ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Սարգիս Սարգսյան

ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 175]

ԻՆՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 5-ՐԴ ԴԱՐԻ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Պարսկաստանի գերիշխանությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով սասանյան Վռամ IV թագավորը, հաստատելով հայ նախարարների ժառանգական իրավունքները, սահմանելով նրանց տիրույթների չափերը, ճանաչելով հողային սեփականության և ֆեոդալական հողատիրության գոյությունը Հայաստանում, 428 թվականին գահից զրկեց Արտաշես թագավորին և Արևելյան Հայաստանում ստեղծեց մարզպանություն։

«Եվ երբ սրան էլ (Արտաշեսին) զրկեց թագավորությունից, իշխանությունն անցավ հայոց նախարարներին,— գրում է Եղիշեն,— որովհետև թեպետև հարկը պարսից արքունիքն էր գնում, սակայն հայոց հեծելազորն ամբողջապես նախարարներն էին առաջնորդում պատերազմի ժամանակ»1։

Պարսկաստանի Վռամ թագավորը հայ նախարարներին թույլատրում է զորքեր ունենալ՝ նպատակ ունենալով դրանք օգտագործել կռիվների ժամանակ։ Դրա հետ միասին, Հերում, Նախիջևանում և Արտաշատում տեղադրում է պարսկական կայազորներ, որոնք մշտական սպառնալիք էին Հայաստանի համար։

_______________________
1 Եղիշե, Վարդանանց պատմություն, թարգմ. Ե. Տեր-Մինասյանի, Երևան, 1946, էջ 101 (այսուհետև մեջբերումներն արվում են այս թարգմանությունից)։

 

[էջ 176]

Մեզ է հասել հայկական նախարարների տրամադրած զորքերի թվական տվյալները պարունակող մի ուշագրավ սկզբնաղբյուր, որը կոչվում է «Զորանամակ»։ Այդ (Զորանամակի» տվյալներից երևում է, որ Հայաստանի 86 նախարարություններ ունեցել են շուրջ 84000 մարդուց կազմված զորաբանակ, որը բաշխված է եղել հետևյալ կերպ՝ «Արևմտյան դուռն»—24000 մարդ. «Արևելյանը»՝ 21000. «Հյուսիսայինը»՝ 18000 և «Հարավային դուռն»՝ 21000 մարդ։ Այդ թվերի մեջ չեն մտել արքունիքի գնդերը թվով 36 հազար մարդ։ Հայ մատենագրության տվյալներով, Հայաստանի զորքերի քանակը Արշակունիների հարստության շրջանում հասել է շուրջ 120000 մարդու1։

Հայաստանի նախարարական 83-84 հազարանոց այս բանակի մեջ 49-50 հազարը եղել են հեծյալներ, իսկ մնացած 34-35 հազարը՝ հետևակ։ Վախենալով հայկական զորքերի ապստամբությունից, պարսկական արքունիքը 450 թվականին հայերի ռազմական ուժերը, հատկապես հեծելազորը, Հայաստանից տեղափոխում է Պարսկաստանի հեռավոր սահմանամերձ շրջանները։

441 թվականին թեթև սահմանային կռիվներում Հազկերտ II-ը պարտության է մատնում բյուգանդական զորքերին և Թեոդորոս կայսրին ստիպում վերահաստատելու 421 թվականին կնքված 50-ամյա խաղաղության պայմանագիրը։

Օգտվելով այդ նպաստավոր պայմաններից և իր ձեռքի տակ ունենալով վասալական Հայաստանի, Վրաստանի ու Աղվանքի բազմաքանակ այրուձին, 449 թվականին Հազկերտ II-ը պատերազմ է սկսում քուշանների դեմ և յոթ տարվա անընդհատ կռիվներից հետո պարտության մատնում նրանց։ Այնուհետև նա մի շարք օրենքներով սահմանափակում է հայ նախարարների իրավունքները։ Հայաստանի, Վրաստանի և Աղվանքի ռազմական կորովը թուլացնելու նպատակով նա այդ երկրների հեծելազորին արգելում է վերադառնալ հայրենիք։

_______________________
1 Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, СПб 1908, стр. 251—252.

 

[էջ 177]

Մինչ այդ, Հազկերտը Հայաստան է ուղարկում Դենշապուհին, որը բանսարկությամբ թշնամացնում է հայ նախարարներին և խռովություններ սերմանում նրանց միջև, կրկնապատկում է հարկերի ու սակերի քանակը. հարկման է ենթարկում նույնիսկ անբերրի տափաստանները, գյուղերի ամայի հողերը, արոտավայրերն ու անտառները։

Ըստ Եղիշեի տեղեկության, Հազկերտ II-ի հրամանով, Վահան Ամատունին զրկվում է հազարապետի պաշտոնից և նրա տեղ նշանակվում է մի պարսիկ։ Հեռացվում է նաև կաթողիկոսը «Մեծ դատավորի» պարտականություններից և այդ պաշտոնը հանձնվում է պարսիկ մոգպետին։ Իրենց պաշտոնում մնում են Վարդան Մամիկոնյանը և Վասակ Սյունին։

Տնտեսական ծանր վիճակի մեջ դնելով Անդրկովկասի ժողովուրդներին, Հազկերտ II-ը ձգտում է նրանց ձուլել պարսիկների հետ։ Իսկ իրենց գոյությունը պաշտպանելու համար հայերը, վրացիները և աղվանները դաշինքի մեջ են մտնում պարսից բռնակալության դեմ միասնական ճակատով մարտնչելու համար։

450 թ. գարնանը Հազկերտը մի մեծ զորաբանակ է ուղարկում Հայաստան, որը կանգ է առնում Այրարատյան նահանգի Ծաղկոտն գավառի Ձիրավ (այժմ Դիադին) դաշտում, Բագրևանդ գյուղի մոտ նպատակ ունենալով բռնությամբ զրադաշտական կրոնը փաթաթել հայ ժողովրդի վզին։ Իր ազգային գոյությունը պաշտպանելու համար պարսիկների դեմ ոտքի է կանգնում ողջ հայ ժողովուրդը։

Հայաստան մտած պարսից գնդերը, մոգերի և մոգպետի գլխավորությամբ, Բագրևանդ գյուղի հայկական եկեղեցու ծիսակատարության պահին փորձում են քանդել եկեղեցին, բայց ժողովուրդը հարձակվում է պարսից զորագնդի ու մոգերի վրա և նրանց դուրս է քշում գյուղից։

Ապստամբ զինված մասսաները, որոնք բանակ էին դրել Ծաղկանց լեռներում, «Ամբողջ գիշերը սպառազինվեցին, պատրաստվեցին և արևի ծագելուն պես զորքը երեք մասի բաժանելով՝ վրա տվին բանակին։ Առաջին գունդն արևելյան կողմից, երկրորդ գունդը արևմտյան կողմից և երրորդ գունդը

[էջ 178]

հյուսիսային կողմից, շուրջանակի իրենց մեջ առան, փակեցին մեծաթիվ բանակը (պարսից), շատերին կոտորեցին, է՛լ ավելի շատերին երևելի մարդկանցից, և ամուր բերդերում բանտարկեցին իրենց իշխանության տակ...»1:

Ինչպես վկայում է Ղազար Փարպեցին, գերի բռնված մոգերը տարվեցին Զարեհավան գյուղը և սրի քաշվեցին։

Սակայն ապստամբության համար լուրջ վտանգ էին ներկայացնում երկրի ստրատեգիական խոշոր նշանակություն ունեցող ամրոցներում գտնվող պարսկական զորքերը, որոնք տեղաբաշխված էին սկսած Արարատյան դաշտից պարսկական ռազմա-ստրատեգիական ճանապարհի գծով դեպի Արևելք՝ Վայոց Ձոր գավառում, Սևանա լճի հարավային ափում, Փայտակարանում։

Հենց Փայտակարանն էլ հանդիսացավ ռազմավարական այն հենակետը, որտեղ կենտրոնացնելով իր ռազմական ուժերը, պարսից հազարապետ Միհրներսեհը պատրաստվեց արշավել Հայաստանի վրա։ Երբ 450 թվականին Աղվանքից այդ մասին լուր ստացվեց, հայկական աշխարհազորը, նախարարական հեծելագնդերի հետ միասին, Ծաղկանց լեռների ամառանոցից իջնելով, հարձակվեց պարսկական ռազմական հենակետերի վրա, նրանց զորքի մի մասին կոտորեց, մյուս մասին փախուստի մատնելով դուրս վանեց Հայաստանի սահմաններից։ Հայ մարտիկները ազատագրեցին Արտաշատը, Գառնին, Անին, Արտագերսը, Բարձրաբուղը, Խորանիստը, Ծխանիստը, Ողականը, Արփանյանը, Գռայլը, Կապույտը, Վասակաշատը և այլ բերդեր, ավաններ ու գյուղեր։

«Այս բոլորն ամեն մեկն իր գյուղերով ու ագարակներով, զորքերով ու զորագլուխներով նույն տարին առան ու կործանեցին և տղամարդկանց ու կանանց գերի տարան իրենց գույքերով ու ստացվածքներով, պատվական գանձերով ու կահ-կարասիներով...»2։

Դրանից հետո, 450 թվականի հուլիս ամսին, հայոց բանակը իջավ Արարատյան դաշտ, բանակ դրեց Արտաշատում

_______________________
1 Եղիշե, էջ 148։
2 Նույն տեղը, էջ 150։

 

[էջ 179]

և նախապատրաստվեց դիմաղրելու ահեղ թշնամուն, որը Միհրներսեհի գլխավորությամբ բանակ էր դրել Փայտակարանում և պատրաստվում էր արշավել Հայաստան։ Ուստի Վարդան Մամիկոնյանը վերջ տվեց ամեն մի դանդաղկոտության և հայկական զորքերը նախապատրաստեց գալիք արհավիրքին դիմադրելու։

2. ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈԻՄԸ։ ԽԱՂԽԱՂԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

450 թվականին, վավերացնելով ռազմական դաշինքը վրացիների և աղվանների հետ, հայ նախարարները իրենց զորքերը դնում են մարզպան Վասակ Սյունիի և սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարության տակ։ Դրանից հետո, հունիս-սեպտեմբեր ամիսներին, բյուգանդական կայսրի մոտ ռազմական օգնություն խնդրելու համար ուղարկում են պատգամավորներ՝ Վահան Ամատունուն, Հմայակ Մամիկոնյանին և Մեհրուժան Արծրունուն։

Այդ ժամանակ Հայաստանի ամենախոցելի տեղը պարսկական սահմանին կից Հեր և Զարևանդ գավառներն էին, որտեղից պարսից զորքերը հաճախ ներխուժում էին երկրի խորքերը։ Ուստի այդ սահմանը պաշտպանելու համար Վարդան Մամիկոնյանը այնտեղ է ուղարկում առաջին զորագունդը` Ներշապուհ Արծրունու հրամանատարությամբ։ Գունդն իր կազմում ունեցել է մոտավորապես 23-25 հազար մարդ։ Երկրորդ զորագնդի գլուխն անցած արագ երթով դեպի Վրաստան է շարժվում ինքը՝ Վարդան Մամիկոնյանը, նպատակ ունենալով կասեցնելու Վրաստանի պարսիկ մարզպան Սեբուխտի արշավը Աղվանք, որը ձգտում էր Փայտակարանում միանալ պարսից զորավար Միհրներսեհի զորքերին և միացյալ ուժերով ճնշել աղվանների ապստամբությունը։

Վարդան Մամիկոնյանն իր առաջ խնդիր է դնում թիկունքային հարվածով կասեցնել Սեբուխտի առաջխաղացումը, միանալ ապստամբ աղվաններին, գրավել Ալանաց դուռը, ոչնչացնել այնտեղի պարսից կայազորը և կապ հաստատել հոների հետ։

[էջ 180]

Իսկ երրորդ գունդը, գրում է Եղիշեն, հանձնեցին Սյունյաց Վասակ իշխանին, որպեսզի ճեպընթաց հարձակման անցնելով պարսից զորքերի վրա՝ նրանց դուրս վանի Աղվանքից։

Այս զորագունդն իր կազմում ուներ Վասակ Սյունու 19000, Բագրատունու, Խորխոռունու, Ապահունու, Վահևունու, Պալունու, Գաբեղունու, Ուրծայի, Ռշտունյաց Արտակի, Ակեաց Ընջուղի, Ամատունյաց Մանենի 4550 հեծյալները և 10-11 հազար հետևակ։

Այս նախապատրաստություններից հետո, սակայն, լուր է ստացվում, որ բյուգանդական Թեոդորոս կայսրին հաջորդած Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է օգնել հայերին, այլև հայերի ապստամբության ծրագրի մասին հաղորդել է Հազկերտ II-ին։

Այդպիսով, ապստամբներին մնում էր հույս դնել միայն իրենց սեփական ուժերի վրա։

450 թվականի սեպտեմբեր ամսին Վարդան Մամիկոնյանն իր զորագնդով շարժվում է դեպի աղվանական արքունիքի ձմեռային աթոռանիստ Խաղխաղ քաղաքը։ Մեծ զարմանք է պատճառում Վարդան Մամիկոնյանին, երբ նա իր սակավաթիվ ուժերով մտնելով Խաղխաղի (այժմ՝ Ղազախ) շրջակայքի հարթավայրը, նկատում է թվով մի քանի անգամ գերակշռող պարսկական ուժերը՝ Սեբուխտի հրամանատարությամբ, որոնք մարտական կարգ էին ընդունել Քուռ գետի ձախ ափին և սպասում էին հայկական բանակի երևալուն։

Մինչև գետափի ճահիճներին հասնելը մի քանի կիլոմետրի վրա տարածությունը անտառապատ էր, հարավից տարածվում էին Փոքր Կովկասյան լեռնաշղթայի փեշերը։ Ուստի դժվար չէ կռահել, որ Խաղխաղի ճակատամարտը տեղի է ունեցել անտառոտ, ճահճային վայրում։ Այդպիսի վայրում ճակատամարտ տալը հայկական բանակի համար ստեղծում էր մեծ դժվարություններ։

Տեսնելով, որ թշնամին մարտական կարգ է ընդունել, Վարդան Մամիկոնյանը իր բանակը բաժանում է երեք մասի և նրանց դուրս է բերում թշնամու դեմ։ Աջակողմյան զորաճակատը նա հանձնում է Արշարունյաց իշխան Արշավիր Կամսարականին, նրան նիզակակից նշանակելով ավագ սեպուհ Մուշ

[էջ 181]

Դիմաքսյանին, ձախ թևի զորաճակատը տալիս է իշխան Խորխոռունուն, նրան օգնական նշանակելով Հմայակ Դիմաքսյանին, իսկ ինքը վերցնում է կենտրոնից շարժվող զորաճակատի հրամանատարությունը։ Հայկական զորքերի մարտական կարգի առաջ կանգնած էր այրուձին, նրա հետևից գնում էին նետաձիգները, իսկ ամենից վերջը՝ մատակարարող գումակը։ Լոփնաս և Քուռ գետերի միացման տեղում հայկական բանակին միանում են Փոքր Կովկասի լեռներում ապաստանած ապստամբ աղվանների պարտիզանական ջոկատները։

Ճակատամարտն առաջին փուլ։ Լփնիքի և Բաղասական փոքր թսգավորությունների զինված ուժերով Սեբուխտը պահպանում է Ալանաց դուռը տանող ճանապարհը, իսկ պարսկական զորքով անցնում է Քուռ գետը և բանակ գնում Խաղխաղի հարթավայրում, որտեղից զինված ու լիովին սպառազեն դուրս եկան կռվելու հայոց զորքի դեմ։

Ճակատամարտը սկսվում է։ Սկզբում հայոց բանակի աջ թևի այրուձին արագընթաց արշավի ժամանակ խրվում է գետափի ճահիճների մեջ։ Օգտվելով դրանից, թշնամին գրոհում է հայկական բանակի աջ թևի վրա։ Մարտում սպանվում է Մուշ Դիմաքսյանը և վիրավորվում Գազրիկ իշխանը։ Արշավիր Կամսարականը, որի ձին խրվել էր տիղմի մեջ, մեծ դժվարությամբ է դուրս գալիս այնտեղից, նստում ձին, վերականգնում ջոկատի մարտական կարգերը և հակագրոհի անցնում թշնամու վրա։ Համառ մարտերից հետո Արշավիր Կամսարականին հաջողվում է սպանել լփնյաց թագավորի եղբայր Վուրկին և փախուստի մատնել հակառակորդին։ Լուրջ հաջողություն է ունենում առանձնապես սպարապետ Վարդան Մամիկոնյանի ջոկատը, որը, կոտրելով Սեբուխտի զորագնդի համառ դիմադրությունը, պարտության է մատնում նրան ու հալածում։ Խուճապի մատնված պարսից զորքերի մի մասը կոտորվում է ցամաքում, մի զգալի մասն էլ խեղդվում է Քուռ գետում։

Երկրորդ փուլ։ Պարտված ու փախուստի մատնված պարսկական բանակը նախօրոք պատրաստված նավերով փորձում է անցնել Քուռ գետը և փրկվել։ Սակայն սպարապետ Վարդան Մամիկոնյանի հրամանով Արշավիր Կամսարականի զորաջո

[էջ 182]

կատի նետաձիգները հարձակվում են նրանց վրա և շատերին կոտորում։

Այդ ժամանակ հայոց բանակին են միանում վրաց ապստամբները ու Խաղխաղի շրջակայքում ապաստանած պարտիզանները և սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ շարժվում Աղվանքի խորքերը, հասնում Թարթառ գետի հովիտը, գրավում Պարտավ քաղաքը և ազատագրում Աղվանքի շատ բերդեր ու ամրոցներ։ Ճանապարհին նրանց են միանում Աղվանքի ապստամբ գյուղացիները։

Դրանից հետո հայ-վրացական-աղվանական միացյալ բանակը արշավում է դեպի Ալանաց դուռը, որը գտնվում է Աղվանքի և հոների երկրի միջև գտնվող անցուղու վրա։

Այստեղ հաջողվում է ջարդել Ալանաց դուռը պաշտպանող պարսկական կայազորը, գրավել այն և նրա պաշտպանությունը հանձնել աղվանների իշխանազուն Վահանին։

Այնուհետև պատգամավորություն է ուղարկվում հոների մոտ և ռազմական դաշինք է կնքվում նրանց հետ։ Կնքված դաշինքի համաձայն հոները խոստանում են զորքով օգնել հայերին, վրացիներին և աղվաններին։

Հենց այդ ժամանակ Վարդան Մամիկոնյանը լուր է ստանում, որ Վասակ Սյունին անցել է թշնամու կողմը, նա արագ երթով վերադառնում է Հայաստան։ Արդեն ուշ աշուն էր և մարտական գործողություն սկսել չէր կարելի։

Խաղխաղի ճակատամարտն անդրկովկասյան ժողովուրդների ազատագրական պայքարի փայլուն էջերից մեկն է, որը պսակվեց հաղթանակով։ Այդ ճակատամարտը ցույց տվեց, որ պատերազմում հաղթանակը միշտ չէ, որ կախված է լինում բանակի թվական գերակշռությունից, այլ այն մեծ չափով պայմանավորված է զինվորականների քաղաքական ու բարոյական վիճակով ու հետապնդած նպատակներով։ Հայ և աղվան ժողովուրդները Խաղխաղի ճակատամարտում մարտնչում էին իրենց հայրենիքի ու ազգային գոյության համար, ուստի մարտնչում էին խիզախաբար։

Ինչպե՞ս ձեռք բերվեց հաղթանակը։ Ռազմական երթի ելած հայկական բանակը անսպասելիորեն հանդիպում է պարսից զորքերին։ Օգտվելով այն հանգամանքից, որ հայկական

[էջ 183]

և դաշնակից աղվանների բանակը դեռ ռազմերթի մեջ է և չէր գրավել մարտական դիրք, պարսկական զորքի հրամանատար Սեբուխտը շտապում է անցնել Քուռ գետը, բացազատել իր բանակը Խաղխաղի հարթավայրում և գրոհի անցնել։ Պարսկական ուժերին ետ մղելու համար հենց ռազմերթի ընթացքում Վարդան Մամիկոնյանը դասավորում է իր զորքերի մարտական կարգերը և ընդունում մարտը։ Վարդան Մամիկոնյանի կողմից կիրառված մարտ վարելու այս եղանակը զորավարական արվեստի մեջ կոչվել է հանդիպողական մարտ։ Հայկական զորքերի համար Խաղխաղի ճակատամարտը հանդիպողական մարտ էր, որի ընթացքում նախաձեռնությունը խլեց Վարդանի զորքը և ապահովեց հաղթանակը։ Խաղխաղի ճակատամարտը վարվել է տեղանքի բարդ պայմաններում (ճահիճ, անտառ, բաց հարթավայր և այլն), որը զորավարներից պահանջեց մարտի ճկուն կազմակերպում և տոկուն ղեկավարում։ Տեղանքի այդպիսի բարդ պայմաններում կարճ ժամանակամիջոցում զորքերի տեսակների այնպիսի խելոք դասավորում, որ կատարեց Վարդան Մամիկոնյանը, կարող էր անել ռազմական արվեստին լավ գիտակ զորավարը։ Կազմակերպելով զորքի բոլոր տեսակների նպատակասլաց փոխգործողությունը և կենտրոնացնելով նետաձիգների ու պարսատիկավորների հարվածը հակառակորդի մարտական շարքերի վրա, Վարդան Մամիկոնյանը իր հեծելազորի համար ստեղծեց գրոհելու բոլոր հնարավորությունները։

Հայ ռազմական արվեստը Խաղխաղի ճակատամարտում ավելի կատարելագործվեց, նրանում մուտք գործեց հանդիպողական մարտ վարելու և անտառային ճահճոտ վայրում մանևրելու ու մարտ մղելու տակտիկան։

3. ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ

Հեփթաղների դեմ պատերազմում պարտված Հազկերտ II-ը 450 թվականի աշնան վերջերին վերադառնում է Տիզբոն և ներման խոստումով ցանկանում է հայ ապստամբներին հնազանդեցնել։ Սակայն Հազկերտի այդ խոստումները հավատ չեն ներշնչում հայրենասեր հայ նախարարներին, որի համար

[էջ 184]

էլ նրանք 450-451 թվականի ձմռանը լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տանում իրենց ռազմական ուժերը համախմբելու ուղղությամբ` նախապատրաստվելով ահեղ թշնամուն դիմադրելու։

Հազկերտ II-ը հատուկ հրովարտակով բռնի կրոնափոխության առաջարկ է անում հայերին, սակայն մերժում է ստանում։ Եվ ահա Հայաստանը վերջնականապես նվաճելու և հայերին պարսիկների մեջ ձուլելու նպատակով Հազկերտը, զորավար Միհրներսեհի գլխավորությամբ, մեծ բանակ է ուղարկում Հայաստան, որը Փայտակարանի ուղղությամբ մտնում է Հայաստան և 451 թվականի ապրիլին բանակ դնում Հեր և Զարևանդ գավառների սահմաններում։

Հայրենիքի համար այդ ահեղ օրերին փաստորեն պասսիվ դիրք են բռնում Վասակ Սյունին և նրան համակիր որոշ նախարարներ։

Բացի այդ, հայոց զորքը զրկվել էր դրսից սպասվող օգնությունից, նրանց օգնության չեկան հոները, որոնք խոստացել էին, իսկ այդ հանգամանքը բավականին ծանրացրեց ապստամբների վիճակը։

Մինչև ճակատամարտ սկսելը, երկու կողմից էլ կատարվում են հետախուզական աշխատանքներ։ Թե ինչպիսի կարևոր նշանակություն է տրվել այդ ժամանակ հետախուզությանը, ցույց են տալիս Եղիշեի հետևյալ տողերը։

«...Միհրներսեհը... հարցնում և ստուգում էր, թե ընդամենը քանի մարդ կա հայոց աշխարհում Վարդանի գնդի մեջ։ Երբ... լսեց թե վաթսուն հազարից ավելի են... տեղեկություններ պահանջեց յուրաքանչյուրի քաջության մասին, կամ թե՝ նրանցից քանի՞ հոգի են սպառազեն, կամ քանի՞ հոգի են առանց զենքի լոկ աղեղնավորներ, նույնպես և վահանավոր հետևակների մասին... քանի՞սն են քաջ զինվորների պարագլուխները, որպեսզի նրանց յուրաքանչյուրի դեմ երեքը պատրաստի...։ Մինչև անգամ ամեն մեկի դրոշների մասին էլ էր տեղեկություններ հարցնում, թե զորքը քանի գնդի են բաժանելու և նրանցից ովքեր պետք է հրամանատարներ լինեն, և որ զորագլուխը որ կողմից պետք է պատերազմի մեջ մտնի, և ինչ են յուրաքանչյուրի համհարզների անունները, և քանի

[էջ 185]

փողհար պետք է ձայն արձակեն գնդի մեջ։ Արդյոք (ցցապատնեշներով ու խրամատով շրջապատված) բանակ պիտի դնեն, թե արձակ դաշտում տեղավորեն, ճակատ առ ճակատ պիտի գործեն, թե համագունդ մի տեղի վրա պիտի գրոհ տան։ Նրանցից որը պետք է տատանման մեջ մնա և կամ նրանցից ո՞րը ջանք թափի՝ իր անձը մահվան ենթարկելով»1։

Պատերազմական վիճակի մասին Հազկերտ II-ին զեկուցելու նպատակով Տիզբոն է մեկնում Միհրներսեհը` պարսկական զորքերի հրամանատարությունը թողնելով Մուշկան Նյուսալավուրտին։ Վերջինս 451 թվականի ապրիլ ամսին, համախմբելով ուժերը, մի փոքր ևս առաջ է շարժվում Հայաստանի հարավում՝ Հեր և Զարևանդ գավառների սահմանագլխից։

«Այնտեղ՝ գավառում կանգ առնելով,— վկայում է Եղիշեն,— բանակ դրեց, փոս փորեց, պատնեշ շինեց, ցցապատերով փակեց և ամեն պատրաստությամբ ամրացրեց ինչպես քաղաք։ Նրա զորքերից մեծաթիվ գունդ բաժանվեց, ասպատակելով արշավեց և կամենում էր բազմաթիվ գավառներ կողոպտել։

Երբ այդ բանը լսեց հայոց զորքը, բոլոր զորականների միջից ընտրեցին Ամատունյաց ցեղից մի սեպուհի Առանձար անունով, որ իմաստությամբ և քաջությամբ լցված մի մարդ էր։ Սա երկու հազարով դուրս եկավ նրա դեմ, ջարդեց, սատկեցրեց նրա գնդից շատերին, իսկ մնացածներին փախցրեց-հասցրեց նրանց բանակը...»2։

Առանձարի ջոկատը հասնում է Արտազ գավառի Ավարայր գյուղը, ուր գտնվում էր պարսից զորքը և բանակ էր դրել Տղմուտի դաշտում։ Հենվելով այդ տեղեկությւոնների վրա և օգտվելով այն բանից, որ պարսից բանակը իր հետ ծանր բեռնավորված խոշոր գումակ է տանում, Վարդան Մամիկոնյանը շտապում է կտրել դեպի Արտաշատ տանող պարսից զորքերի ուղին:

Ռազմական երթի դուրս գալուց առաջ Վարդան Մամիկոն–

_______________________
1 Եղիշե. էջ 172—173։
2 Նույն տեղը, էջ 180։

 

[էջ 186]

յանը Արտաշատում անց է կացնում հայկական զորքերի ստուգատես և, դիմելով ռազմիկներին, քաջալերում է նրանց։ Դրանից հետո հայկական զորքը Արտաշատի կամուրջով անցնելով Արաքս գետը, նրա աջ ափով, Փոքր Մասիսի արևելյան լանջերով, Մակուի մոտով, հասնում է Ավարայրի դաշտը և կանգ առնում Տղմուտ (Աղ-չայ) գետի ձախ ափին, որի աջ ափին արդեն բանակ էր դրել պարսից զորքը։

Արտաշատից մինչև Տղմուտ գետը, որ հավասար է 140-150 կմ, հեծելազորը կարող էր արագացրած ռազմերթով անցնել երեք օրում, իսկ հետևակը ոչ պակաս հինգ օրում։ Ուրեմն, հայկական զորքը Արտաշատից ռազմերթի էր ելել ոչ ուշ, քան մայիսի 20-ին կամ 21-ին։

Վարդան սպարապետի նպատակն էր հանկարծակի հարվածով պարտության մատնել պարսկական զորքերին։ Բայց մայիսի 25-ի ցերեկը Ավարայրի դաշտ էր հասել միայն հեծելազորը, որն առանց հետևակի չէր կարող ռազմական գործողություններ ծավալել։ Հայկական հեծելազորը սպասում է հետևակին, որն իր շարքերում ուներ անվարժ, դանդաղ շարժվող ռազմաշխարհազորային ուժեր։ Հայկական բանակի հետևակը Ավարայրի դաշտն է հասնում միայն մայիսի 25-ի գիշերը։ Այստեղից, իհարկե, դժվար չէ կռահել, որ հետևակը Արտաշատից ռազմերթի էր դուրս եկել հեծելազորից երկու օր շուտ։

Հակառակորդ կողմերի զորքերի քանակը և կազմը։ Պատմիչներ Եղիշեի և Ղազար Փարպեցու վկայությունները Ավարայրի ճակատամարտում մասնակցած թշնամի բանակների քանակի և կազմի մասին քիչ հավանական են թվում։ Ավարայրի ճակատամարտի դերն ու նշանակությունը ավելի ընդգծելու և մեծարելու նպատակով պատմիչներն աշխատել են ավելի վիթխարի ներկայացնել այն, բազմապատկել նրա պոտենցիալ հնարավորությունները, մեծացրել են ճակատամարտին մասնակցող բանակների քանակն ու զենքի տեսակները։

Ինչպես Եղիշեն, նույնպես և Փարպեցին վկայում են, որ Ավարայրի ճակատամարտում հայկական բանակը կազմված էր 66 հազար մարդուց, իսկ պարսկականը՝ ավելի քան 200 հազար։ Մեզ թվում է, որ այս թվերը հավաստի չեն։

[էջ 187]

Ակնհայտ է, որ Հռոմն ու Պարսկաստանը, Հայաստանը բաժանելով իրար միջև, նպատակ են ունեցել խորտակել հայոց աշխարհի հզորությունը, թուլացնել նրա պաշտպանունակությունը, նրան զրկել ռազմական ուժերից և դրանով իսկ հեշտացնել նրան կլանելը։ Այդ նպատակին հասնելու համար նրանք երեք և ավելի անգամ կրճատել են հայկական հեծելազորի քանակը։ Իսկ չէ՞ որ Արշակունիների ժամանակ Հայաստանը ուներ հզոր հեծյալ բանակ շուրջ 120 հազար մարդով։ Ն. Ադոնցը ցույց է տալիս, որ Արշակ II-ի ժամանակ սպարապետ Վասակ Մ ամիկոնյանի հրամանատարության ներքո կար շուրջ 120 հազար հեծյալ, որ պարսիկների դեմ վարած բազմաթիվ պատերազմներում մարտի դաշտ են դուրս բերվել 70, 60, 40 հազար հեծյալներից կազմված բանակներ։

Պապ թագավորի ժամանակ սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի հրամանատարության ներքո եղել է 40 հազար մարդուց կազմված ընտրովի հեծելազոր։ Նպատի ճակատամարտում նրան հաջողվել է մոբիլիզացնել տասնյակ հազարավոր մարդկանց և բանակի թիվը հասցնել շուրջ 90 հազարի։ Սակայն պարսկական արքունիքի վարած քաղաքականության հետևանքով, մարզպանության շրջանում, հայկական հեծելազորը կրճատվել է և հասցվել մինչև 30 հազարի1։

Ըստ «Զորանամակի», հայոց 70 նախարարներից 50-ը ունեցել են շուրջ 48 հազար հեծյալ։

Այդ 50 նախարարներից, ըստ Եղիշեի, միայն քսանվեցն էր Վարդանի կողմը, որոնք, ըստ «Զորանամակի», ունեին շուրջ 14 հազար հեծյալ։ Դրանցից վեցը Ռշտունյաց Արտակը, Խորխոռունյաց Գադիշոն, Վահևունյաց Գյուտը, Գաբեղենից Արտենը, Ակեացի Ընջուղը և Ամատունյաց Մանեճը, անջատվելով իրենց նախարարական տներից, շուրջ 2000 հեծյալներով չեն մասնակցել ճակատամարտին։ Այդպիսով, սպարապետ Վարդան Մամիկոնյանը Ավարայրի ճակատամարտի նախօրյակին ուներ շուրջ 12 հազար հեծյալ։ Սակայն, ապստամբելով պարսից պետության դեմ, նա իրավացիորեն խախտեց այդ պետության կողմից Հայաստանի վզին փաթաթած

_______________________
1 Տե՛ս Н. Адонц, Армения в эпоху Юстиниана, стр. 285-288.

 

[էջ 188]

«Զորանամակի» պահանջները և կրկնապատկեց ու եռապատկեց իր հեծելազորի թիվը։ Հենց այդ էր պատճառը, որ Եղիշեն նշում է, թե ով զենք չուներ՝ Վարդանը զենք էր տալիս, ով ձի չուներ՝ ձի։ Սակայն, ինչքան էլ ավելացներ իր զորքի թիվը, Վարդանը կարող էր հավաքագրել միայն 35—40 հազար զինվոր։ Չնայած պատմիչները չեն հիշատակում աշխարհազորայինների թվի մասին, բայց նշում են, որ նրանցից կազմված էր մի գունդ, որի հրամանատարին Վարդանը հրամայել էր չբռնանալ և ստիպողական չքաշել ռազմի դաշտ։ Այդ ժամանակվա գնդերը կազմվում էին մատյան գնդի օրինակով և իրենց կազմում ունեին ոչ ավելի, քան 10000 մարդ։

Հազկերտի հրամանով Մուշկան Նյուսալավուրտին տրվում է մատյան գունդը և այլ ընտիր զորքեր։ Հետազոտողներից շատերը, հենվելով Եղիշեի այն ցուցումի վրա, թե Նյուսալավուրտը «ամեն մի գազանի (փղի) աջ ու ձախ կողմը երեքական հազար սպառազեն պատրաստեց և ամենաընտիր քաջ զինվորականներին իր շուրջը ժողովեց...»1, նշում են, որ պարսկական բանակում կար 60 փիղ, ամեն մի փղին հաշվելով 3 հազար ռազմիկ, պարսկական բանակի թիվը հասցնում են 180 հազարի։ Մի բան, որ ճիշտ լինել չի կարող։ Նախ՝ պարսից արքունիքին հայտնի էր, որ հույների կայսր Մարկիանոսը հրաժարվել է հայերին օգնելուց և հայերի ապստամբության մասին հաղորդել էր Հազկերտին։ Պարսկական արքունիքը գիտեր նաև, որ Վիրքի ու Աղվանքի զինված ուժերը հայերին օգնության հասնել չեն կարող։ Եվ, վերջապես, նրան հայտնի էր նաև, որ հայ նախարարների շրջանում ստեղծված պառակտման հետևանքով մեծ զորաբանակ իրենց դեմ դուրս գալ չի կարող, հետևաբար, պարսկական բանակը այդքան մեծաքանակ դարձնելու հարկ չկար։

Այդուհանդերձ, պարսկական բանակն ուներ մեծ առավելություն, այդ փղերի գունդն էր։ Պարսից բանակում, սկսած Գավգամելայի ճակատամարտից մինչև Ավարայրի ճակատամարտը, փղերի գունդը կազմվել է 15 փղից։ Եվ եթե ճիշտ համարենք Եղիշեի վկայությունը, որ ամեն մի փղին կցված էր

_______________________
1 Եղիշե, էջ 189:

 

[էջ 189]

երեք հազար սպառազեն մարդ, ապա պետք է եզրակացնել, որ Ավարայրում պարսկական բանակում կար շուրջ 45 հազար ռազմիկ։

Այնուհետև, Ապահարցի (այժմ՝ Մազանդարայի գավառ), Կատշաց (այժմ՝ Թալիշի նահանգ՝ Իրանում), Գեղաց (այժմ՝ Գիլանի նահանգ) գնդերը հազիվ թե կազմակերպված լինեին մատյան գնդի սկզբունքով և կիսավայրենի լեռնցի այդ ցեղերից յուրաքանչյուրը կարողանար Ավարայրի ռազմադաշտը դուրս բերել մեկական գունդ։ Հավանական է, որ այդ գնդերի ռազմիկների թիվը այնքան փոքր է եղել, որ Եղիշեն աննպատակահարմար է համարել նշել։ Այս հաշվարկումներից հետո կարելի է ասել, որ Ավարայրի ճակատամարտում Վարդան սպարապետի 40000 մարդուց կազմված բանակի դեմ գործում էր կրկնակի անգամ ավելի, այսինքն՝ մոտ 80-90 հազար ռազմիկ ունեցող պարսկական բանակը։

Թշնամի բանակները զինված էին աղեղներով, սուսերով, նիզակներով, վահաններով, պաշտպանության համար ունեին զրահ և սաղավարտ1։

Հակառակորդների զորքերի մարտական կարգերը և մարտի վայրի ընտրումը։ Նյուսալավուրտը, ըստ Եղիշեի տեղեկության, «...կարգավորեց իր ամբողջ զորքը և ճակատը տարածեց-երկարացրեց մեծ դաշտի երկարությամբ։ Եվ ամեն մի գազանի աջ ու ձախ կողմը երեքական հազար սպառազեն պատրաստեց և ամենաընտիր քաջ զինվորականներին իր շուրջր ժողովեց. և այսպես մատյան գունդն2 ամրացրեց ինչպես մի հզոր աշտարակ և կամ մի անմատչելի բերդ։ Նշաններ բաշխեց, դրոշներ արձակեց և հրամայեց, որ մեծ փղի ձայնին պատրաստ լինեին։ Իսկ Ապահարցի գունդը և հոնաց և գեղաց գնդերր և էլի բազմաթիվ ընտիր-ընտիր զորականները մի տեղ ժողովեց և պատվեր ու հրաման տվեց իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ հայոց զորավարի...»3։

_______________________
1 Եղիշե, էջ 190։
2 Մատյան գունդը արքունի գունդն էր և մասնակցում էր միայն վճռական մարտերին, այն էլ արքայի կարգադրությամբ: Այդ գունդը կազմված էր 10 հագար ռազմիկներից և կոչվել է նաև «անմահների» գունդ։
3 Եղիշե, էջ 180։

 

[էջ 190]

Այս վկայությունից ակնառու է, որ Նյուսալավուրտը իր զորքերի համարյա կեսը կենտրոնացնում է մարտական կարգի աջ թևում, այսինքն՝ սպարապետ Վարդանի զորագնդի դեմ։

Ըստ ռազմական պլանի, մատյան գունդր պետք է գործեր մարտական կարգի կենտրոնում, իսկ ձախ և աջ թևերում Նյուսալավուրտը դնում է մյուս գնդերը։ Ամբողջ ճակատի մարտական կարգի առջևից շարժվում է այրուձին։ Երկրորդ գծի վրա գտնվում է հետևակը, որի հետևից ընթանում են մարտական փղերը՝ նրան պահպանող հետևակով։ Փղերի վրա դրված էին աշտարակներ, որտեղից նետաձիգներր նետեր էին տեղում հակառակորդի վրա և կամ որպես դիտակետ դիտում էին ճակատամարտի րնթացքը։

Տղմուտ գետի աջ ափին, 15-18 կմ լայնությամբ, Նյուսալավուրտը ստեղծում է ամուր պաշտպանություն` փորելով անանցանելի փոսեր և կառուցելով պաշտպանողական պատնեշներ, ցցապատերով փակելով ու ամրացնելով իր պաշտպանության ամբողջ գոտին։ Որպես բնական արգելակ պարսկական բանակի առջևում էր վարարուն Տղմուտ գետը, իսկ աջ կողմից բնական արգելակ էին հանդիսանում Մարակերտի շրջակայքի ճահիճները, որոնք ապահովում էին պարսից զորքի աջ թևի անվտանգությունը։ Ձախից պարսկական բանակը պաշտպանվում էր Աղբակի (այժմ՝ Քուրդըստանի) բարձրաբերձ լեռնաշղթայով, իսկ թիկունքից` Նուշիրականի գավառում գտնվող դժվարանցանելի սարերով։ Բնական ու արհեստական այս ամրությունները պարսկական բանակի ճամբարի համար ստեղծում էին անխոցելի պայմաններ։

Ճակատամարտից առաջ հայկական բանակի հրամանատար Վարդան Մամիկոնյանը հրավիրեց նախարարների ու զորավարների խորհուրդ, զորքը բաժանեց գնդերի, նշանակեց նրանց հրամանատարներին և ստեղծեց մարտական կարգ։

Նկատի ունենալով այն, որ հայկական գնդերի թվի և նրանց հրամանատարների մասին պատմիչների մոտ կան տարբեր կարծիքներ, ուստի նպատակահարմար ենք համարում մեջբերել պատմիչների համապատասխան հատվածները ռազմական արվեստի տեսանկյունով այն ճշտորեն մեկնաբանելու համար։

[էջ 191]

«Իսկ քաջ Վարդանը առաջ գալով՝ հարց ու փորձ արեց մեծամեծներին,— վկայում է Եղիշեն,— և բոլորի տված խորհրդի համաձայն զորագլուխները նշանակեց այս ձևով։

Առաջին գունդը հանձնեց Արծրունյաց իշխանին և նրան նիզակակիր կարգեց Մոկաց մեծ իշխանին և ուրիշ բազմաթիվ նախարարների այս երկուսին նիզակակիր նշանակեց, և գնդի ամբողջ բազմությունը այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։

Երկրորդ գունդը հանձնեց Խորեն Խորխոռունուն, և նրան նիզակակից կարգեց Ընծայինին և Ներսեհ Քաջբերունուն։

Երրորդ գունդը հանձնեց Թաթուլ Վանանդեցուն, և նրան նիզակակից հրամայեց լինել Տաճատ Գնթունուն, և շատ քաջ մարդիկ էլ այս ու այն կողմից օգնական տվեց նրանց։

Ինքը վերցրեց չորրորդ գունդը, և իրեն նիզակակից քաջ Արշավիրին և իր հարազատ եղբայր Համազասպին»1։

Այդ մասին Ղազար Փարպեցին հաղորդում է.

«Պատերազմի ժամը հասնելով, պարսից գնդերին տեսնում էին նկատված կարգին համաձայն։ Կարգում էր և իր գունդը հայոց երանելի Վարդան զորավարը նրանց հանդեպ իրա բավական այրուձիով։ Երեք մաս բաժանելով տալիս էր ամեն մի զորապետին, աջ կողմին զորագլուխ կարգեց Արշարունյաց Կամսարական Արշավիր իշխանին, որ հայոց զորավար Մամիկոնյան սուրբ Վարդանի փեսան էր, այսինքն՝ դստեր ամուսինը, և նրան նիզակակից տվեց Դիմաքսյան ազգից մեծ իշխան Մուշին։ Ձախ կողմը տվեց Խորեն Խորխոռունուն և նրան օգնական կարգեց Հմայակ Դիմաքսյանին, իսկ ինքը՝ հայոց զորավար սուրբ Վարդանը պատրաստվեց, որ մեջտեղի վերա հարձակվի»2։

Մ. Չամչյանն րնդունում է Եղիշեի կարծիքը3։ Գարագաշյանը, Լեոն, Օրմանյանը և ուրիշներ իրենց հետազոտություններում հաստատում են, որ Վարդան Մամիկոնյանը ստանձնել

_______________________
1 Եղիշե, էջ 189:
2 Ղազար Փարպեցի, Հայոց պատմությունը և Վահան Մամիկոնյանի գրած թուղթը։ Թարգմ. Մինաս քհն. Տեր-Պետրոսյանց, Ալեքսանդրապոլ, 1895, էջ 133։
3 Տե՛ս Մ. Չամչյան, Պատմություն Հայոց, հատ. Բ, էջ 71—72։

 

[էջ 192]

է Հայկական բանակի երրորդ ձախ թևի, գնդի հրամանատարությունը և գործել է պարսից բանակի մարտական կարգի աջ թևի դեմ։ Եղիշեն նշում է, որ Նյուսալավուրտը «...Բազմաթիվ ընտիր-ընտիր զորականների մի տեղ ժողովեց և պատվեր ու հրաման տվեց իր զորքերի աջ կողմում պատրաստ լինել ընդդեմ հայոց զորավարի»։ Սակայն մարտի ընթացքի նկարագրությունից երևում է, որ Եղիշեի տվյալները հակասական են: Մեր կարծիքով, իրականությանը չի համապատասխանում նաև Ղ. Փարպեցու այն ցուցումը, թե Վարդանը եղել է ռազմաճակատի կենտրոնական մասում գտնվող գնդի հրամանատար։

Ավարայրի ճակատամարտի մանրազնին ուսումնասիրությունը մեզ բերում է այն եզրակացության, որ Եղիշեի հիշատակած չորրորդ գունդը եղել է պահեստային և մեծ դեր չկատարել այդ ճակատամարտում։ Այս հարցում էլ միանգամայն ճիշտ է Փարպեցոլ հաղորդած հետևյալ տեղեկությունը, «...մոտեցել էր արեգակի ծագելու ժամանակը, պարսից զորքերն էլ պատրաստվում էին պատերազմելու։ Մամիկոնյան սուրբ Վարդանն իրա գունդն երեք մասի բաժանելով, միջին գնդին գլխավոր կարգեց Արծրունյաց իշխանին, և մարդպետ (ներքինապետ) Միհրշապուհին, Արշարունյաց Արշավիր իշխանի, Մոկաց Արտակ իշխանի և ուրիշ մեծ նախարարների հետ։ Աջ կողմին գլխավոր կարգեց երանելի Մախազ Խորենին, Վանանդի իշխան երանելի Թաթուլի, Քաջբերունի Ներսեհի և ուրիշ մեծ նախարարների հետ։ Ձախ կողմից ինքը պատրաստվեց իրա գնդովն Առավեղենից Փափագ իշխանի և հայոց ուրիշ նախարարների հետ... Իրա եղբայր Համազասպյանին վերջապահ թողեց, պատվիրեց նրան ոչ մեկին չստիպել, այլ միայն խոսքերով հորդորել իրանց փրկության համար»1։

Սխալ կլիներ կարծել, թե Ղ. Փարպեցու այս մեջբերումը հակառակ էր նրա մյուս վկայություններին։ Փարպեցու վերը նշված տողերից երևում է, որ Վարդան Մամիկոնյանը, որը Արտաշատից ռազմերթի դուրս գալուց առաջ իր զորքերը արդեն բաշխել էր գնդերի և նշանակել նրանց հրամանատարներ,

_______________________
1 Ղազար Փարպեցի, էջ 146—147։

 

[192-193 էջերի միջև]

451 թ. Ավարայրի ճակատամարտը

451 թ. Ավարայրի ճակատամարտը

[էջ 193]

մարտից առաջ ընդունում է նոր մարտական կարգ և իր զորքերի ձախ թևի գնդի հրամանատարությունը վերցնում է իր վրա։ Հետևապես ճիշտ չէ Եղիշեի այն վկայությունը, թե Ավարայրի ճակատամարտում հայկական զորքի ձախ թևի երրորդ գնդի հրամանատարությունը Վարդան Մամիկոնյանը հանձնեց Թաթուլ Վանանդեցուն։

Պետք է նկատի ունենալ, որ մեր պատմիչը ամեն կերպ ձգտել է բարձրացնել իր հերոսին, չտեսնել մարտավարական նրա որոշ սխալներն Ավարայրի ճակատամարտում, ուստի և միտումնավոր կերպով Մամիկոնյանին է վերագրել չորրորդ պահեստային գնդի հրամանատարությունը։

Ավարտելով մարտ սկսելու բոլոր նախապատրաստական աշխատանքները, Վարդան Մամիկոնյանը իր ուժերը մարտական կարգի է բերում Տղմուտ գետի ձախ ափին։ Հայկական բանակի աջ թևում Կարմիր գետի հովիտն էր, իսկ հետևում` Տղմուտ, Մակու և Արաքս գետերի միջև ընկած լայնածավալ հարթ տարածությունը՝ 60-65 կմ երկարությամբ և 40-45 կմ լայնությամբ։ Այս դիրքը թեև նպաստել է հայկական հեծելազորի բացազատմանը և մարտի հաջող վարմանը, բայց թիկունքից եղել է խոցելի, որովհետև բնական խոչընդոտների բացակայությունը նպաստել է պարսկական զորքում եղած փղերի առաջխաղացմանը, իսկ հայկական բանակի նահանջի դեպքում բացասաբար անդրադարձել նրանց մանևրման և թշնամու առաջխաղացումը կասեցնելու գործում։

Հայկական զորքերի առաջին շարքերում գտնվում էին հեծյալները, նրանց հետևից ըստ գնդերի ու ջոկատների շարժվում էին նետաձիգները և պարսատիկավորները։ Վերջին շարքերում էր պահեստային գունդը՝ կազմված աշխարհազորականներից, որոնք պահպանում էին թիկունքը և գումակը։ Բանակի աջ և ձախ թևերում հետևակից առաջ գտնվում էր նախարարական հեծելազորը։

Այդպիսին էր հայկական բանակում դասավորությունը մայիսի 26-ի առավոտյան։

Ճակատամարտի առաջին փուլը։ Մայիսի 26-ին, արեգակը ծագելուն պես, պարսկական և հայկական բանակները սկսում են առաջին մարտերը։ Հայերի հմուտ նետաձիգների դիպուկ

[էջ 194]

հարվածներից պարսկական գնդերը, նրանց թվում նաև «անմահների» գունդը գամվում են Տղմուտ գետի աջ ափին։ Աստիճանաբար մոտենալով հակառակորդին, հայ նետաձիգները ավելի դիպուկ և շեշտակի են դարձնում հարվածները։ «...Երկու կողմերի աղմուկն ու աղաղակր ճայթում էր ինչպես իրար խառնված ամպերի միջից,— գրում է Եղիշեն,— և ձայների դղրդյունը շարժում էր լեռների քարանձավները։ Բազմաթիվ սաղավարտները ու զրահապատված զորականների զենքերը փայլում էին ինչպես արևի ճառագայթների շողեր։ Նաև բազմաթիվ սուսերների շողալուց ու բազմախառն նիզակների ճոճվելուց կարծես ահագին կրակ էր թափվում երկնքից։ Որովհետև ո՞վ կարող է պատմել ահավոր ձայների մեծ իրարանցումը, և թե ինչպես վահանավորների թնդյունն ու աղեղների լարերի ճայթյունը առհասարակ խլացնում էին բոլորի ականջները։

Այնտեղ պետք էր տեսնել, թե ինչ մեծ տագնապ և անչափ իրարանցման աղետ կար երկու կողմերում էլ, երբ հանդուգն հարձակումով իրար էին բախվում, որովհետև թանձրամիտները հիմարանում էին ու վախկոտները վհատվում, քաջերը խիզախում էին և անվեհեր կտրիճներն աղաղակում։ Եվ ամբողջ բազմությունը իրար գլխի խմբվելով՝ գետն ամեն կողմից փակեցին, և գետի դժվարությունից վախեցած պարսից զորքն սկսեց տեղում վխտալ։ Իսկ հայոց զորքն անցավ գետը, և ձի նստած՝ մեծ զորությամբ հարձակվեց։ Ուժգին թափով իրար զարկվելով երկու կողմից էլ բազմաթիվ վիրավորներ գետին ընկած թփրտում էին»1։

Հայոց այրուձին անցնում է գետը և վճռական ու սրընթաց հարձակվում պարսիկների վրա։ Հարձակման այդ փուլում հայկական հեծելազորը փախուստի է մատնում պարսկական բանակի մարտական կարգի առաջին դիրքերում գտնվող զորամասերը։

Մարտի երկրորդ փուլում պարսկական բանակի աջ թևի գնդերը, որոնք մեծ քանակությամբ նոր ուժեր էին ստացել, ուժեղ թափով հակագրոհի են անցնում և փախուստի մատնում

_______________________
1 Եղիշե, էջ 190։

 

[էջ 195]

հայկական բանակի ձախ թևի գնդի ջոկատները։ «Այս մեծ տագնապի մեջ,— գրում է Եղիշեն,— դեպի վեր նայեց քաջ՝ Վարդանը և տեսավ, որ պարսից զորքի րնտիր-ընտիր քաջ զորականները Հայոց զորքի ձախ կողմն ընկճեցին, նա մեծ ուժով հարձակվեց այն տեղը և պարսից զորքի աջ թևը ջարդելով՝ քշեց գազանների կողմը և շուրջը պտտելով կոտորեց մինչև նույն տեղը։ Եվ այնպիսի տագնապ ու իրարանցում գցեց նրանց մեջ, որ մինչև անգամ մատյան գնդի հաստատուն կազմակերպությունը քայքայվեց, ցրիվ եկավ, և նա դեռևս պարտություն չկրած՝ փախուստ տվեց»1։

Այդ ժամանակ հայկական զորքի կենտրոնական գունդը Վահան Արծրունու գլխավորությամբ, վճռական հարձակման է անցնում «մատյան» գնդի դեմ։ Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու գնդերի համատեղ հարվածների տակ պարսկական մատյան գունդը, 140 զինվոր կորուստ տալուց հետո, դիմում է փախուստի2։

Պարսկական բանակի աջ թևի զորամասերը՝ մատյան գունդը և Վասակ Սյունեցու ջոկատները նահանջում են դեպի իրենց զորքերի կենտրոնը, ուր գտնվում էին փղերը։ Վարդան Մամիկոնյանը, նկատելով այդ, ավելի համառորեն սկսում՝ է հետապնդել նրանց։ Նույն ժամանակ հայկական բանակի աջ թևի զորքերը կատաղի մարտեր էին մղում պարսից բանակի ձախ թևի գերակշիռ ուժերի դեմ։ Այդ անհավասար կռվում հերոսի մահով զոհվում են Խորեն Խորխոռունին, Ընծայոց Արսենը, Քաջբերունյաց Ներսեհը։ Այս հրամանատարների կորուստը հուսալքում է մարտական փորձ չունեցող շատ աշխարհազորականների, որոնք դիմում են փախուստի և ապաստան գտնում աջակողմյան լեռների լանջերում։ Այս հանգամանքը թուլացնում է հայկական զորքերի մարտական կորովը:

Ճակատամարտի երրորդ փուլը։ Նկատելով հայկական աշխարհազորական գնդի փախուստը և հայերի կենտրոնական ուժերի կտրվածությունը աջ թևի զորքերից, Մուշկան Նյուսա-

_______________________
1 Եղիշե, էջ 190։
2 Տե՛ս Հ. Հարությունյան, Վարդանանց պատերազմը, Երևան, 1946, էջ 144:

 

[էջ 196]

լավուրտն արագ վերականգնում է իր քայքայված զորքերի շարքերը և փղերը արագ դուրս է բերում մարտի։ Նա իր զինված ուժերը բաժանում է երկու մասի։ Փոքրաթիվ մասով կաշկանդում է հայկական զորքերի աջ ու ձախ թևերի ուշադրությունը, իսկ գլխավոր ուժերով շրջանց կատարելով ծուղակի մեջ է վերցնում Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու գնդերը։ Փոքրաթիվ հայ նիզակակիրներն արիաբար մարտնչում և մեծ կորուստ էին պատճառում թշնամուն։ Սակայն աջ և ձախ թևերի հայկական գնդերը, որոնց անցուղին փակել էին մարտական փղերը, չեն կարողանում օգնության հասնել կենտրոնական զորամասերին։ Վարդանի և Վահանի շրջապատված գնդերին, չնայած նրանց մեծ հերոսությանը, չի հաջողվում ճեղքել շրջապատման օղակը, իսկ հեռվում գտնվող հայկական գնդերի օգնության փորձերը արդյունք չեն տալիս։ Տեղի է ունենում ահեղ ու անհավասար մարտ. հայերը կռվում էին մեծ հերոսությամբ, բայց ուժերը խիստ անհավասար էին։ Մարտում զոհվում են շատերր, նրանց թվում նաև մեծ հայրենասեր Վարդան Մամիկոնյանը։

Մինչև երեկո տևած այս մարտի մասին Եղիշեն գրում է. «Այնտեղ պետք էր տեսնել նիզակների կոտրատումը և աղեղների խորտակումը, ուստի և չէին կարողանում ստույգ որոշել երանելիների սուրբ մարմինները. և սաստիկ խուճապ ու իրարանցում էր երկու կողմերի ընկածների համար։ Իսկ ովքեր (կենդանի) էին մնացել, ցիրուցան եղան ամուր ձորերի լեռնադաշտերում. և երբ պատահում էին միմյանց, դարձյալ սպանում էին մեկմեկու։ Եվ այսպես դաժան գործը շարունակվեց մինչև արևի մայր մտնելը»1։

Ճակատամարտի չորրորդ փուլը։ Տեսնելով սպարապետ Վարդան Մամիկոնյանի մահը և մնալով առանց ձեռնհաս ղեկավարի, հայկական բանակը տեղի է տալիս։ Օգտվելով երեկոյան մթությունից, նա դուրս է գալիս շրջապատումից և նահանջում։ Կազմալուծված այդ գնդերը, հեռանալով ճակատամարտի վայրից, ապաստանում են հայրենի երկրի անառիկ-

_______________________
1 Եղիշե, էջ 191։

 

[էջ 197]

վայրերում։ Պարսկական զորքը հետապնդում է նրանց, փորձելով ոչնչացնել բոլորին։

Ըստ Եղիշեի և Ղազար Փարպեցու, հայկական բանակը Ավարայրի ճակատամարտում կորցրեց 1026 մարդ, իսկ՝ պարսկական բանակը 3544 մարդ։

Սակայն պետք է նշել, որ այդպիսի վիթխարի բանակների՝ այդքան ահավոր մենամարտում, ուր տեղի ունեցան բազմաթիվ ձեռնամարտեր, օգտագործվեցին ժամանակի զենքի գրեթե բոլոր տեսակները, երկու կողմերից այդքան փոքր կորուստ չէր կարող լինել։

Եվ իսկապես, հայկական բանակի աջաթևյան գունդը, որն իր շարքերում ուներ մոտ 10 հազար մարտիկ, օրվա կեսին կորցրեց իր հրամանատարներ Խորեն Խորխոռունուն, Ներսեհ Քաջբերունուն և ծանր կորուստ կրեց, այլևս չկարողացավ վերականգնել իր մարտական վիճակը։ Փախուստի դիմեցին նաև՝ աշխարհազորականները։ Այնուհետև, պարսկական բանակի մարտական փղերի գունդը և նրա պահապան հետևազորը շրջապատեցին Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու գնդերը և մեծ կորուստներ տվեցին նրանց։ Ուստի մեր պատմիչների հաղորդած թվերը այդ ճակատամարտում հայկական բանակի, ինչպես նաև պարսկական բանակի կորուստների մասին ճիշտ լինել չեն կարող։ Պատմիչները այդ թվերը միտումնավոր կերպով փոքրացրել են կամ չեն կարողացել ճիշտ տվյալներ տալ։

Ավարայրի ճակատամարտում հայերը ռազմական պարտություն կրեցին, թեև տարան բարոյական հաղթանակ։ Պարտության պատճառները մի քանիսն են, դրանցից մեկն այն է, որ հարևան վրաց և աղվան ժողովուրդները ի վիճակի չգտնվեցին օգնելու հայերին։

Հայտնի է, որ 450 թվականին Խաղխաղի ճակատամարտի փառավոր հաղթանակը արդյունք էր նաև այն բանի, որ ապստամբ աղվանները միացան հայկական բանակին և Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ համառ կռվի մեջ մտան պարսից գերակշռող ուժերի դեմ։ Սակայն այդպես չեղավ Ավարայրի ճակատամարտում։ Բացի այդ, կտրելով հոնաց երկրից Հայաստան տանող երթուղիները, Հազկերտը թույլ չտվեց

[էջ 198]

Հոներին օգնելու հայերին։ Այդպիսով, Ավարայրի ճակատամարտում հայերը մնացին մենակ, առանց դաշնակցի, որը մեծ չափով նպաստեց նրանց պարտությանը։ Պարսկական

արքունիքին փաստորեն օգնեց բյուգանդական կայսրը, որը ոչ միայն օգնություն ցույց չտվեց իրեն դիմող հայերին, այլև

Հազկերտին հաղորդեց Հայաստանում նախապատրաստվող ապստամբության մասին։

Ավարայրի ճակատամարտի նախօրյակին հայ նախարարների, հոգևորականների և ազատների շրջաններում խորացավ պառակտումը և նրանք միասնաբար չկանգնեցին թշնամու դեմ։

Ավարայրի ճակատամարտում և նրանից առաջ հայերը թույլ տվեցին նաև մարտավարական սխալներ։ Պարենային պաշարների պակասության պատճառով Վարդան սպարապետը ստիպված է եղել ձմռան ամիսներին իր զորքերն արձակել տները և նրանց ետ կանչել միայն 451 թվականի ապրիլին, Ավարայրի ճակատամարտից միայն մեկ ամիս առաջ։ Ուստի, ամբողջ ձմեռվա րնթացքում ինչպես ողջ զորքը, այնպես էլ աշխարհազորականները, անհրաժեշտ չափով չեն նախապատրաստվել մարտի, ինչպես հարկն է չեն զինվել ու ռազմական վարժություններով չեն զբաղվել։ Բնական է, որ այդպիսի զորքով մարտի ելնել լավ զինված, թվական տեսակետից գերակշռող թշնամու դեմ հաղթանակ բերել չէր կարող։ Վատ էր նաև հայերի հետախուզությունը։

Հենվելով սխալ տվյալների վրա, սպարապետ Վարդանը հրաժարվել է պարտիզանական պայքարի և փոքր խմբերով մարտեր մղելու տակտիկայից և ընդունել բաց դաշտում թշնամու երկու անգամից ավելի ուժերի դեմ վճռական ճակատամարտ տալու որոշումը։

Դրան պետք է ավելացնել նաև այն, որ արագ երթով Արտաշատից մինչև Տղմուտ գետի ափը հասած հայկական բանակը առանց հանգիստ առնելու, հոգնած, մայիսի 26-ի վաղ առավոտյան անցնում է գետը և հարձակվում պարսկական բանակի վրա։

Հայկական զորքերի պարտությանը նպաստել է նաև այն, որ Վարդան Մամիկոնյանը, հետապնդելով հակառակորդին,

[էջ 199]

բացել է իր գնդի աջ թևը, որով նպաստավոր դրություն է ստեղծել պարսկական զորքի համար աքցանի մեջ վերցնելու հայոց գունդը։

Հայկական բանակի հրամանատարությունը ճակատամարտի վայրն ընտրելիս կարևոր նշանակություն չի տվել տեղանքին։ Նա անուշադրության է մատնել այն, որ պարսից վիթխարի բանակը զուրկ է մանևրելու հնարավորությունից, որովհետև նրա աջ թևում էին Զիլբեր–չայի հովտի ճահիճները, իսկ ձախ թևով ամուր սեղմվել էր Կարադաղ լեռների արևելյան լանջերին։ Այդպիսի վայրը նպաստավոր չէր պարսից հեծելազորի և փղերի շարժման համար։ Ուստի հայերը չպետք է շտապեին, այլ լավ նախապատրաստվեին ու անցնեին պաշտպանողական մարտի և բաց դաշտի վրա ճակատամարտ տալու փոխարեն սկսեին լեռնային պարտիզանական կռիվներ։ Այս բոլորին պետք է ավելացնել նաև այն, որ աշխարհազորականներից կազմված գունդը վճռական պահին ոչ միայն չի կարողացել օգնության հասնել մարտական կարգերի առաջին շարքերում նեղն ընկած զորամասերին, այլև դիմել է փախուստի։

Հայոց բանակի թույլ տված սխալները գլխավորապես վերաբերում են Վարդան Մամիկոնյանին, իսկ նա միջին ունակությունների զորավար չէր, ուստի պիտի հաշվի առներ այս ամենը։

Մեր պատմիչների մոտ ոչ մի ցուցում չկա, թե պարսկական մեծ բանակը պարտության է մատնել հայերին։ Պատմիչները միայն այն են հաղորդում, որ պարսկական բանակի մարտական կարգերի աջ թևում գտնվող գունդը, որը կռվում էր անմիջապես Վարդան սպարապետի գնդի դեմ, կատարել է կեղծ նահանջ, հետապնդող սպարապետի գունդը ընկել է ծուղակի մեջ։ Թշնամու տակտիկական այդ մանևրը առանձին նշանակություն չէր ունենա, եթե Վարդան սպարապետը ժամանակին գուշակեր այդ նահանջի նպատակը։ Նա մոռացության է տվել, որ իր փոքրաթիվ բանակով երբեք չէր կարող թշնամու վիթխարի բանակին զրկել մանևրելու հնարավորությունից։ Դա էր Վարդանի հիմնական սխալներից մեկը։

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմությունից

[էջ 200]

հայտնի է, որ բոլոր հայ զորավարները, ինչպես և հակառակորդ բանակների զորավարներն անձամբ մասնակցել են կռիվներին՝ գրոհներին և հակագրոհներին։ Դա ոգեշնչել է մարտիկներին, բարձրացրել նրանց մարտունակությունը, նրանց բարոյական ու քաղաքական ոգին։ Բայց Վարդան սպարապետի տակտիկական սխալը նրա մեջ էր, որ նա ճակատամարտի հենց սկզբին, իր վրա վերցնելով ձախ թևի գնդի հրամանատարությունը, քիչ ուշադրություն դարձրեց մյուս գնդերի վրա։ Ինչպես մեր հին պատմիչները, այնպես էլ հետագա շատ հետազոտողներ գտնում են, որ եթե Վարդան սպարապետը չսպանվեր, ապա Հայոց բանակը չէր պարտվի, մոռանալով, որ Վարդանի սպանվելուց հետո էլ հայերը համառորեն շարունակել են կռվել մինչև ուշ գիշեր։

Հինգերորդ դարի հայ մատենագիրների վկայությունից երևում է, որ թիկնապահ գունդը կազմված էր աշխարհազորականներից, որոնցից շատերը զենք չունեին և դժվար մոմենտին դիմել են փախուստի։ Այս հանգամանքն էր, որ Վարդանին ստիպեց իր եղբայր Համազասպին հրամայելու գունդը կռվի մեջ չմտցնել։ Նույն պատմիչները հիշատակում են նաև, որ գունդը փախուստի է դիմել թշնամու գաղտնի գործողությունների հետևանքով։ Երբ, նահանջող մատյան գնդին հետապնդելով, Վարդան սպարապետի գունդը սեպաձև խրվում է պարսից բանակի աջ թևի և կենտրոնի զորքերի միջև, հենց այդ ժամանակ ճակատը լքում է հայկական աշխարհազորայինների գունդը։ Իսկ դա պարսկական զորքերին հնարավորություն է տալիս աշխուժանալ և թևանց կատարել հայոց բանակի թիկունքը։ Գուշակելով այդ վտանգը, սպարապետը իր գունդը շարժում է դեպի աջ թևը և Արծրունյաց իշխան Ներշապուհի գնդի հետ միասին կասեցնում խուճապը, վերականգնում մարտական կարգը։ Սակայն այդ բանը կատարելիս Վարդանը բացում է և անպաշտպան թողնում իր գնդի ձախ թևը։ Օգտվելով դրանից, պարսից բանակի աջ թևում կանգնած մատյան գունդը և Վասակ Սյունեցու գունդը իրականացնում են թևանցը։ Այդ իսկ ժամանակ Արտաշիրը մարտի է հանում փղերի գունդը, և հայոց գնդերը հայտնվում են աքցանի մեջ, որտեղ և հերոսի մահով ընկնում է Վարդան սպարապետը։

[էջ 201]

Անդրկովկասյան ժողովուրդների հայերի, վրացիների, աղվանների, լազերի և մյուսների 450—451 թվականների պատերազմները պարսից զավթիչների դեմ եղել են համաժողովրդական, արդարացի պատերազմներ։ Այդ մարտերում մասնակցել են սոցիալական բոլոր խավերը՝ նպատակ ունենալով իրենց ուսերից թոթափել օտարերկրյա տիրակալների լուծը։ Խաղխաղի ճակատամարտը, որտեղ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ կռվում էին հայերի, վրացիների, աղվանների քաջարի զավակները և որոնք փառավոր հաղթանակ տարան պարսից հզոր բանակի դեմ, այդ ժողովուրդների դաշինքի արդյունքն էր։

Ավարայրի ճակատամարտում հայերի ռազմական պարտությունը ոչ միայն չթուլացրեց, այլև ավելի համախմբեց ու ամրացրեց կովկասյան ժողովուրդների՝ հայերի, վրացիների, աղվանների և մյուսների դաշինքը, որը հետագայում ցայտուն կերպով դրսևորվեց այդ ժողովուրղների ազատագրական հաջորդ շարժումների ժամանակ։

Ավարայրի ճակատամարտում կրած ռազմական պարտությունը ոչ միայն չխախտեց հայ ժողովրդի դյուցազնական զավակների աննկուն կամքը, այլև նրանց ոգևորեց դիմելու նոր գոտեմարտի։ Ավարայրն ավելի սերտացրեց հայերի և Կովկասի մյուս ժողովուրղների դաշինքը՝ պայքարելու իրենց ազատության համար։

4. 481-485 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՎԱՐԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ

Չնայած Ավարայրի ճակատամարտում հայերը ռազմական պարտություն կրեցին, սակայն 450—451 թվականների ապսաամբության քաղաքական և բարոյական նշանակությունը շատ մեծ էր։ Պարսիկ նվաճողները համոզվեցին, որ Հայաստանը և հայ ժողովրդին իրենց անսահմանափակ իշխանությանը ենթարկելը հեշտ գործ չէ։ Հայրենիքի անձնազոհ մարտիկները արյան գնով պաշտպանեցին հայրենի երկրի ներքին անկախությունը։

[էջ 202]

Հենց այդ բարենպաստ պայմաններում է, որ պատանդում գտնվող վրաց Աշուշա բդեշխը վերադարձավ (455 թ.) հայրենիք իր հետ բերելով Հմայակ Մամիկոնյանի՝ պատանդում գտնվող որդիներին՝ Վահանին, Վասակին և Արտաշեսին1։

481 թվականին պարսից թագավոր Պերոզը հոների հետ հաշտություն կնքելուց հետո նորից փորձում է իրականացնել Հազկերտի ձեռնարկած քաղաքականությունը՝ Անդրկովկասի ժողովուրդների ներքին անկախությունը վերացնելու և պարսիկների հետ ձուլելու ուղղությամբ։

Այս անգամ ապստամբության դրոշը Սասանյան Պարսկաստանի դեմ առաջինը բարձրացնում է վրաց ժողովուրդը։ Ապստամբության հաջողության համար Վրաստանի Վախթանգ Գոգասար թագավորը դիմում է դաշնակից հայերի օգնությանը2։

Հայկական նախարարների զորքերն այդ ժամանակ գտնվում էին Շիրակում։ Ապստամբելու մասին ստանալով Գոգասարի գրությունը, նախարարները որոշում են ապստամբվել առաջնորդ ընտրելով Վահան Մամիկոնյանին։ Շիրակում գտնվող պարսից կայազորը փախչում և ապաստանում է Շիրակի Անի բերդում, իսկ այնտեղից էլ՝ Արտաշատ։ Ապստամբած հայ նախարարներն իրենց ջոկատներով հետապնդում են նրանց և շրջապատում Արտաշատը։

Հայաստանի պարսիկ մարզպան Ատրվշնասպին և պարսիկ հազարապետին հաջողվում է Արտաշատից փախչել Ատրպատական։ Այնուհետև Սահակ Բագրատունին, Վահան Մամիկոնյանը և նրանց կողմնակից նախարարները փոխադրվում են Դվին, որտեղ կազմում են նոր կառավարություն։ Հայոց մարզպան է ընտրվում Սահակ Բագրատունին, իսկ սպարապետ՝ Վահան Մամիկոնյանը։

Հաջորդ տարվա գարնանը Ատրվշնասպը Ատրպատականի մարզպանի և այնտեղ գտնվող գնդերի գլուխ անցած արշավում է Հայաստան։

_______________________
1 Ղազար Փարպեցի, էջ 110—111։
2 Նույն տեղը, էջ 119։

 

[էջ 203]

Հայերի զորքերի թիվը փոքր էր, և դա տարակուսանք է առաջացնում շատ նախարարների մոտ։ Սակայն համոզվելով, որ հաղթությունը չի բնորոշվում միայն զորքի բազմությամբ, որոշում են նրանց դեմ ուղարկել 400 մարդուց կազմած մի մարտական ջոկատ՝ Վասակ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Բայց մինչև հայկական զորագունդը կհասներ Վարազկերտ գյուղը, 7000 մարդուց կազմված պարսկական զորքը արդեն գետն անցնում է և մտնում երկիրը։ Վասակը թշնամու ուժերը հետախուզելու համար իր առաջապահ ջոկատով գիշերով մտնում է Կռվակք գյուղը։

Հաջորդ առավոտյան, անսպասելի կերպով Կռվակք են մտնում նաև պարսկական զորքերը։ Ծուղակից դուրս գալու նպատակով Վասակը դիմում է խորամանկության։ Նա իր ջոկատին կարգադրում է փոքր խմբերով աննկատելի հեռանալ գյուղից, իսկ ինքը Ատրվշնասպի ուշադրությունը գրավելու համար պատգամավորներ է ուղարկում նրա մոտ բանակցությունների։ Երբ հայկական զորաջոկատի բոլոր մարտիկները դուրս են գալիս Կռվակքից և հասնում Վարազկերտ, որտեղ գտնվում էին հայերի հիմնական ուժերը, Վասակը նստում է իր երիվարը և հեռանում գյուղից։

Մարտը Ակոռի գյուղի մոտ։ Վարազկերտում Վահանը հրավիրում է ռազմական խորհուրդ և հայտնում, որ պարսկական զորքը չնայած մեծ է, բայց սարսափելի չէ։ Հաղթանակը ապահովելու նպատակով Վահանը առաջարկում է անցնել լեռնային պաշտպանության՝ նկատի ունենալով, որ եթե անհաջողության հանդիպեն, կարող կլինեն ապաստանել անառիկ լեռներում։ Այդ առաջարկությունը ընդունվում է, և հայկական զորագունդը գնում ու բանակ է դնում Արտաշատից 25 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Մասիս լեռան լանջին գտնվող Ակոռի գյուղի մոտ1։ Մանր կռիվներով նրանք այստեղ են քաշում նաև պարսկական զորքերին։

Իր աշխարհագրական անառիկ դիրքով Ակոռի գյուղը ո՛չ միայն նպաստել է Վահանին լավ պաշտպանություն կազմա-

_______________________
1 Ղազար Փարպեցի, էջ 124։

 

[էջ 204]

կերպելու, այլև այն հարմար է եղել անհաջողության դեպքում դեպի Արտաշատ նահանջելու համար։

Կռվի վայրն ընտրելուց հետո Վահանն իր զորագունդը բերում է մարտական կարգի։ Կենտրոնի հրամանատարությունը վերցնում է իր վրա՝ օգնական ունենալով Բաբկեն Սյունիին։ Աջ թևի ջոկատի հրամանատարությունը հանձնում է Գարջոյլ Մաղխազին, իսկ ձախինը՝ Գնունյանց Ատոմ և Առաստոմ եղբայրներին։ Անհրաժեշտության դեպքում աջ և ձախ թևերի զորաջոկատներին օգնություն ցույց տալու նպատակով, Շիրակի Ներսեհ Կամսարականի և նրա եղբայր Հրահատի հրամանատարությամբ գործող չորրորդ զորաջոկատը դասավորում է կենտրոնական զորաջոկատի թիկունքում, որտեղից հեշտ էր նկատվում ամբողջ զորքի մարտական գործողությունը։ Սկսվում է ճակատամարտը։ Շեշտակի հարձակվող հայ ռազմիկները ցիրուցան են անում պարսկական զորագունդը, որը խուճապահար սկսում է փախչել։

Այդ ճակատամարտում սպանվում են պարսկական բանակի հրամանատար Ատրվշնասպը և ուրիշ շատ հրամանատարներ ու զինվորներ։

Հաղթանակից հետո հայկական ջոկատը՝ Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ, Ակոռիից վերադառնում է Դվին:

Ակոռիի ճակատամարտը հայերի ռազմական արվեստի պատմության փայլուն էջերից է և իր նման քիչ օրինակներ ունի։ Դա արդյունք էր հայ զինվորների անվեհերության ու քաջության, հայրենիքի ազատագրման գործին նրանց նվիրվածության, ռազմական զենքերի հմտորեն գործադրման, մարտական արվեստի նրանց լավ իմացության։

Ակոռիի ճակատամարտի հաջող ելքը և հաղթանակը արդյունք էր նաև Վահան Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական այդ փոքրաթիվ զորաջոկատի հրամանատարների ռազմական արվեստին գիտակ լինելուն, մարտավարությունը ճիշտ ծրագրելուն և մարտի ընթացքում այդ ծրագրի հաջող կենսագործման։

481 թվականի աշնանը Հայաստանի քաղաքական դրությունը բավականին ծանր էր։ Սպասվում էր, որ գարունը բացվելուն պես նոր պատերազմ է սկսվելու։ Հայ նախարարները

[էջ 205]

դիմեցին հույների օգնությանր, բայց մերժում ստացան։ Փորձեցին օգնություն ստանալ Վրաստանից, սակայն մեծ արդյունք չունեցան, վրաց Վախթանգ թագավորը ուղարկեց 300 զինվոր (հոներից), սակայն ինչ-որ պատճառով նրանց ետ կանչեց։ Եվ այսպես, հայերը մնացին միայնակ։

Վահանն աշխատեց համախմբել հայ նախարարներին։ Նա դիմեց Արծրունյաց, Անձևանց, Մոկաց ու Ռշտունյաց նախարարներին, որոնք կռիվներին չէին մասնակցում, և խնդրեց նրանց օգնությունը, վերջիններս խոստացան։

«Ամբողջ 481 թվականի ամառն ու աշունը, ինչպես նաև 481-482 թվականների ձմեռը, անցնում է կազմակերպչական եռուզեռի մեջ»1:

482 թվականի գարնանը պարսկական զորքերը մտան Հեր և Զարևանդ գավառները։ Պարսից զորքերի ընդհանուր հրամանատարն էր Ատրներսեհ Փուշտիպան Սալարը։ Վահան Մամիկոնյանն անմիջապես գործի անցավ, նա 482 թ. ապրիլին, երեսունհազարանոց բանակով, որին միացել էր նաև վրացական օժանդակ զորամասը, դուրս գալով Դվինից, մի քանի օրից հետո հասավ Արտազ գավառը, մոտեցավ պարսկական բանակին և կանգ առավ Ներսեհապատ գյուղի մոտ՝ Ավարայրից ոչ հեռու։

Փարպեցու տեղեկությունից երևում է, որ Վահանին հայտնի էր, որ պարսկական կողմից Ներսեհապատի ճակատամարտում մասնակցում է Կատշաց գունդը, որը կազմված էր տասն հազար մարդուց, իսկ դրանից երեք անգամից ավելի՝ պարսկական զորքերը։ Այսպիսով, երկու կողմից այս ճակատամարտին մասնակցել է 65-70 հազար մարդ։

Գիշերը Վահանը սկսում է կարգավորել զորքը և մարտական կարգը։ Կենտրոնը մեծաքանակ հեծյալներով տալիս է Սահակ Բագրատունուն, աջ թևի զորամասերը՝ Բաշղ Վահևունուն, Բաբգեն Սյունիին, Ատոմ Գնունուն և Փափագ Պալունուն։ Ձախ կողմի հրամանատարությունը դնում է Կամսարական

_______________________
1 Ա. Գ. Աբրահամյան, Հայաստանը վաղ ֆեոդալիզմի շրջանում, էջ 114:

 

[էջ 206]

եղբայրների վրա։ Ընդհանուր հրամանատարությունը Վահանը վերցնում է իր վրա։

Սպարապետ Վահանը նպատակ է ունեցել օգտագործել բոլոր հնարավոր միջոցները, աննկատելի կերպով մոտենալ թշնամուն և հանկարծակի հարձակվել նրա գնդերի վրա, խուճապի ու փախուստի մատնել և զրկել դիմադրությունից։ Սակայն այդ ծրագիրը չի հաջողվել իրականացնել, որովհետև պարսկական զորքն ինքն է անցել հարձակման։

Պարսկական բանակի առաջին իսկ հարձակումից հայկական բանակի աջ թևը՝ Բաշղ Վահևունու հրամանատարությամբ, թուլանում է, մատնվում խուճապի և դիմում փախուստի։ Բանակի կազմալուծված կարգը վերականգնելու համար կենտրոնական գնդի հրամանատար մարզպան Սահակը իր զինվորներով օգնության է հասնում աջ թևի զորագնդերին։ Վահանը, տեսնելով, որ հայկական զորքը խուճապի է մատնվում, նախարար Կամսարականի հետ հարձակվում է թշնամու վրա, ջախջախում նախ մեկ թևը և ապա՝ մյուսը։ Նա իր հեծյալ գնդով թշնամու վրա հարձակվել է աջից, իսկ Կամսարական եղբայրները՝ ձախից։ Ճնշում գործելով թշնամու զորքերի աջ և ձախ թևերի վրա, հայկական գնդերը կոտրել են նրանց դիմադրությունը և փախուստի մատնել, իսկ հետ ուժգին հարված հասցնելով թշնամու զորքերի կենտրոնին ջախջախել թշնամուն։

Այդ ճակատամարտից հետո, 482 թվականի գարնանը, հայկական զորագունդը հանգստանալու նպատակով գնում և ճամբար է դնում Ծաղկոտն լեռների Վարշակ կոչված աղբյուրների մոտ։

Հայկական զորաբանակին, սակայն, վիճակված չէր հանգստանալ։ Այդ օրերին ժամանում է վրաց Վախթանգ թագավորի դեսպանը և հաղորդում, որ պարսկական շատ գնդեր մտել են Վրաստան և ավերում են երկիրը։ Նա օգնություն է խնդրում հայերից։

Ճակատամարտ Ճարմանայի դաշտում։ Հայոց մարզպան Սահակը, սպարապետ Վահանը և նախարարները, դաշինքի մեջ լինելով վրացիների հետ, 482 թվականի ամառը մեծ զորաբանակով օգնության են մեկնում և բանակ դնում Ճարմա–

[էջ 207]

նայի դաշտում։ Ըստ Վախթանգ թագավորի՝ Վահանին հայտնած տեղեկության, իրենց օգնության պետք է գային նաև հոները, բայց վերջիններս դրժում են իրենց խոստումը ու չեն գալիս:

Չորս օրից հետո երևում են պարսկական զորքերը՝ Միհրանի գլխավորությամբ։ Հայ-վրացական բանակը ստիպված ընդունում է ճակատամարտը։ Աջ կողմում հայերն էին, իսկ ձախ կողմում՝ վրացական զորքը։ Վահանը կենտրոնական զորագնդի հրամանատարությունը վերցնում է իր վրա։

Պարսկական և հայ-վրացական զորքերը պատրաստ էին ճակատամարտի։ Ճակատամարտի հենց սկզբում Վահանը, նրա եղբայր Վասակը և Կամսարական իշխանները ջարդում են իրենց դեմ կռվող պարսկական գունդը և փախուստի մատնում նրան։

Ճակատի մյուս թևերում մարտը շարունակում է ավելի ուժեղանալ։ Ճակատամարտի թեժ պահին սպանվում են մարզպան Սահակ ասպետը, Վասակ Մամիկոնյանը, մի քանի այլ իշխաններ և շատ ռազմիկներ, ծանր վիրավորվում է Բաբկեկ Սյունին, գերի է ընկնում Հրահատ Կամսարականը, Յազդ անունով Սյունիքի մեկ այլ իշխան և շատ վրաց ազնվականներ։

Պարսիկներն ակտիվանում են։ Հայերի և վրացիների շարքերում առաջանում է խուճապ, նրանք մեծ կորուստ են տալիս և պարտվում են։

Այդպիսով, Ճարմանայի ճակատամարտը վերջացավ հայերի և վրացիների պարտությամբ, դա հետևանք էր այն բանի, որ, նախ, դաշնակից հոները, որոնց վրա մեծ հույս էին դրել հայերն ու վրացիները, օգնության չեկան։ Ապա՝ թշնամու համեմատությամբ հայ-վրացական զորքերի թիվը շատ փոքր էր։ Եվ, վերջապես, հայկական բանակը, որը մեծ ճանապարհ էր կտրել, բավականին հոգնած էր և ճակատամարտ տվեց անծանոթ վայրում1։

Պարտությունից հետո Վահանը, Կամսարական երկու եղբայրները և մի քանի այլ նախարարներ՝ իրենց զորամասերով նահանջում են Տայք և բանակ դնում Մկնառինջ գյուղի մոտ։

_______________________
1 Ա. Աբրահամյան, Հայաստանը վաղ ֆեոդալիզմի շրջանում, էջ 116։

 

[էջ 208]

Հետապնդելով Վահանին, շուտով այնտեղ է հասնում պարսկական զորքը (Միհրանի գլխավորությամբ), որը կանգ է առնում Վահանի զորագնդի դիմաց Բասենի Դու գյուղում և Վահանին առաջարկում է անձնատուր լինել։ Վահանը կտրականապես մերժում է։

Դեռ չէին ավարտվել Միհրանի և Վահանի միջև տեղի ունեցող բանակցությունները, երբ Միհրանը կանչվում է Պարսկաստան՝ հեփթաղների դեմ պատերազմի գնալու համար։ Մեկնելիս սա իր հետ տանում է գերած հայ իշխաններին։ Կամսարական Ներսեհը իր ջոկատով հետապնդում է նրան և ճանապարհին գերությունից ազատում է եղբորը՝ Հրահատին։

Վահան Մամիկոնյանը, օգտվելով նպաստավոր պայմաններից, իր ջոկատով հեռանում է Արարատյան գավառ՝ սկզբում կանգ է առնում Վաղարշապատում, ապա տեղափոխվում Դվին։ Գարունը բացվելուն պես պարսից զորքերը Հազարավուխտի գլխավորությամբ, անցնում են Արաքսը և ապա պաշարում Դվինը։

Վահանն իր փոքր ջոկատով ճեղքում է պաշարման օղակը, դուրս գալիս շրջապատումից և հեռանում։

Վահան սպարապետը մարտերով նահանջում է պարսից հետապնդող զորքերից և ապաստանում Խաղտյաց սահմանի ամրոցներից մեկում։ Վահանի զորաջոկատին հետապնդող պարսկական զորքը հասնում է Ոքաղն գավառը և բանակ դնում Գյուղիկ ու Վարդաշեն գյուղերում։ Այստեղ պարսկական զորքը հարձակվում է հայկական զորաջոկատի վրա, բայց մեծ հաջողություն չի ունենում։ Պարսիկներին միայն հաջողվում է գերել Շիրակի տեր Ներսեհ Կամսարականին և նրա եղբայր Հրահատին՝ նրանց կանանց հետ1։

Չկարողանալով բռնել Վահանին, Հազարավուխտը իր ամբողջ զորքով անցնում է Բասեն և բանակ դնում Աղբերականց դաշտում, Դու գյուղի մոտ։

Վահանը ամեն կերպ աշխատում է խուսափել պարսկական զորքերի հետ բաց դաշտում ընդհարվելուց և շարունակում է պարտիզանական պայքարը։ Նա կայծակնային հարվածներ է հասցնում թշնամուն։

_______________________
1 Ղազար Փարպեցի, էջ 145։

 

[էջ 209]

Վահան սպարապետը, իր մարտիկներով կամենալով անցնել Հաշտենի սահմանը, բանակ է դնում նրանից ոչ հեռու Ծաղիկ գյուղում։ Նախօրոք տեղեկանալով այդ մասին, պարսիկ զորավար Շապուհը հանկարծակի հարձակվում է Ծաղիկ գյուղի վրա։ Բայց Վահանը զգուշորեն դուրս գալով այդ գյուղից, տեղափոխվում է մի ուրիշ, ավելի անվնաս տեղ։ Նա Հասնում է Կարնո մոտ գտնվող Արծափի գյուղը։ Այդ գյուղի մոտ պարսիկները հարձակվում են հնձվորների վրա։ Տեսնելով այդ, Ներսեհ Կամսարականը և Մուշեղ Մամիկոնյանը միանում են հնձվորներին և ջարդում պարսկական ջոկատը։ Այստեղ նրանք սպանում են 72 պարսիկ զինվորի։ Այդ սխրագործության լուրն առնելով, Վահանն իր զորաջոկատով անցնում Արշարունյաց գավառի Երեզ գյուղը և կամենում այնտեղ հանգստանալ։

Շապուհը իր զորքը մոտեցնում և բանակ է դնում Երեզ գյուղի մոտ։ Երեզցիները, միանալով Վահանի ջոկատին, գիշերը հարձակվում են թշնամու բանակատեղի վրա, խուճապի մատնում պարսից զորագունդը և խառնաշփոթության մեջ սկսում կոտորել նրանց։

Այնուհետև Վահանը իր ջոկատով մեկնում է Շտեյ գյուղի կողմերում գիշերելու։ Սակայն մյուս օրն առավոտյան այդ գյուղն է մտնում պարսկական մի զորամաս։ Ստեղծվում է այնպիսի վիճակ, որ այլևս հնարավոր չէր հրաժարվել մարտից, ուստի Վահանն իր զորագունդը նախապատրաստում է ճակատամարտի։

Սկսվում է մարտը։ Վահանի զորամասերը, թևանց կատարելով, սկսում են կոտորել թշնամուն։ Այդ կռիվներում սպանվում են Վահանի զինակիցներից ոմանք։ Աակայն Վահան Մամիկոնյանին հաջողվում է կռվից դուրս բերել իր զինվորների մեծ մասին։

Շապուհի գործադրած բոլոր ջանքերր բռնելու Վահանին վերջանում են անհաջողությամբ։ Շապուհը դիմում է Պերոզ Արքային և հայտնում, որ Վահանը իր փոքրաթիվ զորամա–

[էջ 210]

սով մեծ վնասներ է տալիս իրեն և որ չի հաջողվում բռնել նրան։

484 թ. հուլիսին պատերազմ է ծագում հեփթաղների և Պարսկաստանի միջև։ Ճակատամարտում պարսից բանակը ծանր կորուստներ է կրում, սպանվում է պարսից Պերոզ թագավորը։

Բասենի գավառի Ալվար գյուղում բանակ դրած Շապուհը լուր է ստանում, որ հեփթաղների դեմ պատերազմում պարսկական զորքերը ծանր պարտություն են կրել սպանվել է Պերոզը։ Շապուհը իր զորագնդով կանչվում է Տիզբոն։ Օգտվելով ստեղծված վիճակից, Վահանը վերադառնում է Դվին։

Պարսկական գահն է բարձրանում Պերոզի եղբայր Վաղարշը, վերջինս, ձգտելով վերականգնել Պարսկաստանի միասնությունը, ստիպված է լինում վերջ դնել Պերոզի վարած քաղաքականությանը։ Հաշտության բանակցությունների համար պատգամավորություն է ուղարկվում Հայաստան՝ Վշնասպդատ Նիխորի գլխավորությամբ։ Սա հասնում է Հեր գավառի Նվարսակ գյուղը և բանակցություններ է սկսում Վահանի հետ։

Դաշնագիրը կնքելուց հետո Նիխորը Վահանին խնդրում է կազմել մի զորագունդ և օգնության հասնել Վաղարշին՝ Պերոզի որդի Զարեհի դեմ, որն ապստամբել էր։

Վահանը կազմում է այդ զորագունդը և Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ ուղարկում է Պարսկաստան։

Հայաստանում սկսվում է խաղաղ շինարարական աշխատանքը։ Կարճ ժամանակամիջոցում վերականգնվում են պատերազմներից ավերված ավաններն ու գյուղերը։

Վահան Մամիկոնյանի վարած Ակոռիի և Ներսեհապատի ճակատամարտերը, ինչպես և երկու տարի տևած պարտիզանական կռիվները փայլուն էջեր են հայերի ռազմական արվեստի պատմության մեջ։ Դրանք ցույց տվեցին, որ ճակատամարտի հաջողությունր կապված չէ միայն զորքի քանակից, այլև մեծ չափով պայմանավորված է նաև մարտ վարելու հմտությունից, հայրենիքի նկատմամբ նվիրվածությունից, զորքերի քաջությունից և տեղանքի պայմանները խելացի օգտագործելուց։

 


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն»
«Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև

Հովհան Մամիկոնյան - Տարոնի պատմությունը
Առաջին Հանրապետության վերջին օրերը (անհայտ գրողի օրագիր)

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice