ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 159]

ԴԱՎԻԹԸ ՀՈՎԻՎ

1

Դավիթ, ինչ խոտ, ինչ բան ընկեր էր ձեռ՝
Անոթութնե կերեր էր։
Էստուց քիչ մի ծուռ էր դարձե—
Խելք էլ գլուխ չէր մնացե։
Քանի մի օր գնացին էսպես
Դավիթ ու Չարբահար Քամին,
Օր մէլ մոտեցան Սասնա։
Էդտեղ հորթարածներ, էդտեղ նախրորդներ,
Էդտեղ հովիվներ ու գառնարածներ
Թողե իրենց տավար, թողե իրենց օչխար,
Կիրիշկեին զԴավիթ։
Ու ճանչըցան իր շորերաց,
Թե Սասնա Ջոջանց տնի՛ց է։
Գեղացու մեկ էլավ,—
Էնոր Դավիթ պատմեր էր, թե՝ ես Սասուն տ’էրթամ,
Սասուն իմ հայրենիքն է,—
Ակընջկալա տարավ Ձենով Հովանին։
— Ձենո՛վ Հովան, դու իմանա՛ս,
Մեկ կը գա, ձեր որդի Դավիթն է։
Իմ ակընջկալեն քե։

Ձենով Հովան շատ խնդացավ,
Իմաց արավ Քեռի Թորոսին,
Էն մեծ տունեն էլան, էկան էնոնք,

[էջ 160]

Քաղաքացուն ու գեղացուն ասին.
— Աստվածություն մեզի նոր տղա մի տվեց.
Կը խնդրեմ ձեր մոտեն, էլե՛ք, էրթանք Դավթի առաջ։
Քաղաքացիք ու գեղացիք էլան, ժողվան,
Հետ Ձենով Հովանին գնացին Դավթի առջև։
Տեսնան՝ ի՞նչ տեսակ տըղա է Դավիթ։
Գիտեն թե հորից աղե՛ կ է։
— Հե՜յ-հե՜յ, Դավիթ ո՞րն է, հե՜յ-հե՜յ,
Դավիթ ո՞րն է.— ասին։

Էլավ Ձենով Հովան, իրիշկեց իր ճամփան.
Իրիշկեց, տեսավ, որ մեկ փահլևան կը գա.
Մեկ տղա էլ հետևանց կը գա,
Ճամփուց դուրս կը քելե,
Կորընգանու արտերու մեջ։
Հովանն ասաց.— Քեռի Թորոս,
Էն տղան, որ ճամփուցը դո՛ւրս, ծուռ-ծուռ կը գա՝
Էնիկ, վա՛յ թե, մեր ծուռ Դավիթն է, որ էկավ.
Սասնա ճրագ վառվեց։

Չուրի Դավիթ էկավ, էլավ Սասուն՝
Էնոր տրեխներ կտրտվան,
Էնոր պուճիկներ կտրտվան,
Ինք էլավ անոթի։
Տեսավ՝ շատ մարդեր ժողվված,
Չը գիտեր՝ ո՞ր տեղն է էկե,
Շիվար մնաց, ասաց.
— Ես անոթի, ծարավ՝ ինչպե՞ս տէրթամ Սասուն։
Էն ինչ գեղացիք՝ ձեռ կտան Դավթի ձեռաց։
Դավիթ խաբար չի, չի մոտենա,
Էնի տըտուշ ընկե ճամփա, կըգա՝
Խաբար չունի, թե սասնեցիք են
Էնոր առջև պատվի էկե։
Սասնեցիք էլ խաբար չե՛ն էնոր հալից,
Թե ինչպես հալից ընկե,
Ինչպես դադրած, անոթի է։
Ձենով Հովան էկավ առաջ,
Էկավ գԴավիթ տեսավ,
Էնոր քով կայնավ, ասաց.
— Տղա՛, դու ո՞ր տեղացի ես։

[ներդիր]

Մըսրա մելիքն է քո դուշման

Մըսրա մելիքն է քո դուշման

[էջ 161]

— Ես Սասնու քաղքից եմ,— ասաց։
— Սասուն քաղաք ես քեզի չե՛մ տեսեր:
Է՛ս է Սասուն քաղաք, էստեղըն է։
Սասուն քաղաք դու մարդ ունի՞ս։
— Իմ մեր կ’ասեր՝ էրկու հորողբե՛ր ունիմ։
– Իրանց անուն ի՞նչ է.— հարցուց։
— Մեծ հորողբոր անուն,— ասաց,— Վերգո,
Էն մեկէլին Ձենով Հովան։
Էդտեղ Հովան ըզԴավիթ պինդ գրկե՜ց, պագեց,
Դավթի ճակատ լալեն պագեց։
— Վա՜յ, Դավիթ,— ասաց.— էս դո՞ւ ես։
Ես էլ—քո հորողբեր Հովա՛նն եմ։
Հովան, նորեն պագելեն առավ ըզԴավիթ,
Ուրախ–ուրախ գնաց տուն։
Ձեն տվեց ճամփին, կանչեց.– Է՛, աղբերնե՛ր,
Էկե՛ք, ձեր աչքը լո՛ւս, էկե՛ք, մեր ա՛չքն էլ լուս,
Մեր Դավի՛թն է էկե...
Դավթի հորողբերներ էնտեղ,
Գրկին, համբուրեցին ըզԴավիթ։
Սասունցիք էլ շատ աչքալուս արին։
Ձենով Հովան ասաց.– Փա՛ռք իմ աստծուն.
Էս մեկ զավա՛կ էլ մեզ էլավ կայնավ.
Էկավ մեր աղունիկ։
Համա ի՞նչ տ’անեմ՝ շիվա՜ր է։
Մենք ասինք լա՛վ մարդ մ’էր,
Ափսոս շիվա՛ր տըղա մէ. փա՜ռք իմ աստծուն։
Նստան Հովան, բարեկամներ, քաղաքացիք,
Ուրախություն ու քեֆ արին իրենց համար։
Շատ զրուցին, էլան մեկ-մեկ իրանց տներ գնացին։
Մնացին Ձենով Հովան, Դավիթ։
Դավիթ ասաց.– Հրողբեր, ինչպե՞ս ես, ի՞նչ ունիս։
Ասաց.— Որդի, փառք իմ աստծուն,
Էհ, տեր աստծո՛ւ օղորմությամբ
Քո հոր գերեզմանով մեր իդարեն կանենք։
— Աղե՛կ, ասաց Դավիթ, որ էդպես է, աղեկ է։

2

Առավոտուն Ձենով Հովան էլավ, կայնավ.
Իրեք անգամ ձեռք էտու գետին, փառք էտու աստծուն,
Ասաց.– Փա՜ռք իմ քո մոտեն, աստված,

[էջ 162]

Էս անգամ էլ էրազ ես քո մոտեն տեսա.
Մեկ պուրակ ըմ էլավ Սասնա օջխի վերա,
Ես, իմ աղբեր էլ վախ չ’ունենք։
Էլավ, բերեց ձեռք մի խորոտ հալավ, հագցուց,
Ջեբեր լիք ճան, չամիչ, պոպոք արեց,
Գլուխ պագեց, ասաց.— Դավիթ,
Գընա մոտ ճժերուն, խաղա։
Դավիթ գընաց մոտ ճժերուն, խաղաց։
Ճժեր լեպ արին, ճաներ զամեն մոտեն տարան։
Դավիթ ապտակ մէզար իշխանաց լաճերուն,
Լաճու մի վիզ ծռվեց։

Իրիկուն էդ լաճու մեր էկավ մոտ Հովանին գանգատ։
Ձենով Հովան ասաց.— Ոչինչ, բան չի ըլնի։
Թամբահ կ’ անեմ, որ էլ կռիվ չ’ անի։
Գնաց Հովան, Դավթին ասաց.
— Հորողբեր քե մեռնի, Դա՛վիթ, էլ հետ խալխին կռիվ չ’ անե՛ս։
Դավիթ լուսուն էլավ, գընաց մեջ ճժերուն, խաղաց.
Ճժեր նորեն ողջ մեկ էլան,
Թափվան Դավթի վերան, կռվան.
Դավիթ զարկեց, իրեք լաճերու վիզ ծռեց։
Էդ վախտ էկան քաղքի մեծեր,
Ամեն ժողվան, իրար ասին.
— Էն շան որբ մեր ճժեր խեղեց։
Մենք տ’էրթանք, Դավթին սպանենք,
Դավիթ ինչի՞ մեր տըղաներու վիզ ծռեց։
Էլան էկան, կանչեցին Ձենով Հովանին, ասին.
— Դավիթ դո՞ր է, կանչի, թող գա:
Ասաց.— Ինչի՞ կանչեմ Դավիթ։
Ասին.— Մագյար էդ ծուռ Դավիթ
Դուշմա՛ն է մեր տղեկներուն.
Ինչի՞ էնոնց վզեր ծռեց։
Հովան վախեցավ, գնաց Դավթին, ասաց.
— Աստված քո տուն ավրի, Դավիթ,
Էդ տղաներ ինչի՞ խեղիր։
Ասաց.— Ջայնամ էնոնց գըլուխ,
Ինձ հետ կռվան՝ ես էլ զարկի։
Ասաց.— Քաղքի մարդիկն էկե,
Մեր դուռ բռնե՛, էլի՛ր, պատասխա՛ն տուր էնոնց։

[էջ 163]

Դավիթ էլավ, էկավ դուռ, տեսավ.
Էնքա՛ն մարդ է հավաքված դուռ։
Շատեր կան՝ Դավիթ չե՛ն տեսած.
Էկած են՝ թամաշա՛ անեն, Դավի՛թ տեսնեն։
Շատեր էլ կան, Դավթին զարկելու ապով են էկած:
Դավիթ որ էլավ դուրս,
Էսքան մարդիկ Դավիթ տեսան,
Ահուց դողդողացին, իրարու գաղտուկ ասին.
— Դավթին դուք ձեռք չը տաք,
Որ ակահի՝ մեզ է՛լ տ’ըսպանի։

Ու դարձավ, ամեն մեկ գնաց իր տուն։

3

Էն մեկէլ օր քաղքի ջոջեր
Կանչեցին Հովանին, ասին.
— Հո՛վան, գիտե՞ս ինչի համար ենք քե կանչե.
Մենք որ էրեկ էկանք ձեր դուռ,
Դավթին տեսանք՝ շա՛տ վախեցանք։
Արի Դավթին գործի՛ մի դիր.
Էդոր գործի որ չը դընես՝
Քաղքի մեջ շա՛տ ավերություն տ’ըլնի։
Հովան ասաց.— Ի՞նչ անեմ, ի՞նչ գործի դնեմ։
Էնոնք ասին.— Դավթին մենք գառնարա՛ծ անենք,
Թող չը մընա՛ քաղաք։

Ձենով Հովան իրիկուն տուն էկավ, ասաց.
— Դավիթ, մեռնե՛մ քեզի, չե՞ս ըլնի գառնարած։
Աղքատացեր ենք մենք—
Չա՛փ մի էրկու կորեկ առնենք, ուտենք։
Դավիթ ասաց.— Հորողբեր, ինչի՞ չեմ ըլնի...
Էսպես պարապություն չեմ կա՛րնա անցուցեմ։
Դու ջո՛ջ մարդ ես,
Հիմիկ քեզ խաթր կա մոտ մեր խալխին,
Ինձ համար մեկ ռանչպարություն մի առ։
Ասաց.— Դա՛վիթ, քեզի բռներ են գառնարած։
Ամեն մեկ տավարի գլուխ մեկ կոտ կորեկ,
Մեկ կոտ ցորեն մեզ վարձ կը տան։
Կարնա՞ս պահի գառներ, թե՞ չես կարնա։

[էջ 164]

Ասաց.— էնենց պահեմ, ծաղկըներու պես։
Ձենով Հովան էկավ քաղքցոց ասաց.
— Էս տարին իմ աղբոր տղան տ’անենք գառնարած։
Դուք լուսուն ձեր գառներ բերօք քաղաքի դուռ.
ԶԴավիթ կը ճամփեմ, թող ամեն ժողվի, տանի։

Ձենով Հովանին դրկիցներ ասին.— Հովան,
Մեկ ջուխտ մի սոլ էնոր համար կտաս կարել.
Էդոր ի՜նչ սոլ տի դիմանա, որ էդ հագնի,
Էրթա Սասնա սարեր, արածացնի, ֆըռա։
Հովան ասաց.— Իսկուն կ’էրթամ, կը տամ կարե՛լ:
Էլավ Հովան գնաց, դարբնին
Պողպատե սո՛լ էտու կարել,
Պողպատե կո՛ռ էտու կոռել,
Առեց, բերեց, առավոտուն էտու Դավթին։
Դավիթ իր սոլերու վերան ուրախացավ.
Ձենով Հովան ասաց.— Ո՛րդի,
Էլիր, գառներ քըշիր
Սասնա սարի հետն՝ արոտատեղ.
Կեսօրին գառներ կը հավաքես վեր աղբրին,
Քեղի կեսօրին հաց կ’ առնեմ, կը գամ։

4

Էլավ Դավիթ, պողպատե սոլ հագավ,
Պողպատե կոռ բռնեց ի ձեռ,
Կանգնեց Սասնա մեջ, կանչեց.
— Դրկիցնե ր, ձեր գառներ հանե՜ք,
Ձեր ուլեր հանեք, դո՛ւրս բերեք,
Տանեմ Սասնա սարեր, արածացնեմ։
Դրկիցներ առան գառներ, առան ուլեր,
Բերին քաղաքի դուռ։
Դավիթ զգառներ ժողվեց, տի տաներ սար.
Մարդեր որ տեսան զԴավիթ, ասին.
— Հո՛վան, Դավիթ տի սպանի՛ գառներ։
Հովան ասաց.— Դա՛վիթ,
Մենք դրկից ենք, տես գառներ չը սպանե՛ս.
Սալամա թ տար, սալամաթ ե՛տ բեր իրիկուն։
— Հորողբեր,— ասաց,— մագյար ես ծո՞ւռ եմ,
Գառներ շա՛տ խորոտ կը պահեմ։

[էջ 165]

Դավիթ գառներ առաջ արավ, տարավ,
Մեկ բարձըր սար մի կար՝ էնտեղ արածացուց։
Գառներ կուշտ կուշտ կերան։
Դավիթ էնոնց գոմեց քարայր,
Դավիթ հեռացա՛վ գառներուց.
Իր համար թե՛ք ընկավ, քընավ,
Դավիթ ակահ չունե՛ր գառներուց։
Գառներ արթնացան, քարայրից էլան,
Գառներ ամեն մեկ իր տեղ ցրվավ՝ արածելու։
Դավիթ ակահ չուներ գառներուց։
Քնավ, գարթնեց, իրիշկեց, տեսավ գառներ, ուլեր
Ամեն մեկ մի կողմով գացած—վերա՛ կորուսված;
Կայնավ, գրնաց քարայրի դուռ, մեկ գառ չկա։
Է՛ս կող իրիշկեց՝ գառ չրկա.
Է՛ն կող իրիշկեց՝ գառ չըկա.
Կայնավ՝ գոռաց, էլավ ընկավ հետևքեր,
Ման էկավ, ընկավ էդ սար ու ձոր.
Էնոր ոտքի ձեն որ էլավ,
Էնոր բոռոց որ դըմդըմբաց,
Նապաստակներ ու աղվեսներ սարից, քարից էլան,
Թողին իրենց բներ, կը փախչեն, հա՜ կը փախչեն:
Տեսավ նապաստա՛կ մի փախավ,
Ասաց.— Ուըհ, նա ուլ ինչպե՞ս կը փախնի։
Ընկավ հետև նապաստակին, էն չալ ուլ էր։
Կուզ, մ’էլ գընաց, աղվե՛ս մ’էլ փախավ,
Դավիթ է՛լ ասաց.
— Օ՜հ, էն ուլեր ինչպե՞ս կը փախնեն։
Էնպես վազեց հետևներեն,
Չուր լեզուներ հանին, դադրան, կանգնան։
Ինչքան աղվես, կուզ, նապաստակ որ կար՝
Բռնեց բերեց, գցեց մեջ գառներուն, մեջ ուլերուն:

Էդտեղ պողպատե սոլեր կտրտվան։

5

Կեսօրին Հովան հաց առավ, տարավ,
Գնաց տեսավ՝ Դավիթ էնպե՛ս է ման էկե սարեր,
Որ էն պողպատե սոլ կտրտվե,
Էն պողպատե կոռ մաշվե՛։

[էջ 166]

Ասաց.— Դավիթ, քո բան ինչպե՞սն է։
Տըղա, գլխուդ մեռնեմ.
Օրեն մեկ սո՛լ կարել տամ քե,
Օրեն մեկ կոռ կոռել տամ քե,
Քո հախն էն չափ չի հանի.
Էլ մեր օգուտըն ի՞նչ տ’ըլնի։
Դավիթ ասաց.— Է՜հ, հորողբեր,
Էլ վաղն էդ գառներ չեմ տանի։
Էսօր էնպե՛ս եմ վազվզե,
Որ իմ սոլ կտրտվե։
Ձենով Հովան ասաց.— Դավի՛թ ջան, ի՞նչ է,
Գառնարածութեն անուշ բան չէ՞։
Ասաց.— Անո՛ւշ է, հա, էն խա՛չ, անո՛ւշ բան է.
Էդա սև ուլեր միամիտ են.
Էդա կարմիր ուլերու հետ,
Էդա սևլիկ ուլերու հետ
Ես շատ աղեկ ճամփա կ’էրթամ.
Համա էդա բալբալոս ուլեր, էդա սիպտա՛կ ուլեր,
Էդա էրկարականջ ուլեր— չե՛ն կանգնի.
Էդոնք ինձ շատ կր չարչըրեն, շա՛տ կը փախնեն,
Զիմ հոգին անգրո՛ղ առան.
Էէնքան ինձ ցավցուցին։
— Լա՛ ո,–- ասաց Հովան.—
Մենք շեկ, սիպտակ ուլեր չունենք։
Դավիթ ասաց.– Չէ՛, հորողբեր,
Շեկ ու սիպտակ ուլեր էլ կան։
Թե էն ուլեր առավոտուն չը հանե՛ս գառներաց մեջեն,
Ես չե՛մ էրթա հետ գառներաց։
— Մեկ է՛լ,— ասաց Հոկան,—
Քարայրեն էդ գառներ հան դո՛ւրս,
Էդ շեկ ուլեր տեսնեմ։

Էլան, էկան, քարայրի դուռ բացին։
Դավիթն ասաց.– Հորողբե՛ր, դու մտի ներս,
Գառներ հանի՝ ես էնա ուլեր կը բռնե՛մ,
Դու էնոնց չե՛ս կարնա բռնի։
Հրողբեր ասաց.– Չէ՛, չէ, տըղա, դու պստի՛կ ես։
Դու մտի նե՛րս, քըշե, թող գան, ես կը բռնեմ։
Դավիթ մրտավ էդ քարայր,
Փետ մի զարկեց, մեկ էս քարին, մեկ է՛ն քարին.

[էջ 167]

Կուզեր, աղվես, նապաստակներ ամեն դո՛ւրս թափվան։
Ձենով Հովան տեսավ՝ աղվեսներո՛ւն,
Նապաստակներո՛ւն կ’ասի Դավիթ ըսպիտակ ուլ։
Նապաստակներ, աղվեսներ ամեն փախան։
Քարայրեն Դավիթ էլավ դուրս, ասաց.— Հրողբե՛ր,
Դու ինչի՞ իմ ուլեր թողիր՝ գնացին։
Ասաց.— Էնոնք ջանավար են, տղա լաո, ուլ չե՛ն,
Էդ շեկ ուլեր թո՜ղ, թող էրթա՛ն։
Դավիթ ասաց.— Դու իմ ուլեր թողի՛ր,
Ինչպե՞ս տ’անեմ, էնոնց տերեր ո՛ւլեր տ’ուզեն,
Ինձ ուլ չը կա՝ ես տամ։
Էնոնց ջուաբ ինչպե՞ս տի տա՛մ։
Ասաց Դավիթ, էլ հետ վազեց սարեր,
Որ նապաստակ, աղվես ժողվի։
Հրողբեր հետևեն գոռաց.
— Դավիթ, աստվա՛ծ քո տուն ավրի.
Էնոնք գազաննե ր են, թո՛ղ, թո՛ղ գընա՜ն։
Դավիթ ականջ չ’արեց, գնաց։

Հրողբեր դարձավ, էկավ տուն. ասաց.
— Ջա՛նըմ, էսա ի՞նչ մուր էր՝ քըսեցինք մեր էրես։
Էսա մեր ծուռ Դավիթ ինչ ջանավար տեսե,
Բերե, լցրե մեջ գառներուն,
Ո՜ւլ, նապաստա՛կ մեկ-մեկից չի՛ ջոկի.
Ասաց.— Դրկից-գեղացիներ, աստծո՛ւ սիրուն,
Լուսուն Դավիթ էլ չը դընեք առջև ձեր գառներուն։

6

Էն ինչ Դավիթ էր՝ էլավ վեր,
Ընկավ հետև աղվեսներու ու կուզերու
Էն կուզ, աղվես ու նապաստակ
Լեզուն թալած կը վազեն,
Հըլհըլոց ընկեր էր գառներ
Ու տկի պես կը զարկվեին։
Դավիթ էնոնց կը տաներ սար, կը բերեր ձոր,
Կը բերեր, կ’աներ մեջ ուլերուն,
«Կ’ասեր.— Էսա տերով տերամեռներ,
Գառ-մառ, ուլեր, չեն թողնի՝ ես հանգստանամ.

[էջ 168]

Չե՛ն դադարի՝ ես հաց ուտեմ։
Ջանավարներ Դավթի ահուց էլ չը փախան։

Իրիկուն Դավիթ գառ ու գազան քշեց քաղաք։
Դավթի սոլեր էնպե՛ս էին ցրվե՝
Էնպես էին կտրտվե, որ Դավիթ սոլեր հանե,
Մտուցե ի կո՛ռ, ոտաբոբի՛կ կը գար։
Էդա անասուններ բերեց, լցրեց մեջ քաղաքին։
Կանչեց.— Դրկիցնե՛ր, էկե՛ք, ձեր ուլ ու գառ տարե՜ք...
Էնա էրկենականջ ուլեր ո՞ւմն է, չեմ ճանչնար,
Շա՛տ կը փախնեն, էկե՜ք, տարե՛ք, կը խատուցեմ...
Էնա էրկեն պոչով ուլեր ո՞ւմն է, չեմ ճանչնա,
Շա՛տ կը փախնեն, տփելո՛վ եմ բերե. խառնե մեջ գառներուն,
Քաղքըցիք էդա բան տեսան, ասին.
— Դավիթ ամեն աղվես ու նապաստակ ժողվե,
Մըլե մեջ գառներուն — գնանք, առնենք։
Էլան, ջոկեցին իրանց գառներ, տարան։
Ամեն մեկ ինչ ուզեց՝ տարավ—
Կուզ, նապաստակ, աղվես։
Նապաստակներ մորթին, հետ ուլերու կերան.
Աղվեսներու, կուզերու մորթիք քուրքեր արին, հագան։
Էն վախտեն չուր հիմիկ՝
Նապաստակ հա՛ կը զենե՜ն, հա՛ կուտե՜ն,
Աղվես, կուզ էլ կանեն քուրք, կը հագնե՛ն։

Էն իրիկուն իշխան մարդեր գնացին,
Ձենով Հովանին ասին.
— Էն ծուռ արեր ես գառնարած,
Ջանավարներ, ուլեր իրարուց չի՛ ջոկի։
Էն սարի որս ամեն ժողվե բերե՝
Սարեր որս չի՛ թողե։
Մենք չենք թողնի, որ Դավիթ գառնարած անեք:

7

Ժողովուրդ հավաքվավ, ասաց.
— Ապա ի՞նչ անենք Դավթի հետ
Բերենք նախրո՛րդ անենք։
Դավիթ ասաց.— Ինձ բերիք, արիք գառնարած

[էջ 169]

Ու հանիք դո՞ւրս—հիմիկ նախրո՛րդ կանեք։
Ձենով Հովան ասաց.— Դավիթ, տղա,
Ուլեր քեզ շատ կը չարչարեն.
Դու ուլեր մի՛ տանի.
Նախի՛ր տար, էդա դաշտ արա,
Պառկի էնտեղ քընի,
Մինչև ես քեզ հաց կը բերեմ։

Հրողբեր գնաց, պողպատե սոլ մ’ էլ էտու կարել,
Պողպատե կոռ մէլ էտու կոռել,
Առավ, բերեց, առավոտուն էտու Դավթին,
Էլավ լուսուն կանչեց.
- Հեյ-հե՜յ, էլե՛ք, մալեր թողեք Դավթի առաջ։
Դավիթ հորթեր չի՛ տանի արածացնելու,
Դավիթ տավա՛ր կը տանի արածացնելու։
Էլան, տավար թողին առաջ։
Դավիթ ժողվե՛ց էդա տավար,
Գընաց, էլավ Սասունա դաշտ։
Տավար բաց էթող, թավալավ, քնավ։

Քնուց որ ակահավ, նստեց, տեսավ՝
Տավար բարձրացե, էլե քարափներու պռունկ։
Էլավ, ընկավ հետև տավարներուն։
Էս դիր՝ խանդքներուց գելե՛ր, արջե՛ր փախան.
Ասաց.- Անիծե՛մ ես ձեր տիրու հեր, էլի՛ փախան:
Էնոնք փախան, Դավիթ ընկավ հետևներեն,
Էնչափ վազեց մինչև նեղացա՛ն, դադրան, ուժից ընկան:
Դավիթ բռնեց, բերեց մեջ տավարին։
Նորեն ընկավ սար-ձոր ու ման էկավ.
Ի՛նչ կադար ջանավար որ կար՝ ամեն ժողվեց,
Ասլանը մե՛կ կողմից բերեց,
Ղափլանը մե՛կ կողմից բերեց,
Պընգըլը մե՛կ կողմից բերեց,
Գելերը մե՛կ կողմից բերեց,
Արջերը մե՛կ կողմից բերեց —
Ամե՜ն գազաններ ժողվեց, դաշտ լի՛ք արավ։
Դավթի ահից մեկ կարող չէր իրար դիպնի.
Մեկ որ փորձեր իրար դիպներ, տեղեն շարժվեր`
Դավիթ էնպես կը բարձրացներ, կը տար գետին,

[էջ 170]

Որ՛ մեջ գետնին կը խըրվեին։
Անասուններ գազաններու ահա կանգնած էին,
Էդ գազաններ Դավթի ահու կանգնած էին,
Դավիթ էլ ամենու առաջ կայներ էր։

8

Իրիկուն Դավիթ նախիր քշեց,
Բերեց լցրեց մեջ Սասնա քաղքին։
Էլ մարդ դուրս չ’էլավ։
Քաղքըցիք վախից դռներ չը բացին.
Դռներ գոցեցին, դարգահներ զարկին։
Ինչ Դավիթ՝ կանգնավ Սասունա մեյդան,
Բա՛րձր ձենով կանչեց, բոռաց, հա՛ բոռաց.
— Հե՜յ ժողովուրդ, էլե՜ք, ձեր տավար տարե՛ք,
Տարե՛ք, տեղավորե՛ք,— ասաց.
— Ով կո՛վ չուներ՝ կով եմ բերե,
Ով ե՛զ չուներ՝ եզ եմ բերե,
Բա՛ց արեք ձեր դռներ, դե բա՛ց արեք։
Ում մեկն ուներ՝ արի էրկուս,
Ում էրկո՛ւսն էր՝ արեր եմ տաս,
Ում որ տա՛սն էր՝ արեր եմ քսան,
Ում քսան էր՝ արեր եմ քառսուն,
Ինչի՞ չեք գա ձեր տավար տանեք։
Մեկ չի՛ էլնի իրեն տավար ջոկի, տանի։
Էնչափ կանչեց՝ մարդ չը տեսավ.
Մարդ չէր իշխենա դուրս էլներ։
Դավիթ ըռկավ, էդտեղ ասաց.
— Կէլնեք՝ չխո բարո՛վ չ’էլնեք, ջահաննա՛մ ըլնի.
Ես չոլերից ազատե, բերեր եմ տուն.
Տեր չեք ըլնի՝ ո՜ւր կէրթան, թող էրթա՛ն։
Հա՜յ գիդի աշխարք,— ասաց.—
Արի ու լավությո՛ւն արա։
Դավիթ իր գդակ կործեց գլուխ,
Պառկավ էնտեղ, քնավ՝ մինչև առավոտուն։

Իշխան մարդեր էլան, Ձենով Հովանի մոտ գնացին,
Ասին.— Ձենով Հովան, մեզ տավարից պիտի կտրես։
Քո տղան մեր քաղաք ավրեց.
Կը վախենանք էդ գելերեն,

[էջ 171]

Էդ արջերեն, գազաններեն։
Էս ի՞նչ բան է, էսքան գազան...
Տըղատերեր վախցան, ահու մեռան։
— Որ էնպես է,— ասաց Հովան,—
Կ’էրթամ զԴավիթ բերեմ տուն։
Ձենով Հովան գնաց, կանչեց.
— Դավիթ, հորողբեր մեռնի քեզ, ասա.
«Հալալ մնացե՛ք, հարամ գնացե՛ք.
Հալալ մնացե՛ք, հարամ գնացե՛ք...»։
Դավիթ էլավ վեր, ասաց.
— Հալալ մնացե՛ք, հարամ գնացե՛ք...
Հալալ մնացե՛ք, հարամ գնացե՛ք...
Գազաններ փախան, գնացին սարեր,
Մնացին տավարներ։

Տավարներու տերեր էլան, դռներ բացին,
Զիրենց տավար տարան, արին գոմեր։
Դավիթ ասաց.— Աստվա՛ծ ձեր տուն ավրի,
Դուք թող տվիք, պարարտ տավարներ փախան սարեր,
Մնացին լղարներ։

Իշխաններ Հովանին ասին.
— Էս է՛լ չ’էլավ, էս է՛լ չ’էլավ։
Էս տնավեր իսկի՛ մարդու շնորք չունի,
Ծուռ, օղորթմանց ծո՜ւռ...
Դավիթ հասկացավ, ասաց.
— Ձեր գլուխն ուտի՝ էլ չե՛մ ըլնի ձեզ նախրորդ։
Էդտեղ Հովան բարկացավ, ասաց.
— Դու որ էսպե՛ս կ’անես,
Էլ ես քեզ չե՛մ կարնա շահի,
Դոր էլ կ’էրթաս՝ գնա։

9

Դավիթ էլավ Սասնուց, տեղ մի պառկավ քնավ։
Քեռի Թորոս առավոտուն էկավ Սասուն, հարցուց.
— Էս մեր տղան, Դավիթ, ո՞ւր է։
Ինչքան մարդ կար՝ զԴավիթ հայհոյեց,
Ինչքան կնիկ կար՝ անիծեց։

[էջ 172]

Քեռին գնաց տղան փնտռի.
Տեսավ՝ տեղ մի Դավիթ քնե։
Էնպես քացի մ’ զարկեց էնոր,
Որ թե Դավիթ չ’ըլներ, ուրի՛շ ըլներ,
Յո՛թըն գազ գետնի տակ տ’էրթար։
Դավիթ քնից էլավ, ասաց.
— Քեռի ջան, ինչի՞ կը զարկես։
Քեռին ասաց.— Հաբա, ի՞նչ ես արեր, լաո։
Դավիթ ասաց.— Քեռի՛ Թորոս,
Էն-էն լըբոք տավար ինձի շատ չարչրեց։
Էդոր համար էլ քաղքցիք ինձ դուրս արին։
Ասաց.– Անխե՛լք, Սասունա ծուռ,
Էն տավար, որ շա՛տ կը փախնի, էնի մի՛ բեր.
Էն, որ շատ չի՛ փախնի, էնի տուր քո առաջ ու բեր։
Դավիթ ասաց. — Չէ՛, ես էսա տեղ չե՛մ կայնի։
Ուրիշ էրկիր նշանց տուր ինձ,
Որ ես էրթամ էնտեղ։
Էս անգամ քեռին առավ Դավթին, տարավ իր տուն։

10

Ժամանակ մի անցավ։
Էդ տարին գարուն նոր բացվեր էր.
Դավիթ ասաց.— Քեռի, գարուն է,
Հոտաղ-մշակի վախտ է, ռանչպարու վախտ է։
Մենք քառսուն ջանով լցվեր էնք էդա տուն,
Խո դու պարտական չե՞ս՝ մեզի զամեն պահես։
Էլի՛, մեզի աշխատող դարձու։
Դատենք, աշունք բերենք մեր աշխատանք։
Ժողվենք վեր իրարու, ուտե՛նք, ապրենք։
— Հա՞,— ասաց,— Դավի՛թ, աստված քո արև ըսպանի,
Հըմլա էղար ինձի աշխատո՞ղ...—
Քեռի Թորոս ծիծաղեց վեր Դավթին, ասազ.
- Տո, ծո՛ւռ Դավիթ, արի քեզի տանեմ Դաշտու Պադրիալ,
Հոնի քեզ տամ նախրորդ, հոտաղ,
Դու առնես քո հախ՝ կոտ մի կորեկ.
Առնես, բերես մեր տո՛ւն,
Ես տանեմ ջաղաց, աղա՜մ,
Բերեմ քո քեռակին շաղա՜,

[էջ 173]

Թխա, թոնդրեն հանա, տա՛ քեզի,
Վերցուս, հաց մի ինձի տաս,
Ասես՝ քեռի, էդ իմ աշխատանքն է.
Առ, էդա հացըն՝ կեր —
Էլի չեմ հա՛վտենա, Էփ չեմ հա՛վտենա։
Ասաց.— Քեռի, որ էդմալ է՝
Էլիր, ինձ տար, արա նախրորդ։

Քեռին գիտեր՝ Դավթի խոսք մեկ էր, էրկու չէր անի։
Էլավ առավ զԴավիթ, գնաց Դաշտու Պադրիալ։
Տարավ, տվեց նախրորդ։
Ամեն բան էլ էնոր խրատ տվեց, ասաց,
— Տըղա, է՛դ տեսակ, էդ տեսակ տավար կը պահեն.
Լուսուն նախիր կը տանես,— ասաց,—
Սասնա սարի հետև, արոտատեղ.
Սիպտակ Քար կա, Սիպտակ Քարի տակ ադբո՛ւր կա.
Էն աղբրի վրա կեսօր տի հավաքես, ջուր տի տաս։
Խրատ էտու, էլավ, թողեց զԴավիթ,
Էկավ հասավ Սասուն։

Առավոտուն Դավիթ զնախիր տարավ արոտատեղ,
Ճաշին տարավ Սիպտակ Քար, վե՛ր աղբրին։
Տեսավ՝ որ յոթ գեղի նախրորդ ժողովված են.
Տավար բերե, կարածան։
Դավիթ ասաց.— Այ նախրորդներ,
Արեք ես-դուք աղբեր ըւնենք։
Էդ նախրորդներ ու Դավիթ էղան աղբեր։

11

Գարո՛ւն էր. խալխի մալ զաբուն էր...
Անձրև՛ էր. թացությո ւն էր, տի՛լ էր..,
Մալեր կը չոքվեին տիլ, կը պաղեին.
Օրական յո թ-ութ հատ տըլի մեջ կը մնային։
Դավիթ կը քաշեր դուրս, տըլից կը հաներ,
Իր փետ էնոնց ոտներ կը կապեր,
Փետ մ, էլ կը մտուցեր մալերու ոտներ,
Կը դներ ուսին, ու կը բերեր գեղ.
Կը բերեր տիրու տուն, կ’արձակեր,
Ու կընկտոց կ’ ասեր.— Նանե, ձեր կովեր նիհար են։

[էջ 174]

Եղանակ ցո՛ւրտ է, կը պաղե՜ն, կը տլվե՛ն,
Չեն կարնա էլնի, կը փետնան, մե՛ղք են։
Էդ վախտ կընկտիք կ’օրհնեին Դավթին, կ’ասեին.–
— Շա՛տ դատիս, շա՛տ ուտիս.
Քի՛չ դատիս, շա՛տ ուտիս.
Աստված քո արև պահի.
Որ դու չ’էղնեիր էս տարի՝
Մեր կովեր ամեն կը փետնին։
Էդ վախտ Դավթին կը պատվեին,
Հաց կ’անեին կը տային, ձվածեղ կ’անեին,
Հավկիթ կը տային Դավթին,
Շա՛տ խորոտ հոգ կը տանեին։
Գեղացիք կ’օրհնեին Դավթին, կ’ասեին.
— Հարի մըկա էդպես նախրորդ մեզի ռաստ չի՛ էկե:
Դավիթ արածեցուց տավար մինչև ամառ.
Տավարներ լցվան, գիրացան։

12

Մնաց։ Էկավ, էլավ Աստվածածին.
Աստվածածնա կիրակի օր ցասման ժամ կ’անեն,
Կ’ էրթան ուխտ, պատարա՛գ կ’ անեն.
Պատարագ որ կ’ անեն, հարիսա կը դնեն։
Հարիսա որ կը դնեն, ժամից որ կէլնեն,
Կը գան պատարագի տիրոջ մոտ, հարիսա կ’ուտեն։
Էդ Աստվածածնա կիրակի օր ճաշոցին
Դավիթ զնախիր ժողվեց, տարավ արոտատեղ,
Սիպտակ Քարի տակ, վե՛ր աղբրին։
Տեսավ՝ յոթ գեղի նախրորդներ ժողովված են.
Դավիթ տեսավ՝ գեղացիք, իշխաններ,
Խմբով ընկած ճամփա վե, հա՛մա կ’էրթան։
Ասաց.- Ջա՛նըմ, լուսուն չուր կեսօրին հա՛ կ’էրթան,
Էդ կողմեր ո՛ւր կ’էրթան։
Ասին.– Ցասման ժամ է՝ կ’ էրթան մատա՛ղ տի կտրեն,
Էնտեղ սա՛զ տի զարկեն,
Տէլնեն խա՛ղ անեն,
Էնտեղ քե՛ֆ տ’անեն,
Հարիսա՛ տի դնեն,
Տ’ուտեն, տի գան տակ։

[էջ 175]

Նախրորդ մի ասաց.
— Ո՞վ կ’էրթա էդ տեղեն մեզի հարիսա բերի՝
Փըշուր մի ուտենք։
Էդոնցեն մե՛կ էլ չը գնաց։
— Որ էդպես է,— ասաց Դավիթ,—
Դուք իմ նախիր պահեք՝ էրթամ։
Էնպե՛ս մի հարիսա բերեմ, որ կուշտ ուտեք։
Համա թե էդ նախրեն տավար մի կորչի՝
Ձեր յոթի գլուխ էլ տի կտրեմ։
Դավիթ էդոնց որ ահ տըվեց՝
Էդոնք ահու նստան։

Ու Դավիթ էլավ, գնաց էդա հարիսատեղ։
Հարց ու փորձ արավ էսոր ու էնոր,
Թե հարիսեն ո՞ր տեղն է դրած։
Ասին.— Է՜, է՛ն տեղն է դրած։
Ու գնաց Դավիթ տեսավ՝
Չորս ունկանի պղինձ մի հարիսա թոնդիր դրած.
Կընիկ մ’ էլ կայնուկ պղնձի մոտ։
Դավիթ ասաց.— Նա՛նե, նա՛նե,
Ինձի քիչ մի հարիսա տուր,
Յոթ գեղի նախրորդ ժողովվեր ենք մեկտեղ,—
Դե՜հ, գեղի աղքատ որ կա.
Գեղի նախրո՛րդն է, հոտա՛ղն է,—
Քո հո՛ր խերին՝ մեզի հարիսա՛ տուր —
Տանենք, ուտենք։ Կընիկ ասաց.
— Դե դո՛ւրս կորի, Սասունա ծուռ,
Չը գինաս, որ ժամեն դեռ չեն էլած։
Կեցի՝ ժամեն էլնեն,
Տերտեր ժամեն տի գա մեր հարիսեն օրհնի,
Նոր հարիսեն տ’ուտենք։
Դավիթ ասաց.— Նանե,
Տավար թողած եմ ուրիշին, մոտ մարդ չը կա,
Ես վռազ եմ, հիմի՛կ տանեմ.
Նախիր կ’էրթա սարեր, խալխին վնա՛ս կը գա։
Էդ կընիկ ասաց.— Չե՛մ իտա.
Չուրի տերտեր չը գա, հարիսեն չօրհնի, չե՛մ իտա։
Թող ժամավորն էլ գա, ուտի.
Մնացող կը տամ՝ տարեք, կերեք։
Դավիթ ասաց.— Նա՛նե, մնացող շա՛ն կ’իտան:

[էջ 176]

Որ ասաց՝ նանեն քրվեց։ Դավթի հերս էլավ,
Իր ձեռ թալեց, պղինձ թոնդրեն առավ,
Դրեց թոնդրան պռունկ,
Իր փետ անցաց պղնձի ունկ,
Վերցուց պղինձ շալկեց,
Վերցուց տաշտ մ’ էլ դրեց գլխուն,
Եղի փարխաջ առավ ի ձեռ,
Ինչքան որ հաց թխած էին, վերցուց,
Զարկեց տակ իր թևին։
Յոթ շերեփ էլ վերցուց, ասաց.
— Էդա էլ մեզի գդա՛լ։
Աստված թող ձեր մատաղ ընդունելի՛ անի։
Էդա կընիկ դարձավ Դավթին ասաց.
— Անիծե՛մ ես հըմլա մատաղ,
Էլ ի՞նչ մնաց, որ ի՞նչ ընդունելի անի։
Դավիթ զարկեց ու գնաց դաշտ։

Կընիկ վազեց, հավար տըվեց ժամ.
— Ձեր տուն ավերի՜, ա՛յ խալխ,— ասաց.—
Սասանա ծուռ Դավիթ էկավ,
Հարիսեն ու հացեր զամեն ժողվե՛ց, տարա՜վ։
Էնտեղ շատ մարդ զրուց կ’աներ,
Մարդու մեկ բոռբոռաց.
— Էլե՛ք, զարկե՛ք Դավթին,
Հարիսեն ձեռնեն խլեք։
Մեկ մարդ էնտեղ էր, ասաց.
— Դուք չ’էլնիք ընկնիք էնոր առջև։
Քահանան էլ ասաց.
— Մ’էրթաք, էրկու պղինձ հարիսա կա՛ դեռ կրակին,
Էն Սասունա ծառ է, մ’ է՛րթաք,
Ձեզ տի զարկի, ձեզ տի խեղի,
Մեզ էլ բենամուս տ’անի։
Ծերունի մարդ մ’ էլ էնտեղ ասաց.
— Էն Մհերի զարմի՛ց է, մ’է՛րթաք։
Թե որ կարցաք՝ էն չորս ունկանի պղինձ
Չորսով տեղից վերուք՝ գնացեք,
Թե չէ, մ’էրթաք, չէ՞ դուք խե՛ղճ եք...
Դավիթ հասավ Սիպտակ քար։
Էնտեղ պղինձ դրեց գետին,

[էջ 177]

Հարիսեն լիք լցրեց,
Եղ էն շերեփով լիք լցրեց՝
Բոռաց ընկեր նախրորդներուն.
— Արե՛ք, տղեկնե՛ր, հարիսա՛ կերեք։
Է՜յ, ինչի՞ չեք գա։

Տղեկներ ահուց ցամքած են.
Նոթեր կախած նստեր են։
Դավիթ դարձավ էնոնց, հարցուց.
— Ինչի՞ եք նոթեր կախե։
Նախրորդներեն մեկ ասաց.— Դավի՛թ,
Մենք նոթեր չը կախե՜նք, բա ո՞վ կախի,
Դու որ գնացիր՝ քեզնից էտև
Քառսուն հարամի դև էկան, զարկին,
Նախրից քառսուն տավար տարան։
Ասաց.— Բան չի՛ ըլնի, տղեկներ,
Արեք, նստեք, կուշտ մի ուտենք։
Էդ նախրորդներ ահու չը կարցան ճաշ ուտեն։
Դավիթ ասաց.— Տղեկնե՛ր,
Գիտեք թե ո՞ր տեղով տարան։
Տղեկներ Դավթին ասին.
— Հա՛։ Ա՛յ, էդա սարո՛վ զարկին, անցան վերև։

13

Դավիթ կոպալ դրեց իր թև,
Ճամփան տվեց առաջ,
Շրջվեց սարի էն մի էրես,
Էլավ սար-ձոր փնտռեց, դևեր չը գըտավ։
Դավիթ գնաց, իջավ Արքըկու տակ, Սըպղանաց մոտ,
Գնաց, հասավ սարի մի լանջ.
Տեսավ՝ քարափներու մեջեն ծուխ կը գա դուրս,
Բռնեց էդ ծուխ, գնաց.
Տեսավ, քառսուն հարամի-դև
Քառսուն կովեր բերե՝ մորթե,
Լցե քառսուն կանթեն պղինձ,
Օջախ շինե, դըրե օջախ,
Քըլքըլթալեն կէփեն։
Դավիթ վերցուց քառսուն կանթեն պղինձ,
Շրջեց էդ օջախի վերան.

[էջ 178]

Քառսուն կաշին ժողվեց, լցեց մեջ պղնձին,
Գնաց, մտավ էնոնց քարայր։
Մտավ ու ի՜նչ տեսավ.
Որն իր խալու վրա պառկե,
Որն իրեն քամար խա՛ղ կ’անի,
Որն իրեն տեղ պառկե, քնե,
Որն էլ— ուրախութե՜ն կ’անի։

Դավիթ որ էդ տեսավ՝ Դավթի աչքեր դարձան։
Դավիթ դարձավ ու էլավ դուրս,
Մեկ մեծ քար մի առավ, գրկեց,
Էկավ մտավ մեջ քարայրին,
Էդ քար դրեց քարայրի դուռ,
Որ էդոնք չ’ելնեն, չը փախչեն։
Դավիթ էդտեղ մեկ որ բոռաց,
Սարսափ թափավ հարամի դևերու վերան.
Դևերու մեծ էնոր ձեն լսեց, ասաց.
- Էլե՜ք, ծառայությո՛ւն արեք, որ չըսպանի մեզի։
Էնի Դավիթն է, էլեք վե՛ր։
Համա Դավիթ բռնեց, մեկ-մեկ էնոնց վիզ օլորեց,
Կտրեց, թալեց քարայրեն դուրս։

Դավիթ դարձավ տեսավ՝ քարայր էնպե՛ս է լիք —
Խազինա՛ է էնոնց քարայր։
Մարդու ինչ բան որ պետք կը գա՝ լի՛քն էր էդտեղ.
Տեսավ՝ էդտեղ ոսկի էրկանք...
Տեսավ կուտակ մի ոսկի՛ է, մեկէլ՝ արծաթ։
Ողջ Սասունա ապրանք, հարստություն՝
Քանի Դավթի հեր մեռեր էր՝
Էդոնք ավերությո՛ւն արած,
Բերած լցած են էդա տեղ։

14

Դավիթ իր հաբգա՛ն լցեց ոսկին, կապեց մեջքին,
Էն մորթոտած մալի կաշիք ու գըլուխներ
Լցեց մեջ էնոնց պղնձին,
Ոսկի լցրեց մեջ պղնձին,
Կոպալն անցրեց պղնձի կանթ,
Թալեց իրեն ուսի վերան,

[էջ 179]

Առավ, էկավ հարիսատեղ։
Տեսավ՝ տերտերներ նո՛ր հաց կ’օրհնեին։
Առավ պղինձ, տարավ դրեց ժամու դռան.
Տերտերոջ պա՛հ տվեց, ասաց.
— Տերտե՜ր, ճա՛շ տվեք, ես ուտեմ.
Տարածս անջախ իմ ընկեր նախրորդնե՛ր կերան։
Տերտերն ահու ասաց. — Էս տղին ձեռ չը տաք.
Համ մեր պղինձ տարավ, համ էլ դարձուց, բերեց.
Հաց է՛լ կտաք, ուտի, էլնի էրթա։

Գնաց, նստավ Դավիթ լուկ մի էդ հարիսից կերավ,
Էլավ, էկավ, դարձավ ռամկին.
Ըզյեզներու տերեր կանչեց, ասաց.
— Ձեն մի՛ հանեք, ձեզ բան տասեմ։
Եզան կաշիք հանե՛ց, թափեց.
Ամենք էկան, իրենց տավրի կաշին ճանչցան։
Դավիթ ասաց.– Ձեր մալերու ոտն ու գլուխ՝
Ձեր հարիսի՛ փոխ՝ ինչ տարա, առեք,
Էսա մեծ պղի՛նձն էլ՝ ձեր պստիկ պղնձին է փոխ.
Էս ոսկի՛ն տարեք,
Բաժին արեք՝ ձեր տավարի մսի՛ն է փոխ.
Համա կաշիք թողեք տանեն էն շիվարներ.
Հագնեն իմ հոր խերի՛ն։
Վա՜յն է էկե ձեր գլխներուն,– ասաց.–
Թե իմ աղբերներու հախից ճանկ մի կորեկ կտրեք՝
Ձեր տուն ես կ’անեմ Դավթի ավերած։
Ասին.— Ջա՛նըմ, առ քո խաթեն ու հեռացի։
Աղբերներուդ հախ չե՛նք կըտրի։
Դավիթն էլավ, էկավ հասավ աղբերներուն։
Էկավ տեսավ հալա հարիսան չե՛ն կերե,
Հալա նստած են՝ նոթեր կիտած։
Ասաց.— Աղբերներ, հարի ե՞րբ նոթեր կիտեք,
Դարդ կ’անեք, որ աղ չե՞մ բերե.
Էլեք, կերեք էդ հարիսան,
Գացեք իրիկուն, աղն էլ ձեր տուն կերեք.
Ասին.— Դավիթ, բա ի՞նչ անենք.
Էդ եզներու տերերուն ի՞նչ պատասխան տանք։
Ասաց.– Տարե, եզան կաշին տերվըտեր եմ արե։
Ու թամբահ եմ արե,
Որ ձեր հախից ճանգ մի կորե՛կ էլ չը կտրեն.

[էջ 180]

Թե որ կոտրեն, ինձի ասե՛ք,
Կ’էրթամ, էնոնց տներ կ՛անեմ Դավթի ավերած։
Նոր էդ նախրորդներու չանեք բացվավ,
Կարցան հարիսան ուտեն։
Որ կերան, Դավիթ ասաց.
— Էլեք, տավար ջոկեք, ես տէրթամ տուն,
Ասին.— Դեռ կեսօր է, Դավիթ։

Դավիթ յոթ հարամու ականջ տվեց էնոնց,
Ասաց.— Գընացեք գեղ, ասեք,
Թող զջորիք առնեն,
Գան էդ ապրանք տանեն։
Նախրորդներ վազեցին գեղ, ասին.
— Էլե՛ք, գընացեք, դևեր զքառսուն եզ մորթեր են.
Դավիթ զքառսուն հարամի դև սպանե՜ր է,
Կ’ասի՝ թող գա՛ն, ապրանք տանե՛ն։
Գեղականներ ասին.– Դուք սուտ կ’ասեք։
Տղեկներ ասին.
— Թե սուտ էղավ՝ զմեր ականջ կտրեք։

15

Ինք, Դավիթ էլավ,
Նախիր խառնեց առաջ,
Քշեց, էկավ Դաշտու Պադրիալ, ասաց.
— Առեք ձեր տավար, ձեր նախիր.
Ձեր նախիր չե՛մ պահի։
Թողեց, գնաց Սասուն, իր տուն։
Էկավ, հասավ Քեռի Թորոսի օդեն,
Մտավ, բարև՛ էտու, հարցուց.— Քեռի,
Մեր տուն քանի՞ մարդ ենք։
Ասաց.— Լաո, քեզնով քառսո՛ւն մարդ ենք։
Ասաց.— Քեռի՛, օղորմի քո պապուն,
Մեր տուն քանի՞ տղամարդ ենք։
Ասաց.— Տըղա, լա՛ո, չէ՞ որ ասի,
Աստված քեզի վերու,
Քեզնով քառսո՛ւն կը թամամենք։
— Էդ լավ,— ասաց.— Բա մենք քանի՞ ջվալ ունենք։
Ասաց.— Աստված քո արև սպանի,
Քո ջվալով քառսո՛ւն ջվալ ունենք, ի՞նչ կ’ուզես։

[էջ 181]

Դավիթ ասաց.– Քեռի ջան, դու մի՛ նեղանա.
Էլի՜ր, մարդոց խաբար արա,
Ջվալ առնեն՝ էրթանք ոսկի բերենք։
— Դե, դե՛,— ասաց.— Շա՛նորդի ծուռ,
Կորեկ չը բերիր՝ ոսկի՞ բերես։
Ասաց.— Քեռի՛, էլե՛ք, էլե՛ք,
Շա՛տ կ’աղաչեմ, էլեք էրթանք,
Աշխարքի մալ-խազինեն ամեն տամ ձեզ.
Էդ էրեսունինը մարդ ինձ հետ թող գա, էրթանք։
Թե էրեսունին ջվալ ոսկի-արծաթ բերենք՝
Զաթի մեր մալն է՝ կը բերենք, կ’ուտենք։
Թե չը բերի՛՝ դուք էրեսունինը մարդ
Ինձ ըսպանեք, էլեք, էկեք ձեր տուն։
Քեռի Թորոս սուտ խոսելուց կը խրտըներ։
Ասաց.— Տղե՛ք, էլեք էրթա՛նք.
Որ սուտ էղավ՝ զԴավիթ կը սպանենք։
Էդ վախտ Դավիթ իրա մեջքեն քանդեց հաբգան,
Թափեց ոսկին Քեռու առջև։
Քեռին ոսկին տեսավ՝— Վա՜յ, Դավիթ ջան,— ասաց.
— Քո գլխուն, արևո՛ւն մեռնեմ,
Դու հարամի դևեր ըսպաներ ես...
Բռնեց Դավթի էրեսներ պագեց։

Էլան, առան ջորիք, էլան էրսունինն էլ կանգնան.
Առան էրսունինը ջվալ,
Ձենով Հովան ու Վերգոն էլ
Առան ամեն մեկ-մեկ ջվալ,
Ընկան Դավթի հետև, գնացին...
Դավիթ գնա՛ց, գնա՛ց.
Գնաց հասավ Սիպտակ Քար։

Էնտեղեն էլավ քարայր։
Էնոնք տեսան դևեր ընկած են այրի դուռ,
Ուռած, էղած են ամեն մեկ քանց Պող Բլուր։
Ցռան Վերգոն՝ վախցավ,
Իրան ջորին մեկէլ ջորիներուց պրծուց, փախավ։
Ուրիշներ էլ, դևի ջանդաք, գլուխ որ տեսան՝
Մեկ-մեկու հետևեն կ’ուզեն փախնեն։
Դավիթ դարձավ, բոռաց.— Հեյ-հե՛յ,
Տնավերնե՜ր, ո՞ւր կը փախնեք, ըսպանե՛ր եմ.

[էջ 182]

Ասաց.— Թե չե՛ք հավատա ինձ
Դարձեք, ձեր էտև նայեք.
Էնոնց ականջ կտրե, լցրեր եմ էդատեղ։
Դարձան, էդ ականջներ տեսան,
Ջորիներն առան, էկան դեհ էն քարայր։
Քարայրի բերնից Դավիթ էն ժայռ վերցուց, քցեց,
Առավ Քեռի Թորոս, Ձենով Հովան, Վերգո,
Մըտավ մեջ քարայրին։
Էնոնք ինչ որ տեսան էդա ոսկի՛ն, ապրա՛նք,
Ուրախութնեն էնոնց ոտներ գետնեն կտրավ։
Ինչ կա՜ր, չկա՛ր ժողովեցին,
Ոսկիք լցրին ջվալներ,
Ոսկի էրկանք, ամեն ապրա՛նք,
Բե՛ռ բեռնեցին, ջորիք բարձին,
Տարան իրենց տներ։

Էդ ամեն լցրին Սասնու ամբարներ։
Սասուն էնպե՛ս էղավ, որ կը ճըճեր։

Դավիթ իր համար մենակ ձի մի առավ քարայրեն։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice