում։
52 Գլակա վանքի հիմնադրումից մինչև Մուշեղ Մամիկոնյանի՝ Տարոնում իշխան դառնալը (ըստ Հովհանի) կազմում է մոտավորապես 180 տարի, սա համապատասխանում է Գլակա վանքում առաջնորդ եղած կրոնավորների վանահայրության տարիների մոտավոր գումարին։ Մուշեղի ապրած դարաշրջանը 7–րդ դարն է։ Նրա և նրան ժամանակակից (նաև հա-
[էջ 157]
ջորդող) դեպքերի ավելի մանրամասն ու ավելի ճշմարտամոտ նկարագրությունը տրված է Սեբեոսի «Պատմության» մեջ, որից անտարակույս շատ բան է վերցրել մեր այս հեղինակը։ Սակայն Հովհանի մոտ, եթե ուղղակի ընդունենք նրա ասածը, ստացվում է հարյուրից ավելի տարիների տարբերություն, որը մի շատ սովորական բան է նրա համար։
53 Կանանց մուտքը սբ. Կարապետի վանքը հնուց ի վեր արգելված է եղել։ Պատճառն այն էր, որ իբր սբ. Կարապետին (կամ նույն ինքը՝ Հովհաննես Մկրտչին) մատնողը մի ինչ-որ կին է եղել։ Սակայն մեր ձեռքի տակ եղած օրինակի առաջաբանում հրատարակիչը (վկայակոչելով «ուսումնասիրողներից ոմանց») հետևյալ բացատրությունն է տալիս, «Ուսումնասիրողներից ոմանք կանանց մուտքը սբ. Կարապետի վանքն արգելելը բացատրում են նրանով, որ հեթանոսական շրջանում աղջիկներն իրենց կուսությունը խախտելիս են եղել Կարապետի վանքի տեղում եղած մեհյանում (թերևս Անահիտի)։ Քրիստոնեությունն այդ մեհյանը վանքի վերածելով և ցանկանալով անցյալի այդ սովորությունն արմատախիլ անել, արգելեց կանանց ուխտագնացությունը դեպի Կարապետի վանքը» (էջ 10 — 11)։ Մեր կարծիքով դա հավանական, բայց ոչ բացարձակ ճշմարտություն է. ավանդության հիմքերը թերևս ավելի մոտ լինեն իրականությանը։
54 Այստեղ ոչ մի հակասություն չկա։ Հայտնի է, որ հնում դրամը հաշվվում էր և՛ համրելով, և՛ կշռելով, և՛ չափելով (կոտով, ինչպես մեր էպոսի մեջ է)։ Բնագրում «... այս իշխան կշռեաց ԻԲՌ դահեկան և տարաւ ետ նոյն իշխանին» արտահայտությունը պետք է հենց չափելու իմաստով էլ հասկանալ։
55 Սա ամենայն հավանականությամբ նույն Բահլ Շահաստանն է, որը պարսկական մարզերից մեկն էր՝ համանուն բնակավայրով։ Այդ նույն անունով էլ պահպանված կա մի շարք ձեռագրերում և օրինակներում (ՎԲԼՍ), ինչպես նաև՝ Սեբեոս եպիսկոպոսի «Պատմության» մեջ։
56 Ըստ հին ավանդության հունաց Մորիկ կայսրը, երբ իշխանության գլուխ անցավ, մի ժամանակ անց մի նամակ է գրում պարսից Խոսրով արքային, որով առաջարկում է երկուստեք հայերին ուղարկեն իրենց թշնամիների դեմ կռվելու և այդպիսով ոչնչանալու՝ որպես մի «խոտոր ու անհնազանդ» ազգի։ Այս ավանդությունը շատ պատկերավոր շարադրված է Սեբեոսի «Պատմության» մեջ*։ Չնայած այստեղ որոշ անուններ տարբեր են, և Սեբեոսն էլ փոքր–ինչ այլ կերպ է պատմում, սակայն պարզ երևում է, որ նույն ավանդության մեկ այլ տարբերակն է՝ բանավոր կերպով անցած, կամ Հովհանն ուղղակի օգտվել է Սեբեոսից՝ աննշան փոփոխության ենթարկելով նրա հաղորդածը։
57 Բնագրում չորրորդ գլխի կամ հատվածի վերնագիրն է. «Գլուխ պարսից պատմութիւն»։ ՍԼԲ օրինակներում ոչ թե «Պատմութիւն», այլ «պատմութեան», իսկ ՍՎ օրինակներն սկզբից ունեն «Գլուխ Բ», ինչպես որ ցույց է տրված մեր այս օրինակում ևս։ Իսկապես, պարսից պատմությանն առնչվող սա երկրորդ գլուխն է գրքում (կամ երկրորդ պատճենը)։ Լ. Խա-
______________________
* Տե՛ս Սեբեոս Եպիսկոպոս, Պատմութիւն ի Հերակլն, Ե., 1939, էջ 49:
[էջ 158]
չիկյանն էլ է ընդունում «Գլուխ պարսից պատմութեան» ձևը, բայց առանց «Բ»-ի, որովհետև ըստ Լ. Խաչիկյանի՝ դա չորրորդ գլխի առաջին պատճենն է:
58 Բնագրական սովորական աղավաղումից առաջ է եկել կապակցության անհասկանալի, ուստի և սխալ ըմբռնումը։ Եթե ուղղակի թարգմանվեր, ապա դուրս կգար իմաստին լրիվ հակառակ հասկացություն։ Հետևելով աղոթքի մտքի տրամաբանական ընթացքին՝ թարգմանության մեջ ձգտեցինք վերականգնել ավելի հավանական ու ճշմարտամոտ իմաստը։
59 Հրատարակիչը տողատակում տալիս է հետևյալ բացատրությունը, թե իր կողմից օգտագործված օրինակներից ՎՊՄՀ-ն «Եւ ոչ կրելով»–ից մինչև «Պարսպեայ, տէ՛ր...» հատվածը (էջ 167), այսինքն մինչև 168-րդ էջի 5-րդ տողը կրճատված է և մտքի կապակցությունը խախտվում է։ Ինքն իրավացիորեն այդ (ինչպես նաև մի այլ հատված քիչ ներքևում՝ էջ 172) զետեղել է գրքի համապատասխան տեղերում, որովհետև, իսկապես, եթե չդրվի, ապա աղոթքի տեքստը կիսատ է մնում։ Թարգմանության մեջ մենք ևս հետևեցինք նրա օրինակին։
60 Գրքի 170 –րդ էջում «Ի սմանէ դևք պատկառին՝ ոչ իշխելով դժրել
(ՎԼՍ եւ մի դժրեսցէն գսպասաւորք սորա) ի սպասավորաց սորա» արտահայտության մեջ
«դժրել» սակավադեպ բառն իր տեղում չէ, ուստի և կապակցություն ամբողջությամբ՝
անհասկանալի։ Ըստ Աճառյանի «Հայերեն արմատական բառարանի» (էջ 695) դրուժ[ան]
բառի տառադարձված ձևն է (դժրել-դրուժ, էջ 666)։ Դրուժ — «վնասակար մի դև» = Պհլ.
փարս. druj, զնդ. druj» — «Կին դև է, չարության և անմաքրության դևը», ծագում
է drug «խաբել» արմատից և բուն նշանակում է «խաբող»... և հետևյալն։ Հովհանի մոտ
որոշ չափով համապատասխանում է խաբել իմաստին, համենայն դեպս ավելի մոտիկ է։
«Նոր բառգիրք հայկազյան լեզվին» (1979, էջ 621) ունի իբրև նենգող, ստող, խաբող
և այլ համանման իմաստներով։ Այս վերջին իմաստով էլ գործածված ենք համարում մեր
տեքստում։
61 «Իսկ ոմանք հասեալ ի Մ ուշեղայ իշխանէն տեղեկանալ վասն զաւրացն, իբրև տեսին զնոսա կոտորեալս, հիացան և փութանակի երթեալ պատմեցին իշխանին Մ ուշեղայ» (էջ 176)։ Անճշտությունն ըստ երևույթին գրչագրական է, քանի որ իրենք՝ հայերը, տեղյակ չեն իրենց զորքի դրության մասին և գնում են Մուշեղ իշխանից իմանալու, մինչդեռ Մուշեղը նրանցից է լսում թշնամիների կողմից նրանց ջարդվելու մասին։ Ձեռագրերի համեմատությունը նույնպես ոչինչ չի տվել հրատարակչին, և տողատակում դրա վերաբերյալ նա ըստ էության բան չի նշել:
62 Բնագրում «... զի այս ՃԻ ամ է, զի ես ի պատերազմ եմ մղեալ» և հետևյալն ակնհայտ չափազանցության համար հրատարակիչը տողատակում նշում է, որ Ս օրինակն ունի՝ «[թէ քանի ամք են], որ այս».-ձևով, որն ավելի ճիշտը պետք է համարել։ Սակայն թարգմանության մեջ թողեցինք «...շուրջ հարյուր քսան տարի...» ձևով, դարձյալ իբրև Հովհանի ոճին հարազատ մի բան։
[էջ 159]
63. «... քանզի իմ [միակ] որդին մեռավ տասներկու տարեկան հասակում» — Մուշեղի խոսքի կապակցությամբ ո՛չ մեր օգտագործած օրինակի հրատարակիչը, ո՛չ էլ վենետիկցիները ոչինչ չեն ասում: Ուստի բոլորովին անհասկանալի է Մուշեղի այդ խոսքի իմաստը, մանավանդ որ հետագա գործողություններն ամբողջությամբ պտտվում են նրա որդի Վահանի շուրջը։ Երկու անգամ այդ խոսքը կրկնվում է. կարելի է կարծել, թե Վահանը նրա համար հոգեորդի, հոգեզավակ էր։
64 Մեր օգտագործած օրինակում եղած՝ «... [իսկ եթէ ի վերայ մարմնաւոր ընչից իջանես ի մարտ] և այն քաջ/ութեան անուն, զի ես այլ ժառանգ ոչ ունիմ...» արտահայտությունը խիստ աղավաղված է և միտքն էլ (ինչպես պարզ երևում է)՝ աղճատված։ Տողատակում նշված է, որ ԼՍ օրինակներն ունեն՝ [և եթէ ի վերայ մարմնաւոր իրաց]՝ այն քեզ անուն քաջութեան է...», որ գրեթե նույնն է։ Երկու դեպքում էլ նախադասության կազմում պակաս կա։ Մոտավոր միտքն այն է Մուշեղի հորդորի, որ եթե նույնիսկ նյութականի համար, քո անձի համար էլ կռվես, այս դեպքում էլ գոնե քաջության անուն կվաստակես։ Այսպես խրախուսում, քաջալերում է Վահանին։
65 Խմբագրող–հրատարակիչն էլ այստեղ ոչ մի կերպ չի կարողացել վերականգնել նախնական ճիշտ ձևը և միտքն ուղիղ մեկնաբանել: Նույնն է նաև վենետիկյան հրատարակություններում։ Հրատարակողն էլ է նկատել խոսքի անհետևողականությունը, անկանոնությունը, սակայն ոչ մի պարզաբանում չի տվել, Վերևում (աստ. բաց. N 63) Մուշեղը Վահանին ասում է, թե իր միակ որդին մահացել է տասներկու տարեկան հասակում: Այստեղ էլ. «... զի ես այլ ժառանգ ոչ ունիմ»— Մուշեղի ասածը բոլորովին անտեղի է և չի կապվում նախադասության օրգանական կազմությանը։ Սրան հաջորդող իրադարձություններում Վահանը միշտ հիշատակվում է իբրև Մուշեղի որդի, ժառանգորդ և նրա գործի շարունակող։
66 Գրքում (էջ 180) «յԱստղաւն ձևով»՝ այդ ամրոցի համար, ամենայն հավանականությամբ աղավաղված է։ Հաջորդ տողերում (այն էլ մի քանի անգամ) գործածված է «յԱստղունս» (Աստղունք) և «յԱստղաւնս» (Աստղոնք) ձևով։ Ավելի ճիշտ ենք համարում վերջինը։
67 Պարզ չէ՝ այնտեղ գտնվող, այսինքն բերդում, իր հայկական զորքի միջոցո՞վ, թե՞ իր հետ բերած չորս հազար պարսիկների համար էր դարան պատրաստել, մանավանդ որ այդ պահին իր զինվորները հեռու էին գտնվում։ Հետագա՝ «... ի ձեռս գալ զաւրացն» արտահայտությունից պարզվում է, որ Միհրանի՝ Վահանին հանձնած զորքի համար էր գործված Օձ քաղաքի այդ դարանը. այդ ավելի ճիշտ է արտահայտում Վահանի կատարած նման քայլի իմաստը։
68 Այստեղ չհամաձայնեցված հաշիվ է անում Հովհանը։ Վահանն այդ ժամանակ իր հետ ուներ ընդամենը հինգ հարյուր զինվոր, որոնցից երեք հարյուրը թողնում է մի տեղ, երկու հարյուրը՝ մեկ այլ տեղ և դեռ երկու հարյուրն էլ իր մոտ է մնում։ Տողատակում ցույց է տրված, որ ԼՍ օրինակները Մ-ի փոխարեն ունեն հարյուր (Ճ) ձևով, որը դարձյալ հարյուր մարդու տարբերություն է տալիս։
[էջ 160]
69 Հովհանի «Պատմությունը» պարունակող մի շարք գրչագրերում կամ օրինակներում (ՀՄՎՍԼ) սույն կապակցությունը կա հետևյալ ձևով՝ «..և մի ոմն ի նոցանէ ի մ օրն թաքուցեալ...», մյուսներում՝ ի դին թաքուցեալ», հավանական է ենթադրել նաև «ան[դին] թաքուցեալ» լինի։ Կարծում ենք «ի մօրն» է ճիշտը, այսինքն թե՝ մորիների մեջ, անտառի թավուտներում կամ մորուտներում։
70 «Պարսից խորտկարարդ, աո զաղս» (էջ 188) արտահայտությունը, որ այստեղ գործածված է ծաղրանքով, այպանքով, երկու իմաստով կարելի է հասկանալ, նախ՝ պարսիկների գլուխներից, մարմիններից համեղ խորտիկներ, ճաշեր պատրաստող, ապա նաև՝ պարսկական համով խորտիկներ պատրաստող, որպես լավ խոհարար։ Ավելի ճշմարտամոտ ենք համարում նախորդ իմաստով այստեղ գործածված լինելը։
71 Տեքստում «... որ և զնուիրակն և զդպիրն վասն պատճառի ոչ ետ տանել ի բանդ» — սխալ է և հակառակ իմաստն է ստացվել։ Տողատակում հրատարակիչը նշում է, որ ՎԼՍ օրինակները ունեն «... պատճառոյ իրաց արկանել ետ ի բանտն» (էջ 193), որը մեզ ավելի ճիշտ է թվում, որովհետև այդ ձևով ավելի ճիշտ է արտահայտում Վահանի այդօրինակ քայլի իմաստը։
72 «Եւ զիշխանն Մուշեղ ետ ածել ի քաղաքն...» (պետք է լինի «զիշխանսն» (էջ 195). կարծես օրգանական ոչ մի կապ չունի նախորդ նախադասության մտքի հետ, կամ խմբագրական սխալ է։ Հավանականն այն է, թե վերցված ինչքն ու ավարը հանձնում է Մուշեղին, վերջինս էլ իշխաններին պատվիրում է՝ տանել քաղաք։ Իսկ եթե՝ ոչ, ապա հատված է պակասում։
73 Նիա կամ ծիա անունով ծով կամ լիճ գոյություն չունի։ Թվում է, թե գրչագրական աղավաղություն լինի որևէ այլ անվան կամ բառի անճիշտ ընթերցումից։ Գուցե և լինի «զնա», որ ծովի ափին էր իջևանել. այդ ձևով ունեն ՎԾԼՍ օրինակները (... իջեալ էր նա յեզեր ծովուն»), որպես ցույց է տրված տողատակում (էջ 196)։
74 Բնագրի «... եւ ձեզ ընդ ակամբ էաք» կամ «ակամբ էաք» խոսքը բառացի թարգմանությամբ անհեթեթ բան կստացվեր, կլիներ «աչքի առաջ առնել», «աչքի առնել կամ աչքով տալ», ուստի՝ հետևելով գրվածքի տրամաբանական ընթացքին, նպատակահարմար համարեցինք տալ ազատ թարգմանությամբ, որպեսզի համապատասխանի զրույցի մտքին և ոճն էլ պահպանված լինի։
75 «... ընդ յԱւետեաց բլուրն և ընդ Ասնի միջի», որտեղ ցույց է տրված տեր Թոդիկի հանգստարանը, թվում է անճիշտ, աղավաղված։ Հրատարակիչը ևս նշում է (էջ 204, տողատակում), որ մի շարք օրինակներում՝ «ՍՎԼԲ եկեղեցւոյ (Ս-եկեղեցւոյն) ի հիւսիսոյ։ Ընդ արևելս փխ. Ընդ Աւետեաց... միջի, ՊՀՄՎԾ՝ ընդ Աւետեաց բլուրն իբրև ակն ի միջի» ձևերով են պահպանվել, որ ավելի ճշմարտամոտ է թվում։ Մանավանդ, որ Ասնի անվամբ բլուր կամ բարձունք կամ ընդհանրապես տեղանուն այդ կողմերում չի հիշատակվում։ Գուցե «ակն ի միջի»–ից տառադարձված ձևով այդպես պահպանված լինի։
[էջ 161]
76. Մեր օգտագործած օրինակում խմբագրողը «... որոյ եկեալ ի յԱպահունիս...» հատվածը (էջ 206) անհասկանալի պատճառով զետեղել է ամենակարճառոտ և բացահայտորեն կիսատ ձևով՝ ամբողջականը նշելով տողատակում, նկատում է, սակայն, որ Պոլսի հրատարակությունը, որը եղածներից հնագույնն է, ինչպես նաև ՎԼՍԲ օրինակները սույն հատվածն ունեն ընդարձակ ձևով, որը հենց համապատասխանում է կոնտեքստի նույն պարբերության բովանդակությանը։ Գրվածքի միտքն ամբողջական ու անաղարտ պահելու նկատառումով թարգմանության մեջ զետեղեցինք այդ ընդարձակ տարբերակը։
77 Վերը ասվածին համաձայն և ինկատի ունենալով, որ հրատարակիչը՝ ինքն էլ է նշում, թե այստեղ մի շարք ձեռագրերում (ինչպես նաև հրատարակված օրինակներում) պակաս ու մանավանդ խեղաթյուրում կա (ԼՍԲ), ուստի «... Եւ շինէ զաւերեալ [Ձիւնկերտ] քաղաք մեծ. և փոխէ զանուն քաղաքին ըստ անուան կնոջն իւրոյ Պարպէս, այսինքն է համեղ» հատվածը, որը մեր օգտագործած օրինակում կարծում ենք իր տեղում չէ, ուստի և զետեղեցինք «քաղաք մեծ»-ից անմիջապես հետո, որպեսզի օրգանական կապակցություն ունենա նրա հետ։
78 Եթե ինչ–ինչ բառեր չեն պակասում, ապա դժվար է հասկանալ՝ այնտեղ բնակվող վայրի կենդանիներն են հեծյալներին հանկարծակի տեսնելով գահավեժ եղել, թե՞ թշնամու զինվորներն են վայրի գազաններին հեծյալներ կարծել ու վախից գահավեժ եղել։
79 Այս հատվածը նույնպես աղավաղված ձևով է ներկայացրած մեզ հասած տեքստերում (աստ՝ էջ 207)։ Լեռնաբլրի անունը (Գոռոզ) վերափոխելու մասին խոսք լինել չի կարող, այլ որպես թե լեռան վրա մի ավան էլ իր որդու անունով է շինել տալիս և նրա անունով կոչում Գռգռոս (կամ Գռեգուռոս)։ Իրականում լեռն է Գրգռոս կոչվել, որից էլ հետագայում առաջ է եկել Գրգուռ կամ Գռգուռ ձևը։ Հովհանի մոտ, ինչպես արդեն նկատել ենք վերևում, գրեթե բոլոր անուններն էլ, հատկապես տեղանունները, մտացածին են, ուստի և անհավանական ու սխալ։
80 Այստեղ Հովհանը անհարկի ներկայացնում է Վահանի և նրա իշխանների մոտ եղած զորքերի քանակը, այն էլ բավականին ուռճեցրած թվերով, նախորդ, ինչպես և հաջորդ պարբերությունների հետ էլ այնքան սերտ առնչություն չունի։ Պարսից թագավորը երեսուն հազարանոց մի բանակ էր հանձնել Վախթանգին և ուղարկել Հայաստան։ Մինչդեռ վերջինս ընդամենը վեց հազարն է ուղարկում Վահանի դեմ։ Բացի դրանից, հենց իր՝ Վահանի զորքերի թիվն էլ սխալ է հաշված։ Ընդամենը պետք է լիներ քսանինը հազար ութ հարյուր։ Պոլսի օրինակը տալիս է «ԻԵՌ և ութը հարյուր, փոխանակ լինի ԻԹՌ և ութը հարյուր։
81 «... գնաց ի վերայ նորա յԱնտաք (էջ 218) արտահայտությունից որոշակի չի հասկացվում, թե այդ ի՞նչ տեղի մասին է խոսքը և իսկական անունն էլ ի՞նչ է։ Ինչպես ցույց է տրված տողատակում՝ ՎԼՍԲ օրինակներն ունեն նաև յԱնդակ ձևով։ Շատ հավանական է ենթադրել, որ խոսքն այստեղ Անդոկ սարին վերաբերի, Անդոկա բաշ կոչված տեղին։ Ուշ միջնադարյան ավանդույթում Անտաք ձևով էր գրվում Անտիոք քաղաքը։
[էջ 162]
82 «Եւ եկին զաւրքն ի գիշերի և պատեցին զնոքաւք» — արտահայտությունից նույնպես պարզ չի հասկացվում, թե այդ ո՞ր զորքի մասին է խոսքը։ Վախթանգի զո՞րքն էր շրջապատել Սմբատին, թե՞ Սմբատն էր շրջապատել և ուզում էր մութ գիշերով հարձակվել թշնամու վրա։ Հետագա տողերից կարելի է եզրակացնել, որ Սմբատն էր շրջապատված և ցանկանում էր հարձակվել գիշերով՝ շրջապատումից դուրս պրծնելու նպատակով։ Ըստ հաջորդ պարբերության՝ այդպես էլ լինում է։
83 Հրատարակիչը՝ ինքն էլ է նշում, որ այստեղ թերթերը պատռված են մինչև «... միամտութեամբ սբ. Կարապետին» բառերը։ Իսկապես, որ միտքն աղճատված է և դժվարությամբ է իրար կապակցվում։ Այդ ավելի ակնառու երևում է հաջորդ տողերում, այն է՝ «Եւ այնչափ կոտորեցին զնոսա, մինչև հեղեղատք արեանց ելին...» և հետևյալն։ Թվում է, թե ինչ-որ գերբնական էակ է նրանց կոտորողը, մինչդեռ պակասում են բառեր, որոնցից պարզ կդառնար, որ կոտորողը Սմբատի զորքերն են։ Բայց թե ի՞նչ կապ ունի այստեղ «արեան հեղեղները» Թիլ անվան հետ՝ մնում է անհասկանալի։ Դա էլ, ըստ երևույթին, Հովհանին հատուկ և սազական հնարովի մեկնություններից մեկն է։
84 Թե ինչո՞ւ է Սմբատի որդին Կամսարական կոչվում, այդ էլ է անհասկանալի։ Եթե իր պապի անունով է, ինչպես պնդում է հեղինակը, ապա նա պետք է Մամիկոնյան լիներ և ոչ Կամսարական։ Գուցե մորական պապի անունով` ինչպես որ ենթադրվում է և ինչպես վկայակոչված է Հովհանի «Հիշատակարանում» և որի անունը նույնպես Վահան է։ Դժվարանում ենք որևէ հաստատուն բացատրության տալ։
85 Բնագրում՝ «Եւ ծիծաղեալ Ամբատայ ընդ յաղի բանսն Սուրենայ...» խոսքի մեջ դժվար է հասկանալ, թե ի՞նչ իմաստով է գործածված «յաղի» բառը։ Յաղի, յաղուի— նշանակում է ողբերգակա՞ն, թե, իրո՞ք զավեշտական։ «Նոր բառգիրք Հայկազյան լեզվին» աղիողորմ բառի իմաստի հետ է կապում։
86 «... բայց հարիւր ութսուն հազար դահեկանի լուր փայտ են տարեալ ի Քարքեոյ...» և հետևյալն (էջ 232)։ Այստեղ միայն մեկ անգամ գործածված ենք գտնում այս «լուր» բառը՝ հավանաբար զուտ, միայն, լոկ իմաստով: Այսպիսի բացատրություն չունի ՆՀԲ-ը, սակայն Աճառյանի «Արմատական բառարանը» լուրը բացատրել է լոկ, միայն թե, միայն (անդ՝ հ. 2, էջ 304) իմաստով, որը միանգամայն ճշտորեն համապատասխանում է մեր տեքստի մտքին։
87 «Բայց գի նենգել կամէր պարսկին...» արտահայտությունից, ինչպես նաև Ա. Աբրահամյանի կողմից հրատարակված օրինակի տողատակում եղած այլ գրչագրերի համեմատությունից պարզ չի հասկացվում, թե նենգողը, խորամանկողը ով է. Սմբա՞տը, որ ուզում էր խաբել պարսկին, չնայած դրա կարիքը նա բոլորովին էլ չուներ, թե՞ պարսիկը, որի նենգությունից զգուշանալով Սմբատը դիմում է այդ քայլին։ Հավանական ենք համարում այս վերջինը՝ ի նկատի ունենալով նաև հետևյալը. Պոլսի հրատարակությունը հատվածն ունի այսպես,— «Բայց զի նենգել կամէր զօրացն պարսից՝ թողու զորդին իւր»։ Լ օրինակը՝ «... բայց նենգել կամէր
[էջ 163]
րացն պարսից թողու զորքին իւր»։ Լ օրինակը՝ «...Բայց նենգել կամէր զաւրանց պարսից զկինն և զորդին (Վ— զկին և զորդին)։
83 «Իսկ նորա թողեալ զահեակ թեւն յորդին իւր ի Վահան...» և հետևյալն (էջ 241). անորոշ է, թե ո՞ւմ որդու մասին է խոսքը՝ Սմբատի՞, թե՞ Վարազի որդին էլ էր Վահան կոչվում։ Ենթադրվում է, որ վերջինն ավելի ճիշտ է, քանի որ մի անորոշ ակնարկություն էլ է անում այս Վահանի մասին, թե Վահանահովիտը կառուցել տվեց, իսկ Սմբատի որդի Վահանի մասին այդպիսի բան չի ասում։
89 «Եւ յինքեանս առին և սկսան կոտորել զպատերազմագլուխսն...» խոսքից կարելի է կարծել, որ մեկն աջ, մյուսը ձախ կողմերից վրա գալով, սկսեցին կոտորել նախ ռազմաճակատի գլխավոր թևերը (ծայրամասերը, ռազմաճակատի գլուխները), ապա՝ երկու կողմերից մեջտեղում սեղմելով, թշնամուն ահաբեկել ու ոչնչացնել։
90 Հովհանն ասում է, թե այս Եպիփանն էր, որ մասնակցեց Հերակլ կայսեր կողմից գումարված կրոնական ժողովին և նզովեց բազում եպիսկոպոսների, որոնք ստիպմամբ քաղքեդոնականությունն էին ընդունել։ Բայց Հովհանը ճիշտը չգիտի. այս դեպքերի մասին ևս հավանաբար քաղած լինի բանավոր և աղավաղված աղբյուրից։ Սեբեոսը, հետագայում նաև Ստեփանոս Ասողիկը պատմում են, որ Հերակլի կողմից գումարված ժողովին մասնակցել են Եզր կաթողիկոսն ու նրա մի քանի համախոհները, որոնք, իսկապես, հաղորդվեցին քաղկեդոնիկ կայսեր հետ, նույնն է, թե ընդունեցին նրա դավանանքը։ Իսկ այդ պատճառով նրանց անարգողն ու նզովողը եղել է ժամանակի մեծահամբավ ու հռչակավոր Հովհան Մայրագոմեցի վարդապետը*։ Բայց թե Հովհանը որտեղից է վերցրել Եպիփանի՝ այդ ժողովին մասնակցած լինելու տեղեկությունը, հայտնի չէ։
91 Մեր օգտագործած օրինակում այս հատվածը նշանակված է որպես երրորդ գլուխ, որը, սակայն, ընդունելի չէ։ Վենետիկի 1889 թ. հրատարակությունն ունի այսպես՝ «Գլուխ չորրորդ, Վասն գալոյն Տիգրանայ, և կոտորածին՝ որ ի Հոնընկէցն», որը նույնպես ճիշտ չէ։ Ինչպես տողատակում ցույց է տվել մեր օրինակի հրատարակիչը, «ԼՍ՝ գլուխ երրորդ պատճէնին...», իսկ «Վ-ն՝ գլուխ չորրորդ պատճէնին...» և այլն: Քանի որ գրչագրերում «Պատմության» տեքստը որոշակի կառուցվածք չունի և առանձին գլուխների էլ բաժանված չի, ուստի ըստ հաջորդականության սա, իսկապես, պետք է լիներ Չորրորդ գլխի երրորդ պատճենը կամ հատվածը։ Թարգմանության մեջ պահպանել ենք նույն հաջորդականությունը՝ առանց նշելու գլուխը։
92 Այդ մասին տե՛ս Լ. Խաչիկյանի կատարած համեմատությունը վերը նշված հոդվածում, ինչպես նաև՝ Վենետիկի 1889 թ. հրատարակությունը։ Մեր օրինակում սույն հատվածը զետեղված է տողատակում և ցույց է տրված, որ այն ունեն միայն ՎԼՍ օրինակները, մյուսներում չկա։
__________________
* Այդ մասին տե՛ս Կ. Կոստանյան, «Հովհան Մանդակունի և Հովհան Մայրագոմեցի», Էջմիածին, 1913. այլե՝ Աբեղյան Մ. հ. Գ., և ուրիշներ:
[էջ 164]
93 «... էր սա զատակաց յայլոց բանակացն» արտահայտությունը ԼՍ օրինակներն ունեն «...և էր սա զատական յայլ բանակաց» (Ս— բանակացն) ձևով։ Իմաստային մեկնությամբ ավելի մոտիկ է անջատված, մնացած-ին: ՆՀԲ-ն ունի հետևյալ բացատրությունը. «Զատական»-ի, աց, 1-ին իսկ նշանակութեամբ՝ զատուցեալ, որոշեալ, աննման, զատանելի, և բաժանելի, և մեկուսի (քջ 717): Նույն մեր այս օրինակը բերված է իբրև փաստ՝ ուրիշ մի քանի օրինակների հետ միասին, դրանից երևում է, որ ավելի ճիշտ պետք է համարել «զատական» ձևը, այսինքն՝ այլ բանակներից ջոկված, ընտրված, առանձնացված, զատված։
94 Բնագրում՝ նախորդ պարբերության մեջ, Վահանը զորքի մի մասին, ջորիների հետ, տանում մոտեցնում է հոների բանակին, սակայն հաջորդ տողերում հայոց հակառակորդները ոչ թե հոներն են, այլ դարձյալ պարսիկները։ Պոլսի հրատարակությունը նույնպես մատնանշում է, որ պարսկական զորքն է այդտեղ: Սա ևս Հովհանի անհետևողականությունից եկած բազմաթիվ անճշտություններից մեկն է և թող զարմանալի չթվա։
95 ԼՍՎ օրինակներն ունեն «յերկուս դեհս» ձևով, փոխանակ «Յերիս», որն ավելի հավանական պետք է համարել։
96 ՎԼՍ օրինակներն ունեն այսպես՝ «... չորս հազար արանց համարով (այսինքն՝ համրանքով) ձգեցին» (մեր օրինակում՝ էջ 262)։ Բացի դրանից նույն էջում, քիչ ներքև եղած «ԸՌ-այրը» ԼՍ գրչագրերը չունեն (Ա. Ա., տողատակի ծանոթագրությունները)։
97 «Եւ հանդէս արարեալ կոչեցաւ անուն տեղւոյն հանդիսեանս» (ՎԼՍ՝ հանդիսեանք). դրանից հետո (էջ 262), ինչպես ցույց է տրված նաև տողատակում, ՎԼՍ օրինակներն ունեն՝ [«... ել խաբկանօք կամ էին գնալ յԱպահունիս»], որը սակայն բացակայում է այլ գրչագրերում։ Մեզ նույնպես թվում է, թե ավելորդ ընդմիջարկություն է. տեքստի հետ էլ ոչ մի կապակցություն չունի։ Նույնիսկ չի էլ հասկացվում, թե խոսքն ո՞ւմ է վերաբերվում՝ հայո՞ց, թե՞ պարսից։
98 «... Եկին հասին զաւրքն յԱպահունեաց իբրեւ երեք Ռ (երեք հազար) պարսիկք և խառնեցան ընդ յիրեարս» (էջ 363) արտահայտությունից պարզ չի երևում, թե խոսքն ո՞ւմ մասին է։ ՎԼՍ-ն ունեն հետևյալ ձևով. «... տեսին զաւրքն հայոց՝ զի խառնեցան ի պարսիկս զաւրքն յԱպահունեաց, լքան և երկիր կործանեցան». սա ավելի հավանական է թվում։ Մեր օրինակից որոշակի չի հասկացվում՝ Ապահունիքի հայկական զորքե՞րը եկան միացան պարսիկներին, թե՞ դեպի Ապահունիք փախած պարսիկ զորքերից երեք հազարը եկան միացան իրենց զորքերին, որը պատճառ դարձավ հայոց զորքի վհատվելուն։
99 ՎԼՍ օրինակներն այս հատվածն ունեն հետևյալ ձևով. «... և այժմ տես զմեզ, զի աստի թշնամիք[ն] և անտի գետն...» և այնուհետև ինչպես տեքստում է (էջ 264, տողատակում)։
100 Վերևում արդեն նկատել ենք, որ Հովհանի դրած տեղանունները մեծի մասամբ բռնազբոսիկ են ու կամայական։ Այստեղ նույնպես՝ Այծեսան կամ Այծսան, նաև Այծտան կոչումները ոչ մի կերպ չեն հարմարվում, չեն բխում նրա խոսքերից՝ իբրև տրամաբանական հետևություն։
[էջ 165]
ՎԼՍ-ն ունեն այսպես. «... ընդ ձորն [ետս զգետնին դիպելով], զոր սովորեցան Յետսանգ (ՍՎԾ՝ Յետանգ, Վ` Յետսանկ) կոչել տեղւոյն», որն ավելի մոտ է, ինչ-որ չափով ավելի է հարմարվում նախադասությանը։
101 Մի ոչ շատ ծավալուն հատված՝ այն է. «... սկսալ մի-մի ունել զնոսա և զթլպատսն կտրել» մինչև «...Եւ որք ապրեցան...» բառերը կրճատված է, որը սակայն, ինչպես հրատարակիչն էլ է նշել տողատակում (էջ 266) ունեն ՎԼՍ օրինակները։ Բայց չի նշում, թե ինչո՞ւ է այդ հատվածն անտեսել, մանավանդ որ իմաստով սերտորեն կապված է գրվածքի նախորդ և հաջորդ պարբերություններին, թարգմանության մեջ ամբողջությամբ վերականգնեցինք։
102 Այստեղ «... եւ եդ ի նշխարաց սրբոյն Ստեփաննոսի անյայտս զձախ բոյթ ոտին սրբոյն նախավկային» արտահայտությունից անմիջապես նկատվում է, որ տեքստը աղավաղված է, և կապակցությունը՝ խախտված։ Դրանից անմիջապես հետո սկսվող «... և այլ ոչ է հայտ» կապակցությանը հաջորդող տողերի համար հրատարակիչը տողատակում նշում է, որ Լ գրչագրում նույնպես մեկ թերթ՝ մինչև «Ծիծռան խաչի» բառերը պակասում է (աստ. էջ 267)։
103 «... Եւ նստի յաթոռ նորա Դաւիթ Գ ամ (ՍՎ՝ ամս Գ [որ էր (Վ է) ԻԳ-երորդ ի սրբոյն Գրիգորէ]» արտահայտության մեջ նույնպես փաստական անճշտություն կա։ Հենց իր՝ Հովհանի հաշվարկով էլ, որ տրված է սբ. Կարապետի առաջնորդների գլխում, Գրիգորից հետո եկել են տասնհինգ վանահայրեր, մինչև Ստեփանոսը։ Նրանցից հետո հիշատակվում են երկուսն էլ՝ Եպիփանն ու Դավիթը, որ կլիներ ԺԸ և ոչ թե ԻԳ, ինչպես գրում է նա։ Ա. Աբրահամյանը «Պատմության» առաջաբանում (էջ XXVI) նկատում է, որ «Վասն գալոյն Տիգրանայ» գլխի վերջում Վահանի մահը «ի հայրապետութեանն Դաւթի» նշանակելը ընդմիջարկություն է (Դավիթը կաթողիկոս է եղել 728 — 741 թվականներին»): Այսօրինակ փաստական անճշտություն պետք է համարել նաև փոքր-ինչ հետո ոմն Գրիգորին ԻԵ-երորդը (քսանհինգերորդը) համարելը (էջ 270)։ «... սա առաջին եպիսկոպոս ձեռնադրվեցավ հայոց կաթողիկոս Հովհան Մանդակունու կողմից։ Ապա հայոց Վարդան կաթողիկոսի հետ Հոռոմոց [եկեղեցական] ժողովին գնաց մասնակցեց, որտեղ հայերը, վրացիները և հույները Զենոն կայսեր հետ միասին քրիստոնեությունն ընդունեցին և Քրիստոսի մի բնություն ունենալը խոստովանեցին» (աստ. էջ 146)։ Անհասկանալի պատճառով հրատարակիչը այս հատվածը ևս բաց է թողել։ Գուցե ի նկատի է ունեցել փաստի կասկածելի լինելը։ Բաց է թողնված նաև «... Ստեփաննոս՝ ամս Զ.» և նույն Ստեփանոսի մասին հետևյալ հատվածը,— «... Սա հայոց Կոմիտաս կաթողիկոսի ժամանակ ելավ գնաց նրա մոտ և Հռիփսիմյան սրբուհիների նշխարներից մի որոշ մասը բերեց հաստատեց Գլակա վանքում, որի վանահայրը հենց ինքն էր. քանզի Կոմիտասը արդեն վերաշինել էր Հռիփսիմյան կույսերի վկայարանը...» (էջ 247)։ Երկու հատվածն էլ վերականգնեցինք։
104 Բնագրում «...և առաքեաց զորս ի Տարաւն» նախադասությունը միացել է նախորդի հետ, ուստի և չի հասկացվում, թե ո՞վ զորք ուղար-
[էջ 166]
կեց։ Պարբերության շարունակությունից է միայն հասկացվում, որ խոսքը պարսից արքային է վերաբերում:
105 «Պատմության» մեջ Տիրանը հենց նոր հանդես է գալիս, դեռևս մանկահասակ պատանի է, սակայն արդեն բարձր դիրքի արժանացած, մանավանդ որ դեռ ոչ մի գործ չի արել և իր կատարած հայրենանվեր գործերով աչքի չի ընկել։ Ինչպես արդեն նշվել է բանասիրության կողմից, սա «Տարոնի պատերազմի» ցիկլում գոյություն ունեցող Տիրանն է և կապ չունի իրական-պատմական որևէ անձի հետ:
106 Բնագրում «Եւ արձակեցին առ հայր Գրիգոր Գլակա վանիցն// և տարան ի պատերազմ... » խոսքից իսկույն նկատվում է, որ շարահյուսական կապակցություն չկա և ինչ-որ պակաս կա։ Այդպես էլ նաև դրան հաջորդող նախադասությունն է՝ «... և ընդ Ծ կրաւնաւորն ժամահար մի», պետք է լինի «ընդ Ժ կրաւնաւորն» (այսինքն՝ յուրաքանչյուր տասնյակի), ինչպես որ ունեն Ս և Վ օրինակները և ինչպես որ ցույց է ՝ տրված տողատակի բացատրականում (Ա.Ա., էջ 270)։
107 Ս և Վ օրինակները, ինչպես ցույց է տրված տողատակում (Ա. Ա., էջ 273), ունեն հետևյալ հատվածը. «Իսկ Վահանայ մտեալ ի գետն՝ [կապեաց զերիվարն ի վերայ ողինն հանդերձ զինաւն] և յայն կոյս եանց...», որը հրատարակիչը անհասկանալի պատճառով բաց է թողել։ Դրեցինք իր տեղում։
108 Տեքստում մի ամբողջ հատված խիստ կերպով աղճատված է։ 273-րդ էջում (տող՝ ներքևից 4) հետևյալն ենք կարդում. «... եւ մինչև եհաս առ նոսա այրն, որ ունէր զգլուխն Վարդուհր[է] աւագի նոցա»։ Հաջորդ` 274-րդ էջում (տող՝ վերևից 1) ընթերցվածից պարզվում է, որ Վարդուհրը մենամարտի է դուրս գալիս Վահանի որդի Տիրանի դեմ. «Եւ եկեալ միմեանց Վարդուհրի և Տիրան, ասէ Վարդուհ//րի...» և հետևյալն, մինչդեռ նա արդեն գլխատված էր։ Հրատարակիչը տողատակի բացատրության մեջ գրում է, թե Պոլսի հրատարակությունը «մինչ»-ից «նոցա» կրճատված է։ Սակայն պարզվում է, որ ոչ թե կրճատված է, այլ աղավաղված, ետևառաջություն կա, գուցե և ոչ տեղին հավելում է։
109 Ավելի ճիշտ պետք է համարել «ներքև անկիր» ձևը, որպեսզի ավելի մոտ լինի, հարմարվի այլ օրինակներում (ՎՍ) եղած ավելի հավանական՝ «Ներքին Անկնիս» տեղանվանը։
110 Մեր կողմից օգտագործված տեքստում տողատակում նշված է, որ վերջում ՀՎՄՍ օրինակներն ունեն հետևյալ վերջաբանը.— «Վճար եղև պատերազմին Տարաւնոյ... մինչև օրհնութեամբ եղիցի»։ (Այսինքն՝ Ավարտվեց Տարոնի հինգ առաքինի իշխանների՝ Մուշեղի, Վահանի, Սմբատի, Վահան Կամսարականի և Տիրանի մղած պատերազմի պատմությունը։ Թող հավերժ օրհնված լինի նրանց հիշատակը)։ Սակայն ինչպես շատ այլ տեղերում, նույնպես և այս հատվածը թվում է անհարազատ, ուրիշների կողմից հետագայում ավելացված։ Թերևս հենց այդ նկատառումով էլ հրատարակիչն այն զետեղել է տողատակում միայն։ Դժվարանում ենք այդ մասին որևէ հաստատուն բան ասել։
111 «Պատմության» վերջում զետեղված է մի փոքրիկ գլուխ՝ Տիրանի
[էջ 167]
մահվան և Աղի ծովի ափին տեղի ունեցած պատերազմի մասին, ապա նաև՝ իբրև սրա շարունակություն, կցված է Հովհանի հայտնի «Հիշատակարանը», որի՝ Հովհան Մամիկոնյանի կողմից գրված լինելու վավերականությանը ուսումնասիրողներից շատերն են կասկածել։ Այսպես, Մ. Չամչյանը, Մ. Էմինը, Գ. Զարբհանալյանը և ուրիշներ առանց երկմտության «Հիշատակարանը» համարել են Հովհանի գործը։ Մեր օրինակի կազմող և հրատարակիչ Ա. Աբրահամյանը Հովհանին համարում է միայն «Հիշատակարանի» հեղինակ, իսկ ամբողջ պատմության նյութերի համար՝ որպես հավաքող-խմբագրող ու թարգմանիչ։ Դրա հավաստիության համար առայժմ դժվար է որևէ հաստատուն բան ասել։ Բացի դրանից՝ Ծիծառի խաչի և Տիրանի մահվան մասին եղած հատվածները Ա. Աբրահամյանը ենթադրում է օտարամուտ և Հովհանի կազմած ժողովածուի հետ ոչ մի կապ չունեցող։ Իսկ թե ինչո՞ւ է Ծիծառի խաչի պատմությունն ընկած Տիրանի մահվան մասին եղածից առաջ, անհասկանալի է։ Ինքը՝ Աբրահամյանն էլ է այդ նույն ձևով դասավորել խմբագրված տեքստում, սակայն նշելով, որ մի շարք գրչագրերում այդ երկու հատվածներն էլ գոյություն չունեն։
112 Չնայած Հովհանը պնդում է, թե ինչ որ պատմում է Ծիծառի խաչի մասին ստուգապես տեղի ունեցած իրողություն է, սակայն հենց իր ներկայացրած հաշվով էլ հայոց և հոռոմոց տարեթվերը սխալ են ներկայացված և չեն համապատասխանում իրականությանը։ Պարզ է, որ քրիստոնեական որևէ լեգենդից է մնացած եղել կամ պարզապես մի հնարովի պատմություն է։
113 Մեր օգտագործած օրինակից պարզ չի հասկացվում՝ Տիրանը պարսից զորքի՞ն է առաջնորդում հույների դեմ, թե՞ հայոց։ Հետագա տողերից կարելի է ենթադրել, որ՝ հայոց զորքերին (283 էջ)։
114 Դեմեսլեկոս — Զինվորական բարձր աստիճան բյուզանդական կայսրության մեջ։
115 Այստեղ արդեն, ինչպես նույնը տեսնում ենք Սեբեոսի մոտ, պատմական դեպքերի շարադրումը չի համապատասխանում իրադարձությունների հաջորդական ընթացքին, այլ պատմվում է արաբների երևան գալու և նրանց դեմ մղվող կռիվների մասին։ Սա ևս Հովհանի ժամանակագրության անհետևողականությունից ու անճշտությունից է գալիս (աստ. էջ 97)։
116 Բնագրում (էջ 286) «... խմբեցան յառաւաւտէ մինչև յերրորդ ժամն» արտահայտությունը նշանակում է, որ դեռ նոր են համախմբվում, պատրաստվում կռվի։ Սակայն տեքստում անմիջապես հաջորդում են «Դեռևս փախըստեայ էին արարեալ զՏաճկաստանսն» բառերը, որ նախորդ նախադասության օրգանական շարունակությունը լինել չի կարող։ Բացահայտ երևում է, որ տեքստում տողեր են պակասում։
1. Տիտղոսաթերթ եւ այլն |
2. Նախաբան
3. Տարոնի պատմությունը, որ թարգմանել
է ասորիների Զենոբ եպիսկոպոսը
4. Պատճեններ I- IV... Ծիծառի Խաչի պատմությունը...
Վահանի որդի Տիրանի մահվան եւ աղի ծովի ափին տեղի ունեցած պատերազմի մասին...
5. Ձեռագրերը և հրատարակությունները |
6. Ծանոթագրություններ
7. Անձնանունների ցանկ | 8. Տեղանունների
ցանկ
9. Բովանդակություն (ըստ գրքի)
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝
ԵՐԵՎԱՆ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂ» — 1989 |
Տես նաև |