ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Սարգիս Սարգսյան

ՀԱՅ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 48]

ԵՐՐՈՐԴ ԳԼՈՒԽ

ՀԱՅԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈԻԹՅՈԻՆԸ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ԴԵՄ ՄՂՎԱԾ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԻՆ

1. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՐՍԻՑ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Ապստամբ հայերին 520 թ. (մ.թ.ա.) պարտության մատնելուց հետո, Դարեհ I-ը Հայաստանը միացրեց իր կայսրությանը և այնտեղ ստեղծեց երկու կուսակալություն։ Արևելյան կուսակալություն (ըստ Հերոդոտի՝ XVIII), կուսակալն էր Երվանդյանների տոհմից, աթոռանիստը՝ Շահապիվան քաղաքը, և Արևմտյան (XIII կուսակալությունը), աթոռանիստը Անին, Դարանաղի գավառում։ Ինչպես բոլոր հպատակեցված երկրներում, այնպես էլ Հայաստանում կուսակալի ձեռքում էր կենտրոնացած վարչական ու դատական իշխանությունը։ Կուսակալը զրկված է եղել զորք պահելու իրավունքից։ Կուսակալությունում ռազմական իշխանությունը կենտրոնացվել է նշանակված զորապետի ձեռքում։ Հերոդոտի տվյալներով, յուրաքանչյուր կուսակալություն Պարսկաստանին վճարել է 400 տաղանդ արծաթ (մոտ 1 209 600 ռուբլի ոսկով)։

Համարյա 200 տարվա ընթացքում, սկսած ասստամբության ճնշումից (520 թ. մ.թ.ա.) մինչև Աքեմենյան հարստության անկումը (300 թ. մ.թ.ա.) հայոց քառասունհազարանոց հետևակը և ութհազարանոց այրուձին գտնվել է պարսից զորքերի կազմում բոլոր արշավանքների մեջ։

[էջ 49]

2. ՀԱՅՈՑ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿԵԴՈՆԱՑՈՒ ԴԵՄ ՄՂՎԱԾ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԻՆ

334 թ. գարնանը Ալեքսանդր Մակեդոնացին իր բանակը տեղափոխեց Հելեսպոնտոսի (այժմ՝ Դարդանելի նեղուցի վրայով և ներխուժեց Փոքր Ասիա։ Ալեքսանդր Մակեդոնացու հունական բանակի և Դարեհ I-ի պարսից զորքերի միջև առաջին ճակատամարտը տեղի է ունեցել 334 թ. մայիս–հունիս ամիսներին, Գրանիկ դետի ափին։ Կողմերի ուժերը Համարյա հավասար են եղել։ Հունական զորքերն ունեցել են 30000 հետևակ և 5000 ձիավոր: Պարսից զորքերը՝ 20000 հունական վարձկան հետևակ և 20000 հեծելազոր ու հետիոտն պարսկական նետաձիգ։ Չնայած այն բանին, որ պարսից զորքերը գրավել են նպաստավոր դիրքեր Գրանիկ գետի աջ, բարձր ափի վրա, այնուամենայնիվ, նրանք կրել են ծանր պարտություն1։

Մեկ տարի երեք ամիս անց, այսինքն՝ 333 թ. նոյեմբերին (մ.թ.ա.) տեղի է ունեցել Իսոսի հռչակավոր ճակատամարտը։ Այդ ճակատամարտին պարսկական 120-130 հազար ձիավոր ու հետևակ զորքերի հետ մասնակցել են նաև Պարսկաստանին հպատակ Հայաստանի զորքերը2։

Դարեհ III-ը իր զորքերի մարտական կարգերը կառուցելիս հեծելազորի մեծագույն մասը, նրանց թվում և հայկական հեծելազորը, դրել է ճակատամարտի վտանգավոր տեղերում՝ աջ և ձախ թևերում։

Պարսից թագավորները ձգտել են ճակատամարտի վտանգավոր տեղերում դնել այլ ժողովուրղների բանակները հետևյալ նպատակով, ա) որպեսզի խնայեն պարսից զորքերի կենդանի ուժը և բացարձակ վերահսկողություն ունենան մնացած ժողովուրդների վրա, բ) թուլացնեն օտար ժողովուրղների զորքերի հզորությունը, զրկեն նրանց պարսից բռնակալությանը հակադրվելու հնարավորությունից, գ) ճակատամարտի հաջողության դեպքում հաղթանակի փառքը վերագրեն պարսից զորքին և իրենց մարտական արվեստին։

_______________________
1 Е. А. Разин, История военного искусства, том I, стр. 222.
2 Նույն տեղը, էջ 227։

 

[էջ 50]

Գավգամելայի ճակատամարտում (331 թ.) Դարեհ III-ը իր զորքերը դասավորել է լայնածավալ և բաց ղաշտավայրում, Գավգամելայից դեպի հյուսիս, որն արևմուտքից եզերված էր փոքր բարձունքների շղթայով։ Պարսից բանակ շարված է եղել երկու գծով, առաջին գծում՝ հետևակը, երկրորդում` օժանդակող զորքերը։ Առաջին գծի կենտրոնում գտնվել է Դարեհ III-ը՝ շրջապատված պալատական ազնվականներով ու նրանց զորքերով, ունենալով իր առաջում 15 մարտական փիղ, իսկ նրանց հետևից, որպես պաշտպանություն, դասավորված են եղել մարդինների նետաձիգները։ Դարեհի և նրա պալատականների երկու կողմերում մարտական կարգերի առաջին գծում, կանգնել են հնդիկներն ու կարեյցիք, 15 հազար «անմահ»1 պարսիկները և հունական վարձկան հետևակը։ Աջ թևում դասավորված են եղել Մեծ Հայաստանի և փոքրասիական ժողովուրդների հետևակները։ Աջ թևի առջևից դասավորված է եղել հայկական և կապադովկիական հեծելազորը պաշտպանված 40 մարտական սայլակներով, որոնց անիվների սռնիների վրա գերանդիներ էին ամրացված։ Ձախ թևում դասավորված է եղել բակտրիացիների, կադուսների, սկյութների, Փոքր Հայքի և մյուս հպատակ ժողովուրդների հետևակը։ Այդ թևի առջև դասավորված է եղել Փոքր Հայքի, բակտրիացիների և սկյութների հեծելազորը, որոնք նույնպես իրենց առջև ունեցել են կողքերին դանակներով մարտական սայլակներ։

Հայոց զորքերի մասնակցությունը Գավգամելայի ճակատամարտին հաստատվում է հունական և հռոմեական պատմական աղբյուրներով։ Արրիանի և Կուրտիուս Ռուֆուսի տեղեկություններով, պարսից զորքերի հետ միասին, Գավգամելայի ճակատամարտում հայերը կռվել են Ալեքսանդր Մակեդոնացու դեմ։ Կուրտիուսի տվյալներով, այդ ճակատամարտին մասնակցել են հայկական 40000 հետևակ

_______________________
1 «Անմահ» են կոչվել այդ զորքերը, որովհետև վիրավորվելու կամ սպանվելու դեպքում նրանց շարքերը անմիջապես լրացվել են նոր, թարմ ուժերով և պարսից թագավորի այդ հատուկ զորքի թիվը միշտ էլ եղել է անփոփոխ։

 

[էջ 51]

և 7000 հեծելազոր, նույն Կուրտիուս Ռուֆուսի վկայությամբ, պարսկական զորքերի մարտական կարգերի աջ թևում գտնվել են Մեծ Հայքի, իսկ ձախ թևում՝ Փոքր Հայքի զորքերը1։

Տեղեկություն ստանալով, որ Ալեքսանդր Մակեդոնացին Տիրոսից շարժվում է Տապսակ (331 թ. սկզբին մ.թ.ա.), Դարեհը 3000 հեծելազոր և հունական 3000 վարձկան հետևակ իր զորավար Մազեայի հրամանատարությամբ ուղարկում է արգելելու մակեդոնացիների զորքերին անցնելու Եփրատ գետը, իսկ ինքը՝ Դարեհը, իր զորքերի գլխավոր ուժերով, ինչպես նշեցինք վերևում, բանակում է Տիգրիս գետի ձախ ափին, Գավգամելա գյուղի մոտ, որը գտնվել է Ասորիքի քաղաք Արբելայի (այժմ՝ էրբել, Ւրաք) հարավում։

Տապսակի մոտ պարտության մատնելով պարսից առաջապահ զորքերին, գետանցելով Եփրատը, չորս օրվա երթից հետո Ալեքսանդր Մակեդոնացին հասնում է Գավգամելա և կառուցում է իր զորքերի մարտական կարգը հետևյալ կերպ. կենտրոնում դասավորում է ծանր հետևակի փաղանգը (հոպլիտներ), իր զորքերի աջ թևում դնում է մակեդոնական ութ «իլա»2 և հեծելազորը՝ Փիլոտի գլխավորությամբ, ձախ թևում շարում է հունական հետևակը՝ Պարմենիոնի հրամանատարությամբ, նրանից ձախ՝ հունական և թեսալիական հեծելազորը։ Մարտական շարքերի առջևում և թևերում գտնվել են թեթև զինված հետևակը և թեթև հեծելազորը։ Թիկունքը և թևերը ապահովելու համար Ալեքսանդրը երկրորդ գծի վրա շարում է 8200 գիպասիստներ։ Ալեքսանդր Մակեդոնացու զորքերում հաշվվում էր 50000-60000 մարդ, որոնցից երկու փաղանգը ծանր հետևակ՝ մոտ 30000 մարդ, թեթև հետևակ՝ մոտ 10000 մարդ, հեծելազոր՝ 7 հազար մարդ և անկազմակերպ զորք՝ մոտ 10-13 հազար մարդ3:

_______________________
1 Հ. Մանանդյան, Քննական տեսություն... հատ. Ա, էջ 91։
2 Հին հունական հետևակազորի մարտական շարքը կոչվում էր փաղանգ, ունեցել է 16-18 հազար ռազմիկ, 8, 10, 12 նույնիսկ 24 մարտական տողան, մեկ «իլա»-ն ուներ 64 հեծյալ։
3 Е. А. Разин, История военного искусства, том I, стр. 231.

 

[էջ 52]

Պարսից զորքերը թվով զգալիորեն գերակշռել են հունական զորքերին։ Պարսկական բանակն ուներ 60-80 հազար մարդ հետևակ, 12000 հեծելազոր, 100 մարտական սայլակ և 15 մարտական փիղ1։

Սեպտեմբերի 29-ին, ընդհուպ մոտենալով պարսից զորքերի դասավորման տեղին, երեկոյան, իր զորքերի հրամանատարների հետ միասին, Ալեքսանդր Մակեդոնացին մանրազնին հետախուզում է ռազմադաշտը, պարսիկների դասավորությունը և կազմում է մարտի պլանը։ Մոտենալով թշնամուն, Ալեքսանդրը ծանր հետևակի փաղանգին հրամայում է առաջ շարժվել, որպեսզի մակեդոնացիների աջ թևը հավասարվի Դարեհի զորքերի ձախ թևին՝ թշնամու այդ թևի վրա հարվածը կենտրոնացնելու նպատակով։ Կռահելով մակեդոնացիների մտադրությունը, այն է՝ գրավել պարսից զորքերի ձախ թևի բարձունքները, Դարեհը սկզբից երկարաձգում է ձախ թևը դեպի ձախ, ապա հրամայում է բակտրիական, սկյութական և Փոքր Հայքի հեծելազորին հարձակվել մակեդոնացիների աջ թևի վրա։ Հեծելազորի այդ գրոհը ետ է մղվում, իսկ հեծելազորը քայքայվում է։ Այն ժամանակ Դարեհ III-ը քայքայված հեծելազորին օգնության է ուղարկում մարտական կառքերը՝ կողքերը դանակներով։ Աղեղնաձիգների ուժգին նետաձգության հետևանքով պարսից մարտական կարգերը կազմալուծվում են և ջախջախվում2։

Դարեհը, այդ տեսնելով, շարժում է իր ամբողջ զորքը: Պարսից աջ թևի և կենտրոնի զորքերի մարտական շարքերի միջև առաջանում է ճեղքվածք։ Օգտվելով դրանից, իր հեծելազորի գլուխն անցած Ալեքսանդր Մակեդոնացին սրընթաց նետվում է այդ ազատ ճեղքվածքի մեջ, ետ է մղում, ապա ջախջախում և հետապնդում պարսից ձախ թևը։ Հարվածելով ձախ թևին և թիկունքին՝ Ալեքսանդրը խառնաշփոթություն է ստեղծում պարսկական զորքերում։ Դարեհը դիմում է փախուստի։ Նրա հետ փախչում են նաև մարտակարգերի կենտրոնի զորքերը։

_______________________
1 Նույն տեղը։
2 Նույն տեղը, էջ 231—232։

 

[էջ 53]

Մարտի մեջ են մտնում պարսից աջ թևի հայկական և Կապադովկիայի հեծելազորները։ Օգտվելով մակեդոնացիների կենտրոնի և ձախ թևի միջև առաջացած տարածությունից՝ նրանք նետվում են այնտեղ, մխրճվում մակեդոնացիների բանակատեղը, ջախջախում թրակիացիների հետևակին, ազատում են պարսիկ գերիներին և ավարի են մատնում ճամբարը։ Մակեդոնացիների ձախ թևի զորքերը, որոնց հրամանատարն էր հմուտ զորավար Պարմինիոնը, քայքայվում են։ Պարմինիոնը տեղեկացնում է Ալեքսանդր Մակեդոնացուն իր զորքերին սպառնացող մահացու վտանգի մասին և օգնություն խնդրում։ Ալեքսանդր Մակեղոնացին, որը դեռ հետապնդում էր պարսից ջախջախված ձախ թևի և կենտրոնի զորքերը, անմիջապես շրջում է իր հեծելազորը պարսից զորքերի աջ թևի՝ այսինքն հայկական և կապադովկիական հեծելազորների դեմ, դուրս գալով նրանց թիկունքը։ Սրանք այդ ժամանակ իմանալով Դարեհ III-ի պարտության ու փախուստի և Ալեքսանդր Մակեդոնացու հեծելազորի իրենց թիկունքում երևալը՝ նույնպես փախուստի են դիմում։

Եվ այսպես, պարսիկներր փախչում են ամբողջ ճակատով։ Ալեքսանդր Մակեդոնացին անձամբ կազմակերպում է հետապնդումը և հաջորդ օրվա առավոտյան գրավում է Արբելան։

Այդպիսով, Գավգամելայի ճակատամարտում պարսից զորքերի աջ և ձախ թևերում, Ալեքսանդր Մակեդոնացու զորքերի դեմ, արիաբար մարտնչել են պարսից դաշնակից Մեծ Հայքի և Փոքր Հայքի, սկյութացիների և մյուս ժողովուրդների ու ցեղերի զորքերը։ Անկայունություն են հանդես բերում միմիայն կենտրոնի՝ գլխավորապես Դարեհ III-ի հրամանատարության տակ գտնվող պարսիկներից կազմված զորքերը, որոնց փախուստը սկզբնավորում է ընդհանուր պարտությունը։

 


Բովանդակություն   Էջեր 1-4   Ներածություն
Գլուխ 1   Գլուխ 2   Գլուխ 3   Գլուխ 4   Գլուխ 5   Գլուխ 6
Գլուխ 7   Գլուխ 8   Գլուխ 9   Գլուխ 10   Բովանդակություն (ինչպես գրքում)

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Սարգիս Սարգսյան — «Հայ ռազմական արվեստի պատմություն»
«Հայաստան» հրատարակչություն, Երևան 1969 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև

Հովհան Մամիկոնյան - Տարոնի պատմությունը
Առաջին Հանրապետության վերջին օրերը (անհայտ գրողի օրագիր)

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice