ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 55]

ՍԱՆԱՍԱՐԻ ԵՎ ԲԱՂԴԱՍԱՐԻ ԱՄՈԻՍՆՈԻԹՅՈԻՆԸ

1

Օղորմի տի տամ, օղորմի
Էն խանում Ծովինարին.
Օղորմի տի տամ, օղորմի
Էն Սանասարին, Բաղդասարին.
Օղորմի տի տամ, օղորմի
Էն Դեղձուն-Ծամին.
Օղորմի տի տամ, օղորմի
Ականջ արողներու անցավորներին։

2

Խաբար ո՞րդուց տանք։—
Խաբար Պղնձե քաղքից տանք,
Քաջանց թագավորի աղջկանից տանք։

Սանասար-Բաղդասարի անուն բարձր էլավ.
Էնոնց ձեն ընկավ բոլոր էրկիր,
Թե էսենց, էսենց, էսենց.
Էրկու կտրիճ կա Սասուն։
Սանասարի քաջությա՛ն ձեն որ էլավ,
Խոսք ու զրուց գնաց, հասավ Պըղնձե քաղաք,
Հասավ Քաջանց թագավորի աղջըկան,
Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն-Ծամին։

[էջ 56]

Էդ թագավոր էրկու աղջիկ ուներ,
Էլ մարդ չկար էնոր։
Դեղձուն աղջիկ կախարդ էր, հմայիչ էր։
Մեջ էրազին զինք տեսավ Սանասար,
Ու շա՛տ սիրու տեր էղավ վեր էնոր։
Աղջիկն իմացավ էս բան, ասաց.
«Էնա մարդու անուն կտրիճ է.
Ես Էնոր թուղթ մի տ’ուղարկեմ,
Էն գա, ես հավանիմ, զէն առնեմ»։
Էս Պղնձե քաղքի թագավորի աղջիկ
Մեկ կուժ լիք ջուր էլից, խնձոր բերան էդիր,
Մեկ կուժ էլ դատարկ՝ խնձոր բերան էդիր,
Էլավ, մեկ թուղթ գրեց Սանասարին։
Թղթի մեջ գրեց.

«Քաջանց թագավորի աղջիկ Դեղձուն-Ծամից
Շատ բարև Սանասարին.
Շատ բարև Բաղդասարին, Սանասարին։
Սանասա՛ր տղա,
Ես Պղընձե քաղքի թագավորի աղջիկն եմ։
Իմ սի՛րտ՝ քանց էսա դատարկ կուժ սար-սո՛ւրբ է
Իմ գլուխ՝ քանց էսա լիք կուժ լափ-լիքն է.
Աստըծու շնորհքով լցուկ եմ։
Շատեր էկած իմ վերա, ինձ ուզելու.
Քառսուն տեղե քառսո՛ւն մարդ է էկած,
Ես խոսք չեմ տվե, ես հա չեմ ասե.
Էրազով ըզքեզ տեսեր եմ, արի ինձի ա՛ռ.
Ինձի շա՛տ դուր կը գաս դու։
Սանասա՛ր տղա,
Էս թուղթ կը գրեմ քե՛զ համար.
Չուր ե՞րբ ես տի մնամ էստեղ քո ապով.
Գլուխ թացեր ես, չկնտես,
Արի, ինձի տար քեզ համար»։

Գրեց, իր պատկեր էդիր մեջ թղթին,
Կանչեց էրկու աղջիկ,
Կապեց էնոնց թևքերուն,
Ասաց.— Կը տանեք Սասուն քաղաք,
Տան էրդիսեն կը գցեք
Սանասար տղի տեղաց վերա.
Կժեր կը դնեք էնոր սնարքին,

[էջ 59]

Որ առավոտուն էլնի, տեսնի։
Երբ որ էնի կտրի՛ճ մարդ է,
Թող գա, ինձ իր համար տանի։
Չըլնիմ, չիմանա՛մ, ասաց,
Որ թալեք Բաղդասարի էրդիսն վեր։

Էդ աղջիկներ կախարդ էին.
Հավքեղեն հալավ հագան,
Էղան էրկու սիպտակ աղունիկ.
Թռթռալեն բերին Սասուն ըզթուղթ,
Էկան, իջան Սասնա Տան տանիքի վերան։
Աջակողմ էրդիսի վերա գնացին.
Տեսան, որ մեկ տեղաց շոր է գցած,
Մեկ ջահել-ջիվան տղա մեջ քներ է, քրտներ է,
Էնքան կարմրեր, արևուն կ’ասի.
«Դու դե՛ն գնա, ե՛ս առաջանամ»։
Մեկ զույգ մոմակալ գլխին կը վառվի,
Մեկ զույգ մոմակալ ոտներին կը վառվի։
Թուղթ բերողներից մեկն ասաց.
— Ա՛յ քուրըս, արի էրթա՛նք,
Էն մեկէ՛լ էրդիսի վերա աչքենք,
Կարելի է, Սանասար տղան էդ չի։
Գնացին էն մեկէլ էրդիսի վերա.
Տեսան մարդ մի քներ է շորերի մեջ.
Աչքեցին. տեսան էնպես է քըրտնե,
Որ էսի էն տղից տասնապատիկ աղեկ է։
Քուրն ասաց.— Քո՛ւրըս, էս է Սանասար տղան,
Ըզթուղթ թալենք էս էրդիս վե՛։
Մեկէլ քուրն ասաց.— Աղջիկ, էն ա՛ստվածը,
Էս մարդ էլ շատ աղեկ մարդ է.
Չեմ գի՛տի՝ է՛ս է Սանասար,
Թե՞ էն մեկէլն է Սանասար։
Չիմացան՝ որն է Սանասար,
Տարան, թալեցին աջակողմ էրդիս վե՛,
Դրին Ծո՛ւռ Բաղդասարի տեղաց վերա։

3

Բաղդասար առավոտուն քնից վեր էլավ,
Շորեր հագավ, իրիշկեց, տեսավ՝
Թուղթ մի կո՛ էնտեղ է, իր տեղաց վերա։

[էջ 58]

Ըզթուղթ առավ ձեռ, էբաց, կարդաց.
Տեսավ՝ Քաջանց թագավորի աղջըկա գի՛ր.
Թղթի մեջ գրած՝ «Շատ բարև Սանասարին,
Շատ բարև Բաղդասարին, Սանասարին»։
Ասաց, «Էս ի՞նչ բան է. էրկու դիր՝
Բարև գրե Սանասարին, մեկ դիր՝ ինձի։
Լա՜վ. Սանասար ջոջ աղբերն է,
Առաջ էնոր է գրե. էն լավ է։
Ինչո՞ւ էրկու դիր գրե էնոր»։
Կարդաց, տեսավ՝ Քաջանց թագավորի աղջիկ
Սանասարի համար գրեր է մեջ թղթին.
«Արի ինձի ա՛ռ», «արի ինձի տա՛ր»։
Բաղդասարի հետ ծուռ էրակ մի կար,
Ըռըկավ, ասաց. «Ուը՜յ, իմ աղբեր կնիկ ուզեր.
Առանց ինձի կը պսակվի, ինձի չի հարցնի.
Ինձի բանի տեղ չի դնի»։
Ասաց. «Ջանը՛մ, մենք աղբեր ենք.
Էս ե՞րբ էն խոսք տվեր է, ինձի չասիր.
Սանասար գաղտիկ բան մի կանի»։
Ըռըկա՛վ, նստավ վեր իր տեղաց.
Չէլա՛վ դուրս իր սենեկից։
Տեսավ թղթի մեջի պատկեր,
Հա՛մա խելք գնաց, արուն քթից փրթավ, էկավ։
Ասաց. «Կամ իմ աղբեր տի մնա ժի՛ր, կամ ես»։
Ըզթուղթ ծալեց, էդիր իր ծոց։
Մեջ իր սրտին արավ խոց.
Հետ Սանասարի զրուց չի տար.
Սանասար ինչ կ’ասի՝ պատասխան չի տար։
Առավոտուն էլան, էկան,
Սուփրեն բացին, նստան հացկերություն.
Տեսան՝ Բաղդասար տղան չէկավ։
Բաղդասար ըռըկեր, նստեր էնտեղ,
Չէ՛լնի դուրս իր սենեկից.
«Էյ-հա յ, կ’ասի, իմ աղբեր ի՜նչ բեբախտ աղբեր է.
Առանց ինձի գործ կը բռնի։
Որ էդպես է, ոչ էնոնց սեղան կ’էրթամ,
Ոչ էնոնց հաց կ’ուտեմ։
Տէլնեմ, իմ ձին հեծնիմ,
Էրթամ ուրիշ էրկիր, կորուսիմ.
Տեսնեմ՝ աստված ինձ ինչ կըտա»։

[էջ 59]

Էնոր մերն ասաց, «Էն ի՞նչ է,
Բաղդասար ինչո՞ւ չէկավ»։
Էլավ, էկավ վեր սենեկի դռան,
Ըզդուռ էբաց, էկավ մեջ սենեկին, ասաց.
— Բա՛ղդասար, ինչո՞ւ չէկիր՝ քո հաց ուտես,
Էդ ի՞նչ է էղե քեզ, չըլնի՞ հիվանդ ես։
Բաղդասար ասաց էնոր.
— Մարե, դու իմ մեր չըլնեիր, ուրիշ ով ըլներ։
Էսա դուռ բանար, գար նե՛րս,
Ես զէն կտոր-կտոր կ’անեի։
Ասաց.— Ինչո՞ւ, ի՞նչ է էղե քեզ։
Ըզթուղթ էհան, էտու մոր ձեռ, ասաց.
— Մարե՛, առ էսա թուղթ, կարդա՛,
Տես՝ ինչու չեմ իգա հաց ուտեմ.
Ի՞նչ սրտով տի գամ, սեղան նստեմ.—
Իմ աղբեր կնիկ ուզեր է, ինձ իմաց չարեր։
Ինչո՞ւ, ես մարդ չե՞մ, թող ինձ հարցներ,
Նոր՝ էնպես աներ, նոր՝ պսակվեր։
Էլի՛, գնա՛, Սանասարին ասա՝
Կամ էն տի մնա ժիր, կամ ե՛ս։
Մեր ըզթուղթ առավ, կարդաց.
Ասաց.— Որդի, ես խաբար չեմ,
Քանց քեզ շատ ըռըկա էդ գործեն։
Ըզթուղթ առավ, էկավ մոտ Սանասար,
Էն թուղթ էտու Սանասար տղին,
Ասաց.– Ա՛ռ քո թուղթ։
Սանասար առավ, կարդաց։

«Քաջանց թագավորի աղջիկ Դեղձուն-Ծամիցէ
Շատ բարև Սանասարին.
Շատ բարև Բաղդասարին, Սանասարին։
Սանասա՛ր տղա,
Ես Պղնձե քաղքի թագավորի աղջիկն եմ։
Իմ սի՛րտ՝ քանց էսա դատարկ կուժ սար-սուրթ է.
Իմ գլուխ՝ քանց էսա լիք կուժ լափ-լի՞քն է.
Աստըծու շնորհքով լցուկ եմ։
Շատեր էկած իմ վերա, ինձ ուզելու.
Քառսուն տեդե քառսուն մարդ է էկած,
Ես խոսք չեմ տվե, ես հա չեմ ասե,

[էջ 60]

Էրազով ըզքեզ տեսեր եմ, արի ինձի ա՛ռ.
Ինձի շա՛տ դուր կը գաս դու։
Սանասա՛ր տղա,
Էս թուղթ կը գրեմ քե՛զ համար.
Չուր ե՞րբ ես տի մնամ էստեղ քո ապով.
Գլուխ թացեր ես, չկնտես,
Արի, ինձի տար քեզ համար»։
Ըզթուղթ կարդաց, Էրդվեցավ, ասաց,
— Մարե՛, ես քո աստծուն մեղա,
Ես էդ բանից խաբա՛ր չեմ։
Մերն ասաց.— Քո աղբեր քենե խռովեր է։
Սանասար ա՛սաց.— Ես ի՞նչ անեմ։
Էն աղջիկ կախարդ է, հմայիչ է.
Մեր անուն լսե, էտա թուղթ գրե.
Ի՞նչ անեմ, որ դա էդպես է։
Որ իմ աղբեր ըռըկեր,
Էնի փշուր մի ծուռ է.
Գնա, անուշթյունով էնոր ասա՛.
Թե որ իր բարկություն իջավ՝ աղեկ.
Թե չէ՝ թող գա դարբ մի էրկու զարնի ինձ,
Իր հավաս անցնի, իր փոր հովնա։
Մեր գնաց, անուշթյունով ասաց Բաղդասարին.
Բաղդասարի բարկություն չիջավ։

Էն իրիկուն Սանասար դրսեն էկավ տուն.
Բարև էտու, Բաղդասար չառավ։
Ասաց.— Ա՛ղբեր, ինչի՞ ես նեղացե։
Բաղդասար ասաց Սանասարին.
— Կամ ես քեզ տի սպանեմ, կամ դու՝ ինձ։
Սանասար հարցուց.— Ինչո՞ւ, պատճառ ինչ։
— Ապա ինչո՞ւ Քաջանց թագավորի աղջիկ
Էրկու դիր քե՛զ բարև գրե, մեկ դիր՝ ինձ։
Ասաց.— Ա՛ղբեր, բա ի՞նչ անեմ, էն է գրե։
— Չէ, ասաց, ես դու տի կռվե՛նք։
— Ինչի՞ կռվենք, մեկ դատարկ բարևի՞ համար։
Բաղդասար ասաց.— Դու գաղտիկ բան մի կ’անես
Դու թուղթ մի ուղարկեր էս էն աղջկան.
Ինչո՞ւ դու ինձ չես ա՛սի։
Սանասար ասաց.— Աղբեր, էն ա՛ստվածը,
Ես էնոր թուղթ չեմ գրե։

[էջ 61]

Բաղդասար ասաց.— Չէ՛, ես դու տի կռվենք,
Ես դու տի կուշտի կպնենք, իրար զարկենք։
Ասաց.— Աղբեր, ես չե՛մ զարկի քեզի.
Դու զարկի՛, ինձի սպանի՛։
Ինչքան ասաց, հնարք չէղավ աղբոր հետ։ —
Ինչու որ էնիկ հաստակող էր, էրակ ծուռ էր.
Էնոր կ’ասեին Ծուռ Բաղդասար։

4

Վերջն ինք զինք ասաց Սանասար.
«Էլնեմ, իմ աղբեր առնեմ, էրթամ դա՛շտ.
Էրթանք էն չիման տեղ, քիչ մի խաղամ հետ,
Փշուր մի ձիաթողս խաղանք,
Բալքի էնոր սիրտ իջնի»։
Էլավ, առավ իր աղբեր, գնաց։
Որ հասան դաշտ, էն չիման տեղ,
Ձիուց իջան, հասան իրար, կպան,
Առին կուշտի— գոտեկռիվ.
Ձեռ թալեցին իրար փողպատ,
Չուր կեսօրին զիրար տրորեցին։

Մերն ասաց. «Ի՞նչ էղավ, էսոնք չեկան»։
Որ տնեն էլավ, էնոնց ձեն ընկե քարեր,
Գետին թունդ կ’առներ էնոնց ոտաց տակ։
Գնաց, տեսավ էնոնց հալ.
Ծնկներ տփեց, կատամ կոտրավ.
Նստավ էնտեղ մտիկ արավ.
Ոչ է՛ն զէն կը հաղթի,
Ոչ է՛ն զէն կը դնի գետին։—
Էն ինչ Սանասարն է, հանաք կ’անի.
Էն ինչ Բաղդասարն է, սրտանց կը զարնի։

Մեր տեսավ, որ Բաղդասար նվազավ,
Ուժըն պակսավ, առավ հաղթվել,
Էլաց, բոռաց, իր ձենով կանչեց.

«Օ՜ սարեր, օ՜ քարեր, օ՜ թփեր*,
Ջուաբ տարեք քեռուն,
Թող գա, հասնի իր փահլևաններուն»։

----------------------

* Երգ է:

[էջ 62]

Մեկ ժամ էլ մտիկ արավ,
Տեսավ, որ Բաղդասար գահ ա ընկնի,
Էլաց, կանչեց.

«Օ՜ ծովեր, օ՜ դընդեղներ*,
Ջուաբ տարեք քեռուն,
Թող գա, հասնի իր քեռորդիներուն»։

Չուր իրիկուն զիրար չըխչըփեցին.
Ոչ է՛ն զէն էդի գետին, ոչ էն՝ զէն։
Իրիկուն թողին, էկան տուն։
Բաղդասար ճամփին ասաց աղբոր.
— Վաղն էլ գանք, հասնինք իրար։
Էկան տուն, քնան չուր լուս։

Առավոտուն էլան, հաց կերան.
Էլան, իրենց ձիանք քաշին դո՛ւրս,
Իրենց գուրզեր առին,
Իրենց վահաններ կապեցին վեր իրենց,
Ձիանք հեծան, գնացին մեյդան կռիվ։
Իրենց մերն էն գնաց հետքեր.
Նստավ էնտեղ, էլաց.
Անեծք էտու կախարդ աղջկան, ասաց.

«Բարի չտեսնի պատճառ ըլնող.
Առավոտ լուսաթաթախ իմ էրկու տղան՝
Մեկմեկու փողպատ էհան.
Տի զարկեն, զիրար խեղեն»։

Էրկու աղբեր ձիաթողս խաղացին գուրզով,
Գուրզ կը զարկեն մեկմեկու։
Սանասար կայնեց նշանքարի գլուխ,
Բաղդասար գուրզ առավ, էզար,
Սրտից էզար Սանասարին, որ սպանի.
Գուրզըն գնաց գլխու վերեն։
Սանասար բռնեց ըզգուրզ,
Ետի էթալ, աղբոր մոտ չհասցուց։
Աղբեր առավ, մեկ էլ էզար։
Սանասար էլի բռնեց, մեկ էլ էթալ։
Սանասարն է, սիրտ մաքուր է, պարզ է.

----------------------------

* Երգ է:

[էջ 63]

Սրտե դարբ չզարնե Բաղդասարին,
Չուզե՝ զարկի աղբոր.
Մենակ իր վահան կը տա առջև դարբին,
Չթո՛ղնի, որ դարբ դիպնի իրեն։
Բաղդասար ինչքան ուժ ունի,
Կը զարնի Սանասարին.
Կ’ուզի զՍանասար ձիուց բերի տա՛կ.
Կ’ուզի տեղնուտեղ մեկ դարբով զաղբեր սպանի,
Ան ինչ Սանասարի գուրզ բարձր կ’անցնի։
Սանասար իր միտ վե կ’ասի.
«Բալքի դադարի ինձենե»։
Բաղդասար չդա՛դարի, հա կը զարկի։
Սանասար ինք զինք կ’ասի. «Չդադարի»։
Կռիվ արին չուր կեսօրին.
Չուր կեսօր կոտրավ իրիկվան։

Սանասար ինք զինք ասաց.
«Դեռ իր բարկություն չիջնի։
Ջանը՛մ, ես քանի կը տեսնեմ՝
Էն ինձի սրտե դարբ կը զարնի։
Նալինք՝ իմ աղբեր իմ չափ ուժ ունի՞,
Որ կը զարնի ինձ սպանելու,
Ես էնոր դարբի առջև կ’առնեմ,
Չդիպնի իմ ջանին։
Տեսնենք՝ ես է՛լ դարբ մի զարկեմ էնոր,
Էն էլ կարնա՞ դարբի առջև առնի,
Դեմ տա, դիմանա առջև իմ դարբին»։

Սանասար մեկ՛ դարբ, թեթև դարբ մի,
Ուշիկ էզար Բաղդասարին.
Բաղդասար վահան էտու առջև,
Չկարցավ դարբի առջև առնի։
Դարբ դիպավ, զաղբեր ձիուց էբեր տակ։
Սանասար բոռաց, ասաց.
«Վա՜խ, էս ի՞նչ արի, իմ ուժի չա՛փ,
Իմ ձեռաց ղայդեն չիմացա.
Զարկեցի, իմ աղբեր սպանեցի»։
Ձիուց իսկույն իջավ տակ,
Ինք է՛ն կողմեն էկավ, մեր՝ մե՛կ դիեն,
Լալելեն էկին, զիրենք զարնեցին վերա.

[էջ 64]

Տեսան, որ չէր մեռե,
Գուրզ դիպե էնոր ոտաց,
Խելք գնացե, ընկե էնտեղ։

Սանասար շալկեց աղբեր, էբեր, էթալ տուն։
Ձեռ տարավ, էնոր սիրտ մաժեց, պորտ օլորեց։
Աչքեց՝ պատկերն ի ջեբ կա...
Նստավ, չուր լուս էլաց։
Լուս որ բացվավ, աղբոր ուշք էկավ վերան,
Էլավ, նստավ, Սանասար հարցուց.
— Աղբե՛ր, էդ ի՞նչ էղավ, դու էդպես էղար։
Ասաց.— Ոտս ցավաց, իմ խելք գնաց։

Սանասար ասաց.— Աղբե՛ր,
Էս պատկե՞ր, էս թո՞ւղթ ապով է որ ըռըկեր ես,
Հետ ինձի զրուց չես իտա.
Ես մեռնիմ քո աչք-էրեսին,
Ինձ պետք չէ, գնա բեր քե՛զ համար։
Բաղդասար ասաց Սանասարին.
— Ա՛ղբեր, ես չգիտեի,
Որ դու քանց իս էդքան ուժով էիր։
Արի հաշտվինք. դու վեր ինձի կտրիճ ես.
Ինձի թոբա, էլ ես վեր քեզ ձեռ չվերցեմ.
Ես քո պստիկ աղբեր, դու իմ ջոջ աղբեր.
Ինչ որ ասես՝ ես քեզ կը լսեմ։
Ես քեզ դաստուր տվեր եմ,
Էլի, գնա, էն աղջիկ ա՛ռ, բե՛ր քեզ համար։
Սանասար ասաց.— Ես չեմ գնա, բերի.
Դո՛ւ գնա, բեր քեզ համար։
Բաղդասար ասաց.— Դե, մի՛ դադրի,
Էլի՛ քո պատրաստություն արա,
Քո ձին հեծի՛, քո աստված կանչի՛, գնա՛։
Սանասար ասաց.— Ես չեմ գնա, բերի,
Էն կախարդ է, էն հմայիչ է։
Բաղդասար ասաց.— էլի՛ գնա, բե՛ր, քեզ կ’ասեմ
Էն լսեր է՝ մենք ջոջ մարդ ենք.
Էն մեր ձեն լսեր է, մեզ թուղթ ուղարկեր է։
Որ դու չէրթաս, էն աղջիկ բերես,
Մենք էլ կ’ըլնինք պստիկ.

[էջ 65]

Տ’ասեն՝ էնոնց ձեռեն չէկավ,
Ըրթային, աղջիկ մի իրենց համար բերեն։
Անկարելի՛ բան է՝ չէրթաս, բերես։
Էլի, գնա, բեր զէն աղջիկ։

5

Սանասար գնաց մոտ մեր, Ծովինար խանում,
Ասաց.— Մարե՛, իմ պատրաստություն տես,
Ես պիտի էրթամ Քաջանց էրկիր.
Էն թուղթ էկեր իմ հետև։
Մերն ասաց,— Ո՛րդի, մի՛ էրթա,
Էն Բաղդադու էրկրեն հազիվ փրթանք, էկանք։
Տղան ասաց.— Չէ՛, պիտի էրթամ,
Թե որ իմ գլուխ էլ գնացեր է։

Մեր՝ պատրաստություն տեսավ, պրծավ։
Սանասար էլ ինչ տ’էրթար,
Մոր ձեռ պագավ, կաց-բարին արավ.
Թռավ իր ձին հեծավ,
Էլավ, կայնավ ճամփի վերա, կանչեց.
— Բաղդասար, հոգուդ մեռնիմ,
Արի. ըզքեզ տեսնեմ։
Ա՛ղբեր, դու կաց էստեղ,
Կո ես կ’էրթամ հետև էն աղջըկան։
Իրէք ավուր վերա որ ես էկա՝ էկա,
Որ չէկա՝ նեդութնի մեջ կ’ըլնիմ.
Կը գաս հետև ինձի օգնություն։
Հետ իրարու ներում արին,
Հալալություն ուզին իրարուց,
Մատանիներ հետ մեկմեկու փոխեցին։
Կաց-բարով արավ ու գնաց։

Թե որ քառսուն ավուր ճամփա էր,
Էնի քշեց, գնաց մեկ օրեն։
Հասավ ճամփա-խառնուրդի մի մեջ։
Տեսավ՝ մեկ ծեր, ալևոր մարդ մի նստե էնտեղ։
Ասաց.— Բարև քեզ, հերացու։
— Աստծու բարին քեզ, Սանասար, ասաց հալվոր.—
Դե՛ ձիուց իջի՛ր, քեզ խոսք ունիմ ասելու։

[էջ 66]

— Պա՛պիկ, ասաց, դու ո՛վ ես,
Որ ինձ կըճանչենաս, թե Սանասարն եմ։
Ասաց.— Ես եմ հրեշտակն աստծուն.
Որ էստեղ նստեր եմ, ճամփաներ կը բաժնեմ։
Դո՞ր պիտի էրթաս, Սանասար։
Պատասխանեց.— Կ’էրթամ Քաջանց էրկիր.
Ինձ մեկ բարի ճամփա նշանց տուր։
Էն էլ ասաց.
— Թե էս ճամփան էրթաս,
Կ’ըլնիս մեծ թագավոր.
Թե որ մեկէլ ճամփան էրթաս,
Կ’ըլնիս վաճառական.
Ամա թե որ էրթաս Քաջանց էրկիր,
Էնտեղ վնաս կը քաշես։
Սանասար ասաց.— Էնտե՜ղ պիտի էրթամ.
Թե որ գիտնամ՝ իմ վիզ իրեք տեղով կտրեն։
Թե որ ուրիշ խրատ ունիս, ինձ ասա։
Էն էլ ասաց.– Որդի, որ կ’էրթաս,
Ինչ որ քեզ ռաստ կը գա,
Թե քար, թե թուփ, թե անասուն, թե գազան–
Ամենուն էլ բարև տաս.
Առանց բարև տալու չանցնե՛ս։
Թե որ առանց բարևի անցար,
Էն Քաջանց էրկիր հմայքի էրկիր է,
Քեզ շատ վնաս կը տա։
Սանասար ասաց.— Մնացի՛ր բարի։
Էլավ, հեծավ, հա՛մա քշեց դեհ Քաջանց էրկիր։

Գնաց, շատ-քիչ աստված գիտի,
Մեկել Քաջանց թագավորի հող դուրս էկավ,
Տեսավ մեկ հովիվ օչխարներու առաջ։
Մի՛ ասի՝ էդ հովիվ թագավորի հովիվն է,
Էնոր փահյևաններից մեկն է։
Կանչեց, Սանասարին ասաց.
— Ա՛յ կանաչ կտրիճ, էդ դո՞ր կ’էրթաս։
Ասաց.— Կ’էրթամ Քաջանց թագավորի քաղաք
Ասաց հովիվ.— Արի նստի էստեղ,
Կաթ մի կթեմ, կե՛ր, նոր էլի, գնա՛։
Ասաց.— Չէ՝, ես վռազն եմ, ես կ’էրթամ։
Հովիվ ասաց.— Էստեղեն էրթացողին,

[էջ 67]

Հնար չկա, անկաթ-ուտել չեմ թո՛ղնի էրթա:
Զոռով նստեցուց ըզՍանասար։
Էնոր հետ ջոջ տաշտ մի կար,
Որ չորս մարդ մեջն կը լողկանար,
Էդ տաշտ իլին կաթ արավ,
Էդի Սանասարի առջև հացի հետ։
Էդ հովըվու միտքն էլ ի՞նչ է.—
Կ’ուզի փորձի խալխին,
Տեսնենք՝ էնոնց ուժեր քա՛ն մ’է.
Էդ կաթ ուտելով՝ էն կը հասկանա՝
Էնոնց ուժեր քանի՛ մ’ է։
Ով որ էդ ճամփով կ’էրթա,
Էդ հովիվ էդ ցեղ կ’անի,
Ապա կը թողնի, կ’էրթան Դեղձան-Ծամի մոտ,
Էնտեղ փահլեաններ զէնոնք կըսպանեն։

Հովիվ տաշտ իլին կաթ, էբեր,
Էդի Սանասարի առաջ ուտելու.
Զինք գնաց իր օչխարի բոլոր ման գալ։
Մեկ փաթ որ ման էկավ, Սանասար բոռաց.
— Հովի՜վ, արի, քո կոտ վերցու.
Շնորհակալ եմ. կաց բարով, ես տ’էրթամ։
Հովիվ էկավ, որ տեսավ՝
Սանասար կաթ կերե, կոտ կործե,
Իրա տեղ դողաց, ասաց.
— Սա՛նասար. գնա՛ բարով, մի վա՛խենա.
Դոր էրթաս, մարդ քեզ չի հաղթի։

Գնաց, հասավ Պըղնձե քաղքի դիմաց.
Նայեց, տեսավ ի՞նչ.— էնտեղ քաղքի պատի տա՛կ.
Քառսուն մարդ դադրած, էնքան են մնացած,
Որ մորուսներն էկեր, դեղին է դարձած։
Ասաց.— Բարև ձեզ, մեծ մարդեր,
Սիպտակմորուս, կարմրամորուս
Ու թուխմորուս փահլևաններ։
Էդ մարդեր ասին.— Աստըծու բարին,
Ջահել տղա, վաղ չուր կեսօրին,
Դուն է՛լ կըլնիս մեր հալին։
Հալվորների մեկն էլ ասաց.
— Հեյ-վա՜խ, հե՛յ-վախ, կանաչ կտրիճ,

[էջ 68]

Դու է՞լ էկար ընկար էս քաֆրի ձեռ։
Ջահել տղեն վերուց, հարցուց.
— Ափո ջան, ի՞նչ, ինչո՞ւ կ ըլնիմ ձեր հալին։
Ասաց.— Մենք է՛լ քեզ պես կտրիճ էինք,
Էկանք էն աղջկա համար.
Ինչ ուշքի էկանք, դարձանք էսպես։
Ասաց.— Ա՛ղբեր, ասեք՝ ի՞նչ բան էղեր,
Որ դուք էղեր եք էդ հալին։
Ասին.— Էնի հնարք ունի, կախարդ է.
Մի քիչ համբեր արա,
Էն քաֆրին էնպես մեկ հավք մի կա,
Կը գա, պատի վերա կը ճվա,
Մեր հասակին ծեր մարդ կը դառնաս։

Սանասարն իմաստուն էր, չգնաց քաղաք,
Իր ձին դարձուց, քաղքից քիչ մի զատացավ,
Մնաց չուր մութ էտու գետին։

6

Մթնեց։ էդ ժամանակ դարձավ, էկավ քաղքի մոտ.
Քուռկիկ Ջալալինի սանձ օլորեց,
Ձիու մեյդա՛ն բաց արավ,
Կանչեց ըզիր աստված,
Զանգու զարկեց ձիուն,
Մեկեն թռավ, անցավ ըզպղընձե պարիսպ,
Իջավ, մտավ քաղքի մեջ։—
Չէ՞ էդ քաղաք բաց դուռ չուներ,
Տի թռներ, անցներ զպարիսպ։—
Շատ ման էկավ քաղքի մեջ,
Իրեն ուզած տեղ չգտավ, որ նստեր,
Էկավ, հասավ քաղքի կուշտ,
Մեկ հայի խան գտավ, իջավ էնտեղ։
Էդոր պահող՝ սիպտակամորուս հալվոր մարդ էր։
Հարցուց.—Ափո ջան, էս խանի վարձ ի՞նչ է։
Պատասխանեց.— Ո՛րդի,
Ձիուն մե՛կ արծաթ, մարդուն կե՛ս արծաթ։
Թե.— Ափո՛, ես քեզ կը տամ,
Ձիուս էրկու արծաթ,
Իմ գլխուն իրեք արծաթ.—

[էջ 69]

Զինք քանց ձին ավելացուց.—
Իմ ձիուն աղեկ տիրություն կ’անես։
Քուռկիկ Ջալալին էդտեղ կապեց,
Գնաց մեջ էդ քաղքին ման գալու։
Էլավ, մեկ հաց առավ փռնից,
Դարձավ, էկավ իր խան,
Էն հալվորի կուշտ նստավ։

Գիշեր էր։ Իր հաց կերավ, ասաց.
— Հալվո՛ր, հեքաթ մ’ ասա, ականջ անենք։
Հալվորն ասաց.— Ես բան չեմ գի’տի։
— Ափո՛ ջան, մեկ հարցմունս անեմ քենե։
Թե.— Որդի, ի՞նչ հարցմունս։
Հարցուց.— Էս քաղքի անուն ի՞նչ կ’ասեն։
Պատասխանեց.— Ո՛րդի,
Էս քաղքի անուն Պըղնձե քաղաք կ’ասեն։
— Դե՜, Պղընձե քաղաք էստե՞ղն է։
Պատասխանեց, թե.— Հա՛, էստեղն է։
Սանասար վերուց, հարցուց.
— Էս քաղքի թագավոր մեկ աղջիկ ունի,
Էդ աղջիկ ի՞մալ աղջիկ է։
Հալվորն ասաց.— Ո՛րդի, քեզ ի՞նչ կա հետ.
Իմալ կ’ըլնի՝ թող ըլնի։
Ասաց.— Պա՛պիկ, էնպե՜ս, կը հարցընեմ։
Հալվորն ասաց.— Ո՛րդի,
Մեր թագավորի աղջիկ հմայք կ’անի.
Քանի՛ քանի թագավորի տղա՝
Էկին, որ զէն առնեն.
Հմայք արավ, էթալ սարեր.
Մեկըն դըսա, մեկըն դընա։

Չըլնի՞ թե դու էկեր ես՝ զէն առնես.
Ես կ’իրիշկեմ, որ դու ափսոս տղա ես։
Թե է՛ն ապով ես էկեր,
Թո՛ղ, թո՛ղ, դարձի՛, խեղճ ես, մեղք ես.
Էդ բաներեն ձեռք վեր առ.
Շատեր էկած, չկարցած։
Սանասար ասաց.— Չէ՛, պա՛պիկ,
Ես էն ապով չեմ էկի.
Ինձ ի՞նչ կա հետ էնոր։

[էջ 70]

Ապա էնոր հմայք չի խա՛փանի,
Պա՛պիկ, օղորմի քո հոր, ինձ ճիշտն ասես,
Տեսնենք՝ ինչ է էնոր հմայք։
Ասաց.— էնոր հմայք կո՛ մեջ ծովուն,
Ակունք կո՛ մեջ ծովուն վիշապի բերնի մեջ։
Հրեղեն մարդ մի տ’ըլնի,
Որ էրթա, մտնի էն ծով,
Ակ վիշապի բերնեն հանի.
Առավոտուն էլնի,
Աղջիկ մերկ մեջ իր սենեկին տեսնի,—
Էնոր հմայք էս է, կըխափանի.
Էլ հմայք վեր էնոր չբանի,
Կարնա զաղջիկ առնի, իրեն տանի։

Սանասար ասաց.— Պա՛պիկ, ի՞նչ կ’ըլնի,
Էնոր քոշք ու սարեն շանց տաս, ես էլ տեսնեմ։
- Քո ի՜նչ բան է էդ բաների հե՛տ։
Էն էլ խնդիրք արավ.— Ափո՛ ջան,
Աստված սիրես, ես կարիբ էրկրից եմ.
Ի՞նչ կ’ըլնի, մեկ ինձի շանց տաս,
Ես էլ մտիկ անեմ,
Էրթամ մեր էրկիրներ, ասեմ՝
Էսպես քաղաք մի կա։
Հալվորն առավ զտղան,
Էլավ տանիս, ձեռ պարզեց, ասաց.
— Էն սև պատուհաններ, սև պալատներ կը տեսնե՞ս,-
Թագավորի աղջըկա քոշք ու սարեն է։
Էն սև փարդա է կապած պատուհաններին,
Որ աղջիկ դուռ չտեսնի։
Տղան հարցուց.— Պա՛պիկ,
Էն ի՞նչ է ճրագի՛ պես կը վառվի։
Ասաց.— Ո՛րդի, էնի ոսկի խնձոր է,
Էնոր դարգահի սա՛ն գլուխ զարկուկ։
Մեկ էլ գուրզ մի կա, կո՛ էն բրջի գլուխ։
Ով էն ոսկի խնձոր բերի տա՛կ, դնի իր ծոց,
Դիր մ’ էլ ձիով բարձրանա, դնի տեղ.
Ով որ ուժով ըլնի,
Էն գուրզ բրջի գլխեն թալի տա՛կ.
Ակ վիշապի բերնեն հանի,
Թագավորի հետ կռիվ անի, կտրիճ ըլնի,—

[էջ 71]

Աղջիկ իրեն կը տանի։
Ասաց.— Օֆ, ափո, ես ի՞նչ եմ,
Որ էդ բաներին ձե՛ռ թալեմ.
Հարցմունս էր՝ արի քենե։
Կ’էրթամ ուրիշ էրկիրներ,
Կ’ասեմ՝ Պղընձե քաղաք էսպես քաղաք է։
Քելե՛, քելե՛, էրթա՛նք, ինձ քուն կը գա։
Գնացին խան, տեղ ձգեցին, պառկեցին։

Հալվոր քնավ. համա Սանասար չքընի։
Ասաց. «Խա՜չ, որ էնպես է,
Էս գիշեր պիտի գնամ, փորձեմ»։
Տղան տեսավ, որ հալվոր քնավ,
Քիչ մի հանդարտեց, խալխ պակսեցին,
Էլավ, դարձավ աղոթարան,
Իրեք անգամ ծունր էդի առաջի աստծու։
Էլավ, գնաց, ըզձին հեծավ, խանից էլավ դո՛ւրս։
Լուսնակ գիշեր մի, ինչպես ցերեկ։
Աստծու անուն էտու,
Խաչ Պատերազմին կանչեց.
Մեյդանի մե՛ջ գնաց, էկավ, ըզձին տաքցուց.
Զանգու զարկեց ձիու կո՛ղ,— ձին բարկացավ.
Ըզձին թռուց, էլավ սան գլխի հե՛տ,
Զեռ էտու, զօսկի խնձոր առավ, էդի ծո՛ց,
Թափկան գնաց, մեկ ժամվա ճամփա հեռացա՛վ,
Նորեն դարձավ, էկավ մեյդանի մեջ։
Դիր մ’էլ ըզձին թռուց,
Էլավ բրջի գլուխ,
Աստծու անուն– էտու,
Խաչ Պատերազմին կանչեց,
Ձեռ էտու, ըզգուրզ բռնեց։
Օլորեց, տեղից էհան դո՛ւրս, թալեց,—
Գուրզ կես ժամվա ճամփա գնաց, դիպավ գետին,
Մեջ ամառվա չոր գետնին՝ գազ մի մտավ գետնի մեջ։
Ապա ըզձին քշեց մեջ ծովուն,
Գնաց, մտավ ծովու տա՛կ,
Տեսավ՝ վիշապ գլուխ բարձրացուցեր է.
Վեր վիշապի գլխուն դադրավ.
Գուրզ մի զարկեց վեր վիշապի գլխուն.
Վիշապ զինք թափ էտու,

[էջ 72]

Ակ բերնեն թռավ, գնաց մեջ դաշտին։
Վիշապ զինք թափ էտու, ջուր էլից քաղաք.
Ինչպես անձրև գա, էնպես զքաղաք էթաց.—
Ծով կատաղավ, վիշապ քամի քաղաք եղավ։
Դարձավ իր խան, ըզինք էտու քունջ մի,
Կող էլավ քնավ չուր լուսաբաց։

Առավոտուն ինչ լուս բացվավ,
Տեսան՝ Դեդձուն-Ծամի պատուհաններ բացվե.
Էնոր լուս տվեր է քաղաք։
Ինչ լուս բացվավ, տղան իր նինջ էհան,
Էլավ տանիս, իրիշկեց՝
Աղջկան պատուհաններու մեջեն՝
Աղջիկ մեջ իր սենեկին կ’էրևեր,
Զաղջիկ մեջ իր սենեկին տեսավ։
Էնոր հմայք խափաներ է՛ր։
Սանսաար դարձա՛վ, ասաց հալվորին.
— Պա՛պիկ, էս գիշեր քամի մի փչեց,
Սև ամպ մի Սասնա հե՛տ էկավ,
Անձրև էնոր մոտեն էկավ, քաղաք թրջեց։

7

Թագավոր էտու մունետիկ կանչել.
— «Տեսնենք՝ ո՛վ ակնունք վիշապի բերնեն հաներ է.
Ման էկեք, տեսնեմ՝ էն ի՛նչ մարդ է էկե,
Իմ ադջըկան ոսկի խնձոր կոտրե, տարե։
Բռնեցեք, բերեք էստեղ, գլուխ կտրենք»։
Մունետիկներ ընկան քաղքի մեջ ման գալու.
Էրկու ժամ ման էկան, մարդ չտեսան.
Գնացին, մտան էն հալվորի խան, ասին.
— Հալվոր, էստեղ կարիբ մարդ չկա՞,
Ասաց.— Չէ՛, էս գիշեր իմ խան՝
Մարդ չե՛կեր, քանց էն տղան.
Էն էլ իմալ էկեր է, ընկեր քնուկ էր։
Էն տղան էնքան էն հալվորի աչքին չէր գա։
Որ ա՛սաց. «Չէ՛, կարիբ մարդ չկա»,
Տղան վերուց, ասաց.— Ադբե՛ր.
Ինչի՞ կարիբ մարդ չկա, ես կարիբ եմ։
Հալվոր բարկացավ.— Սո՛ւս կաց, զքեզ կը տանին, սպանեն

[էջ 73]

Ասաց.— Ինչի՞ տի սպանեն։
Տղան զմունետիկներ կանչեց, ասաց.
— Աղբեր, ես կարիբ եմ, ի՞նչ հարցմունս կ’անեք:
Մունետիկներ տեսան՝
Էդ տղան էնենց ջահել, ջիվան տղա է,
Էնոնց արուն էռաց էնոր վերա,
Ասին.— Ա՛յ տղա. զքեզ պահենք,
Դու ափսոս ես, մի գա մեր թագավորի առաջ։
Հարցուց.— Թագավորին ի՞նչ է էղե՝
Չգամ թագավորի առաջ։
Էնոնք ասին.— Ո՛րդի,
Էս գիշեր զարկած, տարած են
Թագավորի աղջկան ոսկի խնձոր.
Թագավորից հրաման է՝
Ինչ մարդու մոտ էն խնձոր տեսան,
Թե կտրիճ էղավ, կռիվ արավ,— պրծա՛վ.
Թե որ կտրիճ չեղավ, զգլուխ կը զարկեն։
Սանասար էլ ձեռ տարավ ծո՛ց,
Զոսկի խնձոր հանեց, նշանց էտու,
Դարձավ, ասաց էնոնց.
— Մունետիկնե՛ր, գնացե՛ք, թագավորին ասե՛ք,
Թե՝ ոսկի խնձոր տանող տեսեր ենք։

Էնոնք գնացին, թագավորին ասին,
— Մենք քո ոսկի խնձոր տանող տեսեր ենք։
Թագավոր ա՛սաց.— Գնացե՛ք, ասեք՝ գա էստեղ։
Թագավորի բռնավորն է։
Էկան, ա՛սին.— Դու թագավորի բռնավորն ես.
Էրթանք, թագավորին բռնըվի՛։
Ասաց.— Թագավո՞ր, ի՞նչ թագա՛վոր.
Հա՛, հա՛, ձեր թագավորից կռիվ կ’ուզեմ.
Աստված կամ ինձ կըտա, կամ իրեն։
Ես ինչի՞ տի գամ թագավորին բռնվիմ,
Կռիվ կ’ուզեմ, որ կռիվ անեմ։
Թագավոր լսեց, ասաց.
— Աղեկ, էս բան ով որ արե՝
Իմ աղջըկան համար է արե.
Թող գա, նայենք՝ ինչպես արե.
Թող ինձ ասի, ես իմ աղջիկ տամ էնոր։

[էջ 74]

Սանասար էկավ, ասաց. Ես եմ արե։
Հարցուց.– Էս բան դո՞ւ ես արե։
Պատասխանեց. Այո՛, ես եմ արե։
Թագավոր ասաց.- Որ դու ես արե,
Դե՛, ինչպես ոսկի խնձոր՝
Էն սան գլխից բերեր ես տակ,
Դիր մ’ էլ ցերեկով տա՛ր, դիր սան գլուխ,
Որ մենք տեսնենք, ես իմ աղջիկ տամ քե՛զ.
Կամ թե չէ՝ ես քո վիզ տի զարկեմ։

Սանասար ըզձին հեծավ, մեյդան առավ,
Մեյդանի մեջ մա՛ն էկավ, ըզձին տաքցուց,
Գնաց, էկավ, թռուց, էհան էն սան գլխու հետ,
Զոսկի խնձոր էզար էն սան գլուխ։
Թափկան ժամ մի ետ գնաց,
Մե՛կ էլ դարձավ, էկավ մոտ թագավոր։
Թագավոր ասաց.— Էտա էլավ։
Համա էն շնորհք քոն չէ, քո ձիուն է։
Ասաց.— Քենե կ’ուզեմ՝
Ինչպես էն գուրզ բրջի գլխեն
Քաշեր ես դո ւրս, թայեր ես տա՛կ,
Դիր մ’էլ հանես բրջի գլուխ, թալես վեր բրջին.
Որ մենք տեսնենք, Ես իմ աղջիկ տամ քե՛զ.
Կամ թե չէ՝ ես քո վիզ տի զարկեմ։

Սանասար էլավ, գնաց զէն գուրզ վերուց,
Վեր թևին վեր օլորեց, էթալ,
Էզար վեր էն բրջի գլխուն,
Հետ զարկելան ըզբուրջ փլուց, էբեր տա՛կ։
Թագավոր ասաց.— Կ՛էրևա,
Որ դու աղեկ կտրիճ, զորեղ ես։
Էտա էլավ իրեք փորձանալիք։
Ինձի վաթսուն հատ փահլևան կա,
Զամեն էլ շղթայե, բանտ եմ դրե,
Թողնեմ դո՛ւրս, կռիվ արեք.
Թե դու զվաթսուն էլ հաղթեցիր,
Աղջիկ կը տա՛մ քեզ, կը տանես։

Սանասար մտածեց. «Ես իմ վադեն դրեր եմ՝
Միայն իրեք օր մնամ էստեղ.

[էջ 75]

Էս թագավոր վեր ինձ կռիվ տի հանի
Մե՞կ մեկ փահլևան, թե՞ ամեն մեկդիր»։
Դարձավ, հարցուց.— Թա՛գավոր,
Դու քո վաթսուն փահլևան մեկդի՞ր տի հանես,
Թե՞ մեկ մեկ տի հանես դեհ ինձ։
Թագավոր ասաց.— Սա՛նասար,
Վաթսուն էլ մեկդիր հանե՛մ,
Ըզքեզ ցրիվ կը տան.
Մե՛կ մեկ հանեմ, կռվեցե՛ք։
Թե դու հաղթեցիր, աղջիկ տի տամ քեզ.
Թե չէ՝ կո՛ զքեզ տի սպանեն։

— Թա՛գավոր, ապրած կենաս,— ասաց.—
Ես չեմ դադրի էստեղ, չուր վաթսուն օր կռվի.
Վաթսուն էլ մեկդիր թող դո՛ւրս, կռվենք.
Աստված կամ ի՛նձ կը տա, կամ փահլևաններուն։
Թագավորն էլ ասաց.— Հա՜յ.
Վաթսուն մեկտե՛ղ թողնեմ դո՜ւրս,
Ըզքեզ տի փըրփըրթե՜ն.
Խեղճ ես, կաց, վաթսուն օր կռվի։
Ասաց.— Չէ՛, թագավոր,
Ես վաթսուն օր չեմ կա՛րնա կենա էստեղ.
Դու քո վաթսուն փահլևան մեկդիր հա՛ն։

Թագավոր ուղարկեց, մեկդիր էթող դուրս
Ըզիր վաթսուն փահլևան։
Սանասար զՔուռկիկ Ջալալին հեծավ,
ԶԹուր Կեծակին քաշեց, մեյդան կայնավ.
Փահլևաններ գոմշու պես մըռմըռացին,
Էկին դեհ Սանասար։
Մե՛կ էնոնց մոտեն, մե՛կ Սանասարի,
Առին իրար, զարկին իրարու։
Դեղձուն-Ծամ պատուհան կայնե, մտիկ կ’անի։
Սանասար ընկավ մեջքեր,
Թուր կը զարնի փահլևաններուն,
Էնոնք չեն կարնա էնոր մոտենա։
Չուր իրիկուն կռվան,
Քսան փահլևանի վիզ կտրեց։
Գիշերն էլ փահլևաններ կռիվ արին,
Ասին.— Կը մթնի, մենք կը զարնենք,

[էջ 76]

Զէնի կը սպանենք, գիշեր մութն է։
Չուր առավոտ տաս փահլնան էլ սպանեց։
Առավոտից չուր իրիկուն կռիվ արին,
Տասն էլ սպանեց, մնաց քսան։

Լեշեր ընկավ չորս բպոր,
Արուն կայնեց մեջտեղ.
Սանասար մնաց արնի մեջ,
Արուն Սանասարին բռնեց.
Էլ ոչ էնի կարցավ արնից դուրս գա,
Ոչ էնոնք կարցան զՍանասար սպանեն.
Էնոնք Սանասարի չորս բոլոր մա՛ն կը գան.
Չեն իշխենա մոտենա էնոր։
Սանասարի ձեռ կռմավ,
Էլ չկա՛նա աղեկ կռիվ անի.
Համա ըզինք կը պաշտպանի։
Կռիվ էդպես մնաց։

Դառնանք Բաղդասարի վերան։

8

Բաղդսաարն էլ Սասուն էր։
Էն մեկ առավոտուն էլավ, կը լվացվեր,
Աչք ընկավ Սանասարի մատնիք,
Ինչ աղբեր աղբոր հետ փոխարկեր էր։
Տեսավ՝ մատնիք մատին սևցեր է։
— Ահա, ասաց, շտապեք, իմ ձին քաշեք դո՛ւրս.
Ես հեծնիմ, էրթամ իմ եղբոր հասնիմ։
Էլավ դուրս, տեսավ՝ ա՛մպն մթներ է։
Էկավ տո՛ւն, ասաց.— Հեյ-վա՜խ, հեյ-վախ, մարե՛,
Իմ աղբեր շատ նեղութնի մեջ է։
Հարցուց.— Դու ի՞նչպես գիտես։
— Մեկ հալվոր մարդ մի մեզ նշանց էտար,
Ասաց՝ Երբ էս ամպ կը մթնի,
Դուք էրկու աղբեր՝ որ մեկտեղ չեք ըլնի,
Իմացեք, որ մեկըն նեղ տեղն է.
Իրարու օգնություն հասեք։
Ես շուտ տ’էրթամ, հասնեմ։
Ասաց.— Ո՛րդի, համբեր արա,

[էջ 77]

Ով համբեր ունի՝ կյանք ունի։
Էրթանք, կտոր մի հաց ուտենք,
Գնա քո աղբոր հասի՛։

Էլավ զհրեդեն ձին քաշեց,
Թամք էդիր վերան, զիր գուրզ առավ,
Էլավ, հեծավ ըզձին,
Իր աստված կանչեց, քշեց։
Մոռցավ, հաց էլ չկերավ։

Գնաց, հասավ էն սարի մեջ.
Է՛ն աժդահար հովիվ նայեց, տեսավ՝
Մեկ ձիավոր, էնպես կը գա՝ քամու պես.
Ասաց. «Կա-չկա, էս Սանասարի աղբերն է»։
Գնաց առջև, ասաց.
— Ձիավո՛ր, արի՛, կաթ մի կթեմ, կե՛ր.
Նստի, հանգստացիր, էլի՛, գնա՛։
Բաղդասար ասաց.— Սատանա՞ ես դու.
Իմ աղբեր մկա մեռե,
Դու կ’ասես՝ արի կաթ կեր, ես կ’էրթամ։
Հովիվ ասաց.— Հնար չկա,
Չուր կաթ չուտես, չեմ թո ղնի՝ էս տեղով էրթաս։
Բաղդասար տեսավ՝ էդտեղ կռիվ կ’ըլնի, նստավ։
Հովիվ իր կոտ իլին կաթ կթեց,
Հացի հետ էդիր Բաղդասարի առջև,
Զինք գնաց օչխարի բոլոր ման գալ։
Յոթ փաթ ման էկավ օչխարի բոլոր,
Նոր՝ Բաղդասար էդ կաթ կերավ,
Կոտ կործեց, կանչեց.— Հովի՜վ,
Արի, կոտ վերցու, ես կ’էրթամ։
Հովիվ էկավ, Բաղդասարին ասաց.
— Բաղդասար, քո աղբեր յո՛թ քո չափ ուժ ունի.
Էնոր չըլնիմ հակառ կենաս։
Գնա՛. քո աղբեր քառասուն փահլևան սպանե.
Մնացե քսան, էն էլ դու կը սպանես,
Ետ կը դառնաք, կը գաք։
Մի վա՛խենաք, մարդ չկարնա
Ձեր էրկու աղբոր վերան։

Քշեց, գնաց Պղընձե քաղքի պարսպի տակ.
Տեսավ՝ քառսուն հալվոր կայնած են էնտեղ.

[էջ 78]

Տեսավ, որ էդ մարդիկ էնքան ծերացած են.
Որ շորեր, մորուս, վերան-գլուխ դեղին դարձե։
Բարև էտու հազրաց, ասաց.— Բարև ձեզ,
Սիպտակմորուս, կարմրամորուս, թուխմորուս մարդեր։
Էլի էն հալվոր բարև առավ, ասաց.
— Հեյ-վա՜խ, հեյ-վա՜խ, կանաչ կտրիճ, ջահել տղա,
Դու է՜լ էկար, էրթաս ընկնես էն քաֆրի ձեռ։
Ասաց.— Ի՞նչ կա, որ քաֆրի ձեռ ընկնեմ։
— Որդի, մեկ ժամ մնաս,
Էն քաֆրին մեկ հավք մի կա՝ կը գա կը ճվա,
Դու էլ մեր հասակին մարդ կը դառնաս։
Բաղդասար ասաց.— Ափո ջան,
Էրեկ, էռանդ իմ պես ջահել մարդ մի էկե,
Անցեր էստեղ վե՛, չե՞ք տեսե։
Էդա մարդեր դարձան, ասին.
— Էրեկ չէ էռանդ քեզ պես մարդ մի անցավ,
Դեռ քանց քեզ զորեղ, քանց քեզ կտրիճ էր.
Ո՛րդի, էնոր ձին էլ կրակե ձի էր.
Թռավ, անցավ քաղքի մե՛ջ։
Չուր էսօր էնոր կռվի ձեն կը գար.
Փահլևանների կռվի ձեն կը գար։
Էսօր մենք էլ ձեն չենք լսե,
Էլ չեմ գի՛տի՝ ի՞նչպես էղավ, ինչպես չէղավ։
Բաղդասար ասաց.— Հե՛յ-վա՜խ, էն իմ աղբերն է.
Որ էլ էնոր կռվի ձեն չէկեր՝ սպանած են։
Ուխտ ըլնի՝ ես էստուց առնեմ սպանել,
Էսա քաղաք ավերեմ.
Իմ աղբոր վրեժ առնեմ։

Ըզեն մարդեր անցավ, գնաց.
Ինչ բան որ ռաստ էկավ,
Ինչ որ իրար կ’առներ՝
Թե տավար, թե մարդ՝ սպանեց։
Գնաց, գուրզ մի զարկեց, պարիսպ փլուց,
Մտավ քաղաք, մոտ հասավ։
Սանասար ու էն քսան փահլևան
Էլած էն մեկ մեկի առջև կռիվ.
Սանասար էնպե՛ս էզեր.
Զոռով ըզինք կը պաշտպանի.

[էջ 79]

Արուն աչքեր բռներ է, թուր կը զարնի։
Բաղդասար ըզձին քշեց, գնաց,
Աղջկա պատուհանի առաջեն անցավ.
Ասաց.— Աղջի՛, կռիվ դեհ դո՞րն է։
Աղջիկ ճանչեցավ, պատասխանեց.
— Կռիվ դեհ քաղքով դե՛ս է։
Բաղդասար քշեց ըզձին.
Գնաց, մտավ մեջ կռվուն.
Ճոթից մի էն կտրեց զփահլևաններ.
Դարձավ, կանչեց,— Տո, Սանասար. ա՛ղբեր։
Սանասար իմացավ՝ իր աղբերն է էկեր,
Ասաց.— «Օրհնյա՛լ է աստված.
Օգնականս հասավ. էլ ահ ա էրկուղ չունիմ»։
Կանչեց.— Հրամմե, Բաղդասար աղբեր.
Ուայ, էդ դո՛ւ ես, էկար իմ օգնություն։
Բաղդասար ասաց.— Հա՛, ես եմ։
Դե՛, էտա դեհեն առջև բռնի՛,
Ես էս դեհեն սպանեմ, գամ։
Գնաց, աղբորն արնից քաշեց դուրս,
Տարավ, լվաց, աղբոր աչքեր բացվավ, ասաց.
— Ո՜ւր է. քսան փահլևան էլ մնացեր է։
— Ես զէնոնք սպաներ եմ,— ասաց Բաղդասար։

Գնացին թագավորի առաջ։
Թագավոր որ էրկա աղբեր տեսավ.
Ասաց.— էտա էղավ չորս փորձանալիք։
Հիմի տէրթաք Կանաչ Քաղաք,
Նոր գաք զաղջիկ տանեք։

9

— Կանաչ Քաղաք, ո՞ւր ես, էկանք։—
Գնացին, ընկան չոր ու ցամաք, ոստին տեղեր։
Մտան քաղաք, դես ման էկան, դեն ման էկան.
Վերջըն պառվա մի դուռ տփեցին։
Պառավ էկավ, հարցուց.— Ո՞վ է։
Ասին.— Կարիբ տղերք ենք, մամիկ, հյուր չե՞ս ուզի
Ասաց.— Ինչի՞ չեմ ուզի, որդիք, հյուրն աստծունն

Պառավ դառ էբաց, տդեք ներս առավ։
Ասաց.— Ես էլ զավակ չունիմ.

[էջ 80]

Դուք ինձի լա՛ճ, ե՜ս ձեզի մե՛ր,
Մեկտեղ ապրինք, հացն աստծունն է։

Առավոտուն լուս որ բացվեց,
Սանասար ասաց Բադդասարին.
— Քաջանց թագավոր մեզ ուղարկեց էստեղ, որ ի՞նչ:

Մենք ի՞նչ պիտի անենք էստեղ։
Բաղդասար պատասխանեց.
— Ա՛ղբեր, էլնենք, ման գանք էս քաղքի մե՛ջ,
Աստված ինչ որ կը տա՝ էն էլ կ’անենք,
Չուր կը տեսնենք՝ վերջն ի՞նչ կ’ըլնի։
Ձիանք, զենքեր թողին պառվու մոտ,
Էլան քաղքի մեջ ման գալու։

Էկան թագավորի ախոռի դո՛ւռ, կայնան։
Ախոռապետն էկավ, էնոնց հարցուց.
— Ա՛յ տղա, ի՞նչ մարդ եք. չե՞ք ըլնի ձիապան.
Ասին.— Կարիբ մարդ ենք. կ’ըլնինք։
Հարցուց.— Գիտեք ձի թիմարեք։
Ասին.— Այո, գիտենք։
Ախոռապետն էնոնց տարավ ախոռ,
Ասաց.— Դե, ձիերու տեղ շինեք։
Սանասար ցախավել առավ, Բաղդասար՝ թիակ,
Ձիերի տեղ ավլեցին։
Ախոռապետն ասաց.— Հիմի ձիանք թիմարեք։
Սանասար հարցուց.— Ո՞ւր է քերոց։
— Էս ականատն են քերոցներ,—
Ասաց ախոռապետն ու դուրս էլավ։
Սանասար որին ձեռ տվավ,
Էն քերոցներ ձեռաց մեջ էդան հո՛ղ։
Ախոռի մեջ ման էկավ, տեսավ՝
Քերոցի պես՝ մեծ մի բան դրած էնտեղ.—
Պղընձե գուռ էր, ինչ ձիերուն ջուր կը տային.
Գարի լցած մեջ՝ ձիերու համար։—
Գարին դատարկեց գետին,
Էդ պղինձ առավ ձեռ, ձիեր թիմարի։
Որի քամկին մեկ դիր պրտեց,
Կաշին հանեց, բերեց, էթալ պոչից դո՛ւրս։

[Ներդիր]

Էլավ Դավիթ` ձի հեծավ, գնաց Ծովասար

Էլավ Դավիթ` ձի հեծավ, գնաց Ծովասար

[էջ 81]

Էդ ժամանակ ախոռապետ դարձավ ետ,
Կանչեց, ասաց.— Էս ի՞նչ եք արե։
Պատասխանեցին, թե.— Քերոցեր ենք։
— Աստված ձեր տուն ավրի,
Ամեն սպաներ եք ձիանք։
Ախոռապետ գնաց, թագավորին ասաց.
— Էսպես մեկ բան է էղե.
Էս մարդոց հետ ի՞նչ անենք,
Էս մարդեր զորեղ են, աժդահա են։
Էն էլ ասաց.— Թողեք՝ մնան.
Առավոտ կ’ուղարկենք սա՛ր՝
Վիշապի հետ կռիվ անեն։

Տղեք դարձան, եկան պառվու տո՛ւն։
Իրիկնապահին Բաղդասար ասաց.
— Մամիկ, ծարավ եմ, պատ մի ջուր։
Պառավ ասաց.— Հոգիս էլնի, էլ ջուր չկա։
Տղան հարցուց.— Մամի կ, էդ ի՞նչ խոսք է։
Պառավ պատասխանեց.— Մեռնիմ քեզի.
Էս Կանաչ Քաղաք անջուր քաղաք է, ջուր չկա։
Սարի գլուխ մեկ աղբուր կա՛,
Էն էլ աղբրի ական վերա՝
Վիշապ մի էկեր, բերան տվե, նստե,
Չի թողնի, որ ջուր գա քաղաք։
Մենք էլ էնոր ահու չենք կարնա ջուր բերի։
Ամեն շաբաթ ազապ աղջիկ մի տի տանք,
Էդ վիշապ ուտի, որ ջուր բաց թողնի,
Ինչ է թե՝ ժողովուրդ ծարավ չկոտորվի.
Ու մեր քաղաք չավերի։
Թագավորի մոտ մեկ աղջիկ մի կա,
Վաղ հերթ էդ ադջկան է։
— Մամի՛կ, բա չե՞ք կարնա էդ վիշապ սպանի։
Ասաց.— Որդի, էնոր սպանելու ճա՞ր կըլնի.
Քանի՛ քանի դիր թագավոր՝
Իր զորքերով գնացե վերան կռիվ,
Բան չի կարցե անի։

Առավոտ որ լուսացավ,
Պառավ ասաց.— Հա՛նգո ձենձենոց կը գա,
Ես կ’ասեմ՝ աղջիկ կը տանեն, տան վիշապին։

[էջ 82]

Տղաներ իրիշկեցին, որ, ուղորդ,
Լուսնակի պես մեկ աղջիկ,
Ոտից գլուխ սևեր հագցուցած,
Լալով առեր են, որ տանեն աղբրի գլուխ.
Կնանիք էլ՝ կժեր առած՝ կ’էրթան ջրի։
Էրկու աղբեր ընկան էնոնց հետև, գնացին։
Երբ որ քաղքից էլան դուրս,
Սանասարին, Բաղդասարին ասին.
— Էս աղջիկ առեք, տարեք, տվեք վիշապին,
Էնոր հետ կռիվ արեք, սպանեք։
Սանասար ու Բաղդասար ասին թագավորին.
— Մենք ինչո՞վ էրթանք կռիվ,
Մենք զենք չունենք հետ մեզ։
Էն էլ ասաց.— Դուք գիտեք։

Բաղդասար ասաց Սանասարին.
— Էրթանք, էնտեղ, էնա մոտիկ ջոջ տան մեջ,
Էրկու կլոր քար կա, առնենք, էրթանք.
Էրկուսի մեջն էլ ծակ է,
Կը մտուցենք մեր թևքեր, կ’էրթանք։
Գնացին քարեր առին։

Քարերի տերեր էկան,
Թագավորին գանգատ արին,
Թե.— Մենք էնքան ծախս արինք,
Հազիվ բերինք էդ քարեր.
Էդոնք կը տանեն, կը թալեն սա՛ր,
Էլ մենք չենք կա րնա բերի։
Թագավոր ասաց.— Որ տանեք, էլ կը բերե՞ք։
Ասին.— Հա՛, կը տանենք, էլ կը բերենք։

Էնոնք առին աղջիկ ու քարեր,
Գնացին, հասան սարի գլուխ,
Էնտեղ որ աղջիկները կը կապեն։
Ասին.— Աղջի՛կ, մի վախենա,
Կայնի էստեղ, մենք էրթանք,
Մեկ՝ վիշապը վերև կայնենք, մեկ՝ ներքև։
Աղջիկ էստեղ մտածեց,
Թե՝ «Ես թողնեմ, փախնիմ,
Թող վիշապ գա, զէնհնք ուտի»։

[էջ 83]

Տեսան՝ վիշապ չկա, աղջիկ կը փախնի,
Զաղջիս, բռնին, կապեցին։
Սանասար ասաց աղբոր.
— Ես կը կայնեմ ներքև, դու՝ վերև.
Ես կը վախեմ, որ ես վերև կայնեմ, քար զարկեմ,

Դու իմ քար չես կարնա բռնի.
Հետ վիշապ դուրս գա՛, զարնենք, սպանենք։
Համա զգուշ կաց, աղբեր,
Քարեր չէրթան, ձորի մեջ կորուսին։

Մեկ էլ տեսան՝ գըռոց ընկավ սարեր.
Իրիշկեցին՝ մեկ ջոջ գազան էկավ,
Մեկ գոմշի չափ բարձր, հինգ գոմշի չափ էրկեն։
Վիշապ հեռվեն տեսավ՝ էն որ մեկի տեղ՝
Իրեքն են էկեր իրեն կերակուր,
Ուրախացավ, ատամներ սրեց, բերան էբաց.
Պոչն օլորելով, ֆըշֆըշալով,
Կը գար դեհ աղջիկ, որ կուլ տա։
Աղջկան կեռիք փակվավ,
Լեզուն կապվավ, ու կը լար,
Արցունք տաք տաք կը թափվեր էրեսն ի վար։
Վիշապ էկավ, հասավ էնոնց մոտ։
Բաղդասար քար մի էզար.
Քար բռնեց էդ գազանին, չի ձգեց։
Կանչեց աղբոր.— Իմ քար բռնի՛։
Սանասար էզար, գազանի մեկ կող կոտրեց,
Քար չգնաց աղբոր մոտ։
Մոտեցան, քարերով գլուխ ջարդեցին,
Քարեր առին, էկան աղջկա մոտ։
Արձակեցին զաղջիկ, ասին.
— Աղջիկ, էլի գնա տուն։
Վիշապ արենկոլոլ ընկավ, սատկեց։
Աղբոլրների ակունք բացվան.
Աղբրի ջուր վարարեց, էկա՜վ, էկա՜վ.
Ամեն մարդ առատ-առատ ջուր կրեցին։
Բաղդասար ասաց Սանասարին.
— Քարեր թալենք էն ձոր, էրթանք։
Սանասար ասաց.— Աղբեր, հայեր մեղք են,
Չեն կա՛րնա քարեր բերի, տանենք, տանք էնոնց։

[էջ 84]

Քարեր առին, աղջկա հետ դարձան քաղաք։
Աղջիկ պատմեց թագավորին, ինչ որ տեսավ։

Թագավոր կանչեց, հարցաց.
— Տղեք, էն քարեր բերիք։
Ասին.— Այո, բերինք, դրեր ենք դո՛ւռ.
Էնոնց տերեր թող գան, տանեն, դնեն տե՛ղ.
Մենք էնոնց տեղ չենք գիտի։
Չուր էստեղ բերեր ենք, դոր թող էնոնք տանեն։
Թագավոր ասաց.— Էնոնք չեն կարնա տանի ներս
Ասին.— Բա՛ առաջ ի՞նչպես են տարե ներս։
Ասաց.–– Առաջ գոմեշներ, ձիեր լծեր են,
Էդ քարեր բերեր են իրենց տեղ,
Նոր՝ ձիթահանք շիներ են։
Սանասար ասաց.— Թող գան հետ մեզ,
Դռներ բանան, տեղեր շանց տան.
Մենք քարնր տանենք, տեղեր դնենք։
Տերեր գնացին տղաների հետ,
Քարերի տեղ շանց տվին.
Էնոնք քարեր տեղեր դրին.
Դարձան, էկան պառվու տուն։

Մեկէլ օր թագավոր կանչեց,
Սանասարին. Բադդասարին ասաց.
— Ուզեք, ձեր ուզած տամ։
Բաղդասար ասաց.— Սենք բան չենք ո՛ւզի,
Մեր ազատած կուզենք։
Թագվոր նորեն հարցուց.
- Բա՛ղդասար, ի՞նչ կուզես՝ տա՛մ։
Թագավոր իրեք անգամ հարցուց,
Բաղդասար տղան իրեք անգամ էլ բան չուզեց։
Էն ժամանակ ասաց թագավոր.
— Որ բան մի չեք ուզի.
Ձեր ազատած աղջիկ չխո ձերն է։
Արի քեզ պսակեմ. Բա՛ղդասար։
Բաղդասար տղան ասաց.
—Հիմի ես ժամանակ չունիմ պսակվելու։
Բերին աղջիկ նշանեցին վեր Բադդասարին։

[էջ 85]

10

Էրկու աղբեր էլան, կաց-բարով արին,
Էդ Կանաչ քաղքից դարձան,
Էկին, հասան Պղընձե քաղաք։
Քշեցին վեր Քաջանց թագավորի դռան,
Որ զոռով ղԴեղձուն քաշեն, տանեն։
Թագավոր ասաց.— Սա՛նասար,
Դեղձուն կո քաղքից դուրս իր դղեկի մեջ.
Համտոլ դևն էնոր դռան պահապանն է։
Կարնաս, գնա, տար քեզ հա՛մար։

Բաղդասար մնաց քաղաք,
Սանասար, Սասնա Ծուռն էր,
Առավ զենքեր, հեծավ իր ձին, գնաց։
Քարի մ’ գլուխ սիպտակ դղեկ մի տեսավ.
Դեմ արավ էդ դղեկին,
Ասաց. «Տեսնեմ՝ էդ Դեղձունի դղեկ չի՛»։
Գնաց, հասավ դռան, տեսավ՝
Ջոջ, ահագին դարգահ մի կո վեր դռան։
Կանչեց.— Է՛, դուռ բացեք։
Համտոլ դև էն դեհեն ձեն էտու, ասաց.
— Դու ո՞վ ես, դուռ բանամ վեր քեզ։
Սանասար ասաց.— Իմ անուն չե՞ս լսե։
Համտու հարցուց.— Քո անուն ի՞նչ է։
Սանասար ասաց.— Դու իմ անուն չես գի՞տի։
Համտոլ ասաց.— Չէ՛, չեմ գիտի։
Սանասար ասաց.— Ես էլ չեմ գիտի,
Թե իմ անուն ինչ է.
Իմ մոր մոտեն լսեր եմ...
Համտոլ հարցուց.— Ի՞նչ ես լսեր։
Սանասար ասաց.— Ինչ եմ լսե՞ր։
Ճիժ էի, իմ մեր ինձ վեր կը թալեր
Ու կասեր՝ Համտոլի գրող։
Համտոլ ասաց.— Որ դու իմ գրողն ես,
Մի քո մատ դռան ճղուն վե տուր դե՛ս...
Սանասար ասաց.— Ահա քեզ ձեռ։
Ու թև պարզեց էն դեհ։

[էջ 86]

Համտոլ ինչ որ էնոր ձեռ տեսավ, զարմանք մնաց։
Առավ իր ձեռաց մեջ, քամեց,
Ապա ինչպես լու մի Սասնա Ծուռ կծի,
Բան չկարցավ աներ էնոր։
Սանասար ասաց.— Համտո՛լ։
Մի քո՛ ձեռ տուր դըսա։
Համտոլ ըզձեռ էտու։
Սանասար ինչ որ էնոր ձեռ քամեց,
Համտոլի մոր ծծի կաթ արնի հետ մեկտեղ՝
Էնոր ձեռից էտու դուրս էղունգի բերնից։

Համտոլ փախավ, գնաց մոտ Դեղձուն։

Դեղձուն ասաց.— Վա՛-վա՞, Համտոլ,
Ի՞նչ էղավ քեզ, որ դու էսպես փախար։
Համտոլ ասաց.— Խաթո՛ւն,
Մարդ մի կո վեր դռան.
Ասաց՝ դուռ բաց, չբացի.
Իմ ձեռ քամեց, իմ մոր ծըծի կա՛թ
Իմ էղունգի բերան վե էտու դո՛ւրս։
Դեղձուն ասաց.— Դու չկարցա՞ր
Էնոր ձեռ՛ քամեիր։
Համտոլ ասաց. Իր ձեռ էտու իմ ձեռ,
Ձեռ չէ՛ր, ապա գերա՛ն էր։
Դեղձուն ասաց.— Դու չհարցուցի՞ր,
Թե էնոր անուն ի՞նչ էր։
Համտոլ ասաց.— Հարցուցի, ասաց՝
«Ես պզտիկ էի, իմ մեր ինձ վեր կը թալեր,
Կ’ասեր՝ Համտոլի գրող»։
Դեղձուն ասաց.— Կարելի է,
Էնոնք Սասնա Ծռերն են։
Համտոլ հարցուց.— Սասնա Ծռեր ո՞վ են։
Դեղձուն ասաց.— Սանասար, Բադդասար են,
Էնոնք որ էկած՝ սասուն տան են շինած,
Անուն դրած Սասուն—Սասնա տուն։

Զը՛նգ... զրնգ... էզար դռան։
Ասաց.— Դուռ բա՛ց, թե չէ՝
Քո դուռ, էրդիս՝ վեր քո գլխուն կը քակեմ։

[էջ 87]

Համտոլին ձեռ-ոտ չկար, ահու կանգներ էր։
Դեղձուն պատուհանից իրիշկեց տեսավ՝
Սասնա Ծուռն էր, Սանասար.
Իր չմըշկներ ձգեց իր ոտք,
Վազեց առաջ, դուռ էբաց, ասաց.
— Գլխուս, էրեսիս վերան էկար, իմ տե՛ր։
Սանասար իջավ ձիուց.
Ձեռ թալին իրար վզի վերան,
Գնացին, մտան մեջ դղեկին։
Համտոլ էղավ քանց մժիկ մի, փախավ դո՛ւրս։
Դեղձուն ասաց.— Է՜, հոգուդ, արևուդ մեռնիմ,
Սանասար, ի՞նչ կա, բարի ըլնի։
Սանասար պատասխանեց, ասաց.
— Ես էկեր եմ, քեզ ինձ կնիկ տանեմ։
Դեղձուն ասաց.— Աչքի՛ս վերա,
Ես քեզ պես կտրիճ՝ մի էլ տի տեսնե՞մ։
Որ էլավ Սանասարի դիմաց,
Տեսավ՝ Դեղձուն էնպես խորոտ էր.
Որ էրազի մեջ տեսածեն, իր պատկերեն,
Յոթնապատիկ ավելի էր։
Էդ տեղ մատանիներ հետ իրարու փոխեցին։

Դեղձուն-Ծամ վերուց, ասաց.— Սանասար,
Հազա՜ր ափսոս քո ջահելութնին,
Որ էլեր, էկեր ես իմ հետև։
— Ի՞նչ դիմացով ափսոս կ’ասես։
Դեղձուն պատասխանեց.
— Էն ապով, որ կը վախնամ՝ զարնեն, քեզ սպանեն.
Էսա էրկիր հմայքի էրկիր է։
Գիշերով էնպես էրթանք, ասաց,
Որ քաղաք չակահի, չիմանա.
Որ քաղաք ակահի, իմանա.
Չեն թո՛ղնի՝ դու ինձ տանես։
Էն էլ պատասխան էտու, ասաց.
— Ես չեմ վա՛խենա, ես ցերեկո՛վ տ’կրթամ,
Էրկեն խոսք պետք չի,— ասաց.—
Թե որ կը գաս ցերեկով,
Թռի՛ ձիուս վերան՝ քեզ տանեմ.
Թե չես իգա, վերջի խոսք տուր՝
Ես դառնամ, էրթամ Սասուն։

[էջ 88]

— Ինչպե՛ս չգամ, ասաց Դեղձուն.
Ինձ ջան մի կա՝ քո սիրուն է։
Քեզ կանչեցի, բերի, որ հետ քեզ գա՛մ։

Ասաց թե չէ՝ իսկուն թռավ ձիու քամակ,
Սանասար քշեց ու գնացին։
Վեր ճամփուն ինչ որ ըռաստ էկավ,—
Թե քար, թե թափ, թե գազան,—
Բարև էտուր Սանասար,
Մինչև էզրեց էն էրկիր։
Էնտեղ մեկ մուրտառ գազան մի ռաստ էկավ,
Էնոր բարև չէտուր։
Էն գազան էլ էլավ հետ էրկնուց.
Բարձր ձենով կանչեց.
«Հա՜, տարա վ, տարա՜վ.
Սանասար Քառսուն-Ճուղ-Ծամ աղջիկ տարավ»։

Էս ձեն քարն լսեց, տվավ թփին,
Թուփն՝ ծառին, ծառն՝ անասնին,
Չուր ձեն հասավ մեջ քաղքին։
Քաղաք քաղքով մեկ մեկին իմաց տվին
Քաղքի մարդեր զըմեն ակհան,
Հետիրաց էլան կռիվ։
Հեծել հեծավ, բազմացավ,
Ընկան Սանասարի էտևեն։
Ծովու ավազին համար կա՛ր,
Էրկնուց աստղին համար կա՛ր,
Գետնի բուսին համար կա ր,
Հեծելին համար չկար։

Սանասարն էր, զաղջիկ տարավ,
Էդի մեկ բարձր սարի գլուխ,
Դարձավ դեհ էդ հեծել.
Քաշեց Թուր Կեծակին, ասաց.
«Հիշեմ քեզ, հեր կենդանին,
Խաչ Պատերազմին վեր իմ աջ թևին».
Անոթի, ծարավ բրդեց էդ հեծել։
Քաղքի մարդեր չորս բոլոր բռնին,
Դարգահի առաջ չաթուն բռնին, կայնան։

[էջ 89]

Սանասար էնոնց մեջ կռիվ կ’աներ,
Կը կոտորե՛ր, կը ջարդե՜ր, առաջ կ’էրթար։
Քիչ էլ մնաց, իրիշկեց, տեսավ՝
Դարգահի կողմեն մարդեր կը փախնին,
Կ’էրթան, կը մտնեն քաղքի մեջ.
Քաղքի կողմեն կը փախնին,
Կը գան դարգահի առաջ։
Մեկէյ կողմեն՝ Ծուռ Բաղդասարն էր՝
Կը գար, կը ջարդեր զմարդեր։

Էնի զատանց տեսավ մեկ սիպտակ ձիավոր,
Որ արընի մեջ թաթախվեր,
Ընկե մեջ հեծելին կը կտրեր։
Կանչում մի կանչեց վեր ձիավորին,
Ասաց.— Պատրա՛ստ կաց, կա-չկա.
Դու ես իմ աղբեր սպանե.
Հետ հասա, քո հոգին աստծուն կ’ավանդեմ։
Տարավ, էբեր, մեկ գուրզ էզար մեջ աղբոր սրտին.
Աղբեր ընկավ վեր ձիու գավակին.
Ամա նորեն շուտ թռավ մեջ թամքին.
Դարձավ, գուրզ մ’ էլ էզար, թամքից ձգեց դուրս.
Աղբեր նորեն շիտկվավ մեջ թամքին.
Սկսեց եղանակով ասել.

«Օրհնյա՜լ, բարերա՜ր աստված*,
Խնամք շա՛տ է մեծ թագավորին.
Դարբիկ նման էր մեր Ծուռ Բաղդասարին,
Թափիկ նման էր մեր Ծուռ Բաղդասարին»։

Էս խոսքի վերան Բադղասար ճանչեցավ,
Որ իր աղբերն էր, ասաց.
— Դու արնոտվեր ես, քե չըճանչեցա.
Դո՞ւ ինչի ինծի չըճանչեցար.
Խաբար չտվիր, որ քե դարբ չտայի։
Դարձավ հարցուց Սանասարին.
— Էն տեղեն որս բերե՞ր ես, չէ՝ դատարկ ես էկե։
Պատասխան էտու, ասաց.
— Քաջանց թագավորի աղջիկ բերեր եմ,

-----------------------

* Երգ է:

[էջ 90]

Կո՛ էնա բարձր սարի գլուխն է։
Առավ իր աղբեր, տարավ մոտ աղջիկ.
Զատանց աչքով, արավ աղջկան,
Որ գա իր աղբոր ձե՛ռք։
Էն էլ իսկուն էլավ, էկավ Բաղդասարի ձեռք։
Բաղդասար վերան շատ ուրախացավ.
Էնտեղ ասաց.— Հարսնիկ,
Իմ աղբոր շորեր արնից լվա՛։
Էն մնացած զորքեր՝ ի՛մ բաժին։
Ասաց թե չէ Բաղդասար,
Հա՛մա առավ իր նիզակ,
Ընկավ մեջ հեծելին, կտրեց.
Մենակ էն էթող, որ տնեն չէ՛ր էկե,
Մեկ խաբրաբեր մի չփրթուց։

Էսպես էրկու աղբեր,
Մեկ է՛ն դեհեն, մեկ է՛ն դեհեն,
Զհեծել ամեն ըսպանեցին,
Ըրիվ-ճրիվ ընկավ մեջքեր։
Քաջանց թագավոր էկավ, ասաց.
— Աստծու սիրուն, Սասնա Ծռեր,
Բավ է զիմ մարդիկ սպանեք.
Ինչ որ կ’ուզեք, ես կը տամ.
Աղջիկ կուզեք, ես կը տամ,
Թագավորություն էլ ուզեք, ես կը տամ։
Ասին.— Աղջիկ կ’ուզենք, կո՛ կը տանենք։

11

Զաղջիկ առան, էկին քառասուն հալվորի մոտ.
Էդտեղ կայնան, աղջիկ իջուցին գետին,
Զաղջիկ էնտեղ կայնեցուցին։
Սանասար տղան ասաց.
— Աղջի՛կ, էս քառսուն մարդ քեզի համար էկած,
Էս մարդեր դո՛ւ ես հմայք արեր, էսպես արեր.
Դու կը բերես, կ’արձակես էսա մարդեր,
Էն հասակին կը դարձուցես,
Ինչ հասակի էկած են։

[էջ 91]

Դեղձուն Ծամ աղջիկն ասաց.
— Էնոնք զըմեն ինձի ապով են էկած.
Որ Ես զէնոնք ժրացուցեմ,
Տ’էլնեն, հետ ձեզ կռիվ անեն.
Առե՛ք ըզիս, գնացե՛ք։
— Չէ՛, անկարելի է, ասաց Սանասար։
Աղջիկն էլ դարձավ հմայք արավ,
Կանչեց իր հավք էբեր.
Հավք ինչ կանչեց, ինչ հասակի էկած էին.
Էլի էն հասակին դարձան։
Սանասար ասաց.— Հա՜յ աղե՛կ։
Ապա զաղջիկ էդիր մեկ կողմ,
Ինք էկավ մոտ էդ մարդեր,
Ասաց.— է՜հ, կտրիճ փահլևաններ,
Դուք զըմեն էսա աղջիկ ապով եք էկե.
Դուք տ’էրթայիք, կռիվ անեիք,
Կռվով էսա աղջիկ տի բերեիք։
Մենք էլ էսա աղջիկ ապով ենք էկե,
Կո՛ մենք էրկու աղբեր գնացեր ենք,
Կռիվ արեր, հաղթեր ենք,
Նո՛ր՝ էսա աղջիկ առեր, բերեր էստեղ։
Դե, մկա նորեն դուք ձեո ուժի վերա հասաք:
Աղջիկ թող կենա էն դեհ,
Մենք էստեղ կռիվ անենք։
Թե դուք ըզմեզ էրկու աղբեր հաղթեցիք.
Աղջիկ թող ձե՛զ կենա։
Թե մենք ըզծեզ հաղթեցինք,
Աղջիկ թող մե՛զ կենա։
Էդա մարդեր դարձան, ասին.
— Հե՛յ, Սանասա՛ր, Բաղդասար,
Դո՛ւք էղաք պատճառ, զմեզ ազատեցիք,
Էնպես արիք՝ մենք ժրացանք նորեն.
Դիր մ’էլ էլնենք, հետ կռի՞վ անենք։
Մենք չենք իշխենա հետ ձեզ կռիվ անենք։
Ա՛ղբեր, մենք չենք կռվի,
Մենք տ’էրթանք մեր էրկրներ։

Սանասար ասաց.— Ա՛յ կարիբ աղբերներ,
Դուք հոժար կըլնիք՝ ես աղջիկ տանեմ,
Էդոր հետ կյանք վայելեմ։

[էջ 92]

Էնոնք դարձան, ասին.
— Տա՛ր, բարի տեսնես մոտեն.
Շնորհավո՛ր ըլնի, բարո վ վայելես։
Էն քառսուն մարդեր կաց-բարով արին,
Էլան, գնացին իրենց էրկրներ,
Դարձան ամեն մեկ իր տան։
Սանասար, Բաղդասար էլան, զաղջիկ առին.
Ընկան ճամփա, որ գան Սասուն։
Սանասար ասաց.— Աղբեր,
Էս Դեղձուն աղջիկ դո՛ւ առ;
Բաղդասար ասաց.— Չէ՛, ես զէն չեմ առնի.
Էնի էրկու դիր քեզ բարև գրե.
Կռիվն էլ դո՛ւ արիր, դա տ’առնես։
Ո՞վ է լսե. ո՞վ է տեսե,— ասաց.
Աղբեր զաղբոր նշանածն առնի։
Ես կ’առնեմ իմ նշանած,
Զէն աղջիկ, որ վիշապից ազատեցինք։

Ու շատ էկին, թե քիչ էկին,
Տեսան՝ կապուտ ձիավոր մի էն դեհեն էկավ.
Կանչեց.— Հա՜յ գիտի, սրիկաներ,
Հուրի-փարին ինձ է վայել, դո՞ր կը տանիք։
Սանասար ասաց.— Ա՛ղբեր,
Դու էնա ձիու գլուխ բռնի՛.
Ես գնամ, տեսնեմ՝ էն ինչ կ’ասի։
Բաղդասար ասաց.— Դո՛ւ գրո ղտուն,
Ամեն անգա՛մ էլ դու կ’էրթաս.
Էս անգամ էլ ե՛ս տի գնամ։
Սանասար ասաց.— Դո՛ւ գնա,
Ինչո՞ւ կը նեղանաս։

Բաղդասար ըզձին քշեց, գնաց առաջ.
Խոսք մի էնոր մոտեն. խոսք մի էնոր մոտեն.
Իջան, թռան դեհ իրար։
Բաղդասար վերուց. զէն էդիր գետին։
Իսկուն զփողսյասւ քակեց,
Ծըծեր էհան դուրս, ասաց.— Բա՛ղդասար.
Ահա էն որ կը տանի, իմ քուրն է.

[էջ 93]

Յոթ տարի կա՝ ես փախեր էի,
Անհետացեր էի էնոր դարդեն,
Որ վեր խալխին էնպես հմայք կը թալեր.
Ընկեր էի սարեր, էղեր ինչպես հարամիք.
Վերջըն գնացեր Կանաչ Քաղաք,
Մոտ էն տեղաց թագավոր։
Որ լսեցի՜ զէնոր հմայք խափանեցիք,
Զէնի բերիք Սանասարի համար,
Ես էլ, քո նշանած, էկա կո քեզ համար։

Ելան չորսով հեծան ձիանք,
Քշեցին, որ գան Սասուն։
Ականջկլա գնաց էնոնց կողմից,
Մորըն խաբար էտու,
Թե.— Բերեր ենք Քաջանց թագավորի աղջիկներ,
Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն ու իր քուր.
Փող ու թմբուկ, գուսանք պատրաստ ըլնի,
Որ գանք, հարսնիք անենք։
Մերն էր, Ծովինար խանում, ուղարկեց,
Քառսուն ձեռք փող ու թմբուկ, գուսանք բերել էտու,
Քաղաքացիք զամեն ժողվեց։
Աղջիկներ պսակեցին,
ԸզԴեդձուն-Ծամ վեր Սանասարին,
Զէնոր քուրն էլ վեր Բաղդասարրն։
Քառսուն օր, քառսուն գիշեր հարսնիք արին.
Քեֆ, ուրախություն, խնջույք արին։

Բաղդասար էլավ, զիր կին առավ, գնաց Բաղդադ,
Սանասար մնաց Սասուն։
Բաղդասար անորդի մնաց։
Սանասարին, աստված էտու,
Լաճ մի էլավ, անուն էդին Վերգո։
Քանի մի տարի վերա անցավ,
Սանասարին էրկու տղա էլ էլավ,
Մեկի անուն էդին Ձենով Հովան,
Մեկի անուն՝ Մհեր։
Էդոնց մեջ Վերգոն իսկի բանի պետք չէր.
Ձենով Հովան էնպես ձենով էր,

[էջ 94]

Որ յոթ գոմշի կաշի կը փաթթեր զինք
Ու նոր կը բոռար, որ չըլնի պատռեր։
Մհեր քանց էն երկուսն էլ հունարով էր։

Մնաց։ Սանասար, մահու օրն էկավ, մեռավ։
Ծովինար խանում, էնոնք զըմեն մեռան։
Մնացին Քեռի Թորոս, Դեդձուն,
Վերգո, Ձենով Հովան ու Մհեր։

Ընկավ Մհերի ժամանակ։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice