ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 95]

ՃՅՈՒՂ ԵՐԿՐՈՐԴ

ՄԵԾ ՄՀԵՐ

[էջ 96]

1

Դառնամ, զօղորմին տի տամ
Դեղձուն Ճուղ-Ծամին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօղորմին տի տամ
Քեռի Թորոսին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօզորմին տի տամ
Ձենով Հովանին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօղորմին տի տամ
էն Ջոջ Մհեոին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօղորմին տի տամ
Արմաղանին,— հազա՜ր օղորմի.
Դառնամ, զօղորմին տի տամ
Իսմիլ խաթունին,— տի տա՛մ օղորմի։

[ներդիր]

Դավիթը մտավ ոսկու զարզամբին

Դավիթը մտավ ոսկու զարզամբին

[էջ 97]

ՄԱՍՆ Ա

ՄՀԵՐԸ ԽՆԱՄՈՒՄ է ՍԱՍՈԻՆԸ

2

Սանասարի մահից հետո Ձենով Հովան ասաց.
— Սասուն քե՛ կը հասնի, վերգո,
Դո՛ւ ես մեր ջոջ աղբեր։
— Հե՞,— ասաց Վերգո.— ես չեմ կարնա կառավարի,
Ճողված եմ վաղվընե.
Օր մի, Սանասարի գուրզ վերուցի, թալի,
Էնոր զոռեն ճողվա։
Վերջը նստան, խորհուրդ արին.
Քանի տղեք պստիկ էին,
Ասին.— Թողնենք Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն կառավարի՝
Չուրի տղեք մեծնան։
Դեղձուն Ճուղ-Ծամ հեծավ Քուռկիկ Ջալալուն,
Գնաց սարեր ֆըռա,
Չունքի շատո՛ւնց էր, որ դուրս չէր էլե տնեն։
Մարդ տի էն գախ թամաշ աներ զինք ու իր ձին։
Սադափե Թամք դրե ձիու վերան,
Պողպատե Սանձ դրե ձիու բերան,
Հագե էրկաթե զրահ, պողպատե սոլ,
Բռնե ի ձեռ Սանասարի թոփուզ,
Կախլան էլ կապեր էր քամակ։
Էլավ, քշեց չուր սարեր մեկ։
Էսպես քանի մ’ տարի Դեղձուն կառավարեց։

[էջ 98]

3

Բաղդադու Խալիֆային մոտիկ մա՛րդ մի կար.
Մըսրա Մելիք անունով մա՛րդ մի կար։
Մըսըր էնոր ձեռն էր– Մելիք Մըսըր կը նստեր։
Էն իմացավ Սանասարի մեռնել,
Էլավ, էկավ վեր Սասնա,
Խարջ ու խարաջ կապեց Սասնա քաղքին.
Տարին քառսուն անծին էրինջ,
Տարին քառսուն կոտ ոսկի,
Տարին քառսուն ազապ աղջիկ կ’առներ։
Քանի մի տարի Սասուն Մելքին խարջդար էղավ։

4

Երբ որ Մհեր էկավ-էղավ յոթ տարեկան,
Յոթ շենք էղավ իր բոյ։
Էնոր վանք—վարժատուն դրին.
Քիչ մի սորվավ, շնորհքով լցվավ,
Օր մէլ իր մոր ասաց.
— Մարե՛, հերիք էսպես մնամ.
Հրաման տու ինձ՝ էրթամ սարեր, քարեր շրջեմ,
Գազան ու հավք զարկեմ,
Մարդերու շարք մտնեմ։
Քառսուն-Ճուղ-Ծամ ասաց.— Մհեր,
Պստիկ ես, չես կարնա գնա,
Քանի մի տարի համբերե։
Ամա Մհեր ասաց.— Մարե՜,
Քանի մեր տուն դեռ մարդ չկա՝
Դևեր մեր տան վերա տի գան, վնաս տի տան։
Աղեկ է, որ հիմիկվանե պատրաստ ըլնեմ՝
Թըշնամու դե՛մ կայնեմ։
Դեղձուն Ճուղ-Ծամ տեսավ՝ չի կարնա վեր տղուն,
Հրաման էտուր։
Էդ ժամանակ Մհեր գնաց որսի.
Կը պտտվեր սար ու դաշտեր,
Ցերեկ կ’էրթար՝ որս անելու,
Գիշեր կը գար՝ իր տեղ կը քներ։
Ոտքով կ’էրթար կը գար—ձի-բան չըկար։
Օր մի Մհեր շատ էր լարե,

[էջ 99]

Աղվեսներու հետև շատ էր վազե,
Էլ չըկարցեր էր բան բռնի։
Իրիկուն էկավ հերսոտ, դադրած,
Իր ձեռաց փետ թալեց գետին։
Քեռին հարցուց.— Տըղա, հորի՞ ես հերսոտե։
Մհեր ասաց.—Քեռի Թորոս,
Անտե՛ր մնա էդ տեսակ որս,
Էս մեկ օր ես շա՛տ եմ վազե,
Էս մեկ օր ես շա՛տ եմ լարե...
Գազաններ որ կան՝ կը փախնեն,
Չեմ կարնա հասնի լարելով.
Հեռվանց նետ-աղեղ կը թալեմ՝
Չի՛ հասնի, դարդակ կը դառնամ։
Ա՜խ, քեռի, իմա՜լ կը դադրեմ...
Ինք որ մարմնով ծանրացեր էր՝ վատ կը վազեր.
Որ կը վազեր՝ չոքերեն հետ հող կը խրվեր։
Քեռին ասաց.— Դու, իմկընի՛, Սասունա ծուռ,
Սասունցիք բոլոր ծո՞ւռ տըլնեն.
Ախար մարդ էլ ոտքո՜վ վազի։
Ջանավարներ ձեռքո՞վ բռնի։
— Հապա՞, քեռի,— ասաց Մհեր— ինչպե՞ս անեմ։
Մհերի մեր վերցուց, ասաց.— Տղաս, Մհեր,
Գորգիկ իշխան մի կա Բիթլիս քաղաք,
Հրեղեն ձիեր շատ կա էնոր. ինքն էլ մեզ բարեկամ,
Էլիր գընա իր մոտ։
Հոգին չ’էլնի, գընա, քեզ ձի՛ մի առ, հեծիր։
Առ, բեր, ձի՛ով գնա որսի։
Մհեր ասաց.— Նանե, մեկ-էրկու հաց պահե,
Լուսուն պիտի էլնեմ էրթա՛մ,
Էրթա՛մ պիտի Բիթլիս քաղաք։

5

Լուսուն Մհեր էլավ,
Առավ էրկու կորեկի հաց—դրավ գոտին,
Ծառ մի քաշեց՝ դրավ ուսին, ընկավ ճամփա.
— Բիթլիսու դաշտ, ո՞ւր ես հապա, եկա՛ քեզի։
Գնաց իջավ Մառընկա դաշտ,
Գնաց հասավ Բիթլիս քաղաք.
Մըտավ թաղի գըլուխ։

[էջ 100]

Ջահել տղեք կը խաղային թաղի գըլուխ։
Ջահել տղեք տեսան՝
Մարդ մի կը գա—խոշո՛ր մարդ մի—
Դրած ուսին խոշոր ծառ մի,
Խոշոր գերան, որ կը թալեն կտրի վերան։
Տղեկներ որ էդ մարդ տեսան, ասին.
— Իդա հըմլա էլ մա՞րդ կ’ըլնի,
Գերան դրե ուսին, կ’էրթա։
Մհեր հասավ էնոնց, հարցուց.
— Տղեկներ, Գորգիկ իշխանի տուն ո՞ր մեկն է։
Տղեք թափվան էնոր բոլոր՝ ասին.
— Արի տանենք քեզի Գորգիկ իշխանի տուն։
Առան բերին Գորգիկի դուռ։
Մհեր իր փետ դրեց գետին ու մտավ ներս։
Տեսավ՝ Գորգիկ իշխան նստուկ է իր սենեկ,
Իր իշխաններ շուրջ բոլորած՝ զրուց կանեն։
Մհեր բարև տվեց։
Գորգիկ իշխան էնոր բա՛րև չա՛ռավ.
Մհեր տեսավ, որ էն վերն է նստուկ, ասաց.
— Կըլնի-չըլնի, է՛դ է Գորգիկ իշխան։
Մհեր գնաց, բռնեց էնոր թևեն,
Վերցուց, կանգնեցուց իր տեղեն,
Քիչ մի իշխանի թև քամեց։
Գորգիկ գիտցավ՝ իր թև կոտրեց յոթը տեղով։
Դարձավ, ասաց.— Տո, կտրիճ, հո՞ւստ ես դու։
Մհեր ասաց.— Սասնեցի՛ եմ։
— Ո՞ր մեկի որդին ես, տըղաս։
Ասաց.—Սանասարի՛։
Գորգիկ ասաց.— Ա՜խ, դու բարո՛վ էկար, տըղա՜ս,
Ա՛խ, դու հազա՛ր բարով էկար...
Գորգիկ կեղծավորութեն արավ.
Էն Մհերի ուժ որ տեսավ՝ .
Ուզեց Մհերի սիրտ շահի,
Ասաց.— Հաց բերեք տըղին։

Մհեր նստավ, հանգստացավ,
Իր հաց կերավ, պրծավ։
Ու նոր Գորգիկ հարցուց.— Անունդ ի՞նչ է, տղաս։
Տղան ասաց.— Մհեր։
— Մհե՛ր, տըղա՛ս, իմա՞լ էղավ,

[էջ 101]

Որ դու դե՞մ էկել ես ինձի։
Ասաց.— Քեռի, էնպես մարմնես ծանրացեր եմ՝
Երբ որ սարեր որսի կէլնեմ՝
Չեմ կա՛րնա գել-գազաններու հետն, հասնեմ.
Կը փախնե՜ն, կ’ազատվե՛ն ձեռքես։
Էկա՝ որ ձի՛ մի տաս՝
Հեծնեմ, ձիո՛վ էրթամ որսի։
Կը տաս՝ դե տուր, չե՞ս տա՝ հիմիկ կ’էլնեմ կ’էրթամ:

Գորգիկ դարձավ, ասաց.
— Մհե՛ր ջան, արևո՛ւդ մեռնիմ,
Ուզածդ ձի մի չէ՞,
Տա՛ս ձի քեզի մատաղ ըլնի։
Քառսուն ձի կա գոմըն կապուկ.
Քառսունից ո՛ր մեկ հավնեցիր՝
Էն էլ ա՛ռ, տար քեզի, հեծի՛ր։

6

Էդ իրիկուն քնան, առավոտուն էլան.
Առավոտուն որ էլա՛ն, հաց բերին.
Հաց որ կերան, պրծան,
Գորգիկ մշակին կանչեց, ասաց.
- Մըշակ, կը տանես իմ Մհեր, շանց կը տաս թալվեն
Զիերու միջեն ո՛ր մեկ ձի Մհեր սրտով կը հավնի,
Կը տաս թող տանի...
Մհեր մշակի հետ գնաց թավլեն.
Տեսավ, ի՞նչ տեսնի.
Քըսան ձին մե՛կ շարքին կապուկ,
Քըսան մեկէ՛լ շարքին կապուկ —
Քառսունն էլ՝ սադափե թամքով՝
Քառսունն էլ՝ պողպատե սանձով։
Մըշակն ասաց.— Մհ՛եր ջան, ես մեռնի՛մ քեզի
Ո՛ր մեկ ձին որ սիրտդ կուզի՝ քաշի ու տար։
Մհերն անցավ էդ ձիերու էրկու շարքով՝
Ո՛ր մեկ ձիու մեջքին զարկեց,
Ձին, փոր գետին առավ, կըզեց։
Քառսուն ձին էլ փորձեց Մհեր՝

[էջ 102]

Դարձավ, ասաց.– Ինձ պետքական ձի՛ մի չկա։
Էդոնք ես տանեմ՝ ի՞նչ անեմ։
Իմ ձեռ, որի մեջքին զարկի՝
Ամենի փոր իջավ գետին.
Իմ տակ կը դիմանա՞ն ըսկի։

Մհեր էկավ, որ դուրս էլնի դռնեն՝
Մեկ էլ տեսավ՝ գոմի միջին,
Էրկու տարվա կլոր, փռչոտ,
Պստիկ քուռակ կը վազվրտեր։
Մհեր միտ վե՛ ասաց.
— Ինձի պետքական ձի չըկա.
Կայնի՝ գոփ մի զարկեմ քուռկին,
Քուռակ փետնա—էլնեմ՝ էրթամ։
Էդ է՛լ ինձ մեկ անուն կըլնի։
Ասաց, գոփ մի զարկեց քուռկի մեջքին։
Էդ գոփ քսվավ քուռկի գավկին։
Քուռակ թռավ, զտաս ձի կտրեց,
Ջուխտ մի քացի էզարկ պատին.
Թե Մհերի՛ն առներ քացին,
ԸզՄհեր կը թալեր Սասուն։
Քըսվավ քացին թրքընոցի քարին
Ու քար կրակ տվավ։ Մհեր ասաց.
— Խա՜չ, թե ինձի վերցնո՛ղ կա՝ էդ քուռա՛կն է.
Վերցնող չըկա՝ էդ քուռակն է։
Ախր ես իմ ուժ լա՛վ գիտեմ։
Զարկ որ զարկի՝ քուռակ իր տեղը տի փետնար։
Կէրթամ՝ թե զէդ քուռակ տվե՜ց—կը տանեմ.
Չըտվեց՝ զաթի թողնեմ— կ’էրթամ։

7

Մհեր էլավ, էկավ սենեկ, նստավ։
Գորգիկ իշխան հարցուց.
—Մհեր ջան, ո՞ր ձիուն հավնար։
Ասաց.— Գորգիկ իշխան, քո ձիաներ
Քեզի թող բումբառաք ըլնեն.
Ես չեմ ուզի ձիերուդ տեղ խոռեմ.
Կը տա՛ս՝ փռչոտ քուռա՛կն ինձ տուր.
Որ էդ քուռակ չըտաս՝

[էջ 103]

Զաթի թողնեմ, կ’էրթամ մեր տուն։
Քեռին ասաց.— Մհե՛ր, տըղա՛ս, ախըր ամո՛թ է.
Ախր ես Գորգիկ իշխա՛նն եմ,
Էդ քուռակն ի՜նչ է, որ տանես։
Մարդեր տ’ասեն.— Սանասարի տղան էկավ,
Գորգիկ իշխան խնայեց խորոտ ձի տար նվեր։
Մհերն ասաց.– Չէ՛, քեռի, չէ՛,
Էն քուռա՛կն եմ քեզնե ուզե.
Կը տաս՝ հո կը տանեմ—
Չըտաս՝ կը թողնեմ, կ’էրթամ։
Գորգիկ իշխան ասաց.
— Տըղա, դե, դո՛ւ գինաս,
Հո զոռովեն չըլնի, դե դո՛ւ գինա՛ս,
Որ կը տանես՝ զէդ քուռակ, տար։

Մըշակ գնաց, պախուց դրեց քուռակի վիզ,
Դռմեն զէդ քուռակ հանեց դուրս,
Պախուց տվեց Մհերի ձեռ։
Մհեր քաշեց՝ քուռակ տեսնի,
Տեսավ՝ քուռակ չ’էրթա։
Պարան ուզեց—բերին։
Բռնեց քուռկի չորս ոտ ամուր կապեց իրուր,
Գերան մտուց մեջ ոտներուն,
Վերցուց, դրեց ուսին, ասաց.
— Քեռի՛, դե մնացի՜ր բարով,
Աստված քո տուն թող շեն պահի։
Վեր էլավ Մհեր, ընկավ ճամփա։
— Ո՞ւր ես, Սասուն, էկա քեզի...
Բիթլիս քաղքի ճժեր, մարդեր սատանա են.
Հավաքվեցին շուրջ Մհերին,
Հու-հու կանեն, բու-բու կանեն,
Կծաղրեն, որ մարդ շալկեր է ձի — կը տանի։
Մհեր էդ ծաղրին տեր չեղավ,
Էլավ, էկավ, հասավ Սասուն։

8

Քեռի Թորոս տեսավ Մհեր կը գա՝
Քուռակն էնպես ուսին դրած։
Ասաց.— Տըղա՜, փրչոտ քուռակն

[էջ 104]

Անջա՞խ առար էն Գորգիկից—
Չըկարցար խորոտ ձի մ’առնես։
Մհերն ասաց.— Քեռի՛,
Ճի՛շտ էր, ինչ կ’ասեիր.
Գորգիկ իշխան ուներ կապուկ քառսուն ձի.
Անտերներու ո՛ր մեկին որ ձեռ կպցուցի՝
Կըզավ, իր փոր զարկեց գետին։
Պետքական ձի մի չըկար մեջ։
Ասաց.— Քեռի, գոփ մի զարկի՝
Էդ քուռակի գավկին քսվավ.
Քուռակ թռավ, տաս ձին կտրեց,
Ջուխտ մի քացի զարկեց թրքնոցի քարին—
Թրքնոցի քար կըրակ տվավ։
Քեռին ասաց.— Որ էդպե՛ս է,
Էդ քուռակ բե՛ր, հրեղեն է։
Էդ քուռակ ես լա՛վ մի պահեմ,
Իրեք ամիս որ լրանա՝ նոր կը հեծնես։

Քեռի Թորոս պայտար էր—ձի լավ կճանչնար։
Առավ, իրեք ամիս պահեց,
Քուռակն իր տեղն առավ,
Ու նոր տվավ՝ Մհեր հեծնի։

Մհեր որ Էղավ ձիավոր՝
Սասուն ոտի տակ տվավ.
Ու կը հեծներ զուր ձին,
Ինչքան ջին-ջանավար ըլներ, կը բռներ,
Կը բերեր էդ իր որս՝
Սասունցոց վերան կը ցրվեր։
Յոթ տարի Սասուն պահեց որսով։

9

Էղավ մեկ օր՝ որ Սասնա մեջ
Հացի մեծ թանկություն ընկավ.
Մհեր տասնհինգ տարեկան էր։
Ժողովուրդն էլավ, էկավ լցվավ Մհերի դուռ,
Ասաց.— Մհեր, աստծո՛ւ սիրուն,
Մենք սովամահ տի կոտորվենք,
Արի մեզի ճա՛ր մի գտի։

[էջ 105]

Մհեր ասաց.— Ես չե՛մ գիդի.
Էրթամ քեռուն ասեմ.
Էնի թ’ գիտնա՝ էս թանկություն ինչի՜ց կըլնի:

Էլավ, գնաց քեռուն,
Ասաց.— Քեռի, թանկությո՛ւն է.
Կարնա՞ս մեզի ճար մի գտի։
Քեռին ասաց.— Մհեր, որդի,
Ի՞նչ ճար գտնեմ, էրկիր հաց չըմնաց։
Թե հաց ըլնի՝ քո հոր ամբարներ տի ըլնի։
Մհեր հարցուց.– Ինչի՞ց է՝ հաց չըկա.
Կարկու՞տ զարկե, քամի՞ն քաղե,
Տո՞թն է տվե...
Քեռին ասաց.— Չէ՛, էդուց չէ։
Մեր էրկիր վար ու ցանք քիչ է.
Էծ կը պահենք, տավար ու էշ,
Մեր հաց Շամա, Հալեպա կըգար.

Չէ, մեկ առյուծ է լուս ընկե.
Երբ սար չութի էրթանք՝ մեզ կո՛ւլ կը տա։
Ճամփան կտրեց ճամփորդներեն.
Գալող ու էրթացող հատավ.
Մարդ չի կարնա ճամփա էրթա՝
Շամից էստեղ, էստեղից Շամ.
Էդո՛ր համար հացի պակաս
Ու թանկություն ընկավ աշխարք։
Մհերն ասաց.–Քեռի՛,
Առյուծն ի՞նչ է. իմա՞լ առյուծ։
Ասաց.— Գազաններու ջո՛ջն է առյուծ, մարդիկ կ’ուտի:

Մհեր հարցուց.— Հեռվա՞նց կ’ուտի,
Թե՝ մոտենաս, ու նոր կուտի։
Քեռին թե՝ մոտենաս ու նոր։
Մհերն ասաց.— Էդպե՛ս է՝ ես լուսուն կ’էրթամ։
Քեռին ասաց.— Որդի, չ’էրթաս, քեզ կը ջարդի
Ականջ չարավ, գնաց։
Առավոտուն վիր ոտ-որ ուզանգուն հասավ,
Ամե՛ն, ինչքան ձի հեծնող կար՝
Հեծան՝ Մհերի հետ գնացին։

[էջ 106]

Գնացին էն առյուծին։
Առյուծ տեսավ՝ մա՛րդ մի կը գա՝
Էլավ, էկավ իրեն տեղեն։
Պոչը գետին կը տփտփեր.
Թոզ ու դուման կը բարձրացներ.
Էլավ՝ էկավ Մհերի դեմ։
Մհեր ասաց իրեն զորքին.
— Էդ ի՞նչ է, որ մեր դեմ կըգա։
Ասին.— Առյուծ է՛դ է, որ կա։
Ասաց.— Ո՛վ որ էդ առյուծին թրով զարկեց՝
Ես կը թողնեմ առյուծն իր տեղ,
Ետ կը դառնամ էնոր վերան ու կը սպանեմ զէնի։
Դարձավ, ասաց.— Առյուծի մեր
Աստված կանչեց՝ ծնավ էնոր.
Իմ մե՛րն էլ ինձ, աստված կանչեց, էնպե՛ս ծնավ.
Ես իմ ասպապը տի հանեմ,
Կուշտի՛ կպնեմ առյուծի հետ։
Մհերի հետ գնացած մարդիկ հեռու կանգնան.
Մհեր մենակ գնաց։
Գնաց, ինք ու առյուծ առան իրար։
Մհեր կանչեց.— Հացն ու գինին, տեր կենդանին։
Կանչեց, մի ձեռ թալեց էդ առյուծի վերի՛ ծնոտ,
Մյուս ձեռ թալեց ներքի՛ ծնոտ,
Ճղեց էդ առյուծ մեջտեղեն,
Արե՛ց էնոր էրկու կտոր։
Մեկ դրեց ճամփու էս դին, մեկէլ՝ էն դին։

Իր հետ գնացած մարդեր էկան,
Կայնան Մհերի մոտ։
Մեկ մարդ էլ շուտ խաբար հասցուց Սասուն,
Մհերի մոր, թե.— Աչքդ լուս ըլնի,
Մհերն առյո՛ւծ սպանեց։
Չուր հիմիկ Մհեր էր,
Հիմիկվնե հետ էղավ Առյուծաձև Մհեր։

Մհեր դարձավ, էկավ Սասուն։
Ու սասնեցիք էդ ժամանակ
Էկան Մհերի դուռ, ասին.
— Էստուց հետև մեր տեր դո՛ւն ես,
Մեզի կառավարի։

[էջ 107]

Երբ սասնեցիք Մհեր արին կառավարող՝
Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն տվեց էնոր
Քուռկիկ Ջալալին,
Թուր Կեծակին,
Գուտն զրեհին,
Գոտին ի մեջքին,
Կապան ղադիֆեն։
Հեծավ Մհեր Քուռկիկ Ջալալին,
Առավ ի ձեռ Թուր Կեծակին,
Շրջեց իր հոր հողեր։
Ու թշնամիք կորագլուխ էլան էնոր առջև։

10

Մնաց։ Օր մի Քեռի Թորոս, իշխան մարդեր
Ժողվան, նստան Դեղձուն-Ծամի սենեկ, ասին.
— Սանասարի տղեն հորի՞ չես կարգի դու։
Խորհուրդ արին։
Լուսուն Քեռի Թորոս, Հովան ու կտրիճներ
Ամեն ձի մի հեծան,
Ընկան ճամփա, գնացին։
Գնացին Մելքոն թագավորին։
Մելքոն թագավոր հարցուց.
— Ապա ինչի՞ էկեր եք դեմ ինձի։
Քեռի Թորոս ասաց.— Թագավոր,
Էկեր ենք՝ գործ աջողեցուս։
— Ի՞նչ գործ,— հարցուց։
Քեռի Թորոս ասաց.
— Թագավոր, քաղքեն ըլնի, գեղեն ըլնի,
Մեկ լավ աղջիկ գտնես,
Տանենք, պսակենք Մհերի վերան։
Մելքոն ասաց.— Էլեք էրթանք Մանաձկերտ,
Թևաթորոսի աղջիկ՝ Արմաղան ուզենք Մհերին։

Էլան Մելքոն թագավոր ու վազիրներ,
Էլան Քեռի Թորոս ու կտրիճներ,
Գնացին Մանաձկերտու բերդ։
Մանաձկերտու բերդ Թևաթորոս կա.
Կայնան Թևաթորոսի դուռ
Ու հարցուցին, թե.— Թևաթորոս տա՞նն է։
Ասին.— Թևաթորոս գնացեր է Վան։

[էջ 108]

Ագրատգահ գնացին վան
Ու հարցուցին.— Թևաթորոս հո՞դ է։
Ասին.— Չէ՛, բերդի հիմ թալեց,
Իր հաց կերավ, գնաց Արզրում։
Գնացին կեսավուր Արզրում
Ու հարցուցին էնտեղ.— Թևաթորոս հո՞դ է։
Ասին.– Բերդի հիմ թալեց,
Կեսօր կերավ ու գնաց Կարս։
Գնացին ի Կարս։— Թևաթորոս հո՞դ է։
Ասին. — Բերդի հիմ թալեց,
Հրամեն կերավ ու գնաց բերդ Մանաձկերտու։
Էկան նորեն հասան Մանաձկերտու բերդ։
Համբավ տարան Թևաթորոսին,
Ասին, թե.— Մելքոն թագավոր,
Քեռի Թորոս, Հովան ու կտրիճներ
Կո, հյուր կը գան քեզի։

Էն էլ— մարդ ուղարկեց առաջ, առավ, գընաց։
Իշխանների տեղ ջո՛կ սարքեց,
Կտրիճների տեղ ջոկ։
Էկան, նստան ու հաց կերան.
Հաց որ կերան, պրծան, հաց վերուցին,
Թևաթորոս հարցուց Մելքոն թագավորին.
— Է՜, թագավոր, բարով էկաք,
Ի՞նչ գործ պատահավ, որ էկաք։
— Հապա, էկեր ենք քո օջախ,
Հետ քո խնամություն անենք։
— Ի՞նչ խնամություն է,— ասաց։
Ասին.— Քո աղջիկ, Արմաղան,
Մեր Մհերին տի տաս։
Ասաց.— Մհեր ո՞րիդ տղան է։
Ասին.— Սանասարի՛ տղան է։
Ասաց.— Մելքոն, Քեռի Թորոս, Հովան,
Երբ որ դուք էկեր եք ինձի՝
Աղջիկ իմ կը տայի ձեզի փեշքեշ,
Ամա կըլնի էս յոթ տարի
Արմաղան Խլաթի տեր, Սիպտակ Դևն տարե գերի,
Թե գերութենե ազատ անի— Արմաղան Մհերին հալալ։

Էսոնք էս զրուց թող անեն՝
Մենք խաբար տանք Սիպտակ Դևեն։

[էջ 109]

11

Էդ ժամանակ Սիպտակ Դև Խըլաթ թագավոր էր.
Էսեր էր, որ Մհերի պատիվ
Օրեօր շատ կը բարձրանա մեջ աշխարքին։
Ասաց.— Օր մը չէ, օր մըլնի
Մհեր ինձի վնաս տի տա.
Խըլաթ պիտի առնի։
Ու Սիպտակ Դև էլավ, թուղթ մի գրեց,
Տվեց Քամի փահլևանին,
Քամին էդ թուղթ տարավ Սասուն։

Մհեր էդ օր էլեր էր սար՝ որսի.
Մեկ էլ էդ փահլևան Քամին
Էնոր առաջն էլավ, ասաց.
— Օհո՛... բարո՛վ, բարո՛վ, Մհեր,
Էնչափ արդեն դու ջոջացար,
Որ կը գաս սար ո՞րս անելու։
Գիտցած ըլնես՝ որ Սիպտակ Դև քեզ կը կանչի կռիվ։
Էն թուղթ տվեց Մհերի ձեռ.
Մեջ թղթին գրուկ էր.
— Արի ինձ հետ կռիվ։
Մհեր զթուղթ առավ, ասաց.
— Աղեկ, պատրա՛ստ կաց, կո, էկա։
Թուղթ բերող դև ասաց.
Մհեր, խնդիր ունեմ.
Դու բախտ տաս ինձ, որ ինչ ասեմ՝ անես։
Մհեր պատասխանեց.– Իմ տված խոսք– խո՛սք է.
Թե դուք դև եք,
Մենք էլ Սասնա կտրիճ փահլևան ենք։
Մեզ սուտ, չկա. ասա, ի՞նչ կուզես։
Ասաց.— Գիտցած ըլնես,
Մենք Սիպտակ Դևըն չենք սիրի.
Կուզենք՝ գաս, ըսպանես.
Ու ազատվենք էնոր ձեռեն։
Մհեր ասաց.— Աղեկ։
Մհեր ետ դարձավ տուն,
Մոր ձեռ պագեց,
Ասաց.— Գիտցած ըլնես,
Սիպտակ Դև գիր մի ուղարկե՝

[էջ 110]

Ինձ կը կանչե կռիվ։
Քառսուն-Ճուղ-Ծամ Դեղձուն ասաց.
— Մեռնե՛մ քեզի, դուն տըղա ես.
Իր հետ ինչպե՞ս կարնաս կռվի։
Էն ամեն թագավորներեն զորընդեղ է.
Էնոր վերան թուր չի բանի։
Մհեր, դու քիչ մի համբերի,
Չուր մեծանաս ու նոր էրթաս կռիվ։
Ասաց.—Մարե, համբերելն աղեկ է,
Ամա ես խոսք տվի Դևին, տ’էրթամ։
Քառսուն-Ճուղ-Ծամ ասաց.— Աղեկ,
Գընա, ամա էս իմ խրատ լսի–
Դու Քուռկիկ Ջալալին հեծիր,—
Գիտնա՛ս՝ Սանասարի ձին է,
Ամեն շնորհքներով լեցուն,—
Սանասարի զրահ հագիր,
Պողպատ ջզմեն քաշիր քո ոտք,
Էրկաթե գուտն դիր քո գլուխ,
Նետն-աղեղ ու կախլան քամակըդ առ,
Զգուրզ բռնի քո ձեռ,
Կապի Թուր Կեծակին, քըշի։
Էդ խրատներ առնելուն պես,
Մհեր շուտ մի հագավ իր հոր զենք ու զրահ,
Թռավ Քուռկիկ Ջալալու քամակ, քշեց։

Քշեց Մհեր էտա տեղեն,
Գնաց հասավ Սիպտակ Դնի յայլան,
Մեկ բարձրիկ սարի մի գլուխ։
Ժամանակ գարուն էր.
Սար հազար ծաղկունքով, ավելուկով լեցուն էր։
Էն ժամանակ Սիպտակ Դևըն իր մարդերով
Յայլա էին էկած էդ սար։

12

Մհեր մինչև հասավ էդ տեղ՝ էնոր ծարավ բռնեց.
Ընկավ սար-ձոր՝ աղբուր գտնի.
Մեկ էլ տեսավ՝ երկու դև-աժդահա
Աղբրի մ’ վերա, գոմշու տիկ մի ջրով լցե՝
Կայներ էին էդտեղ։

[էջ 111]

Մհեր էնոնց բարև էտու, ասաց.
— Կը թողնե՞ք աղբրից պուտիկ մի ջուր խմեմ։
Դևեր ասին.— Էսա ադբուր Սիպտակ Դևի ադբուր կ’ասեն.
Էնորեն զատ՝ հրաման չկա
Մարդ ջուր խըմի էսա աղբրից։
Մհեր ասաց.— Աղբե՛ր ջան,
Ձեղի խնդիր կանեմ—պուտիկ ըմ ջուր տվեք ինձի,
Խըմեմ, էրթամ ճամփա։
— Չէ, չէ,— ասին.— Սիպտակ Դևըն երդվեցուցե,
Մեզ պահապան դրե էստեղ,
Որ օտար մարդ գալու ըլնի, էնոր իմաց տի տանք։

Էլ Մհերի համբերություն հատավ,
Հասավ, զարկեց էնոնց,
Էլավ Մհեր, գնաց վեր աղբրին,
Մեկ ըսպանեց, մեկ վիրավոր էղավ, փախավ։
Կուշտ մի էդ ջուր խմեց,
Փախած դևի արնի հետքով գնաց,
Հասավ մեկ անվեր-վիրի տեղ, այրի մի մոտ։
Էն այրից բոց կը թալեր դուրս.
Էն այրի դուռ, ծառին կապած՝
Հուրի-հրեղեն աղջիկ մի
Նստե վիրավոր Դևի կուշտ,
Էնոր արունըն կը սրբեր։
Մհեր հասավ, բռնեց էդ Դև,
Էնոր ձեռ-ոտ կապեց, դրեց քարի մի տակ,
Ու աղջկա կապեր քանդեց։
Էլավ էդ հրեղեն աղջիկ կայնավ,
Տեսավ՝ էնպե՛ս խորոտ, էնպե՜ս կըտրիճ ըմ է Մհեր.
Խելագնաց էլավ վերան.
Էնչա՛փ, որ էնոր սիրտ ճըխաց։
Շուտ մի ասաց.— Հե՛յ, դու, կտրիճ,
Հավքն իր թևով, օձն իր պորտով
Չեն կա՛րնա գա էստեղ,
Դու ինչպե՞ս էկար։

Մհեր հարցուց.— Հապա ինչպե՞ս էղավ,
Որ դու էկար էսա սարեր։
Աղջիկ խորունկ ախ մի քաշեց,
Ասաց.— Ախ-վա՜խ, մի՛ հարցուցի։

[էջ 112]

Էս յոթ տարի կ’ըլնի
Սիպտակ Դևի ձեռ կը տանջվեմ.
Էդ անիրավ Սիպտակ Դևըն
Էկավ վեր մեր էրկրին կռիվ.
Էդ պահ ես խաս բախչեն սեյր կանեի։
Էկավ անկարծ՝ ինձ առնել փախնել մե՛կ արավ։
Բերեց էստեղ, ուզեց ինձ կին առնի.
Ամա աստծու կամքով իմ ուժ պատավ
Ես էնոր հետ չապրա։
Ես կույս եմ չուր էսօր։
Գիտցած ըլնես.— ասաց.— ես էրազ մ’եմ տեսե.
Էն էրազի՛ մեջ ինձ ասին,
Որ շատ գընաց ու քիչ մնաց.
Մհեր անունվոր կտրի՛ճ մի տ’էլնի,
Սիպտակ Դև տի սպանի
Ու ինձ ազատ անի էնոր ձեռքեն։
— Ո՞ւր է ապա Սիպտակ Դև.— հարցուց Մհեր։
Ասաց.— Գնացե Սև Սար՝ ուխտի.
Էլավ ինն օր, էսօր ետ տի դառնա։
Էնոր զորություն սև եզան մի վերան է,
Էն սև եզ կը հեծնի՝
Կ’էրթա ամեն աշխարք,
Կը պտտի, ավերություն կանի։
Էնոր առաջ չի կարնա մարդ կայնի։
Մարդ մ’որ էն սև եզ ըսպանի՝
Նոր Սիպտակ Դևըն կը հաղթվի։

Մհեր էլ բան չասաց։ Թռավ իրեն ձիու քամակ,
Ու ձին քշեց Սև Սար։
Մեջ Սև Սարին Մհեր ճահճուտ տեղ մի տեսավ.
Էն ճահիճեն սև եզ մ’ էլավ իր դեմ։
Մհեր ասաց իր աղոթք,
Քաշեց զԹուր Կեծակին,
Խոթեց էդ եզան փոր։
Եզ բառաչեց, ծառս էլավ վեր էնոր,
Ընկավ գետին, խատավ։
Մհեր դարձուց իր ձին,
Էկավ էն այրի դուռ, նստեց։

[էջ 113]

13

Սիպտակ Դևըն կերե, խմե,
Իր քեֆ հասուցե, նոր ծարավացեր էր,
Իր աչք քցե ճամփա, ջուր կ’աչքեր.
Շատ աչքեց, քիչ աչքեց,
Տեսավ, ջուր բերող դևեր չեն ի՛գա։
Մտածեց, ասաց.— Կա՛-չկա,
Մեկ զորավոր մարդու մ’ են պատահե էնոնք։
Շուտ մի էլավ-հեծավ քամու ձին,
Քըշեց՛ գնաց դեհ էն ադբուր։
Ճամփին մեկ էլ տեսավ՝ այրի առաջ
Սարի մը պես մարդ մ’ է նստե
Ու հրեղեն ձի մ’ էլ թողե, կ’արածի։
Սիպտակ Դև գոռաց, ասաց.— Է՛յ, հողածին,
Հավքն իր թևով, օձն իր պորտով
Չեն կա՛րնա էս տեղ պտտվեն,
Դու ինչ սրտով էկե,
Հասեր ես չուր էստեղ։
Ասաց.– Կանչեր էիր, կո, Մհե՛րն եմ,
Էկա վեր քեզ կռիվ։ Դե, էլիր, կռվենք։
Ինչ որ ձեռնեդ կըգա, արա։

Սիպտակ Դև որ էդ խոսք լսեց՝
Սարսափ մի զինք բռնավ.
Ձեռ-ոտ ահա թուլցան։
Ամա սուտ ուրախաթենով ասաց.
— Վայ դու, Մհեր, բարո՛վ էկար,
Էլիր էրթանք վրանի տակ,
Ուտենք, խմենք, չուր լուսանա՝
Տեսնենք՝ աստված որո՞ւս կը տա։
— Չէ՛,–– ասաց Մհեր,— մեր մեծ պապեր
Մեզ էնպե՛ս են խրատ տվե,
Որ թշնամու դեմ էլնելուն պես՝ տի կռվենք...

Սիպտակ Դևըն ու Ջոջ Մհեր ձիեր քշին վեր իրարու.
Իրեք օր ու իրեք գիշեր իրարու հետ կռիվ արին։
Մհեր որ իր ձեռ կը թալեր Սիպտակ Դևին,
Մհերի ձեռ խոր կը խրվեր էնոր մարմին.

[էջ 114]

Գիտես թե՝ խրմորից ըլներ էդ Սիպտակ Դև:
Վերա իրեք օր Զոջ Մհեր էնոր սպանեց,
Արմաղանին գավակ առնել ու գնալ մեկ արավ:

14

Իրիկուն Մհեր իջավ Սասուն.
Ու հալա նոր Քեռի Թորոս, Ձենով Հովան
Դարձեր էին տուն։
Խաբար ղրկեցին Թևաթորոսին,
Թե Մհեր քո աղջիկ ագատե։
Թևաթորոս ու իր իշխաններ հեծան ձիանք,
Էկան, հասան Սասուն,
Էն հուրի Արմաղան բերին
Պսակեցին վեր Մհերին։
Էսօր համար բերին նռան գինին ու հաց դրին,
Կերան, խմին, ուրախություն, խնդում էղավ,
Յոթ օր ու յոթ գիշեր հարսնիք արին։
Յոթ օրեն հետ Թևաթորոս, իր վազիրներ
Ետ դարձան, գնացին իրանց տեղ։

Խաբար հասավ Խլաթ,
Թե,– Մհեր Խյաթի Սիպտակ Դե սպանեց։
Խլաթա ժողովուրդ ուրախացավ,
Էյավ, էկավ Ջոջ Մհերի առաջ.
Առավ էնոր, իրենց քաղաք տարավ։
Էդ քաղաքի դևեր էլան Մհերի դեմ։
Կռվան, չէին թողնի՝ Մհեր մտնի քաղաք։
Մհեր քաշեց Թուր Կեծակին։
Ընկավ մեջ դներուն, զարկեց, զամեն ջարդեց,
Դարձավ, էկավ Սասուն։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice