ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Սարգիս Սարգսյան

ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 109]

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՌՈՄԻ ԵՎ ՊԱՐԹԵՎՍՏԱՆԻ ԱՔՑԱՆԻ ՄԵՋ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

1. ԿՐԱՍՈՍԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՊԱՐԹԵՎՍՏԱՆ ԵՎ ԱՐՏԱՎԱԶԴ II–Ը

Տիգրան II-ի մահից հետո Հայաստանի գահը բարձացավ նրա կրտսեր որդին՝ Արտավազդ II-ը։ Սրա թագավորության ժամանակ միմյանց դեմ մարտնչում էին հարևան երկու պետությունները՝ Հռոմը և Պարթևստանը։ Ըստ Տիգրան II-ի և Պոմպեոսի միջև կնքված պայմանագրի՝ հայերը պարտավոր էին պահպանել դաշինքը։

Հռոմեական պետությունը ձգտել է արևելյան երկրների հետագա նվաճմանը։ Սիրիան նվաճելուց հետո, ամենահզոր պետությունը, որը համառ դիմադրություն էր ցույց տալիս հռոմեացիների արշավանքներին Մերձավոր Արևելքում, պարթևական պետությունն էր։ Հայաստանի տերիտորիան, գտնվելով այդ պետությունների մրցման ճանապարհների վրա, շարունակ եղել է Հռոմի և Պարթևստանի մղած պատերազմների թատերաբեմը կամ մնացել է աքցանի մեջ։ Արտավազդ II-ի ամբողջ գործունեությունը եղել է հմտորեն օգտագործել գոյություն ունեցող հակասությունները և դուրս բերել իր երկիրը Պարթևստանի և Հռոմի թշնամական ուժերի աքցանից։

Հռոմեական եռապետությունը 60 թ. (մ. թ. ա.) Մ. Կրասոսին նշանակում է արևելյան գործերի կառավարիչ։ Նա «...Անչափ գոռոզանալով և դատողությունը կորցնելով՝ արդեն ոչ Սիրիայով և ոչ էլ պարթևներով էր սահմանափակում իր հաջողությունների դաշտը։ Անվանելով Լոլկուլլոսի արշավը

[էջ 110]

Տիգրանի դեմ և Պոմպեոսի կռիվները Միհրդատի դեմ երեխայական զվարճություններ, իր երազանքներով բարձրամտում էր մինչև բակտրիացիները, հնդիկները և մինչև նրանց հետևում գտնվող ծովը...»1:

Վաղաժամ գոռոզացած Կրասոսը 54 թ. (մ. թ. ա.) սկսեց արշավանքը Պարթևստանի դեմ, ներխուժեց արևմտյան Միջագետք, գրավեց Նիկոֆորիան և Սիրիայի մյուս քաղաքները։ Բայց նա թողեց արևմտյան Միջագետքը և վերադարձավ Ասորեստան։ Ըստ Պլուտարքոսի, դա Կրասոսի ճակատագրական սխալն էր հենց արշավանքի սկզբին, որովհետև այդ գործողությամբ պարթևները մի տարի ժամանակ շահեցին պատրաստելու իրենց զորքերը2։

Համաձայն Տիգրան II-ի և Պոմպեոսի միջև կնքված պայմանագրի՝ Կրասոսը հայոց թագավոր Արտավազդ II-ից պահանջեց մասնակցել արշավանքին։

Ինչպես վկայում է Պլուտարքոսը, հայոց թագավոր Արտավազդը գնաց Ասորիք (Սիրիա) Կրասոսի մոտ, տանելով իր հետ 6000 հեծյալ, խոստանալով ևս 10000 հեծյալ ու 30000 հետևազոր՝ ստանձնելով նաև նրանց ապրուստի հոգսը։ Պարթևների դեմ Միջագետքի տափաստանով արշավելու Կրասոսի ծրագրին Արտավազդը համաձայն չէր, նա այդ ուղին վտանգավոր էր համարում՝ սննդամթերքի, ջրի պակասության և թշնամու անսպասելի հարձակումներին խիստ ենթակա լինելու պատճառով։ Դրա փոխարեն նա Կրասոսին համոզում էր Պարթևստան ներխուժել Հայաստանի վրայով, քանի որ նա ոչ միայն առատորեն կունենար այն ամենը, ինչ անհրաժեշտ է զորքերին և դրա մասին հոգ կտաներ ինքը թագավորը, այլև ուղին կանցներ անվտանգ, որովհետև թշնամուց պաշտպանված կլինի լեռներով, բլուրների անընդհատ շարքերով։ Կրասոսը շատ գոհ է մնացել թագավորի բարեհաճությունից և նրա առատաձեռն օգնությունից, բայց հայտնել է, որ կգնա Միջագետքով3։

_______________________
1 Плутарх, Марк Красс, Москва, 1941, срт. 254.
2 Տե՛ս նույն տեղը, էջ 255։
3 Տե՛ս նույն տեղը, էջ 257:

 

[էջ 111]

Արտավազդ II-ի առաջարկած մարտական գործողությունների այդ հեռատես ծրագիրը հաշվի է առել վայրի հատկանիշները, բանակին սննդամթերքներով ապահովելը և սահմանափակել է պարթևների հիմնական հարվածային ուժի՝ հեծելազորի մարտական գործողությունները։ Կրասոսը հաշվի չի առել այդ և գնացել է իր ընտրած ուղիով։ Արտավազդը, նախատեսելով Հայաստանի վրա պարթևների արշավանքի հնարավոր վտանգը, թողել է հռոմեական բանակատեղը և վերադարձել իր մայրաքաղաքը՝ Արտաշատ։

Շուտով, սակայն, արդարացավ Արտավազդ II-ի նախագուշակումը։ Պարթևական թագավոր Օրոդեսը 53 թ. գարնանամուտին, իր հետևակի գլուխն անցած, շարժվեց Հայաստան նպատակ ունենալով չթողնել, որ հայկական զորքերը միանան հռոմեացիների հետ։ Կրասոսի դեմ նա ուղարկեց իր մեծաթիվ հեծելազորը քաջարի զորավար Սուրենի գլխավորությամբ։

53 թ. գարնանը Կրասոսը իր զորքերով՝ մոտավորապես 52-54 հազար մարտիկներով, Զևգամի մոտ (այժմյան Բիրեջրիկ շրջան), անցնում է Եփրատ գետը և հարթավայրային ճանապարհով շարժվում Սելևկիայի ու Տիզբոնի ուղղությամբ։

Երբ Կրասոսը անցնում էր Եփրատ գետը, նրան են հասնում Արտավազգ II-ի սուրհանդակները, օգնություն են խնդրում նրանից և զգուշացնում՝ քանի դեռ ուշ չէ հրաժարվել անապատով արշավելու ծրագրից և անցնել Հայաստանի միջով։ Սուրհանդակները հայտնում են, որ հայկական զորքերն ի վիճակի չեն օգնելու նրան։ Կրասոսը դժգոհում է այդ հայտարարություններից և սպառնում է Արտավազդին, որ նրանից վրեժը կլուծի, երբ վերադառնա արշավից։

Արտավազդի հասցեին Կրասոսի այդ սպառնական վերաբերմունքը և իր երկիրը պարթևական Օրոդեսի զորքերի քայքայիչ գործողություններից փրկելու անհրաժեշտությունը Արտավազդ II-ին հարկադրեցին անջատվել Կրասոսից և դաշինք կնքել պարթևական թագավոր Օրոդեսի հետ։ Հայ-պարթևական այդ դաշինքը ամրապնդվեց Օրոդեսի որդի Բակուրի և Արտավազդի քրոջ ամուսնությամբ։

Հասնելով Խառան քաղաքը, հռոմեական զորքերը գետանց կատարեցին Բելիկ (այժմ՝ Նահրբելիկ) գետի վրայով և, 53 թ.

[էջ 112]

մայիսի սկզբին, շփման մեջ մտան Սուրենի պարթևական հեծելազորի հետ։

Պարթևական զորքերը, շուրջ 10 հազար մարդ, հիմնականում կազմված էին վահանակիր հեծյալներից և աղեղնավոր ձիավորներից։

Պարթևների հեծելազորը Միջագետքի դաշտավայրում չհանդիպելով բնական ոչ մի արգելքի գործում է ազատ, իսկ հռոմեական զորքերը չունեին ոազմա-ստրատեգիական ոչ մի հենակետ։ Հենց այդ հանգամանքից օգտվելով՝ Սուրենր հրապուրեց և իր հետևից հռոմեացիներին քաշեց Միջագետքի մերկ տափաստանները, անջուր տարածությունները և պարենից զուրկ երկրամասերը, ապա հաճախակի ու անսպասելի հարձակումներով ծանր կորուստներ հասցրեց հռոմեական լեգեոններին։ Հռոմեացիների զորքերն աստիճանաբար կորցրին իրենց մարտական ոգին և կարգապահությունը։

Հռոմեական լեգեոնների մարտական կարգերր քայքայող պարթևական արագաշարժ հեծելազորը 53 թ. հունիսի 9-ին հակահարձակման անցավ Խառանի (ժամանակակից Ուրֆայի հարավում) մոտ և շրջապատեց ու ոչնչացրեց հռոմեական գորքերին։ Այդ ճակատամարտում զոհվեցին Կրասոսը և նրա որդին, սպանվեց 20000 և գերի վերցվեց մոտավորապես 10000 հռոմեական զինվոր։ Հարուստ ավարի հետ միասին պարթևները գրավեցին լեգեոնների արծվադրոշները, իսկ դա մեծագույն անարգանք էր հռոմեական զենքի և Հռոմի փառքի համար։

Հռոմեացիների այդպիսի պարտության պատճառը Պլուտարքոսը և մյուսները համարում են հայոց թագավոր Արտավազդ II-ին։ Կրասոսին գովերգող պատմաբաններր գտնում են, որ Արտավազդը պարտավոր էր կուրորեն զոհաբերել իր հայրենի երկիրը հռոմեական զենքի հաղթանակին։ Սակայն Կրասոսն սպանվեց իր ամբարտավանության, անխելամտության, անհեռատեսության, անընդունակության և պարծենկոտության պատճառով։

Հռոմեական եռապետության մեջ 40-39 թվականներին Ասորեստանը բաժին ընկավ Անտոնիոսին։ Երազելով վերականգնել Ալեքսանդր Մակեդոնացու պետությունը, Անտոնիո-

[էջ 113]

սը կազմակերպեց ավելի քան հարյուրհազարանոց մի բանակ։

36 թ. (մ.թ.ա.) գարնան վերջերին Անտոնիոսը եկավ Եգիպտոսից Ասորիք և այստեղից Մելիտենեի, Փոքր Հայքի ու Սատաղի վրայով գնաց Հայաստան, ուր Կարնո դաշտում... «Հավաքվել էին նրա ու դաշնակից թագավորների զորքերը,— գրում է Պլուտարքոսը,— այս վերջինները շատ էին, և հզորագույնն էր բոլորից Հայաստանի Արտավազդ թագավորը, որը տվել էր 6000 հեծելազոր և 7000 հետևազոր։ Անտոնիոսը այստեղ ստուգատես կատարեց իր բանակին, որը բաղկացած էր 60000 հետևազորից, որոնք բոլորը հռոմեացիներ էին, 10000 իսպանացի և գաղղիացի հեծյալներից, որոնք համախմբված էին դրոշների տակ, և, բացի այդ, նաև 30000 մարդ զանազան ժողովուրդներից՝ թե՛ հեծելազոր և թե՛ թեթևազեններ»1։

«Արևելքում,— գրում է Մոմզենը,— Հռոմը երբեք այդպիսի մեծաքանակ զորք չի ունեցել, ինչպես այդ ժամանակ...»2։

Առաջին հերթին Հայաստանը հարևան երկրներից մեկուսացնելու նպատակով Անտոնիոսը անհրաժեշտ է համարում նվաճել Վրաստանն ու Աղվանքը։ Այդ նրան հաջողվում է 37 թ. (մ.թ.ա.)։

«Ակնհայտ էր,— նկատում է Ամֆիտեատրովը,— որ Կանիդիոսի արշավանքը կովկասյան ժողովուրղների դեմ եղել է Հայաստանի անուղղակի նվաճումը, որր Հռոմի համար ապահովել է նրա (Հայաստանի) չեզոքությունը արդեն ոչ թե պայմանականորեն, այլ անպայմանորեն, փաստացի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ի վիճակի լինելու երկաթյա գոտիով սեղմված երկրին ստիպել տալու նաև զինված օգնություն»3։

Անտոնիոսը, անցնելով շուրջ 120-125 հազար մարտիկներից կազմված հզոր բանակի գլուխ, 36 թ. շարժվել է պարթևական թագավոր Հրահատ IV–ի դեմ։ Վստահ լինելով, որ Մոնեսեսը ապստաբմություն կբարձրացնի, կմեկուսացնի և

_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ Ա, էջ 211-262։
2 Т. Момзен, История Рима, т. V, стр. 328.
3 А. В. Амфитеатров, Армения и Рим, стр. 264—265.

 

[էջ 114]

դուրս կբերի Ատրպատականը պարթևական դաշինքից, Անտոնիոսր շտապել է արագ նվաճել Ատրպատականը, այդ պատճառով էլ ընտրել է Հայաստանի վրայով ճանապարհը, որն առաջին անգամ Արտավազդ II-ն առաջարկել էր Կրասոսին։ Անտոնիոսը պարթևների դեմ գնացել է Հայաստանի միջով։ Այստեղ, հավաքելով իր մարտական ուժերը և համալրելով գլխավորապես հայկական հեծելազորով, նա դուրս է եկել Ատրպատականի սարահարթը։

Պլուտարքոսը և մյուս պատմաբանները պնդում են, որ Անտոնիոսը շտապել է շուտ հասնել Ատրպատականի Գանձակ քաղաքը, քանի դեռ Հրահատ IV-ը չէր հասցրել իր օժանդակ զորքերն ուղարկելու Փրաասպայի կայազորին օգնության։ Պլուտարքոսի վկայությամբ, Անտոնիոսը երեք հարյուր սայլով փոխադրել է պաշարողական մեքենաներ, այդ թվում պարսպակործան մի խոյ՝ 80 ոտնաչափ (մոտ 24 մետր) երկարությամբ։ Պլուտարքոաը վկայում է նաև, որ պաշարող մեքենաները փոխադրելու դժվարությունների հետևանքով հռոմեական զորքերը շարժվել են բավական դանդաղ, ուստի Անտոնիոսն ընդունել է նոր որոշում՝ թողել է պաշարող մեքենաները, իսկ ինքը բանակի հիմնական ուժերով արագորեն շարժվել է դեպի Ատրպատական՝ պաշարելու և գրավելու նրա մայրաքաղաք Գանձակը՝ Փրաասպան։

Անտոնիոսը արշավն սկսել է 36 թ. հունիսին։ Փրաասպայի պաշարումը կատարել է նույն թվականի օգոստոսին։ Ատրպատականում, իրեն համար անսպասելիորեն, Անտոնիոսը հանդիպել է պարթևների ուժեղ դիմադրությանը։ Կարճ ժամանակում պաշարվածներին օգնության են հասել Հրահատ IV-ի 40000 պարթևական և 10000 մեդական հեծյալները՝ Անտոնիոսին դավաճանած Մոնեսեսի գլխավորությամբ, որին Անտոնիոսն ուղարկել էր Պարթևստան՝ հույս ունենալով, թե նա ներքին խռովություններ կկազմակերպի: Մոնեսեսը թափանցում է Անտոնիոսի զորքերի թիկունքը, կոտորում է 7500 մարդ, ջարդուփշուր է անում պաշարող մեքենաները, որոնք դեռ չէին հասել նշանակված վայրը։ Սա տեղի է ունեցել 36 թվի օգոստոսի կեսերին։ Իսկ Անտոնիոսը շարունակել է համառորեն պաշարել Փրաասպան։

[էջ 115]

Արտավազդ II-ը, տեսնելով Անտոնիոսի անխոհեմ գործելակերպի հետևանքով հռոմեական բանակի կրած մեծաքանակ կորուստը, դադարեցնում է իր արշավանքը և վերադառնում է Հայաստան։

Արտավազդի բանակը չի հասել Փրաասպա և չի մասնակցել այնտեղ մղված մարտին։ Եթե իրոք նա վերադառնար ճակատամարտից, չէր կարող անպատիժ մնալ Անտոնիոսի կողմից։ Կորցնելով Անտոնիոսի հաջողությունների վրա դրած իր հույսը և խուսափելով պարթևների կողմից Հայաստանի դեմ թշնամական հնարավոր գործողություններից, Արտավազդ II-ը վերադարձել է տուն։

Փրաասպայի պաշարումը տևել է մինչ 36 թ, հոկտեմբերի կեսերը։ Պաշարման ժամանակամիջոցում, դիմանալով ավելի քան տասնութ ճակատամարտերի, սովի, ցրտի, հիվանդությունների մատնվելով և վերջապես կորցնելով պաշարողական մեքենաները, պաշարը, գումակը և մոտ 24 հազար զինվոր, հռոմեացիները նահանջում են, անցնում Արաքս գետը և մտնում Հայաստան, որտեղ ազատվում են պարթևների հետապնդումից։

Անտոնիոսի զորքերի նահանջը կատարվել է Թավրիզ-Մարանդի շրջան-Ջուղա-Արտաշատ ուղիով, որը մինչ Արաքս գետը Անտոնիոսն անցել է 27 օրում։ Հայոց թագավոր Արտավազդ II-ը հռոմեացիներին ընդունել է բարեկամաբար և մատակարարել է սննդամթերք։

Անտոնիոսը չցանկացավ ձմեռել Հայաստանում, որովհետև շտապում էր Ալեքսանդրիա իր սիրուհու՝ Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի մոտ։ Հռոմեական զորքերը նույնպես չցանկացան ձմեռել Հայաստանում։ Ուստի, թողնելով այնտեղ իրենց հիվանդ և վիրավոր զինվորներին, Հռոմեական բանակը տեղափոխվեց Անտիոք։ Հայաստանից հեռանալիս հռոմեական բանակը ցրտի և հիվանդությունների հետևանքով կորցրեց ևս ութ հազար զինվոր։

Անտոնիոսի անհաջող արշավանքը և խայտառակ պարտությունը չափազանց սասանեցին Հռոմի հեղինակությունը Արևելքում։ Այդ պատճառով էլ Անտոնիոսը, ինչպես մինչ այդ Կրասոսը և հռոմեական մյուս զորավարներր, իր մեղքը

[էջ 116]

թեթևացնելու համար, պարտությունը վերագրեց հայոց թագավոր Արտավազդ II-ին։ Ըստ Պլուտարքոսի, Անտոնիոսը պարտություն չէր կրի Հրահատ IV-ի դեմ մղած պատերազմում, եթե Արտավազդ II-ը ետ չտաներ իր հեծելազորը։ Ըստ Կասիոս Դիոնի, Արտավազդը չօգնեց հռոմեացիներին, չմասնակցեց մարտերին և առանց Անտոնիոսի թույլտվության վերադարձավ տուն։ Ըստ Ստրաբոնի, արշավանքը դժվարացած է եղել ոչ թե երկրի բնական պայմանների, այլ նրան ուղեկցող Արտավազդի պատճառով, որի ցույց տված ճանապարհը երկու անգամ երկար էր և անծանոթ։

Մեջբերված հեղինակներից ոչ մեկը՝ Պլուտարքոսը, Կասիոս Դիոնը և Ստրաբոնը, խայտառակ պարտության պատճառները չեն դիտում հենց իրեն՝ Անտոնիոսի սխալների մեջ, որը իր շտապողականության հետևանքով արագաշարժ զորամասերը անջատեց պաշարող զորամասերից ու թիկունքից, չապահովեց նրանց հուսալի պահպանությամբ, իսկ ինքը իր բանակի գլխավոր ուժերով, անջատվելով զորքերի երկրորդ շարասյունից, գնաց հեռու` հապճեպ պաշարելու Ատրպատականի մայրաքաղաք Փրաասպան։ Անտոնիոսի այդ ճակատագրական սխալից օգտվեց Ատրպատականի զորավար Մոնեսեսը, որը Հրահատ IV-ի 50 հազար հեծելազորով օգնության շտապեց պաշարված Ատրպատականի թագավորին, նախ հանկարծակի հարվածով ջախջախեց Ստատիանոսի լեգեոնները, փշրեց հռոմեացիների պաշարող տեխնիկան, իսկ հետո շարժվեց Փրաասպան պաշարող Անտոնիոսի զորքերի դեմ։

Այդ մասին Թեոդոր Մոմզենը արդարացիորեն գրում է, որ հայոց թագավորը չէ մեղավոր, այլ այն, որ Մոնեսեսի վրա դրված պարտականությունը չկատարվեց, որ հռոմեական զորավար Ստատիանոսի գլխին աղետ եկավ և որ Փրաասպայի պաշարումը չհաջողվեց, դա «ողորմելի մի փորձ է ծեծված զորավարի արդարացման»1 համար։

Արտավազդին պետք է կշտամբել ոչ թե Անտոնիոսին դավաճանելու, այլ նրա համար, որ հռոմեացիների պարտությունից հետո նրանց ընդունել է գրկաբաց, 36-35 թթ. ամբողջ

_______________________
1 Տե՛ս Հ. Մանանդյան, Քննական տեսություն..., հատ. Ա, էջ 268։

 

[էջ 117]

ձմեռվա ընթացքում հայթայթել է նրանց թիկունքի զինվորների սնունդը, հոգ է տարել հիվանդների ու վիրավորների համար և Անտոնիոսի՝ Ալեքսանդրիա գնալուց հետո իր երկիրը դրել է պարթևների արշավանքների վտանգի տակ։

Այդպիսով, Անտոնիոսի հնարած՝ Արտավազդի «դավաճանությունը» որպես փաստ հռոմեացիներին անհրաժեշտ էր Հայաստանը թալանելու, Հռոմի ռազմական ծախսերը ծածկելու և Անտոնիոսի ապաշնորհությունն ու ամբարտավանությունը արդարացնելու համար։ Բայց Արտավազդ II-ի օրոք Հայաստանը թալանել անհնարին էր, ուստի և Անտոնիոսը որոշեց զրկել այդ երկիրը ղեկավարությունից։

Անտոնիոսը չէր կարող Արտավազդից վրեժ լուծել ներխուժելով Հայաստան, որովհետև, ինչպես ընդունում է Պլուտարքոսը, նրա զորքերը ուժասպառ էին եղել և գտնվում էին ծանր վիճակում։ Անտոնիոսը շարունակեց Արտավազդի հետ վարվել սովորական բարեկամական ձևով ու հարգանքով։ 34 թ. անվանի և մոտիկ մարդկանց միջոցով Անտոնիոսը կարողանում է Արտավազդին համոզել ներկայանալու իրեն։ Այդ ձևով Անտոնիոսին հաջողվում է բանտարկել Արտավազդ II-ին։ 34 թ. ամռան վերջին Անտոնիոսը շղթայակապ Արտավազդին և նրա ընտանիքին ուղարկում է Եգիպտոս։ Ալեքսանդրիայում իր տարած հաղթանակների և Հայաստանի նվաճման պատվին նա կազմակերպում է շքեղ տոնահանդես։

Արտավազդը և նրա ամբողջ ընտանիքը ոչ միայն մերժեցին Կլեոպատրայից ներում խնդրելու հորդորները, այլև իրենց արժանապատվությունը չնվաստացնելոլ համար, տոնահանդեսի ժամանակ, Կլեոպատրայի մոտից անցնելիս գլուխ չխոնարհեցին, գերադասելով մահը։

Արտավազդ II-ը հանդիսացել է իր ժամանակի կրթված ու զարգացած գահակալներից մեկը։ Նա եղել է մի շարք աշխատությունների հեղինակ։ Պլուտարքռսը վկայում է, որ Արտավազդը հեղինակել է նույնիսկ ողբերգություններ, գրել է ճառեր և պատմական երկեր, որոնցից մի քանիսը հասել են նրան։

_______________________
1 Տե՛ս Плутарх, Марк Красс, стр. 266.

 

[էջ 118]

Արտավազդ II-ը շարունակել է հայկական բաժանված երկրամասերը միացնելու իր հոր Տիգրան II-ի գործը։ Նա բարձրացրել է հայկական զորքերի հզորությունը և երկրի պաշտպանունակությունը։

Հայերի ռազմական մտքի զարգացման մեջ Արտավազդ II-ի տաղանդին է պատկանում տեղանքի ու տեղական առարկաների, բնական արգելակների, լեռների ու խոր կիրճերի, անջուր տափաստանների, սննդամթերքների միջոցների և հաղորդակցության ուղիների նշանակության հիմնավորումը։

Արտավազդը հատուկ նշանակություն է տվել զորքերի կոմպակտ գործելակերպին, հետախուզության կազմակերպմանը և բոլոր տեսակի զորքերի փոխգործակցության ստեղծմանը։ Նա մշտապես հետևել է, որ զորքերը ճակատամարտի չտարվեն իրարից մեկուսացված, կամ՝ ռազմերթի ժամանակ զորամասերը չանջատվեն միմյանցից։

Արտավազդը մեծ ուշադրություն է դարձրել զորքերի արշավի ճանապարհին և ճակատամարտի ժամանակ մթերքով ու խմելու ջրով ապահովելուն։

Ճակատամարտի ժամանակ Արտավազդ II-ը հատուկ ուշադրություն է դարձրել զորքերի թևերի հուսալի պահպանությանը։ Ռազմերթի ժամանակ Արտավազդի զորքերը պահպանվել են առաջավոր ջոկատներով, կողմնային զորամասերով և թիկունքային ստորաբաժանումներով։

Մարտը կամ ճակատամարտը սկսելուց առաջ Արտավազդը զորքերի բոլոր ջանքերն ուղղել է հակառակորդին մանրազնին հետախուզելուն, հակառակորդի զորքերի ուժի քանակն ու կազմը, մարտական կարգերի դասավորումր և նրանց հետագա մարտական գործողությունները, բանակատեղն ու վայրը իմանալուն։ Այդ տվյալների հիման վրա Արտավազդը չափում է իր մարտական ուժերի՝ թշնամիների հետ ընդհարվելու հնարավոր հաջողությունները և միայն այն դեպքում, երբ հաստատ համոզվել է իր հաջողությանը, մարտի է բռնվել։

Իր զորավարական տաղանդով և հեռատեսությամբ Արտավազդ II-ր Մարկոս Կրասոսին և Անտոնիոսին զգուշացրել է

[էջ 119]

հրաժարվել Պարթևստանի դեմ կազմած արշավանքի և մարտական գործողությունների սխալ ծրագրից։ Պարթևստանի դեմ Մարկոս Կրասոսի և Անտոնիոսի կռիվների պարտությունը ապացուցեցին Արտավազդի զգուշացումների իրավացիությունը։

2. ԱՐՏԱՇԵՍ ԵՐԿՐՈՐԴ

Օկտավիանոս Օգոստոսի դեմ պատերազմելոլ համար Անտոնիոսը Արևելքից Հունաստան տարավ հռոմեական զորքերի մեծ մասը և դաշնակից Ատրպատականի հեծելազորը։ Օգտվելով այդ հանգամանքից, Արտաշես II-ը, պարթևական թագավոր Հրահատ IV–ի օգնությամբ, 30 թ. պարտության մատնեց Ատրպատականի թագավոր Արտավազդին, գերի բռնեց նրան և տիրեց իր հոր՝ Արտավազդ II-ի գահին։ Այնուհետև իր հորը նենգորեն ձերբակալելու և չարագործ սպանության համար խորապես զայրացած Արտաշեսը անխնա ոչնչացրեց Հայաստանում եղած հռոմեացիներին1։

Ինչպես հաստատում է Տակիտոսը, Արտաշես II-ը ոչ միայն կախում չուներ Հռոմից, այլև վերականգնեց Հայաստանի նախկին քաղաքական անկախությունր, ինչպես Տիգրան II-ի և Արտավազդ II-ի ժամանակ էր։

29թ. (մ.թ.ա,) Օկտավիանոսի և Արտաշես II-ի միջև բանակցությունների ժամանակ հայոց թագավորը խնդրեց Հայաստան վերադարձնել իր Տիգրան և Արտավազդ եղբայրներին, որոնց 30 թ. Օկտավիանոսը Եգիպտոսից տեղափոխել էր Հռոմ։ Օկտավիանոսը մերժեց Արտաշեսի խնդիրքը, պատճառաբանելով, որ նա` Արտաշեսը, թույլ է տվել ջարդելու Հայաստանում մնացած բոլոր հռոմեացիներին։ «...Հայաստանին հաստատուն կերպով տիրելու համար,— գրում է Ամֆիտեատրովը,— Հռոմը դեռ պետք է իրեն ապահովեր մի շարք նոր դժվարին նվաճումներով բարձրանար դեպի Քուռը, նորից հաղթեր Իբերիայի հեծելազորի և հետևազորի հզոր ուժը և...

_______________________
1 Տե՛ս Момзен, История Рима, т. V, стр. 336.

 

[էջ 120]

կանգ առնել միայն հենվելով՝ հյուսիսում Մեծ Կովկասի գծին, իսկ արևելքում՝ Կասպից ծովին...»1:

Օկտավիանոսը 20 թ. իր որդեգիր 21-ամյա Տիբերիոս Կլավդիոս Ներոնին մեծ զորքով ուղարկում է Հայաստան՝ տապալելու Արտաշես II-ին և գահ բարձրացնելու նրա եղբայր, հռոմեացիների երկրպագու Տիգրանին։ Ներոնի գլխավորությամբ Հայաստան շարժվող հռոմեական հզոր բանակի սարսափից Հայաստանում աշխուժանում են Օկտավիանոսի կողմնակիցները, դավաճանորեն սպանում են Արտաշեսին և պատգամավորների միջոցով խնդրում թագավոր նշանակել Տիգրանին։ Դրանից հետո Ներոնը առանց որևէ դիմադրության մտնում է Հայաստան և հանդիսավոր կերպով թագադրում Տիգրան III-ին (20 թ. մ. թ, ա.)2։

Հռոմեացիների կազմակերպած՝ Արտավազդ II-ի և Արտաշես II-ի սպանությունները Հայաստանում թողել էին ատելության խոր արմատներ Հռոմի հանդեպ։ Հայ ավագանին, Պարթևստանի օգնությամբ, հարմար և համապատասխան առիթի դեպքում ապստամբում էր հռոմեացիների դեմ։ Պարթևական թագավոր Հրահատ V-ը, որի գահը շատ երերուն էր, հրաժարվեց հայերի գործերին միջամտելուց և 1 թվականին խաղաղության պայմանագիր կնքեց Գայոս Կեսարի հետ։ Տիգրան IV-ը ևս շտապեց խաղաղության պայմանագիր կնքել Հռոմի հետ, բայց սպանվեց։

Գայոս Կեսարը հայկական գահը հանձնեց Ատրպատականի թագավոր Արտավազդի որդի Արիոբարզանին։ Հայաստանում թշնամաբար ընդունեցին այդ գործողությունը և դիմեցին զենքի։ Արիոբարզանը փախավ հռոմեացիների ճամբարը։ Հռոմեացիք ստիպվեցին երկարատև ու համառ պայքար սկսել, որովհետև երկրի բոլոր բերդերը գրավել էին ապստամբած հայերը։ Բերդերից մեկի Արտագերսի (այժմյան Կաղզվանից հյուսիս-արևելք) պաշարման ժամանակ 2 թվականի սեպտեմբերի 9-ին Գայոս Կեսարը մոտեցավ բերդին, նրա կայազորի հրամանատար Ադդոնի հետ բանակցելու։ Երբ, ստանալով

_______________________
1 А. В. Амфитеатров, Армения и Рим, стр. 288.
2 Նույն տեղը, էջ 292։

 

[էջ 121]

թագավորական գանձերի ցուցակը, Գայոս Կեսարը խորանում է ընթերցանության մեջ, այդ ժամանակ Ադդոնը դաշույնի հարվածներով ծանր վերքեր է հասցնում նրան, և տարիներ հետո, 14 թ. փետրվարի 21-ին, Կեսարը մահացավ այղ վերքերից։

Երկար պաշարումից հետո հռոմեական լեգեոնները գրավեցին Արտագերսը և քանդեցին պարիսպները։ Չցանկանալով կենդանի հանձնվել հռոմեացիներին՝ կայազորի հրամանատար Ադդոնը բերդի պարսպից իրեն նետեց ամրոցն այրող կրակների մեջ։

Մեր թվականության սկզբնավորությունից մինչ առաջին դարի կեսերը Հայաստանն անընդմեջ կռվախնձոր է դառնում Հռոմի և Պարսկաստանի միջև։ Այդ շրջանում ռազմական արվեստին վերաբերող առանձին նշանակալից փաստերի չենք հանդիպում, ուստի չենք անդրադառնում դրանց։


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն»
«Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև

Հովհան Մամիկոնյան - Տարոնի պատմությունը
Առաջին Հանրապետության վերջին օրերը (անհայտ գրողի օրագիր)

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice