ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 129]

ՆՈՐ ԳԵՏԻԿ ԿԱՄ ԳՈՇԱՎԱՆՔ

Դիլիջանից արևմուտք, տասնհինգ կիլոմետր հեռու, 1200 մետր բարձրության վրա՝ Գոշ գյուղում է գտնվում Նոր Գետիկը կամ Գոշավանքը, որը հիմնադրել է Մխիթար Գոշը։ Գիտնականությամբ կամ բարեպաշտությամբ անուն վաստակած մեր վարդապետները հիմնում էին վանքեր, ուր ստեղծվում էին միաբանություններ։ Այդ վանքերից շատերը եղել են մեր նշանավոր դպրոցները և գրչության կենտրոնները։

Նախ մի երկու խոսք Նոր Գետիկ և Գոշավանք անվանումների ծագման մասին։

Հնում է եղել Գետկա վանք, որը գտնվել է ներկա Գոշավանքից ոչ հեռու։ Նա իր անունը ստացել է Աղստև գետի վտակ Գետիկից, որը մինչև վերջերս հայտնի էր օտարների կողմից տրված Թարսաչայ անունով։ Սակայն Գետկա վանքը երկրաշարժից կործանվում է և Մխիթար Գոշը հիմնում է նորը, որը կոչվել է ս. Աստվածածին (1191—1196 թթ.)։ Բայց հետագայում կառուցված ս. Գրիգոր և ս. Լուսավորիչ եկեղեցիները, ինչպես նաև գրադարանի, զանգակատան ավարտումը ստեղծեց վանքային մի ճարտարապետական հոյակապ համալիր և ավելի հայտնի դարձավ Նոր Գետիկ կամ ուղղակի Գոշավանք անունով:

Այս մենաստանը, որը Վարդան աշխարհագիրը Գետկավանք կամ Գոշ Մխիթարի աթոռատեղի է անվանում, գտնվում է պատմական Արցախի նահանգի Քուստի գավա–

[էջ 130]

ռում. նրա հիմնադրման համաոոտ պատմությունը այսպիսին է։

Տասներկուերորդ դարի վերջերին, մոնղոլական ասպատակությունների ասպարեզ դարձան թե՛ Սյունաց երկիրը և թե՛ Գանձակի շրջանը։ Մոնղոլական հրոսակների զոհ դարձան նաև Գանձակի հայ ազգաբնակչությունը։ Ահա հենց այդ ժամանակ՝ 1191 թվականին, Մխիթար Գոշ վարդապետը, որը ականատես էր իր հայրենիքի ավերումներին, շուրջն է հավաքում ժողովրդին և Գետիկ գեղատեսիլ վայրում հիմնում է վանք։ Նրան աջակցում են Վախթանգ իշխանը և նրա կին Արզուխաթունը։ Այսպիսով տասներկուերորդ դարի վերջում հիմնադրվում է Հայաստանի նշանավոր մենաստաններից մեկը, որը հետագայում հայտնի է դառնում Գոշավանք անունով, որին և վիճակվեց կարևոր դեր խաղալ հայ ժողովրդի մշակութային կյանքում։

Այժմ Գոշավանքի մասին քիչ մանրամասն։ Ինչպես ասվեց առաջին և գլխավոր եկեղեցին ս. Աստվածածինն է, կառուցվել է 1191—1196 թվականներին։ Իսկ կից գավիթը կառուցված է 1197 թվականին։ Նրանից հարավ գտնվում է ս. Գրիգոր եկեղեցին, որը կառուցվել է 1237 թվականին և ս. Լուսավորիչ եկեղեցին 1241 թվականին, որը թաղածածկ է։

Առաջին եկեղեցին, ինչպես ասացինք ս. Աստվածածինն է. նա հայկական դասական ճարտարապետական ոճը ներկայացնող գմբեթավոր մի հոյակապ տաճար է, որը իշխում է վանքի շրջապատի վրա։ Կառուցված է ընտիր սրբատաշ քարերից: Սա ունի մի ընդարձակ գավիթ՝ չորս հրաշակերտ սյուների վրա. հնում ունեցել է նաև փոքրիկ կաթողիկե, որը այժմ խախտված է։

Մայր եկեղեցու՝ ս. Աստվածածնի ձախակողմում գտնվում է մի այլ քարաշեն փոքր եկեղեցի՝ ս. Լուսավորիչ։ Այս եկեղեցին հիմնադրել է Մարտիրոս առաջնորդը, բայց Լուղիմ Սալահադինի արշավանքների պատճառով չի կարողացել ավարտել։ 1241 թվականին կառույցը ավարտել է Գրիգոր իշխանը։ Սրա դռան երկու կողմում եղել են խաչքարեր, որոնք իրենց ճարտար, նուրբ փորագրությամբ հայկական «ասեղնագործ խաչքարերի» մեջ գլուխգործոց կարելի է համարել։

[էջ 131]

Առանձին ուշադրության է արժանանում Գոշավանքի գեղաքանդակ խաչքարը, որը հազվագյուտ կոթող է և պատկանում է «ասեղնագործ խաչքարերի» շարքին։ Քանդակել է Պավղոս (Պողոս) վարդապեպը։ Հայ քանդակագործության այս հոյակապ հուշարձանները զարդարել են մուտքը աջից և ձախից։ Դրանցից մեկը 1935 թվականին բերվել է Երևան և գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Վերոհիշյալ փոքրիկ եկեղեցու հետևի կողմում է ս. Գրիգոր եկեղեցին, որը դարձյալ հարուստ է քանդակներով։ Այս եկեղեցուն կից ընկած են հայ պայազատների մատուռները և դամբարանները։ Ավագ եկեղեցու աջակողմում կանգնած է զանգակատունը։ Սա նույնպես մի հոյակապ կոթող է։ Ափսոս, որ կաթողիկեն քանդված է։ Սրան կից եղել է մի այլ եկեղեցի՝ կառուցված սրբատաշ քարերից, որը այժմ ավերակ է։

Գոշավանքի կոթողների մեջ առանձնահատուկ տեղ է բռնում գրատուն-զանգակատունը, կառուցված 1291 թվականին։ Ինչ վերարերում է սեղանատանը, ապա այն ներկայումս գտնվում է ավերված վիճակում։

Գլխավոր համալիրի դիմաց Գետիկի աջ ափին է գտնվում Հռիփսիմե անունը կրող ոչ մեծ կաթուղիկեն, որը կառուցել է Խաչատուր Վարդապետը։ Այստեղ է Մխիթար Գոշի դամբարանը և խաչքարերի կերտող անմահ Պավղոս (Պողոս) վարպետի գերեզմանը։

Գոշավանքը ժամանակին եղել է բազմամարդ։ Ինչպես հայտնի է այստեղ ապրել ու գործել են շատ անվանի միաբաններ՝ Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին և Վանական վարդապետը։ Շատ բան են պատմում նաև այն բազմաթիվ արձանագրությունները, որոնցով ծածկված են վանքի պատերը, թե՛ ներսի և թե՛ դրսի կողմից։ Ժամանակին Գոշավանքը մեծ հռչակ է վայելել։ Հայ մեծահարուստները միշտ նվիրաբերություններ են արել այս մենաստանին նրա ապահովության համար։ Այսպես, օրինակ, 1289 թվականին, Մանազկերտցի Ծար իշխանը գնելով ընդարձակ հողային տարածություն, նվիրաբերում է Մխիթար Գոշի մենաստա–

[էջ 132]

նին։ Ի դեպ, Ճար իշխանը մահացել է Թբիլիսիում, բայց Գետկավանքում է թաղվել։

Գոշավանքը այժմ շրջապատված է Գոշ գյուղի տներով։ Վանքին ամենամոտ շենքը գյուղի ութամյա դպրոցն է։ Գյուղի բնակչությունը հաշվում են երկու հարյուր տնտեսություն։

Ավարտեցինք մեր շրջագայությունը պատմական Հովքով, մեր այսօրվա գեղատեսիլ ու բարեկարգ Դիլիջանով ու նրա տեսարժան վայրերով։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян
Պատմական Հայաստանի քաղաքները

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice