ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Սարգիս Սարգսյան

ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 28]

ԵՐԿՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ՌԱԶՄԱ-ՏԱԿՏԻԿԱԿԱՆ ՄՏՔԻ ԾԱԳՈՒՄԸ ՀԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1. ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ռազմա-ստրատեգիական նշանակություն ունեցող հնագույն փաստը մի ավանդություն է, որն արձանագրված է պատմահայր Մովսես Խորենացու պատմության այն գլխում, ուր նկարագրվում է առասպելական Հայկի և Բելի ճակատամարտը։ Չնայած մեզ հայտնի չէ ավանդության ստեղծման ժամանակը, սակայն անվիճելի է, որ մարտ վարելու տակտիկական այն եղանակը և մարտակարգ կառուցելու այն ձևը, որ նկարագրում է Խորենացին, հայտնի էին նրա ժամանակի հայ զինվորականներին։ Ռազմական արվեստի պատմության համար շատ ուշագրավ է Խորենացու նկարագրած Հայկի և Բելի ճակատամարտը, ուստի ցանկանում ենք փոքր-ինչ կանգ առնել դրա վրա։

Ըստ Մովսես Խորենացու, այդ առասպելում բռնակալ Բելը մեծաքանակ զորք է հավաքում և շարժվում է հյուսիս՝ Ասորեստանին չհնազանդվող հայկական ցեղերի առաջնորդ Հայկի դեմ։ Հայկը ևս հավաքում է իր զինակիցներին և շարժվում է Բելին դիմագրավելու։ Տուսպա (Վանա) լճի մոտ Հայկը իր ռազմիկներին ասում է «...Երբ մենք դուրս կգանք Բելի ամբոխի դեմ, պետք է աշխատենք այն տեղին պատահել, որտեղ կանգնած կլինի Բելը քաջերի խուռն բազմության մեջ, որպեսզի կամ մեռնենք, և մեր աղխը Բելի ծառայության տակ ընկնի, կամ մեր մատների հաջողու–

[էջ 29]

թյունը նրա վրա ցույց տանք, նրա ամբոխը ցրվի և մենք, հաղթություն տանենք»1 ։

Շարունակելով ճանապարհը՝ Հայկի ջոկատը հասնում է Հայոց Ձոր կոչվող երկու բարձր լեռների միջև ընկած հարթավայրը, ոչ հեռու այն վայրից, որտեղ Խոշաբա գետը թափվում է Վանա լիճը, և գետի աջ ափում բարձր վայրի վրա ճամբար է դնում։ Հայկը տեսնում է, որ Բելի զորքերը բանակել են Խոշաբա գետի ձախ ափին։ Ինքը՝ Բելը, մեծաքանակ զորքերով շրջապատված կանգնել է բլրակի վրա, ինչպես դիտակետում։ Հայկը, նկատելով Բելի զորքի դասավորումը, կառուցում է իր զորքերի մարտական կարգը եռանկյունաձև՝ սուր անկյունն առաջ։

Հայկը «...Կանգնեցնում է Արամանյակին երկու եղբայրներով աջ կողմը, Կադմոսին իր ուրիշ երկու որդիներով ձախ կողմը, որովհետև նրանք աղեղ և սուր գործածելու մեջ հաջողակ մարդիկ էին, ինքը կանգնում է առջևից, իսկ մյուս բազմությունը կանգնեցնում է իր հետևում. դասավորեց մոտավորապես եռանկյունի ձևով ու հանդարտ առաջ շարժվեց»2։

Եվ երկու կողմի հսկաները, պատմում է Խորենացին, երկրի վրա ահագին դղրդյուն բարձրացրին իրենց գրոհներով և իրար վրա ահ ու սարսափ գցեցին իրենց հարձակումների ձևով։ Այնտեղ երկու կողմից մեծ զոհեր են լինում։ «Այս անսպասելի տարակուսական դիպվածը տեսնելով, Տիտանյան արքան զարհուրեց և ետ քաշվելով սկսեց ետ-ետ բարձրանալ այն բլուրը, որտեղից իջել էր. որովհետև մտածում էր ամբոխի մեջ ամրանալ, մինչև ամբողջ զորքը հասնի, որպեսզի երկրորդ անգամ ճակատ կազմի։ Աղեղնավոր Հայկը այս բանը հասկանալով՝ իրեն առաջ է նետում, մոտ է հասնում արքային, մինչև վերջը քաշում է լայնալիճ աղեղը, երեքթևյան նետը դիպցնում է նրա կրծքի տախտակին, և սլաքը, շեշտակի թափ անցնելով նրա թիկունքի միջով, գետին է խրվում։ Այս կերպով գոռոզացած Տիտանյանը կոր-

_______________________
1 Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, էջ 101։
2 Նույն տեղը, էջ, 102։

 

[էջ 30]

Հայկի ջոկատի մարտական կարգերը

Հայկի ջոկատի մարտական կարգերը (ըստ Մ. Խորենացու)։

[էջ 31]

ծանվում է, ընկնում է գետին և շունչը փչում... Իսկ ամբոխը այս մեծ քաջագործությունը տեսնելով վւախչում է ամեն մեկը իր երեսը դարձրած կողմը...»1։

Պատմիչների տեղեկություններից երևում է, որ ինչպես հեռավոր անցյալում, այնպես և միջին դարերում հայ զորավարներին հայտնի են եղել.

Առաջին, սեփական զորքերի մարտական կարգ կազմելը՝ հաշվի առնելով հակառակորդի մարտական կարգերի թույլ կողմերը։

Երկրորդ, մարտական կարգը անկյունը դուրս ցցված կազմելու առանձնահատկությունները, սրին և աղեղին հմտորեն տիրապետած ջոկատներով թևերի, հատկապես ձախ թևի, պաշտպանությունը։

Երրորդ, տեղանքի հաջող ընտրությունը, որն ապահովում էր մարտի հաջողությունը։

Չորրորդ, թշնամու ուժերի վրա թիկունքից հարձակվելու և սարսափահար անելու փորձը։

Հինգերորդ, մարտի դաշտում դիտումը կազմակերպելը և հետախուզությունը։

Այսպիսով, հետախուզություն կատարելու և մարտադաշտը դիտելու, որոշումներ ընդունելու և դրանք ստորադրյալներին հասցնելու, մարտադաշտի վայրն ընտրելու, մարտական կարգեր կազմելու, թշնամու ուժերի դասավորությունը հաշվի առնելու, թևերը և թիկունքը պաշտպանելու, վերջապահ ջոկատ առաձնացնելու ռազմական արվեստը հայերին հայտնի է եղել հնագույն շրջանում։ Իսկ այդ ամենը կարելի է համարել հայերի ռազմա-տակտիկական մտքի ծագման սաղմերը։

2. ՀԱՅԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈԻԹՅՈԻՆԸ ՄԱՐԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Մարաստանի տիրապետության դեմ հայ ժողովրդի առաջին ապստամբության մասին մեզ հայտնի է հույն զորավար և բանասեր Քսենոֆոնի «Կյուրոպեդիա» աշխատությունից: Այդ գրքից երևում է, որ Երվանդունիների ժամանակ,

_______________________
1 Մովսես Խորենացի, էջ 102։

 

[էջ 32]

հայ պետականության սկզբնավորման շրջանում, Հայաստանը քաղաքական կախման մեջ է գտնվել Մարաստանից վճարել է հարկ, զորք է տվել Մարաստանի ձեռնարկած պատերազմներին մասնակցելու համար։ Այդ ստորացուցիչ պայմանները հայերի մոտ առաջացրել են անկախության համար պայքարելու ձգտում, որը վեր է ածվել ապստամբություենների։

Մարաստանի դեմ մեզ հայտնի առաջին ապստամբությունը, ըստ Քսենոֆոնի, տեղի է ունեցել 560 թ. (մ.թ.ա.): Երկու տարի հայոց թագավորը չի կատարում իր պարտավորությունը՝ չի վճարում հարկը և չի ուղարկում իր զորքերը մարերի սկսած կռիվներին մասնակցելու։ Այդ ժամանակ Մարաստանը կռվի մեջ էր գտնվում Լիդիայի, Եգիպտոսի և Բաբելոնի դեմ։ Ապստամբած հայերին հնազանդեցնելու համար Մարաստանի թագավոր Կիաքսարի քրոջ որդի Կյուրոսը նենգամտորեն, որսորդության անվան տակ, մեծաքանակ հետևակով ու հեծելազորով տարբեր կողմերից ներխուժում է Հայաստան ու գաղտագողի մոտենալով նրա մայրաքաղաքին նեղացնում շրջապատման օղակը և հանկարծակիի բերում Երվանդ թագավորին։

Այդ պլանների, գործողությունների և դրանց պատճառների մասին ասված է Կյուրոսի ճառում, որր մեջ է բերել Քսենոֆոնը իր «Կյուրոպեդիա» աշխատությունում։ Այնտեղ ասված է. «Բարեկամներ, հայոց թագավորը առաջ դաշնակից է եղել և հպատակվել է Կիաքսարին։ Բայց այժմ, իմանալով, որ մեր հակառակորդները արշավանքի են պատրաստվում, վարվում է անհարգալից, ոչ զորք է ուղարկում, ոչ էլ հարկերն է վճարում։ Ուստի մենք եկել ենք բռնելու նրան... Դու, Քրիսանտ... վերցրու մեզ մոտ գտնվող պարսիկների կեսը, գնա լեռնային ճանապարհով և գրավի այն սարերը, ուր, ասում են, նա փախչում է վտանգի դեպքում... Իսկ ես լուսաբացին կվերցնեմ հետևակի կեսը և ամբողջ այրուձին ու հարթավայրով կշարժվեմ ուղիղ գծով դեպի ատարանք... Հիշիր որ բոլոր ելքերը պետք է փակվեն...»1։

_______________________
1 Ксенофонт, Киропедия, т. II, кн. 4, стр. 74—75.

 

[էջ 33]

Հայոց բանակի մարտական կարգը 400-ական թվականներին

Հայոց բանակի մարտական կարգը 400-ական թվականներին (մ. թ. ա.)

Այն սարը, ուր փախել էր հայոց թագավորր իր ընտանիքով և թիկնապահ սակավաթիվ զորքով, պաշարում են Կյուրոսի զորքերը։ Հետևանքը լինում է այն, որ թագավորը բռնվում է, և ապստամբությունը ճնշվում։ Բերված տեղեկություններից կարելի է եզրակացնել.

1. Ապստամբության համար թագավորն ընտրել է հարմար ժամանակաշրջան, երբ Մարաստանը կռվի մեջ էր գտնվում Եգիպտոսի ու Լիդիայի դեմ և իր ամբողջ մարտական հզորությունն ուղղել էր հաղթանակով դուրս գալու այդ պատերազմից։

2. Պատրաստվելով ապստամբության և հույս դնելով

[էջ 34]

իր մեծաքանակ բանակի վրա, հայոց թագավորը թույլ է տվել անփութություն։

3. Հայոց թագավորի բանակը կենտրոնացած չի եղել համապատասխան վայրում, որպեսզի արժանի հակահարված տա ներխուժող թշնամու ռազմական ուժերին։ Ուստի Կյուրոսի զորքերի՝ Հայաստանի մայրաքաղաքը շրջապատած ժամանակ, ինչպես երևում է Քսենոֆոնի տեղեկություններից, հայկական զորամասերը տեղում չեն գտնվել:

Հայոց թագավորի այդ սխալների և անհոգության հետևանքով ապստամբությունը պարտություն է կրել։

Այս դեպքից հետո Կյուրոսը հայկական ու խալդական բանակները ներգրավել է մղած պատերազմներին։ Ըստ տեղեկությունների, մարական բանակի կազմում եղել են հայկական զորամասեր՝ 40000 հետևակ և 8000 հեծելազոր։

Բաբելոնի դեմ Մարաստանի մղած պատերազմում պարսկական և մարական հետևակի հետևից շարժվել է հայոց հետևակր, որը կազմված էր վահանակիրներից և աղեղնավորներից։

Հայկական զորքերը, ինչպես երևում է, պարսկականի նմանությամբ կազմված են եղել լոխերով և տաքսիաներով։ Ամեն մի լոխ ունեցել է 12 մարդ։ Տասներկու–տասնվեց կամ քսանչորս լոխը կազմել է մի տաքսիա, որն ունեցել է շուրջ 144 մարդ։ Տասներկու այդպիսի տաքսիաներ կազմել են մեկ խիլիարխիա։ Մեկ խիլիարխիան ունեցել է մոտ 1700 մարդ։ Տասներկու խիլիարխիան կազմել է մեկ մերիարխիա՝ մոտ 20000 մարդ։ Այդպիսով, հայերի հետևակը կազմել է երկու միրիարխիա` մեկը վահանակիրներ (պելտա), մյուսը` աղեղնաձիգեր։ Հայոց հեծելազորը կազմել է չորս խիլիարխիա1։

Շարելով լոխերը մեկ շարք ճակատով և տասներկու շարք խորությամբ, Կյուրոսը հետապնդել է հետևյալ նպատակը. առաջին՝ մարտակարգերում ստեղծել մեծ խորություն, որպեսզի հակառակորդը, թևերը շրջանցելու ժամանակ, ստիպ-

_______________________
1 Ксенофонт, Киропедия, кн. III, гл. 3, §§ 9—13. Տե՛ս նաև Голыцин Н. С., Всеобщая военная история, СПб, 1872, том 1, стр. 56.

 

[էջ 35]

Հայոց զորքերի կազմակերպման 560-540 թթ. մ. թ. ա.

Հայոց զորքերի կազմակերպման 560-540 թթ. մ. թ. ա.
(ըստ Քսենոֆոնի «Կյուրեպեդիա»-ի)

[էջ 36]

ված լինի երկարաձիգ տեղաշարժեր կատարել, որով կերկարաձգվեն նրա շարքերը և կթուլանան ուժերը։

Երկրորդ, շարժելով աղեղնաձիգներին և վահանակիրներին երկրորդ գծի վրա՝ հեռու տարածությունից իրենց ծանր զինված ուժի գլխի վրայով գագաթնահար նետաձգություն կատարելու հնարավորություն ստեղծվի։ Այդ խնդիրը կատարել են մարական և հայկական հետևակները։

Երրորդ, աշտարակավոր սայլերը և նետաձիգներին շարժելով իր մարտակարգերի հինգերորդ գծի վրա, հայկական հետևակը վստահ է եղել, որ անհրաժեշտության դեպքում հուսալի ապաստարան կունենա։

Չորրորդ, ստեղծված են եղել պահեստային թաքուն ջոկատներ՝ հակառակորդի թևերին հակահարված տալու համար, եթե թշնամին ճեղքի մարտակարգերը կամ հակագրոհի անցնի1։

Գումակը գտնվել է պարսից հեծելազորի հետևում, որը շարված է եղել հարյուրյակներով, ինչպես հետևակի լոխերը։ Նրանց հետևից գնացել են մարական հեծյալների ջոկատները, ապա՝ հայոց հեծյալների ջոկատները և մյուս պետերի հեծյալները՝ նույն մարտական կարգով և նույն մարտավարական խնդիրներով2։

Այդպես են արմատավորվել մարտակարգի կառուցման մեթոդները և պարսկական զորքերի մարտերի տակտիկական եղանակները հայկական զորքերում Կյուրոս Աքեմենյանի ժամանակ։

3. ՀԱՅԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆԸ ԱՔԵՄԵՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԴԵՄ 521-520 ԹԹ. (Մ. Թ. Ա.) ԵՎ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԻ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Պարսկաստանում իշխանության գլուխն է անցնում Աքեմենյան հարստությունից Դարեհ 1-ը (522— 486 մ.թ.ա.), որը վերականգնում է պարսից պետության հզորությունը, ստեղծում է ավելի ուժեղ կազմակերպված բանակ և ծան–

_______________________
1 Տե՛ս Голыцин Н. С., там же, стр. 56—57.
2 Տե՛ս Ксенофонт, там же, кн. 5, гл. 3.

[էջ 37]

րացնում վասալական երկրների ու մարզերի, այդ թվում նաև՝ Հայաստանի լուծը։ Հպատակ ժողովուրդներին նա ստիպում է վճարել մեծ գումարով հարկ և նրանց զորքերը մտցնում է պարսից բանակի կազմի մեջ։ Այդ բանակի կորիզը կազմում էին պարսիկները։ Լավ կազմակերպված մշտական բանակը Դարեհ I-ին հարկավոր է եղել զավթած հսկայական երկրների ու մարզերի ժողովուրդներին հնազանդ պահելու, նրանց ապստամբությունները ճնշելու և իր հետագա զավթողական քաղաքականությունը շարունակելու համար։ Զավթած ժողովուրդներին տնտեսական և քաղաքական ինքնուրույն կյանքից զրկելը այդ ժողովուրդներին մղել է ապստամբության։ Պարսկական միապետ Դարեհ I-ի լծի դեմ միաժամանակ ապստամբել են մի քանի հպատակ ժողովուրդներ, այդ թվում նաև հայերը։

Այդ ապստամբությունների մասին Դարեհ I-ը արձանագրություն է գրել տվել Բեհիսթունի ժայռի վրա (Քիրմանշահի մոտ)։

Արմենների խիզախության և ռազմունակության մի պարզ ցուցանիշ է այն, որ նրանց ապստամբությունը Դարեհ I-ի զորավարները կարողացել են ճնշել միայն հինգ ճակատամարտից հետո, որոնք տեղի են ունեցել 521—520 թվականներին1։ Արձանագրության մեջ ասված է. «Դարեհ թագավորն ասում է. Երբ ես Բաբելոնի մեջ էի գտնվում, իմ դեմ ապստամբեցին հետևյալ երկրները՝ Պարսկաստան, Շոշաստան, Մեդիա, Ասորիք, Եգիպտոս («Արմենիա»), Պարթևստան, Մարգիանա, Սատտագուշ (Պենջաբ), Աագաստան»2:

Հայերի այդ ապստամբության մասին Բեհիսթունի արձանագրության մեջ հետևյալն է ասված.

«Դարեհ թագավորն ասում է. Արդ՝ Արմենիա («Արմինա») ուղարկեցի մի արմեն («արմենիյա») իմ Դադարշիշ անունով ծառային, և այսպես պատվիրեցի. «Գնա նվաճի այդ ապստամբ ժողովուրդը, որ ինձ չի հպատակվում»։ Դա–

_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն Հայ ժողովրդի պատմության, հատ. Ա, Երևան, 1945, էջ 48։
2 Դարեհի դեմ Հայերի ապստամբության մասին օգտվել ենք Հ. Մանանդյանի վերոհիշյալ գրքից։

 

[էջ 38]

դարշիշը գնաց Արմենիան նվաճելու։ Երբ նա եկավ Արմենիա՝ ապստամբները դուրս եկան Դադաշիշի դեմ նրան ճակատամարտ տալու համար։ Դադարշիշը ճակատամարտն ընդունեց։ Արմենիայի մեջ Զուզա անունով, մի ավան կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամու բանակից։ Թուրավահարա ամսի 8-ին էր (Ըստ Յուստիի՝ 19 ապրիլի 521 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 21 մայիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ»1։

Զուզայի2 մոտ մղված այդ առաջին ճակատամարտը եղել է ապստամբած հայերի առաջապահ ջոկատի կռիվը։ Որ այդ ճակատամարտը իրոք մղվել է ապստամբության կենտրոնից հեռու մատույցներում, նշված է արձանագրության մեջ, ուր ասվում է, որ ապստամբները բավականին առաջացել էին մարտ տալու համար։ Ապստամբների մարտական ջոկատի այդպիսի առաջշարժումը ակնհայտորեն ցույց տալիս, որ դա եղել է պահպանության առաջապահ ջոկատ (ավանգարդը)։ Այդ ջոկատի մարտական գործողությունների ընթացքից կարելի է եզրակացնել, որ նա խնդիր է ունեցել հանդիպել հարձակվող հակառակորդին ապստամբության կենտրոնից հեռու մատույցներում, հետախուզել թշնամու զորքերի ուժերն ու կազմը, մարտով ստիպել հակառակորդի ուժերին բացազատվել հեռու մատույցներում նրանց ուժասպառ անելու նպատակով, և ժամանակ շահել ավելի լավ պատրաստելու ապստամբներին` պարսից զորքերի պատժիչ ջոկատին համառ դիմադրություն ցույց տալու համար։ Ապստամբների առաջավոր ջոկատը թշնամու պատժիչ ուժերին հանդիպել է Զուզա ամրոցում, որը 90—100 կիլոմետր հե-

_______________________
1 Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ, Ա, Էջ 48:
2 Գերմանացի գիտնական Ֆերդինանգ Յուստիի տվյալներով Զուզան ժամանակակից Զովան է, այժմյան Ջեզիրեի մոտ։ Դրա հետ համաձայ է Հ. Մանանդյանը (Տես «Քննական տեսություն Հայ ժողովրդի պատմության», հ, Ա., էջ 52)։ Դա հաստատվում է նաև ճակատամարտի ընթացքով, ըստ ԴարեՀի ԲեՀիսթունի արձանագրությունների։

 

[էջ 39]

ռու էր ապստամբների առաջին օջախ Տիգրա1 կամ Թիլ բերդից՝ Աղձնիքում։ Հիշյալ Զուզայի և Թիլի միջև եղած տաուծությունը (90—100 կմ) պարսից պատժիչ զորքերը՝ Դադարշիշի գլխավորությամբ, անցել են ապրիլի 19-ից մինչև 29-ը, օրական 9-10 կիլոմետր երթ կատարելով, մինչդեռ այն ժամանակ զորքերի ռազմերթը ընդունված էր օրական մոտավորապես 20-25 կիլոմետր։ Այդ իր հերթին ապացուցում է, որ պարսից պատժիչ զորքերը իրենց արշավանքը շարունակելու ճանապարհին միշտ հանդիպել են ապստամբների նահանջող առաջապահ ջոկատի համառ դիմադրությանը, ուստի և դանդաղել է նրանց արշավանքի թափը։ Այդպիսով, ապստամբած հայերի առաջապահ ջոկատը իրեն տրված մարտական խնդիրները կատարել է։

Երկրորդ ճակատամարտը։ «Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երկրորդ անգամ հավաքեցին իրենց ուժերը և նորից դուրս ելան Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Տիգրա անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը թշնամու բանակին հալածեց։ Թուրավահարա ամսի 18-ն էր (ըստ Յուստիի՝ 29 ապրիլի 521 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 31 մայիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ»։

Բեհիսթունի արձանագրությունից երևում է, որ ապստամբած հայերի առաջապահ ջոկատը Զուզայից նահանջել է երկրի խորքերը, իսկ Դարեհի պատժիչ զորքերը հետապնդել են նրանց։ Այդ դեպքը չէր կարող չհարուցել Աղձնիքի ժողովրդի զայրույթը պարսկական բռնապետության դեմ։ Հավանական է ապստամբների զորքը համալրվել է ժողովրդի

_______________________
1 Գերմանիայի գիտնական Ֆերդինանգ Յուստիի տվյալներով Տիգրա ամրոցը Թիլ բերդն է, Տիգրիս գետի ձախ ափին (Արևմտյան Տիգրիսի ափին), որտեղից բաժանվում է ճանապարհը դեպի Բիթլիս։ (Տես Գ. Խալաթյանց, Очерки истории Армении, էջ 86)։
Ակադեմիկոս Հ. Մանանդյանը այդ համեմատությունը վերջնական չի համարում, բայց միևնույն ժամանակ անվիճելի է համարում, որ այդ ամրոցը գտնվում է Աղձնիքում։ (Տես Հ,. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ. Ա, էջ 52 — 53):

[էջ 40]

թարմ ուժերով։ Այդ երևույթը, իր հերթին, ծանր վիճակի մեջ է դրել պարսից զորքերին։

Այս ճակատամարտում ապստամբները հմտորեն օգտագործել են Քյավան-դաղ լեռների հարավային լանջերը, ակներևաբար իրենց ձեռքում պահելով իշխող բարձունքները, իսկ դա ոչ միայն հեշտացրել է դիմադրությունը, այլև պարտության մատնել պարսից զորքերին։

Երրորդ ճակատամարտը։ «Դարեհ թագավորն ասում է. Ապստամբները երրորդ անգամ հավաքվեցին և դուրս ելան, Դադարշիշի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Ուհյամա1 անունով մի բերդ կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից։ Թայգրաչի ամսի 9-ն էր (Ըստ Յուստիի՝ 20 մայիսի 521 թ., ըստ Կյոնիգի` 21 հունիսի 521 թ.) , երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին` մնաց Արմենիայում, մինչդեռ ես իմ նիզակը ուղղում էի դեպի Մեդիա»2։

Տիգրիսի և Ուհյամայի միջև եղած տարածությունը մոտ 100 կմ է, և պարսից զորքերը դա անցել են 21 օրում` 521 թ. ապրիլի 29-ից մինչև մայիսի 20-ը (մ.թ.ա.), օրական անցնելով միջին հաշվով 5 կմ ճանապարհ։ Պարսից զորքերի դանդաղ շարժումը կարելի է բացատրել երկու հանգամանքով՝ Տիգրա բերդի մերձակա մարտերում նրանց շարքերի ուժգին քայքայումով, որը հետևանք էր ապստամբների զինված ուժերի համառ դիմադրության, սրանց շարքերի արագ աճի` ի հաշիվ պարսից լծի դեմ ապստամբած Աղձնիքի բնակիչների։

Ուհյամայի երրորդ ճակատամարտում ապստամբած հայերը գրավել են ժամանակակից Ւլիջա լեռնաշղթայի. Ամիդից (Դիարբեքիր) հյուսիս գտնվող լեռների հարավային զառիվայրի իշխող բարձունքները։ Այստեղ պարսից զորքերր կրել

_______________________
1 Ուհյամա բերդը գտնվել է Կորդուք գավառում։ Հայերի ետ քաշվելու ուղղությունից կարելի է անսխալ եզրակացնել, որ Ուհյաման եղել է հնադարյան Հայոց Անգղ (այժմ՝ Էդիլ) շրջանում, Տիգրիս գետի ափին:
2 Հ. Մանանդյան, Քննական տեսություն... հատ. Ա, էջ 49։

 

[էջ 41]

են ծանր պարտություն, համարյա ութ ամսվա ընթացքում չեն կարողացել վերականգնել իրենց մարտաշարքերը և կատարել Դարեհի հրամանը, ուստի դիմել են նրա օգնությանը։ Դարեհը պատասխանել է. «Սպասել ինձ Արմենիայում...»։ Սակայն ապստամբած արմենների ճնշման ներքո Դադարշիշը իր զորքերով ստիպված է եղել փախչել Հայաստանից դեպի Ասորեստան և ապաստան է գտել Իզալա բերդում։

Ուհյամայի ճակատամարտում Դադարշիշի այդ ամոթալի պարտությունը հաստատվում է Դարեհի կողմից զորքերի հրամանատարին փոխարինելու փաստով, և նրանով, որ այս անգամ սեպաձև արձանագրություններում Դարեհը ոչ մի խոսքով չի հիշատակում ապստամբած հայերի կորուստների քանակի մասին և միայն հայտարարում է. «Իմ բանակը շատ մարդ կոտորեց թշնամի բանակից»։

Չորրորդ ճակատամարտը։ «Դարեհ թագավորն ասում է. այնուհետև Արմենիա ուղարկեցի Վահումիսա անունով մի պարսկի, իմ ծառային, և այսպես պատվիրեցի. «գնա, նվաճիր այդ ապստամբ ժողովուրդն, որ ինձ չի հնազանդվում»։ Վահումիսան գնաց Արմենիան նվաճելու։ Ապստամբները հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Ասորեստանի մեջ Իզալա1 անունով մի երկիր կա. ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազդն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակը շատ մարդ սպանեց ապստամբների բանակից։ Անամակա ամսի 15-ն էր (ըստ Յուստիի՝ 18 հունվարի 520 թ. ըստ Կյոնիգի՝ 31 դեկտեմբերի 522 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ»։ (Բաբելոնական բնագրում մեջ է բերված նաև արմենների կորուստը` 2024 սպանված)2։

Բեհիսթունի արձանագրություններում ասված է, որ Վահումիսան ուղարկվել է Հայաստան Դադարշիշին օգնության, մինչդեռ վերջինս փախել ու թաքնվել է Ասորեստանի

_______________________
1 Իզիդա կամ Իզալա՝ Ասորեստանի քաղաքներից է, համանուն լեռան վրա, ուր եղել է Խարուբ բերդը, այժմյան Նահր-Խարուբ գետի ակունքի մոտ։
2 Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ. Ա, էջ 49 — 50:

 

[էջ 42]

Իզալա բերդում։ Ըստ արձանագրությունների, Վահումիսան եկել է Իզալա` Ասորեստան, ու ճակատամարտ է տվել այնտեղ հայ խռովարարներին։ Այստեղից հետևում է, որ Դարեհին և Վահումիսային հայտնի էր, որ Դադարշիշը պարտություն կրելով` Իզալա է փախել, որ հետապնդող ապստամբ արմենները Իզալա են հասել, որոնց հետ Վահումիսան պատերազմ է սկսել։ Ուստի, կարելի է եզրակացնել, որ Վահումիսան է վարել երկու բանակների (իր և Դադարշիշի) մարտական գործողությունները։ Արձանագրությունները լռում են և այն մասին, թե խռովարար արմենները վերջնականապես հնազանդեցվել են։ Միայն այն փաստը, որ առանց Դարեհի թույլտվության Դադարշիշի զորքերը գտնվեցին Իզալայում, ցույց է տալիս, որ խռովարար ուժերի հարվածներից Ուհյամայի մոտ պարտություն կրելով, պարսից պատժիչ զորքերը Դադարշիշի հետ ստիպված են եղել խախտել հրամանը այնպիսի բռնակալի, ինչպիսին էր Դարեհը, և անպատիժ փախչել հուսալի ապաստարան` Իզալա բերդը։

Բեհիսթունի արձանագրությունները չեն նշում, թե ինչու Իզալայի մոտ մղված ճակատամարտում պարսից զորքերը պարտություն կրեցին և հարկադրված եղան նահանջել դեպի արևելք` իրենց երկիրը։ Դարեհ I-ը այդ նահանջի ժամանակ կատարած մարտական գործողությունների մասին որևէ տեղեկություն չի հաղորդում։ Իզալայից մինչև Ավտիյարա տանող ճանապարհը ուղիղ գծով շուրջ 360-370 կիլոմետր է, այսինքն՝ զորքերի միջին երթը վերոհիշյալ ժամանակի վրա եթե բաժանենք, կստանանք օրական 2,7 կամ 3 կիլոմետր։

Պարսից բանակի շարժումների այդ դանդաղությունը հետևանք կարող էր լինել նախ այն բանի, որ, առաջանալով Աղձնիքի և Կորդուքի միջով դեպի Ավտիյարայի (այժմ Ջուլամերիկ) շրջանը, նա կարող էր այս կամ այն վայրում երկար կանգ առնել` ապստամբ հայերին վերջնականապես հնազանդեցնելու նպատակով։ Սակայն այդ մասին ոչ մի խոսք չկա Բեհիսթունի արձանագրություններում։ Հետևաբար պարսից բանակը, հավանական է, փախել է և փրկվել։

[էջ 43]

Երկրորդ՝ այդ նահանջի ժամանակ պարսից զորքերը կարող էին հանդիպել Կորդուքի և Աղձնիքի մարզերի այս կամ այն վայրում եղած ապստամբների համառ դիմադրությանը, որի հետևանքով Վահումիսայի և Դադարշիշի բանակները պետք է բացազատեին իրենց մարտական գործողությունները, որով և կդանդաղեր ռազմերթի թափը։ Այդ մասին ևս լռում է արձանագրությունը։

Երրորդ՝ խուսափելով հայ ապստամբների համառ դիմադրությունից, Վահումիսան և Դադարշիշը նահանջել են դեպի իրենց բնաշխարհը՝ Մարդին, Սապվա (այժմ Ջեզիրե) շրջանը, անցնելով 590— 600 կիլոմետր երկարությամբ ուղի։ Այդ դեպքում էլ նրանք կտրել են օրական միջին հաշվով 4 կամ 4,5 կիլոմետր ճանապարհ, ընդունված 20 կիլոմետրի փոխարեն։ Ասորեստանի հյուսիսային սահմաններով անցնելիս նրանք ոչ մի դիմադրության չեն հանդիպել և արձանագրություններն էլ, բնականաբար, լռում են այդ մասին։ Ջեզիրեի մոտից անցնելով հայոց երկրի Ավտիյարա շրջանը` այդ բանակները հանդիպել են հայ ապստամբների դիմադրությանը, որից և դանդաղել է նրանց երթի թափը։ Բնական է և այն, որ Իզալայի մոտ ջարդված և ուժասպառ եղած բանակները, կորցնելով իրենց զորքերի մարտական շարքերի կարգապահությունն ու մարտունակությունը, որը հատուկ է ամեն մի պարտված բանակի, պարսից զորքերը շարժվել են դանդաղ, կորցրել են իրենց ռազմ երթի արագությունը։ Ուստի ստիպված լռել է Բեհիսթունի ժայռի արձանագրությունների հեղինակ Դարեհ 1-ը։

Ինչպես էլ լռած լինի արձանագրությունը, հայ ապստամբների դիմադրությունը ծավալուն ուժգնության է հասնում Ավտիյարայի շրջանում, արձանագրության մեջ կարդում ենք.

«Դարեհ թագավորն ասում է. ապստամբները երկրորդ անգամ հավաքվեցին և դուրս ելան Վահումիսայի դեմ պատերազմի։ Արմենիայի մեջ Ավտիյարա1 անունով մի գա–

_______________________
1 Ավտիյարան այժմյան Թիյարի շրջանն է Քուրդիստանի Վերին Զոբ գետի հովտում։

 

[էջ 44]

վառ կա։ Ճակատամարտը տեղի ունեցավ այնտեղ։ Արամազգն ինձ օգնեց։ Շնորհիվ Արամազդի իմ բանակր շատ մարդ կոտորեց թշնամի բանակից։ Թուրավահարա ամսի վերջն էր (ըստ Յուստիի՝ 1 հունիսի 520 թ., իսկ ըստ Կյոնիգի՝ 12 հունիսի 521 թ.), երբ ճակատամարտը տեղի ունեցավ։ Հետո Դադարշիշը, հնազանդվելով իմ հրամանին, մնաց Արմենիայում, մինչդեռ ես իմ նիզակը ուղղում էի Մեդիա»1։

(Բաբելոնական բնագրում ցույց է տրված նաև արմենների կորուստը՝ «նրանցից սպանված էին 2045 մարդ և գերի էին վերցված 2559 հոգի»2

Այդպիսով, Աղձնիքի և Կորդուքի հայերի ապստամբությունը ճնշվում է։ Հայերը հնազանդվում են պարսից իշխանությանը։ Դարեհ I-ը Հայաստանը հայտարարում է սատրապություն։

Այդ ճակատամարտի մասին խոսելով, բնագրի «Ավտիյարա» անունից հետո Գ. Խալաթյանը ավելացրել է «Վահումիսային հանձնարարված է եղել փակել Ատրպատականից Ասորեստան տանող անցուղին...»3։ Գ. Խալաթյանցը ի՞նչ աղբյուրներից է վերցրել այդ տեղեկությունը՝ հայտնի չէ։ Բայց սեպաձև արձանագրություններից, ինչպես ցույց են տվել որոշ ուսումնասիրողներ, երևում է, որ Դարեհ I-ի դեմ Հայաստանում և Բաբելոնում ապստամբություններն սկսվել են միաժամանակ, և Բաբելոնում ապստամբությունը ճնշելուց հետո է, որ Վահումիսայի գլխավորությամբ պարսից ուժեղացրած պատժիչ բանակները շարժվել են ճնշելու հայերի ապստամբությունը։ Հայերի ապստամբությունը ճնշելուց երեք տարի հետո Բաբելոնում բռնկվել է մի նոր ապստամբություն, որը ղեկավարել է Արախա անունով մի Հայ՝ հայտարարելով իրեն Բաբելոնի թագավոր և 519 թ. մայիսին ազատագրական պատերազմի է դուրս եկել Դարեհ I-ի դեմ4։ Բաբելոնում հայ Արախային սիրալիր ընդունելություն

_______________________
1 Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., տատ. Ա, էջ 50։
2 Նույն տեղը։
3 Г. Халатян, Очерки истории Армении, стр. 88—89.
4 Կ. Բասմաջյան, Դարեհի արշաւանքն ի Հայս, էջ 40։

 

[էջ 45]

ցույց տալը ապացուցում է, որ Բաբելոնի ժողովուրդը նրան ճանաչել է դեռ մինչև 519 թվականը, այսինքն՝ նոր ապստամբության սկիզբը, որ Արախան այն ժամանակ բաբելոնացիներին հայտնի էր ո չ միայն որպես ապստամբած հայերի և բաբելոնացիների քաջամարտիկ, այլև այդ երկու ժողովուրդների բախտը իրար հետ կապող ղեկավար անձերից մեկը։ Սա ցույց է տալիս, որ հայերի և բաբելոնացիների ապստամբությունները շաղկապված են եղել միմյանց, որը հզորացրել է այդ ապստամբությունները։ Դարեհ I-ը սխալ գործած կլիներ, եթե չկտրեր այդ ժողովուրդների կապը և դրանով չթուլացներ նրանց ուժը։

Դարեհ I-ի անաչառ չլինելը երևում է այն բանից, որ նրա հրամանով գրված Բեհիսթունի սեպաձև արձանագրությունները ոչ մի բառ չեն ասում պարսից զորքերի անհաջողությունների, պարտությունների և կորուստների մասին։ Ընդհակառակն, Դարեհը ամեն կերպ գովում է իր զորքերին, նրանց պարտությունները հրամցնում որպես հաղթանակ և առանց վերապահության ավելացնում ապստամբած արմենների և մյուս ժողովուրդների կորուստներն ու պարտությունները։

Հենց միայն Բեհիսթունի արձանագրությունների նկարագրած դեպքերի վերլուծությունից կարելի է եզրակացնել, որ ավելի քան տասնչորս ամսվա ընթացքում տեղի ունեցած հինգ ճակատամարտերից միայն վերջինն է ավարտվել Դարեհի զորքերի հաղթությամբ1։ Գ. Խալաթյանցը ճիշտ է պնդում, որ ապստամբ հայերի դեմ պարսից զորքերի մղած առաջին չորս ճակատամարտերը դրական հետևանք չեն ունեցել պարսիկների համար։

Մի քանի խոսք հայերի մարտավարության գնահատության և պարտության պատճառների մասին։

Սեպաձև արձանագրություններից երևում է, որ ապստամբությունն սկսվել է Հայաստանի հարավային մարզերում՝ Կորդուքում և Աղձնիքում։ Այդ ապստամբությանը չեն մասնակցել Հայաստանի մյուս գավառների զորքերը, որոնց պարագլուխն այն ժամանակ Օրոնտես Երվանդյանն էր:

_______________________
1 Կ. Բասմաջյան, Դարեհի արշաւանքն ի Հայս, էջ 36։

 

[էջ 46]

Հետևապես, երկու գավառների ապստամբ հայերի պարտությունը չի կարելի համարել բոլոր հայերի պարտությունը, ինչպես վարվում են ոմանք։

Հայերի այդ ապստամբության պարտության հիմնական պատճառներն են.

1. Առաջին չորս ճակատամարտերի հաջողությունները հայերի մոտ առաջացրել են այն համոզումը, որ պարսից զորքերը իրենցից թույլ են, այդ համոզման հետևանքով նրանք անձնատուր են եղել անփութության, որից օգտվել են պարսիկները և կազմակերպել են ապստամբ հայերի ջարդն Ավտիյարայում։

2. Մարտերի րնթացքում ապստամբած հայերը բավականաչափ ամուր չեն կապել իրենց գործողությունները ապստամբած հարևան երկրների՝ Ասորեստանի, Բաբելոնի և մյուսների հետ։ Բացի դրանից, Կորդուքի և Աղձնիքի մարզերը ի վիճակի չեն եղել լիովին համալրելու ապստամբների շարքերը նոր սպառազինված ռազմիկներով՝ պարսից ստվարաթիվ ուժերի գրոհները ետ մղելու համար։ Այդ ամենը դյուրացրել է Վահումիսայի գործը Ավտիյարայում ապստամբած հայերի զինված դիմադրությունը վերջնականապես ճնշելու համար։

Ապստամբության դրական կողմերը կարելի է համարել հետևյալները։

1. Այդ ճակատամարտերի նկարագրությունից հետևում է, որ հայերը հմտորեն օգտագործել են իշխող տեղանքը՝ իրենց զորքերի մարտական կարգերը նպաստավոր ձևով դասավորելու, մարտի ընթացքը հաջող կազմակերպելու, զորքերի հաջողությունն ապահովելու և հակառակորդին պարտության մատնելու համար։

2. Ապստամբած հայերի մոտ, ինչպես երևում է, հասունացած է եղել առաջապահ ջոկատ առանձնացնելու մարտավարությունը։ Առաջապահ ջոկատը խնդիր է ունեցել հակառակորդին հանդիպել հեռու մատույցներում, իր զորքին տեղեկացնել հակառակորդի հանդես գալու մասին։ Կարճատև մարտեր մղելով ստիպել հակառակորդին բացազատվել մարտական կարգերի հեռու տարածություններում, արյու-

[էջ 47]

նաքամ անել նրա ուժերը և հնարավորություն տալ իրենց նահանջի դիմելու։ Արձանագրությունից երևում է, որ Զեզիրեի մոտ հակառակորդի հետ մարտի բռնված հայ ապստամբների առաջին ջոկատը փայլուն կերպով է կատարել իրեն տրված առաջադրանքը։

3. Դեռևս այն ժամանակ ապստամբած հայերը հասկացել են, թե ինչքան կարևոր է հակառակորդին կիրճերի և ձորերի խորքը քաշելը՝ նրանց զորքերը անծանոթ և դժվարանցանելի տեղանքով տանելը, ուժասպառ անելն ու դրանով էլ հետագայում նրանց պարտության մատնելը. Այդպես են նախապատրաստված եղել ճակատամարտերը Տիգրա և Ուհյամա բերդերի մոտ։

 


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն»
«Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև

Հովհան Մամիկոնյան - Տարոնի պատմությունը
Առաջին Հանրապետության վերջին օրերը (անհայտ գրողի օրագիր)

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice