ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Սարգիս Սարգսյան

ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 5]

ՆԵՐԱԾՈԻԹՅՈԻՆ

Ռազմագիտության արվեստը Արևելքում պատմագիտության չուսումնասիրված ու չգրված բնագավառներից մեկն է։ Որքան մեզ հայտնի է, գոյություն չունի ոչ մի ուսումնասիրություն, որ հատկապես նվիրված լինի Բաբելոնի, Եգիպտոսի, Ասորեստանի, Աքեմենյան Պարսկաստանի, Մարաստանի, Հնդկաստանի և Հին Արևելքի այլ երկրների ռազմական արվեստի պատմությանը։

Նման ուսումնասիրությունների բացակայությունը, դժբախտաբար, ռազմական արվեստի բուրժուական պատմաբաններ Կարլ Կլաուզևիցին, Հանս Դելբրյուկին և ուրիշների հիմք է տվել զարգացնելու անհեթեթ այն տեսակետը, որ իբր ռազմական արվեստի հիմնադիրները և զարգացնողները հանդիսացել են արևմտաեվրոպական պետությունները: Այդ «տեսությունը» վերջերս արդարացի քննադատության է ենթարկվել սովետական հայտնի գիտնական Ե. Ա. Ռազինի կողմից, որը կոնկրետ փաստերով ցույց տվեց, որ ռազմական արվեստի առաջին հիմնաքարերը դրվել են ոչ թե Արևմուտքում, այլ Արևելքում1։

Հայ ժողովուրդը Առաջավոր Ասիայի հնագույն ժողո–

_______________________
1 Տե՛ս Е. А. Разин, История военного искусства, Москва, 1955, т. I, стр. 523.

 

[էջ 6]

վուրդներից մեկն է, նրա նախնիները հանդես են եկել այն ժամանակ, երբ նոր էր բացվում մարդկային քաղաքակրթության արշալույսը։ Ստեղծելով իր պետականությունը, հայ ժողովուրդը տասնյակ դարերի ընթացքում պատերազմներ է մղել իր քաղաքական անկախության համար։ Այդ պատերազմները Հայաստանում ունեցել են շատ սուր և երկարատև բնույթ։ Բազմաթիվ նվաճողներ աշխատել են իրենց տիրապետությունը հաստատել Հայաստանում իրենց նվաճողական պատերազմները հարևան երկրներում դյուրին կատարելու համար։ Այդ պատերազմները այս կամ այն չափով ազդել են ռազմագիտության և ռազմական արվեստի զարգացման վրա։

Ցավալի է, որ այդ պատերազմների մարտավարական և ռազմավարական եղանակները, զորքերի կազմակերպվածությունը և սպառազինումը, ինչպես և բանակի ռազմիկների մարտական ուսուցումն ու դաստիարակությունը առանձնահատուկ ուսումնասիրության առարկա չի եղել հայագիտության մեջ։

Նման ուսումնասիրությունը անհրաժեշտ է ոչ միայն ցույց տալու այն համեստ վաստակը, որը մատուցել է հայ ժողովուրդը ռազմական արվեստի բնագավառում, այլև բացատրելու պատմագիտության համար կարևոր նշանակություն ունեցող այնպիսի հարցեր, ինչպես, օրինակ, այս կամ այն ճակատամարտում հայկական բանակի տարած հաղթանակի կամ պարտության պատճառների վերլուծությունը։ Ինչպե՞ս է, օրինակ, պատահել, որ հայկական փոքրաթիվ մի զորաբանակ կարողացել է հաղթանակ տանել թշնամու գերազանց ուժերի դեմ և, ընդհակառակն, ավելի խոշոր բանակի առկայության պայմաններում պարտություն է կրել։ Այդ հարցերի ճիշտ լուսաբանությունը կարող է տալ ռազմական արվեստի մանրակրկիտ ուսումնասիրությունը։ Ռազմական արվեստի զարգացումը բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում, սերտորեն կապված է արտադրության, ինչպես և հաղորդակցության միջոցների զարգացման հետ։ Անհրաժեշտ է այդ մասին հիշել Ֆ. Էնգելսի հայտնի ցուցումը. «...Ոչ մի բան այնքան կախված չէ տըն-

[էջ 7]

տեսական նախապայմաններից, որքան զորքը և նավատորմիղը։ Սպառազինումը, բանակի կազմը, կազմակերպությունը, տակտիկան և ստրատեգիան նախ և առաջ կախված են արտադրության տվյալ աստիճանից և հաղորդակցության միջոցներից»1։ Անկարելի է, որ Տիգրան II-ր կարողանար դիմադրել, իսկ երբեմն նույնիսկ պարտության մատնել աշխարհասասան Հռոմին, եթե Հայաստանում ստեղծված չլինեին տնտեսական բարենպաստ պայմաններ հզոր բանակի ստեղծման, սպառազինման, հանդերձավորման և մատակարարման համար։

Խոսելով ռազմական արվեստի մասին Հայաստանում, չպետք է, իհարկե, այն կտրել իր շրջապատից։ Ռազմական արվեստի որոշ տարրեր հայերն ընդօրինակել են իրենց հարևաններից։ Հայտնի է, օրինակ, որ որոշ նմանություն կա հայկական և պարսկական զորքերի մարտակարգերի միջև ըստ լոխերի, տաքսիաների, խիլիարխների միիարխիամների, իսկ ներսում ըստ մարտական զենքերի` աղեղավորների, թեթև վահանակիրների և այլն։ Նման է եղել նաև մարտական կարգերի դասավորման գագաթնահար նետաձգությունը, երբ աղեղնավորների և պարսատիկավորների համար ստեղծվում է առաջին մարտական գծում գտնվող հետևակի գլխի վրայով նետաձգություն կատարելու և քար նետելու հնարավորություն։ Մարտական կարգի այդ ձևը հնարավորություն է ստեղծել միաժամանակ կռվի մեջ ներգրավել զորքերի բոլոր ուժերը։

Նմանություններ են նկատվում նաև հայերի ու հռոմեացիների ռազմական արվեստների միջև։ Հայկական զորքերը, հռոմեացիների նման, կիրառել են ռազմական շարքերը և մարտական կարգերը կազմակերպելու կատարելագործված եղանակ, որն առավելություն է տվել մարտի ընթացքում զորքերի բոլոր տեսակները ավելի արդյունավետ օգտագործելու համար։ Զորքերը հռոմեացիների օրինակով շարելով լեգեոններով, կոհորտներով, մանիպուլաներով և ցենտուրիա–

_______________________
1 Ֆ. Էնգելս, Անտի-Դյուրինգ, Երևան, 1932, էջ 216—217։

 

[էջ 8]

ներով, հայերը դրանց տվել են իրենց անունները` «բյուր», «հազարյակ», «հարյուրյակ», «հիսունյակ»։

Անժխտելի փաստ է, որ հայերն իրենց համեստ ներդրումն ունեն ռազմական արվեստի բնագավառում։ Այսպես, բերդերի տարածված հասարակ ձևը նրանք փոխել են և կառուցել ավելի կատարելագործված եղանակով. նրանք բերդի աշտարակներին և պատերին ավելացրել են ծածուկ ուղիներ դեպի ջրի աղբյուրները կամ գետերը, Հայաստանում են սկսել բերդի պարիսպները կառուցել սովորականից ավելի լայն, որպեսզի նրանց մեջ ներսից տեղավորվեն ձիերի գոմերը, սննդամթերքների, մարտական զենքերի և մյուս պաշարների պահեստները, իսկ տանիքի վրայով եղել է ուղի, որտեղով կռվող ռազմիկները փոխադրվել են մեկ աշտարակից մյուսը։ Այդ ուղին ծառայել է նաև զորքերի ապաստարան։ Այդպիսի բերդաքաղաքներից են եղել Արմավիրը, Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտը և այլն։

Հին Հայաստանի մեր նկարագրած շրջանի համար բնորոշ էր այն, որ այդ ժամանակ հայոց բանակը զինված չէր պաշարողական տեխնիկական միջոցներով՝ բերդեր և ամրոցներ քանդելու համար։ Ֆեոդալական և նրանց հետևությամբ բուրժուական պատմաբաններր ոչ միայն անիրավացի, այլև միանգամայն սխալ կերպով պնդում են, թե Հայաստանում ռազմական արվեստը հենվել է զարգացման ցածր աստիճանի վրա, որովհետև հայերը չեն կարողացել ստեղծել բերդեր և ամրոցներ պաշարող, քանդող և գրոհող տեխնիկական միջոցներ։ Այդ պատմաբանները չեն կարողացել և այժմ էլ չեն կարողանում հասկանալ, որ հին Հայաստանի պատերազմների բնույթն այլ է եղել, որ Հայաստանը սկզբնական շրջանում պատերազմներ է վարել միայն իր ժողովրդի ազատությունը և երկրի անկախությունը պաշտպանելու համար, նա չի վարել հարձակողական ու նվաճողական պատերազմների քաղաքականություն, ուստի անհրաժեշտ չի եղել բանակը զինել պաշարող և բերդեր քանդող տեխնիկական միջոցներով։ Հայ ժողովրդի պաշտպանողական պատերազմների օգտին է խոսում Հայաստա-

[էջ 9]

նում գոյություն ունեցած հնադարյան բազմաթիվ բերդերի ու ամրոցների առկայությունը։

«Հայերի ռազմական արվեստի պատմությունից» խորագրով ներկա աշխատությունը, իհարկե, հայերի ռազմական արվեստի ամբողջական և սիստեմատիկ պատմությունը չէ։ Այն ընդգրկում է նրա միայն փոքրիկ մի հատվածը, գլխավորապես՝ Արտաշեսյան և Արշակունյաց հարստությունների ժամանակաշրջանը, ինչպես և V դարի ժողովրդա-ազատագրական պատերազմները։

Աշխատությունը գրելիս մենք օգտվել ենք հայ ժողովրդի պատմության աղբյուրներից և գրականությունից։ Ռազմական արվեստի ընդհանուր պատմության հարցերում օգտվել ենք գլխավորապես այն աշխատություններից, որոնք մատնացույց են արված Ե. Ա. Ռազինի «Ռազմական արվեստի պատմության» բազմահատոր աշխատության գրականության ցանկում։ Ինչ վերաբերում է հայ ժողովրդի պատմությանը, ապա մենք, հիմնականում, օգտվել ենք ակադ. Հ. Մանանդյանի, պրոֆեսորներ Գ. Խալաթյանցի, Ս. Տ. Երեմյանի, Ա. Գ. Աբրահամյանի, Բ. Ն. Առաքելյանի աշխատություններից։

Մեր ներկա աշխատությունը, որպես հայ ռազմական արվեստի պատմությանը նվիրված առաջին փորձ, անշուշտ, կունենա թերություններ։ Սիրով կընդունենք մեր րնթերցողների բարեմիտ և օգնող քննադատական դիտողությունները:

 


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն»
«Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև

Հովհան Մամիկոնյան - Տարոնի պատմությունը
Առաջին Հանրապետության վերջին օրերը (անհայտ գրողի օրագիր)

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice