ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 121]

ՀՈՎՔ

Բնությունը արվեստի հավերժական տիպարն է, իսկ բնության մեջ ամենամեծ ու ազնվագույն առարկան մարդն է։

Վ. Գ. ԲԵԼԻՆՍԿԻ

Երևան—Աևան—Դիլիջան մայրուղին իր ամենաբարդը կետին է հասնում Սևանի (նախկինում Սեմյոնովկա) լեռնանցքում, որը ծովի մակարդակից երկու հազար հարյուր տասնչորս մետր բարձր է։ Ուղևորը զգում է օդի սառնությունը։ Ետևում է մնում Գեղամա գեղեցկուհին՝ Սևանը, իսկ դիմացը փռվում են անտառները։ Դա արդեն Դիլիջանն է։

Դիլիջան քաղաքը գտնվում է Աղստևի գեղատեսիլ լեռնահովտում։ Հնագույն ժամանակներից հայտնի է եղել իբրև ամառանոցային վայր։ Բնության այս զարմանահրաշ վայրը կոչվել է Հովք՝ «Հովուց տեղից»։ Այդ մասին է վկայում Դիլիջանի արվարձաններում գտնվող 13–րդ դարի հուշարձաններից մեկի վկայությունը։ Անվան ստուգաբանությունը ինքնին շատ բան է ասում Դիլիջանի բնության մասին։ Ի դեպ, Հովք անունը ներկայումս պահպանվում է Կայենի զառիթափ ու անտառապատ լեռնաշղթայում գտնվող գագաթներից մեկի վրա։ Այդ գագաթի բարձրությունը հասնում է երկու հազար երկու հարյուր յոթ մետրի։ Այս շղթան ձգվում է Հաղարծինից մինչև Իջևան։

Դիլիջան տանող խճուղին զիգզագ կեռմաններով իջնում է Աղստևի ավազանը՝ Հովաջուր գետի հովիտը։ Տասնչորս կտրուկ շրջադարձներում ավտոմեքենան դանդաղեցնում է իր ընթացքը, իսկ ուղևորներից նրանք, որոնք առաջին անգամ են լինում այս տեղերում կամ աչքերն են

[էջ 122]

փակում, կամ էլ շատերին թվում է, թե եկած ճանապարհով նորից ետ են դառնում։

Վերջապես մոտենում ենք «Հաղարծին» ռեստորանին։ Մոտ ապագայում այստեղից կսկսվի լեռնանցքի ընդերքում փորվող թունելը։ Դրանցից հետո մարդիկ էլ չեն անցնի ոլորապտույտ զիգզագներով։ Թունելը կունենա ընդամենը երկու կիլոմետր երկու հարյուր յոթանասուն մետր երկարություն, որը կանցնի Սևանի (Սեմյոնովկայի) լեռնանցքի տակով և դուրս կգա «Հաղարծին» ռեստորանի մոտ։ Այս կարճ և անվտանգ ճանապարհը, ոչ միայն ուղևորներին կազատի ոլորապտույտներից, այլև ճանապարհը ապահով կդարձնի, հատկապես ձմռան ամիսներին։

«Հաղարծին» ռեստորանից հետո մոտենում ենք Գոլովինո ավանին, որը ներկայումս մտնում է Դիլիջան քաղաքի շրջագծի մեջ։ Ի դեպ, այս ավանը հիմնադրվել է ռուս մոլոկանների կողմից, անցյալ դարի 30-ական թվականներին։ Այդպես է կոչվել ի պատիվ Կովկասի փոխարքայի, որը այդ պաշտոնը վարել է անցյալ դարի երեսունական թվականներին։

Ճանապարհին մեզ ուղեկցում են դարձյալ անտառապատ լանջերը, ուր զգացվում է մշտադալար սոճիների բուրմունքը։ Վերջապես մեր առջև բացվում է բուն Դիլիջանը, որը գտնվում է ծովի մակարդակից հազար երկու հարյուր հիսուն մետր բարձրության վրա։ Քաղաքի դիրքը գետահովտային է, նա ձգվում է արևելքից արևմուտք։ Մտնում ենք անտառների, ծաղիկների ու սառնորակ, աղբյուրների առողջարան քաղաքը՝ Դիլիջան։

Դիլիջանը շրջապատող լեռները գեղեցկացնում են նրա համայնապատկերը, որը հարուստ է անտառներով և բարձրադիր ալպիական արոտավայրերով։ Այդ բոլորը առանձնապես հմայք են տալիս քաղաքին և ունեն շոյող տեսք։ Անտառներում գերակշռում են կաղնու, հաճարենու, բոխու, սոճիի ծառատեսակները: Առանձին ուշադրություն է դարձվում Դիլիջանի բուսական ու կենդանական աշխարհի պահպանման վրա։ Մոտ երեսուն հազար հեկտար տարածություն բռնող անտառներն արգելավայր են դարձվել։ Այս հանգամանքը դյուրացնում է Դիլիջանի բնության պահպանման

[էջ 123]

գործը։ Ինչպես ասում են, ոչ ոք իրավունք չունի անտառ մտնել հրացանով կամ կացնով։

Դիլիջանի կլիման մեղմ է օդի տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է պլյուս երեք։ Հունվարի մեկին լինում է մինուս երկու, իսկ հուլիսին՝ պլյուս տասնութ աստիճան։

Այս բոլորը վկայում են, որ Սովետական Հայաստանում դժվար է գտնել մի այլ վայր, որը այնքան նպաստավոր պայմաններ ունենա ինչպիսին Դիլիջանն է։

Դիլիջանը պատկանում է Հայաստանի կլիմայական առողջարանների շարքին, այսինքն, որտեղ որոշիչը դառնում է տվյալ վայրի կլիման։ Թե՛ արևի լույսի առատության, թե բացառիկ կլիմայական պայմանների (զով ամառ, մեղմ և արևոտ ձմեռ, չոր և արևային աշուն) շնորհիվ կարող է մրցել համաշխարհային համբավի արժանացած Դավոսի (Շվեյցարիա), Տեբերդայի (Հս. Կովկաս), Աբասթումանի Վրաստան) և այլ առողջարանների հետ։ Լեռնաշղթաների բարեհաջող տեղադրությունը՝ արևելքից արևմուտք, ավելացնում են արևոտ օրերի քանակը։ Դիլիջանի արևշատության մասին լավ պատկերացում կազմելու համար հիշենք, որ տարեկան արևափայլը կազմում է 2095 ժամ։ Դա շատ է ամռան ամիսներին, հատկապես օգոստոսին, որը կազմում է 251 ժամ։ Ամռանը Դիլիջանում ամպամած օրեր հազվադեպ են։

Դեռևս անցյալում Դիլիջանը եղել է Անդրկովկասի մասշտաբով նշանավոր հանգստավայրերից մեկը։ Նրա անտառները, ուլտրամանիշակագույն ճառագայթներով հարուստ օդը և արևը գրավում էին բազմաթիվ հանգստացողների։ Այստեղ ամառանոց էին գալիս թե՛ ցարական բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ Բաքվի ու Թբիլիսիի մեծահարուստները։ Գալիս էին շքեղ կառքերով, շատերը հանգստանում էին սեփական ամառանոցներում։

Դիլիջանը գտնվում է Հայաստանի այն գեղատեսիլ վայրում, որտեղ իրար են մոտենում երեք հովիտներ և միանում երկու ոչ մեծ գետեր (Հովաջուր և Դիլիջան), որոնք հետո ստանում են Աղստև անունը։ Վերջինս քաղաքը բա–

[էջ 124]

ժանում է երկու տարրեր մասերի՝ հին և նոր։ Հինը ավելի սեղմված է լեռան լանջերին, իսկ նոթը, համեմատաբար բաց տարածության վրա է, ուր և հիմնականում բնակվում են ռուս-մոլոկանները։ Դա նախկին Սլոբոդկան է, ներկայիս Պապանինոն։

Այժմ Դիլիջանը դասվում է հանրապետական ենթակայության քաղաքների շարքին։

Դիլիջան քաղաքը իր արվարձաններով բոլոր պայմաններն ունի դառնալու Սովետական Միության խոշորագույն առողջարաններից մեկը և պատահական չէ, որ Դիլիջանի հիանալի բնությունը գրավեց նաև կոմպոզիտորների միության ուշադրությունը՝ կառուցեցին ստեղծագործական տուն, որը իր հարմարություններով գրավում է սովետական շատ անվանի արվեստագետների:

Դիլիջանը հարուստ է հանքային ջրերով։ Քաղաքից մոտ վեց կիլոմետր հեռու, դեպի Կիրովական տանող խճուղուց աջ, Բլդան գետի հովտում գտնվում է այն նշանավոր ածխաթթու հանքային բուժիչ ջուրը, որը հայտնի է «Դիլիջան» անունով։ Դա Հայաստանի ամենաարժեքավոր հանքային ջրերից է, որի օգտագործումը սկսվեց վերջին տարիներին։ Մասնագետների կարծիքով այդ ջուրը դասվում է ածխաթթվաալկալիական ջրերի շարքին, որպիսին հայտնի են բորժոմի (Վրաստան), Վիշի (Ֆրանսիա) կոչվող հանքային ջրերը։

«Դիլիջան» հանքային ջրի աղբյուրը հորդառատ է և նրա թողունակությունը՝ բավական մեծ։ Նախատեսվում է կառուցել հանքային ջրերի գործարան, որը տարեկան կունենա քսան միլիոն շիշ կարողություն։

Ըստ նախագծի քաղաքային զբոսայգում կառուցվում է հանքային ջրերի փակ սրահ, ինչպիսին Կիսլովոդսկում է։

Հնագույն ժամանակներից Դիլիջանի հովիտը միջանկյալ օղակ էր այն մայրուղում, որը պատմական Հայաստանում գալիս էր Արարատյան դաշտից և Սևանի ավազանից։ Վերջինս եկել է Վայոց ձորի (Սելիմի) լեռնանցքով և հանդիսացել պատմական «Մետաքսի ճանապարհի» մի ճյուղը, որը գնացել է դեպի Շիրակ՝ Անի։ Ի դեպ, շատերին է ծա–

[էջ 125]

նոթ Սելիմի նշանավոր իջևանատունը, որը լուռ վկա է այդ նշանավոր ճանապարհի։ Մինչև երկաթուղու մուտքը Երևան նա Թիֆլիսի հետ կապված էր Դիլիջանի վրայով։ Այդ ճանապարհով Սևանի (Սեմյոնովկայի) լեռնանցքով և Ծովագյուղի (Չիբուխլուի) վրայով է 1830 թվականին ռուսաց կայսրը՝ Նիկոլայ առաջինը եկել Երևան։

Դիլիջանը ներկայումս խճուղիներով կապված է թե՛ Երևանի, թե՛ Կիրովականի և թե՛ Աղստաֆա կայարանի հետ, որն անցնում է Իջևանի վրայով։

Այժմ կառուցվում է Հրազդան—Մեղրաձոր և Ֆիոլետովո երկաթուղին, որը կանցնի Դիլիջանով և Աղստևի հովտով, կհասնի Իջևան և կմիանա Աղստաֆայից Իջևան եկող նորակառույց գծին։ Դրանով Դիլիջանը երկաթուղով կկապվի թե՛ Երևանի, թե՛ Թբիլիսիի, թե՛ Բաքվի հետ։ Այս գիծը էլ ավելի կնպաստի առողջարանային քաղաքի զարգացմանը: Ի դեպ, պլանավորվում է գոյություն ունեցող առողջարաններն ու հանգստյան տները, որոնք այժմ գտնվում են քաղաքում, տեղափոխել մոտակա անտառների բացատները, գեղատեսիլ վայրերը։ Կանցնի մի տասնամյակ և մենք կանենանք իրոք Մեծ Դիլիջան՝ առողջավայրին հատուկ իր բոլոր հարմարություններով։

Դիլիջանում գործող արտադրական ձեռնարկություններից նշանավոր է կահույքի ֆաբրիկան, որը իր տեսակի մեջ հանրապետությունում միակն է։ Կարևոր է նաև «Դիլիջան» հանքային ջրերի, գործարանը։ Ունի նաև տրիկոտաժ– գալանտերիա գործարան։

Դիլիջանի տեսարժան վայրերից է Պարզ լիճը, որը Կիրակոս Գանձակեցու մոտ կոչվում է «Տըզկա Ծով»։ Այս գեղատեսիլ լիճը գտնվում է Դիլիջան քաղաքից ութ կիլոմետր հեռու, կուսական անտառների գրկում։ Քանի որ Պարզ լճի մոտ կառուցվելու է տուրիստական բազա, ուստի Դիլիջանի քաղսովետը լճին առանձին ուշադրություն է դարձնում։ Պարզ լճի հատակը մաքրելուց բացի, նախատեսվում է նրա մակարդակը բարձրացնել երկուսուկես մետրով, որի համար Թարխան գետակի ջրերը խողովակաշարերով կուղղվեն դեպի Պարզ լիճ։

«Դիլիջան» հանքային աղբյուրից ոչ հեռու գտնվում են

[էջ 126]

երկու գողտրիկ տաճարներ, որոնք հայտնի են «Ջուխտակ վանք» անունով։ «Ջուխտակ» այսինքն «զույգ» նշանակությամբ։ Հուշարձանները մեզ են հասել 12—13-րդ դարերից։

Նույն ժամանակաշրջանի կոթողներից են և դասվում են հայրենի նշանավոր պատմական հուշարձանների թվին Հաղարծինը և Գոշավանքը։

Այսպիպին է մեր հանրապետության առողջարան քաղաք Դիլիջանը, ուր ամեն տարի, թե՛ Հայաստանից, և թե՛ Սովետական Միության տարբեր վայրերից մարդիկ գալիս են այստեղ վայելելու նրա անապական օդն ու ջուրը, հիանալի բուսականությունը և արևափայլ օրերը։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян
Պատմական Հայաստանի քաղաքները

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice