ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 81]

ՍԵՎԱՆԻ ԱՎԱԶԱՆ

Արարատյան դաշտից հյուսիս-արևելք ընկած է Սևանի բարձրալեռնային ավազանը, որի գրկում տարածվել է հրաշագեղ Սևանա լիճը՝ հայ ժողովրդի բազմադարյան պատմության բոլոր իրադարձությունների մշտական վկան։

Սևանի ավազանի մեջ մտնում են Սևանի, Կամոյի, Մարտունու, Վարդենիսի և Կրասնոսելսկի վարչական շրջանները։ Սևանի ավազանին անցյալում տրվել է «Ծովազարդ գավառ» բանաստեղծական անվանումը։ Նկատի է ունեցվել նրա բնության զարդը հանդիսացող գեղատեսիլ լիճը։

Սևանա լիճը իրոք որ մեր մոլորակի ուշագրավ երևույթներից մեկն է. «...աշխարհի ամենագեղեցիկ անկյուններից մեկն է, եթե ոչ ամենագեղեցիկը»։ Իր մեծությամբ աշխարհի երկրորդ բարձրադիր անուշահամ լիճն է։ Առաջինը Տիտիկական է, որը գտնվում է Հարավային Ամերիկայում, Պերու և Բոլիվիա պետությունների սահմանում։
Սևանը շրջապատող լեռները առաջացնում են մի հսկա եռանկյունի, որի հյուսիս-արևելյան կողմը պարփակում են Արեգունու և Սևանի լեռնաշղթաները, որոնք Մասրիկի

[էջ 82]

դաշտով բաժանվում են Վարդենիսի լեռնաշղթայից։ Իսկ Գեղամա լեռնաշղթան ձգվում է հարավ-արևմուտւքից։ Լճի օղակը եզրափակում է Փամբակի լեռնաշղթայի վերջին ճյուղավորությունը, որի և Գեղամա լեռների միջև ընկած է Հրազդանի գետահովիտը։ Կապուտակ Սևանը եզերող լեռնաշղթաների բարձրությունը տեղ-տեղ երեք հազար մետրից ավելի է։ Այդ բարձրաբերձ լեռներում ուրվագծվում են հանգած հրաբուխների կոնաձև զանգվածները՝ պսակված կանոնավոր խառնարաններով, որոնցից շատերը լցվել են ջրով և դարձել բարձրալեռնային լճակներ։ Դրանցից գեղեցիկ է Ակնա լիճը, որը գտնվում է Գեղամա լեռների հրաբխային կոներից մեկի խառնարանում, ծովի մակարդակից 3000 մետր բարձրության վրա: Ավազանի բնության գեղեցկությունը ավելի կատարյալ է դարձնում Սևանը, որը զբաղեցնում է 1250 քառ. կմ տարածություն։ Հնում տեղացիների մոտ լիճը հայտնի էր «Վանքի Գյոլ» անվամբ։ Բարձրաբերձ լեռների գրկում ծվարած այս լիճը համարվում է Հայաստանի բնության գեղատեսիլ անկյուններից մեկը։

Սևանա լճի մեջ թափվում են թվով քսանութ մեծ ու փոքր գետեր։ Դրանցից նշանավոր են՝ Գավառագետը, Արգիճին, Մասրիկը, Ձկնագետը։ Լճից սկիզյբ է առնում միայն մեկ գետ՝ Հրազդանը։

Ըստ երկրաբանների՝ լճի ծագումը տեկտոնական է։ Դարեր առաջ Սևանը գոյություն չի ունեցել։ Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի։ Այն գոյացել է Հրազդանի ջրերի ընթացքը լավայով փակվելու հետևանքով:

Սևանի ավազանում օդի հունվարյան միջին ջերմաստիճանը –4°–ից –8° է։ Իսկ հուլիսյանը +10-ից +22։ Ամառային առավելագույն ջերմաստիճանը հասնում է +32 աստիճանի, իսկ ձմեռային նվազագույնը՝ –32 աստիճանի։ Մթնոլորտային տեղումները տատանվում են 350 մմ-ի (լճափին) և 800 մմ-ի (Գեղամա լեռնաշղթայի արևելյան լանջերին) միջև։

Ինչ վերաբերում է լճի ջրի ջերմությանը, ապա ամառը ջրի մակերեսին տաքությանը հասնում է քսանմեկ աստիճանի, իսկ ձմռանը լիճը հազվագյուտ է սառցակալում։
Սևանի ավազանի ցածրադիր մասերում տիրապետում

[էջ 83]

են սևահողերը, իսկ բարձրադիր, շրջաններում՝ լեռնամարգագետնային հողերը։ Անտառային բուսականությունը գրեթե բացակայում է, եթե չհաշվենք Վարդենիսի և Սևանի լեռնաշղթաների լանջերին գտնվող արևելյան կաղնու և գիհու մի քանի պուրակներ։ Այժմ Սևանի ավազանում ծառատնկման մեծ աշխատանքներ են կատարվում։ Բազմազան է նաև Սևանի ավազանի կենդանական աշխարհը. հանդիպում են գայլ, աղվես, նապաստակ, կզաքիս, լճում՝ մի քանի տեսակ ձկներ։ Առատ են նաև բազմատեսակ թռչունները։

Սևանի ավազանը ուսումնասիրել են հարյուրավոր գիտնականներ, ճանապարհորդներ։ Գրվել, է բազմաթիվ աշխատություններ, բայց դրանցից և ոչ մեկում, բնականաբար ակնարկ չի եղել Սևանա լճի տակ թաքնված պատմական հուշարձանների մասին։ Այդ գաղտնիքը բացվեց միայն վերջին տարիներին։ Երբ լճի մակարդակը փոքր-ինչ իջավ, ապա լույս աշխարհ եկան 3000—5000 տարվա հնություն ունեցող ամրոցների և բնանատեղիների ավերակներ, մեծ թվով դամբարաններ։ Սևանի ավազանում (հատկապես Լճաշեն գյուղի շրջանում) կատարված պեղումների հետևանքով պարզվեց, որ այդտեղ քսանյոթ դար առաջ, իր ժամանակվա համար եղել է բարձր կուլտուրա, որի մասին վկայում են պեղումների հետևանքով հայտնաբերված նյութական մշակույթի հետքերը։

1830 թվականին Սևանի գավառում բնակություն են հաստատում Արևմտյան Հայաստանից ներգաղթողները՝ գերազանցապես Հին Բայազետի, Դիադինի, Մակուի և Ալաշկերտի հովտից եկողները։ Այնպես որ այսօրվա Վարդենիսի, Մարտունու, Կամոյի, Սևանի շրջանների բնակչության նախնիները եկել են 1830-ական թվականներին։

Սևանի ավազանում բնակվում է մոտ 250 հազար մարդ, որը կազմում է հանրապետության ամբողջ բնակչության 10 տոկոսը։ Բնակչության միջին խտությունը մոտ 50 մարդ է 1 քառ. կիլոմետրի վրա։ Խիտ է բնակչությունը Մարտունու և Կամոյի շրջաններում (60 մարդ) և ամենանոսրը՝ Վարդենիսի շրջանում (35 մարդ)։ Բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են։ Վարդենիսի և Կրասնոսելսկի շրջաններում նշանակալի թիվ են կազմում ադրբեջանցիները։։

[էջ 84]

Կրասնոսելսկի և Սևանի շրջաններում կան նաև ռուսներ (մոլոկաններ)։

Սևանի ավազանի համար խիստ բնորոշ է խոշոր բնակավայրերի առկայությունը։ Այստեղ կան 8000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրեր։ Կամո ու Սևան քաղաքներից, ինչպես նաև Մարտունի, Վարդենիս, Կրասնոսելսկ, Գագարին ավաններից բացի, իրենց մարդաշատությամբ աչքի են ընկնում նաև հետևյալ գյուղական բնակավայրերը՝ Սևանի շրջանում՝ Լճաշենը, Կամոյի շրջանում՝ Սարուխանը, Հացառատը, Նորադուսը, Մարտունու շրջանում՝ Վարդենիկը, Զոլաքարը, Երանոսը, Ներքին Գետաշենը։ Կրասնոսելսկի շրջանում՝ Բաշքենդը։

Սևանի ավազանը տնտեսական առումով նվազ զարգացած է, քան հանրապետության մյուս տնտեսական շրջանները։ Հայկական ՍՍՀ տնտեսության մեջ Սևանի ավազանը հանդես է գալիս գերազանցապես որպես անասնապահական–հացահատիկային և ծխախոտագործական շրջան։ Զգալի չափերի են հասնում կարտոֆիլի մշակությունը և ձկնորսությունը։ Վերջին տարիներին տարածվում է նաև լեռնային այգեգործությունը՝ խնձորենու, տանձենու, սալորենու, հատկապես ցրտադիմացկուն սորտերի մշակությունը։

Սևանի ավազանում զարգանում են գլխավորապես արդյունաբերության գյուղատնտեսական հումքը վերամշակող ճյուղերը՝ պանրի-յուղի, ալրաղացային (Սևան), ձկան և պտղաբանջարային պահածոևերի (Մարտունի)՝ ծխախոտի ֆերմենտացիայի (Սևան)։ Ծանր արդյունաբերության առավել խոշոր ձեռնարկություններից են Սևանի ապակեմեկուսիչների գործարանը, Կամոյի կաբելի գործարանը, Զոդի ոսկեհանքերը և այլն։ Զարգացած է նաև գորգագործությունը, տեքստիլ-տրիկոտաժի արդյունաբերությունը, ինչպես նաև տորֆի արդյունահանումը։ Մեծ տարածում է ստացել Կամոյի շրջանի «Սևան» հանքային ջուրը։ Կառուցվում է նաև մի շարք նոր ձեռնարկություններ, որոնք մեծապես կփոխեն Սևանի ավազանի տնտեսական դեմքը։

Լճի մակերեսը մինչև նրա ջրերի օգտագործումը, կազմում էր 1416 քառակուսի կիլոմետր, ծավալը՝ 58,5 միլիարդ խորանարդ մետր։ Ներկայումս իջել է մոտ 18 մետրով, իսկ

[էջ 85]

մակերեսը կրճատվել է հասել 1200 քառակուսի կիլոմետրի։

Լիճը Նորադուսի և Արտանիշի հրվանդաններով բաժանվում է Մեծ և Փոքր Սևանների։ Հրվանդանների միջև նեղուցի լայնությունը հասնում է 8 և կես կիլոմետրի։ Փոքր Սևանի ամենամեծ խորությունը կազմում էր 100 մետր, իսկ Մեծ Սևանինը՝ 50 մետր։ Լճի հյուսիս-արևմտյան մասում, մինչև ջրի մակարդակի իջեցումը վեր էր բարձրանում ժայռոտ ու զառիթափ ափերով Սևանա կղզին, որը ուներ 63 մետր բարձրություն և 0,3 քառակուսի կիլոմետր մակերես։ Լճի մակարդակի իջեցման հետևանքով կղզին միացավ ցամաքին և դարձավ թերակղզի։ Կղզում են գտնվում հայկական միջնադարյան ճարտարապետությանը պատկանող հուշարձաններից երկուսը, որոնք վերագրվում են 9-րդ դարին։

Սևան գնալիս (Երևանից Սևան), լիճը անմիջապես իր բոլոր գեղեցկությամբ չի երևում։ Բոլորովին այլ տպավորություն է ստացվում, երբ հյուսիս-արևելքից ենք մոտենում Սևանին, հատկապես Ծովագյուղի բարձունքից՝ դեպի լիճը բացվում է սքանչելի համայնապատկեր։

Հայաստանի բնությունը, ընդհանրապես հարուստ է շատ գեղեցկություններով, որոնց մեջ յուրովի է Սևանը։ Դա պատահական չէ, չէ՞ որ ջուրը բնության զարդն է։ Եվ պատահական չէ, որ Սևանն էլ իր ժամանակին շրջապատող գավառին տրվել է «Ծովազարդ» անունը։ Բոլոր ժամանակների բանաստեղծները գովերգել են լճի անկրկնելի գեղեցկությունը։ Սևանին նայողը մի պահ շփոթվում է, տարակուսում ու չի իմանում, թե որն է երկինքը և որն է լիճը։ Ակամայից հիշում ես Մաքսիմ Գորկու խոսքերը. «Սևանը կարծես կապույտ երկնքի մի կտոր լինի, որն իջել է երկրի վրա, լեռների միջև»։

Լճի ջուրը զարմանալի ջինջ է, քաղցրահամ և հայտնի է իր ուրույն ձկնաշխարհով։ Հայտնի է իշխան, գեղարքունի, կողակ ձկներով։ Չորս տասնամյակ առաջ, Լադոգա և Չուդ ճերից այստեղ է բերվել սիգ կոչվող ձուկը։ Իսկ իշխանը հարմարվել է Լադոգա, Օնեգա և Իսիկ-Կուլ լճերի պայմաններին։ Իշխանը՝ սիգ ձկան հետ կարծես փոխեց իր հայրենիքը, որովհետև Սևանա լճում իշխանի «գործերը» վատ

[էջ 86]

գնացին, լճի իջեցման հետևանքով։ Չորացան լճի այն մասերը, ուր նա բարեհաջող ձկնկիթ էր դնում։ Տատանումներ են նկատվում եղած թթվածնի պարունակության մեջ, պակասել է վճիտությունը։ Հետևաբար լճի բուսական ու կենդանական աշխարհի զարգացման համար ստեղծվել է նոր ռեժիմ։

Հայաստանում սովետանան կարգեր հաստատվելուց հետո Սևանա լճի ձկան պաշարների պահպանման և ավելացման խնդիրը եղել և մնում է հանրապետության կառավարության ուշադրության կենտրոնում։ Դեռևս 1923 թվականի ստեղծվել է Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի Սևանի ջրակենսաբանական կայան, որի հիմնական խնդիրը Սևանա լճի ձկնային տնտեսության զարգացումն է։ Ներկայումս կատարվում է ձկնկիթների արհեստակաւն բուծում։ Վերակառուցվում են Կամոյի, Սևանի և Կարճաղբյուրի ձկնաբուծարանները։

Սևանա լիճը Հայաստանի բնության զարդն է, նրա գեղատեսիլ վայրերից մեկը։
Սևան...

Ինչ հնչեղ ու նվիրական է այդ անունը նման Արարատի և Էջմիածնի անուններին:

Սևան անվան առաջացումը երկար ժամանակ կապել են կղզում գտնվող վանքի՝ «Սև վանքի» հետ, որը կառուցված է սև տուֆից։ Այս մեկնաբանումը երկար ժամանակ պահպանվեց որպես լճի անվան ստուգաբանություն։ Բայց դա ճիշտ լինել չէր կարող, քանի որ Սևան անունը ավելի հին է, քան վանքը։ Վերջապես, Սևանի անվան առաջացման պատմության վրա լույս սփռեց Օձաբերդի սեպագիր արձանագրությունը, որը թողել էր ուրարտական թագավոր Ռուսա 2-րդը (730—714 թթ. մեր թվականությունից առաջ)։ Այս հայտնագործությունը, պատկերավոր ասած, տվեց լճի «ծննդյան վկայականը», որտեղ հիշատակվում է Սևանի անունը «Սուինիա» լամ «Ծուինիա» ձևով: Այսպիսով, Սևանի անվան ստուգաբանությունն էլ Երևանի անվանման նման մեզ տանում է ավելի վաղ ժամանակներ, երբ մարդը իրեն շրջապատող աշխարհագրական օբյեկտները շատ հաճախ կոչել է հասարակ անուններով, գործածելով ուղղակի ջուր,

[էջ 87]

գետ, լիճ, լեռ, անապատ։ Պարզվում է, որ Սևան անունը ուրարտական «Սուինիա» կամ «Ծոփնիա» անվան ձևափոխությունն է, որը նրանց լեզվով նշանակել է «լիճ» կամ «ավազան»1։

Սակայն մեր թվականությունից վեց դար առաջ Ուրարտուն դադարեց գոյություն ունենալուց։ Հայկական բարձրավանդակում ձևավորվեց հայ ժողովուրդը՝ դառալով Ուրարտուի օրինական ժառանգորդը։ Հայերը ժառանգեցին նաև ուրարտական շատ անուններ։ Սևանա լիճը օտարների մոտ հայտնի է եղել տարբեր անվանումներով, այսպես, օրինակ, Անտիկ աշխարհի մեծ աշխարհագրագետ Պտղոմեոսի քարտեզում հայտնի է Լուխնիտես անունով։ Պարսիկները նրան Դարիա Շիրին՝ «Անուշահամ լիճ» են անվանել։ Թյուրքանան լեզվախմբին պատկանող ժողովուրդները Սևանին տվել են Գյոկչայ անունը. գյոկ՝ «կապուտակ» և չայ՝ «ջուր» բառերից։ Այս անունով էլ անցյալում Սևանը հայտնի էր թե աշխարհագրական գրականությանն և թե ժողովրդի մեջ։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян
Պատմական Հայաստանի քաղաքները

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice