ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 72]

ԵՐԵՎԱՆԻ ԸՆԴՀԱՆՈԻՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Երևանը աշխարհագրական հիանալի դիրք ունի։ Քաղաքը տեղադրված է Արարատյան դաշտի մի պայտաձև գոգավորությունում, շրջակա հրաբխային լեռների արգասիք հանդիսացող Կոնդի և Նորքի բարձունքների միջև։ Անկրկնելի հրապույր է ներկայացնում քաղաքի համայնապատկերը։

Գեղեցիկ է քաղաքի համայնապատկերի ֆոնի վրա երևացող Արարատյան դաշտը, իսկ հեռվում, հորիզոնի վրա երևում են վեհապանծ Մեծ ու Փոքր Մասիսները։ Մեծ Մասիսի փեշերը երկարում ու ձուլվում են Հայկական Պարի մաս կազմող Բարդողյան1 լեռների հետ։ Ընդհանրապես դժվար է Երևանը պատկերացնել առանց Արարատի վեհաշուք տեսարանի։

Բայց քաղաքի արագ կառուցապատումը աստիճանաբար փակում է գեղեցիկ տեսարանները և միայն «բացվածքներն» են հնարավորություն տալիս հիանալու բնական հրաշալիքներով։ Այսպես, ժամանակին մի անզուգական տեսարան էր ներկայացնում Լենինի հրապարակից ոչ միայն վեհապանծ Արարատի, այլև Արագածի հեռանկարը։ Սակայն հենց վերջերս այն փակվեց, քանի որ Արհմիությունների շենքի շարունակությունը նրա և Պետբանկի միջև եղած բացվածքը վերացրեց։

Երևանը արևաշատ քաղաք է։ Արևային օրերի թիվը հասնում է 288–ի։ Կլիման ցամաքային է։ Ամառները շոգ են լինում: Հուլիս և օգոստոս ամիսների միջին ջերմաստիճանը հասնում է մինչև 26°–ի, առանձին օրերինը՝ մինչև 41°։ Ձմեռը ջերմաստիճանը –5° է, բայց երբեմն իջնում է մինչև –31°–ի։ Այսպիսով տատանումը հասնում է 72 աստիճանի։ Պատկե–

-------------------------------

1 Հայկական Պարի այն մասը, որը երևում է Արարատյան դաշտից։

[էջ 73]

րավոր ասած, երևանցիները տեղից չշարժվելով, ամառը մոտենում են հասարակածին, իսկ ձմռանը՝ Արկտիկային։ Կարճատև, բայց գեղեցիկ է Երևանի գարունը՝ երբ քնից արթնանում են պտղատու ծառերը և զարդարում քաղաքը։ Տարեկան մթնոլորտային տեղումների քանակը հասնում է 800—370 մմ.։ Ամենահաճելի եղանակը Երևանի՝ «ոսկյա աշունն է», երբ քաղաքում առատ են հայկական արևի ու հողի պարգևները, հատկապես խաղողն ու դեղձը։ Քաղաքի ամառային եղանակի բնորոշ տարրն է նաև ետկեսօրյա (ժամը 4—5-ը սկսվող) լեռնահովտայիւն քամին, որը երբեմն փչում է շրջակա բարձունքներից։

Երևանը փռված է Հրազդան գետի զույգ ափին, հիմնականում տարածված է ձախ ափին։ Այս մասում է Հրազդանի ձախ վտակ Գետառը, որն անցյալում մեծ վնասներ էր պատճառում քաղաքին։ Շատերի հիշողության մեջ թարմ է 1946 թվականի մայիսի 26-ի հեղեղը, երբ ջրի ծախսը մեծացավ հարյուր անգամ, կազմելով 1445 լիտր մեկ վայրկյանում։ Ներկայումս Գետառի ափերը ամրացված են, իսկ վերին մասերում ջրամբարներ են կառուցված։

Երևանը իրավամբ համարվում է Սովետական Միության հնագույն քաղաքներից մեկը։ 1968 թ. աշնանը լրացավ քաղաքի հիմնադրման 2750 տարին, որը հանդիսավոր կերպով նշվեց նույն թվականի հոկտեմբերին։

Ներկա Երևանի տերիտորիայում հնագիտական պեղումների հետևանքով հայտնաբերված են ուրարտական երկու բերդաքաղաք, որոնք գոյություն են ունեցել մեր թվականությունից առաջ: Դրանցից մեկը, որը հիմնվել է 2780 տարի առաջ, գտնվել է ներկա Արին բերդի տեղում, կոչվել է Էրեբունի, որից և առաջացել է քաղաքի անվանումը։

Մտքի հայացքով Երևան մտնենք հարավ-արևմտյան կողմից՝ Էջմիածնի բարեկարգ խճուղով, որը հանրապետության լավագույններից է։ Ասֆալտը բաժանող ընդարձակ սիզամարգը ավելի է անվտանգ դարձնում բանուկ ճանապարհը։
Մոտենալով քաղաքի բնագծին, կհանդիպեք մի հուշարձանի, որը համարվում է Երևանի քաղաքամուտքը Արարատյան դաշտից։ Դա կողք-կողքի երկինք խոյացած երեք պատեր են, որոնք իրենց վրա կրում են թևերը տիրաբար փռած

[էջ 74]

մի պղնձաձույլ արծիվ։ Թռչունի մագիլների մոտ ընկած է քարտաշի մուրճը, որը ստեղծարար աշխատանքն է մարմնավորում։ Այս կոթողի բարձրությունն է տասնհինգ մետր։ Այլ խոսքով գերազանցում է հինգհարկանի շենքի բարձրությանը։

Աստիճանաբար մոտենում ենք բուն քաղաքին, մեզանից աջ երևում է քաղաքի հարավ-արևմտյան մասում գտնվող՝ ոչ բարձր դարավանդներով եզերված, «Երևանյան ծով» կոչվող արհեստական ջրամբարը, որի մակերեսը հավասար է յոթանասուն հեկտարի։

Խճուղուց ձախ՝ գտնվում է Երևանի թաղերից մեկը՝ Կիլիկիան։ Դա այն նվիրական անուններից է, որոնք վերահաստատվել են հայրենիքում։ Ձորի մեջ է մնում ճարտարապետական կոթողներից՝ Հրազդանի հին կամուրջը, որը, կոչվել է Կարմիր կամուրջ։ Ապա անցնում ենք Հրազդանի վրա գտնվող «Հաղթանակի» կամուրջը և մեր առաջ՝ աջ կողմում կանգնում է բազալտակոփ հոյաշեն բերդի տեսք ունեցող մոնումենտալ շենք՝ դա «Արարատ» տրեստի Երևանի գինու կոմբինատն է։ Նրա պատերը զարդարված են խաղողի ողկույզներով և կարասներով։ Կարասներից մեկի կողքին կա հետևյալ վիմագիր արձակագրությունը՝ «Հայրենաշեն աշխատավոր, այս շինությունը, որ բարձրացրել ենք մենք, ամբարում է յուր մեջ գինին քո մայր հողի...»։ Ներքևում նշված է կառուցման տարեթիվը՝ այն է 1956։

Ի դեպ, այս բազալտակոփ շենքը հիմնականում կառուցված է այն բերդի տեղում, որն իր ժամանակին եղել է Սարդարի նստավայրը։ Բերդը Երևանի տարեգրության մեջ կարևոր դեր է խաղացել։

Հաղթանակի հոյակապ կամուրջի դիմաց, գեղատեսիլ Հրազդանի աջափնյա բարձունքում վեր են խոյացել կոնյակի գործարանի արտադրական ցեխերն ու կորպուսները, որոնք կառուցված են տեղական կարմրավուն տուֆից։

Երևանի հյուսիսային դարբասը հանդիսանում է Երևան—Սևան ավտոմայրուղու սկզբնամասը, այնտեղ, ուր այդ ճանապարհը միանում է Ավանի խճուղուն։ Այստեղ խճուղու եզրին կանգնեցված է տասը մետր բարձրաթյամբ մի կոթող, որի վրա պատկերված է Վահագնի մենամարտի մի

[էջ 75]

դրվագը եռագլուխ վիշապի հետ. Վահագնը շանթահարել է վիշապին, որն ուզում էր կտրել աղբյուրների ջուրը։

Ազգային կազմի տեսակետից Երևանը շատ միատարր է. բնակչության 95 տոկոսը հայեր են։ Քաղաքում բնակվում են նաև ռուսներ, ադրբեջանցիներ, քրդեր և այլ ազգությունների ներկայացուցիչներ:

Երևանը աճում է տերիտորիալ տեսակետից, ընդարձակվելով, ներկայումս գրավում է քսանչորս հազար հեկտարից ավելի տարածություն։ Երևանը հասակ է առել ու բարձրացել իրեն շրջապատող լանջերը, դուրս է եկել սարահարթերը, անցել Հրազդանը և Նորքի ձորը, որից հետո սկսում են նրա «Զանգվածները»։ Ստեղծվել է մեծ Երևան, որի սահմանները ընդարձակում են նրա հորիզոնը։ Եթե հարավում հորիզոնը պսակում են Մասիսները, ապա հյուսիս-արևմուտքում շողշողում է լայնանիստ ու քառագագաթ Արագածը, արևելքում՝ Գառնա բարձրունքները։ Իսկ հյուսիսում արդեն Գեղամա բարձրաբերձ լեռներն են, որոնց ընդերքից են բխում քաղաքը սնող սառնորակ ջրերը։

Այժմ, քանի որ Երևանը էլեկտրիֆիկացված երկաթուղով կապված է Սևանի հետ, ապա վերջինս դարձել է մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը։ Այս գեղատեսիլ լճի ափին են անցկացնում իրենց հանգստյան օրերը Երևանի բնակիչներից շատերը։

Երևանի տեսարժան վայրերից է նաև Հրազդանի ձորը, որը բնության մի հրաշալի ստեղծագործություն է։ Նրա ափերով անցնում է ոլորապտույտ խճուղին։

Ավան տանող ճանապարհի ձախ կողմում է գտնվում Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի բուսաբանական այգին, որը հիմնադրվել է 1935 թվականին։ Այգին փաստորեն ծառերի ու բույսերի մի ինքնատիպ թանգարան է։ Այստեղ են գտնվում ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհում աճող հազարավոր բույսերի տեսակներ։ Բուսաբանական այգին կապեր է պահպանում, ոչ միայն Սովետական Միության, այլև արտասահմանյան բուսաբանական այգիների հետ։

Երևան քաղաքի արդյունաբերական զարգացման մեջ նոր դարագլուխ սկսվեց 30–ական թթ., երբ կառուցվեցին Կար–

[էջ 76]

բիտի գործարանը և Ս. Մ. Կիրովի անվան սինթետիկ կաուչուկի գործարանը, որովհետև այդ ձեռնարկությունները Երևանը դարձրին Միության մասշտաբով քիմիական արդյունաբերության խոշոր կենտրոններից մեկը։ Ի դեպ, սինթետիկ կաուչուկի բազայի վրա աշխատում է քաղաքում ստեդծված ավտոդողերի խոշոր գործարանը։

Ամեն տարի ավելանում է Հայաստանի ավտոմոբիլային տրանսպորտը։ Նախկինում ավտոմեքենաների համար դողեր ստանում էին Մոսկվայից և այլ քաղաքներից։ Հիմա Երևանի ավտոդողերի գործարանը իր արտադրանքով բավարարում է ոչ միայն Հայաստանին և Անդրկովկասի հանրապետություններին, այլև Հյուսիսային Կովկասին։

Երևանի քիմիական արդյունաբերության երկրորդ հսկան «Պոլիվինիլացետատ» գործարանն է։

Քաղաքում կան երկու խոշոր մեքենաշինական ձեռնարկություններ՝ Ձերժինսկու անվան դազգահաշինական գործարանը և Վ. Ի. Լենինի անվան էլեկտրամեքենաշինական գործարանը, որն արտադրում է գեներատորներ, տրանսֆորմատորներ, շարժական էլեկտրակայաններ։

Երևանի ձեռնարկությունների մեջ կարևոր տեղ է գրավում նաև Կաբելի գործարանը, որը օրգանապես կապված է Հայաստանի մի շարք ձեռնարկությունների հետ։

Երևանում կա նաև արագացուցիչ (Արուս) և մաթեմատիկական էլեկտրանային հաշվիչ մեքենաների գործարան։ Ի դեպ, Արուս անունը արագացուցիչ գործարանի ռուսերեն հապավումով կազմված անվանումն է. նա արտադրում է արագացուցիչ մեքենաներ ատոմայիև մասնիկների բաժանման համար։

Հանրապետության զարգացող էներգետիկ տնտեսության պահանջով հարկավոր եղավ Երևանում կառուցել էլեկտրալամպերի գործարան։ Քաղաքի կարևոր ձեռնարկություններից են ժամացույցի, «Երազ» ավտոմոբիլի գործարանները։ Կարևոր է նաև Քանաքեռի ալյումինի գործարանը՝ «Կանազը»։

Քաղաքում ստեղծվել են նաև թեթև արդյունաբերության բազմաթիվ ձեռնարկություններ, այդ թվում կաշվի գործա–

[էջ 77]

րան, ինչպես նաև տրիկոտաժի, մետաքսաթելի, կամվոլնի, մահուդի, կոշիկի, կարի, գալանտերիայի ֆաբրիկաները։

Երևանում ստեղծվել է շինանյութերի արտադրությաև արդյունաբերություն։ Հայկական մարմարը հայտնի է շինարարության մեջ և լայնորեն օգտագործվում է ՍՍՀՄ շատ քաղաքներում։

Քաղաքի շինարարությունը ցեմենտի և գաջի մեծ պահանջ է զգում։ Ցեմենտը բերվում է Արարատ քաղաքից, իսկ գաջը տալիս է Երևանի գաջի գործարանը։

Երևանում մեծ զարգացում է ստացել սննդի արդյունաբերությունը։ Այս արդյունաբերության համար հիմք է հանդիսացել ամենից առաջ Արարատյան գոգավորությունում զարգացող խաղողագործությունը և պտղաբուծությունը։ Դեռ 1930 թվականից գործում է պահածոների խոշոր գործարանը։ Սննդի արդյունաբերության երկրորդ խոշոր ձեռնարկությունը հանդիսանում է գինու-կոնյակի «Արարատ» տրեստը։ Երևանյան հիանալի կոնյակները, գինիները, այդ թվում՝ շամպայն գինին լավ հայտնի են ամբողջ Սովետական Միությունում։

Բացի այդ ձեռնարկություններից, քաղաքում կան ալրաղաց կոմբինատ, մսի կոմբինատ, ձեթ-օճառի գործարան, հրուշակեղենի ֆաբրիկա, գարեջրի գործարան և սննդի մի շարք այլ արդյունաբերության ձեռնարկություններ։

Գազի մուտքը Երևան փոխեց քաղաքի նկարագիրը։ Հիշենք գազի բազայի վրա ստեղծված Երևանի ջերմային վիթխարի էլեկտրակայանի կառուցումը։

Երևանում սկսվել է նաև ստորգետնյա արագընթաց երկաթուղու՝ մետրոյի շինարարությունը։ Ստորգետնյա կայանների և դրանք միացնող մոտ տասը հազար գծամետր կազմող թունելների կառուցումը պլանավորված է ավարտել 1980 թվականին։ Հետագայում երևանյան մետրոպոլիտենի ցանցը էլ ավելի կընդարձակվի։

* * *

Երևանը Հայաստանի հանրապետության համար կատարում է մի քանի պարտականություններ։ Առաջինը այն է, որ այստեղ են գտնվում Հայկական հանրապետության օրենսդիր

[էջ 78]

և կենտրոնական իշխանությունները։ Բացի այդ կատարում է նաև այլ պարտականություններ՝ կուլտուր-լուսավորական, արդյունաբերական, առևտրական, տրանսպորտային և այլն:

Երևանն այսօր հայագիտության, գիտական մտքի, մշակույթի և արվեստի խոշոր կենտրոն է։

Հայ ժողովրդի պարծանքն ու գանձն է Մատենադարանը՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը։ Փառահեղ է հին ունիկալ ձեռագրերի հոյակապ շտեմարանը։ Այդտեղ պահվող առավել հները գալիս են 5-րդ դարից։ Այստեղ կան հայ հին պատմիչների, գիտնականների, բանաստեղծների, իմաստասերների, առակագիրների, աշխարհագրագետների և այլ հեղինակների գործեր։ Նվիրական անունը կրող այս հաստատոււթյունը ոչ միայն աղբյուր է բազում գիտությունների, այլև լուռ վկա այն բանի, որ գրերի գյուտի հետ ծաղկեց նաև բարդ ու դժվարին գրչության արվեստը։

Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի նոր և հոյակապ շենքը զարդարում է Բարեկումության փողոցը։ Աշխարհը գիտի նրա նախագահ ակադեմիկոս Վ. Հ. Համբարձումյանին, որը գլխավորում է Ակադեմիայի սիստեմում միավորվող 34 գիտահետազոտական ինստիտուտներ, որտեղ աշխատում են թվով վեց հազար գիտական աշխատողներ։ Ակադեմիան նպաստում է ոչ միայն հանրապետության բնական հարստությունների խոր ուսումնասիրությանը և օգտագործմանը, նրա արդյունաբերության և գյուղատնտեսության զարգացմանը, այլև նրա գիտության, մշակույթի և լեզվի զարգացմաւնը։ Վ. Հ. Համբարձումյանը գլխավորում է նաև Բյուրականի աստրոֆիզիկական աստղադիտարանը:

Հայ ժողովուրդը դեռ միջին դարերում ստեղծել է բարձրագույն կրթության օջախներ։ Այսպես, իր ժամանակին հայտնի են եղել Անիի, Սանահինի, Տաթևի, Գլաձորի համալսարանները։ Հայ ժողովուրդը կարողացավ դարերի միջով տանել և էստաֆետային կարգով սերունդներին հասցնել իր կուլտուրական ժառանգությունը, որն այսօր ծաղկում է Երևանի համալսարանում և բազմաթիվ ինստիտուտներում։ Երևանի թանգարաններից իր էքսպոնատների ճոխությամբ աչքի է ընկնում պատմության թանգարանը։

[էջ 79]

Երևանի պատկերասրահը դասվում է միութենական հարուստ պատկերասրահների շարքին։ Նա ունի ավելի քան 4 հազար կտավներ։ Այստեղ հարուստ կերպով ներկայացված է հայ արվեստը։

Միջնադարյան մանրանկարչությունը ցուցադրված է Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և անվանի այլ նկարիչների գործերով։ Ցուցադրված են հինգ սերնդի ներկայացուցիչներ՝ Հովնաթանյանների գործերը, որոնք երկու դար հարստացրել են հայ արվեստը։

Ներկայացված են նաև տասնիններորդ դարի անվանի նկարիչների՝ Վ. Սուրենյանի, Գ. Բաշինջաղյանի, Ե. Թադևոսյանի, հայտնի ծովանկարիչ Հ. Այվազովսկու գործերը։ Ժամանակակիցներից էլ՝ Մ. Սարյանի, Հ. Կոջոյանի, Ա. Գյուրջյանի և ուրիշների կտավները։ Կան նաև ռուս վարպետների գործեր, ինչպիսիք են Ռեպինը, Սուրիկովը, Սերովը, Վասնեցովը, Կրամսկոյը, Լևիտանը, Վերեշչագինը և ուրիշներ։ Պատկերասրահի արտասահմանյան բաժնում կան Ռեմբրանդտի, Ռուբենսի, Վան-Դեյկի, Ռաֆայելի, Տինտորետոյի, Գոգենի, Կուրբեյի գործերը։

* * *

Երևանի վերակառուցման և զարգացման պլանի հեղինակը եղավ ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը։ Ըստ այդ պլանի, որը հաստատվեց 1924 թվականին, գալիք Երևանը պետք է ունենար 150 հազար բնակիչ, որը այն ժամանակ շատերին թվում էր հեռավոր ապագայի գործ։ Դժվար էր պատկերացնել, որ քաղաքը կարող է աճել հինգ անգամ։ Բայց չանցած տասը տարի նա իր մեջ առավ Ալ. Թամանյանի ապագա Երևանի համար նախատեսված եզրագիծը։ Ի դեպ, Սովետական Միության քաղաքներից Երևանը եղավ առաջինը, որի համար կազմվեց նրա հետագա զարգացման ու կառուցման գլխավոր պլանը։

Քաղաքի շենքերի կառուցման համար շինանյութ են ծառայում բազալտը, գրանիտը, մարմարը և հատկապես վարդագույն տուֆը։ Երևանի ճարտարապետական անսամբլները նրան ընձեռում են ինքնատիպ գունագեղություն և գեղեց–

[էջ 80]

կություն, որոնք առանձին երանգ են տալիս քաղաքինն և մարդու աչքն ուրախացնում։

Մայրաքաղաքի գլխավոր կենտրոնը շարունակում է մնալ Լենինի հրապարակը, որին այդ անունը տրվել է 1942 թվականի հունվարի 27-ին, բայց նրա կառուցապատումը փաստորեն սկսվեց 1926 թվականի Հողժողկոմի շենքի կառուցումով, որը ուղղված է դեպի Նալբանդյան փողոց և հանդիսանում է կառավարական շենքի սկզբնադիրը։ Կառավարական տան հետագա կառուցապատումը ավարտվեց աշտարակի և Գերագույն սովետի նիստերի դահլիճի շինարարությամբ։ Կառուցման ընթացքում մինչև վերջ պահպանվեց Թամանյանի ոճը։ Թամանյանի մեծությունը կայանում է այն բանում, որ նա բարեհաջող կերպով օգտագործեց մեր ավանդական ճարտարապետությունը։ Հրապարակի շինարարությունը տևեց շուրջ երեսուն տարի, որի ընթացքում ստեղծվեցին «Արարատ» տրեստի, պրոֆմիության շենքերը, «Արմենիա» հյուրանոցը և վերակառուցվեց փոստը, թանգարանը։ Ի դեպ, Երևանի կառավարական տունը նախագծելու ժամանակ ակադեմիկոս Թամանյանը նախատեսել էր շենքի բարձրադիր աշտարակը զարդարել մի գեղեցիկ հնչուն–ժամացույցով։ Ժամացույցի տեղադրման բարդ աշխատանքները ավարտվել են 1941 թվականին։ Ժամացույցի ներդաշնակ ղողանջը, որը հնչում է ամեն ժամը մեկ, կատարվում է զանգերի միջոցով։ Զանգերից ամենամեծը կշռում է 25 փութ։ Մնացած զանգերը կշռում են 1,5-ից մինչև չորս փութ։ Ժամացույցի նշանացույցը ունի մոտ չորս մետր տրամագիծ, մեծ սլաքի երկարությունը՝ մեկ մետր յոթանասուն սանտիմետր է, փոքրինը՝ մեկ մետր տասներկու սանտիմետր։

Առաջնորդի անունը կրող հրապարակում է գտնվում Վ. Ի. Լենինի հոյակերտ արձանը։ Արձանի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1940 թվականի նոյեմբերի 29-ին, Հայաստանում սովետական կարգերի հաստատման օրը։ «Երևանի Լենինի հրապարակը ճարտարապետական գլուխգործոց է համաշխարհային չափանիշով։ Եթե այսօր հազարավոր խստապահանջ մասնագետներ կազմելու լինեն աշխարհի յոթ լավագույն հրապարակների ցուցակը, ապա երևանյանը կմտնի այդ ցուցակի մեջ» ասել է Ամերիկայի

[էջ 81]

Միացյալ Նահանգների նշանավոր նկարիչ, գրող և հասարակական գործիչ Ռոքուել Քենտը։

Հրապարակից են սկզբնավորվում մի շարք փողոցներ՝ Աբովյան, Ամիրյան, Սվերդլովի, Հոկտեմբերյան, Շահումյան: Սրանց մեջ յուրովի տեղ ունի Աբովյանը, որը քաղաքի անդրանիկ և պլանով կառուցված փողոցն է։

Մի քանի խոսք կայարանամերձ հրապարակում կանգնեցված Սասունցի Դավիթ մոնումենտալ արձանի մասին։ Դա քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործությունն է, որի վրա նա աշխատել է շուրջ քսան տարի։ Արձանի բացումը տեղի է ունեցել 1959 թվականի դեկտեմբերին։ Այդ օրվանից Դավիթը, կարծես թե, Սասունից արշավասույր սլանալով, վերահաստատվել է Երևանում, իսկ հոյակապ արձանը մտել է մեր կենցաղի մեջ և դարձել Երևան քաղաքի խորհրդանիշը։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice