ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

Կամսար Ավետիսյան,

ՀԱՅՐԵՆԱԳԻՏԱԿԱՆ ԷՏՅՈՒԴՆԵՐ


[էջ 146]

ՍՅՈԻՆՅԱՑ ՎԱՐԴԱՊԵՏԱՐԱՆԸ

Տաթև, Տաթև...
Սյունյաց աշխարհի նվիրական
սրբությունը, փառքն ու պարծանքը։

ԼԵՈ

Գորիսից Տաթև հիսունութ կիլոմետր է։ Ճանապարհն անցնում է եռաբլուր սարահարթով։ Գնում են Քարահունջ, Վերին Շինուհայր գյուղերի մոտով։

Ի դեպ, հին Հալիձորը գտնվում է խճուղուց հինգ կիլոմետր ներքև։ Մեր ճանապարհը անցնում է այսպես կոչված

[էջ 147]

Վերին կամ Նոր Հալիձորով, որը համեմատաբար նոր է հիմնվել։ Ճանապարհին, խճուղուց ձախ, գտնվում է այն համեստ հուշարձանը, որը կանգնեցված է Խրիմյան Հայրիկի հիշատակին։ Տաթև գնալիս նա հանգստացել է այդ տեղում:

Հալիձորից հետո խճուղին ոլորապտույտ անցնում է անտառի միջով։ Եվս մեկ երկու ոլորապտույտ և մեր առաջ բացվում է սքանչելի համապատկեր, դա Որոտանի անդնդախոր ձորն է։ Հալիձորը բնության բոլոր գեղեցկություններով բացվում է տեսնողի առաջ։ Ձորով հոսում է Սյունյաց աշխարհի հրաշալիքներից մեկը՝ Որոտանը։ Հեռվում, ձորի մյուս կողմում նշմարվում է Տաթևը։ Սա Հայաստանի բնության այն անկյուններից է, որ մարդու վրա թողնում է անջնջելի տպավորություն, եթե գեթ մի անգամ եղել է այս կողմերում։ Դեպի Տաթև սկսվում է կեռմանները շարանը, որը Որոտանի ձորով իջնում է դեպի «Սատանի կամուրջ»։ Բոլոր կողմերից կամուրջը եզերում են սեպացած, միապաղաղ ժայռեր, որոնք մի անցք են թողել գետի համար։ Այդ անցքում, մինչև կամուրջը վերևից ծածկելը, այսինքն՝ ցեմենտապատելը (որը կատարվեց վերջերս) երևում էին ահագին ստալակտիտներ1, որոնք սպիտակ մեծ մոմերի նման կախ են ընկել ջրի վրա։ Որոտանը, քարանձավից դուրս գալով «լույս աշխարհ», շարունակում է իր ընթացքը։ Այսօր էլ անցորդներից շատերին զարմանք է պատճառում կամուրջի գոյությունը։ Մեր պապերն էլ իրենց մտքին ու խելքին շատ են զոռ տվել, թե ինչպես է գոյացել կամուրջը, բայց իզուր... Ժողովուրդը բնության քմահաճ խաղի բացատրությունը չկարողանալով տալ, այս հրաշակերտ ստեղծագործությունը անվանել է «Սատանի կամուրջ»։

«Սատանի կամուրջը» դարեր շարունակ պատմական Սյունյաց աշխարհը կապել է Արցախի (Ղարաբաղի) հետ։ Բնությունը այնքան հարմար է ստեղծել այս կամուրջը, որ մարդ նրանով անցնելիս չի էլ զգում թե տակից գետ է «հո–

----------------------------

1 Բնական քարանձավների առաստաղներից հաճախ իջնում են ձագարաձև տեսք ունեցող շթաքարեր, որոնք կոչվում են ստալակտիտներ։ Դրանց հանդիպակաց բարձրանում են ավելի լայն բրգաձև շթաքարեր, որոնք կոչվում են ստալագմիտներ։

[էջ 148]

սում. մանավանդ հիմա, երբ կամարջը փաստորեն ծածկվել է բետոնի հաստ շերտով։

Անցնելով կամուրջը, սկսում ենք յոթ կիլոմետր բարձրանալ սարն ի վեր դեպի Տաթև։ Խճուղին ոլորապտույտ անցնում է սարի համարյա ուղղաձիգ կողով։ Ակամայից մտածում ես, թե ինչպես են իր ժամանակին մարդիկ երթևեկել այս տեղերով։ Ի դեպ, ներկայումս կառուցված է նոր խճուղի, որը շատ է հեշտացնում Տաթև գնալը։

Վերջապես մոտենում ենք Տաթևին։ Մարդուն զմայլեցնում են մի կողմից նրան շրջապատող անտառապատ սարերը, մյուս կողմից՝ անդնդախոր ձորերը։

Ինչպես ասացինք, Տաթևը բազմել է Սյունյաց աշխարհի մի հոյակապ բարձունքում, որտեղից բացվում է գեղատեսիլ համայնապատկեր դեպի Որոտանի անդնդախոր ձորը։ Այդ ձորը այլ կերպ կոչվում է Հալիձոր։ Նա այնպիսի մի թովչական հատկության ունի, որ մարդ ակամայից բնության նկատմամբ ավելի բերկրանքով ու սիրով է լցվում։

Որոտանի անդնդախոր ձորը ունի 400—800 մետր խորություն, աջ կողմը անտառապատ է, իսկ ձախը՝ ոչ։ Զմայլվել այդ ձորով երկար կարելի է, որի կախարդիչ բնապատկերը մարդուն շատ է գրավում, բայց թողնենք այդ բոլորը և մոտենանք սարի լայն, բայց բարձր գագաթին, ուր բազմել է Տաթևը՝ Սյունյաց աշխարհի երբեմնի վարդապետարանը։ Այդ հռչակավոր մենաստանը, որը գտնվում է թերակղզային մի բարձրավանդակի վրա, անդնդախոր Հալիձորի եզերքին, ունի շատ անառիկ դիրք։ Վանքը մատչելի է միայն մի կողմից, որտեղ և կառուցված են հաստ պարիսպներ։

Նախ Տաթևի անվանման ստուգաբանության մասին։ Մեր մատենագրության մեջ տրվում է երկու բացատրություն՝ նվիրագործված հայոց երկու ավանդություններով։ Առաջին բացատրությունը կապվում է ս. Թադևոս առաքյալի աշակերտ Ստաթեոսի անվան հետ, որը իր ժամանակին Սյունիքում քրիստոնեություն է քարոզել, և «ի վերջո հանգչում է այս չնաշխարհիկ դալարագեղ վայրի վրա, ուր կառուցվում է մի փոքրիկ մատուռ»1։ Այդ մատուռը դառնում է ապագա

---------------------------

1 Ն. Տեր-Ավետիքյան. Տեղագրական նամականի, Տփխիս, 1888 թ., էջ 21։

[էջ 149]

Տաթև վանքի կորիզը։ Ժամանակի ընթացքում էլ Ստաթեոս անունն էլ ձևափոխվել ուղղակի Տաթև է դարձել։ Բայց ափսոս, որ այդ մասին մեր տարեգրություններում չի հիշատակվում։ Այդ մասին լռում է նաև Սյունիքի ամենանշանավոր պատմաբան Ստ. Օրբելյանը։

Ժողովուրդն էլ ունի ավանդական հենքով և բանաստեղծական ոգով ստեղծված իր ստուգաբանությունը, որն այսպիսին է։ Երբ ճարտարապետը ավարտում է Տաթևի հրաշակերտ տաճարը, իր վայելուչ կաթուղիկեով և գեղեցիկ զանգակատնով, բարձրանում է «երկնաճեմ եկեղեցու» գմբեթը, որպեսզի այնտեղ զետեղի խաչը։ Այդ պահին նա մի հայացք է գցում անդնդախոր Հալիձորիև և ոլորապտույտ Որոտանին, սարսափում է և շշնջալով ասում.— Ախ, երանի թե թև առնեի և թռչեի մյուս կողմը։

Ըստ ավանդության հանկարծ լսվում է մի խուլ ձայն, որը ասում է. «Տա թև, տա թև»։ Եվ ճարտարապետը անմիջապես թև է առնում ու թռչում հեռուներ, անհետանում։ Այստեղից էլ ըստ ավանդության՝ «Տաթև» անունը։

Իր ժամանակին, երբ Սյունյաց եպիսկոպոսները ներկա Տաթևի գեղեցիկ դիրքն ու անառիկ տեղը՝ առաջնորդարանի աթոռանիստ դարձնելու համար շատ հարմար գտան, խնդրեցին Սյունյաց իշխաններին, որ իրենց տրվի գոյություն ունեցող մատուռը և նրա շրջակայքը։ Այստեղ էլ հիմնադրվում է Տաթևի նշանավոր վանքը, իր երկնաճեմ ս. Պողոս–Պետրոս տաճարով։ Սյունյաց եպիսկոպոսական աթոռը Շաղատից փոխադրվում է Տաթև։ Շաղատը ժամանակին Սյունյաց իշխանների ոստանն էր և եպիսկոպոսական նստավայրը։ Շաղատը գտնվում էր Որոտանի վերին հոսանքի աջ ափին՝ Անգեղակոթի դիմաց։ Դրանից հետո նա աստիճանաբար կորցնում է իր առաջնային դիրքը։ Կարճ ժամանակում, դեռ Դավիթ եպիսկոպոսի օրոք, Փիլիպե իշխանը մեծ նվերներով հարստացրեց Տաթևի վանքը, որի օրինակին հետևեցին շատերը, գնալով միաբանությունը հարստացավ։

Դավիթ եպիսկոպոսի հաջորդ Հովհաննես եպիսկոպոսը 895 թվականին Աշոտ Սյունյաց մեծ իշխանի և նրա կնոջ Շուշանի օժանդակությամբ տասնմեկ տարվա ընթացքում՝

[էջ 150]

այն է, 895 թվից մինչև 906 թվականը, ավանդական եկեղեցու տեղում կառուցեցին կաթուղիկե, կամ Առաքելոց տաճարը՝ նվիրված Պողոս-Պետրոս առաքյալներին։

Տաճարի հիմնադրման կապակցությամբ Ստեփաննոս Օրբելյանը գրում է. «Այս տարի, որ հայոց 344 թվականն է, և զատիկը նավասարդի 4-ին էր, ես տեր Հովհաննես, որ տեր Սողոմոնից հետո կարգվեցի Սյունյաց երկրորդ եպիսկոպոս, սկսեցի այս եկեղեցու կառուցումը»1։

Սյունյաց աշխարհում ստեղծվում է մի հոյակապ կոթող՝ Պողոս-Պետրոս տաճարը։ Տաթևը կառուցված է մոխրագույն այն քարերից, որոնց վրա էլ դրվել են տաճարի հիմքերը։ Գմբեթը հանգչում է կամարակապ ծածկով երկու մեծ հենարանների վրա, չորս անկյուններում կան խորաններ։

Ստեփաննոս Օրբելյանը շատ մակդիրներով է մեծարում Տաթևը։ Անվանելով այն «Մեծ հայրապետանոց», «Լուսաճեմ ու երկնաճեմ» եկեղեցի, «Աղբյուր շնորհաբաշխության տանն Սիսական» և այլն։

Մեծ և երկնաճեմ տաճարի օծման հանդեսին հրավիրում են Հայաստանի բոլոր իշխաններին, Բագրատունյաց Սմբատ թագավորին, Հովհաննես կաթողիկոս Դրասխանակերտցուն, Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորին, Աղվանից Սիմոն կաթողիկոսին։ Բարձրաստիճան հյուրերը մեծամեծ նվերներ են տալիս վանքին։ Սյունյաց իշխանները տեսնելով այդ փառավոր հանդեսը և «երկնաճեմ տաճարի» գեղեցկությունը, ավելի սիրեցին Տաթևը և էլ ավելի նվերներով հարստացրին։

Տաթևը դառնում է Սյունյաց աշխարհի նվիրական վայրերից առաջինը, նրա փառքն ու պարծանքը։ Այդ ժամանակամիջոցում կառուցվեց Ս. Երրորդություն կոչվող Սյուն-գավազանը, կառուցվեցին զանազան շինություններ, այդ թվում ստեղծվեց գրադարան։ Սաների մեջ կային մատյան ընդօրինակողներ, հմուտ ծաղկողներ (մանրանկարիչներ)։

Տաթևի շնորհալի սաներից է եղել Առաքել Սյունեցին: Նա աշակերտել է Գրիգոր Տաթևացուն։ Կրել է նրա խոր

------------------------

1 Ստեփաննոս Օրբելյան. Պատմություն նահանգին Սիսական։ Թիֆլիս, 1911 թ., էջ 224։

[էջ 151]

ազդեցությունը, թե մտավոր զարգացման և թե գրական ուղղության հարցերում։ Առաքել Սյունեցին եղել է 15-րդ դարի տաղասացներից (բանաստեղծներից), մատենագիրներից և մանրանկարիչներից մեկը։ Նա հասել է Սյունյաց արքեպիսկոպոսի աստիճանի, եղել է Տաթևի վանահայրը։

Այսպես է ստեղծվել ու ծաղկել Տաթևը։ Հայաստանի նշանավոր վանքերից մեկը, Սյունյաց աշխարհի պարծանքը։

Ինչպես ասվեց, Տաթևի պարծանքը՝ հայ ժողովրդի մտքի և հանճարի լուռ վկան է ս. Պողոս-Պետրոսը։ Նրա երկարությունը հասնում է 28 մետրի, լայնությունը 17 մետրի, բարձրությունը կաթուղիկեի կանգուն ժամանակ, եղել է մոտավորապես 54 մետր։ Տաճարը կառուցվել է սրբատաշ քարից, հիմնվում է երկու սյուների վրա։ Մյուս երկուսը սիմվոլիկ են և դուրս են բերված արևմտյան դռան երկու կողմերում կառուցված խորանների պատերի մեջ։ Շատ հետաքրքիր է տաճարի ներքին կառուցվածքը, նրանով, որ սյուները չեն խանգարում, խորանը երևում է տաճարի բոլոր մասերից։

Տաճարը կանգուն ժամանակ եղել է շատ լուսավոր։ Հյուսիսային պատի մեջ կան չորս պատուհաններ, որոնք ունեն խաչաձև դասավորություն։ Մեկական լուսամուտ էլ հարավային և արևմտյան պատերի մեջ։ Տաճարի հարավային պատի մեջ բացվում է մի դուռ, որտեղ և թաղված է Գրիգոր Տաթևացին։ Նրա գերեզմանի վրա 1787 թվականին մի փոքր գմբեթավոր մատուռ են կառուցում։ Գրիգոր Տաթևացու շիրիմի վրա դրված է եղել մարմարյա արձանագրություն, որը ժամանակին հափշտակվել է։ Այսօր էլ նկատվում է այդ կորուստի տեղը։

Պողոս-Պետրոս եկեղեցին մուտքի կողմից լրացվել է գեղեցիկ զանգակատնով, որը եղել է երեք հարկանի։ Այն կառուցվել է սրբատաշ քարից և գեղեցիկ զարդանկարներով։ Ավարտվել է Հովհանն Որոտնեցու կողմից տասնչորսերորդ դարի վերջին։ Սա ճարտարապետական ոճի և շինարարական արվեստի տեսակետից մի գեղեցկություն էր ներկայացնում։ Այդ մասին են վկայում անգամ նրա քարերը։

Ս. Պողոս-Պետրոս կաթուղիկեն ավելի բարձր է, քան ս. Էջմիածինը։ Այս հոյակապ կոթողը, որը խրոխտ կանգնած

[էջ 152]

էր ամեհի անդունդի եզրին, երկար կցոլար իր անցյալի փառքով, եթե չլիներ այն ահավոր երկրաշարժը, որ տեղի ունեցավ 1931 թվականի ապրիլի 22-ին։

Երկրաշարժը տապալեց տաճարի գմբեթը, կործանեց զանգակատունը և մուտքի աջ կողմի սքանչելի կամարի թևը։ Երբ Ավ. Իսահակյանը այդ երկրաշարժից հետո Տաթև է այցելում, արտասվում է և ասում. «Աչքերս կուրանային Տաթևը այս վիճակում չտեսնեի»։ Երկու մեծ զանգերը իրենց, ամրության պատճառով չեն վնասվել և գտնվում են վանքի բակում։ Զանգերից փոքրը ձուլվել է 1302 թվականին, իսկ մեծը՝ 1304 թվականին։ Զանգակները իրենց վրա կրում են պատմիչ Ստեփաննոս Օրբելյանի անունը։

Ծանոթանանք նաև Տաթևի վանքի մյուս պաշտամունքային կառույցներին, որոնք կիսավեր վիճակում են, բայց պահում են իրենց երբեմնի վսեմությունը։ Առավել աչքի ընկնողներից է ս. Աստվածածին եկեղեցին, որը վանք մտնելիս գտնվում է ձախ կողմում։ Կառուցել է 1063 թվականին Գրիգոր եպիսկոպոսը։ Անցյալում վանքի մուտքը եղել է նշված եկեղեցու տակով, բայց այժմ դա չի գործում։ Մուտքին փոխարինում է երբեմնի «Աղբյուր հուշարձանը», որը կառուցվել է 1745 թվականին։ Բայց այսօր նա այլևս «Աղբյուր հուշարձան» չի, այլ սոսկ մուտք։ Ժամանակին աղբյուրը խափանվել է և չորացել։ Այսօր այդ ջրերը դուրս են գալիս «Աղբյուր հուշարձանի» մոտից։

Ս. Պողոս-Պետրոս տաճարից անմիջապես աջ գտնվում է ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի հիմնադրումը չնայած մեզ հասցնում է իններորդ դար, բայց բազմիցս կործանվել ու վերականգնվել է։ Վերջին վերակառուցումը կատարել է Սյունյաց աշխարհի պատմաբան Ստեփաննոս Օրբելյանը, 1295 թվականին։

Վանքի բակի հարավային մասում կանգնած է մի ութանկյունի հուշասյուն։ Դա Տաթևի նշանավոր Սյուն-գավազանն է կամ ճոճվող սյունը։ Գագաթը պսակված է քանդակված խաչով։ Տաթև վանքային ճարտարապետության անսամբլում գտնվող այս հուշարձանը կառուցվել է 895 թվականին։

Մարդկանց շատ է հետաքրքրել Տաթևի ճոճվող սյան առեղծվածը։ Այդ հոյակերտ սյունը հիշեցնում է Իսպահանի

[էջ 153]

ճոճվող սյունը և իրոք եղել է ու մնում է միջնադարյան ճարտարապետության հրաշալիքներից մեկը։ Այն արդյունք է հայ ճարտարապետի մտքի ու հանճարի, որն ինչպես ասում են «հանդգնել է սյունը դնել ավազե կողեր ունեցող ծղխնիավոր հենարանի վրա, ծանրության կենտրոնը հնարամտորեն տեղափոխել սյան ստորին մասը... Դե, սյուն իմ, ճոճվիր»։ Հայ ճարատարապետը սյունը կառուցել է ոչ միայն այն նպատակով, որ նա կանգուն մնա, այլև պետք է շարժվեր բոլոր կողմերի վրա ու չպետք է քանդվեր։ Հանուն սուրբ Երրորդության այս Գավազան սյունը խորհրդանշում է հավերժությունը։

Հաստատ ու կանգուն այս քարը, սյունը և նրա ճոճման գաղտնիքը «կարոտ է բազմակողմանի ուսումնասիրության ոչ միայն այս տեսակետից, այլև ճարտարապետական արվեստի մեջ որոշ գաղտնիքներ լուսաբանելու տեսակետից» (Թորամանյան):

Մեզ հասած գեղեցիկ ավանդության համաձայն, տաթևացի միաբանները վարդապետական գավազանի իշխանություն էին տալիս իրենց աշակերտներին, այն դեպքում, երբ վարդապետական գավազան ստացողը մոտենում էր պատշգամբին և ձեռք տալու պահին Երրորդության սյունը ճոճվում էր։ Ներկայումս այդ պատշգամբը չկա, իսկ սյունը շրջապատված է ցանկապատով և անշարժ է։ Երրորդության սյունը պատրաստված է սրբատաշ քարից, որոնք շատ ամուր միակցված են իրար։ Ունի տասնհինգ մետր բարձրություն և մոտ երեք մետր շրջագիծ։

Ինչպես հայտնի է, մեր վանքերը եղել են մեր ժողովրդի հոգևոր մշակույթի գանձարան։ Հիշենք Ավ. Իսահակյանի խոսքերը.

«Մեր հոյակապ հին վանքերի մութ քուցերում, մենութան մեջ, Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանթեղի լույսով անշեջ,
Մի նշխարհով, մի կում ջրով ու ճգնությամբ գիշերն անքուն, Պատմությունը մեր գրեցին մագաղաթի վրա դժգույն»:

Նրանցում ապրել ու գործել են մեր պատմիչներն ու թարգմանիչները, ինչպես նաև նկարիչներն ու գիրք զարդարողները։ Մեր վանքերը եղել են մշակույթի օջախներ, որ

[էջ 154]

տեղ և պահվել են մեր հոյակապ ձեռագրերը։ Այստեղ էին ապրում գիտնական միաբանները, որոնք կազմում էին պատմական տարեգրություններ, գրում աստվածաբանական գործեր, և զարդարում։

Սյունյաց աշխարհի ուսումնագիտական կենտրոնի առանցքն ու կորիզն են կազմել Վայոց ձորում՝ Գլաձորի համալսարանը, որի պատկառելի ուսումնականները եկել էին Մշո Գլաձորից (Առաքելոց վանքից), ապաստան գտել այստեղ և ի հավերժացումն իրենց նախկին կենտրոնի, Աղբերց վանքը սկսած 1291 թվականից վերանվանում են Գլաձոր։ Իսկ այդպիսին Զանգեզուրում համարվում էր Տաթևը։ Սակայն տասնչորսերորդ դարի քառասունական թվականներից հետո Գլաձորի համալսարանի համար ստեղծվեցին անբարենպաստ պայմաններ, և նրա գոյությունը Վայոց ձորում դարձավ անհնարին։ Դրանից հետո միջնադարյան հայ դպրության հարատևումը շարունակվում է Տաթևում, որն առավել բարենպաստ և ապահով պայմաններ ուներ։ Այստեղ տեղափոխվեցին Գլաձորի ավանդությունները, նրա մեծ երախատավորները։ Ծաղկում ապրեց Տաթևի համալսարանը, իսկ Երկրորդ Աթենքը ինչպես որ Գլաձորին անվանել են մեր միջնադարի հայ մտավորականները, իր տեղը զիջում է Տաթևին։

Տաթևի անվան հետ է կապված, հայ նշանավոր երախտավորներից Հովհաննես Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու անունները։ Հովհաննես Որոտնեցին, այդ եռամեծ վարդապետը, ծնվել է 1315 թվականին, աշակերտել է Եսայի Նչեցուն և Տիրատուր վարդապետին։ Նա հռչակվեց իր գիտությամբ։ Սկզբում ուսուցանում է Գլաձորի համալսարանում, ապա տեղափոխվեց Տաթև։ Հասցրեց շատ աշակերտներ, որոնցից նշանավոր են Գրիգոր Տաթևացին, Գրիգոր Խլաթեցին։ Հովհաննես Որոտնեցին հիմնում է Տաթևի նշանավոր համալսարանը, որն ուներ երեք բաժանմունք, այն է՝ փիլիսոփայության և աստվածաբանության, նկարչության և գեղարվեստի, երաժշտության և նոտարվեստի (խազագրության)։ Ամենատարածված բաժինը եղել է փիլիսոփայության և աստվածաբանության բաժինը։

Հովհաննես Որոտնեցու մասին այսպես է գրում նրա

[էջ 155]

աշակերտ Գրիգոր Տաթևացին. «Նա արևելյան փայլակն է և հայ ազգիս անսովոր լուսատուն»։

Տաթևը եղել է ոչ միայն վանք, այլև լույսի և գիտության վարդապետարան։ Տաթևի փառքը և նրա համալսարանի լուսապսակը դարձավ Գրիգոր Տաթևացին, Որոտնեցու արժանավոր աշակերտը։ Գրիգոր Տաթևացին դարձավ Տաթևի համալսարանի ուսուցչապետը։ Նա հայտնի էր նաև փիլիսոփայության ու տնտեսական գիտությունների ասպարեզներում։ Մահացել է 1409 թվականին։

Տաթևն էլ բաժանել է հայ ժողովրդի բախտը։ Իր ժամանակին այն կողոպտեցին նախ պարսիկները, հետո՝ սելջուկները, իսկ 14-րդ դարում՝ Լենկթեմուրը:

Օսմանյան թուրքերի նախնիները՝ սելջուկ թուրքերը, երբ 11-րդ դարում ներխուժեցին Սյունիք, ապա առաջին հերթին ավերեցին Տաթևի վանքի մատենադարանը և տասը հազար ձեռագիր Որոտանի մեջ թափեցին։ Դարեր են եկել և դարեր գնացել այս հրաշալիքի գլխով, ժամանակը շատ բան է տարել Տաթևից։ Տաթևը չազատվեց նաև Աղա Մահմեդ խանի ճիրաններից, որը 1796 թվականին քարուքանդ արեց վանքը և ցրեց միաբաններին, որից հետո վանքը երկար ժամանակ մնաց համարյա ավեր վիճակում, մինչև ռուսների տիրապետությունը։ Մարտիրոս եպիսկոպոսը կարողացավ ռուսական կառավարիչներ Ռտիշչևից և Երմոլովից իրավունք ստանալ վանքապատկան ու շարժական կալվածները վերադարձնելու համար և նորից կենդանացավ Տաթևը։ Սակայն ոուս-պարսկական պատերազմների ընթացքում պարսիկները թալանեցին վանքը։ Պատերազմը վերջանալուց հետո միայն Տաթևը սկսեց նորից բարեկարգվել։

Ինչպես ասացինք, մեր նյութական մշակույթի կենդանի վկաներից մնացել են գերազանցապես պաշտամունքային կառուցվածքներ, որոնցից ժամանակն ու անբարենպաստ պայմանները շատ բան են տարել։ Ինքնին հաևկանալի է, որքան հնարավոր է պետք է պահպանենք մեր երկրում եղած պատմական հուշարձանները։ Ահա թե ինչու Հայաստանի կառավարությունը որոշել է սկսած 1969 թվականից իրականացնել հուշարձանների վերականգնման մի ընդարձակ ծրագիր։

[էջ 156]

Մենք մտովի այցելեցինք հյուսիսային Զանգեզուր, այսինքն՝ Սիսիանի և Գորիսի շրջանները։ Ղափանը և Մեղրին մնում են հարավային մասում։ Զանգեզուրի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար տանք նրանց համառոտ պատկերը։

Ղափանի և Մեղրու շրջանները մեր պղնձամոլիբդենային արդյունաբերական շրջաններն են։ Նրանք գտնվում են հարավային Զանգեզուրում։

Հարավային Զանգեզուրը իր ընդերքի հարստությամբ մեծ հետաքրքրություն է ներկայացնում։ Սա Սովետական Միության գունավոր մետալուրգիայի հիմնական կենտրոններից է։ Այստեղ է կենտրոնացած պղնձի, մոլիբդենի և նրանց ուղեկցող համապատասխան մետաղներ, որոնց մշակումը աճում է օրեցօր։

Հարավային Զանգեզուրում կան զուտ լեռնարդյունաբերական կենտրոններ, որոնք նոր են ստեղծվել։ Այստեղ առանձնացվում է Քաջարանը, իր չորս–հինգ հարկանի նորակառույցներով, ինչպես նաև տուֆակերտ ու գորշ բազալտից պատրաստված ակումբներով, կուլտուրական պալատներով։ Քաջարանը լեռնահանքային արդյունաբերության կենտրոնն է։ Քաղաքում կառուցվում են նաև թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։

Հարավում է գտնվում Ագարակը, որը նշանավոր է իր պղնձամոլիբդենային կոմբինատով։ Ագարակը դարձել է քաղաքատիպ ավան, աչքի է ընկնում գունավոր մետաղների հանույթով։ Այստեղ զարգանում են նաև տնտեսության այլ ճյուղեր։ Ագարակն ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, կինոդահլիճներ, հյուրանոց, կապի բաժանմունք, սպորտ հրապարակ, ինչպես նաև հասարակական սննդի և առևտրական կետեր։ Ավանը ունի պտղատու այգիներ։ Ոռոգման ջուր պոմպերի միջոցով վերցնում են Արաքս գետից։ Ագարակը նորաստեղծ բնակավայր է, ընդամենը քառորդ դարի պատմություն ունի։

Գորիսից Ղափան գնալու համար պետք է անցնել Թասի ոլորապտույտ ճանապարհով։ Ինչպես ամբողջությամբ ճանապարհը, այնպես էլ վերն ընկած լեռնալանջերը ծածկված

[էջ 157]

են լայնատերև անտառներով: Անտառները հատկապես, մեծ տարածություններ են զբաղեցնում Շուռնոխ և Քաշունի գյուղերի շրջակայքում։ Ճանապարհն անցնում է Արծվանիկ գյուղի միջով։ Ղափանը Զանգեզուրի հնագույն լեռնարդյունաբերական քաղաքն է։ Ընկած է Ողջի գետի նեղվածք գոգավորությունում։ Իր հանքերով զիջում է Քաջարանին։ Քաղաքի միջով են հոսում Ողջի և Վաչագան գետերը։ Գեղեցկացել է քաղաքի պատկերը, կանաչապատվել են ամայի տարածությունները, կառուցվել են տուֆակերտ բազմահարկ բնակելը շենքեր։

Մեր հին աշխարհագրությունների և մատենագրության մեջ ինչպես որ վկայում է պատմաբան Լեոն, չկա Ղափան անունը։ Այլ Սյունյաց նահանգի Բաղք և Ձորք գավառները միջին դարերում միանում են և ստեղծվում Կապան անունով մայրաքաղաք, որը հետագայում դառնում է Ղափան։ Կապան անունը բնորոշում է երկրի տեղագրական պատկերը։ Ղափանը կոչվել է նաև «Յոթնաբերդ գավառ»՝ անառիկ բերդերի շնորհիվ, որոնք թվով յոթն էին։ Ղափանը Իսրայել Օրիի հայրենիքն է։ Ղափանի հետ է կապված նաև Դավիթ Բեկի անունը։

Ղափանի շրջանի ամենանշանավոր բերդը Բաղաբերդն է։ Գտնվում է Ղափան-Քաջարան ճանապարհի ձախ կողմում, Դավիթ Բեկ գյուղի մոտ, մի լեռան վրա։ Տեղացիները այժմ դա կոչում են Դավիթ Բեկի բերդ, քանի որ այն հանդիսացել է Դավիթ Բեկի ռազմական գործողությունների հենակետը։ Բաղաբերդը պատմական գրականության մեջ նշվում է դեռես 4-րդ դարից, սակայն նրա նշանակությունը բարձրանում է հատկապես սելջուկների արշավանքների ժամանակ, երբ գավառի բոլոր վանքերից, ինչպես նաև Տաթևից այստեղ են տեղափոխվում ձեռագրերը և հարստությունները։

Հարավային Զանգեզուրում է գտնվում նաև Մեղրին, որը շրջանային կենտրոն է։ Համարվում է հնագույն բնակավայր և եղել է Անդրկովկասի զարգացած ու բարեկարգ քաղաքներից մեկը, որտեղ բարձր էր գրագիտությունը և կուլտուրական մակարդակը։ Մեղրին անճանաչելիորեն փոխվել է վերջին տարիներին, աճել է բնակչության թիվը։ Գեղեցկա–

[էջ 158]

ցել են բնակելի թաղամասերը, ուր գտնվում են տուֆակերտ բնակելի շենքերը։ Ավանում գործում են գինու և պահածոների գործարանները։ Այստեղ հիմք է դրվում նաև մեքենաշինությանը։ Մեղրու շրջանում զարգացած է նաև շերամապահությունը։ Մեղրին հռչանված է նաև այգեգործական կուլտուրաների մշակմամբ:

Մեղրին Սյունյաց աշխարհի հինավուրց վայրերից մեկն է։ Մեր պատմության մեջ հիշվում է 1083 թվականից։ Հին դարերում Մեղրու ներկա շրջանը կոչվել է Արևիք, Արևյաց գավառ։ Պատմում են, որ երբ Արշակ Բ թագավորը անցել է այստեղով, խմել Մեղրու գինին, բացականչել է. «Գինու չէ նմանի, այլ մեղրի»։ Կարծում են, որ դրա համար էլ այս բնակավայրը կոչվել է Մեղրի։ Իսկ Ղևոնդ Ալիշանը ենթադրվում է, որ «Մեղրի» անունը առաջացել է այս ձորում ստացվող մեղրից։

 


1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | 32 | 33 |

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր. Ավետիսյան Կ.Մ., Ավետիսյան Ա.Ա., Հայրենագիտական էտյուդներ։ «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1979
Տրամադրեց. Միքայել Յալանուզյան

Տես նաև

Филип Марсден — Перекресток: Путешествие среди армян

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice