ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Սարգիս Սարգսյան

ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 160]

ՈԻԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ԵՐԵՍՆԱՄՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԸ։ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ՍՐՈԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ։ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԸ ԻՐ ԱՆԿԱԽՈԻԹՅԱՆ ՀԱՄԱՐ

1. ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՍԻՆԳԱՐԱՅԻ ՄՈՏ

Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև սկսվում է Հայաստանը նվաճելու երկարատև պատերազմը, որը շարունակվում է 338—368 թթ.։ 338 թ. Հայաստանում գահակալում է Շապուհի որդի Ներսեհը, որին հայերը գահընկեց են անում և գահ բարձրացնում Խոսրով Կոդակի որդի Տիրանին (339—350 թթ.):

Շապուհ II-ը բռնի կերպով նորից Հայաստանի գահն է բարձրացնում Ներսեհին։ Հայ ժողովուրդն ապստամբում է և դիմում հռոմեացիների օգնությանը։

345 թ. գարնանը Շապուհ II-ը մեծաքանակ զորքով անցնում է Տիգրիս գետը և բանակ է գնում Հիլեյայի Սինգարա քաղաքի մոտ։ Այստեղ էլ տեղի է ունենում ճակատամարտը, որը կարելի է բաժանել երկու փուլի։

Առաջին փուլ։ Հայոց ծանր վահանավոր խիզախ հեծելազորը սկսում է մարտը։ Սկզբում հռոմեական և հայկական զորքերը նեղում են պարսից զորքերին։ Բայց պարսիկները, անցնելով գիշերային հարձակողական գործողությունների, պարտության են մատնում հռոմեական և հայկական զորքերին, որոնք ստիպված են լինում դադարեցնել իրենց մարտական գործողությունները՝ զորքում կարգը վերականգնելու նպատակով1։

_______________________
1 Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ. Բ, էջ 153—154։

 

[էջ 161]

Երկրորդ փուլ: Վերականգնելով իրենց մարտական կարգերը, հռոմեական և հայկական զորքերը նորից նույն տեղում սկսում են իրենց մարտական գործողությունները։ Այս անգամ Շապուհ II-ի զորքերը կրում են ծանր պարտություն, գերի է վերցվում ամբողջ կանանոցը և Շապուհի որդի Ներսեհը։ Շապուհ II-ը ազատվում է փախուստի դիմելով։ Չդիմանալով այդ խայտառակությանը, Շապուհը դիմում է հռոմեական Կոստանդիոս կայսրին՝ խնդրելով խաղաղություն կնքել։ Պարսկաստանի համար մյուս անբարենպաստ պայմանների հետ միասին Շապուհ II-ը համաձայնվում է Հայաստանի թագավորական գահը տալ Տիրանի որդի Արշակին (350—367(8))։

2. ԱՐԱՐԱՏՅԱՆ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

363 թ. Հռոմի և Պարսկաստանի միջև կնքված խաղաղության պայմանագրով, մերձտիգրիսյան հայկական մարզերը` Ադձնիքը, Մոկքը, Ծավդիքը, Ռեյմինան և Կորդուքը զիջվեց Պարսկաստանին։ Այդ իսկ պայմանագրով Հռոմը հրաժարվեց հայերին օգնություն ցույց տալու ընդդեմ Պարսկաստանի։ Օգտվելով այդ հանգամանքից և Հայաստանում դասակարգային պայքարի հետևանքով տիրող խառնաշփոթությունից, Շապուհ II-ը 364 թ. նոր արշավանք սկսեց ամբողջ Հայաստանը նվաճելու համար։ Ներխուժած պարսից ուժերը գրավում են Աղձնիքը և Տիգրանակերտը։ Հիմնովին քանդելով Տիգրանակերտը, բնաջնջելով բնակչությանը և գերելով քառասուն հազար ընտանիք, նրանք շարժվում և գրավում են Անգղ քաղաքը։ Այնուհետև շարունակում են արշավը Դարանաղի գավառի Անի քաղաքի վրա, բայց չեն կարողանում գրոհով վերցնել։ Ուստի պարսից զորքերը բերդի պարիսպների վրա մարդիկ են բարձրացնում, որոնք քանդում են պարիսպները և զորքերը ներս են խուժում Անի բերդը, կողոպտում նրա մեծաքանակ զանձերը, գերում բնակչությանը։ Չբավարարվելով դրանով դամբարաններից հանում են հայոց թագավորների աճյունները։ Այդպիսով, նվաճելով Աղձնիքը, Մեծ Ծոփքը, Ան–

[էջ 162]

Ճակատամարտ Արարատյան դաշտում, 364 թ.

Ճակատամարտ Արարատյան դաշտում, 364 թ.

[էջ 163]

գեղտունը, Անձիթի գավառը, Ծոփքը, Շահունին, Ազուրը, Դարանաղին և Եկեղյաց (Երզնկա) գավառը` թշնամու զորքերը ուղղվում են Արարատյան դաշտ` նվաճելու Արտաշատ քաղաքը։

Արշավի այդ ուղին ըստ երևույթին եղել է Եկեղյաց գավառից դեպի Կարին, Քյոփրիքյոյ, Բագավան, Կոջուխի լեռնանցքով Արարատյան դաշտ և այնուհետև Արտաշատ։

Այդ ժամանակ Արշակ II-ը և սպարապետ Վասակ Մամիկոնյանը, իրենց զորքերը կենտրոնացնելով Հայաստանի և Ատրպատականի սահմանի վրա, ըստ երևույթին Թավրիզից մոտ 25-26 կիլոմետր դեպի հյուսիս, Արևմուտքում գտնվող Պարսկ բերդում, հակառակորդին սպասել են այնտեղ։ Սակայն լուր են ստանում, որ թշնամին ներխուժել է Հայաստան հարավից և, գրավելով, ավերելով երկրի մարզերն ու քաղաքները, շարժվում է դեպի Արարատյան դաշտ ու Արտաշատ մայրաքաղաքը։ Վասակ Մամիկոնյանը, ընտրելով հայկական բանակից վաթսուն հազար անվեհեր զինվոր, գնում է պաշտպանելու Արտաշատը։ Իսկ Արշակ II-ը իր ապաշարայիններով մնում է նույն տեղի ամրացված վայրում։

Ավարտելով ռազմերթը և դուրս գալով Արարատյան դաշտ, պարսկական զորքերը ճամբար են կազմում և պատրաստվում են հարձակվել Արտաշատի վրա, հուսալով, որ քաղաքն անպաշտպան է և որ Արշակն ու Վասակը գտնվում են Ատրպատականի սահմանի վրա։ Տարված այդ հույսերով, թշնամին մատնվում է անհոգության և չի ապահովում ճամբարի հուսալի պաշտպանությունը։

Սպարապետ Վասակ Մամիկոնյանը, կենտրոնացնելով իր զորքերը Արարատյան հովտում, ճշտորեն որոշելով թշնամու ճամբարի տեղը, իր ամբողջ հետևակով և հեծելազորով պաշարում է հակառակորդի ճամբարը և գիշերային հանկարծակի գրոհով խուճապի մատնում թշնամուն։ Վասակի զորքերը ջարդում են հակառակորդին։ Շապուհ II-ը և Մեհրուժանն ազատվում են փախուստի դիմելով։ Թշնամիների ձեռքից ազատվում են հայ գերիները, վերցրած ավարը և հայոց թագավորների աճյունները։

[էջ 164]

Հայոց զորքերը Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ հետապնդում են Շապուհ II-ի և Մեհրուժանի մնացած զորքերը և հասնում Ատրպատականի ու Աղձնիքի սահմանները: «Այնուհետև,— գրում է Բուզանդը,— Արշակ թագավորը Վասակ զորավարի հետ պահպանում էին աշխարհը, սահմանագլխի երկու դռները զգուշությամբ պահելով որքան ժամանակ որ կենդանի էին»1։

Այդ դռներից մեկը գտնվում էր Թավրիզից հյուսիս, ժամանակակից Սաֆիանի շրջանում։ Այդ լեռնանցքով հաճախակի Հայաստան են ներխուժել թշնամի ուժերը։ Ահա այդ լեռնանցքն էլ Արշակ II-ը մնաց պաշտպանելու, երբ Վասակ Մամիկոնյանը զորքերի գլխավոր ուժերով շարժվեց Արարատյան դաշտ թշնամու զորքերի դեմ։ Մյուս լեռնանցքը գտնվում էր Բաղեշի (Բիթլիսի) մոտ և կոչվում էր Զորապահակ, որը նույնպես վտանգ է ներկայացրել Հայաստանի համար։ Բուզանդի մեջբերած վկայությունը ապացուցում է, որ հայոց զորքերը, հետապնդելով հակառակորդին, դուրս են եկել այդ երկու լեռնանցքների մոտ։ Հետևապես, հակառակորդը նահանջել է երկու ուղղությամբ։ Ա) Շապուհ II-ը իր ջարդված բանակի մնացորդներով նահանջել է Պարսկաստանի խորքերը։ Այդ նահանջը չէր կարող կիրառվել Արտաշատի, Նախիջևանի վրայով դեպի Ատրպատական, քանի որ Արտաշատի պաշտպանության նպատակով այդ ուղին բռնված էր Վասակ Մամիկոնյանի զորքերով, այդ ճանապարհով նահանջելիս Շապուհ II-ը Հայաստանի և Ատրպատականի սահմանում կհանդիպեր Արշակ II-ի զորքերին և չէր կարող անցնել առանց մարտի, որի մասին պատմիչները ոչինչ չեն ասում։ Նշանակում է, Շապուհն իր զորքերի մնացորդներով Արարատյան դաշտից նահանջել է դեպի Կոջուխի լեռնանցքը, այնտեղից Բայազետ և այնուհետև Պարսկաստանի խորքերը։

Բ) Մեհրուժան Արծրունու և Վահան Մամիկոնյանի ջարդված ջոկատները նահանջել են դեպի իրենց կալվածքները` Աղձնիք և Տարոն։ Այդ ուղին անցել է Բաղեշի վրայով, որտեղ Զորապահակ լեռնանցքն էր։ Արարատյան դաշտից այդ ուղին

_______________________
1 Փավստոս Բուզանդ, էջ 199։

 

[էջ 165]

գնացել է նույն Կոջուխի լեռնանցքով, Բագավան, Առեստ և Բզնունյաց լճի արևելյան ափերով՝ Աղձնիք։ Պետք է ենթադրել, որ մինչև Բագավան Շապուհ II-ի և դավաճաններ Մեհրուժանի ու Վահանի զորքերը նահանջել են միասին։

Փավստոս Բուզանդը հաղորդում է, որ սպարապետ Վասակ Մամիկոնյանի զորքերը եկան Հայաստանի միջնաշխարհը՝ Այրարատ, որտեղ հանկարծակի հարձակում գործեցին հակառակորդի ուժերի վրա։ Հայտնի է, որ Այրարատի կենտրոնը եղել է Վաղարշապատը։ Բուզանդը չի նշում, որ ճակատամարտը եղել է Վաղարշապատում կամ Վաղարշապատի մոտ։ Եվ դա պատահական չէ։ Բուզանդը, որ նկարագրել է կռիվների սւմենափոքր մանրամասնությունները, չէր կարող աչքաթող անել այդպիսի կարևորագույն ճակատամարտի տեղի նշումը։ Հետևապես, մարտը տեղի է ունեցել Այրարատի այնպիսի տեղանքում, որտեղ այն ժամանակ չի եղել որևե բնակելի վայր։ Իսկ այդպիսի անբնակ տեղանք է եղել և այժմ էլ այդպիսին է Այղր լճից 6-7 կիլոմետր հյուսիս գտնվող Ղըզըլ-դաղ կոչվող լեռների շրշակայքը, այժմյան Թալիշից և Շամիրամից դեպի արևմուտք։

Սպարապետ Վասակ Մամիկոնյանը հայոց բանակի այն զորավարներից էր, որը գիշերային գրոհի դուրս է բերել միաժամանակ հետևազորի և հեծելազորի հոծ մասսաներ, որպիսի տակտիկա չենք նկատել մինչև Վասակի օրերը հայ ժողովրդի պատերազմների ոչ մի ճակատամարտում։

364 թ. Արարատյան ճակատամարտում պարտություն կրելուց հետո Շապուհ II-ը և հայրենիքի դավաճաններ Մեհրուժան Արծրունին ու Վահան Մամիկոնյանը չորս տարի բազմիցս ներխուժել են Հայաստանի մարզերը, բայց, հանդիպելով Վասակ Մամիկոնյանի ուժգին հարվածներին, փախել և ապաստան են գտել Պարսկաստանում։ Դա Շապուհին բերել է այն համոզման, որ Հայաստանին կարելի է տիրել նրան զրկելով ղեկավարությունից՝ վերացնելով Արշակ II-ին և սպարապետ Վասակ Մամիկոնյանին։ Ուստի Շապուհը նենգորեն իր մոտ է հրավիրում Արշակ II-ին և Վասակ Մամիկոնյանին՝, ապա բանտարկում է Անհուշ բերդում։

[էջ 166]

Հայաստանը սկսում է ղեկավարել Փառանձեմ թագուհին՝ իր անչափահաս որդի Պապի հետ։ Շապուհը և հայ դավաճան նախարարները մեծաքանակ զորքերով նորից են ներխուժում Հայաստան։ Փառանձեմ թագուհին իր որդու հետ, պարսից զորքերին հանդիպելուց խուսափելու և մարտի չբռնվելու նպատակով, վերցնելով արքայական տան հարստությունները, տասնմեկ հազար անվեհեր հայ մարտիկներով ամրանում է դժվարամատչելի Արտագերս բերդում և կազմակերպում է նրա պաշտպանությունը։ Բուզանդը և Ամմիանոս Մարցելիոսը հաստատում են, որ Արտագերս բերդի պաշտպանությունը տևել է տասնչորս ամիս։

Պաշտպանության աոաջին փուլը: Արշակ II-ի սպանությունից և Փառանձեմ թագուհու Արտագերսում փակվելուց հետո Հայաստանը մնում է առանց կառավարչի։ Շապուհը Հայաստանի կառավարիչներ է նշանակում Պարսկաստանում ապաստան գտած դավաճաններ՝ ներքինի Գլակին և Արտավանին, և սրանց հրամայում է բոլոր հնարամտությունները գործադրել ոչնչացնելու Արտագերսը և նրա պաշտպան կայազորը։ Գլակը և Արտավանը պաշարում են Արտագերսը, բայց բերդի՝ լեռան բարձր դարիվերի վրա գտնվելը և ձյան շերտը ավելի անմատչելի էին դարձրել նրան մոտենալը։ Ուստի Գլակը կարողանում է անվտանգության խոստումներով ստանալ Փառանձեմի համաձայնությունը և Արտավանի հետ մտնել բերդ։ Բոլոր խոստումները, սպառնալիքները և խորամանկությունները համոզելու թագուհուն և բերդի պաշտպան ռազմիկներին հանձնվելու Շապուհի բարեգթությանը, ապարդյուն են անցնում։

Բերդի պաշտպանները հաճախակի գիշերային մանր հարձակումներ էին կատարում պարսից զորքերի վրա։

Արտագերսի պաշտպանության առաջին փուլը տևում տասներեք ամիս՝ 368 թվականից մինչև 369 թվականը։ Այդ ժամանակաընթացքում հայ ժողովրդի անվեհեր ուստրերն ու դուստրերը համառորեն ու արիաբար իրենց ձեռքում են պահում ամրոցը։ Ոչ մի գրոհ ու խորամանկություն, Շապուհի ոչ

[էջ 167]

մի շողոքորթություն ու սպառնալիք չկարողացան ընկճել բերդի անվեհեր պաշտպանների կամքը։

Պաշտպանության երկրորդ փուլը։ Խիստ զայրացած Շապուհ II-ը պարսից զորավարներ Զիկի և Կարենի գլխավորությամբ Հայաստան է ուղարկում նոր և ավելի մեծաթիվ զորք, որն ուժեղացնում է Արտագերսի պաշարումը։

Այս անգամ էլ պաշարումը բավարար արդյունք չի տալիս Շապուհին։ Լուր ստանալով Արտագերսի մոտ պարսից պաշարող զորքի կոտորածի մասին, «Շապուհը գազանի նման կատաղեց,— վկայում է Ամմիանոս Մարցելիոսը,— հավաքեց ավելի մեծ զորք և սկսեց Հայաստանը բացահայտ կերպով կողոպտել ու ավերել... այնուհետև իր զորքերի ամբողջ բազմությունը կենտրոնացրեց Արտագերսի շուրջը։

Եվ երբ մի շարք կռիվներից հետո պաշտպանվողներն ուժասպառ եղան բաց անել տվեց դռները և բերդաքաղաքը այրեց։ Այդտեղից դուրս հանվեց Արշակի կինը, որին նա տարավ իր հետ գանձերի հետ միասին»1։

Արտագերսի պարտությունը հետևանք էր սովին ու համաճարակին, որոնց պատճառով զոհվեցին նրա պաշտպանների մեծ մասը, իսկ Փառանձեմը գերվեց։

Արտագերսը նվաճելուց հետո Շապուհի զորքերն ասպատակում են հայոց աշխարհը, ավերում և թալանում խոշոր քաղաքները՝ Տիգրանակերտը, Արտաշատը, Նախիջևանը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Վանը, Զարիշատը և այլն։

3. ՀԱՅՈ8 ԵՎ ՊԱՐՍԻՑ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Բյուզանդիայի Վալենտիոս (Վաղես) կայսրը զորավար Տերենտիոսի հետ Հայաստան է ուղարկում Պապին՝ Արշակի որդուն, սակայն նրան չճանաչելով թագավոր, որպեսզի Շապուհը Բյուզանդիային չմեղադրի 363 թ. պայմանագիրը խախտելու մեջ, մի բան, որն այդ ժամանակ ձեռնտու չէր բյուզանդացիներին։

_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ, Բ, էջ 194։

 

[էջ 168]

«...Պապը, զորավար Տերենտիոսի միջոցով, բնակեցվում է Հայաստանում այն հաշվով, որպեսզի առայժմ ընդունի այնտեղ կառավարության ղեկը,— վկայում է Ամմիանոսը,— իշխանության առանց որևե արտաքին արժանիքների։ Այդ նախազգուշությունը ընդունվել է ճիշտ նկատառումով, որպեսզի մեզ չկարողանան մեղադրել պայմանագիրը խախտելու մեջ»1։ Զայրացած Շապուհը արշավում է Հայաստան։ Պապը, լինելով անզորք, անպահապան և Շապուհի ձեռքը չընկնելու համար հինգ ամիս թաքնվում է Լազերի լեռներում։

Շուտով Հայաստան են գալիս հռոմեական տասներկու լեգեոններ՝ Տերենտիոս Պոմիտայի գլխավորությամբ։ Պարսկաստանի հետ կռիվ չսկսելու և 363 թ. պայմանագիրը չխախտելու համար հռոմեական զորքերը անգործության են մատնվում։ Ուստի հայրենի երկիրը պարսիկներից ազատելու նպատակով Պապ թագավորը և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը դժվարությամբ հավաքում են իրենց երկրից տաս հազար ռազմիկ և ելնում են կենտրոնախույս նախարարների դեմ։ Կարճ ժամանակամիջոցում միացվում են Ատրպատականի, Նուշիրականի, Հերի, Զարևանդի, Արցախի, Ուտիքի, Շակաշենի, Փայտակարանի, Գուգարքի, Աղձնիքի, Ծոփքի, Անգեղատան և Անձիթի նախարարությունները։

Ազատագրված և Հայաստանին միացված մարզերից, ըստ Փ. Բուզանդի վկայության, սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը համալրում է քառասուն հազար մարդուց կազմված մի բանակ, ապահովում ռազմիկներին ձիով, զենքով ու պաշարով և շարժվում Ատրպատականի սահմանները՝ պաշտպանելու Հայաստանը պարսից ներխուժումից։

Ճակատամարտ Ատրպատականում։ Այդ ժամանակ Շապուհ II-ը կազմակերպում, սպառազինում է զորքը և 370 թ. աշնանը իր բոլոր ուժերով մտնում է Ատրպատական։ Թողնելով զորքերի հիմնական մասը Թավրիզում, Շապուհը շարժվում է դեպի Ատրպատականի սահմանագլուխ և բանակ դնում հայոց զորքերի դիմաց։ Փավստոսն այդ ճակատտմար-

_______________________
1 Аммиан, кн. XXVII, гл. 12, стр. 10.

 

[էջ 169]

տի ընթացքի մասին գունազարդված հաղորդում է. «Եվ հայոց զորավար ու սպարապետ Մուշեղն իր քառասուն հազարով գալիս հարձակվում է (Շապուհի) բանակի վրա և կոտորում է բոլորին։ Պարսից Շապուհ թագավորը մի ձիով փախչելով ճողոպրում է իսկ բանակի ամբողջ բազմությունը սրի է անցկացնում Մուշեղը հայոց զորքի հետ։ Շատերին կոտորում են, Պարսից ավագներից շատերին ձերբակալում են, ավար են առնում պարսից թագավորի գանձերը, բռնում են նաև տիկնանց տիկնոջը մյուս կանանց հետ միասին...»1:

Այդ ճակատամարտը տեղի է ունեցել 370 թ. աշնանը Հայաստանի և Ատրպատականի սահմանում, Թավրիզից դեպի հյուսիս գտնվող լեռնանցքի մոտ, որտեղից պարսից զորքերը հաճախ ներխուժել են Հայաստան։

371 թ. ձմռանը Շաւպուհ II-ը նախապատրաստվում է նոր հարձակման։ Համալրելով մեծաքանակ զորք և զինելով նրանց՝ Շապուհը մեծ բանակով գալիիս է Ատրպատականի Թավրիզ քաղաքը։ Ինքը փոքրաքանակ զորքով մնում է Թավրիզում, իսկ զորքերի գլխավոր ուժերն ուղարկում է Պապ թագավորի դեմ։ Պարսկական զորքերը գրավում են Հայաստանի կենտրոնական նախարարությունները, դրանց թվում` Արարատյան դաշտը։

Ճակատամարտի նախապատրաստական փուլը։ Պապ թագավորի կարգադրությամբ, հայոց զորքերը քաշվում, կենտրոնանում են Բագավանում, Նպատ լեռան հյուսիսային զառիվայրերի վրա։ Այստեղ են գալիս և հռոմեական զորքերը։ Շարժվելով հայոց զորքերի հետքերով՝ Շապուհն իր ամբողջ բանակով հասնում է Բագավան և բանակ դնում հայկական ու հռոմեական զորքերի դեմ՝ Ձիրավի դաշտավայրում։

Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանը, միացնելով հայկական և հռոմեական զորքերը, որոնց թիվը հասնում էր շուրջ իննսուն հազարի, կառուցում է մարտական կարգեր, ըստ որի` աջ թևում դասավորում է հայոց զորքերը, իսկ ձախ թևում` հռոմեական։ Շապուհը նույնպես դասավորում է իր զորքերի մարտական կարգերը։

_______________________
1 Փավստոս Բուզանդ, էջ 236։

 

[էջ 170]

Բագավանի կամ Ձիրավի 371 թ. գարնան ճակատամարտը

Բագավանի կամ Ձիրավի 371 թ. գարնան ճակատամարտը

[էջ 171]

Ճակատամարտի առաջին փուլը։ Այդ մարտական կարգերով երկու կողմերն էլ միաժամանակ մոտենում են միմյանց։ Մարտի սկզբում Մուշեղ սպարապետը ներկայանում է Պապ թագավորին և լրացուցիչ ցուցումներ ստանալուց հետո վերադառնում։ Պապն ինքն է ցանկանում մարտը ղեկավարել, սակայն հռոմեական զորավար Տերենտիոսը թույլ չի տալիս, պատճառաբանելով, որ նրա համար ինքը Վաղես կայսեր առաջ պատասխանատու է կյանքով։ Այդ բոլորից հետո Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրանում են մոտիկ Նպատ լեռը (Ծաղկանց լեռների հյուսիսային զառիվայրում, Դիադինից արևմուտք) և այնտեղից, ինչպես դիտարանից, հետևում են մարտի ընթացքին։

Ճակատամարտն սկսում են պարսից զորքերը։ Մարտը շարունակվում է վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Այդ մարտի ծանրությունը գլխավորապես ընկնում է հայոց զորքերի վրա, որովհետև հռոմեական զորքերը, ըստ Վաղես կայսեր հրամանի, հարձակողական մարտեր չեն վարում, որպեսզի չխախտեն 363 թ. կնքված խաղաղության պայմանագիրը։ Բայց վերջ ի վերջո, ծայրահեղ անհրաժեշտության հասած հռոմեական զորքերը մարտի են բռնվում։ Հայոց և հռոմեական զորքերի միատեղ գործողություններն ապահովում են ճակատամարտի հաջողությունը։ Պարսիկները, ծանր պարտություն կրելով, փախուստի են դիմում։

Ճակատամարտի երկրորդ փուլը։ Սկսվում է փախչող պարսիկների հետպնդումը։ Այն շարունակվում է մինչև Հայաստանի սահմանը` մինչև Ատրպատականի Գանձակ քաղաքը։ Այդ մարտում բռնվում է հայրենիքի դավաճան Մեհրուժան Արծրունին։ Նրա կյանքին վերջ է տալիս թագադիր ասպետ Սմբատ Բագրատունին։

Ձիրավի ճակատամարտում (371 թ.) Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո կնքվում է խաղաղության պայմանագիր։ Այնուհետև Հայաստանը հնարավորություն է ստանում զբաղվելու խաղաղ աշխատանքով։

Պապ թագավորի մեկ մարտական խորամանկության մարսին: Խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Պապ թա-

[էջ 172]

գավորն իր հիմնական խնդիրն է համարում ստեղծել Հռոմից և Պարսկաստանից անկախ հայկական ինքնուրույն պետություն։ Հայ ժողովրդի տնտեսական վիճակը բարելավելու նպատակով նա վանքերից ու հոգևորականությունից խլում է հողերի մի մասը, վերացնում է Հայաստանի կաթողիկոսների Կեսարիայում ձեռնադրվելու կարգը և ձեռնադրել տալիս տեղում։ Պապ թագավորի այս միշոցառումները առաջացնում են ոչ միայն հոգևորականության և նախարարների, այլև Բյուզանդիայի դժգոհությունը։ Հայ դժգոհ հոգևորականությունը և նախարարները կայսրից պահանջում են «կարգի» հրավիրել Պապին։ Ամմիանոսը վկայում է, որ չարամիտ Տերենտիոսը միանում է մի շարք հանցագործ նախարարների հետ, որոնք վախենում էին սպասվող պատժից, և կայսրին ամեն տեսակ զրպարտիչ տեղեկություններ են հասցնում Պապի մասին։ Անընդհատ զեկույցների հետևանքով Պապ թագավորը հրավիրվում է կայսեր մոտ ընթացիկ գործերի խորհրդակցության։ Բայց Կիլիկիայի Տարոն քաղաքում պատվավոր պահակի անվան տակ Պապին կալանքի են վերցնում։ Պապը գաղտնի տեղեկություն է ստանում, որ Տերենտիոսը նամակով խորհուրդ է տվել կայսրին՝ անմիջապես Հայաստան ուղարկել նոր թագավոր, որպեսզի «մեզ հետ պահենք ժողովուրդը, որը մեր հանդեպ բնավ անտարբեր չէ...»1։ նկատելով, թե ինչ դաժան վախճան է սպասում իրեն, Պապը իրեն ուղեկցող 300 ձիավորներով երեկոյան դիմում է փախուստի։ Պապի փախուստի մասին Ամմիանոսի տեղեկությունները համառոտ բերված են Հ. Մանանդյանի մոտ, այնտեղ կարդում ենք. «Երկրի հրամանատարը, հենց որ այս մասին լուր ստացավ դարբասի մոտ պահակ կանգնած սպահից՝ նրա հետևից հասավ քաղաքի արվարձաններում և աղաչեց ետ դառնալ, բայց հազիվհազ կարողացավ իր կյանքը փրկել։ Այնուհետև իսկույն նրա հետևից ուղարկվեց մի ամբողջ լեգեոն։ Սակայն երբ սրանք մոտեցել էին նրանց՝ Պապը ետ դառավ և իր ամենաքաջ զինվորների հետ հարձակվեց հռոմեական զոր-

_______________________
1 Аммиан, кн. XXX, гл. I, П. 4.

 

[էջ 173]

քի վրա, կայծակի պես նետեր տեղալով այնպես, որ նրանց չդիպչեն, ուստի նաև այս զորքը սարսափած փախավ ու վերադարձավ քաղաք։ Վախենալով, որ դրանից հետո Պապը կարող է խախտել Հռոմի հանդեպ ունեցած հավատարմությունը՝ Վաղես կայսրը Դանիել կոմսի և տրիբուն Բարզիմերի գլխավորությամբ հազար թեթևազեն նետաձիգ է ուղարկում հետապնդելու։ Օգտվելով տեղանքին ծանոթ լինելուց, սրանք կարճ ճանապարհով անցնում և կտրում են Պապ թագավորի ուղին։ Հռոմեական զորավարները զորքերը երկու մասի բաժանելով՝ փակում են բոլոր անցուղիները։ Պատահմամբ բռնված մի ճանապարհորդ պատմում է Պապին, թե որտեղ են հռոմեական զորքերը։

Կռահելով, որ այդ զորքերն ուղարկված են իրեն բռնելու համար, Պապը խորամանկ որոշում է ընդունում` պահելով այն խիստ գաղտնի։ Ապաստարան ու սննդամթերքներ պատրաստելու անվան տակ մի հեծյալ է ուղարկում աջ ճանապարհով, և երբ հեռանում է, մի ուրիշին էլ նույն նպատակով ուղարկում է ձախ ճանապարհով։ Մեկի գնալու մասին տեղյակ չի լինում մյուսը։ Այս երկու ձիավորը, որ ուղարկված էին հռոմեական զորքերը մոլորեցնելու համար, ձերբակալվեցին, և Դանիելն ու Բարզիմերն ուրախ էին, որ Պապը շուտով կընկնի իրենց ձեռքը։ Բայց մինչդեռ նրանք սպասում էին այնտեղ Պապն իր շքախմբի հետ գնաց ուղևորի առաջնորդությամբ այն արահետով, որը ծածկված է մացառներով ու որով դժվար էր անցկացնել բարձած ձիերը, և խույս տալով ազատվեց ու հասավ Հայաստան»1։

Պապի ռազմական այդ խորամանկությունր, հիրավի, զորավարական խորամանկություն էր։

Պապը, Տարսոնից Հայաստան վերադառնալուց հետո, գրում է Ամմիանոսը, «մեծ ուրախությամբ ընդունված լինելով իր հայրենակիցներից անխախտելի կերպով հավատարիմ էր մնացել Հռոմին և ոչ մի խոսք ոչ մեկին չէր ասել վիրավորանքների մասին, որ ինքը կրել էր»2։

_______________________
1 Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ. Բ., էջ 212—213։
2 Տե՛ս նույն տեղը, էջ 215։

 

[էջ 174]

Հավատալով Պապ թագավորի մասին տարածվող ամեն տեսակ հերյուրանքներին, Վաղես կայսրը որոշում է վերջ տալ նրան և այդ գործը հանձնարարում է Հայաստանում գտնվող հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսին։ Սա 374 թ. Պապի հետ Բագավանում գտնվելու ժամանակ իր մոտ հյուր է հրավիրում նրան և խնջույքի պահին սպանում։

«Այսպիսի անարգ նենգությամբ,— վկայում է Ամմիանոսը,— դյուրահավատությունը խարդավանվեց. օտարականի արյունը փրփրելով թափվեց շքեղ սեղանածածկոցների վրա դեմ հանդիման հյուրասիրության աստուծո հյուրընկալության ժամանակ, որը նույնիսկ Եվքսինյան Պոնտոսի կողմերում խղճամիտ երկյուղածության է արժանանում, և այնուհետև ճաշկերույթի մասնակիցները, չափից դուրս հագեցված, բոլորովին սարսափահար եղան և փախան»1։

Պապ թագավորին սպանելուց հետո Հռոմը 374 թ. հայոց թագավորական գահին է նստեցնում Վարազդատին (374-378 թթ.), որին արտաքսում է Մանվել Մամիկոնյանը և թագավորեցնում է Պապի որդի Արշակ III-ին (378-391 թթ.): Արշակ III-ի թագավորության ժամանակ Պարսկաստանն ու Բյուզանդիան 387 թ. Հայաստանը բաժանում են իրար մեջ։ Հայաստանի հռոմեական մասում 391 թ. դադարում է հայոց թագավորության գոյությունը և Արևմտյան Հայաստանի կառավարումը հանձնարարվում է Բյուգանդական զորավարներից մեկին, իսկ արևելյան մասում, որը Հայաստանի տերիտորիայի 4/5 մասն էր կազմում և ընկել էր Պարսկաստանի գերիշխանության տակ, պահպանվեց անկախությունը մինչև 428 թվականը, այսինքն՝ մինչև այն ժամանակ, երբ Պարսկաստանը Հայաստանը վերածեց մարզպանության և երկրի կառավարումը հանձնեց իր նշանակած մարզպաններին։

_______________________
1 Տե՛ս նույն տեղը, էջ 217։

 


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն»
«Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև

Հովհան Մամիկոնյան - Տարոնի պատմությունը
Առաջին Հանրապետության վերջին օրերը (անհայտ գրողի օրագիր)

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice