ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Հովհան Մամիկոնյան

ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


[էջ 117]

ՁԵՌԱԳՐԵՐԸ ԵՎ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տարոնի պատմության» առհասարակ գոյություն ունեցող գրչագրերի կամ դրանց խմբավորումների գրեթե ամբողջական պատկերը ներկայացված է պրոֆ. Ա. Աբրահամյանի կողմից՝ իր կազմած և հրատարակած օրինակի առաջաբանում (Ե., 1941)։ Այստեղ Ա. Աբրահամյանը գրում է, թե, «ՀՍՍՀ պետ. Մատենադարանում, որի ձեռագրական ֆոնդի մեջ մտնում են ինչպես Էջմիածնի, այնպես էլ այլ ձեռագրական ժողովածուներ, կա Զենոբին և Հովհանին վերագրվող պատմությունների ոչ թե երկու, այլ քսաներկու* գրչագրեր, որոնք հայտնի են դարձել Մատենադարանի թեմատիկ ցուցակագրումը կազմելիս (անդ՝ էջ 5)։ Աբրահամյանը հավաստում է նաև, որ «Պատմութիւն Տարօնոյ» աշխատության ներկա տեքստը Զենոբ Գլակի և Հովհան Մամիկոնյանի անուններով հայտնի ու հրատարակված պատմությունների մի նոր խմբագրությունն է (էջ 6)։ Գրչագրերի ճյուղագրությունը կազմելիս նա նկատում է, որ այնտեղ պահպանված այդ նույն աշխատության երկու ուրիշ խմբագրություններ ևս գոյություն ունեն։ Բայց եզրակացնում է, որ «... եղած բոլոր խմբագրություններից հնագույնը հրատարակության հանձնվող ներկա տեքստն է»։ Հնագույնը կարող է լինել, չենք առարկում, սակայն առավել ամբողջականն ու համեմատաբար անխաթարը չէ, ինչպես տեսնում ենք Լ. Խաչիկյանի՝ բազմիցս հիշատակված քննական հոդվածից։ Աբրահամյանը համեմատել և ներքևում նշել է նաև մյուս խմբագրությունների կարևոր տարբերությունները։ Նա ներկայացնում է սույն Պատմության գրչագրական մեկ այլ խմբագրություն ևս, որը, սակայն, հիմնական տեքստի համեմատությամբ շատ տարբերություններ է պարունակում և, ինչպես նկատում է, «Փաստորեն հանդիսանում է այդ տեքստի մի այլ վերապատումը», որի մեջ շատ հատվածներ անկասկած հետագա գրիչների կողմից են մտցված։ Ուստի և հարկ չի համարում ներկայացնել այդ տարբերությունները. և իրավացի է։ Նույն առաջաբա-

___________________

* Այժմ պարզված է, որ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում պահվում են Հովհան Մամիկոնյանի Պատմությունը պարունակող մոտ հինգ տասնյակ ձեռագրեր (ծանոթություն խմբագրի):

[էջ 118]

նում նա մանրամասնորեն ներկայացրել է Մաշտոցի անվան Մատենադարանում գտնվող բոլոր գրչագրերի նկարագիրը, ինչպես նաև՝ գրչագրերի ճյուղագրության գծապատկերը։

Ուսումնասիրված և միմյանց հետ համեմատված գրչագրերը Աբրահամյանը պայմանականորեն վեց հիմնական խմբերի է բաժանել, որոնց նկարագրությունը այստեղ չենք բերում։

1. «0» խումբ, որն ունի միայն մեկ գրչագիր՝ № 1328-ը (անցյալում ունեցել է Էջմիածնի № 1446 թվահամարը, իսկ Կարինյան ֆոնդի՝ № 1410-ը): Դա է հիմնականում Ա. Աբրահամյանի օգտագործածը, որը Լ. Խաչիկյանը չի համարում եղածներից լավագույնը, հակառակ Աբրահամյանի։

2. «Լ» խումբ՝ М 1912 գրչագրի խումբը, որի մեջ մտնող № 1886 գրչագրի տեքստն է Լ. Խաչիկյանը համարում Մատենադարանում եղածներից լավագույնը։ Այս նույն տեսակետն է պաշտպանում նաև ԳԱ Հր. Աճառյանի անվան Հայոց լեզվի ինստիտուտի աշխատակից Վազգեն Համբարձումյանը, որը թեկնածուական դիսերտացիա է գրել «Հովհաննես Մամիկոնյանի լեզուն և ոճը» թեմայով։

3. «Վ» խմբին են պատկանում, ըստ Աբրահամյանի, ութ գրչագրեր, որոնց թվահամարները, գրիչների անուններն ու գրության թվականները նշված են։ Տողատակում, սակայն, հեղինակը ենթադրում է, թե «Վ» խումբը՝ որոշ փոփոխություններով, թերևս սկիզբ է առնում «Լ»-ից, քանի որ դրանց մեջ նմանությունները շատ մեծ են, Վենետիկյան 1832 թ. հրատարակության նախաբանում հրատարակիչը նշել է, թե այն կազմված է Վենետիկում եղած հինգ ամենաընտիր գրչագրերի բաղդատության հիման վրա։ «Այլ մեք,— ազդարարում է նա,— ի ստուգագոյն օրինակաց զտպագիրս զայս արարաք, հնգեակ օրինակաց բաղդատութեամբ ըստ կարի ուղղագրեալ»։ Իսկ այդ հինգ «ստուգագույն» գրչագրերի տարբերությունները, ինչպես նկատում է Աբրահամյանը, նշված են էջերի ներքևի լուսանցքներում (անդ՝ էջ XXIII)։ Այստեղ Աբրահամյանն առանձնացնում է երեք ուրիշ գրչագիր հատվածներ էլ, որոնք, սակայն, համարում է «Վ» խմբին պատկանող հատվածներ, ուստի և «առանձին խումբ չեն ներկայացնում»։ Ալիշանը Զենոբին վերաբերվող երեք տարբեր ձեռագրեր է հիշատակում.

ա. Սկիզբն Պատմութեան Հայոց և ժամանակագրութեան Զենովբայ Ասորւոյ, որ ձեռնադրեցալ ի սրբոյն ԳրիգորԷ եպիսկոպոս երկրին Մամիկոնենից»։

բ. «Սկիզբն Պատմութեան Չորրորդ Հայոց, ի ժամանակագրութենէ Զենովբայ Ասորվոյ, որ ձեռնադրվեցաւ առաջին եպիսկոպոս»։

գ. «Պատմութիւն Տարօնոյ» զոր թարգմանեաց Զենոբ Ասորին՝ եպիսկոպոսն։ Այստեղ թիվ 2 գրչագիրը, ինչպես տեսնում ենք, Տարոնը մտցնում է Չորրորդ Հայքի մեջ. Ալիշանը համամիտ է դրան և պատճառաբանում է նրանով, թե Չորրորդ Հայքը, որ նույն Ծոջքն է (Ծոփաց աշխարհ կոչվածը), Տուրուբերանի նահանգն է, Տարոնի սահմանում և այն ժամանակ թերևս մտնում էր Չորրորդ Հայքի մեջ*:

[էջ 119]

4. «Պ» խմբի մեջ է մտցնում միայն Հովհաննես և Սիմոն գրիչների կողմից 1758 թվականին ընդօրինակված գրչագիրը։

5. «Ն» խմբի մեջ է տեղադրվում երկու գրչագրեր. «Աստվածատուր գրիչի ընդօրինակածը՝ 1589 թվականին և Սարգիս գրիչինը՝ 1672 թվականին,

6. «Հ» խմբի մեջ է մտցնում յոթը տարբեր գրչագրեր (այդ թվում՝ նաև № 1885 և № 6724 թվահամարներով գրչագրերի տեքստերը): Նորից է հայտնում, որ հիշյալ խմբավորումները խիստ պայմանական են, քանի որ դրանք էլ, ամենայն հավանականությամբ, բխում են մեկը մյուսից, այնքան որ նմանությունները ակնառու են. իհարկե որոշակի փոփոխությունների ենթարկված։

Խմբավորումների պայմանականությունը պրոֆ. Աբրահամյանը պատճառաբանում է նրանով, որ «Չկային հիշատակարաններ, որոնք անվիճելի կռվաններ տային կապելու ինչպես առանձին խմբերն իրար հետ, այնպես և նույն խմբի այս կամ այն ձեոագիրը տվյալ խմբի հետ։ Այն ձեռագրերը, որոնց կապն անվիճելի է, մենք ճյուղագրության մեջ տալիս ենք գծերով, իսկ այն ձեռագրերը, որոնց կապը ենթադրական է՝ տալիս ենք կետերով» (անդ՝ էջ XX–XXI):

Չնայած այն հանգամանքին, որ պրոֆ. Աբրահամյանը մանրակրկիտ և հանգամանալից քննության է ենթարկել «Տարոնի պատմության»՝ Մատենադարանում պահպանված բոլոր գրչագրերն ու ավել դրանց գրեթե ամբողջական նկարագիրը (որոշ վիճելի կետերով միայն), սակայն խնդրին բոլորովին այլ մոտեցում է ցուցաբերել ակադ. Լ. Խաչիկյանը՝ սույն հրատարակության առիթով գրված իր քննադատական հոդվածում*։ Նա գրչագրական օրինակներում եղած տարընթերցումները, որոնք իսկապես որ բազմաքանակ են, տեքստաբանական համեմատական ճշգրտումների է ենթարկում ըստ № 1886 ձեռագրի տվյալների, դրանք, իրոք, շատ կարևոր են և մեծապես նպաստում են այս «Պատմության» նյութերի ճիշտ խմբավորմանն ու թարգմանությանը։ Բերենք մի երկու բնորոշ օրինակ. «Տարոնի պատմության» մեջ (1941 թ. հրատ., էջ 47) պարբերությունը սկսվում է. «Տեառն և սիրելի եղբարց և հալածական մշակացդ վասն բանին կենաց...», «Լ» խմբի տեքստով ճշտվում է այսպես՝ «Տեառն սիրեցեալ եղբարցդ...» և հետևյալները: Նույն հատվածում «կենաց» բառից հետո՝ «Գրիգորիոս արքեպիսկոպոս Հայոց» արտահայտությունը պետք է անպայման վերականգնվի համապատասխան մասում, որպեսզի հասկացվի, թե նամակի գրողն ո՞վ է**. Հիսուներկուերորդ էջում խմբագրված տեքստում Երուսաղեմի պատրիարքի անունը չի հիշատակված: «Լ» գրչագիրն ունի՝ «Վախճանեցաւ Երուսաղեմի հայրապետն Սիմաքոս», Կամ «էջ 52 — 53) «Իսկ Եղիազար եկեալ... մինչև... ապա խնդրեալ ի նշխարաց...» հատվածից պարզ չի երևում, թե խնդրողն ո՞վ է. «Լ» գրչագրով պարզվում է՝ «Խնդրեալ սրբոյն Գրիգորի» և այլն: Մի շարք այլ կարգի թերություններ

___________________

* Տե՛ս այստեղ՝ նախաբան:

** Նույն տեղում, էջ 144 և հետևյալները:

[էջ 120]

էլ է նկատում Լ. Խաչիկյանը, օրինակ՝ բնագրից դուրս հանված և հրատարակված բնագրում տեղ չգտած հատվածներ, նախադասություններ կամ պարբերություններ, իսկ դա միայն նրա համար, որ պակասում են 1328 թվահամարով գրչագրում (տես՝ 112, 114, 140, 145, 160 և այլ էջերում)։ Խմբագրված տեքստում շատ են հատկապես տեղանունների (օրինակ՝ Անկիւղ—Անկեղ—Անգեղ, Դովնադաշտի— Դունայ դաշտին, Մեղտոյ — Մեզտեայ, Հոռա—Հոռենայ—Հոռեան, Բասեն — Բասեան, Բալխաստան— Բահլ Շահաստան, Բուստր — Բոստր և այլն), անձնանունների (օրինակ՝ Մամիկոնէից— Մոմիկոնենից, ի Պարթևն —Պարտաւն, Ուգուհի — Ոգուհի, Գիսիանէ—Գիսանէ, Մորիկ—Մուրիկ, Կիւրիղ—Կիւրեղ, Նիհորճէն — Նիխորճէս և այլն), նույնպես և զանազան բառակապակցությունների, արտահայտությունների տարաբնույթ հորջորջումներ և աղավաղումներ, որոնց մասին արդեն հիշատակել ենք վերևում, նախաբանում։ Բայց նորից ենք կրկնում, որ դրանց մեծ մասը հետևանք են գրչագրական օրինակների չափազանց աղավաղ ձևով պահպանված լինելու, այնպես որ երբեմն նույնիսկ դժվար է հաստատապես որոշել, թե ո՞ր հորջորջումն է ավելի հավանական կամ հարազատ տվյալ տեքստին։ Առավել ևս, որ հրատարակիչը գրչագրական այդ տարընթերցումները նշել է տողատակի լուսանցքում։

Իր «Զենոբ Գլակ» համեմատական ուսումնասիրության» մեջ Գր. Խալաթյանը վկայում է, որ «Լազարյան ճեմարանի Մասնագիտական դասարանների (լիկէոնի) Մատենադարանում կա Զենոբի Պատմութեան մի բաղդատութիւն (ձեռագիր, Ս. Էջմիածնի հինգ ձեռագիր եւ երկու տպագիր հրատարակությունների հետ» (աշխատասիրությամբ Պր, Ա, Պիտանյանցի, 1881 թ., անդ՝ էջ 39)։

Վերջապես, «Հանդես ամսօրեաի» 1894 թվականի 7-րդ (հուլիս) համարում կա տպված Խաչատուր Հովհաննիսյանի հաղորդումն այն մասին, թե ինքը Մոսկվայի Լազարյան ճեմարանում ապրիլի 29–ից առաջ, Զատկի տոներին (օրը չի նշում) Խերսոնի նահանգից ստացել է մի հին ձեռագիր՝ ավագ քահանա Տեր–Դավիթ Շահինյանից։ Այն գրված է նոտրգրով՝ ՌԿԵ (1616) թվականին և պարունակում է մի քանի հեղինակներից կիսատ պատմություններ, ապա՝ Կիրակոս Գանձակեցու և Թովմա Մեծոփեցու պատմությունները, ինչպես նաև Զենոբի «Տարօնոյ պատմութեան» մի մասը հետևյալ խորագրով, «Զենոբա եպիսկոպոսին խօսք վասն առաջաւորին պահոց երկուշաբթին ել ի վերայ զիւտ նշխարաց սուրբ Կարապետին»։ Խ. Հովհաննիսյանը այդ հատվածը համեմատում է Վենետիկի 1832–ի հրատարակության հետ և նկատում բավականաչափ տարբերություններ, որոնք ներկայացնում է՝ համադրելով համապատասխան հատվածները։ Հրատարակչությունն այդ կապակցությամբ հայտնում է, թե այդ՝ 1616 թվականի ձեռագիրը շատ ընտիրներից չէ և, որ «ճառընտիրի» ձեռագիր օրինակում ևս այն պարունակող հատվածի աղավաղումները չափազանց շատ են. այստեղ Ագաթանգեղոսն ու Զենոբը խառնված են իրար:

[էջ 121]

* * *

Հովհանի Պատմությունը ունեցել է մի շարք հրատարակություններ (սրանցից մի քանիսը ձեռագրային համեմատությունների մեջ են առնվել Ա. Աբրահամյանի կողմից)։ Դրանք են.

1. «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ, զոր գրեաց Զենոբ ասորւոց եպիսկոպոսն. հրամանաւ Լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի... Նույնը կա նաև հետևյալ ձևով՝ «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ, որ կոչի Զենոբ (Կ. Պոլիս, 1708)։ Կ. Պոլիս, 1719, 187 էջ, 16 սմ,

2. «Պատմութիւն Տարօնոյ զոր թարգմանեաց Զենոբ Ասորի։ Վենետիկ, Ս. Ղազար, 1832, 52 էջ (Մատենագրութիւն նախնեաց)։ Ներքևում այսպես. Կազմված է՝ Գրիգոր Լուսավորիչ— Հաճախապատում, Վենետիկ, 1838։

3. Պատմութիւն Տարօնոյ զօր թարգմ՝ Զենոբ Ասորի։ Երկրորդ տպագրութիւն. Վենետիկ, տպ, ս. Ղազար, 1889, 68 էջ, 22 սմ։ «Մատենագրութիւն նախնեաց). ներքևում՝ Փավստոս Բուզանդ՝ Պատմութիւն Հայոց, Վենետիկ, 1889։ Զենոբի անունով կան նաև հետևյալները.

4. Զենոբ Գլակ Ասորի, «Ներբողեան որդիս և ի թոռունս սրբոյ Լուսավորչին։— Պատմութիւն Զենովբայ եպիսկոպոսի զոր արարեալ է վասն Անտոնի և Կրօնիդեայ և յայլոց ճգնաւորացն։ Վենետիկ, ՌՅԳ (1303+551, 1854), 74 էջ, 21 սմ, (Սոփերք Հայկականք Ժ.)։ Կազմված է՝ Վկայաբանութիւն սրբոյն Շուշանկան դստեր մեծին Վարդանայ, Վենետիկ, 1853։

5. Դարձյալ նույնը (այսինքն №4–ը), միայն ներքևում կա հետևյալը՝ Կազմված է՝ Մեսրոպ երեց, Պատմութիւն սրբոյն Ներսիսի Պարթևի հայոց հայրապետի։ Վենետիկ, 1853։

Սրանցից բացի Արսեն Ղազիկյանը իր «Հայկական նոր մատենեգիտութիւն և հանրագիտարան հայ կյանքի» (Վենետիկ, 1909) աշխատության մեջ Զենոբի մասին հիշատակելիս՝ գրում է.— «Միանսարյան 1814–ին Կալկաթա՝ Ավետիք Ջնթլումեանի տպարանին տպուած տպագրութիւն մը կը յիշէ, որ ինծի անծանոթ կմնայ»։ Ահա Մ. Միանսարովի վկայությունը.

Bibliocraphia.– Caucasica et branscausasia», т. I, СПБ, 1874—1876, որտեղ գրում է,— Զենոբ Գլակ (Zenob Glak), այսինքն՝ Գլակից, որը կարծում են աւան էր հարավային Ասորեստանում, Եգիպտոսի սահմաններին կից), ազգաւ ասորի...» և հետևյալները (516 — 517)*։ Վերջապես՝ Հայկ Դավթյանը «Հայ գիրքը 1801—1850 թվականներին» իր աշխատության մեջ (Ե., 1967, § 219. Զենոբ Գլակ, Հովհան Մամիկոնյան) հիշատակում է Զենոբի վերոհիշյալ հրատարակությունը՝ մատնանշելով հետևյալը. «Պատմութիւն Տարօնոյ, զոր գրեաց Զենոբ ասորւոց եպիսկոպոսն հրամանաւ Լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի։ Առաջին տպագրումն գրքոյս եղեալ է ի Կոստանդնուպոլիս քաղաքի ի թուին հայոց 1168. իսկ այժմ վերստին տպագրեցաւ արդեամբք և ծախիւք զուարդամիտ և առատաձեռն ազգիս մերոյ ի Կալկաթա։ ...Աշխատասիրութեամբ Ջընթլում Աւետեանի։ Կալկաթա, տպ. Աւետ Ջնթլումեանի, 1814, 247 էջ։ Շարվ. 6,5, 11սմ։ (Ի միջի այլոց նշենք, որ սույն հրատարակությունը ներկայումս կա մեզ մոտ

___________________

* Տե՛ս № 12 բացատրությունը:

[էջ 122]

գտնվում է ՀՍՍՀ ԳԱ գրադարանում, ԱԿԴ, 249 թվահամարի տակ (էջ 57)։
Հովհան Մամիկոնյանի անունով. 1. «Պատմութիւն Տարօնոյ։ Վենետիկ, ս. Ղազար, 1832, ՌՄՁԱ, 64 էջ, 23 սմ. (մատենագրութիւն նախնեաց)։ Տիտղթ. վրա՝ Յովհաննու Մամիկոնենի եպիսկոպոսի։

2. Նույնը— կազմված է՝ Գրիգոր Լուսավորիչ։ Հաճախապատում, Վենետիկ, 1838։

3. Յովհաննու Մամիկոնենի եպիսկոպոսի Պատմութիւն Տարօնոյ. 2–րդ տպագրութիւն, Վենետիկ, տպ. ս. Ղազար, 1889, 68 էջ, Կազմված է՝ Զենոբ Գլակ ասորի: Պատմութիւն Տարօնոյ, Վենետիկ, 1889:

4. ՀովՀան Մամիկոնյան, Պատմութիւն Տարօնոյ։ Աշխատությամբ և առաջաբանով՝ պատմ. գիտ. թեկն. Աշոտ Աբրահամյանի։ Երևան (Հայկ. ՍՍՀ Ժողկոմսովետին կից պետ. Ձեռագրատուն (Մատենադարան), Ե., 1941։ Այս վերջինը մեզանում եղած միակ հրատարակությունն է առ այսօր։

Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմությունը» աշխարհաբար լեզվով թարգմանվում է առաջին անգամ։

Գիրքը հատվածաբար թարգմանված է ֆրանսերեն լեզվով։

1. Collection des historiens anciens et modernes de l’Armenie. (trad, par Victor Langlois. t 1. Paris, 1867

Zenov de glad. Histoire de Daron. Traduction nouvelle (par V. Zarglis) P. 333—382

Jean Mamiqonian, continuation de L'historire de Daron; 'traduite pour la premiere fois de L'Armenien par Jean Raphael Emine. (Collection des historiens anciens et modernes de l'Armenie, publies en français par Victor Lanqlois). Paris, Librairie de Firmin—Didot treres, fils et Compaqnie. MDCCLXIX.

2. Zenov de Klag Historie de Daron. Par Zènov de Klag èveque syrien, trad... par M Evariste Prud'homme. Paris, Imp, Imperiale, 1864, 75 p.

Պատմա-բանասիրական հանդեսի 1987 թ. N 1-ում (էջ 106—107) զետեղված է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հաղորդումը՝ «Հայ դասական աղբյուրներու թարգմանությունը Միացյալ Նահանգներու մեջ» խորագրով, այն զեկուցվել է Երևանում 1986 թվ. սեպտեմբերին կայացած՝ միջնադարյան հայ գրականությանը նվիրված միջազգային առաջին գիտաժողովում։ Այստեղ հիշատակվում է «Տարոնի պատմության» անգլերեն թարգմանությունը՝ կատարված Ռոբերտ Պետրոսյանի կողմից, Նյու–Յորքի Surses of the Armenian Tradition շարքում։

Գիրքը մեզ մոտ չի ստացվել և հրատարակության թիվն էլ նշված չէ։ Թարգմանության համար հիմք են ծառայել վենետիկյան 1832 և 1889 թթ. խմբագրությունները»

[էջ 123]

ԶԵՆՈԲ ԳԼԱԿԻ, ՀՈՎՀԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ ՀԱՅՏՆԻ «ՏԱՐՈՆԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՂԱԾ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ

Այստեղ աշխատել ենք ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացնել սույն «Պատմության» ինչպես և նրա «հեղինակների» մասին տարբեր ժամանակներում և զանազան անձանց կողմից հրապարակ եկած ուսումնասիրությունների կամ հայտնված կարծիքների մոտավոր պատկերը։ Անում ենք նաև մեր սեփական դիտողություններն այդ կապակցությամբ։

1. Ինչպես արդեն նշել ենք սույն թարգմանության նախաբանում, Զենոբ Գլակի մասին մեզ առաջին տեղեկություն տվողը «Տարոնի պատմության» հեղինակ Հովհան Մամիկոնյանն է։ Նա «Պատմության» վերջում զետեղված համառոտ «Հիշատակարանում», որի մասին ավելի հանգամանալից կխոսվի ստորև*, այս գործը անվանում է «Զենոբ Ասորու ժամանակագրություն», որին էլ ճանաչում է իբրև առաջին վանահայր եպիսկոպոս Մշո Իննակնյան կամ uբ. Կարապետի վանքի. իսկ իրեն՝ երեսունհինգերորդը Զենոբից հետո1։

Փավստոս Բուզանդն իր «Հայոց պատմության» մեջ (դպրություն 3-րդ, գլուխ Գ.) խոսում է Գրիգոր Լուսավորչի կողմից Տարոնում եղած մեհյանները կործանելու և դրանց տեղում սբ. Կարապետի վանքը հիմնադրելու մասին (Ե., 1947, էջ 87), սակայն Զենոբ կամ Գլակ անունով անձնավորություն ոչ ճանաչում է և ոչ էլ հիշատակում։ Սբ. Կարապետի վանքի կամ Զենոբ Գլակի մասին հիշատակություն չկա նաև Ագաթանգեղոսի մոտ, ինչպես որ նշել ենք նախաբանում։

2. Զենոբ Գլակի մասին Հովհանից հետո մեզ առաջին տեղեկություն տվողը տասներորդ դարի պատմիչ Ուխտանես եպիսկոպոսն է2։ Իր «Հայոց պատմության» Ծ (50)-րդ գլխում3 խոսում է Խոսրով Մեծի՝ Պարսկաստան կատարած արշավանքի, ավերածությունների և դրան հաջորդող անցքերի մասին։ Հենց այստեղ էլ (անդ՝ էջ 73) նշում է Անակի Հայաստան գալն ու Արտազ գավառում հանգրվանելը. «Զոր ապա լուեալ Խոսրովու՝ ուրախ եղև. և առաքէ ընդ առաջ նորայ զօրս։ Եւ երթևալ հանդիպի նա առ հանգստարանի սրբոյ առաքելոյն Թադեոսի. զոր անդ՝ ասէ պատմագիրն՝ զյղութիւն սրբոյն Գրիգորի (ընդգծումը մերն է — Վ. Վ.), նաև զառաքելութեան ընկալեալ զշնորհս, և ի կեանս իւր կրեալ զպակասութիւն չարչարանացն նորա որպէս ուսուցանէ քեզ պատմագիրն»։

Ապա շարունակում է մինչև դավաճանությունը, դավադրության երևան գալը, Անակի և յուրայինների ջրահեղձ արվելը և մանուկ Գրիգորի ու նրա եղբոր՝ հայոց երկրից փախցնելը։ Այստեղ էլ հիշատակում է Զենոբի անու-

___________________

* Տե՛ս այստեղ՝ N 111 ծանոթությունը:

1 Հովհան Մամիկոնյան, «Պատմութիւն Տարօնոյ», Ե., 1941, էջ 288:

2 Ուխտանես Եպիսկոպոս, «Պատմութիւն Հայոց», Էջմիածին, 1871:

3 Տե՛ս անդ, էջ 70 և հետևյալները:

[էջ 124]

նը. «Արդ վասն մանկանս այսօրիկ,— ասում է,— որ էր եղբայր սրբոյն Գրիգորի, Զենոբայ Ասորոյ ասացեալ ստուգիւ ի պատմութեան անդ իւրում» (էջ 79)։

Մեկ այլ տեղ էլ է նշում Զենոբի անունը, երբ խոսում է Տրդատ Մեծի մասին՝ թե ո՞վ էր, կամ ո՞ւմ ժամանակակիցն ու գործակիցը։ «Բայց,— ասում է Ուխտանեսը,— ոչ միաբանէին ընդ միմեանս Զենոբ և Մովսէս (Խորեհացու մասին է խոսքը) վասն նորա...» և ավելացնում է, թե նրանցից Մովսեսն է ավելի ստույգը, որը Տրդատին համարում է Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը (էջ III)։

Միջնադարի հայ մյուս հեղինակը, որ հիշատակում է Զենոբ Ասորու անունը, Մխիթար Այրիվանեցին է1: Իր «Պատմության» մեջ խոսելով Գրիգոր Լուսավորչի «ամենայն արևելից և հյուսիսոյ» կաթողիկոս ձեռնադրվելու մասին Մխիթարը գրում է.— «Զեռնադրի սուրբ Լուսաւորիչն կաթողիկոս ամենայն արևելից և հյուսիսոյ, և բերէ ի Հայս զնշխարհս Յովհաննու և Աթանագինեայ՝ աների իւրոյ, և դնէ ի յԻննակնեայսն և տայ զտեղին ի ձեռն Զենոբայ եպիսկոպոսի: Նա արար զՏարաւնոյ Պատմութիւնն, և Ագաթանգեղոս զՀայոցն» (նույն տեղում, էջ 45։ Ընդգծումը մերն է— Վ. Վ.)։

Նրանց ունեցած տեղեկությունները, անկասկած, գալիս են Հովհան Մամիկոնյանից։ Նրանցից բացի Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկը) «Տիեզերական պատմության» երկրորդ հանդեսը սկսում է Տրդատի թագավորությամբ և Գրիգոր Լուսավորիչի կողմից Հայաստանում քրիստոնեության տարածման նկարագրությամբ։ Բայց թե պատմիչը որտեղի՞ց է քաղել իր տեղեկությունները Տրդատ Մեծի կատարած գործերի և Գրիգոր Լուսավորիչի չարչարանքների մասին, ոչինչ չի ասում2։ Ավելի հավանական է կարծել, թե Ագաթանգեղոսից օգտված լինի։

3. Զենոբի հարցի քննությամբ առաջին անգամ հանգամանալից զբաղվում է Միքայել Չամչյանը3։ Նա «Հայոց պատմության» հենց սկզբում թվարկելով հայ հին պատմագիրներին, առաջինը համարում է Ագաթանգեղոսին՝ իբրև Տրդատ թագավորի «ատենադպիր» վկայակոչելով Խորենացուն և Փարպեցուն։ Ագաթանգեղոսից հետո դնում է Զենոբին («մականուանեալ Գլակ»)։ Զենոբին վերագրված նամակներից այլևայլ հատվածներ քաղվածաբար օգտագործում է. իսկ 1-ին գրքի 2-րդ հատորում գրում է. «Ի վերայ Գլակայ՝ թէ իցէ նա ինքն Զենոբ ասորի»։ Ուրիշ հատվածների շարքում մեջ է բերում նաև Գր. Լուսավորչի՝ Եղիազարոս քարոզչին ուղարկած նամակից հետևյալը.— «... անդ (այսինքն՝ Իննակնյան վայրում) զքո եղբայրն եմ ձեռնադրեալ եպիսկոպոս, և ըստ կարի աղաչանացն զանուն տեղւոյն փոխեցաք իւր անուն յաւելեալ հաստատեցաք Գլակա վանք»

___________________

1 Մխիթար Այրիվանեցի, «Պատմութիւն Հայոց», Մոսկվա, 1860:

2 Ստեփաննոս Ասողիկ (Տարոնեցի), «Տիեզերական պատմութիւն Ստեփանոս վրդպ. Տարօնեցոյ...», Փարիզ, 1859, էջ 60 և հետևյալները:

3 Չամչյան Միք., «Պատմութիւն Հայոց», Վենետիկ, 1874, էջ 10 և հետևյալներլ»:

[էջ 125]

(անդ՝ 631)*։ Այս նույն բանը հաստատում են «Յայսմաւուրքը», «Ճառընտիրը», որ երբեմն կոչում են «Գլակա» վանք, երբեմն՝ «Զենոբա»։ Թովմա Մեծոփեցին սբ. Կարապետի համար ասում է, «Վանք Գլակա, ասորւոյ Զենոբայ վարդապետի»։ Ինքը՝ Չամչյանն էլ մեկ Գլակա վանք է կոչում, մեկ՝ Զենոբա (621, 623, 627 և այլ էջերում)։ Համոզված է, որ նրա անունով է վանքը Գլակա կոչվել և կարծում է, թե նա սբ. Գրիգորի հրամանով գրել է իր ժամանակ տեղի ունեցած դեպքերի մասին, այսինքն՝ Գրիգորի Կեսարիա գնալն ու եպիսկոպոս ձեռնադրվելը Ղևոնդիոսի կողմից), Հովհաննես Կարապետի նշխարների Տարոն բերելը Տրդատ 3-րդի և Գրիգոր Լուսավորչի՝ Տարոնի հեթանոս քուրմերի, ինչպես և հյուսիսային ցեղերի դեմ մղած կռիվները և այլն։ «Բայց արժան է գիտել,— ասում է նա,— զի այս գործք զենոբայ բազմօք աղաւաղեալ է ի գրագրաց. և ի զանազան օրինակս այլևայլ բանք աւելի կամ պակաս դնին, և ինչ–ինչ ևս յանյարիրս կարգին, մանավանդ ի տպագրեալն» (11)։

Չամչյանը անդրադառնում է, բնականաբար, նաև Հովհան Մամիկոնյանին։ «Հայոց պատմության» ծանոթագրության բաժնում (էջ 554) ունի հետևյալ դիտողությունը. «Ի վերայ գրուածոց յովհաննու մամիկոնէի, որ կոչի պատմութիւն տարաւնոյ»։ Որքան շատ է Չամչյանը հավատ ընծայում Զենոբի ասածներին, նույնքան և առավել շատ չի հավատում Հովհան Մամիկոնյանին (տես՝ հատոր Բ, էջ 339 — 340)։ Հովհանին վերագրված մասի համար ասում է, թե որոշ բաներ առնված են ժողովրդական հին ավանդություններից, որոշ բաներ էլ «...շարադրեալ ի նմին յովհաննէ առ ժամանակօք կաթողիկոսութեան Ներսիսի Շինողի...», հավաստիացման համար վկայակոչում, է գրքի վերջում զետեղված հիշատակարանը, որը համարում է նույն հեղինակի հարազատ գրվածքը (ցիտում է հիշատակարանի համապատասխան հատվածը)։ Հինգ կարգի անճշտություններ է նշում Չամչյանը Հովհանի գրվածքում.

1. ժամանակագրական անճշտությունները,

2. անձնավորությունների՝ մեկը մյուսի հետ շփոթելը,

3. տեղանունների ինքնահնար անվանակոչումները,

4. պատմելաձևի ժողովրդական առասպելաբանության ակունքները, այն, որ երբեմն պատմական իրական եղելությունները առասպելներից ավելի վաղ կատարված է համարում,

5. անհարկի և անհիմն հավելվածներ գրվածքի մեջ, որոնցից շատերը կատարված է համարում հետագայում, որի համար եզրակացնում է, թե գիրքը հորինել է Հովհան Մամիկոնյանը, բայց (ավելի ուշ շրջանում) «ետ նորայ փոփոխեալ է յայլոց և խանգարեալ» (544 — 545) Չամչյանի «Հայոց պատմութեան» 1-ին հատորի 2-րդ գրքի ԼԳ (33) գլխից (էջ 613) սկսած մեջընդմեջ խոսվում է սբ. Գրիգորի եղբայր Սուրենի, Գրիգորի, Տրդատի, ինչպես նաև ուրիշների հետ ունեցած նրանց հարաբերությունների ու կատարած գործերի մասին, հասնում է մինչև ԽԱ (41) գլուխը (660)։

___________________

* Տե՛ս № 12 բացատրագիրը:

[էջ 126]

4. Հ. Մ. Վ. Ավգերյանը1 շարադրելով հայոց քրիստոնեական դարձի պատմությունը, իր օգտագործած աղբյուրների վերաբերյալ գրում է. «Առաջին աղբյուր պատմութեանս է ժամանակակից և ականատես ատենադպիրն Տրդատայ, Ագաթանգեղոս, նմին իրի ավելորդ է մեզ կրկին հետազոտել», կամ «Զբովանդակ պատմութիւն... հաստատութեամբ ունիմք յերկուց ժամանակակից և ականատես վկայից՝ յԱգաթանգեղոսէ և ի Զենոբա. վասն որոյ չկարօտիմք այլուստեք քննութեան»։ Ավգերյանի ասածները մեր ներկա խնդրի կապակցությամբ, ինչպես տեսնում ենք, առանձին կարևորություն չեն ներկայացնում։

Այդ կապակցությամբ ուշադրության արժանի է Մ. Էմինի «Երկասիրությունները...»2։

5. Աշխատության 65 — 90 էջերը վերաբերում են Զենոբ Գլակի և Հովհան Մամիկոնյանի անձնավորություններին։ Հենց սկզբից հայտնում է, թե ինքը համոզված է, որ «Զենոբ՝ մականուանեալ Գլակ, Ասորի էր ազգաւ և աշակերտ սրբոյն Գրիգորի Լուսավորչի...» (65) և ենթադրում է, թե Գրիգորի հետ Կեսարիայից էր եկել, ինչպես հույն և ասորի շատերը։ Կեսարիայից եկած լինելու վերաբերյալ Էմինի կարծիքը մենք չենք կարող կիսել, քանի որ դրա համար բավարար հիմք չունենք։ Այն օրերում հույն և մանավանդ ասորի քարոզիչներ ամենուրեք վխտում էին՝ Կապադովկիայից բռնած, մինչև Ասորեստան, Հայաստան, առհասարակ Անդրկովկաս, նույնիսկ Պարսկաստան։ Այնպես, որ դժվար է հաստատապես որոշել, թե Զենոբը որտեղից էր եկել։ Մեկ այլ հանգամանք. Էմինը անվերապահորեն հավատում է Զենոբի բոլոր ասածներին։ Թեկուզ այն փաստը, թե արևմտյան գավառներից մեզ մոտ եկած Բեկտոր, Անաստաս, Աքյուղաս և Մարկեղիոս քարոզիչների խնդրանքով՝ Տարոնում տեղի ունեցած կռիվների և եղելությունների մասին Գրիգոր Լուսավորիչը հրամայում է Զենոբին մանրամասն գրել և բոլորին տեղեկացնել, դարձյալ հավանական հիմք չունի։

Էմինն այստեղ ուշադրության արժանի մի ենթադրություն է անում «Տարոնի պատմությունը» պարունակող թղթերի «Ասորոց պատմություն» կոչելու վերաբերյալ։ «Պատմության» հիշատակարանում Հովհանը հայտնում է, որ Զենոբը ցանկանում էր դեպքերը շարադրել՝ սկսած Խոսրով Մեծից և մանրամասն, սակայն Գրիգոր Լուսավորիչը չի թույլ տալիս, որպեսզի (ինչպես Ագաթանգեղոսն է պատմում) այնտեղ պատահած անպատշաճ բաները (Գրիգորի չարչարանքները, Տրդատի խոզ դառնալը և այլն) նամակներում չհիշատակվեն և ուրիշներին չտեղեկացվեն*։ Այլ թույլ տվեց միայն այն բաները գրել, որոնք միայն նրանց կողմերում (Ասորիքի

___________________

1 Տե՛ս Հ. Մ. Ավգերյան, «Լիակատար վարք և վկայաբանութիւն սրբոց», Վենետիկ. 1812, հ. Գ, էջ 48 և հետևյալները:

2 «Մկրտիչ Էմինի Երկասիրութիւնները Հայոց լեզուի, գրականաթեան և Պատմութեան մասին» (1840—1855թթ.), «Հատուածք ի դասախօսութեանց պատմութեան գրականութեան հայոց»:

* Տե՛ս ներքևում, № 20 բացատրագիրը:

[էջ 127]

սահմաններում) տեղի ունեցան. «Զոր և նոյն ինքն Լուսաւորիչն զթուղթն զայն «Ասորոց պատմութիւն» կոչեաց, այսինքն՝ պատմութիւն գրեալ վասն Ասորոց։ Սակայն ոչ այսու անուամբ յորջորջին հասեաելքն առ մեզ մատենագրութիւնք Զենոբոյ, որ գուցե ի յետնոց՝ կամ լաւ ևս ասել ի յաջորդաց նորին, շարունակողաց զայն պատմութիւն՝ սովորաբար «Պատմութիւն Տարօնոյ» կոչի» (66)։ Հավանական է համարում, թե Զենոբը ասորերեն գրած լինի և հետագայում Հովհան Մամիկոնյանը հայերեն թարգմանած, քանի որ նրանց գրելաոճի մեջ խիստ նմանություններ կան։ Էմինն էլ ճիշտ չի թարգմանում Զենոբի այն խոսքը, թե ինքը Ագաթանգեղոսից առաջ է գրել*։ Մի բան, սակայն, հետաքրքրական է բանասերի ենթադրության մեջ, որ կարծում է, թե այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե գրածին, այլ կատարածին։ «... Զենոբ,— ասում է Էմինը,— ինքնին խոստովան լինի ի թղթի յիւրում առ Ասորիս, թե «Մի ինչ աղարտեք զսակաւ պատմութիւնս, կամ եթէ Ագաթանգեղոս զայդ ոչ յիշէւ զի ես յառաջագոյն գրեցի քան զնա»։ Այդպես չպետք է հասկանալ, ասում է Էմինը. «քանզի «յառաջագոյն» (ընդգծումը իրենն է) ասէ ոչ վասն անձին իւրոյ, այլ վասն գործոյն, որք զառաջինն գործեցան ի հայս ի ձեռն սրբոյն Գրիգորի...»։ Որովհետև առաջին վայրը ենթադրում է Մ. Էմինը, որ «Գրիգորը խաչով զինվեց» ընդդեմ կուռքերի՝ էր հռչակավոր Տարոնը, իր «մեծահամբավ Վահեվահյան մեհյանով»։ Էմինը նույնացնում է Իննակնյան տեղիքն ու Վահեվահյան մեհյանը, որ ճիշտ չէ։ Իննակնյան վայրում Դեմետրի և Գիսանեի մեհյանն էր, որ բավականին հեռու է Վահեվահյան կոչված մեհյանից, առաջինում է հիմնված սբ. Կարապետի վանքը, այստեղ էլ տեղի է ունեցել առաջին պատերազմը1։ Գր. Խալաթյանն էլ Աշտիշատի հետ է նույնացնում, որ դարձյալ սխալ է**։ Հիմք ընդունելով Զենոբի «... մանաւանդ զի պատշաճ համարեցաւ (սբ. Գրիգորը) զԱրշակունի և զքաջ թագաւորաց գիր թողուլ տանս հայոց և ձեզ պատճեն պատասխանւոյ գրել» արտահայտությունը, Էմինը ենթադրում է, թե սա գուցեև Արշակունի թագավորների պատմությունն էլ գրած լինի, որը մեզ չի հասել։ Դժվարանում ենք այդ մասին որևէ հաստատուն բան ասել։ Էմինը յոթը թղթեր (նամակներ) է կարծում Զենոբից մնացած և նշում է դրանք։ Գիսանե և Դեմիտր եղբայրների՝ Հնդկաստանից գաղթական գալու (149 թ. ն.ք.), Տարոնում հաստատվելու վերաբերյալ Զենոբի մեջբերած առասպելախառն զրույցները Էմինը պատմական իրողություն է համարում***, նաև նրանց բարքն ու սովորույթները, արտաքին ձևերը մեզ մոտ մուտք գործելը և այլն։ Ի նկատի ունի սանսկրիտ լեզվախմբին պատկանող մի քանի բառերի նմանությունները հայերենում և հնդկերենում։ Ճիշտ է նկատել, որ քրիստոնեության մուտքի և հեթանոսության դեմ առաջին քրիստոնյաների

___________________

* Նույն տեղում՝ N 22 բացատրագիրը:

1 Տե՛ս Մ. Աբեղյան, վերը նշված աշխատությունը, էջ 447—448:

** Այդ մասին նախաբանում արդեն խոսվել է:

*** Այդ մասին տե՛ս սույն նախաբանում, էջ 22—24, նաև՝ ծանոթ. N 24:

[էջ 128]

մղած դաժան պայքարի ամենամանրապատում նկարագրողն է Զենոբը։

Ինչ վերաբերում է Հովհան Մամիկոնյանին, ապա Էմինը կարծում է, թե նրա գրվածքը մեզ լրիվ չի հասել, չնայած «Հիշատակարանը» համարում է Հովհանի գործը։ Անընդունելի է նրա այն պնդումը, թե մինչև 7-րդ դարի սկզբները մեզանում բոլոր տեսակի գրագրություններն ու եկեղեցական ծեսերը ասորերեն էին տարվում, և քարոզիչներն էլ հույն կամ ասորի էին։ Կարծեմ շատ ջանք թափել պետք չէ՝ ապացուցելու համար, թե այդպես եղել է մինչև 5-րդ դարի սկզբները, այսինքն մինչև մաշտոցյան գրերի՝ գործածության մեջ դրվելը, որից հետո գրեթե բոլոր քարոզիչներն ու եկեղեցական դավանախոսությանը նվիրված անձնավորությունները հայազգի էին (չնչին բացառությամբ միայն) և իրենց քարոզչությունները, թղթերն ու դավանաբանական գրություններն էլ հայերեն լեզվով էին տանում։ Դրանք ներկայումս էլ կան և բավականին հաստափոր հատորներ են կազմում, ինչպես «Գիրք թղթոց», «Կնիք հաւատոյ», «Գիրք հերձուածոց» և այլն։ Չպետք է անտեսել նաև, որ դավանաբանական պայքարի սաստկացման շրջանում (5 — 6-րդ դարեր) ավելի շատ ձգտում կար ամեն կերպ հայացնել, ազգայնացնել եկեղեցական քարոզչություններն ու ծիսակատարությունները, հայկական լուսավորչական դավանանքի հիմքերը հաստատուն և լիակատար կերպով անկախ պահելու համար։ Երեք հանգամանք է նշում Հովհանի գրվածքում ուշադրության արժանի,

ա) Տարոնի հայոց պատերազմասեր և քաջ վարքը։

բ) Նրանց ծաղրասեր բնավորությունը։

գ) Մեծ հավատն ու սերը սբ. Կարապետի նկատմամբ (84)։

Ճիշտ է նկատել, որ Հովհանի բոլոր հերոսները աչքի են ընկնում, «խստասրտությամբ և անզգայությամբ» (իմա՝ անողոքությամբ) ։ Նրանց գրեթե վայրենաբարո գործողությունները պատմելիս հեղինակը քրիստոնյային ոչ վայել դաժանությամբ է ներկայացնում, այն էլ առանց «ցավակցության կամ ստրջանքի», այլև կարծես ուրախ է դրա համար, հիացմունքով, պարծանքով է խոսում յուրայինների անմարդկային դաժանությունների մասին: Դա գալիս էր Էմինի պահպանողական, քրիստոնեական բարեմտության աշխարհայացքից։ Այսպես, մեջ բերելով Վախթանգի հարազատների նկատմամբ Վահանի վերաբերմունքը, նա գրում է. «Գործքս այս ոչ վրեժխնդրութիւն է և ոչ խստասրտութիւն, այլ բարձումն միանգամայն այնը ամենայնի, որ մարդկութեանս է սեփհական։ Քանզի այսպես չարաչար բերիլ յարիւնահեղութիւն և անխռով հոգւով կատարել զսոյնօրինակ խոշտանգանս և ոչ իսկ յարիւնախանձ գազանս տեսանեմք, թող թէ ի մարդիկ» (88)։ Բայց մի բան հաշվի չի առնում, որ նրանք այդպես վարվում են իրենց հայրենի երկիրը ավերող կամ Տարոնի խաղաղ ու անմեղ մարդկանց նկատմամբ այդ նույն ձևով վարվողների հետ, հենց իրենց բուն Տարոնի հողում և ոչ թե նրանց երկրում։

6. Քերովբե Պատկանյանի1 «Հայ հին պատմագրության մատենագիտա-

___________________

1 К. П. Патканов — «Библиографический очерк армянской исторической литературы», СПБ, 1879 г.

[էջ 129]

կան տեսության» մեջ հայ պատմագիրների շարքում երրորդը նշված է «Զենոբ Գլակ, «Պատմութիւն Տարօնոյ», Կ. Պոլիս, 1708 և Վենետիկ, 1832: Ապա մի սեղմ ծանոթություն Զենոբի անձնավորության մասին.

Зеноб — Настоятель Глакского Монастыря, родом сириец, написал историю борьбы, которую Армяне-христиане вели против язычников в обширной области Тарон у Ванского озера. Оттуда и название сочинения — История Тарона. Зеноб выставляет себя в своем творении современником Просветителя Армении.

Իսկ Հովհան Մամիկոնյանի համար նշում է դարձյալ նույն հրատարակությունները՝ «Պատմութիւն Տարօնոյ», Կ. Պոլիս, 1708 (1719), Վենետիկ, 1823 և Иоанн Мамиконян: настоятель монастыря Сурб-Карапет, написал по просьбе патриарха Нерсеса III историю области Тарона, в которой сообщает любопытные подробности о войнах владельцев, князей Мамиконян с Персами. Впрочем, многие из того, что он говорит основано не на исторических данных, а на народных сказаниях.

Պատկանյանի խոսքում անորոշություն կա. ինքն ընդունո՞ւմ է Զենոբի ասածը հայոց քրիստոնեական դարձին իր ականատես լինելու վերաբերյալ, թե՞ ոչ։ Ճիշտ չէ նաև, որ նա հավատում է, թե Հովհանը սբ. Կարապետի վանքի վանահայր է նշանակվել Ներսես 3-րդի ժամանակ և նրա պահանջով։ Այլ կերպ ասած Պատկանյանի պնդումները ոչինչ չեն ավելացնում խնդրո առարկա հարցերին։

7. «Հանդես Ամսօրեայի» 1890 թ. 1-ին համարում (էջ 4 — 5), հեղինակը Ե. Մ. ստորագրությամբ, համեմատում է Զենոբից և Մովսես Խորենացուց մի փոքրիկ հատված, գտնում է նմանություններ, բայց «վաղաժամ» է համարում որևէ եզրակացության հանգել։ (նույնը, Հ. Ա., 1889, № 3, և 1891, М 8)։

8. Ղ. Ալիշանը1 համեմատաբար ավելի շատ է զբաղվել Զենոբ Գլակի և «Տարոնի պատմության» խնդիրներով՝ շատ դեպքերում հանգել միանգամայն ընդունելի եզրակացությունների։ Ուստի ավելորդ չենք համարում այստեղ համառոտակի ներկայացնել մեծանուն հայագետի տեսակետներից մի քանիսը։

Իր «Հայապատում» նշանավոր աշխատության մեջ (հ. 1, էջ 38) Ալիշանը Զենոբի գրվածքին անդրադառնում է Ագաթանգեղոսի գործի կապակցությամբ, ենթադրում է, որ Ագաթանգեղոսը իր «Պատմությունը» գրել է Տրդատ Մեծի ժամանակներում (գրել է հունարեն լեզվով, որը հետագայում թարգմանվել է հայերեն Եզնիկ Կողբացու ձեռքով, «Եղծ աղանդոցից» շատ տարիներ առաջ), որ Զենոբը նույնպես ապրել է Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի օրերում, նշանակվել Տարոնի Մամիկոնյան տան եպիսկոպոս և նույն ժամանակ էլ շարադրել իր «Պատմությունը», ավելացնում է, որ «Զենոբ հաւանօրէն ասորերէն գրած է» (38)։ Ալիշանի կարծիքով Զենոբի թերևս ոչ մի ձեռագիր օրինակ չի պարունակում հեղինակի

___________________

1 Ղ. Ալիշան, Հայապատում, հ. 1, Վենետիկ, 1901:

[էջ 130]

ամբողջ գրվածքը, «ևս առաւել՝ իր գրել ուզածը»։ Այս պատմություններից առաջ, ենթադրում է նա, Զենոբը չէր կարող գոնե չհիշատակել uբ. Գրիգորի ծագումը, Անակի գործը, հայոց դարձը և մյուսները։ Որպես թե ինքն էլ է ցանկացել Ագաթանգեղոսի նման գրել, այսինքն՝ Խոսրով Մեծի մահը, Տրդատի՝ Բյուզանդիա տարվելը և այլն, բայց Գր. Լուսավորիչը թույլ չի տվել։ Թույլ չտալու պատճառն էլ այն է, որ ինքն այդ բաները արդեն հանձնարարել է Ագաթանգեղոսին գրելու, և բավական է միայն, որ ինքն էլ Տարոնում տեղի ունեցածները գրի։ Մի ձեռագիր օրինակում, ասում է Ալիշանը, Գրիգորի հիշյալ խոսքերին ոմն ասորատյաց գրիչ ավելացրել է հետևյալ խոսքերը, «Ասօրիք կարի յիմ արախօսք են և շաղփաղփապատումք, իսկ Յոյնք ճարտարաբանք և կարճառօտ բանիւք»։ Սակայն չի նշել ձեռագրի տեղն ու համարը։

Թերևս իրավացի է Ալիչանը պնդելով, թե «Զենովբայ գրածին կամ հաւաքածին մեկ մասն է՝ Թղթակցութիւնք Լուսաւորչի և Տրդատայ ընդ Ղեւոնդեայ Հայրապետին Կեսարիոյ և այլ եպիսկոպոսաց՝ որք փափագէին գիտնալ ի հայս հանդիպածները» (անդ՝ 39), որոնց վրա ինքն էլ ավելացրել է իր աչքի առաջ կատարվածները։ Հավանական է, սակայն դժվար է հաստատապես պնդել այդպիսի ենթադրության վրա։ Հովհան Մամիկոնյանի մասին անդրադառնալով` Ալիչանը, ինչպես որ կա ներկայացված գրվածքի հիշատակարանում, համարում է նրան 35-րդը՝ Զենոբից հետո։ «Պատմութեան նախադրողն,— ասում է Ալիշանը,— Լուսավորչի ընտրած Ասորի Զենովբ եպիսկոպոսն է, զօր յիշած եմք. սա աւանդեց՝ որ իր յաջորդքն այլ շարունակեն ինչ որ իր թեմին մեջ հանդիպի և այսպես ըրին, գոնե ոմանք, բայց շատերն ազգաւ ասորի ըլլալով և յառաջ քան զգիւտ հայերէն տառից, ասորերէն գրած են, և հաւանօրէն այս է կոչուածն «Ասորւոց Պատմութիւն» (անդ՝ 69) և այլն։ Ավելացնում է, որ երբ Թոդիկը ասորիներին վտարեց Գլակա վանքից, սրանք իրենց գրածները հետները տարան։ Կամ ինչպես Հովհանն է ներկայացրել՝ երբ պարսիկներն այդ կողմերը գրավեցին ու քարուքանդ արին, «... այն պատմագիրքն այլ կողոպտեր էին վանքէն, և մեր պատմիչն լսելով որ յՈւռհա քաղաքն Մարմառ (Մարմարա) անուամբ Ասորւոյ մի քով գտնուի, գնաց առա և թարգմանեաց ի հայ... (նույն տեղում)։ Եվ եզրակացնում է, թե մեզ հասածները հազիվ թե անձամբ Հովհանի ձեռքով գրված տասը պատճենները լինեն։ Այդպիսի կարծիք հայտնել է նաև Ա, Գ. Աբրահամյանը, բայց միայն հիշատակարանը համարելով Հովհանի գործը, որ արդեն նախաբանում նշել ենք։

Իսկ այն, որ Հովհանին վերագրված մասում առատ են անհավատալի, անհարմար, խիստ չափազանցրած զրույցներ, Ալիշանը գտնում է, թե դրանք չեն պատշաճում Մամիկոնյան մի եպիսկոպոսի, ուստի և ենթադրում է, թե «...թերևս աշխարհական ձեռաց միջամտութիւն եղած ըլլայ, որք իրենց մեծ իշխանը՝ Մուշեղ Քաջակորով անուանեալը դիւցազնացնել ուզեր են, ինչպես և անոր յաջորդ ազգականը՝ Գայլ Վահանը, զուարճալի ոճով հիւսելով, բայց ոչ հաւատալի (նույն տեղում)։

9. Վենետիկի միաբանության՝ 1883 թ. կազմած և հրատարակած «Հայկական մատենագրությունը» (Այբուբենական ցուցակ տպագրութեան գիւ-

[էջ 131]

տէն մինչեւ առ մեզ եղած հայերէն հրատարակութեանց) հետևյալն է գրում Զենոբի մասին.

— Զենոբ ասորի կամ Զենոբ Գլակ. «Գիրք պատմութեանց երկրին Տարօնոյ, զոր գրեաց Զենոբ ասորւոց եպիսկոպոսն, հրամանաւ Լուսաւորչին մերոյ սրբոյն Գրիգորի»... Վենետիկյան «Մատենագիտության» մեջ հիշատակվող այս տպագրությունը Գր. Մարըսվանեցու կողմից ՌՃԿԸ (1168+551=1719) Կ. Պոլսի հրատարակությունն է, որի խմբագրողն ու սրբագրողը Պաղտասար Դպիրն է։

10. Այստեղ նշված երկրորդ տպագրությունը Վենետիկի 1832 թ. հրատարակությունն է. «Պատմութիւն Տարօնոյ զոր թարգմանեաց Զենոբ ասորի», որի նախաբանում այլևայլ կարևոր տեղեկությունների հետ այն ուշագրավ միտքն է հայտնում նաև, թե նա ասորի քահանաներին հավանաբար այդ պատմական գրությունները ասորերեն գրած լինի, և ապա ավելացնում է, «...Արդ զսոյն պատմութիւն, նոյն ինքն ապա մատենագիրն և ի հայ բարբառ երևի յեղեալ. քանզի այսպէս ի գլուխ գրոցս դրոշմեն գրչագիրք. Պատմութիւն Տարօնոյ, զոր թարգմանեաց Զենոբ ասորի: Բայց թէ զթարգմանելն ոք՝ փոխանակ պատմագրելոյ առցէ*, և համարիցի զսա հայերէն գրեալ, և կամ յայլմէ ումեքէ յեղափոխեալ ի հայ, ոչինչ կամակորէ զիմաստ բառին։ ...Որպէս գրեթէ ամենայն շարագրածք ի ձեռն գրչագրաց հասեալք առ մեզ, ևս առաւել սա ժամանակաց երկայնութեամբ աղաւաղեալ գտանի։ Այլ մեք ի ստուգագոյն օրինակաց զտպագիրս զայս արարաք, հնգեակ օրինակաց բաղդատութեամբ ըստ կարի ուղղագրեալ։ Ուրեք ուրեք էին և հատուածք ինչ, որ թէպէտ յերիս և ի չորս օրինակս պակասէին, այլ մեք ոչ թողաք զայնս ի բաց, որպէս զի մի զրկեսցին հնախոյզք մերոյ աշխարհին ի տեղեկութեանցն որ ի նոսա»1։

11. Նույն տեղում նշվում է Հովհան Մամ իկոնյանի անունով 1832 թ. վենետիկյան հրատարակությունը միայն (ՌՄՁԱ+551 = 1832) ։ Այս 1832 թ. հրատարակության առաջաբանում, իսկապես, առանց երկմտանքի Հովհան Մամիկոնյանը ներկայացվում է Ներսես 3-րդ (Շինող) Տայեցու ժամանակակից և նրա հրամանով այս պատմությունը շարադրած։ Կամ բանասիրության կողմից իրավացիորեն նշված այն հանգամանքը, որ Հովհանը իր գրությունն ավարտելու ժամանակն անգամ չի հիշում, ասում է, թե ավարտեց այն ժամանակ, երբ Սամվել կաթողիկոսը չորս ամիս էր, ինչ նստել էր հայրապետական աթոռին։ Մինչդեռ հայտնի է, որ այդ ժամանակներում (այսինքն՝ 7-րդ դարի II կեսին) Սամվել անունով կաթողիկոս չի եղել։ Այդպիսին հիշվում է Զ (6-րդ) դարի առաջին տարիներին։

Ներսեսը (641—662) ապրել ու գործել է 7-րդ դարում, եթե Հովհանը նրա ժամանակակիցն էր և նրա հրամանով շարժվող, ուստի նա էլ պետք է 7-րդ դարում ապրած լիներ, մի հանգամանք, որ ոչ մի գնով չի բացատրվում պատմության փաստագրական տվյալներով...

___________________

* Տե՛ս № 1 բացատրագիրը:

1 «Հայկական Մատենագիտութիէն» (1585—1883), Վենետիկ, 1883, էջ 194-195):

[էջ 132]

Այստեղ էլ է նշվում, որ այս գործը պարունակող ձեռագրերը շատ փոփոխություններ և տարբերություններ են պարունակում, հավելվածներ նույնպես.— «... որք եթե ոչ ի գրչագրաց իցէն յետոյ կրճատեալ, ինքն իսկ արդեւք մատենագիրն, կամ յետ նոցա Գլակա Վանիցըն առաջնորդք յաւելին զայնս ըստ նորին յորդորանացն՝ զոր ի յիշատակարանին իւրում առնէ»։

12. Հովսեփ Գաթըրճյանը «Սրբազան խորհրդամատոյցք Հայոց» աշխատության մեջ (մասն Բ.) հիշատակելով uբ. Եփրեմի աշակերտ Զենոբին, հետևյալն է գրում. «Ոչ այն Զենոբ՝ որ իր համանուն գրովը հայ կարկատանք մըն է 7-րդ դարուն, նոյն դարուն Սեբէոսի գլուխը գտնուած Ագաթանգեղոսի գրուածքին պես»։ Այս տեսակետին շատերն են հետևել, սակայն Գաթըրճյանը Զենոբի ո՞վ և ո՞ր դարում ապրած լինելու մասին ոչինչ չի ասում։

13. Գարեգին Զարբհանալյանը1 Զենոբին և Հովհանին՝ այսինքն «Տարոնի պատմության» «հեղինակներին» դիտում է որպես տարբեր անձնավորություններ (Զենոբը 4-րդ, իսկ Հովհանը 7-րդ դարի)։ Նկատենք ի միջի այլոց, որ նա Ագաթանգեղոսին նույն պես 4-րդ գարի հեղինակ է համարում, սակայն նրան դնում է Զենոբից հետո, համարում է նրան «հռոմայեցի», իբրև արքունի քարտուղար Տրդատի հետ Բյուզանդիայից եկած, ազգությամբ հույն և իր «Հայոց պատմությունն» էլ հունարեն շարադրած։ Զարբհանալյանը ենթադրում է, թե Զենոբը Ագաթանգեղոսից առաջ է շարադրել իր գիրքը (անդ՝ 234)։

Իւր և Ագաթանգեղոսի գրոց մեջ երևցած տարբերութեանց վրա պետք չէ զարմանալ,— ասում է նա,— որովհետև ինչպես ինքն ալ կըսէ, Ագաթանգեղոսէն առաջ շարադրած է իւր գիրքը»։ Զենոբի աղբյուրներից հիշատակում է Բարդա (Բարդածան) և Պիսիդոն թարգմանչին և նրանց մասին Զենոբից մեջ է բերում հետևյալ հատվածները. «Ընթերցիր,— ասում է,— զթագաւորութիւն Հեփթաղինեկայ հելլենացի գրով, և կամ զթագաւորութիւնն ճենաց, զոր գտանես յՈւռհայ քաղաքի առ Բարդա պատմագրի»։ Կամ «Զոր եթէ ստուգիւ կամիք իմանալ, զՊիսիդոն թարգմանիչ ասորի՝ հարցէք» (անդ՝ 235)։ Ինքը նույնպես շատ աղավաղված է գտնում Զենոբի գրվածքը, որից էլ առաջ է եկել թե լեզվի և թե պատմության այլևայլ կերպարանափոխությունները։ «Ասկէց,— ասում է,— առաջ եկած է լեզուին խամութիւնը, բառից և դարձուածոց սխալ կամ անհարազատ իմաստներով ու եղանակաւ գործածուիլը, երբեմն ալ ամբողջ խօսքերուն մութ և անիմանալի մնաչը» (անդ՝ 237)։

Հետաքրքրական դիտողություն է անում Զենոբի գրվածքի ստեղծման շարժառիթների մասին՝ կապված uբ. Կարապետի վանքին հատկացված վանքապատկան կալվածքների մասին եղած տեղեկության հետ (անդ՝ 235 և հետևյալները)։ Եվ քանի որ Հովհան Մամիկոնյանին համարում է Ներսես 3-րդ (Շինող) կաթողիկոսի ժամանակակիցն ու նրա հրամանով այս

___________________

1 Տես՝ Գար. Զարբհանալյան, Հայկական հին դպրութեան պատմութիւն, Վենետիկ, 1897, էջ 234 և հետևյալները:

* Գլակ անվան վերաբերյալ տե՛ս նաև ստորև՝ № 12 բացատրագիրը:

[էջ 133]

պատմությունները շարադրած, ինչպես վկայում է հիշատակարանում, ուստի եզրակացնում է, որ Զենոբին շարունակելու համար էլ հենց իր գրվածքը անվանել է «Տարոնի պատմություն» (անդ՝ 451)։ Քանի որ հիշատակարանի՝ Հովհանին պատկանելուն չի կասկածում երբեք, ուստի և այնտեղ ասված խոսքերն էլ վկայակոչում է ուղղակի կերպով, հավաստիացման նպատակով։ Նա էլ է հավատացած, որ մինչև Թոդիկը Տարոնում քրիստոնեական տաճարներում ու եկեղեցիներում տնօրինում էին ասորի կրոնավորները, դա հավանաբար այդպես է եղել, բայց մասամբ և ոչ թե առհասարակ։ Պատմության հիշատակարանում նշված Մարմարա քահանայի մոտ եղած քսանութ պատճենների և դրան ավելացրած Զենոբի տասը պատճենների մասին Զարբհանալյանը գտնում է. «Բայց մատենագրին հիշատակած երեսունևութ պատճեններեն միայն ութը ձեռվնիս հասած են. և ասոնցմէ հինգը Զենոբա անուամբ են, մյուս երեքն ալ Հովհաննու Մամիկոնենի» (անդ՝ 432)։ Մամիկոնյանին պատկանող մասը նրա կարծիքով սկսվում է Գլակա վանքի առաջնորդների շարակարգության մասին եղած հատվածից, այսինքն՝ Զենոբից մինչև Թոդիկ, որի ժամանակ «Գլակա վանքը թե շենքերով և թե բարեկարգությամբ պայծառացավ։ Իր մեկ այլ աշխատության մեջ1 Զարբհանալյանը գտնում է, թե Զենոբի գրվածքը հենց իր օրերում (այսինքն՝ որպես թե 4-րդ գարում) ասորերենից թարգմանվել է հայերեն, ենթադրում է, թե գուցե հենց ինքն էլ թարգմանած լինի, քանի որ երկար էր ապրել Հայաստանում և քաջածանոթ էր մեր լեզվին։ Հակառակ պարագայում ենթադրում է, թե Զենոբին ժամանակակից մեկ ուրիշը թարգմանած լինի և ավելացնում. «Որչափ գրուածքն ամփոփ, բայց զայն ալ աւելի համառօտողներն ալ գտնուած են՝ անշուշտ սուրբ եկեղեցեաց մեջ կարդացուելու համար ի յիշատակ յուշարար մեծի և սքանչելահրաշ գործոյն։ Այսպէս հանդիպած ենք հնագիր ճառընտրաց մեջ գրուածքին միոյ մասին համառօտութեան՝ ի տօնի սրբոյն Անտոնի և Կրօնիդեայ, հետևյալ խորագրով. «Պատմութիւն Զենովբայ եպիսկոպոսի զոր արարեալ է վասն Անտոնի և Կրօնիդեայ և այլոց ճգնաւորաց» (անդ՝ 47)։

Ոչ Զենոբ կոչվածը (եթե կար էլ, իրոք, այդպիսին), ոչ էլ նրան ժամանակակից որևէ մեկը 4-րդ դարի սկզբին (առավել ևս 3-րդի վերջերին) որևէ գրվածք հայերեն թարգմանել չէին կարող, միանգամայն հասկանալի պատճառով։

14. Զենոբ Գլակի, Հովհան Մամիկոնյանի և նրանց անուններով հայտնի «Տարոնի պատմության» խնդիրները հատուկ քննության է ենթարկել նշանավոր բանասեր Գրիգոր Խալաթյանը2: Բնականաբար նա անդրադարձել է նաև այդ կապակցությամբ մինչ այդ եղած կարծիքների քննությանը։ Նա նշում է, որ Մ. Էմինի, Գ. Զարբհանալյանի, Պրուդհոմմի և Լանգ-

___________________

1 Գար. Զարբհանալյան. «Հայկական թարգմանութիւնք նախնեաց» (Մատենադարան Հայկական թարգմանութեանց նախնեւաց), զար Դ — ԺԴ,

Զենոբ Գլակ—Փ. Բուզանդ, (էջ 46—54):

2 Տե՛ս Գր. Խալաթյան, Զենոբ Գլակ, համեմատական ուսումնասիրություն, 1893, Վենետիկ:

[էջ 134]

լուայի գրածներից հետևում է, թե «հաստատվում է Զենոբի հարազատության խնդիրը», ինքը ժխտում է այդ։ Այս և «Ասորոց պատմության» վավերականության կապակցությամբ Խալաթյանը հարկ է համարում եղած բնագրերը համեմատել Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Մովսես Խորենացու, uբ. Հակոբի վարքի, Սեբեոսի, նույնիսկ Ղազար Փարպեցու բնագրերի հետ և տեսնել շատ նմանություններ։ Փարպեցուց վերցրած է համարում հյուսիսցիների արքա Գդռիհոն անունը, որից «սյունաց իշխան Գդիհոնը՝ աննշան փոփոխությամբ»։ Այդպիսի նմանություններ նկատել են «Տարոնի պատմության» ֆրանսերեն վերոհիշյալ թարգմանիչները։ Սակայն պետք է ասել, որ ինչպես նրանց, նույնպես և Խսալաթյանի մոտ այդպիսի նմանությունների հայտնաբերումր շատ հաճախ բոլորովին քմահաճ և բռնազբոս կերպով է արվում, երբեմն էլ հիմնված պատահական արտահայտության, նույնիսկ առանձին բառի վրա։ Որտեղ էլ որ նմանություն չի գտնում վերը նշված հեղինակների գրվածքների հետ, համարում է վերցված որևէ Անհայտ հեղինակից։ Դրանով, ինչպես ինքն է ասում, նպատակ ունի բացահայտել «... նորա որչափով ինքնուրույն կամ մոտացածոյ որպէս և որ գարու հեղինակ լինելը»։ Ի վերջո ինքն էլ է գալիս այն համոզման, թե «Զենոբի գրուածը արդարև Է դարու մը հայի կարկատանք համարելու է»։ Խալաթյանը նույնպես իր քննությունը կատարում է ըստ 1832 թ. Վենետիկյան հրատարակության: (Հարկ է նշել, որ Գր. Խալաթյանը առհասարակ միտում ունի ավելի հավատ ընծայել արեմտյան, առավելապես օտարազգի հեղինակներին, քան մեր. նույնիսկ Խորենացուն ոչ հավաստի է համարում)։ Այդպիսի անհիմն միտումնավորությունը ակնհայտ է մի շարք օրինակներում։ Այսպես՝ ըստ Զենոբի պատմածի պարսից արքան Անակին՝ կատարած դավաճանության համար խոստացել էր «զՊարտաւն մնացէալ ազգին տայր Անակայ»։ Նույն բանը կա նաև Սեբեոսի մոտ, բայց հետևյալ ձևով. «Եւ կատարեաց արքայն ի վերայ նորա զպարգեւսն խօստացեալս հօրն նորա Անակայ. զբուն իսկ զպարթեւական զՊահլաւն անդրէն դարձուցեալ թագ կապեալ մեծ արեաց և արար իլր երկրորդ թագաւորութեանը»1։ Համեմատությունից բոլորովին էլ հնարավոր չէ եզրակացնել, թե որը որից է օգտվել, ավելի հավանական է կարծել, թե երկուսի աղբյուրն էլ Ագաթանգեղոսը լինի։ Բայց այդ մանկան անունը, ինչպես Խալաթյանն է նկատում, Աեբեոսն էլ չի տալիս (անդ՝ 45)։ Թերևս իրավացի է Խալաթյանը, երբ պնդում է, թե Սեբեոսը ծանոթ էր Զենոբին, էլ ո՞ւր է մնում նրա այն ենթադրությունը, թե Զենոբի գրվածքը քաղվածք է Սեբեոսից և վերը նշված մյուս հեղինակներից։ Սեբեոսից վերցված է համարում նաև Ջիվանշիր անվան հիշատակումը, երբ ասում է, թե. «Ջիվանշիր անվան առաջանալուն առանց ազդեցության չի երևում նաև Կաղանկատվացու պատմածը Աղուանից համանուն արքայի մասին» (անդ՝ 47)։ Զենոբի անունով հայտնի պատմության հեղինակը Խալաթյանի կարծիքով անհարկի շատ է օգտվել նաև զանազան վկայաբանական գրվածքներից,

___________________

1 Տե՛ս՝ Սեբեոսի եպիսկոպոսի պատմութիւն, Երևան, 1939, էջ 33 (տե՛ս այստեղ նաև N 36 բացատրագիրը):

[էջ 135]

օրիակ՝ «Սոփերք հայկականքից»— ԺԹ, Ե. ԻԲ և այլն, սբ. Հակոբի վարքից. ճիշտ է նկատել, թե սբ. Հակոբի վարքի՝ 7-րդ դարից առաջ գրված լինելը անհավանական է։ Գր. Լուսավորչի և Զգոնի (ըստ Խալաթյանի սա նույն Հակոբն է) «ազգակցական» կապի, Սուրենի՝ Գրիգոր Լուսավորչի եղբայրը լինելու և նման խնդիրների մանրամասն քննությունը նույնպես կատարել է Խալաթյանը (Տե՛ս անդ՝ էջ 45 և հետևյալները)1։ Ուստի ավելորդ ենք համարում այստեղ անդրադառնալ, միայն նշենք, որ հավանական ենք համարում Սուրեն անվան՝ Գր. Լուսավորչի «տոհմական–պարթևական անուն» լինելը, քան եղբոր։

Գրիգոր Լուսավորչի ծագման և ազգակցականության վերաբերյալ, որպեսզի ոչ մի կասկածանք չառաջանա իր ասածների նկատմամբ, Զենոբը (կամ սույն պատմության հեղինակը) հետևյալն է գրում Բեկտոր քարոզիչիս. «Եթէ ստուգիւ կամիս դիտել զայսոսիկ, ով երանելիդ Բեկտոր, ընթերցիր զթագաւորութիւն Հեփթաղենիկայ հելլենացի գրով եւ կամ զթագաւորութենէ ճենաց, զոր գտանես յՈւռհա քաղաքի առ Բարդա պատմագրի»։ Խալաթյանը ենթադրում է, թե սա ըստ երևույթին արդեն վաղուց ուրիշների կողմից հիշատակված Բարդածանն է (Բարդեզան)։ «Բարդա անլուր անունը,— ասում է նա,— ըստ իս նպատակով է գործածել այստեղ Զենոբ՝ յուր մտացածին պատմութեան ստուգութիւն տալու դիտմամբ» (անդ՝ 94)։ Այս և համանման այլ փաստական տվյալների մասին նույնպիսի կարծիք է հայտնել նաև Մ. Աբեղյանը, որ վերևում արդեն նշել ենք*։ Շատ հավանական է։

Խալաթյանը հետաքրքրական նկատողությունն է անում նաև Տրդատի և Գր. Լուսավորչի կողմից Տարոնում ու նրա շրջակայքում հեթանոսական մեհյանների կործանման, բագինների գտնված վայրերի, Դեմետր և Գիսանե եղբայրների գոյության, Կուառս, Մեղտես և Հոռեան անունների ծագման և մի շարք այլ տեղեկությունների առիթով, որոնք միայն Զենոբի մոտ են հիշատակված։ Այդ կապակցությամբ մեծ մասամբ ճիշտ եզրակացությունների է հանգել։

Հնդկական գաղթականություն ի հայս, իսկապես, չի եղել, ինչպես որ արդեն իր տեղում ակնարկել է նա։ Ավելացնում է նաև, որ «Գիսանե և Դեմետր հնդիկ անուններ չեն. ի զուր Ավդալյան, Lassen Ritlar — լավագույն հետազոտության արժանի ջանքերով — մերձեցնում են դոցա հնդկական Krisna-ի և նրա եղբայր Habadar-ի կամ Balaram-ի: Առ նվազը՝ դոցանից մեկը հայ գէս, գիսան (գիսաւոր) և մյուսը՝ հույն Դեմետր բառերի հետ կարող են լծորդութիւն ունենալ» (էջ 58)։

Խալաթյանի կարծիքն է դարձյալ, թե այդ երկու անունները Հայաստանում թե իբրև աստվածների, թե մարդկանց և կամ թե կուռքերի անուններ՝ հայտնի չեն մեր պատմիչներին, մինչև Ժ դար ուրիշ գավառներում։

___________________

1 Տե՛ս՝ «Գիրք, որ կոչի Զգոն», Կ. Պոլիս, 1824: Տե՛ս նաև՝ Բ. Սարգիսյան, «Ագաթանգեղոս և յուր բազմադարյան գաղտնիքը», Վենետիկ, 1890, էջ 37:

* Տե՛ս աստ՝ Նախաբան:

[էջ 136]

Նույնիսկ Հովհանը իր բերած ահագին քանակությամբ անունների մեջ դրանց չի հիշում։ Եվ վերջապես, օրինակ է բերում, որ հնում հայոց մեջ ավելի տարածված էր հին իրանական կամ պարսկական պաշտամունքը, որ արդեն ազգային էր դարձել (օր,՝ Զանդիկ կամ Ավեստական կրոնի Ahuramazda—Արամազդ, Anahita—Անահիտ, Yeretragna—Վահագն) և այլն։

Գիսավոր քրմերի և ծամավոր մանուկների մասին ակնարկությունը Խալաթյանին թվում է Փավստոսից վերցրած լինի Զենորը, սակայն ավելի հավանական է կարծել, թե ժողովրդական որևէ զրույցի մնացորդ լինի։

Սբ. Կարապետի, ինչպես նաև Աթանագինեի նշխարների՝ Կեսարիայից ո՞ւմ կողմից բերվելու և Տարոնում հաստատվելու մասին տեղեկությունները Խալաթյանը դեսից-դենից քաղված, իրար կցմցված և անստույգ է համարում և իրավացի է։

Չորս թղթերի պատճենների, ինչպես նաև հեղինակային առաջաբանի՝ Զենոբին անհարազատ լինելը նույնպես նրա պնդումն է, ուստի և եզրակացնում է, թե,— «Զենոբի անուամբ «Ասորոց պատմութիւնը» նախընթաց փաստերի հիմամբ անւաւեր համարելու է, որպես և «Զենոբ» կոչումը՝ կեղծ, անշուշտ Դ դարուց բավական ուշ կազմված» (անդ՝ 77)։ Այս վերջին նկատողությունը ոչ մի կերպ հնարավոր չէ հիմնավորել։ Իսկ ինչ մնում է այն պնդմանը, թե ասորերենից թարգմանված լինելու մասին խոսք անգամ լինել չի կարող, դժվար է այժմ հաստատուն որևէ բան ասել։

15. Միհրան Հովհաննիսյանը1 այս «Պատմության» հեղինակ է ճանաչում Զենոբ Գլակին, այն էլ չորրորդ դարում գրած և անվերապահորեն հավատում նրա ասածներին։ Դեռ ավելին՝ «Ականատեսի մը վկայութիւններն» կոչված բաժնում ազդարարում է, թե, «Այդ կռիւին ամէն իրադարձութիւններուն ականատես վկան է Զենոբ Գլակ» և բերում մի շարք օրինակներ գրվածքից՝ իբրև փաստարկում։ Պետք է ասել, սակայն (ինչպես արդեն ժամանակին նկատվել է2), որ այս հեղինակի եզրակացությունները՝ թե Զենոբ Գլակը կա և մնում է սույն գրվածքի շարադրող, բացի սկզբի մեկ-երկու թղթերից (որոնք համարում է Գր. Լուսավորչի և Ղևոնդիոսի գրածները), մեկ էլ «Հիշատակարանը», որ ենթադրում է Հովհան Մամիկոնյանինը, անհիմն են, վերացական դատողությունների, քան թե գրվածքից բխող փաստական տվյալների արդյունք։ Նրա ասածները, իսկապես, էական կարևորություն չեն ներկայացնում, ուստի և ավելորդ ենք համարում այստեղ անդրադառնալ դրանց։ «Սլավոնական Կիևի ու հայկական Կուառի հիմնադրման մասին պատմող ավանդությունները» քննադատական հոդվածում դրան անդրադարձել է նաև Բագրատ Ուլուբաբյանը, և արել է մի շարք սկզբունքային ու մեծի մասամբ ընդունելի դիտողություններ3։

___________________

1 Տե՛ս նրա՝ «Զենոբ Գլակ — հանդեպ արդիական քննադատության», Կ, Պոլիս, 1912, էջ 28 և հետևյալները։

2 Տե՛ս ՝ Գ. Մենեվիշյան, Մատենախոսական Միհրան Հովհաննիսյանի «Զենոբ-Գլակ-հանդեպ արդիական քննադատության», «Յանդես ամսօրյա», 1912, էջ 485 և հետևյալները։

3 Բ. Ուլուրաբյան, «Ոսկե շղթա», Երևան, 1979, 25 — 64 էջերը։

[էջ 137]

16. Զենոբ Գլակի և Հովհան Մամիկոնյանի գրվածքին տարբեր և զանազան առիթներով անդրադարձել են նաև օտարազգի արևելագետներն ու ուսումնասիրողները։ Օտարազգիներից այդ հարցին անդրադարձել են Հ. Գելցերը1, Գուտշմիտը, Պրուդհոմմը, Լանգլուան և ուրիշներ։ Այսպես, Գելցերը (նրան հետևելով` նաև Գուտշմիտը) գտնում է, որ Գրիգոր Լուսավորիչի «ազդեցիկ տոհմը իր ձեռքում ուներ քրմապետության պաշտոնը Հայաստանում և ինքն էլ ազգությամբ հայ էր» (Պատմաբան Լեոն նույնպես հավանական է համարում այդ։) Իր մեկ այլ աշխատության մեջ Գելցերը2 ուղղակի նշում է Տարոնում եղած Դեմետր և Գիսանե կուռքերի մեհյանը՝ մյուսների շարքում։ Այդպիսի հիշատակություն ունի նաև Ա. Կարիերն իր «Հեթանոս Հայաստանի ութ մեհյանները»3 աշխատության մեջ։

17. Վերոհիշյալ խնդիրներին ավելի մեծ ուշադրություն է դարձրել և դրանց մասին ավելի հանգամանորեն խոսել հայ մշակույթի և գիտության նշանավոր երախտավոր, ակադեմիկոս ն. Յա. Մառը։ Ի միջի այլոց առաջինը Նիկողայոս Մառն էր, որ նմանություն տեսավ ուկրաինական և հայկական այդ հնագույն ավանդությունների կամ լեգենդների միջև, և այն համոզմունքը հայտնեց, թե հայկական ավանդության համար, ամենայն հավանականությամբ, սկզբնաղբյուր է հանդիսացել սլավոնական լեգենդը, կամ թե երկուսը ևս առաջ են եկել մի ավելի հին ընդհանուր սկզբնաղբյուրից4։Մառի կողմից առաջ քաշված հիպոթեզին հետագայում շատերը անդրադարձան, որոնցից ոմանք փաստագրական նորանոր տեղեկություններ են ավելացնում եղածին, ոմանք այլևայլ ենթադրություններ անում, որոնք մեր խնդրից դուրս են և ավելորդ ենք համարում մեկ առ մեկ շարադրել այստեղ։ Այսպես օրինակ՝ ուկրաինացի պատմաբան Մ. Յու Բրայչևսկին նույնպես այդպիսի կապ է տեսնում Կիևյան Ռուսիայի կազմավորման ժամանակաշրջանում ստեղծված ժողովրդական ավանդապատում զրույցների պատմական հիմքերի միջև՝ այդպիսի աղերսների միջավայրը փնտրելով 6—7-րդ դարերի Ուկրաինա-բյուզանդական և հայ-բյուզանդական հարաբերություն-

___________________

1 Հենրիկոս Գելցեր, Փաւստոս Բիւզանդ կամ Սկզբնաւորութիւն հայկական եկեղեցւոց» (թարզմ. «Բազմավեպ», 1896, էջ 436 և հետևյալները, և «Բազմավեպ», 1906, էջ 306):

2 Հ. Գելցեր, «Հետազոտություն հայ դիցաբանության» (թարզմ. Հ. Թորոսյան, Վենետիկ, 1897):

3 Տե՛ս թարգմանությունը՝ «Հանդես ամսօրյա», 1899, էջ 354:

4 Տես' Н. Я. Марр Книжные легенды об основании куара в Армении и Киева на Руси. Речь, произнесенная на торжественном годовом общем собрании Академии истории материальной культуры, 18 мая 1922 г. («Известиях» ГАИМК, том 3): Տես նաև՝ Н. Я. Марр, Избранные работы, т. 5, 1935 г. ст. 47—62 и другие, նույնը նաև՝ Н. Я. Марр, «Крещение армян, грузин, абхазов и аланов святым Григорием», СПБ, 1905, ст. 154 и др.

[էջ 138]

ների ոլորտում1։ Նույն՝ ներքոհիշյալ ժողովածուում զետեղված հոդվածում՝ Ս. Տ. Երեմյանը2 նույնպես մի շարք աշխարհագրական (հատկապես տեղանունների) նմանություններ է տեսնում, որոնք տեղ են գտել Ուկրաինական և հայկական ավանդապատումներում: Սակայն Երեմյանը գտնում է, որ հայ և ուկրաինացի ժողովուրդների մեջ այդ հինավուրց ավանդապատում զրույցները ծագել են իրարից անկախ և բոլորովին ինքնուրույն հողի վրա և միմյանց հետ ոչ մի կապ չունեն։

18. Նույնպիսի կարծիք է հայտնել նաև Ռ. Ա. Աբրահամյանն իր «Հայաստանում հնդկական գաղթօջախների գոյության հարցի շուրջը» հոդվածում3։ Փոքր-ինչ առաջ անցնելով ասենք, որ մենք նույնպես հակված ենք ընդունել, որ երկու զրույցները (հայկական և ուկրաինական) առաջ են եկել բոլորովին իրարից անկախ, տարբեր ժամանակներում, կապ չունեն միմյանց հետ, և եթե նրանցում տեղ գտած տեղանուններում ինչ-ինչ նմանություններ էլ կան, ապա դրանք բոլորովին պատահական, արմատական օրինաչափություններ չպարունակող նմանություններ են։ Մեր խորին համոզմամբ, պատահական չէ, որ քննության ենթակա հարցերի ամենալավ գիտակները թե՛ Մ. Աբեղյանը և թե՛ Լեոն ոչ մի կարևորություն չեն տվել նշված զրույցների միևնույն հիմքից ծագած լինելու մասին եղած տեսությանը և լռությամբ են անցել դրա կողքով։ Ինչ մնում է Ռ. Աբրահամյանի այն պնդմանը, թե Գիսանե և Դեմետր եղբայրների մասին ստեղծված ժողովրդական պարզ զրույցը (ինչպես և Գիսանե-Գանեսան անունը) կարելի է հիմք ընդունել և «հնդկական գաղթօջախ» տեսնել 1— 4-րդ դարերի Հայկական լեռնաշխարհում, ոչ բանական է և ոչ էլ ընդունելի։ Եթե այդպես է, հապա, ինչո՞ւ ինքը չի ընդունում ուկրաինական և հայկական ավանդությունների նույն արմատից ծագած լինելը, չէ՞ որ դրանց մեջ զուգադիպություններն ու նմանությունները ավելի քան առատ են։

19. Հարցի ավելի հանգամանալից քննություն է կատարել պատմաբան Բ. Ա. Ուլուբաբյանը «Սլավոնական Կիևի և հայկական Կուառի հիմնադրության մասին պատմող ավանդությունները» հոդվածում4։ Այդ կապակցությամբ Բ. Ուլուբաբյանի եզրակացությունը հետևյալն է՝ չնայած այժմ դժվար, «անհնար է պարզել, թե երկու (ժողովուրդների մեջ պահպանված) զրույցներից, որն է խթան հանդիսացել մյուսի ծննդի համար», այսուամենայնիվ «...վերը ուշադրության առնված նմանություններն ան-

___________________

1 М. Ю. Брайчевский, К вопросу о русско-армянских связях в период образования Киевской Руси.
Сб. «Исторические связи и дружба украинского и армянского народов», Киев, 1965, ст. 161 — 168.

2 С. Т. Еремян, О некоторых историко-географических параллелях в «Повести временных лет» и «Истории Тарона» Иоанна Мамиконяна, (Сб. «Исторические связи...»).

3 Տե՛ս «Երևանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունները», պրակ. Ա, Ե., 1974, էջ 405—431:

4 Տե՛ս՝ Բ. Ուլուբաբյան, «Ոսկե շղթա», Ե., 1979, էջ 25—64:

[էջ 139]

պայման ապացույց են այն իրողության, որ երկու զրույցներն էլ արդյունք են իրենց ծնող ժողովուրդների այնպիսի առնչությունների, որոնք հասնում են մինչև վաղ միջնադարյան իրականությունը» (անդ՝ էջ 33):

20. Ամենավերջին ծավալուն գործը Զենոբ Գլակի, Հովհան Մամիկոնյանի և «Տարոնի պատմության» վերաբերյալ բանասեր Ղ. Վ. Այվազյանի մենագրական աշխատությունն է1։ Արդեն ուրիշներն են նկատել, որ Ղ. Այվազյանի գլխավոր սխալը ելակետային է, այն, որ նա (հետևելով հնագույն, գիտության կողմից վաղուց ի վեր մերժված տեսակետներին) «Տարոնի Պատմությունը» բաժանում է երկու մասի, համարում տարբեր հեղինակների գործ, որոնցից մեկը (Զենոբ Գլակը) ապրել է 4-րդ դարում և ինչ որ շարադրել է, դրանց ականատես վկան է, իսկ մյուսը 7-րդ դարում՝ Հովհան Մամիկոնյանն է:

Այսպես, նա ևս ձգտում է հաստատել, թե Զենոբին վերագրված մասը գրվել է ասորերեն և չորրորդ դարում, մնացել անհայտության մեջ և միայն 7— 8-րդ դարերում հայտնաբերվել ու թարգմանվել հայերեն։ Նրա մյուս պնդումը, թե ասորական ու պրոասորական տարրերը նշանակալի, նույնիսկ գերիշխող դեր են ունեցել 4-րդ դարի հայոց «հասարակական-քաղաքական և եկեղեցական կյանքում» (անդ՝ 58), իսկապես, բոլորովին անընդունելի է, ինչպես նկատել է Բ. Ուլուբաբյանը (տե՛ս՝ նշվ. աշխ. էջ 39 — 40)։ Թերևս միայն նորածագ քրիստոնեության տարածման գործում ասորիները որոշակի դեր, իրո՛ք, կատարել են, այն էլ ոչ միայն Տարոնի գավառում։ Ավելի ևս անընդունելի է. Ղ. Այվազյանի հետևյալ եզրակացությունը, թե «...своеобразным центром церковников-сирийцев являлся гавар Тарон-Аштишат и монастырь св. Карапета (ընդգծումներն իրենն են, Վ. Վ.). В свою очередь, это делает правдоподобным сообщение Иоанна Мамиконяна в «Ишатакаране», что монастырь св. Карапета при своем основании и в течение какого-то времени был сирийским, а значит, что и найденные им там записи могли быть сделаны на сирийском чзыке» (նույն տեղում, էջ 58) և թե ասորական այդ «յուրօրինակ «գերագահությունը կամ տիրապետությունը հասնում է մինչև հինգերորդ դարի վերջերը։ Թե ինչպիսի գնահատություն գտավ Ղ. Այվազյանի աշխատության երևան գալը արդի հայ բանասիրության և պատմագիտության կողմից, պարզ երևում է այն քննական և քննադատական արձագանքներից, որոնք հրապարակ եկան նրա վերոհիշյալ աշխատության լույս տեսնելուց անմիջապես հետո։

Առաջինն այդ աշխատության մասին իր ծանրակշիռ խոսքն ասաց բանասեր Լևոն Տեր-Պետրոսյանը մի հոդվածում, որ լույս տեսավ «Բանբեր Երևանի համալսարանի» 1977 թ. № 3-ում2։ Այստեղ հեղինակը մեկ առ

___________________

1 К. В. Айвазян, «История Тарона» и армянская литература IV—VII веков», Историко-филологическое исследование, Ереван, 1976 г.

2 Л. А. Тер-Петросян, К вопросу о датировке «Истории Тарона», — «Вестник Ереванского университета», 1977, № 3.

[էջ 140]

մեկ ներկայացնում է տեքստաբանական այն բոլոր անճշտություններն ու անհետևողականությունից առաջ եկած վրիպումները (հատկապես արված եզրահանգումների կապակցությամբ), որոնք տեղ են գտել Ղ. Այվազյանի ռուսերեն թարգմանության մեջ (կատարված գրաբար տեքստից): Ղ. Այվազյանի աշխատության մասին իր քննություններից Լ. Տեր-Պետրոսյանը հանգում է հետևյալին.

1. «Наличие большого количества фактических ошибок заставляет сомневаться в правильности любого сообщения книги Айвазяна».

2. Осуществленный Айвазяном русский перевод «История Тарона» дает искаженное представление об армянском оригинале этого произведения» և այլն:

Литературная Армения» ամսագրում Լ. Տեր-Պետրոսյանի և Բ. Ուլուբաբյանի քննադատական կարծիքների դեմ ինքնապաշտպանությամբ հանդես եկավ Ղ. Այվազյանը1: Ապա նույն տեղում պատասխան խոսքով հանդես եկան և Բ. Ուլուբաբյանը և Լ. Տեր-Պետրոսյանը2: Վեճերի կապակցությամբ իր ամփոփիչ և համառոտ խոսքն ասաց նաև ամսագրի խմբագրությունը (նույն տեղում, էջ 108)։

Հարցի կապակցությամբ առ այսօր ամենածանրակշիռ և ամենաճշմարտամոտ խոսքը ըստ իս մնում ` դարձյալ մեծանուն հայագետ Մ. Աբեղյանինը։ Նրա, ինչպես նաև Ստ. Մալխասյանցի, Լեոյի, Մ. Մկրյանի և էլի ուրիշների արտահայտած տեսակետներին այստեղ ավելորդ ենք համարում առանձին-առանձին և մանրամասնաբար անդրադառնալ, քանի որ վերևում, շատ առիթներով` կամա, թե ակամա, արդեն քանիցս շոշափել ենք, նաև՝ ընդունելով դրանք իբրև ընդհանրության կողմից ճշմարտության ուժ ստացած խոսք։

Իսկ այն հանգամանքը, որ Ղ. Այվազյանն իր ենթադրությունները հաստատելու նկատառումով վկայակոչում է նշանավոր բանասեր Ե. Տեր-Մինասյանի աշխատությունները, դարձյալ ոչնչով չի փրկում դրությունը, քանի որ Տեր-Մինասյանի մոտ այդօրինակ ուղղագիծ և որոշակի պնդում ոչ վկայակոչված աշխատության3 մեջ և ոչ էլ ուրիշ տեղերում4 չկա և չէր կարող լինել։

21. Ռիչարդ Հովհաննիսյանի՝ վերևում նշված հաղորդման մեջ չափազանց ուշագրավ նկատողություն կա «Տարոնի պատմության» վերաբերյալ Լևոն Ավտոյանի ուսումնասիրության մասին (History of Тaron— Columbia University, 1985: UML Orfer N DA). այն հիմնված

___________________

1 Տես՛ «Литературная Армения», Е. 1978, № 2 (Казар Айвазян — «Письмо в редакцию», ст. 86—96).

2 Б. Улубабян — «Научные заблуждения или блуждения в науке?» (ст. 97—102) и Левон Тер-Петросян — «История Тарона» в свете «Критики» К. В. Айвазяна (ст. 102—108).

3 Երվանդ Տեր-Մինասյան, Հայոց եկեղեցու հարաբերությունները ասորվոց եկեղեցիների հետ, Վաղարշապատ, 1980, էջ 3 և հետնյալները:

4 Ե. Տեր-Մինասյան, Բանասիրական հետազոտություններ, Երևան, 1971:

[էջ 141]

է Երևանի, Լենինգրադի և Փարիզի ձեռագրերի և խմբագրությունների տվյալների վրա։ Ներածականում մեկնաբանվում են Պատմության մեջ եղած անձնանունները, տեղանունները, ժամանակաշրջանի քաղաքական ու կրոնական հանգամանքները։

Նոր փաստերու լույսին տակ,— գրում է նա,— ան (Լ. Ավտոյանը) կեզրակացնե, այլ մասնագետներու նման, թե Պատմությունը խիստ միտումնավոր է, գրված Գլակի վանքը օրինականացնելու նպատակով, զայն վերադասելու համար Էջմիածնի և Դվինի աթոռներեն և վերջապես շահելու համար ժամանակի ազնվականության հովանավորությունը» (ՊԲՀ, 1987, № 1, էջ 106)։ Ապացուցման կարիք ունի, սակայն, Պատմության կառուցվածքի, պատկանելության և մանավանդ գրության ժամանակի մասին եղած պնդումը, թե այն կազմված է երկու առանձին բաժիններից, «որոնցմե առաջինը գրված է նույն անձի կողմե 966-ի և 988-ի միջև, մինչ երկրորդը՝ որ կպարունակե վերջին երկու հարադեպերը, հիշատակարանը և հավանաբար ամբողջ գործի մեկ խմբագրությունը, ուրիշի մը կողմե, 1220-են առաջ» (նույն տեղում)։

Պետրոսյանը նույնպես գրվածքի ժամանակը շատ հետ է բերում. «Մինչ Մամիկոնյան կհավակնի ներկայացնել հայերու պայքարը ընդդեմ զրադաշտական Պարսկաստանի,— ասում է նա,— Պետրոսյան կհավատա, թե անոր նկարագրությունը իրականության մեջ կվերաբերի արաբական և նույնիսկ սելճուք արշավանքներուն։ Ամեն պարագայի, հետաքրքրական պիտի ըլլար գործը բաղդատել բյուզանդական, պարսկական, թըրքական և այլ հայկական ժամանակակից դյուցազներգություններուն հետ» (նույն տեղում, էջ 107)։

22. Վերջապես, ավելորդ չենք համարում այստեղ խոստովանել, որ նախկինում տողերիս հեղինակը նույնպես՝ հետևելով գրականության պատմության մեջ վաղուց ի վեր ավանդության ուժ ստացած հին տեսակետին, պայմանականորեն Հովհան Մամիկոնյանին և նրա անունով հայտնի «Տարոնի պատմութեան» ստեղծման ժամանակը ներկայացրել էր 7-րդ դարի սահմաններում և վերլուծել այդ դարաշրջանի հայոց գրական-մշակութային երևույթների ընդհանուր համակարգում։ Սակայն ավելի հանգամանալից քննությունն ու ծանոթությունը մեզ ևս բերեցին այն համոզման, որ վերոհիշյալ «Պատմության» մեջ և մասնավորապես նրա «Հիշատակարանում» առատորեն սփռված փաստական, ժամանակագրական, տեղանունների, անձնանունների և այլ կարգի անճշտություններն ու շփոթությունները (նկատված ուսումնասիրողների մեծամասնության կողմից) ապացույց են այն բանի, որ դրանց հեղինակը կամ հավաքող-շարահարողը չէր կարող ականատես և ժամանակակից մեկը լինել, այլ ավելի ուշ՝ «ութերորդ դարից ոչ վաղ» ապրած մեկը, որը վկայակոչում է Գրիգոր Լուսավորչին ժամանակակից Զենոբ Գլակին, ինչպես նաև այդ օրերում կատարված իրողությունների մասին մնացած ինչ-ինչ գրություն-

___________________

1 Վ. Հ. Վարդանյան, Հայ գրականությունը 7-րդ դարում, Ե. 1970, էջ 120-122:

[էջ 142]

ները կամ դրանց պատճենները ու դրանք միացրել իր մոտ գտնվող հավաքածուին։ Այդպես վարվելու նպատակը եղել է նախ՝ իր ասելիքը, պատմածը կամ այստեղից-այնտեղից հավաքածն իբրև անհերքելի, այսինքն ականատեսի վկայության արգասիք ներկայացնելը, որպեսզի չկասկածեն իրեն այն բաներում որին նույնիսկ ինքն է կասկածում, ապա նաև՝ օրինականացնելու և հավերժացնելու համար մինչ իր ժամանակները սբ. Կարապետին պատկանող կալվածքներն ու երդահամարները, որոնց մասին բազմիցս հիշատակվում է բուն «Պատմության» մեջ։

Իսկ Զենոբ Գլակի խնդիրն առ այսօր ավելի մութ և առեղծվածային է։ Այժմ հնարավոր էլ չէ հաստատապես պնդել, թե այդ անունով անձնավորություն ոչ գոյություն է ունեցել, ոչ էլ որևէ բան դրել։ Չենք էլ կարող ապացուցել, թե նա է շարադրել վերոհիշյալ գրվածքի առաջին մասը պարունակող թղթերը, ինչպես որ ավանդում է Հովհանը։ Այդպիսի մեկը գուցե թե ապրած լինի Գրիգոր Լուսավորչի օրերում և նրա կողմից նշանակված միայն սբ. Կարապետի վանքի վանահայր (այն ժամանակվա ըմբռնումով), և ոչ թե ամբողջ Տարոնի թեմի առաջնորդ։ Եթե որևէ բան էլ շարադրել է, ապա՝ միայն Ա. Աբրահամյանի կողմից վերը նշված երկու գրությունները («Պատասխանի թղթոյն ասորւոց և պատմութիւն վասն Իննակնեան տեղեացն» և «Վասն պատերազմին որ յԱրձանն եղև»)։ Կամ ավելի հավանական է կարծել, թե Զենոբը Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ նրա և այլոց կողմից շարադրված ինչ-ինչ թղթեր (նամակներ) թարգմանած լինի ասորերեն՝ ասորի քրիստոնյաներին կամ այդ դավանանքը տարածող քարոզիչներին տեղյակ դարձնելու համար եղած (իսկ ավելի շատ՝ չեղած, հնարովի) դեպքերի և իրադարձությունների մասին։ Այդ երևում է ոչ միայն Հովհանի վկայությունից, այլ մասամբ նաև նամակների սյուժետային-գաղափարական բովանդակությունից, որոնք հենց այդ նպատակն էլ հետապնդում էին։

Համառոտագրությունները ներկայացրել ենք թարգմանության համար մեր օգտագործած օրինակի հետևողությամբ՝ ուսումնասիրողների գործն ավելորդ տեղը չդժվարացնելու նկատառումով, դրանք տրված են ըստ Մաշտոցի անվան Մատենադարանի թվահամարների՝

0 — Ա. Աբրահամյանի օգտագործած գրչագիրը, № 1328։

Լ — N 1886 գրչագիրը։

Բ — M 1912 գրչագիրը։

Վ — Վենետիկյան՝ 1832 թվականի հրատարակությունը։

ՎԾ — Վենետիկյան՝ 1832 և 1889 թթ. հրատ, ծանոթագրությունները։

Պ — Պոլսի՝ 1719 թ. հրատարակությունը (սխալմամբ տպված է 1722)։

Հ — № 2618 գրչագիրը։

Մ — № 1886 գրչագիրը (որ նույն Լ-ի տարբերակն է):

Ս — № 7898 գրչագիրը։

 


1. Տիտղոսաթերթ եւ այլն  |  2. Նախաբան
3. Տարոնի պատմությունը, որ թարգմանել է ասորիների Զենոբ եպիսկոպոսը
4. Պատճեններ I- IV... Ծիծառի Խաչի պատմությունը... Վահանի որդի Տիրանի մահվան եւ աղի ծովի ափին տեղի ունեցած պատերազմի մասին...
5. Ձեռագրերը և հրատարակությունները  |  6. Ծանոթագրություններ
7. Անձնանունների ցանկ  |  8. Տեղանունների ցանկ
9. Բովանդակություն (ըստ գրքի)

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ ԵՐԵՎԱՆ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐՈՂ» — 1989
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյան
Սկան՝ Միքայել Յալանուզյան
OCR՝ Միքայել Յալանուզյան
Ուղղագրում՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice