ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 115]

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌՈՂՋԱՎԱՅՐԵՐԻ ՄԱՐԳԱՐԻՏԸ

Բազմապիսի հարուստ է հայրենի բնաշխարհը։ Հայաստանը հիանալի առողջարարներ ունի, ամառանոցային վայրեր, որոնցից մեկն էլ Ծաղկաձորն է, երկրի նախընտրելի և գեղատեսիլ ամառանոցային վայրերից մեկը։
Ծաղկաձոր...

Ինքնին որքան հնչեղ ու գրավիչ է «Ծաղիկների ձոր» անունը, որը շատ է սազական նրան։

Այս անունը լսելիս ակամայից հիշում ես ամառը և Ծաղկաձորի բնության գեղեցկությունը տարվա այդ եղանակին։ Հիշում ես բազում երեխաների, որոնք ճամբարներում և մանկապարտեզներում անց են կացնում իրենց ամառային աղմկալից, ուրախ օրերը։

Ծաղկաձորի գեղեցիկ բնությունն այստեղ է բերում նաե մեծ թվով հանգստացողների։ Ներկայումս Ծաղկաձորը ձմռանն էլ է մարդաշատ, նրա ձյունապատ ընդարձակությունները դարձել են լեռնադահուկային մրցումների աշույժ կենտրոն։ Նրանք գրավում են դահուկային սպորտի սիրահարներին։ Հիացմունք է պատճառում Ծաղկաձորի համամիութենական սպորտային քաղաքի համալիրը, որը թե ամառային և թե ձմեռային սպորտի համար նախատեսած զանազան խաղադաշտեր և այլ շինություններ ունի։

Ծաղկաձորը գտնվում է Հրազդան քաղաքից տասնմեկ կիլոմետր հեռու։ Նրա դիրքը շատ գրավիչ է, բնությունը՝ գեղատեսիլ։ Տեղադրված է Ծաղկունյաց լեռների արևելյան գոգավորություններից մեկում՝ Թեղենիս (անցյալում Ալի– բեկ) անունը կրող լեռան կանաչազարդ լանջերին։ Մի կող–

[էջ 116]

մից Թեղենիսն է վեր խոյանում, իսկ մյուս, հարավային մասով՝ ձգվում է անտառապատ մի լեռնաշղթա, որը Թեղենիսից է ճյուղավորվում և հասնում մինչև Ջրառատ գյուղը։ Ավանի հյուսիսային մասով անցնում է մի գետակ, որն իր զուլալ ջրերն է հավաքում Թեղենիսի սառնորակ աղբյուրներից։ Ծաղկաձորը գտնվում է ծովի մակարդակից հազար յոթ հարյուր տասը մետր բարձրության վրա, այլ խոսքով, Երևանից բարձր է յոթ հարյուր տասը մետրով։ Ծաղկաձորի բնությունը գեղեցկացնում են երեք կողմից շրջապատող անտառապատ լեռնալանջերը և ալպիական առատ բուսականությունը։ Անտառների ընդհանուր տարածությունը հավասար է հինգ հազար հեկտարի։ Իշխող ծառատեսակներից են կաղնին, թղկենին, կեչին, կան նաև սոճու պուրակներ։ Անտառներում աճում են վայրի խնձորենի և տանձենի։ Ծաղկաձորը շրջապատող անտառները, ծաղկազարդ լանջերը յուրատեսակ բուրմունքով են հագեցնում օդը, որը միշտ զով է և կազդուրիչ։ Պատահական չէ, որ նա դարձել է Հայաստանի ամառանոցային աչքի ընկնող վայրերից մեկը։

Հանգստացողների սիրած վայրերից են նան. Ծաղկաձորի աղբյուրները։ Բոլորին լավ ծանոթ են Տանձաղբյուրը, Արջաղբյուրը, Կաթնաղբյուրը և Թթու ջուրը։ Սրանց անուններն էլ շատ բան են պատմում։ Արջաղբյուրը, որը գտնվում է ավանի հարավ-արևմտյան մասում, իր ժամանակին եղել է հեռավոր աղբյուր, ուր արջեր են երևացել, իսկ Տանձաղբյուրը այդպես է կոչվել, որովհետև շրջակայքում եղել են վայրի տանձի ծառեր։ Բանաստեղծական է Կաթնաղբյուր անունը, որով հայ ժողովուրդը կոչել է այն աղբյուրը, որոնց ջուրը կաթի նման ախորժելի է և առողջարար։ Թթու ջուրը դասվում է հանքային ջրերի շարքին։

Ծաղկաձորից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Սևանի ավազանը, հորիզոնի վրա է Ջրառատ գյուղը։ Իսկ եթե դուք փորձեք բարձրանալ Թեղենիսի գագաթը, ապա էլ ավեի կընդարձակվի այդ հիասքանչ հորիզոնը և ձեր առաջ կբացվի պատմական Գեղարքունյաց Ծովազարդ գավառը, որի կենտրոնում է գեղատեսիլ Սևանը՝ պատմական Գեղամա ծովը։

Ծաղկաձորի մասին մեզ շատ բան են պատմում այն

[էջ 117]

տարբեր անունները, որոնք կարծես թե նրա կենսագրությունն են, նրա տարեգիրքը։

Պատմական Հայաստանում Ծաղկաձորը հայտնի էր Կեչառիս անունով և գտնվել է Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառում։

Ըստ «Աշխարհացույցի»՝ յոթերորդ դարի հայկական քարտեզի, Վարաժնունիք գավառի արևելյան սահմանները հասել են Գեղամա ծովափին (այժմ Սևանի լճափին), հյուսիսային սահմանը՝ Փամբակի լեռների այն մասին, որը զառիթափ իջնում է Դիլիջանի ձորը, արևելյան սահմանը համընկել է Զանջռլուի, Բջնու լեռներին, որոնք նայում են դեպի Ապարանի սարահարթը, հարավից գավառը սահմանակից է եղել Կոտայքի շրջանին:

Ըստ պատմահայր Մովսես Խորենացու, Վարաժնունիք է կոչվել ի պատիվ Վարաժի, որը Գեղամ Նահապետի սերնդից էր։ Այս երիտասարդը շատ դիպուկ նետաձիգ էր և գլխավորում էր արքունական որսը։ Նրան Արտաշես թագավորը շենքեր է պարգևում Հրազդան կոչված գետի ափերին։ Սրանից, ասում են, առաջ է եկել Վարաժնունյաց տունը» (Խորենացի)։

Վարաժնունիք գավառը զբաղեցրել է Հրազդան գետի վերին հոսանքները, Ծաղկունյաց լեռներին հարող լանջերը, և Հրազդանի աջափնյա մասը, Մարմարիկի հովիտը, ներառյալ մինչև ներկա Ծաղկաձորը։

Գավառը հետագայում կոչվել է Ծաղկաձոր, նրան շրջապատող Ծաղկունյաց լեռների անունով։

Ինչ վերաբերում է Դարաչիչակ անունին, ապա դա Ծաղկաձորին տվել են պարսկական տիրապետության ժամանակ։ Այդպես անվանեցին օտարները և այդպես շարունակվեց կոչվել նաև ռուսական տիրապետության ժամանակ։ Դարաչիչակ անվան տակ ընդհանրապես նկատի էին ունենում գավառի բնակավայրերից մեկը, ներկա Ծաղկաձորը, որի պաշտոնական անունը ռուսական տիրապետության ժամանակ Կոստանտինովկա էր։

Ծաղկաձորը մեր մատենագիրները հիշատակում են 2-րդ դարից (մ.թ.ա.), երբ նա եղել է Արտաշեսյան թագավորության ամառանոցներից մեկը։ Սակայն մատենագիրները

[էջ 118]

այնքան էլ շատ բան չեն գրել Ծաղկաձորի մասին, քանի որ այն ժամանակ հայկական պետությունը ընդարձակ էր և Ծաղկաձորի նման վայրեր շատ կային։

Ծաղկաձոր ավանի մասին ավելի շատ տվյալներ մեզ հասել են միջնադարից, երբ այստեղ գոյություն է ունեցել Կեչառիս գյուղը՝ համանուն վանքով, որը միաժամանակ դպրոց է եղել։

Ծաղկաձորում պահպանված նյութական կուլտուրայի հուշարձանները պատմում են այն մասին, որ գյուղի բնակիչները եղել են հայեր և որպես հիշատակ մնացել են ճարտարապետական հուշարձաններ (տաճարներ, գեղեցիկ խաչքարեր և այլն):

Ծաղկաձորի հուշարձանների մեջ իր ճարտարապետական գեղեցկությամբ և ուրույն կառուցվածքով աչքի է ընկնում Կեչառիս վանքը։

Արդեն ասվեց, որ Ծաղկաձորի հին անվանումներից է Կեչառիսը։ Կեչառիսը ոչ միայն նշանավոր գյուղ էր, այլև հայտնի մենսատան, Պահլավունիների հռչակավոր դաստակերտներից մեկը։ Պահլավունիները ինչպես Անիի և Շիրակի մեջ, այնպես էլ այս գավառում կառուցեցին եկեղեցիներ և այլ կոթողներ։ Այդ թվում վեց տաճար։ Այսօր դրանցից կանգուն են չորսը՝ Գրիգոր Լուսավորիչը, Կաթողիկեն, ս. Նշանը և ս. Հարությունը։

Կեչառիսի հիմնադիրն էր Ապիրատ իշխանը, ի դեպ, այս այն Ապիրատն է, որը 1031 թվականին կառուցեց Երևանի առուն։ Գլխավոր եկեղեցին կոչվում է ս. Գրիգոր Լուսավորիչ, որն իր ճարտարապետությամբ հրապուրում է բոլորին, կառուցեց Գրիգոր Մագիստրոսը 1033 թվականին կամ ըստ Ալիշանի՝ 1003 թվականին։ Եկեղեցին ամբողջապես կանգուն էր մինչև 1827 թվականը։ Բայց երկրաշարժի հետևանքով կործանվեց նրա երկնաճեմ, գեղեցիկ գմբեթը։

Մյուս եկեղեցիներից ս. Նշանը կառուցվել է 12-րդ դարում, իսկ ս. Հարությունը և Կաթողիկեն՝ 13-րդ դարում։ Այս կոթողները գտնվում են հնությունների պահպանման կոմիտեի հսկողության տակ։ Դա բնական է, չէ որ ժամանակակիցներս ժառանգորդներն ենք հարուստ բազմադարյան պատմություն ունեցող հայ ժողովրդի մշակույթի։ Կեչառիսը

[էջ 119]

հայ ժողովրդի շինարարական արվեստի, խելքի ու հմտության լուռ վկան է։ Նրա կառուցողներից մեկը եղել է Վեցիկ վարպետը։ Այսօր նրա գերեզմանը կգտնեք վանքի բակում: Իհարկե, եղել են նաև շատ ուրիշ վարպետներ, բայց ափսոս որ մեզ հասել է միայն Վեցիկի անունը։

Կեչառիսի վանքը միաժամանակ մեծ դեր է խաղացել հայ մշակույթի զարգացման գործում։ Վանքին կից գործելիս է եղել միջնադարյան հայկական դպրոցներից մեկը, որտեղ իր կրթությունն է ստացել ու աշխատել մեր պատմիչներից Խաչատուր վարդապետը, որը ավելի հայտնի է Խաչատուր Կեչառեցի անունով։ Նա Պռոշյան տոհմից էր։ Ապրել է 13-րդ դարի վերջում և 14-րդ դարի սկզբում։ Եղել է հայտնի տաղասաց, այսինքն՝ տաղեր (ոտանավորներ) հորինող և միաժամանակ երգող։ Ունի նաև այլ գործեր թե՛ ոտանավորներ և թե՛ վիպասանություններ։

Բայց երբ հայ ժողովուրդը կորցրեց իր պետականությունը, դրանից հետո մեր հայրենիքը բաժանվեց Իրանի և Թուրքիայի միջև, Կեչառիսը նրա շրջակա հայաբնակ ավանների հետ անցավ Իրանին։ Հայերից շատերը տարագրվեցին, այդ շրջանը փաստորեն հայաթափ եղավ։ Կեչառիս անունն էլ փոխվեց և Դարաչիչակ կոչվեց։ Տարբեր արշավանքների հետևանքով ոչ միայն ներկա Ծաղկաձորը, այլև Սևանի ավազանը հայաթափ է լինում։ Ծաղկաձոր ավանը վերանում է որպես բնակավայր, բնակիչների մի մասը կոտորվում են, մի մասը հեռանում է հայրենի բնակավայրից՝ լուռ վկաներ թողնելով Կեչառիսի կոթողները։ Նախկին Վարաժնունիքը դառնում է Երևանի խանության Դարաչիչակի մահալներից մեկը, որի սահմանները հասնում էին հյուսիսում մինչև Փամբակի լեռնաշղթան, հարավում՝ Խըրխ–Բուաղի մահալը (Կոտայք)։ Դարաչիչակի մահալի մեջ էր մտնում Զանգու գետի վերին հոսանքը, Միսխանան (Հանքավանը) և Դարաչիչակը (Ծաղկաձորը)։

Դարաչիչակը զով կլիմա և առողջարար օդ ունենալու շնորհիվ ամառը դառնում է Երևանի խանության բարձր խավին պատկանող դասի ամառանոց։ Այս ձևով Դարաչիչակը (Ծաղկաձորը) մնում է մինչև 1827 թվականը, որից հետո Արևելյան Հայաստանը ռուսական կայսրությանը միա–

[էջ 120]

նալու կապակցությամբ Դարաչիչակը մտնում է Նոր Բայազետի գավառի մեջ։ Դարաչիչակը դառնում է Երևանի ռուսական նահանգապետի ամառանոցը։ Այստեղ կառուցվում են բազմաթիվ շենքեր (թե՛ պետական պաշտոնյաների և թե՛ առանձին հարուստների համար։

Ներկա Ծաղկաձորի տեղում 1830 թվականին ստեղծվեց Կոստանտինովկա բնակավայրը։ Դա հիմնվեց ռուս այն աղանդավորների կողմից, որոնք հայտնի են մոլոկան անունով։ Այս աղանդը առաջացավ Ռուսաստանում տասնյոթերորդ դարում։ Հատկապես Տամբովի և Սարատովի նահանգներում, այն էլ գերազանցապես գյուղացիության շրջանում։ Այս աղանդավորներն այդ անունը ստացան 1765 թվականին, Տամբովի նահանգի ուղղափառ հոգևոր խորհրդի կողմից, քանի որ այս աղանդավորները տոներին (հատկապես չորեքշաբթի և ուրբաթ օրերին) խոզի մսի փոխարեն կաթ էին գործածում։ Դրա համար էլ ստացան այդ անունը։ Նրանք մերժում էին ուղղափառ եկեղեցու ծեսերն ու սրբերի մասունքները, ինչպես նաև սրբապատկերների պաշտամունքը։ Ընդհանրապես նրանց մեջ արգելված է ծխելը, ոգելից խմիչքների գործածումը և խոզի միս ուտելը։ Ցարիզմի օրոք նրանք ենթարկվեցին հետապնդումների և հալածանքի։ Տասնիններորդ դարի սկզբին մոլոկանները Տամբովի և Սարատովի նահանգներից աքսորվեցին Անդրկովկաս, այդ թվում և Հայաստան։

Այժմ Ծաղկաձորն ունի 250 տնտեսություն, որից 22–ը ռուսներ են։ Մնացածը հայեր են։ Ավանի բնակչության թիվը գնալով աճում է, կապված հատկապես շինարարության հետ։

Ավանի հիմնական փողոցներն են Ծաղկաձորի և Շահումյանի փողոցները, որոնք իրար են միանում Մայիսյան, Պիոներների և Կիրովի փողոցներով։

Ավանի բնական սահմանները վեր են բարձրանում մինչև անտառի սահմանը, որտեղ և գտնվում են պիոներական մի շարք ճամբարներ։ Հյուսիսային մասում ավանի սահմանը վերջանում է գետակի ձորաբերանով։

Ում չի հիացնում, հատկապես Շինարարների, Կապի և Պետառի ճամբարները։ Այսօրվա Պիոներների փողոցը, մի

[էջ 121]

տեսակ սահմանն էր ամառանոցային շենքերի և ավանի միջև։

Ամառը Ծաղկաձոր են գալիս սփյուռքից երեխաներ, որոնք վայելում են իրենց հայրենիքի բնության բարիքները, և ծանոթանում նրա կյանքին ավելի մոտիկից։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice