ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 158]

ԱՆԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՎԱՅՐԵՐ

«Այստեղ զգում եմ ինձ հպարտ, ազատ, վեհ, մտքերս թռիչք են գործում, ճնշում չկա ուսերիս վրա, հորս տանն եմ, դարերով հորս տանը, թվում է, որ միշտ այստեղ եմ գտնվել, այստեղ եմ հասակ առել և հավիտյան այստեղ եմ լինելու այս հավիտենական գեղեցկության հետ»։

ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ։

«Ի՞նչ է Անին։ Կան, իհարկե, բաներ, որոնց մասին, որքան էլ ձգտենք հաղորդել, մեր ուժերից վեր է։ ...Դա հնագույն հայկական մայրաքաղաքի աշխարհի իսկական հրաշալիքներից մեկի՝ Անի քաղաքի ավերակներն են»։

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՊԱՈԻՍՏՈՎՍԿԻ։

Անին Բագրատունյաց Հայաստանի նշանավոր մայրաքաղաքն էր, որի ավերակները գտնվում են Ախուրյանի աջ ափին, Լենինականից հիսունհինգ կիլոմետր հեռու, իսկ Անի կայարանից ընդամենը ութ կիլոմետր։

[էջ 159]

Անի անվանման ստուգաբանությունը բացատրվում է երկու կերպ. առաջինը, ենթադրվում է, որ այս անունը աոաջացել է Անահիտ աստվածուհու անունից։ Իսկ մի այլ մեկնաբանումով Անի անունը ծագել է Հայասա ժողովրդի Անիա թագավորի անունից։ Անի անունով նշանավոր ամրոց է եղել պատմական Հայաստանի Բարձր Հայքի Դարանաղի գավառում։ Երզնկայից Ակն տանող ճանապարհի վրա, Եփրատի ձախ ափին։ Այնպես որ Անի անունը այստեղից է եկել Շիրակ։

Ղարսի սարահարթից դեպի հարավ-արևելք, Ղարս քաղաքից հիսուն կիլոմետր հեռու ընկած է պատմական մեծ անցյալ ունեցող այս քաղաքը։ Ալաջա լեռը նրան բաժանում է Ղարսի շրջանից։

Անին, պատմական Հայաստանի նշանավոր այս քաղաքը, իր հազար տարին բոլորեց 1961 թվականին։ Անին այժմ էլ մնացել է հազվագյուտ, անաղարտ միջնադարյան քաղաք, որը չի ենթարկվել հետագա դարերի վերակառուցմանը։

961 թվականին Աշոտ Գ Բագրատունին իր մայրաքաղաքը Ղարսից տեղափոխոււմ է Անի։ Բագրատունյաց մայրաքաղաքը դառնում է միաժամանակ վաճառաշահ և կուլտուրական կենտրոն։

Քաղաքի արևելյան կողմից խոր ձորով հոսում է Ախուրյանը, իսկ արևմտյան կողմից՝ Ալաջա վտակը, որոնք միանում են բնականից գոյացած մի եռանկյունու ծայրում, քաղաքի հարավային կողմում։ Այս երկու գետերի միացման տեղում եռանկյունաձև մի տարածություն կա, որի հարթության վրա էլ փռված է Անի քաղաքը։ Ալաջայի կողմը ուղղված մասում կան բազմաթիվ այրեր ու բնական ամրություններ։ Այս մասում է գտնվում Կուսանաց անապատը իր նշանավոր եկեղեցիով:

Անիի հարավային մասում, մի վիթխարի ժայռի վրա է գտնվում քաղաքի միջնաբերդը։ Արևելյան կողմից ժայոը գրեթե ուղղահայաց իջնում է դեպի Ախուրյանի ձորը։ Ամբողջ ժայռագագաթը ծածկված է փլատակների շեղջերով։

Հայոց Աշոտ Գ թագավորը, որը հայտնի է Աշոտ Ողորմած անունով, հաճախ էր գալիս Շիրակ։ Նա շատ էր հավանում Անի ամրոցի անառիկ դիրքը ու այնտեղի զով կլիման։

[էջ 160]

Հազար տարի սրանից առաջ նա Անին գնում է Կամսարականներից և այնտեղ կառուցում իր թագավորանիստ գեղեցիկ քաղաքը, այստեղ հաստատելով հայոց Բագրատունյաց աթոռը։ Նա Անին զարդարեց վանքերով, կառուցեց որբանոցներ ու ծերանոցներ, որի համար էլ կոչվեց Աշոտ Ողորմած։

Ականատես պատմիչների վկայությամբ Անին շուտով դառնում է աշխարհահռչակ քաղաք։ Նա զարդարվում է բազմաթիվ տուֆակերտ գեղեցիկ կոթողներով, որոնցից շատերն ունեն համաշխարհային արժեք։

Անին իր ծաղկման գագաթնակետին հասավ 10-րդ դարում։ Հնուց մնացած այն արտահայտությունը, որ եթե «Աշխարհն ավերվի, Անին կշինի, Անին ավերվի, աշխարհը չի շինի», խոսում է նրա մեծ անցյալի և հզորության մասին։

Անիից, այդ հարուստ ու բարեշեն քաղաքից, մնացել են բազմաթիվ պալատներ, եկեղեցիներ և քաղաքը շրջապատող պարիսպների ավերակներ։

Անիի պեղումները իր ժամանակին կատարվեցին գիտնականներ Նիկոլայ Մառի, Հովսեփ Օրբելու և Թորոս Թորամանյանի կողմից։ Անիի ավերակների ուսումնասիրությունը գիտական աշխարհի առաջ բացեց միջնադարյան մի քաղաք, որը մարդկանց հիացրեց իր կուլտուրայով ու փառավոր անցյալով։

Անիի շենքերը, եկեղեցիները հայ ճարտարապետության լավագույն գործերն են։ «Անկրկնելի է և յուրաքանչյուր ժողովուրդը ու նրա հոգեկան կառուցվածքը։ Իսկ դա ստեղծում է նաև ազգային անկրկնելի արվեստ... Ազգային արվեստները մարդկության, մարդկային արվեստի ադամանդի հանքերն են։ Որքան բազմազան լինեն այդ հանքերը, այնքան արժեքավոր կլինեն մարդկության արվեստի ադամանդները»։

Ամենից շատ, իր ճարտարապետական ոճով հայտնի է Անիի Մայր եկեղեցին, որը կառուցել է Տրդատ ճարտարապետը։

Անիի ճարատարապետության անցյալի փառքի այդ լուռ վկայի՝ Մայր տաճարի կառուցումը սկսվել է 960 թվականին և ավարտվել 1001 թվականին։ Նրա կառուցողը եղել է Տր–

[էջ 161]

դատ ճարտարապետը, որը բազմաթիվ այլ կոթողներ ու շենքեր է կառուցել Շիրակում և այլ տեղերում։

Անիի մայր եկեղեցին իր գեղեցիկ քանդակների, արտաքին զարդարանքների հետ միասին ունեցել է նաև մի այնպիսի առանձնահատկություն, որ համաշխարհային ճարտարապետության մեջ հետագայում ձևավորվեց իբրև գոթական ոճ։ Մայր եկեղեցին հիացնում է մինչև այսօր։

Անիի կոթողներից է նաև Հովվի եկեղեցին, որը գտնվում է պարիսպներից դուրս։ Ըստ ավանդության եկեղեցին կառուցել է մի հովիվ, որին զատկի օրը չի հաջողվում մտնել Անի եկեղեցիներից մեկը մարդաշատ լինելու պատճառով։ Այս գողտրիկ եռահարկ մատուռը մի հանճարեղ գործ է։ Նա աստղաձև շենք է, որի ներսում ստորին հարկի պատերից բարձրանում են վեց որմնասյուներ։ Դրանց վրա հենվող կամարները հավաքվում են առաստաղի կենտրոնում, որտեղ պետք է սյուն լիներ՝ կենտրոնի կամարները և նրանց վրայի ծանրությունը պահելու համար։ Բայց այդ սյունը չկա. կամարները միմյանց սեղմվելով պահում են իրար։ Սյան տեղում կախված է եղել մի գեղեցիկ ջահ։ Թ. Թորոմանյանը Հովվի եկեղեցին համարել է «Միջնադարյան Հայաստանի ճարտարապետության պսակը»։

Մյուս կոթողներից նշանավոր է Գրիգոր Լուսավորիչ կամ Գագկաշեն տաճարը, որը ըստ Գագիկ Ա թագավորի պետք է նմանվեր Զվարթնոցին, բայց Տրդատ ճարտարապետը չուզեց այն կրկնօրինակել։

Հիասքանչ կառույցներ են նաև Աբուղամրենց եկեղեցին, ինչպես նաև ս. Գրիգոր եկեղեցին, որը կառուցել է Տիգրան Հոնենցը։

Մյուս կոթողներից է Պահլավանիների ս. Փրկիչը, որը բավական լավ էր պահպանվել մինչև 1958 թվականը, այժմ կիսով չափ քանդվել է։ Ի դեպ, իր ժամանակին Հովսեփ Օրբելին գրել է. «Բավական լավ պահպանված Փրկչի եկեղեցին խիստ կերպով մաշված է տակից և ունի մի քանի մեծ ճեղքվածքներ, մոտ ապագայում նրան փուլ գալու վտանգ է սպառնում, եթե իր ժամանակին չկատարվեն համապատասխան վերանորոգման աշխատանքներ»։

Նշանավոր կոթողներից է նաև Առաքելոց եկեղեցին։

[էջ 162]

Անիի նշանավոր պարիսպները, որ կարելի է տեսնել Անի կայարանից Լենինական գնալիս, կառուցել է Սմբատ Բ թագավորը, 10-րդ դարում, որը Աշոտ Գ Ողորմածի որդին էր։ Նա իր կյանքը անցկացրեց խաղաղությամբ և շինարարությամբ։ Անիի պարիսպները հայտնի են Սմբատի պարիսպներ անունով։ Պարիսպները սրբատաշ քարից են շինված, 10—12 մետր բարձրությամբ և ձգվում են 2,5 կիլոմետր։ Ունեցել են կիսաբոլոր և քառակող բազմաթիվ բուրգեր ու աշտարակներ, որոնք գեղեցկացրել են քաղաքի համայնապատկերը։ Պարիսպների մեջ իբրև զարդ գործածվել են տարբեր գույնի քարեր, որոնք տեղ-տեղ գոտիներ են կազմել, իսկ տեղ-տեղ դասավորվել են շախմատաձև։ Որոշ տեղերում պարիսպների պատերին կերտվել են կենդանիների բարձրաքանդակներ, որոնք առանձին շուք են տվել պարսպին։

Անին արտաքին աշխարհի հետ կապված է եղել Ախուրյան գետի վրա կառուցված հինգ քարաշեն և միաթռիչք կամուրջներով, որոնք բոլորն էլ ունեցել են 30 մետրից ավելի երկարություն։ Ամենամեծը ներքին Ջրափի կամ Չրփլիի կամուրջն է , որն ունեցել է 34 մետր բացվածք։ Այդ կամուրջները իրենց ժամանակի համար եղել են խոշոր կառուցվածքներ, ունեցել են գեղեցիկ ձևավորում և բարձրադիր թռիչք։ Քանդվել են պատերազմների ժամանակ նվաճողների կողմից և ոչ թե բնական արհավիրքների հետևանքով։ Այդ կամուրջներով է Անին կապվել արտաքին աշխարհի հետ, նրանցով է անցել «Մետաքսի ճանապարհի» մի ճյուղը, որը Անին դարձրել է վաճառաշահ քաղաք։ Անի քաղաքի վաճառականները ամեն տարի այդ կամուրջների վրայով անցել գնացել են հեռու և մոտ երկրներ՝ այնտեղ վաճառելու հայ վարպետների գործած բրդյա, մետաքսյա թանկարժեք կտորները, ոսկերչական առարկաները, գեղարվեստական խեցեղեն և շատ այլ իրեր։ Այդ կամուրջով են Անի մտել և դուրս եկել չինական մետաքսը, հնդկական ապրանքները։

Անեցիները շատ էին սիրում իրենց քաղաքը և ոչինչ չէին խնայում նրա բարեկարգման համար։ Այդպիսի մի շրջան եղավ, հատկապես, Գագիկ Ա Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանը։ Նա թագավորեց շուրջ երեսուն տարի, որը Հայաստանի համար եղավ խաղաղության և լու–

[էջ 163]

սավորության մի շրջան։ Նրա օրոք կառուցվեց Անիի ս. Գրիգոր եկեղեցին։ Անին այդ ժամանակ հասավ իր զարգացման գագաթնակետին։

Տասնմեկերորդ դարի կեսերին ընկավ Բագրատունյաց թագավորությունը։ Թշնամիների հարձակումները, առևտրական ճանապարհների փոփոխությունը, հաճախակի երկրաշարժերը պատճառ դարձան նրա կործանման։ Առավել մեծ հարված էին 1319 թվականի երկրաշարժը և Լենկթեմուրի արշավանքները, որոնք կործանարար եղան Անիի համար։

Անին սկսեց աստիճանաբար ամայանալ, այնպես որ, 17-րդ դարի սկզբին նա արդեն անմարդաբնակ էր և ավերված։ Անիի հայերը մեծ մասամբ գաղթեցին Լեհաստան և Ղրիմ։ Հետագայում էլ Ղրիմից հայերը տեղափոխվեցին Դոնի ավազան, հիմնեցին Նոր Նախիջևան քաղաքը և շատ գյուղեր։

Ճիշտ է, Անին ռուսներին անցնելուց հետո (1877 թ.) շատ ուսումնասիրվեց և տեղում ստեղծվեց թանգարան, բայց երբ 1920 թվականին գրավվեց Թուրքիայի կողմից, ապա նորից մնաց գիտության, հատկապես հայագիտության համար անմատչելի։

Ինչպես ասվեց, մեծ գիտնականներ Նիկոլայ Մառը, Թորոս Թորամանյանը և Հովսեփ Օրբելին պեղումներ են կատարել Անիում և լույս աշխարհ հանել արքայական պալատների ու տաճարների, իշխանական ապարանքների հետքեր, ինչպես նաև իջևանատներ, քարավանատներ ու կամուրջներ։ Նրանք լույս աշխարհ հանեցին նաև բազմաթիվ առարկաներ, որոնք գործածել են անեցիները մեզանից դեռ հազար տարի առաջ։

Այսպիսին է Բագրատունյաց ոստանը՝ շողշողուն Անին, որի ամբողջական պատկերը, նրա վեհությունը, հատկապես Մայր տաճարը շատ լավ ու մոտիկից երևում են Ախուրյանի այն ափից, որտեղ գտնվում է Խարկով գյուղը, և որտեղից էլ շատ մոտիկից վիճակվել է տեսնել ինձ։ Երբ պետք է հեռանայինք, ես հազիվ պոկվեցի Ախուրյանից և Անիի աննման տեսարանից, մեր խումբը դանդաղ հեռանում է Անիից, որտեղ «Անխոնջ, սրամիտ վարպետները կամեցել են ապշեցնել տեսնողներին իրենց երկաթե գրչի ճարտար

[էջ 164]

խաղերով, թռիչքներով, անսպառ աշխույժով։ Եվ միանգամայն հասել իրենց նպատակին։ Ապշել են նրանց ժամանակակիցները, ապշում է և այժմյան այցելուն»։

* * *

Անիի մոտերքում ուրիշ նշանավոր կոթողներ էլ կան։ Այդպիսիներից են Հոռոմոսի վանք կամ Ղոշավանք, Արգինա, Ծպնի, Զոչի, Գըզըլ Չախչախ, Երազգավորս (Շիրակավան) և այլ հնություններ։

ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ ԿԱՄ ՂՈՇԱՎԱՆՔ

Անիի պարիսպներից դուրս, քիչ հեռու գտնվում են երկու հաղթական աշտարակներ, որը վրացերեն կոչվել է Ղոշուն, այսինքն զույգ։ Այստեղից, էլ քիչ հեռու գտնվող վանքը ստացել է Ղոշավանք, այսինքն՝ «Զույգ վանք» անվանումը։

Անիից քառորդ ժամ հեռու է գտնվում այս մեծահռչակ վանքը, որը կառուցված է Ախուրյանի ափին, բարձրադիր, թերակղզու վրա, շրջապատված բլուրներով և անդնդախոր ձորով, որտեղով հոսում է Ախուրյանը։ Վանքը կառուցված է համանուն գյուղում։ Ժամանակին վանքը եղել է պարսպապատ։ Բագրատունիների իշխանության անկումից հետո, շատ անգամ տարագիր հայերը ապաստան են գտել այստեղ։; Թե՛ գյուղի և թե՛ վանքի շրջակայքում կան հնություններ, քանդակազարդ խաչեր, փլված հաղթական կամարներ, իշխանական դամբարաններ:

Հոռոմոսի վանքը կամ Ղոշավանքը հավանաբար կառուցվել է 791 թվականին, չնայած պնդում են նաև, որ կառուցված պետք է լինի իններորդ կամ տասներորդ դարում: Վանքը ծաղկուն էր Բագրատունիների օրոք։

Հոռոմոս անունը ստացել է օտարազգի հոգևորականների կողմից, որոնք Հովհաննես վարդապետի առաջնորդությամբ գալիս են այս գյուղը և հիմնում վանքը։ Վանքում նա առանձին ընդարձակ շինություն է կառուցել, ուր իջևանում էին ճանապարհորդները և առևտրական քարավանները։

[էջ 165]

Վանքի հյուսիսային կողմը, մի ձորադաշտի մեջ գտնվում է Բագրատունյաց թագավորների հանգստարանը, ուր կա երկու գեղեցկաշեն եկեղեցիներ՝ ս. Գևորգ և ս. Մինաս։ Ս. Գևորգ եկեղեցու արևելյան կողմում են գտնվում Աշոտ Ողորմածի և Խոսրովանուշ թագուհու գերեզմանները։

ԱՐԳԻՆԱ

Արգինա երբեմնի գյուղաքաղաքը գտնվում է Ախուրյանի ձախ ափին։ Բագրատունիների օրոք Արգինան ունեցել է բերդ ու պարիսպ։ Մի ժամանակ եղել է նաև կաթողիկոսարան, ունեցել է կրոնական վարժարան։ Այստեղ թաղված են հայոց Անանիա և Խաչիկ կաթողիկոսները։

Արգինայի տաճարը, որը կառուցվել է Արգինա ավանում Տրդատ ճարտարապետի կողմից՝ 990 թվականին, թուրքերը հիմնահատակ կործանել են, չթողնելով ոչինչ։

Անիից հարավ-արևելք Տեկոր գետի կիրճում է գտնվում Խնծկոնքի հոյակապ վանքը։ Այս հուշարձանախումբը բաղկացած է հինգ եկեղեցիներից։ Եկեղեցիներն հետևյալներն են՝ ս. Սարգիս, ս. Ստեփանոս, Աստվածածին, ս. Կարապետ և ս. Լուսավորիչ։ Սրանց մեջ ճարտարապետական լուսապսակ է ս. Սարգիս եկեղեցին, որը կառուցել է Վեստ Սարգիս իշխանը՝ 1027 թվականին։

Խնծկոնքի հուշարձանախումբը կանգուն է եղել մինչև 1918 թվականը։ Ըստ վերջին տվյալների Խնծկոնքը հիմնահատակ է արված, բացառությամբ ս. Սարգիս եկեղեցուց, որը խարխլված վիճակում է, հասած կործանման եզրին։ Մյուս հուշարձաններից է Մրենը, որը կառուցված է 7–րդ դարում և Հայաստանի հին ճարտարապետությանը պատիվ բերող կոթողներից է։ Կանգուն է մինչև այսօր։ Մրեն բնակավայրը մոտ է Բագարանին։ Քաղաքատեղին հասնելու համար պետք է գետեզերքից բարձրանալ զառիվեր լանջը, ուր փռված են ավերակները։ Ժամանակին Մրենը շեն ու բավականին մեծ քաղաք է եղել։ Ըստ Ղափանցյանի, Մրեն՝ ուրարտերենից է, նշանակում է բերդ կամ ամրոց։

Չորս հարյուր հիսունմեկ թվականին, Ավարայրի ճակատամարտի ժամանակ հիշատակվում է Մրենը, որպես կարևոր

[էջ 166]

քաղաք. Իսկ այժմ քաղաքի ավերակների մեջ կանգուն շենքը՝ Մրենի հոյակապ տաճարն է։

ԵՐԱԶԳԱՎՈՐՍ (ՇԻՐԱԿԱՎԱՆ)

Երազգավորսը ծանոթ է նաև Շիրակավան անունով։ Գտնվում է Անիից–հյուսիս, Ախուրյանի և նրա վտակ Բաշ–Շորագյալի միախառնվելուց ոչ հեռու։

Ներկայիս Բաշ-Շորագյալ գյուղի տեղում էր գտնվում պատմական Երազգավորսը։ Բագրատունյաց թագավոր Սմբատ առաջինը 9-րդ դարում Բագարանից այստեղ տեղափոխեց արքայական աթոռը և Երազգավորսը դարձրեց Հայաստանի արքայանիստ մայրաքաղաք։

Այստեղ կան հին շենքերի ավերակներ, կարևոր հնություններ։ Նշանավոր է ս. Փրկչի եկեղեցին։

Ծպնի հայաբնակ գյուղը նույնպես գտնվում է Շիրակի արևմտյան մասում։ Ուներ հին եկեղեցի՝ կիսավեր գմբեթով։ Եկեղեցու ներսի պատերին կենդանիների և թռչունների պատկերներ են քանդակված։


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян
Պատմական Հայաստանի քաղաքները

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice