ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 115]

ՄԱՍՆ Բ

ՄԵԾ ՄՀԵՐԻ ԿՌԻՎԸ ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ԴԵՄ

1

Դեռ կ’ապրեր էդ վախտ Մըսրա Մելիք։
Մհերի քաջություն լսեց Մըսրա Մելիք կատղավ,
Չէ՞ Սասուն Մելքի խարջդարն էր։
Ամա Մհեր էդ բան չը գիտեր։
Մելիքին հարկ չէր ուղարկի։
Մըսրա Մելիք հրաման արավ,
Ասաց.— Գնացեք Սասուն.
Ասեք Մհեր իրեն պատրաստություն տեսնի։
Ես ու Մհեր տի կռվենք։
Մըսրա Մելիքի փահլևաններն էկան, ասին.
— Մելիք քեզնե կռի՛վ կուզի
Մհեր ասաց.— Կռի՞վ կուզի.
Թող գա, տեսնենք ի՞նչ է կուզի մեզնե։

Էստեղ Ձենով Հովան ասաց.—Մհե՛ր,
Էղեր ես խոջա մարդ, խելքի հասած,
Հեծի՛ր, գնա Մըսըր, Մըսրա Մելիքի մոտ։
Մելիքի հետ խաթրով վարվի,
Մարդ ճանչցիր, մարդու շփվիր,
Ու խնդրվի, թոդ բան մ’էլ մեր խարջ պակսեցու.
Մեր խարջ շատ է, չենք կարնա տա։
Մհեր դարձավ, ասաց.
— Աստված քա տուն չավրի, Հովան,
Մենք չը գինանք, դուն էլ չ’ասիս,

Թե Մելիքին մենք խարջ կը տանք։

[էջ 116]

2

Ասաց Մհեր, էլավ հեծավ Քուռկիկ Ջալալին,
Քշեց, հասավ Մըսրա սահման։
Մըսրա Մելիք իր դուռ բինակ
Դաշտի վերան նստուկ էր։
Տեսավ հեռվանց ձիավոր մի կը գա.
Ինք խոջա ամրոց էր նստած ձիու վերան։
Էդ ձին փոթորկի պես կը գար։
Էկավ, հասավ։ Մհեր բարև տվեց,
Մըսրա Մելիք էդոր դեմքիցըն զարզնդավ։
Չը կարցավ, թե բարև առներ իրեն վախից։
Ու ինք միտ վե ասաց.
«Մագյար հըմլա մարդ է՞լ կըլնի աշխարհ»։
Ասաց.— Զձին բռնե՛ք։
Ծառաներ ձին բռնին։
Մհեր իջավ։ Մըսրա Մելիք հարցուց.
— Դու ո՞ր տեղացի ես, կըտրիճ։
Մհեր ասաց.— Սասունցի եմ։
Ես Սանասարի տղան եմ։
— Հայ-հայ,— ասաց Մըսրա Մելիք,
Իմ հողի մեջ որ կը նստիք, դուք եք։
Մհեր դո՞ւն ես։
Ասաց.— Մհեր ե՛ս եմ։
Մըսրա Մելիք ասաց.— Կռվի՞ էկար վեր ինձ։
Ինչի՞ դուք իմ խարջ չեք իտար։
Սասուն որ կա—էդ հող ի՛մն է.
Առավոտուն իրար զարկենք։
Մհեր ասաց.— Զարկենք։

3

Առավոտուն Սասնա Մհեր
Գընաց, էնոր դեմը կայնավ։
Սասնա Մհեր, Մըսրա Մելիք
Իրար դեմ ըսկսան կռվել...
Հո՛ղը էնոնց ոտքերու տակը կը հերկեր.
Ասես՝ գութնի՛ պես կը հերկեր։
Կես կասեին.— «Ամպեր են որ կը գոռգոռան».
Կես կասեին. — «Երկրաշարժեն սարե՛ր բլան»։
Էդոնց զարկ-զարկոցից աշխա՛րք կը դողդողար

[էջ 117]

Ամեն մեկի գուրզն էր իրեք հարիր լիդրից.
Գուրզեր առա՛ն, տվի՛ն, զարկի՛ն մեկ-մեկէլի.
Հա՜ր գնացի՛ն, էկա՛ն, զարկի՛ն մեկ-մեկէլի,
Իրեք ցերեկ, իրեք գիշեր կռվան
Ու չըկարցան հաղթեն իրար։
Էն ինչ Մհե՛րն էր, ուժով էր,
Էն ինչ Մըսրա Մելիքն էր՝ խորամանկ էր, ֆանդով էր։

Մըսրա Մելիք տեսավ, որ Մհեր չի հաղթվի.
Տեսավ՝ Մհեր շատ ազնավուր, հաստա՛տ մարդ է.
Ասաց.— Սասնա Մհեր,
Քելե մենք մի պայման կապենք։
Ասաց.— Ես կասեի՝ մեջ աշխարքին
Ինձնեն ուժեղ մարդ մի չկար՝
Ամա ես ու դու չը կարցանք իրար հաղթենք։
Ասաց,— Ինչքան խարջ կա ձեզի՝
Ամեն ես քեզի բաշխեցի։
Էլ Սասունն ինձ խարջադար չի.
Քոնն են Սասնա ամեն հողեր,
Գընա, կե՛ր, խրմի՛, վայելե՛։
Մենակ՝ կռվի վախտ որ ըլի՝
Մենք իրարու պառեկ ըլնինք։

Ասաց.— Թե ես մեռնեմ՝
Զիմ թագուհին ու էրեխեք հանձնեմ քեզի.
Թե դո՛ւ մեռար՝ զքոն հանձնի մեզի։
Որ խալխ չ’ասի, մնացեր են որբ։
Մատներ կտրին, արուն արնի խառնեցին,
Պայման դրին, էղան աղբեր։
Մըսրա Մելիք էս բան մաքուր սրտով չասաց.
Էն Մհերից վախցավ, կեղծավորցավ։

4

Մհեր ընկավ ճամփա,
Էկավ, հասավ Սասուն։
Տեսավ՝ Ձենով Հովան կանգնած է դուռ։
Մհեր բարև տվեց էնոր։
Ձենով Հովան բարև առավ, հարցուց.
— Մհե՛ր, լաո, ըսկի մեր խարջ պակսեցուցի՞ր:
Հովա՛ն, դու ի՞նչ կ’ասես,— ասաց.—

[էջ 118]

Աղե՛կ մարդ է Մըսրա Մելիք.
Մեր հարկ բաշխեց ինձի,
Ասաց. «Սասնա հողեր թող ձեզ ըլնի»։—
Էդտեղ Մհեր ասաց.— Հովա՛ն, հապա գինա՛ս,
Մենք Մելքի հետ աղբեր էղանք։

Էդ օրեն անցավ ժամանակ մի։
Մհեր էնպես կը շախեր Սասուն,
Որ մարդ կը վախենար Սասնա մոտենա։
Հավք չէ՛ր կարնա իր թևով անցնի էն տեղեն,
Օձ չէ՛ր կարնա իր պորտով սողա էն տեղեն։
Սասուն շատ առաջացուց Մհեր։

5

Ժամանակ մի վրա անցավ, Մըսրա Մելիք մեռավ

Մըսրա Մելքի մահից հետո
Մըսրա Մելքի կին, Իսմիլ խաթուն,—
Էնիկ ջահել ու խորոտիկ կին մ’էր,—
Ասաց,– Ջա՛նըմ, ինձի մա՛րդ մի հարկավոր է`
Որ էրկրին տիրություն անի,
Մեր իշխաններ խաղաղեցու։
Չ’էլնի՞նք՝ ճամփենք Մհերի մոտ,
Մհեր թող գա ինձ հյուր ըլնի.
Թող իմ սենեկ պառկի,
Էնոր ցեղեն ինձ կտրիճ տըղա մի ըլնի։
Չէ՞ որ իմ մարդ կ’ասեր.— Իսմի՛լ,
Թե Մհերից ու իր ձիուց ջինս չը վերունք,
Մհերի ցեղ մեր քոքըն տի կտրի։

Մըսրա Մելքի կնիկ կ’էլնի ու ի՞նչ կանի։
Էրկու փահլևան կ’ուղարկի Սասնա քաղաք.
Էդ փահլևաններու ձեռով Իսմիլ խաթուն
Իր գոտիկ-լաչակ կ’ուղարկի,
Ու մեկ գի՛ր մի կըտա, կ’ասի.
— Տարեք էս գիր, տվեք Մհերի ձեռ,
Ասեք՝ Իսմիլ խաթուն
Քեզ կը կանչե «իր մոտ»։
Էլան էրկու փահլևաններ, զգիր բերին,
Բերին ու հարցուցին Մհերի տուն։

[էջ 119]

Մհեր որսի՛ էր գնացե.
Իրիկուն սարից էկավ՝
Փահլևաններ էնոր առջև էլան, ասին,
— Մըսրա խաթուն գիր մ’ է ուղարկե,
Ուղարկեր է գոտիկ-լաչակ,
Քեզ կը կանչե «իր մոտ»։
Մհեր աչքեց գոտիկ-լաչակ,
Ասաց.— Էդ ի՞նչ խոսք է։
Տեսնե՛մ էդ թուղթ։
Փահլևաններ էդ թուղթ տվին Մհերի ձեռ։
Մհեր կարդաց, տեսավ՝ Իսմիլ խաթուն գրեր է.
— Արի՛, ինձ ա՛ռ.
Գոտիկ-լաչակ, կո, կ’ուղարկեմ,
Էն որ Սասուն քո ձեռն է,
Մըսըրն էլ թող մնա քո ձեռ։
Թե դուն չըգաս՝ քան զիս շատ կընիկ ես։
Դուն Մելիքի հետ ուխտ ունիս,
Որ էնոր կնիկ-էրեխեք պահես։
Մհեր ասաց.— Է՜յ, կտրիճներ,
Աստծու ուխտ թող վեր ինձ ըլնի։
Էկեք, էրթանք մեր տուն,
Էկեք, փըշուր մի հաց կերեք,— գացեք,
Մըսրա խաթնին բարև տարեք։
Քառսուն ավար վրեն կը գամ իր մոտ։
Տեսնեմ էդ ի՞նչ է կա։

Փահլևաններ էյան, գնացին Մհերի տուն,
Հաց կերան, էլան դարձան Մըսըր։
Մհեր մնաց մենակ։

6

Մհեր էդ գիր մեկ է՛լ կարդաց,
Գնաց Արմաղանին.— Կնի՛կ,— ասաց,—
Իսմիլ խաթուն թուղթ ուղարկե՝
Ինձ կը կանչե Մըսըր, տ’էրթամ։
Արմաղան ասաց.— Մհեր, մ’էրթա.
Ինչի կ’էրթաս.
Էնոր հետ գլուխ մե՞կ անես։
Իսմիլ քեզ տեսե՞ր է,

[էջ 120]

Որ իր լաչակ-գոտիկ կուղարկե քեզ։
Գիտի թե՝ խորո՜տ ես, գե՞շ ես, ինչպե՞ս ես։
Ո՞ւր կը կանչե Մըսըր. էնի քեզ կը խաբե՛.
Մ’էրթա, էնի քո խորոտություն չ’ուզի.
Էնի քո իգիթությո՛ւն, քո կտրիճությո՛ւն է կուզի.
Քո կտրիճություն լսե, հասկացե,
Կը կանչե՝ քեզնե լա՛ճ ունենա։
Աղեկ բան չէ՛, մարդ, դու մ’էրթա։
Դու զէն կուզես, ինձի կը թողնես։
Ասաց.— Կընիկ, ես որ չ’էրթամ՝
Ես էլ էնոր պես կընիկ եմ.
Մըսրա Մելքին ո՛ւխտ եմ արե,
Իմ ճար ի՞նչ է. ես տի գնամ։
Մհերի կնիկ ասաց.– Մ’էրթա։
Մհեր ասաց.— Տ’էրթամ։
Մհերի կնիկ ասաց.– Մ’էրթա։
Մհեր ասաց.— Տ’էրթամ։
Մհերի կնիկ ասաց.– Մհե՛ր,
Իմ զոռ քո վրա չ’անցնի։
Ամա՝ թ’էրթաս—ես ուխտ կ’անեմ.
Իմ հե՛րն ես դու, իմ աղբե՛րն ես—
Քառսուն տարի դու իմ գողենք չըգաս։

7

Մհեր էլավ, գնաց Դեղձուն-Ծամի սենեկ,
Բարեկամնե՛ր կանչեց,
Կանչեց իշխան մարդե՜ր,
Կանչեց վարդապետնե՜ր, ասաց.
— Մըսրա թագավորի կընիկ ճամփեր է իմ էտև.
Ես տի գնամ, դո՞ւք ինչ կասեք։
Ձենով Հովան ասաց.— Ինչի՞ կ’էրթաս,
Մելքի կնիկ խորամանկ է,
Էն մեր դուշմանի կնիկն է,
Քեզի կը խաբե։ Մ’էրթա,
Քեզի տղա չկա -դու կաց քո տուն,
Աստված բալքի քեզ տըղա մի տա։
Ամա ինչ իշխաններ, վարդապետներ էին, ասին.
— Մհեր, որ դու կ’էրթա՜ս,
Մենք չե՛նք ասի՝ մ’էրթա։

[էջ 121]

Մենք չե՞նք ուզի, թո՛ղ զՄըսըր,
Ուրիշ թագավորաց տեղ է՛լ հալա կ’ուզենք զավթես։
Իսմիլ խաթուն որ կը կանչե՝ ինչի՛ չ’էրթաս։
Էտա հազըր տեղ է՝ շուտ գընա... Մըսըր տիրապետի։

8

Էրեսունինն օր գընաց, մե՛կ օր մնաց։
Հա՛մա Մհեր էլավ ոտքի, պիտի էրթար,
Արմաղան ի՞նչ արաց.
Էլավ, սև մուշամբեն բերեց,
Քաշեց վեր էնոր սնարին։
Էլավ Մհեր, հեծավ իր ձին.
Ձենով Հովան վազեց,
Կախվեց ձիու վզին, կուլար, կ’ասեր.
— Մ’էրթա, մ’է՛րթա, էն անառակ խաբած է քեզ։
Շատ որ չարեն կտրավ՝
Մհեր իր գուրզ վերցուց.
Շարժեց վեր Ձենով Հովանին:
Գուրզու քամին որ էսար Հովանին՝
Հովանի ուշ գնաց, Մհեր մնաց շիվար։
Իջավ ձիուց, լալով Հովանի սիրտ մաժեց, ասաց.
— Հովան, իմ մե՛ծ ախպեր, մե՛ր էլի, վե՛ր,
Ես հետ աստծու ուխտ եմ արեր։
Թե որ չ’էրթամ՝ էդ իմ ուխտի տակ տի մեռնեմ։
Հովան էլավ նստավ, ասաց.
— Հոյ, հո՜յ, Մհեր, դու որ տ’էրթաս՝
Չոր ճամփաներ քո առջև թող կանաչ դառնան.
Քո թշնամու ձեռք վեր քեզի չը բարձրանա։
Էլավ Հովան ու Մհերի ճակատ պագեց։
Մհեր հեծավ, քըշեց Քուռկիկ Ջալալին
Ու Չարբահար Քամին իր հետ տարավ։

9

Առավոտուն էլավ, էդ իրիկուն հասավ Մըսըր։
Մըսրա խաթուն էլե, նստե փանջարեն,
Էն իր աչքեր դեղե,
Էն իր բսկեր հանե դուս,
Էն մեկ ժամվա ճամփա խալիչեք փռե,
Փռե ճամփախներ, մոմակալներ վառե,

[էջ 122]

Կ’ուզեր, որ Մհեր իրեն սերի՛ գար.
Ու աչք բռներ էր ճամփա.
Տեսավ՝ հեռվանց ձիավոր մի կը գա.
Ձիավոր՝ մեծ ամրոց մ’ էր՝
Նստուկ ձիու վերան
Ու ձին փոթորկի՛ պես կը գար։
Իսմիլ խաթուն ասաց.
— Կա թե չըկա՝ էդա Սասնեցի Մհերն է։
Մհեր էկավ, հասավ, բարև էտու։
Մհեր կայնեց, էնպե՛ս փանջարի առջև, ասաց.
— Իսմիլ խաթուն, ասա՛ քո խոսք։
Իսմիլ խաթուն ասաց.— Ջանըմ, Մհեր,
Հյուրը էդպե՜ս կը զրուցի.
Իջիր ձիուց տակ, արի, էլիր էստեղ՝
Նոր ես քեզի պատմեմ։
— Չէ՛, չեմ գիտի, հիմի՛կ տ’ասես.
Ուխտ եմ արե հետ աստծուն.
Իմ ոտ զանգուեն չեմ հանի դուրս.
Ասա՝ ի՞նչ է քո ասելիք։
Իսմիլ ասաց.— Ուղորդ կ’ասեն,
Որ հաստակող են սասնեցիք։
Ձեր էրկիր ավերակ հո չէ՞.
Կրակ հո չի՛ պակասե Սասուն,
Որ դու էկիր էսա տեղեն կրակ տանես.
Իջիր տակ, հյուրասիրվե, նոր ե՛լ, գընա։
— Չէ՛, չէ՝, ջանըմ,— ասաց Մհեր,—
Էդ խոսքեր որ դու ինձ կ’ասես՝ ես չեմ ճանչնա։
Ասա, նայեմ՝ ի՞նչ է քո ասելիք։

Իսմիլ խաթան տեսավ՝ Մհեր պիտի դառնա,
Ծառաներին ասաց.— Ձեր տուն ավրի՝
Նայեք, յոթը տարվա գինի չըկա՞.
Էնի պիտի դառնա գնա, շուտ արեք, շո՛ւտ։
Ծառաներ էլան, յոթ տարվա գինին բերին,
Տվին Մհերին՝ վեր ձիան. Մհեր խմեց։
Մհեր որ խմեց՝ Մհերի ճակատ բռնեց։
Իսմիլ խաթուն հրաման տվեց.– Զձին բռնեք։
Զձին բռնին՝ Մհեր իջավ տակ։
Իսմիլ խաթուն տարավ զՄհեր պալատ,
Էնտեղ էնոր բարև էկար արավ։

[էջ 123]

Մհեր հարցուց.— Ինչի՞ ես ինձ կանչե։
Ասաց.– Մհեր, կանչեր եմ՝ կը խնդրեմ—
Էս մեր էրկիր խաղաղեցուս.
Մեր յոթ իշխաններ ինձ չեն ճանչնա։
Մհեր ասաց.— Լավ, հաց թող բերեն,
Ուտեմ, չուրի լուսնա՝
Էդ իշխաններ կանչեք։
Որ էկան՝ ե՛ս գիտեմ, էնոնք։

Իսմիլ խաթուն դարձավ, ասաց.— Մհե՛ր,
Ես քեզ իմ գոտիկ-լաչակ ուղարկեր եմ,
Կանչեր եմ՝ դու ինձ մոտ պառկես,
Էտոր համար եմ կանչե։
— Էտա չէլած բան է,— ասաց Մհեր։
Ի՞նչպես կարնամ ես քո գողենք մտնի.
Դու անօրե՛ն ես, ես՝ քրիստոնյա։
Իսմիլ խաթուն ասաց.— Մհե՛ր,
Դու ինձ էրիկ տի ըլնիս.
Իմ թագավորություն քոն տի ըլնի,
Իմ դուշմաններու դեմ տի կայնես։
Մհեր, ես քեզ սիրե՛ր եմ.
Խաթրով ըլնի՝ տի գաս,
Զոռո՛վ ըլնի՝ տի գաս։

Իսմիլ խաթուն քաղցր խոսքով,
Սիրով արբեցուց Մհերին,
Պատվեց, կերցուց, խմցուց,
Մհերին որ շատ գինովցուց՝
Մհերի չարեն կտրավ—
Քըշեց, էլավ Իսմիլ խաթունի մոտ։
Իսմիլ խաթուն էդ վախտ մշակներուն կանչեց,
Ասաց.— Քուռկիկ Ջալալին քաշեք ղսրըղներու վերան:
Մըշակներ Ջալալին քաշին ղսրըղներու վերան։
Իսմիլ Մհերից մնաց էրեխով,
Ղսրըղներ Քուռկիկ Զալալուց բռնեցին։

Առավոտուն Մըսրա յոթ իշխաններ էկան Մհերի մոտ
Կայնան դիվանխանի դռան։
Մհեր իրիշկեց, ասաց.
— Էհե՜յ, իշխաններ, էկե՞ր եք։
Էնոնք յոթ տեղով բաժանվան,

[էջ 124]

Ետ քաշվան, կանգնա՛ն։
Ասաց.— Այ իշխաններ, ես ի՞նչ մարդ եմ։
Ասին.— վերին դեհ աստվա՛ծ գիտենք,
Ներքին դես քեզի՛ գիտենք։
Մըսրա յոթ իշխաններ խոնարհվեցին։

Էլավ էդ տեղեն Մհեր, որ դառնար Սասուն.
Ամա Իսմիլ Խաթուն չէթող,
Որ Մհերի գլխին գինովություն անցներ։

Ինն ա՛միս, ինն օր, ինը սհաթ որ լրացավ՝
Իսմիլ խաթունին տըղա մի էլավ.
Էնոր հոր հիշատակի համար
Տըղի անուն դրին Մըսրա Մելիք։

10

Յոթ տարի Իսմիլ խաթուն զՄհեր պահեց գինով։
Մհեր մեկ օր դըրսուց տուն կըմտներ՝
Էկավ, կայնավ դուռ։
Տնեն ձեն մի էկավ.
Մըսրա խաթուն տըղան կը խաղցըներ,
Կը ծիծաղեր, կ’ասեր.
«Քո մեր քեզի մեռնի, Մելիք,
Մըսրա օջախ կանգնացուցես,
«Հայու օջախ փչացուցես»։
Մհեր, որ էդ խոսքեր լսեց,
Ուշքի էկավ, ասաց.
- Օհո՜, էկա էստեղ՝ հայու ճրագը հանգցուցի,
Մըսրա ճրա՜գ վառի։
Մհեր մըտավ սենեկ, հարցուց.
- Իսմի՛լ, էդ ի՞նչ խրատ կը տաս էդոր։
Էդիկ ձըվից դեռ դուրս չ’էկած՝
Հիմիկվընե դու չարությո՞ւն կը սորվեցուս։
Էն մեծանա՝ Սասնա ճրա՛գը հանգուցի։
Իսմիլ ասաց.– Հալբաթ, կ’ծիծաղեմ,
Կ’ ուրւսխանամ տղուս վերան։
Էն որ էլնի՝ ամբողջ աշխարքը տի զավթի։
Մհեր ասաց.
— Տըղա մունես, ասենք, Սասուն տի փչացնի՞:
Դու իմ ազգ կորցուցես՝ զՄըսը՞ր կը կայնեցուցես.

[էջ 125]

Թոբա թե՝ էլ քեզ մոտ կը գամ.
Թոբա թե՝ էլ Մըսըր մնամ։
Ես տի դառնամ էրթամ Սասուն։
Մելքի կընիկ ասաց.— Մհե՛ր,
Ես կ’ուզեի, որ ինձի տըղա մի ըլներ.
Ես կ’ուզեի, որ ժառանգ մի ըլներ Մըսրա.
Ես կ’ուզեի, որ չըհանգչեր Մըսրա ճրագ։
Ես յոթ տարի զքեզ գինով կը տիրեի.
Հիմի կ’էրթաս՝ դու գինաս, չե՛ս էրթա՝ դո՛ւ գինաս։
Էս ասելո՛ւ պես՝ Մհերին գինովություն էթող։
Որ Մհերին գինովություն էթող՝ Մհեր մտածեց.
«Հայ-հո՜յ, էս մե՛կ օր չեմ ես էսատեղ,
«Ես ինչպե՞ս տի Արմաղանին ու Հովանին պատասխան տաս՛։
«Տեսա՞ր, իմ կընկա խո՛սք էլավ։
«Իմ կընիկ ասաց մ’էրթա։
«Ես էնոր խոսք չը լսեցի»։
Էդտեղ Մհեր բախտակոծվավ, ասաց.
«Թող իմ աչքեր քոռանար,
«Որ ես էկա, էս յոթ տարի
«Խալխի արտ ջրի՝ կանաչ պահեցի,
«Իմ արտ չորցավ։ Վայ, էս ի՞նչ արի։
«Հայու ճրագ հանգուցի, Մըսրա ճրագ վառի»։
Էլավ սուս-փուս, ու դուրս էլավ Մըսրա,
Քոռ ու փոշման դարձավ իր տուն—Սասուն։

11

Աչքալուս տարան Արմաղանին,
Ասին.– Մհեր էկավ։
Արմաղան էլավ, դարբասներ հողեց
Ու դռներ փակեց։
Մհերն էկավ, տեսավ՝ դարբասներ փակ՝
Դռներ գոց—դուռ-բան չ’ էրևար։
Ասաց.— Պատճառն ի՞նչ է,
Դռներ իմ վրա շինած են.
Չեն թողնի որ իմ տուն էրթամ։
Ու Արմաղան պատասխանեց.
— Պատճառն էն է՝ դու իմ մարդ չես.
Դու ինձ թողիր, գնացիր Մըսըր.
Էլ դու չըգաս մոտ ինձ։
Մհեր կանչեց.— Դուռ բա՛ց...

[էջ 126]

Արմաղան ասաց.— Մհե՛ր,
Ես էրթում կերեր եմ.
Չուր քառսուն տարի դուն չես գա իմ գողենք.
Դու իմ հերն ես, իմ աղբերն ես։
Դու գնացիր Մըսրա օջախ կայնեցուցիր,
Սասնա օջախ փչացուցիր։
Էդ քո մեղք քավելու համար՝
Քառսուն տարի դա քառսունք տի պահես,
Ու նոր քեզի հրամանք կա, որ գաս իմ գողենք։
Մհեր մնաց շիվար՝ ասաց.
— Քառսուն տարուց էդև էլ բան բանի չ’հա՛սնի։
Մելիք կըլնի կատարյալ մարդ։
Մհեր նստավ էնտեղ.
Ինչպես արավ, քանի մի համոզեց,
Չէլավ, զկընիկ բառա չարեց։

12

Խաբար բերին Ձենով Հովանին՝
Մհեր Մըսրա էկե։
Հովան էկավ, ասաց.
— Ա՛յ Արմաղան, էսօր ու էսօր հետ էկավ Մհեր,
էլիր, հե՛տ վերու էդ սև մուշամբեն։
Հարս մուշամբեն վերցուց, ասաց.
— Հովա՛ն, իմ մեծ աղբեր,
Զաթի՝ գիտեմ Մհեր անառակեն խաբված էկավ,
Արծաթ տարավ՝ փախր հետ բերեց...
Ես չեմ կարնա իմ ուխտ խախտեմ։
Ձենով Հովան ասաց.— Հարսի,
Մենք վարդապետներ կը ժողվենք,
Քանի մի հատ իշխան մարդիկներ կը ժողվենք,
Գան, ձեզի արձակում անեն։
Վարդապետներ բերին՝ ժողվեցին,
Իշխաններ բերին՝ ժողվեցին.
Էն իշխաններ էկան, ընկան մեջտեղ,
Վարդապետներ էկան, ընկան մեջտեղ,
Ասին.— Օրհնած, ախր վնաս չըկա,
Իսան է, մա՛րդ է՝ կը խաբվի՛։
Հաշվենք՝ դադեր, յա՛ր է բռներ, հիմիկ էկեր է։
Քանի՞ տարի էրդում արեր ես, Արմաղան։
Ասաց.— Քառսուն տարի։

[էջ 127]

Վարդապետներ ու իշխաններ ասին.
Օ՛րհնած, օրենքն ի ձեռ վարդապետաց.
Քառսուն տարին բերենք անենք քառսուն ամիս,
Քառսուն ամիս բերենք անենք քառսուն շաբաթ,
Քառսուն շաբաթ բերենք անենք քառսուն օր,
Քառսուն օր էլ բերենք անենք քառսուն սհաթ։
Ծուռ տերտեր մ’ էլ կար՝ ասաց.
— Քառսուն սհաթ բերենք անենք մըկա։
Վարդապետ մ’ էլ պահպանիչ մի ասաց.
Ասաց.— Աստված ձեզ թողություն շնորհե։
Էլեք, գացեք, էդեք էրիկ կընիկ։
Ըլնի թող, մեկմեկու խաբրով ըլնեք։

Մհեր ասաց.— Կընիկ, ըղորդ կասեն։
Թողնիս ես գամ քո գողենք։
Բալքիմ աստված զավակ մի տա,
Չը հանգցնի հայու ճրագ։
Կընիկ դառ բաց արեց, ասաց.
— Տղամարդ որ կա՝ գլուխ է.
Կնիկ որ կա՝ ոտ է։
Էն չի կարնա դուռ բռնի մարդու վերա.
Դուռ կը բանա՛մ, դու կը գաս տուն,
Աստված մեզ մեկ տըղա կը տա,
Համա էրթմակոտոր կըլնենք, էրկուսս էլ կը մեռնենք.
Տղան անտեր պիտի մընա– խսրի վերա։
Մհեր ասաց.— Աստված թող մեկ տըղա տա մեզ,
Էրթա Մելիքի օձիք բռնի,
Թող չը հանգչի Սասնա ճրագ,
Աստըծու գառ, գել չի՛ ուտի։
Որ մենք կանք վեր աշխըրքին—տի մեռնենք.
Համա որ մենք մեռնենք,
Մեր տղան մեր տեղ սաղ ըլնի՝
Մենք էլ սաղ տի հիշվենք։
Մեր տան անուն չի կորսվի։
Ու Արմաղան պատասխանեց.
— Էրթմակոտո՛ր կըլնենք, դո՛ւ գիտես։
Քառսուն տարին արին քառսուն ամիս,
Քառսուն ամիս արին քառսուն շաբաթ,
Քառսուն շաբաթ արին քառսուն օր.
Քառսուն օրն էլ արին քառսուն սհաթ,

[էջ 128]

Քառսուն սհաթ որ լրացավ,
Նոր Արմաղան Մհերին թող էտուր,
Էլան, իրարու մոտ գնացին։
Մհերի կին էղավ տըղով։
Էդ վախտ էլավ Մհեր, գնաց Սասունա սար.
Մեկ խաս բախչա՛ մի տնկել էտու էնտեղ,
Իր սարեն կայնեցուց էնտեղ,
Աստծու ստեղծած ամեն անասուններ, հավքեր
Մեջ էն բախչի դրեց, շուրջը պարիսպ քաշեց։
Էդ տեղի անուն դրեց Ծովասար։
Ծովասարեն էրկու սահաթի չափ զատն
Գնաց խորոտ վանք մի շինեց,
Վանքի անուն դրեց Մարութա բարձր Աստվածածին։
Էլավ, էտա վանքում շատ անգյալներ բերեց.
Էլավ բերեց կուրեր, էլավ բերեց կաղեր,
Կանչեց բերեց տերտեր, վարդապետներ,
Թողեց էդտեղ, էդ բան պրծավ,
Իջավ Սասնա քաղաք։
Ինն ամիս, ինն օր, ինը սհաթ որ լմնցավ,
Արմաղանին տղա էլավ։
Տարան կնքեցին, անուն դրին Դավիթ։
Տղան որ տուն բերին,
Մհեր ու իր կնիկ էրթմակոտոր էղան, մեռան։

Մհերի մեր, Քառսուն–Ճուղ Ծամ Դեղձուն,
Մհերի մեռնելեն հետև սուգ մտավ.
Մտավ յոթ դռների ետն.
Փակվեց մեկ սենեկի մի մեջ,
Որ արև իր գլխան չ՛առներ,
Էնտեղեն արև լուս չէլներ,
Չուր նոր մանուկ մեծանար՝
Մհերի տեղ բռներ։
Սասուն սուգ մտավ Մհերից հետո։

Դավիթ մնաց որբ։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice