ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Սարգիս Սարգսյան

ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 138]

ՅՈԹԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՀՌՈՄԻ ՆՈՐ ԱԳՐԵՍԻԱՆԵՐԻ ԴԵՄ

Հռոմեական Տրայանոս կայսրը նոր ագրեսիա է սկսում Արևելքի երկրների, այդ թվում և Հայաստանի դեմ։ Տրայանոսը իր զորքերով 113 թ. հոկտեմբերի 27-ին մտնում է Ասորիք և պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։

Իր արևելյան արշավանքը Տրայանոսն սկսում է երկու ուղղությամբ, դրանցից էր Մելիտենե-Խարբերդի դաշտը։ Այդ ուղղությունն ունեցել է խիստ կարևոր նշանակություն հարավից ու Տավրոսի լեռների կողմից իր զորքերի գլխավոր ուժերի աջ թևի և թիկունքի ապահովման համար։ Հենց այդ նպատակով էլ 114 թ. վերջին և 115 թ. սկզբին Տրայանոսը Մելիտենեից Խարբերդ է ուղարկում մի բանակ, որն առանց մարտի գրավում է Արածանիի գետափնյա Արշամաշատ քաղաքը (այժմյան Գյուլուշկերայի մոտ), որն ունեցել է ռազմագիտական և պաշտպանության համար խիստ կարևոր նշանակություն, իսկ կռվի ժամանակ նաև իշխել է Դիարբեքիրից Տիգրանակերտ, Տավրոսի լեռների վրայով Մուշի դաշտ իջնող և այնտեղից Մանազկերտ տանող ռազմական ուղուն։ Հռոմեացիների զորքերի գլխավոր ուժերը պետք է շարժված լինեին Արտաշատի վրա հին և փորձված ռազմագիտական ուղիով` Մելիտինե, Սատաղ, Կարին, Բագավան և այնուհետև Կուջաղի կամ Քարվանսարայի լեռնանցքով` Արտաշատ։ Այդ զորքերի ձախ թևը

[էջ 139]

հյուսիսից եղել է անվտանգ, քանի որ Հռոմի դաշնակիցներն իրենց զորքերով պահպանում էին այդ թևը։

Չնայած Հայաստանի համար ստեղծված աննպաստ կացության, ինչպես հաստատում է Մոմզենը, առաջին իսկ ճակատամարտերում, Եփրատ գետի մոտ, հռոմեացիները պարտություն կրեցին, ուստի դա եղավ հիմնական առիթը, որ 115 թ. գարնանը, խիստ ծերացած, բայց մարտերում կոփված, հաղթանակների սովոր Տրայանոս կայսրը ստիպված ինքը գլխավորեց զորքը։

Երբ Տրայանոսը հասավ ժամանակակից էրզրումի մոտ՝ Իլիջա վայրը, նրան ներկայացավ հայոց թագավոր Պարթամասպատը` թագավորելու հավանություն ստանալու համար։ Տրայանոսը մերժեց և Հայաստանը հայտարարեց Հռոմի նահանգներից մեկը։ Ռազմագիտական տեսակետից Հայաստանի կարևոր նշանակություն ունեցող բնակավայրերում Տրայանոսը թողեց հռոմեական կայազորներ։ Տրայանոսը այլևս ավելորդ համարեց արևելյան երկրները նվաճել արշավի հին երթուղիով և շարժվեց դեպի Արտաշատ նոր ուղիով՝ Իլիջա-Կարին-Խնուս-Մանազկերտ-Մուշ-Տիգրանակերտ գծով։ Հռոմեական զորքերը առանց մարտերի նվաճեցին Կորդուքը, Ադիաբենը, Մծբինը, Սինգարան և, շարժվելով դեպի Եդեսիա, գրավեցին Օսրոենան և Տիգրիս ու Եփրատ գետերի միջև եղած երկրները հայտարարեցին «Հռոմեական Միջագետք»։

115 թ. աշնանը Տրայանոսը եկավ Անտիոք՝ ձմեռելու։ Շուտով Տրայանոսի թիկունքի հաղորդակցության ուղիներում՝ Հայաստանում, Ադիաբենում, Միջագետքում ապստամբություն սկսվեց, որը գլխավորում էր պարթևական թագավոր Խոսրովի եղբայր, Պարթևստանի գահի թեկնածու Միհրդատ VI-ը: Ապստամբները կոտորեցին այդ վայրերում եղած հռոմեական կայազորների զորքերը1։

Միջագետքը հռոմեացիներից ազատելուց հետո Միհրդատ VI-ը շարժվեց ազատագրելու Կոմմագենը, բայց այդ արշավի ժամանակ ձիուց վայր ընկավ և վախճանվեց։ Նրա փոխարեն

_______________________
1 Տե՛ս Момзен, История Рима, т. V, стр. 361.

 

[էջ 140]

ապստամբության ղեկավարությունն ստանձնեց որդին՝ Սանատրուկը։ Պարթևստանի թագավոր Խոսրովը Սանատրուկին օգնության ուղարկեց հայոց զորքերը՝ իր որդի Պարթամասպատի հրամանատարությամբ։ Այդ երկու արշակունիները հաջողությամբ կռվում էին հռոմեացիների դեմ։ Բայց նրանց դեմ ուղարկված զորավար Լուկիոս Կվիստը, Պարթամասպատին խոստանալով տալ Պարթևստանի թագավորական գահը, կարողանում է նրան համոզել հռոմեացիների կողմն անցնելու։ Պարթամասպատի դավաճանության պատճառով ապստամբությունը դաժանորեն ճնշվում է, և Սանատրուկր սպանվում1։

117 թ., Տրայանոսի մահից հետո, հռոմեական գահ բարձրացած Անդրիանոսը հռոմեական քաղաքականությունը արևելքում աննպատակահարմար է համարում և զորքերը դուրս է բերում Փոքր Ասիայի երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։ «Հայաստանը դադարում է լինել Հռոմի նահանգ,— գրում է Մոմզենը,— և դառնում է Պարթևստանի սեփականությունը»2։ Հայոց թագավորական գահն է բարձրանում Արշակունիների տոհմից Վաղարշ I-ը (117—140 թթ.): Հայաստանում տիրում է խաղաղություն, որը շարունակվում է շուրջ 40 տարի։

2. ՊԱՐԹԵՎԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՀՌՈՄԻ ԴԵՄ։ ԿԱՐԱԿԱԼԱՑԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Վաղարշ I-ի մահից հետո Հռոմը հայոց գահի համար առաջադրում է հռոմեական ավագանուց ինչ-որ Սոյեմի։ Օգտվելով երկպառակության հետևանքով Պարթևստանի թուլությունից, հռոմեացիները ձգտում են ամրացնել իրենց գերիշխանությունը Հայաստանում. Վաղարշապատ քաղաքը վերածում են իրենց զորքերի կենտրոնացման վայրի` ստեղծելով ամրություններ և պաշտպանության կետեր։ Անմարդկային վերաբերմունքը և անսահման շահագործումը տեղի էին տալիս հաճախակի ապստամբությունների։

Օգտվելով Հայաստանում հռոմեացիների համար ստեղծ-

_______________________
1 Տե՛ս նույն տեղը, էջ 361—362։
2 Նույն տեղը, էջ 365։

 

[էջ 141]

ված ծանր կացությունից, Պարթևստանի թագավոր Վաղարշ III-ը (148—191 թթ.) Հայաստանի թագավոր է նշանակում Բակուր III-ին։ Պարթևական զորքերը 161 թ. մտնում են Հայաստան։ Տրդատ նախարարի գլխավորությամբ ապստամբած հայ ժողովուրդը միանում է պարթևներին։ Ապստամբների և հայ-պարթևական զորքերի միահամուռ ուժերով Հայաստանից վտարվում են Սոյեմը և նրա հռոմեական լեգեոնները։

Նահանջող հակառակորդին հետապնդելով, հայ-պարթևական դաշնակից զորքերը գրավում են Կարին քաղաքը և պատրաստվում շարժվել դեպի Կապադովկիա։ Հայ-պարթևական զորքերի շարժման ճանապարհը կտրելու, նրանց կասեցնելու և Սոյեմի հռոմեական լեգեոններին օգնություն ցույց տալու համար Կապադովկիայից Հայաստան ուղարկվեց զորավար

Էլիոս Սևերիանոսը։ Սա հասավ մինչև Էլեգիա (այժմ՝ Իլիճա, Էրզրումից արևմուտք)։ Նրա դեմ դուրս եկան հայ-պարթևական զորքերը՝ զորավար Խոսրովի գլխավորությամբ։ Մարտերը տեղի ունեցան Եփրատ գետի ակունքների մոտ, Կարինից Արևմուտք, Էլեգիայից ոչ հեռու։ Այդ ճակատամարտին մասնակցեցին Սոյեմի հռոմեական երկու, Էլիոս Սևերիանոսի երկու լեգեոնները։ Հռոմեական այդ չորս լեգեոններում կար հետևակ 24000 մարդ և հեծյալ շուրջ 3000 մարդ։ Նկատի ունենալով, որ Հռոմի դաշնակից երկրները հռոմեական հրամանատարությանը տրամադրել են այդ քանակից ոչ պակաս օժանդակ զորքեր, կարելի է ասել, որ այդ ճակատամարտում հռոմեական բանակն ունեցել է հետևակ՝ 48-49 հազար և հեծելազոր՝ 6-7 հազար մարդ։

Հայ պարթևական զորքերի քանակը զգալիորեն պակաս է եղել։ Այդ ժամանակ Տրդատը ապստամբած հայերից կարող էր հավաքել միայն շուրջ 6-7 հազար հեծյալ և 10-12 հազար հետևազոր։ Պարթևստանում տիրող երկպառակության հետևանքով Վաղարշ III-ը ճակատամարտին մասնակցելու համար իր զորավար Խոսրովին կարող էր տալ մոտ 5-6 հազար հեծելազոր և 12-13 հազար հետևազոր։ Այդպիսով, հայ-պարթևական դաշնակից բանակը կարող էր ունենալ շուրջ 11-13 հազար հեծյալ և 22-25 հազար հետևակ։

[էջ 142]

Էլեգիայի մոտ 161 թ. ճակատամարտը

Էլեգիայի մոտ 161 թ. ճակատամարտը

[էջ 143]

Ճակատամարտի առաջին փուլը։ Տեղեկություն ստանալով, որ հարձակման նպատակով մոտենում են հռոմեական զորքերը, մարտի հենց առաջին օրը հայ-պարթևական զորքերը գրավեցին Էլեգիայից հարավ Եփրատ գետի ձախ ափին 2430 բարձունքի հյուսիսային լանջի գերիշխող տեղանքը։ Նշված լեռան հյուսիսային զառիվայրը Էլեգիայից 1000 մետր բարձր է։ Հայ-պարթևական զորքերը դասավորեցին իրենց մարտական կարգերը` աջում առջևից հեծելազորը, իսկ նրա հետևից Պարթևստանի հետևակը: Ձախում նույն կարգով դասավորվեց Հայաստանի հեծելազորը և հետևակը։ Մարտական կարգերի թևերը պահպանվել էին հեծելազորի առանձին ջոկատներով։ Մարտական կարգերի հետևից դասավորվեցին գումակը և թիկունքային մյուս ստորաբաժանումները։ Թիկունքը պահպանելու համար առանձնացվեց թիկնապահ ջոկատ։

Հռոմեական զորքերը Էլիոս Սևերիանոսի ղեկավարությամբ բանակատեղ գրավեցին Էլեգիայից 5-6 կիլոմետր արևմուտք։ Կառուցելով մարտական կարգեր` առջևից և թևերում ըստ սովորականի դասավորեցին հռոմեական ու Հռոմին դաշնակից երկրների հեծելազորի լեգեոնները, իսկ հետևում` նրանց հետևակը։ Դրանից հետո Սևերիանոսն անցավ հարձակման։ Վայրի կտրվածությունը սահմանափակում էր հեծելազորի բացազատվելը և արգելակում նրա մարտական գործողությունները։ Ամրանալով բարձունքների ու բլուրների վրա, հմտորեն օգտագործելով տեղանքի առավելությունները, ճակատամարտի առաջին իսկ օրը հայ-պարթևական զորքերը զգալի կորուստ հասցրին հռոմեական բանակին և ետ շպրտեցին իրենց ճամբարը։

Երկրորդ փուլը։ Կողմերը նախապատրաստվում են նոր ճակատամարտի։ Քաշվելով իրենց բանակատեղը՝ հռոմեական զորքերը մարտական կարգի են բերում մարտում ջախջախված կոհորտներն ու լեգեոնները, բարձրացնում են նրանց մարտական ոգին, արիություն ու քաջություն են ներշնչում երկրորդ օրվա ճակատամարտի համար։

Իսկ պարթևա-հայկական զորքերը էլ ավելի վարպետորեն են ամրացնում վայրը` հռոմեական ասպատակներին ավելի

[էջ 144]

համառ դիմադրություն ցույց տալու համար։ Երկրորդ օրը նույնպես հարձակման է անցնում Սևերիանոսը։ Մարտի նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելու և ճակատամարտը հօգուտ հռոմեացիների շրջելու նրա բոլոր ջանքերր այս անգամ էլ ապարդյուն են անցնում։ Հայ-պարթևական բանակը գլխովին ջախջախում և ետ է շպրտում հռոմեական զորքերին։

Երրորդ փուլը։ Հռոմեական զորքերի հարձակման անցնելու նոր փորձերը նույնպես անհաջողության են մատնվում։ Երկար և համառ մարտերից հետո հայ-պարթևական զորքերը Էլեգիայի մոտ Եփրատ գետի հովտում շրջապատում և ոչնչացնում են հռոմեական զորքերին։ Հռոմեացիների զորքերի մնացորդները փախուստի են դիմում։ Հայ-պարթևական զորքերն անցնում են Եփրատը և նրանց հետապնդում են մինչև Կապադովկիա ու Սիրիա։ Այսպիսով, եռօրյա երկարատև ու համառ մարտերում հռոմեական զորքերը ջարդվում և ոչնչացվում են։ Սևերիանոսը, չկարողանալով տանել խայտառակ պարտության դառնությունը, ինքնասպանություն է գործում։

Պարթևները և հայերը, անցնելով Եփրատ գետը, մտնում են Կապադովկիա և Ասորիք, որտեղ հռոմեական զորքերի զորավար Ատտիդիոս Կորնելիանոսը նույնպես ծանր պարտություն է կրում և ստիպված է լինում փախուստի դիմել։

161 թ. մարտերում հռոմեական զորքերը ցուցաբերեցին անմարտունակություն և կրած պարտություններից բարոյալքվեցին։ Հավասարակշռությունը կորցրած Հռոմը հռոմեական զորքի հեղինակությոլնր վերականգնելու նպատակով արևմուտքից և Հռենոսից ետ կանչեց իր լեգեոնները և ուղարկեց պարթևա-հայկական միացյալ զորքի դեմ։ Այդ նպատակով կարգադրություն արվեց զորահավաք կատարել նաև Իտալիայում։

Այսպիսով, Հռոմեական կայսրության համար ստեղծվեց անտանելի դրություն։ Կացությունը փրկելու համար Մարկոս Ավրելիոս կայսրը (161—180) որպես գերագույն հրամանատար 162 թվին Արևելք ուղարկեց իր գահակից Լուկիոս Վերային։ Արևելքում սրան միացան այն ժամանակվա լավագույն զորավարներ՝ Կապադովկիայի փոխարքա Ստատիոս Պրիսկը,

[էջ 145]

այնուհետև Մարկոս Վերան, Սիրիայից՝ Ավիդիոս Կասիոսը: Այդ պատերազմը սկսվեց 163 թ. և կոչվեց հայ-պարթևական պատերազմ Հռոմի դեմ։

Այս անգամ հռոմեական զորքերը պարթևական զորքերի դեմ շարժվեցին երկու ուղղությամբ՝ Միջագետք-Մծբին և Կապադովկիա--Հայաստան։

Հռոմեական բանակը Ստատիոս Պրիսկի հրամանատարությամբ 163 թ. ամռանը Կապադովկիայի վրայով ներխուժեց Հայաստան։ Հայ ժողովուրդը կատաղի դիմադրություն ցույց տվեց, սակայն մի շարք համառ մարտերից հետո 163 թ. աշնանը հռոմեական զորքերին հաջողվեց խորտակել հայերի դիմադրությունը, պաշարումով ու գրոհներով գրավել, հիմնահատակ ավերել ու թալանել Արտաշատ քաղաքը։

166-167 թթ. ապարդյուն անցան հայերի բոլոր փորձերը դուրս գալու Հռոմին վասալ լինելու վիճակից։

Նեգերի և Ալբիոնոսի դեմ տարած հաղթանակից հետո 197 թ. Սեպտիմիոս Սևերոսը Միջագետք է գալիս՝ Արևելքում Նեգերի կողմնակիցներից վրեժ լուծելու։ Հայոց թագավոր Վաղարշ II-ին, որր հռոմեական եռապետության պայքարի ժամանակ չեզոքություն էր պահպանել, հաջողվում է խաղաղության դաշինք կնքել Սեպտիմիոս Սևերոսի հետ։ Վաղարշապատից դուրս են բերվում հռոմեական կայազորները։ Հայոց թագավորին թույլ է տրվում ուժեղացնել հայկական բանակը, որի կարիքների համար Սեպտիմիոս Սևերոսը ամեն տարի բաց է թողնում ահագին գումար՝ Կովկասյան լեռնաշղթայի լեռնանցքների պահպանությունը կազմակերպելու նպատակով` Հյուսիսային Կովկասի բարբարոս ցեղերի դեմ։

Միջագետքը պրովինցիայի վերածելու և այնտեղ ռազմական խոշոր կենտրոն հիմնելու հետևանքով, ասում է Մոմզենր, «Հայաստանը կորցնում է երկու մեծ պետությունների միջև

բուֆերային լինելու իր կացությունը... նա կարողացավ պահպանել իր նախկին վիճակը և խուսափել կայսրությանը ձևականորեն միացվելուց։ Այդպիսով երկիրը պահպանեց իր սեփական զորքերը, իսկ հետագայում կայսերական կառավա–

[էջ 146]

րությունը նույնիսկ կայսերական գանձարանից բաց թողեց նրան լրացուցիչ գումար»1։

Հոր գահը բարձրանալով՝ Սևերիոս Կարակալլան (211-217 թթ.) 215 թ. մեծաքանակ զորքով մեկնում է Անտիոք և հայտարարում, որ Հայաստանը պետք է լինի Հռոմի պրովինցիա։ Այդ մտադրությունն իրագործելու համար նա ընտրում է նենգ ուղի։

216 թ. Կարակալլան «խաբելով Օսրոյենի Աբգար թագավորին, որ իր մոտ գա իբրև բարեկամ, նրան բռնեց ու կալանավորեց և այդպիսով տիրեց Օսրոյենին, որն անտերունչ էր մնացել, իսկ հայոց թագավորին,— վկայում է Կասիուսը,— որը վեճի մեջ էր իր որդիների հետ, բարեկամական նամակներով նույնպես կանչեց, իբրև թե համոզելու, որ նրանք խաղաղությամբ ապրեն, և սրանց հետ ևս վարվեց այնպես, ինչպես Աբդարի հետ։ Սակայն հայերը չհպատակվեցին նրան և դիմեցին զենքի, և նրանցից այլևս ոչ ոք և բնավ ոչ մի բանում նրան չէր հավատում, այնպես որ նա փորձով սովորեց, թե որքան վնասակար է ինքնակալ մարդուն խարդախորեն վարվել բարեկամների հետ»2։ Այնուհետև Կասիուսը շարունակում է. «Արդ Թեոկրիտոսը, որին զորքով ուղարկել էր հայերի դեմ՝ մեծ դժբախտության մեջ էր ընկել և նրանց կողմից ծանր պարտության էր մատնվել»3։

Հոր փոխարեն հայոց թագավոր ընտրվեց Արշակունիների տոհմից Տրդատը և ղեկավարեց ապստամբությունը։ Այդ չէին կարող հանդուրժել հռոմեացիները։ Եվ ահա 216 թվականին Անտոնիոս Կարակալլան ռազմական մեծ ուժերի գլուխ անցած հանդես է գալիս Արևելքում, որպեսզի հնազանդեցնի հայերին, իսկ անհրաժեշտության դեպքում ջախջախի պարթևներին։ Ինքը՝ Տրդատը, հուսահատվելով, հրաժարվում է հետագա պայքարից և փախչում։ Նա ապաստան է գտնում Պարթևստանում։ Իսկ Կարակալլան պատերազմի սպառնալիքով Վաղարշ V-ից պահանջում է իրեն հանձնել Տրդատին։ Վաղարշը

_______________________
1 Момзен, т. V, стр. 370.
2 Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ. Բ, էջ 60։
3 Նույն տեղը։

 

[էջ 147]

ստիպված է լինում համաձայնվել։ Սակայն Տրդատը Պարթևստանից մեկնում է Հայաստան և հաջողությամբ գլխավորում է ապստամբած հայերի պայքարը հռոմեացիների դեմ։ Հենց, այդ ժամանակ է, որ Տրդատը պարտության է մատնում զորավար Թեոկրիտոսին և դուրս է քշում հռոմեացիներին Հայաստանից։ 217 թ. գարնանը Կարակալլան նորից արշավի է ելնում պարթևների և հայերի դեմ, բայց ապրիլի 8-ին, Եդեսիայից Խարան տանող ճանապարհին, սպանվում է իր զինվորների ձեռքով։

217 թ. Մծբինի մոտ հայ-պարթևական մարտական խոշոր, ուժերով պարթևական թագավոր Արտավանը երկու անգամ՝ ծանր հարվածներ է հասցնում Կարակալլայի հետնորդ, զորավար Մակրինոսի հռոմեական բանակին։ Արտավանի հետ, կնքվում է խաղաղության դաշինք, որի հիման վրա Մակրինոսը պարտավորվում է Արտավանին ու նրա դաշնակիցներին, ռազմատուգանք վճարել և վերականգնել Հայաստանի թագավորական գահը։ Նա այդ գահը ուղարկում է մահացած Խոսրով I-ի որդուն՝ Տրդատ II-ին, ազատում և Հայաստան է ուղարկում Տրդատի մորը, վերադարձվում է հայերից խլված ավարները և Տրդատ II-ի ծնողների կալվածքները Կապադովկիայում։

3. ՏՐԴԱՏ II-ի ԵՎ ՆՐԱ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՍԱՍԱՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԱԳՐԵՍԻԱՅԻ ԴԵՄ

Պարսիկ Սասանի թոռ Արտաշիրը 224 թ. ապստամբում է, գրավում պարթևական մայրաքաղաք Տիզբոնը, իրեն հայտարարում է Պարսկաստանի թագավոր և ագրեսիվ գործողություններ սկսում Փոքր Ասիայի մանր ժողովուրդների դեմ։ 228 թ. Ադիաբենից Արտաշիրը շարժվում է դեպի Հայաստան։ Կասիուս Դիոնը հաստատում է, որ Պարթևստանը, Մարաստանի մի շարք շրջաններն ու մարզերը հնազանդեցնելուց հետո, Արտաշիրը արշավում է Հայաստան։

«Բայց այստեղ նրան դուրս վանեցին երկրի բնակիչները և մեդիացիներից ոմանք ու նաև Արտավանի որդիները, և նա, որպես ոմանք ասում են, փախավ։ Իսկ ուրիշներն էլ ասում

[էջ 148]

են, որ ետ քաշվեց, որպեսզի պատրաստի ավելի մեծ զորք»1,— գրում է Կասիոս Դիոնը։

Արտաշիր I-ի պատերազմը Հայաստանի հետ տեղի է ունեցել 228 թվականին՝ Հայաստանի և Ատրպատականի սահմանագլխում։

230 թ. Արտաշիրը պատերազմ է հայտարարում հռոմեացիներին։ Նա անցնում է Եփրատ գետը, գրավում Միջագետքը և պաշարում է Մծբինը։ Թշնամու հեծյալները երևում են նույնիսկ Կապադովկիայում և Սիրիայում։ Հռոմեական կայսր Ալեքսանդր Սևերոսը մեծաքանակ բանակով գալիս է Անտիոք։ Մարտական գործողություններն սկսվում են 232 թվականին։

Հռոմեական բանակը շարժվում է երեք ուղղությամբ։ Առաջին բանակը Յունիոս Պալմատուսի գլխավորությամբ, հայ դաշնակից բանակով, կազմելով ճակատի ձախ թևը, հարձակվելու էր Մարաստանի վրա Հայաստանի վրայով։ Երկրորդ բանակը, Եփրատ գետի հոսանքի ուղղությամբ պետք է շարժվեր Տիզբոնի դեմ։ Երրորդ՝ կենտրոնական բանակը, Ալեքսանդր Սևերոս կայսեր գլխավորությամբ պետք է հարձակվեր Հյուսիսային Միջագետքի ուղղությամբ։

Այդ երեք բանակներից իրեն առաջադրած խնդիրները կատարում է միայն ճակատի ձախ թևի հռոմեական բանակը, որը ներխուժում է Մարաստան և հրի ու սրի մատնում քաղաքներն ու գյուղերը։ Բայց այդ զորքերը ստիպված են լինում Մարաստանից նահանջել, որովհետև հարավային ուղղության հռոմեական բանակը, գործելով անմիջապես Արտաշիր I-ի զորքերի դեմ, պարտություն է կրում և ետ է քաշվում Միջագետք։ Հայաստանը մնում է առանց օգնության։ Պարսիկները, օգտվելով հռոմեական պետության մեջ տիրող երկպառակություններից և Հռոմի դեմ գոթերի արշավանքից, հարձակվում են Հայաստանի վրա։ Ագաթանգեղոսի մի վկայությամբ հաստատվում է, որ հայոց թագավոր Տրդատ II-ը հավաքում է իր զորքերը, միացնում է Աղվանքի, Վրաստանի, լփնիների, ճիղպերի, կասպերի և հոների օգնության հասած զորքերին, գնդեր է կազմում և արշավում պարսից զորագնդերի դեմ։

_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ. Բ, էջ 67։

 

[էջ 149]

Պարսից թագավորը, չդիմանալով հայերի և նրանց դաշնակից անդրկովկասյան ժողովուրդների զորքերի հարվածներին, փախուստի է դիմում։ Հետապնղելով պարսից ուժերին, Տրդատ II-ը մեծ ջարդ է տալիս և մեծ հաղթությամբ ու ավարով վերադառնում Վաղարշապատ քաղաքը։

Սասանյան Պարսկաստանի դեմ մղված պատերազմներում ձեռք բերված այդ հաջողությունները արդյունք են հայ ժողովրդի հերոսական պայքարի։ Միևնույն ժամանակ դրանք պետք է վերագրել կովկասյան ժողովուրդների` վրացիների, աղվանների, լազերի, մյուս ժողովուրդների ու ցեղերի համատեղ պայքարին, որոնք շահագրգռված են եղել պաշտպանել իրենց երկրները օտարերկրյա հարձակումներից և միացել են հայերի մղած այդ ազատագրական պատերազմին` սեփական հայրենիքը փրկելու նպատակով։ Այսպիսով, Տրդատ II-ի վարած այդ պատերազմի հաջողություններին մեծապես նպաստել է վերոհիշյալ ժողովուրդների եղբայրական դաշինքը։

Պարսից թագավոր Շապուհ I-ը 252 թ. ներխուժում է Հայաստան՝ Տրդատ II-ից վրեժ լուծելու համար։ 252-253 թթ. համառ մարտերից հետո Տրդատ II-ը պարտություն է կրում և փախչում հռոմեացիների մոտ։ Դա եղել է տասնամյա պատերազմի վերջին ճակատամարտը, որը տեղի է ունեցել Ադիաբենում։ Տրդատ II-ի զավակները մնում են Հայաստանում և հնազանդվում Պարսկաստանին։ Շապուհը հայոց գահի վրա նստեցնում է ինչ-որ Արտավազդի (253—272 թթ.)։

4. ԲԱՍԵՆԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

III դարի իննսունական թվականներին Պարսկաստանը Հայաստանը գրավելու նոր փորձ է անում։ 295 թ. Միջագետքի վրայով Հայաստանի դեմ արշավանք սկսեցին պարսից զորքերը՝ Շապուհի որդի Ներսեհի (293 — 302) գլխավորությամբ։ 296 թ. Ներսեհի զորքերի դեմ դուրս եկավ հռոմեական զորավար Գալերիոս Մաքսիմիանոսը։ Ճակատամարտը տեղի ունեցավ Խարան և Կալլենիկում քաղաքների միջև։ Այդ ճակատամարտում Գալերիոս Մաքսիմիանոսը ծանր պարտություն կրեց

[էջ 150]

Բասենի մոտ 297 թ. մարտը

Բասենի մոտ 297 թ. մարտը

[էջ 151]

պարսկական հեծելազորից։ Բյուզանդիան, իհարկե, չէր կարող հանդուրժել այդ։ Դիոկլետիանոսի կարգադրությամբ 237 թ. վերսկսվում է պատերազմը Պարսկաստանի հետ։ Այս անգամ Մաքսիմիանոսն ուներ քսանհինգ հազար զինվոր, այդքան էլ կային հայոց զորքեր` սպարապետ Արտավազդ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Այդ դաշնակից բանակը կենտրոնացել է Փոքր Հայքի Սատաղի բերդում։ Այդպիսի կենտրոնացումը, հատկապես լեռնային շրջանում, նպատակ ուներ, առաջին, օգտագործել լեռնազանգվածները՝ զրկելու պարսից հեծելազորը օպերատիվ տարածությունից։ Երկրորդ՝ ունենալ իր թիկունքի հաղորդակցման գծերում հուսալի դաշնակից հայերին, ապահովել զորքերը սննդամթերքով, խմելու ջրով և պաշտպանել թիկունքի զորքերը թշնամու հանկարծակի հարվածներից։ Դեպի Սատաղ են շարժվում պարսից զորքերը։

«Նա (Ներսեհը),— վկայում է Փավստոս Բուզանդը,— եկավ իր բոլոր զորքերով, բոլոր աղխով, մեծ կարավանով, բազմաթիվ փղերի կույտով, անչափ մթերքներով, բուն մաշկապաճյանով1, բոլոր կանանցով և տիկնանց տիկնով. եկավ մտավ Հայաստանի սահմանները, ամբողջ աշխարհը բռնեց։ Այս ժամանակ հայոց նախարարների ազնվական զորքերն իրենց ընտանիքներն առնելով փախչում էին հունաց կողմերը...»2:

Ներսեհի մեծաքանակ զորքերը բանակ են դնում Բասենի գավառի Ոսխա գյուղում։ ճակատամարտի նախօրյակին հռոմեական կայսր Դիոկլետիանոսը, հայ նախարարներ Արշավիրի և Անդովկի հետ, որպես կաղամբ ծախողներ, մտնում են Ներսեհի ճամբարը, անձամբ հետախուզում են հակառակորդի զորքի կազմը և մտադրությունները։ Վերադառնալով, Դիոկլետիանոսն իր զորքերին համապատասխան կարգադրություններ է անում մարտական կարգեր դասավորելու, անհոգ և անգործության մատնված պարսից զորքերին շշմեցուցիչ հարված հասցնելու համար։

_______________________
1 Մաշկապաճյանը պարսից թագավորի կանանոցի վրանն է։
2 Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երևան, 1947, էջ 127։

 

[էջ 152]

«Լուսաբացին նրանք հարձակվեցին Պարսից թագավորի վրա, — վկայում է Բուզանդը,— ամբողջ բանակը սրի բերան տվին, ոչ մեկին կենդանի չթողին։ Բանակը կողոպտեցին, ավար առան... Միայն թագավորը հազիվհազ պրծնելով մի առաջընթաց սուրհանդակով փախչում է, հազիվ կարողանում է իր աշխարհն ընկնել»1։

Այսպիսով, 297 թ., Բասենի ճակատամարտում անձնական մանրազնին հետախուզության հիման վրա որոշվել է պարսկական զորքերի և նրանց հրամանատարների անհոգությունն ու անգործությունը, մշակվել է մարտական կարգերի ճիշտ դասավորումը՝ պարսից ճամբարին հանկարծակի հարված հասցնելու համար։ Հռոմեական և հայոց զորքերի խելացի դասավորումը, նրանց կոմպակտ գործողությունները և շշմեցուցիչ հանկարծակի հարվածները Ներսեհի զորքերին մատնում են

ծանր պարտության։ Հետապնդող զորքերը հասնում են և բնաջինջ անում խուճապահար փախչող պարսից բանակը։

Այդ ճակատամարտում վճռական դեր է կատարել հայոց հեծելազորը, հատկապես հեծելազորի այն մասը, որը մասնակցել էր հռոմեական պատերազմներին և ձեռք էր բերել հարուստ փորձ։ Իր քաջությամբ և անվեհերությամբ այդ հեծելազորը ոչ միայն շշմեցրել է հակառակորդին, այլև զարմացրել է հենց իր բարեկամ հռոմեացիներին։

Պարսից զորքերի այդ ծանր պարտությունից հետո Ներսեհի խնդրանքով Մծբինում 298 թ, Հռոմի և Պարսկաստանի միջև կնքվում է քառասնամյա պայմանագիր։ Ըստ պայմանագրի՝ Պարսկաստանը պարտավորվում է այսուհետև հրաժարվել Հայաստանին ու Վրաստանին իշխելու ձգտումներից և Հռոմին է ամբողջապես հանձնում թագավորների թագադրության իրավունքը։ Հայաստանում գահ է բարձրանում Տրդատ III-ը (298-330), որը գործոն մասնակցություն է ունեցել պատերազմում հայկական զորագնդով կռվելով պարսկական բանակի դեմ։

_______________________
1 Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, էջ 128։

 

[էջ 153]

Նշված պայմանագիրը կնքելուց հետո սկսած 298 թ. քառասուն տարի Հայաստանը ապրեց խաղաղ աշխատանքով ու կառուցումներով։

5. ՀԱՅԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԸ ՄԱԶՔՈԻԹՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՍԻԿՆԵՐԻ ԴԵՄ

330 թ., Տրդատ III-ի մահից հետո, Հայաստանի գահն է բարձրանում նրա որդին՝ Խոսրով III-ը (332—338 թթ.)։

Նրա գահակալության տարիներին մազքութների թագավոր Սանեսանը, հոների և Կովկասի այլ քոչվոր ցեղերի հետ դաշն կնքած, կազմում է մի մեծ բանակ և 335 թ. գարնանը արշավում Հայաստան։ Հեծելազորի մեծաթիվ գնդերը և հետևազորը ամեն տեսակ զենքերով հեղեղում և ավերում են հայոց երկիրը մինչև Սատաղ և Ատրպատականի Գանձակը։ Հայոց թագավոր Խոսրով Կոդակը խուսափում է ճակատամարտից և ամրանում Կոգովիտ գավառի Դարյունք բերդում։ Իսկ մազքութների թագավոր Սանեսանը, գրավելով Այրարատը, իր թիկնապահ հեծյալ գնդերով բանակ է դնում Վաղարշապատ քաղաքում։

Արշավի ուղին, ինչպես երևում է, անցել է կասպերի երկրով, Քուռ և Արաքս գետերի միացման տեղով գետանց է կատարվել, հետո շարժվել են դեպի Նախիջևան, Արտաշատ, այնուհետև՝ Վաղարշապատ, որտեղ դասավորվել է զորքերի ճակատի կենտրոնական մասը։ Այդպիսի մեծաքանակ զորքը, բնականաբար, մի ճամբարում՝ Վաղարշապատում, տեղավորելն անհնար էր, ուստի աջ և ձախ թևերի զորքերի բանակատեղը Սանեսանը ընտրել է Օշականը։

336 թ. Բյուզանդիայից վերադառնում է սպարապետ Վաչե Մամիկոնյանը, կանգ է առնում Տայքում, շտապ իր շուրջն է համախմբում զինակիցներ Բագրատ Բագրատունուն, Մեհենդակ և Գարեգին Ռշտունիներին, Վահան Ամատունուն, Վարազ Կամինականին, նրանց զորքերից ստեղծում է մի ստվարաթիվ բանակ և մշակում մազքութների զորքերը ջախջախելու մարտական գործողությունների ծրագիրը։

Ստեղծված մարտական կացությունից և Վաչե Մամիկոն–

[էջ 154]

Մազքութների արշավանքը Հայաստան. Օշականի և Վաղարշապատի մոտ 336-337 թթ. մարտերը

Մազքութների արշավանքը Հայաստան. Օշականի և Վաղարշապատի մոտ 336-337 թթ. մարտերը

յանի զորքերի հարվածների ուղղությունից կարելի է կռահել, որ հայկական զորքերը կենտրոնացած են եղել Արագածոտն գավառի ժամանակակից Թալիշ և Շամիրամ գյուղերից դեպի արևելք։

Ճակատամարտի առաջին փուլը։ Ըստ մարտական գործողությունների իր ծրագրի, Վաչե Մամիկոնյանը թարմ զորքով

[էջ 155]

սկզբում հարձակվում է թշնամու գլխավոր ուժերի վրա, որոնք բանակել էին Օշականում։ Հարձակումն սկսվում է վաղ առավոտ։ Հանկարծակի հարվածով Վաչե Մամիկոնյանի զորքերը ջախջախում են մազքութների ճամբարը, սրի են քաշում այնտեղի զորքերը և ազատում հայ գերիներին։ Այնուհետև հարձակումը շարունակելով, Վաչե Մամիկոնյանի զորքերը իջնում են Արարատյան դաշտ և Վաղարշապատ քաղաքում վրա են հասնում մազքութների թագավոր Սանեսանին։

Ճակատամարտի երկրորդ փուլը։ Վաչե Մամիկոնյանի զորքերը սրընթաց հարձակվում են Վաղարշապատի վրա, որտեղ գտնվում էր Սանեսան թագավորը։ Չդիմանալով հայոց բանակի հարվածներին մազքութները և նրանց դաշնակիցները փախուստի են դիմում դեպի Օշականի բերդը, ըստ երևույթին չիմանալով, թե ինչ էր պատահել այդտեղի զորքերին։

Ճակատամարտի երրորդ փուլը։ Մազքութների զորքերի փախուստի ուղին եղել է Վաղարշապատի և Օշականի միջև ընկած քարքարոտ բարձրավանդակը, որին ապավինելով նրանք փորձել են դանդաղեցնել հայոց զորքերի հետապնդման թափը, բայց ապարդյուն։ Հայկական զորքերը կատարյալ հաղթանակ են տանում և հետապնդում թշնամուն։ Ճակատամարտում սպանվում է Սանեսան թագավորը։

Պատմիչը չի պատասխանում հետևյալ հարցերին. առաջին՝ ճակատամարտին մասնակցե՞լ են, արդյոք, բյուզանդական զորքերը։ Երկրորդ՝ ինչպե՞ս կարող էր հայրենիքի այդպիսի վտանգի պահին հմուտ սպարապետ Վաչե Մամիկոնյանը Բյուզանդիայում գտնվել։ Բնականաբար, կարող ենք եզրակացնել, որ Վաչե Մամիկոնյանը Բյուզանդիա է գնացել օժանդակ զորք բերելու։ Դրա մերժումը կնշանակեր, թե Բյուզանդիան հրաժարվում է օգնել իր դաշնակից պետությանը՝ Հայաստանին, որ նույնպես ցույց չի տալիս Փավստոսը։

Օժանդակ զորքեր տրամադրելիս Հռոմը կամ Բյուզանդիան միշտ իրենց զորավարներն էին նշանակում գլխավորելու այդ զորքերի գործողությունները։ Պատմիչներր չեն հիշատակում այդպիսի զորավարի, ինչպես և չեն նշում հռոմեական զորքե–

[էջ 156]

րի որևե գործողություն մազքութների դեմ մղած ճակատամարտում։ Ուստի ճիշտ է Բուզանդի վկայությունը, թե Վաչե Մամիկոնյանը հույսը դրել էր իր զինակիցների՝ հայ նախարարների ուժերի վրա, որոնցով և ապահովեց ճակատամարտի հաջող վախճանը։

Ինչպես Բուզանդը, նույնպես մյուս պատմիչները, չեն հիշատակում, թե ինչպիսի՞ մարտական կարգերով է դասավորել իր զորքերը Վաչե Մամիկոնյանը։ Մարտերում փորձված սպարապետ Վաչե Մամիկոնյանը լավ իմացել է, որ ճակատամարտի հաջողությունն ապահովող գործոնը զորքերի մարտական կարգերի դասավորումը և ամեն ջոկատին համապատասխան խնդիր տալն է։ Միայն աղոթելու ժամանակ մազքութների զորքերին հանկարծակի հարված հասցնելը, ինչպես ասում է Բուզանդը, չէր կարող վճռական լինել, որովհետև նրանք կարող էին նահանջել հանգիստ ու անվնաս։ Բայց այդ նրանց չհաջողվեց ոչ թե պատահմամբ, ինչպես ցույց է տալիս ճակատամարտի ընթացքը, Վաչե Մամիկոնյանը հաշվի էր առել այդ հանգամանքը, ուստի մինչև մարտն սկսելը հատուկ ջոկատներով փակել էր փախչելու հնարավոր ուղիները և գլխավոր հարվածը կենտրոնից հասցրել իր գլխավորած հիմնական ուժերով։ Այլ կերպ օգտվելով Օշականից արևելքում գտնվող խոր ձորից, որով հոսում է Քասախ գետը և որի ափերի ժայռերը հասնում են տեղ-տեղ 80-100 մետրի, մազքութները կարող էին դուրս գալ և փախչել, եթե սպարապետ Վաչե Մամիկոնյանը ձորը նախօրոք փակած չլիներ իր մարտական ջոկատներով։ Նախարարների առանձին ջոկատներով Վաչե Մամիկոնյանը շրջանցել է մազքութների զորքերի թևերն ու թիկունքը, փակել է նրանց նահանջի ուղիներր, թույլ չի տվել մտնելու Քասախ գետի խոր ձորը, իսկ իր զորքերի գլխավոր ուժերով ճակատի կենտրոնական մասում հանկարծակի հարված է հասցրել մազքութներին և ապահովել է ճակատամարտի հաջողությունը հօգուտ հայոց զորքի։

Փավստոս Բուզանդի նկարագրած մարտերի ընթացքը ցույց է տալիս, որ Վաչե Մամիկոնյանը հմտորեն է դասավորել իր զորքերի մարտական կարգերը, ճիշտ որոշում է ըն-

[էջ 157]

դունել մարտ վարելու եղանակների վերաբերյալ, ընտրել է շշմեցուցիչ հարվածի ճիշտ ժամանակը և ապահովել է ճկուն մարտավարությունը, որի շնորհիվ հակառակորդի մի քանի անգամ գերակշռող ուժերը ջախջախվել ու բնաջնջվել են։

6. ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՍԿՍՈԻՄԸ ՍԱՍԱՆՅԱՆ ՊԱՐՍԿԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՅՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

Սպարապետ Վաչե Մամիկոնյանի ծերության պատճառով Խոսրով թագավորը 337 թվին սպարապետությունը հանձնում է բզնունյաց նախարար Դատաբենին։

Այդ ժամանակ Հերից և Զարևանդից Խոսրով Կոդակը լուր է ստանում, որ Սասանյան Պարսկաստանը պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։ Խոսրով թագավորի կարգադրությամբ, Հերի ուղղությամբ պարսից զորքերի դեմ դուրս է գալիս հայոց մեծաքանակ բանակը սպարապետ Ղատաբենի գլխավորությամբ։ Փավստոս Բուզանդը վկայում է. «Խոսրով թագավորը հրաման տվեց բզնունյաց Դատաբեն նահապետին՝ աշխարհից գուգազ հանել անչափ և անհամար, և մատենիկ գնդի հետ միասին դուրս գալ թշնամու առաջ, դիմադրել, նրա առաջն առնել։ Եվ Դատաբենը պարսից զորքին ընդառաջ գնաց հայոց զորքի բազմությամբ։ Երբ Դատաբենը հասավ պարսից զորքերի մեծերի հետ միաբանեցավ, միտքը դնելով նրանց ձեռքը մատնել Հայոց թագավորին, իր տիրոջը։ Նա թշնամիներին հրամայեց դարան սարքել իր զորքի դեմ և թշնամու սրերին մատնեց իր զորքը։ Հանկարծ՝ անսպասելի կերպով (հարձակվում) կոտորում են հայոց քառասուն հազար զորքը, և մյուս զորքը դիմում է փախուստի։ Իսկ չարագործ Դատաբենը առնում է պարսից զորքը և կամենում է հայոց թագավորի վրա հարձակվել։ Փախստական զորքերն ավելի վաղ են հասնում հայոց թագավորի բանակը, գուժում են պատահած սարսափելի կործանումը, անօրեն Դատաբենի մատնության չարագործությունը»1։

Բուզանդի վկայությունից ակնառու է, որ ամբողջ քառա–

_______________________
1 Փավստոս Բուզանդ, էջ 97։

 

[էջ 158]

սուն հազարանոց հայ բանակը չի կոտորվել, այլ մի մասը փախել հասել է Խոսրով թագավորին։ Բայց Բուզանդը ցույց չի տալիս Հերի և Զարևանդի մոտ մղված մարտերում զոհված հայերի քանակը` ճիշտ պատկերացում ունենալու համար։

Հայոց զորքերի ջախջախումից հետո Դատաբենը՝ պարսից բանակի գլուխ անցած, արշավում է նվաճելու Վասպուրականի մնացած մասը և հասնում է Առեստ ավանը, Բզնունյաց լճի (Վան) հյուսիս-արևելքում։

Այդ ժամանակ Խոսրով թագավորը «...փութով հավաքում է իր մոտ զորքերը, մոտ երեսուն հազար մարդ, Վաչե զորավարի հետ, և (թշնամու) դեմ է գնում իր բոլոր ավագ նախարաների հետ միասին։ Նրանք իրար հանդիպեցին Առեստ ավանում, փոքր գետակի վրա արքունական ձկնորսարանում։ Տեսան պարսից զորքի անհամար բազմությունը ինչպես երկնքի աստղերը և ինչպես ավազը ծովի ափին, նրանք եկել էին անթիվ փղերով և անչափ զորքով։ Իսկ սրանք հասան, հարձակվեցին նրանց բանակի վրա... զարկին, կոտորեցին, ոչնչացրին, մեկին էլ կենդանի չթողին։ Եվ մեծ ավար խլեցին նրանցից և փղերը և նրանց զորության բոլոր ուժը։ Նաև Դատաբենին Վաչե սպարապետը և քաջ Վահան Ամատունին ձերբակալեցին և բերին Խոսրով մեծ թագավորի առաջ...»1։

Խոսրով թագավորին ներկայացված Դատաբենը ենթարկվում է ժողովրդի ինքնադատաստանին` սպանվում է քարկոծվելով2:

Այդ պատերազմը տեղի է ունեցել 337 թ.։ Պարսից զորքերը ոչնչացվել են սպարապետ Վաչե Մամիկոնյանի և Վահան Ամատունու հմտորեն կազմակերպած զորքերի հակահարվածներով։ Այդ պատերազմը հայ ժողովրդի խոր ատելության և վրեժխնդրության կռիվն էր պարսիկ նվաճողների և նրանց ստորահաճ ծառա, հայրենիքի դավաճան Դատաբենի դեմ։

337 թվականը լի է երկրի թագավորի դեմ շահամոլ նախարարների բարձրացրած ապստամբություններով, որոնց աջակցել են պարսից Շապուհ II-ի օժանդակ զորքերը։

_______________________
1 Փավստոս Բուզանդ, էջ 98։
2 Նույն տեղը։

 

[էջ 159]

Դատաբենից հետո, Շապուհ II-ի սադրանքով, 337 թ. հայոց թագավորի դեմ ապստամբում է Աղձնիքի բդեշխ Բակուրը, որը նույնպես հաջողություն չի ունենում` ապստամբությունը ճնշվում է, իսկ Բակուրը սպանվում։

Շապուհ II-ը 338 թվականին կազմակերպում է ավելի մեծաքանակ բանակ Հայաստանի վրա նոր արշավանք գործելու համար։

Մծբինի անհաջող պաշարումից հետո Շապուհ II-ը շարժվում է դեպի Աղձնիք, որտեղ, Բակուրի ապստամբությունը ճնշելուց հետո, ըստ երևույթին, գտնվում էին Վաչե Մամիկոնյանի զորքերը։ Ճակատամարտը հավանորեն տեղի է ունեցել բդեշխ Բակուրի դեմ վարած մարտերի տեղանքում։ Այդ մարտերից մեկում զոհվում է հերոսի փառքով պսակված, ականավոր զորավար, ծերունի Վաչե Մամիկոնյանը։ Հայկական բանակը պարտություն է կրում։

Վաչե Մամիկոնյանը հանդիսացել է հայ աչքի ընկնող զորահրամանատարներից մեկը, նա հայերի ռազմական արվեստը հարստացրել է մարտ վարելու նոր եղանակներով։ Ստուգված մանրազնին տվյալների հիման վրա կազմել է մարտական գործողությունների ծրագիր և կազմակերպել է ճակատամարտը։ Իր զորքերի թարմ ուժերով սկզբնական հարվածը հասցրել է ամենից առաջ հակառակորդի հիմնական աժերին և խմբավորումներին։ Մարտի սրընթացությամբ և հանկարծակիությամբ զրկել է հակառակորդին վերախմբավորելու իր զորքերը՝ թևային հակագրոհի կամ հակահարվածի անցնելու նպատակով։ Անդադար հետապնդել է փախչող հակառակորդին և թույլ չի տվել նրան պոկվելու հետապնդող զորքերից։ Զորքերը միշտ պահել է կայտառ վիճակում և մարտի հաջողության հույսով, խնամքով պատրաստել է նրանց այդ ոգով։


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն»
«Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև

Հովհան Մամիկոնյան - Տարոնի պատմությունը
Առաջին Հանրապետության վերջին օրերը (անհայտ գրողի օրագիր)

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice