ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 183]

ՈՐՍՈՐԴ ԴԱՎԻԹԸ ՎԵՐԱՇԻՆՈՒՄ է ՀՈՐ ՎԱՆՔԸ ԵՎ ՊԱՏՈՒՀԱՍՈՒՄ է ԽՈԼԲԱՇՈԻ ԶՈՐՔԵՐԻՆ

1

Դավիթ դևերուն որ կոտորեց,
Էդ վախտ էղավ տան ազիզ.
Գտավ աղեկ բազե մի,
Ընկավ արտեր, որս կ’աներ.—

Ճնճղո՛ւկ կը սպաներ, կաքա՛վ կը սպաներ։

Սասուն Պառա՛վ մի կար.
Էդ Պառավ Մհերի յարն էր էղե։
Էնի արտ մի կորեկ ուներ։
Կորեկի մեջ լորերը շա՛տ, ճնճղուկը շա՛տ։
Պառավ օր մի էկավ, տեսավ՝
Բազեն ի ձեռք, քուռակ հեծած՝
Դավիթ մե՛ջ իր արտին լոր, ճնճղուկ կը զարկեր։
— Դավիթ,— ասաց,— փռեմ, լա՛մ քո արև,
Էդ ի՞նչ կ’անես.
Էկեր ես իմ կորեկի մեջ լո՞ր կը սպանես,
Էլի՛ր, գնա, մեջ սարերուն քի՞չ կա օչխար.
Էն վիրու օչխարներ զարկի,
Էս ճնճղու մեջ ինչքա՞ն միս կա,—
Դու Պառավի կորկի ճընճղով տի կշտանաս...
Դավիթ ասաց.— Պառավ, հապա, սար որ էրթամ
Ինչո՞վ զարկեմ վիրու օչխար։
Ասաց.— Քո հեր նետ ու աղեղ ուներ։
Էդ նետ-աղեղ, ասա, թող տան՝ էնով գնա։
— Բա՜,– ասաց Դավիթ.

[էջ 184]

— Իմ հոր նետ-աղեղ ո՞ւմ մոտն է։
— Քո հրողբոր կընկան հարցուր։
Էկավ Դավիթ, հրողբոր կնկան, Սառյեին հարցուց.
— Հրողբոր կնիկ, իմ հոր նետ ու աղեղ ո՞ւր է։
Ասաց.— Մեռնե՛մ ես քե, Դավիթ, ես չե՛մ գիտի։
Տեսեր եմ՝ նետ-աղեղ քո հոր թև՛ն էր.
Հիմիկ ես չե՛մ գիտի ո՜ւր են մնացե։
Մնաց։ Դավիթ տեսավ, որ ճար չը կա՝
Էլի գնաց Պառավու կորկի արտ։
— Պառա՛վ,— ասաց,— իմ հրողբոր կընիկ
Նշանց չի՛ տա նետ ու աղեղ։
Ասաց.— Մեռնե՛մ քեզ, ծուռ Դավիթ, թլո՛ր Դավիթ,
Գնա, նեղի քո հրողբոր կնկան
Ու նետ-աղեղ զոռովեն առ։
— Ինչպե՞ս նեղեմ, Պառավ։
Ասաց.— Գնա, քարից աղանձ արա, ասա՛
«Կամ էս աղանձ տուտես,
Կամ նետ-աղեղ նշա՛նց տի տաս»։
Դավիթ էկավ, ասաց.— Սառյե, անոթի՛ եմ։
Սառյեն ասաց.— Մեզ հաց չը կա։
Դավիթ նստեր է թոնդրան շուրթ,
Քարե աղանձ կանի, կը ճընճըլա։
Սառյեին դժար էկավ, ասաց.
— Դա՛վիթ, էլի, նա ցանոցից քի՛չ մի ցան բեր.
Խմոր անեմ՝ թխեմ ուտես։
Դավիթ էլավ՝ ցանոցից ցան բերի, տեսավ՝
Բան մի էդա պատից կախուկ—կոռուկ փետ մի։
Առավ էդ փետ, բերեց, ասաց.
— Հրողբոր կնիկ, էնա ի՞նչ է։
Ասաց.— Չեմ գիտի, հրողբեր գիտի։
Դավիթ ըռկավ, ասաց.— Հրողբո՛ր կընիկ,
Ասա՛, էն ի՞նչ կոռուկ փետ է։
Սառյեն ասաց.— Էլիր,
Թե էնա թել դու գցեցիր էնա չախմախ, կ’ասեմ,
Թե չէ՝ չե՛մ ասի։
Դավիթ ինչ ձեռ տվավ էդա փետին՝
Թել թալեց վեր չախմախին։
Սառյեն շատ շշկլավ, ասաց.
— Մհեր սհա՛թ մի կը բաներ, նոր կը գցեր էդ թել,

[էջ 185]

Էսի մեկ դիր որ ձե՛ռ էտու, գցեց չախմախ։––
Դարձավ, ասաց.— Ես չե՛մ գիտի՝ էդ ինչ է, թող:
Էդա վախտ Դավիթ Սառյեի ձեռ բռնեց,
Քաշեց, տարավ էն աղանձի բովի վերա.
Իր ձեռ զարկեց, մեկ բուռ քարե աղանձ վերցուց,
Լցեց Սառյեի ձեռաց մեջ՝ ու էնոր ձեռ խփեց։
Սառյեն «յամա՜ն-յամա՜ն» արեց, ասաց.
— Քո արևո՛ւն մեռնեմ, Դա՛վիթ, թող, ես ասեմ։
— Թափի՛ գետին, հրողբոր կընիկ։
Թափեց գետին, ասաց.– Չե՛մ գիտի, չե՛մ ասի։
— Հրողբոր կընիկ, տե՛ս, մեկ է՛լ կը լցեմ։
Էդ վախտ Սառյեն ասաց.— Դավի՛թ,
Էդա քո հոր նետ-աղեղն է,
Էնով Մհեր որսի կ’էրթար։
Դավի՛թ էր՝ խնդացավ,
Զնետ-աղեղ առավ,
Բերեց մաքրեց, լվաց,
Ժանգեր-մանգեր քերեց,
Զնետ-աղեղ իր թև էթալ
Ու ամեն օր որսի կ’էրթար։

2

Ամիս մէրկու էսպես վրա՛ անցավ.
Չ’ասես՝ Ձենով Հովանի կնիկ Սառյեն —
Դավիթ շատ սիրուն, խորո՛տ տղա էր —
Գաղտուկ աչք էդի վեր Դավթին, ասաց.
- Տի գաս հե՛տ իմ ձեռաց։
Դավիթ ասաց.– Հրողբո՛ր կնիկ,
Դուն իմ մե՛րն ես, ես քո որդի՛ն...
Հրողբոր կնիկ ասաց.– «Տանեմ, գյուխ լվամ,
Դավիթ գա՝ ջո՛ւր լցի վեր իմ գլխուն.
Որ Դավիթ իմ մարմին տեսնա՝
Էնոր սիրտ տի մեղավորնա,
Տի գա հետ իմ ձեռաց»։
Էլավ, ջուրն առավ, տարավ,
Դավթին կանչեց, գա, ջո՛ւր լցնի։
Դավիթ աչքեր բռնեց,
Որ հրողբոր կնկան լեշ չը տեսներ,
Որ իր սիրտ չը մեղավորնար,

[էջ 186]

Ու էնպես ջուր լցրեց Սառյեի գլխուն։
Հրողբոր կնիկ գլուխ լվաց,
Էլավ, իրիշկեց, տեսավ՝
Դավիթ իր աչքեր պինդ բռնած։
Էլաց, էտո՛ւ գլխուն,
Իր էրեսներ արնեց,
Մազեր քըրքըրե՛ց վեր գլխուն,
Գնաց իր տուն՝ նստավ,
Չուր էնոր մարդ, Ձենով Հովան էկավ։
- Հե՞, կընիկ, ի՞նչ է էղեր քեզի։
Կնիկ ասաց.— Ի՞նչ տըլնի։
Ես գիտեի՝ թե ինձ որդի՛ էիր բերե,
Չը գիտե՛ի, թե դու գնացե՝
Ինձի էրի՛կ էիր բերե։
- Հե՞, կնիկ, էդպես չէ՛, դու սո՛ւտ կ’ասես։
Կնիկ ասաց.— Ես սուտ չե՛մ ասի.
Էլավ, իր ձեռ էթալ ինձի,
Ես էնոր չը թողի...
- Որ էդպես է, իրիկուն դուռ շինենք։
Իրիկուն Ձենով Հովան դուռ շինեց.
Չէթող Դավիթ գար տուն։
Դավիթ ասաց.— Հրողբեր,
Հիմիկ կարամ քացի մի զարկեմ՝
Դո՛ւ էլ, քո դո՛ւռ էլ էրթաք գետնի սակի անդունդք։
Ամա ի՞նչ անեմ, հերագութ հրողբեր,
Լրբե՛ խաբված ես։

3

Դավիթ գնաց, իրիկուն մնաց Պառավու տուն։
Առավոտուն էդ տեղեն էլավ, գնաց որսի։
Ճամփին տեսավ շատ ագռավներ —
Զարկին վեր Պառվու արտին, կորեկ տուտեն։
Դավիթ ասաց.— Ինչպե՞ս անեմ,
Որ քսան հատ մեկից զարկեմ.
Էսա ագռավներ կը թռնեն։
Չէ, ես բա՛ն մի տ’անեմ։
Ձեռ որ թալեց, մեկ ահագին բարդի քաշեց,
Քաշեց ու մեկ էնպե՛ս էզար,
Որ ագռավներ, կորե՛կ մեկտեղ ժողվեց,

[էջ 187]

Բերեց, արեց բարդոց։ Պառավ էկավ,
Տեսավ մեկ հատ կորեկ չը կա մեջ իր արտին։
Ասաց.— 0՜յ, օ՜յ, գրող-մահ տանի քե, Դավիթ.
Դու ինչի՞ իմ կորեկն էսպես արիր։
Ասաց.— Պառավ, չէի թողնի,
Որ ագռավներ զքո կորեկ ուտեն։
— Չարըս զքեզ տանի, գրո՛ղ զքեզ խեղդի,— ասաց,
Տո, դու գաս վեր Պառվու կորկին
Քո փռո՞ղք տի թափես։
Աստծու կրա՛կ ըլնի վեր քեզ.
Էն հոր տղեն դո՞ւ տի ըլնես։
Աստված օղորմի Առյուծ Մհերին.
Էնի որ կար՝ խեղճերու պապ ու մամ։
Համա դու էդ ի՞նչ է՝ կ’անես.
Իմ հույս՝ էդ փշուր կորե՛կն է։
Դուն էլ էկար, տրորեցի՛ր։
Ե՛ս եմ՝ մեկ աղջի՛կ, էս կորե՛կ,
Իմ բա՞խտը կը կըտրես վեր ինձ։
Դուն որ էդպես տղամարդ ես՝
Հորի՞ չես էրթա Ծովասար։
Թե կտրիճ ես՝ գնա, քո հոր որսատե՛ղ առ։
Քո հոր սեյրանատեղ Ծովասա՛րն է։
Հրեն, Մըսրա Մելիք էկե,
Քո հոր սար զավթե՛,
Էդա Ծովասար բոլոր պարիսպ քաշած՝
Էնքան գազաններ, վիրու օչխարներ
Թալած են պարսպի էտև —
Չեն կարնա դուրս էլնեն։
Հիմիկ ինչի՞ դու չես էրթա էնտեղ.
Վեր ինձի՞ էղար կտրիճ։
Դավիթ ասաց.— Պառավ,
Ես հոգո՛ւդ, արևո ւդ մեռնեմ,
Ո՞րտեղն է, շա՞նց տա ինձ,
Ծովասար ո՞րտեղն է, ես չը գիտեմ։
Ասաց.— Դավիթ, գնա քո հրողբոր օձիք բռնի.
Քեզ կը տանի, նշա՞նց կը տա։

4

Դավիթ էկավ հրողբոր մոտ, ասաց.—
Հրողբե՛ր, Ծովասար ո՞րտեղն է, նշա՛նց տուր ինձ։

[էջ 188]

Իմ հոր սեյրանատեղ ո՞րտեղն է։
Հրողբեր ասաց.— Ո՛րդի, քեզ խաբե՛լ են.
Քո հոր սեյրանատեղ չըկա՛.
Քեզ խաբել են, քեզ սո՛ւտ կ’ասեն։
— Չէ, հրողբեր, ես գիտե՛մ, կա՛.
Ես կ’էրթամ, չե՛մ կայնի։ Սուտ մի՛ ասա։
Հրողբեր ասաց.— Սովորեցնողիդ բերան կոտրի։
Ա՛յ որդի, ինչ քո հեր մեռավ՝
Մըսրա Մելիքն էն սար խլեց.
Չե՛նք իշխենա էրթանք։
Ասաց.— Հրողբեր, դու ինձ նշա՛նց տու,
Որ գան, ինձի՛ թող ըսպանեն, քեզի չե՛ն ըսպանի։
Ասաց.— Ո՛րդի, էսօր մնանք, էն մեկէլ օր էրթանք։
Դավիթ նորեն ըռկավ, ասաց.— Հրողբեր,
Ծովասարի տեղ թե հիմիկ կ’ասե՛ս, ասա՛,
Չ’ասես՝ հա՛ցն ու գինին, տեր կենդանին,
Սիլա մի կտամ քո էրես, քո վիզ ծռի։
Որ էդպես ասաց, հրողբեր վախեցավ,
Տեսավ, որ Դավթի ծռությունըն բռներ է։
Ասաց.— Տղա, լա՛վ, մի՛ հերսոտի,
Արի, տանե՛մ, քեզ նշանց տամ։

Ձենով Հովան էկավ Քեռի Թորոսի մոտ,
Քաղքի մարդերու մոտ, ասաց.
— Ես չե՛մ գիտի՝ Դավթին ո՞վ է նշանց տվե.
Էսօր Դավիթ ինձ զոռե՝ կ’ասի տ’էրթանք Ծովասար։
Էդա քաղքի ամեն մարդեր ասին.
— Հովան, դուք որ կ’էրթաք՝
Մենք է՛լ գանք, էնտեղ մտիկ անենք։
Էնտեղ հիմիկ ջոջ-ջոջ արջե՛ր կան, գելե՛ր կան,
Կխտա՛ր, վիրու օչխար էլ կա.
Տեսնանք Դավիթ ինչպե՞ս տի սպանի վիրու օչխար։
Էլավ Դավիթ՝ ձի հեծավ, գնաց Ծովասար։
Տղերք պատրաստություն տեսան,
Ձենով Հովան ու քաղքըցիք իր հետ գնացին։
Գնացին, հասան ու — ի՞նչ տեսան։
Ծովասարի բոլոր մի մեծ պարիսպ քաշած,
Դո՛ւռ մէլ չը կա վերան։
Դավթի հեր – Մհեր,
Որ սարերու չորս բոլոր պարիսպ էր քաշե,

[էջ 189]

Էնքա՛ն ժամանակ՝ էնոր մեռնելուց հետո՝
Ինչքան ջեյրան, վիրու օչխար,
Գե՛լ, ա՛րջ — լցվեր էր Ծովասար։
Դավիթ հարցուց.— Հրողբեր, էս ի՞նչ պարիսպ է։
— Քո հոր որսասարն է,— ասաց։
Դավիթ էլավ սարի գլուխ,
Տեսավ՝ չորս կողմ պարիսպ։
Ո՛ր կողմ դարձավ, փնտռեց, դուռ չը գտավ։
Դավիթ կանչեց.
— Յա՛, բարձրիկն Մարութա Աստվածածին...
Գուրզ զարկեց, պարիսպ փլավ։
Դավիթ մտավ ներս — ի՞նչ տեսավ.
Էնտեղ ծա՜ռ, ճուղ, բա՜ղ ու բաղչա՜, կանա՜չ,
Էնտեղ մեկ մեծ հավո՛ւզ շինուկ,
Աղբուրի պես, մեջ հավուզին ջուր կը գլգլա՛, կ’էրթա՛։
Ի՜նչ չափ գազաններ կա՛ն՝ ամեն էդտեղ են։
Ասաց.– Վա՜յ, իմ հեր ինչքա՞ն մեղք է գործե՝
Որ էս գազաններ գերի՛ է դարձուցե։
Էդա մարդիկ, ինչ իր հետ գնացեր են՝
Ուզեցին զարկեն, սպանե՛ն օչխարներ։
Դավիթ իրիշկեց, իրիշկեց, կանչեց ասաց.
— Էհեյ, ձեզ իրավունք չկա՛...
Էնոնցից մե՛կն էլ չը սպանե՛ք։
Մոտիկ մի գաք, ես չե՛մ թողնի էնոնց զարկեք։
Ձենով Հովան ասաց.
— Հրողբե՛ր մեռնի քեզի, Դավիթ,
Զա՛րկ, հա՛տ մի ըսպանի, բռնենք զէնենք։
Դավիթ ասաց.— Հրողբեր, ջա՛նըմ,
Կապուկ տեղ պա՛պս էլ կը զարկի.
Տղամարդն է՛ն է, որ արձակի ու նո՛ր զարկի,
Չէ՞ որ էնոնք գերի են, հրողբեր,
Մարդ էլ գերին զարկի՞։
Դավիթ քացի մ’ տվեց, պատեր զամեն քանդեց։
Իր կապան հանեց, թալեց էրկինք վե՛ր, ասաց.
— Հոյ-հո՜յ... Ամեն գազաններ փախան։
Ասաց.— Գնացե՛ք, ձեզի համար ապրե՛ք։
Ինքն էլ էլավ էկավ սարի մեջ, ձորի մեջ,
Ման էկավ քարի տակ, ծառի՛ տակ,
Հա՛, ման էկավ, ասաց.
— Չըլնի՝ մեկ ջանավար քնուկ ըլնի — մե՛ղք է։

[էջ 190]

Գազաններ ամեն դուրս հանեց,
Էկավ քաղքըցոց ասաց.— Դե, գնացե՛ք,
Ով կըտրիճ է՝ իր համար թող զարնի։
Ով ինչ կտրիճ էր՝ գնաց, իրան որս արեց.
Ով ինչ անշնորհք էր՝ ետ մնաց։
Ամենն էլ ետ դարձան, էկան Ծովասար,
Դավիթ էլ գնաց, էրկու վիրու օչխար բռնեց,
Բերեց դրավ հավուզի մոտ,
Ինք մտավ հավուզ լողացավ, էլավ,
Օչխարներ զէնեցին աստծուն,
Իրանց համար կրակ կպցուցին,
Խորոված շինեցին, կերան, նստան էդտեղ։

5

Էն մարդեր ու Դավիթ մնացին չուր իրիկուն։
Իրիկուն էդա քաղքի մարդեր
Ամեն դարձան, էկան տուն։
Հովանն ասաց.— Դավիթ,
Էլիր, մենք է՛լ էրթանք տուն։
Դավիթն ասաց.— Հրողբեր,
Իմ հեր էստեղ շա՛տ է ման էկե,
Ես էս գիշեր տի մնամ էստեղ։
Ասաց.— Դա՛վիթ, մարդ գիշերներ դուրս չի՛ մն՛ա,
Գիշեր կ’էրթա իր տուն։
Տեսա՛ր, էդա քաղքի մարդեր ամեն գնացին։
Մենք էլ տէրթանք մեր տուն։
Ասաց.— Հրողբե՛ր, չէ, էս իմ հոր տեղրանքն է.
Գիշեր ես տի մնամ էստեղ։
Կ’ուզես՝ դուն գնա տուն։
Էլավ, ծառերու տակ պառկավ՝ քնի։
— Դավի՛թ, — ասաց Հովան, —
Որ դու կը մնաս՝ ես է՛լ կը մնամ։
Մընաց։ Իրիկուն Դավիթ շուտով քնավ։
Հովան նստեց, չէ՛ր իշխենա՝ քնի.
Էն իր միտ վե՛ ասաց.— Ինչպե՞ս անեմ,
Որ դադարի Դավիթ։
Բերեմ, էնոր փեշ դնեմ տակ իմ գլխին,
Որ գիշերով Դավիթ ինձ չը թողնի՝ չ’էլնի՝ էրթա։

[էջ 191]

Հովան Դավթի կապայի փեշ ժողվեց, քաշեց,
Գաղտուկ բերեց, դրավ տակ իր գլխին,
Քընավ։ Համա կը դադարի՞ Դավիթ...
Մընաց. էղավ գիշերվա կես։
Դավիթ զարթնավ քնից.
Էլավ, նստեց, իրիշկեց — ի՞նչ տեսավ.
Սարի գլուխ ճրա՛գ մի կը վառվի։
Տեսավ՝ լուս-կամար կանգներ է.
Ասաց.— էսա ի՞նչ ճրագ է.
Տեսնեմ՝ ի՞նչ մարդիկ են էնտեղ։
Ուզեց էլնի, տեսավ՝ կապայի փեշ
Հրողբեր իր գլխու տակ դրե, քնե։
«Ո՛վ տեր աստված,— ասաց,—
Թե իմ հրողբեր վե՛ր հանեմ,
Տ’ասի՝ Դավիթ վախեցավ։
Թե չը հանե՛մ՝ կապայի փեշ իր գլխու տակն է»։
Դավիթ հրողբոր վե՛ր հանեց, ասաց.
— Էնա լեռի գլոխ ի՞նչ կանաչ-կարմիր բոց կ’իջնի։
Հովան գիտե, որ Մհերի գերեզմանն է,
Ու լուս կէլնի գերեզմանից,
Համա զԴավիթ խաբեց, ասաց.
— Կըրակ կը կըպցնեն. հալբաթ հովիվ,
Կամ թե նախրո՛րդ է, գառնարա՛ծ...
Ես ի՞նչ գիտեմ՝ ո՞ր մեկըն է։
Դավիթ իր սրտի մեջ չը համոզվավ էդ խոսքերուն։
Էրկուսի քուն էլ տարավ, կող էլան, քնան։
Ձենով Հովան մեկ էլ Դավթի փեշ դրեց գլխու տակ,
Որ Դավիթ չերթա՝ էդ գերեզման նայի։
Մնաց, մեկ մ’էլ Դավիթ զարթնավ,
Տեսավ՝ սարի մոտ մարմար քա՛ր մի բացվե,
Էրկնուց լուս էնե վե՛ր էն բարին։
Էս դիր Դավիթ հրոդոոր ձեն չը տըվեց, ասաց.
— Թե դանակ հանեմ՝ կապայի փեշ կըտրեմ՝ ափսո՛ս է:
Ասաց.— Ջայնամ թե ափսոս է։
Զինք իր դանակ հանեց,
Դրեց՝ իր կապայի փեշ կտրեց,
Կապայի փեշ մնաց Հովանի գլխու տակ։
Դավիթ իրիշկեց էն կրակ, էլավ գնաց վեր։
Գնաց, տեսավ կո, գերեզմա՛ն մի կա էնտեղ
Կանաչ-կարմիր բոցն էդ գերեզմանե՛ն կէլնի։

[էջ 192]

Լուս կամար գերեզմանի վերան կանգնե։
Դավիթ գնաց մոտ, ձեռ էտու բոցին—ձեռ չ’էրեց։
Հո՛ղ թալեց վերան—չը հանգավ։
Նոր մեջ իր խելքին մտածեց.
«Է՛ն, ինչ Մարութա բարձր Աստվածածին կ’ասեն՝
Սա է»։ Զնետ-աղեդ էզար էնտեղ նշան,
Էլավ, իջավ հրողբոր մոտ։

6

Իջավ Դավիթ, տեսավ՝ հրողբեր հալա քնած։
Նստավ իր տեղ, կանչեց, ասաց.
— Հրողբեր, քո անուշ քնից վե՜ր էլի*,
Տո, հրողբե՛ր, մեռնե՛մ քեզ, հրողբեր,
Ես տեր չ’ունեմ, դու ինձ արա տերություն.
Տո, հրողբե՛ր, մեռնե՛մ քեզ, հրողբե՛ր,
Ես հե՛ր չ’ունեմ, դու ինձ արա հերություն.
Տո, հրողբե՛ր, մեռնե՛մ քեզ, հրողբե՛ր,
Ես մե՛ր չ’ունեմ, դու ինձ արա մերություն.
Տո, հրողբե՛ր, մեռնե՛մ քեզ, հրողբե՛ր,
Ես աղբե՛ր չ’ունեմ, դու ինձ արա աղբերություն։
Հրողբեր վե՛ր էլավ, ասաց.
— Ծո՛ւռ Դավիթ, էլ ի՞նչ է էղե։
Ասաց.— Հրողբեր, օրհնյա՜լ է բարերար աստված,
Խնամքը շա՛տ է աստծուն.
Մարմար քար հրեն բացվեր է.
Լուս կամար կապեր է մեջ Ծովասարին.
Էլի՛, էրթանք, քեզ նշանց տամ։

Դավիթ առավ զհրողբեր,
Բերեց վեր հոր գերեզմանին։
Գերեզման շանց տվեց, ասաց.— Էնի ի՞նչ է։
Ասաց.— Էնի քո հոր գերեզմա՛նն է։
Վանք էլ, որ քարուքանդ էղե՝
Քո հեր, Մհեր էտու շինել
Անունն էլ է՛ն էդի Մարութա բարձր Աստվածածին։
Համա ինչ որ քո հեր մեռավ՝
Մըսրա Մելիք էզար, հիմեն ավրեց, տարավ։

---------------------

* Երգ է:

[էջ 193]

Դավիթ էդ լսեց, դարձավ,
Էզար չոքեր գետին, գընաց.
Ձեռներ էզար գետին, համբուրեց.
Իր նետաղեղով էդա մարմար քարի բոլոր
Գիծ մի քաշեց, նշան արավ,
Լուսու ձևով խորանների կամար քաշեց,
Սեղանատեղ քաշեց, հիման տե՛ղ էլ քաշեց
Ասաց.— Էսա էսպե՛ս տի շինվի։
— Հրողբե՛ր, մեռնեմ քեզ, հրողբեր, ես քենե* կ’ուզեմ.
Հինգ հարիր—համար հազա՛ր—քար կտրո՛ղ, քենե կ’ուզեմ.
Հինգ հարիր—համար հազա՛ր—քար տաշո՛ղ, քենե կ’ուզեմ.
Հինգ հարիր—համար հազա՛ր—խիճ բերո՛ղ, քենե կ’ուզեմ.
Հինգ հարիր—համար հազա՛ր—ջուր կրո՛ղ, քենե կ’ուզեմ.
Հինգ հարիր—համար հազա՛ր—պատ շարո՛ղ, քենե կ’ուզեմ.
Հինգ հարիր—համար հազա՛ր—սվաղ անող, քենե կ’ուզեմ.
Հինգ հարիր—համար հազա՛ր—փայտ փորող, քենե կ’ուզեմ։
Թե որ չը շինե՛մ ես էս վանք՝
Իմ ուխտի տակ կը մեռնեմ.
Չուր վաղն իրիկուն էս ամեն պատրա՛ստ կ’ուզեմ,
Որ լո՛ւս տա՝ մեկէլ օր պատարագ մեջ մատուցվի։

Հրողբեր լա՛վ գիտեր,
Որ Դավթի խոսք մե՛կ էր – էրկու չէր անի։
Էդոր համար Հովան լսեց Դավթի խոսքեր, ասաց.
— Դավի՛թ, մենք տո՛ւն էրթանք, բանո՛ղ ճարենք։
Դավիթ ասաց.— Ես տի մնամ մարմար քարի մոտ,
Ես տուն չեմ իգա։ Դու շո՛ւտ գընա,
Ուստեք, բանողներ ճամփի, թող իգան,
Դու էլ էնոնց հետներ արի։
Ձենով Հովան ասաց.
— Ես էս լաճու խորհուրդ տի կատարեմ։
Ասաց.— Ո՛րդի,
Ես Ձենով Հովա՛նն եմ, ի՞նչ կը վախենաս,
Քառսուն ավուր ճամփա իմ ձեն կ’էրթա։
Իմ ձեն յոթ քաղաքի ուստա մարդիկ,
Հազար-հազար բանող մարդիկ տի լսեն, տի գան։
Վե՛ր, յոթ հատ վիրու ե՛զ զարկի,
Առնեմ, էրթամ քաղաք, պատի՛վ տամ քաղքըցոց.

-------------------------

* Երգ է:

[էջ 194]

Էն ժամանակ ուստեք ու բանողներ
Ամեն կը ժողովվեն,
Դուն էլ սրտիդ մուրազ կը կատարես–վանք կը շինվի։
Դավիթ էլավ, վեց վիրու եզ զարկեց.
Հովան եզներ շալակն առավ, գնաց քաղաք։

7

Առավոտուն Հովան էլավ, կանչեց ձենով.
— Ա՛խ, կը կանչե՛մ, թող գան*,
Ով իր աստված կը սիրե, թող գա.
Մարութա բարձր Աստվածածին տի շինենք, թող գա՛։
Ա՛խ, կը կանչե՛մ, թող գան,
Ա՛խ, կը կանչե՛մ, թող գան,
Ա՜խ, հի՛նգ հարի՜ր—համա՜ր հազար–քար կտրո՛ղ,
Ա՜խ, հի՛նգ հարի՜ր—համա՜ր հազա՛ր—քար տաշո՛ղ,
Ա՜խ, կը կանչե՛մ, թող գա՛ն,
Ա՜խ, կը կանչե՛մ, թող գա՛ն,
Ա՛խ, հի՛նգ հարի՛ր—համա՛ր հազա՛ր—խիճ բերո՜ղ,
Ա՛խ, հի՛նգ հարի՜ր—համա՜ր հազա՜ր–֊ջար կրո՛ղ,
Ա խ, կը կանչեմ, թոդ գա՛ն,
Ա՛խ, կը կանչեմ, թող գա՛ն,
Ա՜խ, հի՛նգ հարի՛ր—համար հազա՛ր—փայտ փորո՛ղ,
Ա՜խ, հի՛նգ հարի՛ր—համա՜ր հագա՛ր—պատ շարո՛ղ,
Ա՜խ, կը կանչեմ, թող գա՛ն,
Ա՜խ, կը կանչեմ, թող գա՛ն...
Հովանի ձեն չուր յոթ քաղաք լսան։
Էդ յոթ քաղքի բանողներ, ուստա մարդեր
Հազար-հազար թափվան,
Էլան, էկան Հովանի տուն։
Ձենով Հովանին պատիվ տվին, էլան, գնացին՝
Մարութա բարձր Աստվածածին շինեն։
Դավիթ էդ վախտ ի՞նչ է արե.
Գնացե, էնտեղ, ուր նետ-աղեղով
Էնա մարմար քարի բոլոր գիծ էր քաշե.
Գընացե՝ հիմ էր փորե, հիման քարեր բոլոր դրե,
Պա՛տ էլ մեկ մեջք բարձրացուցե։

------------------------------

* Երգ է:

[էջ 195]

Ձենով Հովան որ առավ ուստեք, էկավ,
Ուստեք կը տեսնան, կը զարմանան էնտեղ,
Էնպես ջոջ քարեր բերեր, դրեր է մեջ հիման
Որ ամեն բանողներ ժողվեն մեկտեղ՝
Չեն կարնա էն քարեր բերեն։

Ուստեք կը կանգնեն պատի վերա,
Դավիթ էն ջոջ քարեր ձեռ կը տա,
Կը վերցու, կը բերի, կը դնի իր տեղ։
Ոչ բանողներ կարնան էն քարեր բերեն,
Ոչ ուստեք կարնան վերցուն, դնեն տեղ։
Բանողներ էլ էնա պստիկ քարեր կը բերեն,
Ուստեք էդ պստիկ քարեր կը տան ջոջ քարերու բոլոր,
Բանողներ տիլ կը շինեն, կը տան ուստեքին,
Ուստեք տիլ կը զարկեն էդ քարերու բոլոր։
Չուր մութ կը տա գետին,
Էդ վանք կը գլխեն, կը լմնցուցեն,
Օրե՝ Մարութա բարձր Աստվածածին կը շինեն։

8

Էն գիշեր կը քնեն. Դավիթ կը տեսնա՝
Մարութա բարձր Աստվածածին կը գա էրազ, կ’ասի.
«Քո թուր քո մեջքեն քաշի,
«Իմ հիմ քո թրի վերա՛ ձգի,
«Օրե՛ մի կը շինես, կը թամամցես,
Պատարագ մեջ վանքիս կը մատուցես,
«Որ ես վեր իմ հիման կանգնեմ»։
Ուստեք տիլ կը զարկեն էդ քարերու բոլոր։
Դավիթ զարթնավ, տեսավ՝
Մարաթա բարձր Աստվածածին չըկա։
Քարն իր տեղն է գնացե,
Հողն իր տեղն է գնացե,
Ավազ, կավ ու ինչ որ պատրաստություն կար՛
Ամենն իր տե՛ղն է գնացե։
Էլավ Դավիթ, Հովանին ձեն տվավ,
Քեռի Թորոսին ձե՛ն տվավ, ասաց.
— Հրողբեր, Քեռի՛, ձեր անուշ քնից վե՛ր էլեք։
Մարութա բարձր Աստվածածին էսօր էկե ինձի էրազ.

[էջ 196]

Իմ մեջքնն իմ թուր տի քաշեմ՝
Վանքի հիմ իմ թրին տի դնեմ.
Վանք տի շինե՛մ, տի թամամեմ։
Պատարագ մեջ տի մատուցեմ։
Հովան շա՛տ զարմացավ, համա ասաց.— Դավիթ,
Ես Ձենով Հովա՛նն եմ. լուսուն մեկ էլ կէլնեմ,
Մեկ է՛լ բանող կը բերեմ քեզ համար, մեկ է՛լ շինեն։
Առավոտուն կէլնի Հովան, նորեն կը բոռա,
Հազար-հազար բանող, ուստա նորեն կը գան։
Կը գան, կը տեսնեն Դավիթ էլ հետ
Էնպես ջոջ քարեր բերե, դրեր է մեջ հիման,
Իր մեջքեն թուր քաշե՝ խրեր է մեջ հիման։
Քարեր, բաներ հելըստա կ’անեն,
Մինչ մութ կը տա գետին, կը շինեն, կ’ավարտեն։
Իրիկուն Դավիթ կ’ասի.— Հերահոտ հրողբեր,
Էդա վարպետներու վարձ տո՛ւր,
Էդա բանողների վարձն է՛լ տուր...
Առանց վարձ մի՛ թող։
Հովան կը գնա կը բերի էրկու-իրեք բեռ ոսկի,
Կը բերի, Մարութա բարձր Աստվածածնա դուռ,
Էդտեղ ամեն մարդու մեկ ոսկի կը տա,
Մարդիկ կ’էրթան իրենց տուն։
Դավիթ Ձենով Հովանին կը դառնա, կ’ասի.
— Հրողբեր, մեռնե՛մ քեզ, հրողբեր*,
Ինձ քենե պետք են քառսուն էպիսկոպոս,
Ինձ քենե պետք են քառսուն վարդապետ,
Ինձ քենե պետք են քառսուն ավագ սարկավագ,
Ինձ քենե պետք են քառսուն սարկավագ,
Ինձ քենե պետք են քառսուն լուսարար,
Որ վանք լուս տան, շաբաթ պատարագ մատուցենք։
Էլավ Հովան կանչեց.
Վարդապետներ էկան, լուս տվին,
Շաբաթ պատարագ մատուցեցին։

Դավթի քեֆ էնքան էկա՛վ էկեղեցու վերա՝
Որ գնաց, Չարբահար Քամին բերեց,
Վանքի դռան հետև դրեց պահեցող։
Օրեն մեկ տիկ մեղր, մեկ տիկ կարագ

--------------------------------

* Երգ է:

[էջ 197]

Չարբահար Քամու կերակուրն էր։
Թամբահ արավ Դավիթ Չարբահար Քամուն, ասաց.
— Ավեր մարդ — որ կը գա՝ դուռ վերան չը բանաս.
Որ ուխտավոր կը գա, շիվար-մարդեր կը գան՝
Դուռ բաց արեք, կերակրեցեք։

Մնացին էնտեղ չուրի առավոտուն։
Առավոտուն էլան, Դավիթ աչքեց, տեսավ՝
Մեջ Սասունա, մեջ Մարութա սարի գե՛տ մի կ’անցնի.
Դավիթ ասաց. — Պետք է էսա գետին կամուրջ շինվի։
Թե չէ՝ մարդիկ տի գան, տի ընկնեն գետ։
Բերին՝ կամուրջի հիմ թալեն՝
Ամա թալած քարեր ջուր կը տաներ՝
Հիմ չէր բռնի։ Էն ժամանակ էլավ Դավիթ՝
Սարից է՛ն տեսակ ջոջ քարեր գլորեց տակ,
Որ ամեն քար քանց ջոջ տո՛ւն մի։
Էդ ջոջ քարեր կամրջի չորս հիմե՛ր թալին,
Քիչ ետ՝ կամուրջ կապին, պրծան։
Էդ քարերաց վերա ուրիշ քարեր շարին,
Էնպես լեն էր էն կամուրջ,
Որ էրկո՛ւ սել կուշտ կշտի կ’անցնեին։
Էն կամրջի անունն մնաց Դավթի կամուրջ։
Քանի մի օր հետո՛ Դավիթ ու հրողբեր Հովան
Իջան Սասուն՝ աչքե անցնեն,
Թե ի՞նչ էր Սասնա տեղ էլե, դարձե։

10

Խաբար հասավ Մրսրա Մելիքին,
Թե՝ «Դավիթ գնացե Ծովասար ավրե,
Ամեն բռնավոր գազաններ թողե,
Պարիսպ փլցուցե ա Մսւրութա վանք շիներ է տվե։
Մըսրա Մելիքի հերս էլավ.
Իր նախանձ սիրտ չը հովացավ.
Էլավ, կանչեց իր Խոլբաշան, ասաց.
— Ես տի էլնեմ, հեծե՛լ առնեմ, էրթամ,

[էջ 198]

Վանք Մարութան թալնեմ բերեմ։
Էդ Խոլբաշին ասաց.— Թագավոր ապրած կենա,
Դու հեծելներ ինչի՞ առնես.
Մենք հինգ հարիր հոգի հեծել`
Կէրթանք էն Ծովասար, վըրաններ կը զարկենք,
Էն վանք կը թալնենք, կը բերե՜նք,
Դավթին էլ կը սպանենք,
Ականջներ կը կտրենք, կը բերե՜նք։
Մելիք ասաց.— Դու էդպես բան անես՝
Քաղա՛ք մի կը տամ քեզ նվե՛ր։
Պատրաստությունդ տե՛ս, դու Ծովասար կ’էրթաս.
Մարութա բարձր Աստվածածին թալնես, ավրես ու գաս
Դավթին էլ տի սպանես, իր ականջներ բերես։

11

Էդ Խոլբաշին հինգ հարիր ձիավոր առավ, էկավ.
Չէր իշխենա գա Սասնա քաղաքի վերան։
Էկավ, էլավ Մարութա բարձր Աստվածածին։
Չարբահար Քամին էլավ դուրս, իրիշկեց, տեսավ՝
Քանի մի հարիր ձիավոր մեջ դաշտին կը գա։
Ասաց.— Թե ասեմ էսիկ զամեն ուխտավո՜ր են՝
Ուխտավոր զամեն ձիավոր չի՛ ըլնի.
Մա՛ս մի ձիավոր, մա՛ս մի ոտավոր տըլնի.
Ես ասեմ էսիկ ավե՛ր մարդ են, ավազա՛կ են.
Ես տ’էլնեմ, դուռ դարբաս զարկեմ,
Իմ մեջք տամ դարբասի առաջ։
Թե ուխտավոր էլավ՝ դուռ տի բանամ, գան ներս.
Թե ավե՛ր մարդ էլան, զաթի դուռ չե՛մ բանա,
Թող էլնեն, էրթան։
Ու Չարբահար Քամին էլավ իր մեջք տվեց դռան։
Խոլբաշին հի՛նգ հարիր ձիավորով էկավ,
Էկան, մեռա՛ն, կտրա՛ն, չը կարցան դուռ բացեն։
Խելքով մա՛րդ մի կար մեջ զորքին, ասաց.
— Բերեք նապաստա՛կ մի զարկենք, շոր մի,
Դավթի շորի տեսակ, թաթխենք մեջ արունին,
Էդ շոր զարկենք մզրախի ծեր,
Ու պարիսպ վե՛ թալենք տակ, ասենք.
«Չարբահա՛ր Քամի, մենք քո տեր սպանե՛ր ենք,
Դու ո՞րտեղ տի մնաս, ի՞նչ տ’անես»։
Որ տեսնա Դավթի շորեր,

[էջ 199]

Դարբասներ տի բանա, մենք տ’էրթանք ներս։
Բերին էդ շոր, թալին պարիսպ վե՛ տակ։
Չարբահար Քամին տեսավ շորեր, ասաց.
— Էս Դավթի հագուստն է։
Բո՛ւռ մի մոխիր գցեց իր գլուխ,
Համա դուռ բաց չարավ.
Ինչ արի՜ն-չ’արին, դուռ բաց չարավ։

Խոլբաշին գնաց վանքի պարսպի մոտ,
Մեկ է՛լ կանչեց, ասաց.
— Միաբաննե՜ր, վարդապետնե՛ր, դուռ բացե՜ք։
Ասաց.— Անիրավնե՛ր, ձեր տեր զէներ եմ.
Դուք դո՞ր կը մնաք՝ դուռ չեք բանա դեմ ինձ։
Մենք գնացինք Սասնա Դավիթ ըսպանեցինք.
Էլ ձեր հույս մեռա՛վ։
Կուզե՞ք դուռ բացեք, կուզե՞ք մի բանաք,
Չուր սև կուպր կը սիպտակի։
Էսա բան որ լսին վարդապետներ՝
Իրենք իրենց ասին. «Սասնա քաղաք ավերեր են,
Մեր տեր ըսպաներ են,
Էլ ինչպե՞ս մենք մնանք վեր աշխարհին»...
Գիշեր, Չարբահար Քամու քնած պահին,
Էնոնք ահու էլան, վանքի պարսպի դուռ բացին..
Չարբահար Քամին զարթնավ քնուց,
Էտո՛ւ վեր իր գլխուն, դռներ էթող բաց,
Փախավ գնա՛ց, գնաց սար վե՛ր։
Խոլբաշին զորքով մտավ վանք,
Վանքի դուռ բռնեց, ինք կանգնեց դռան,
Էդա հինգ հարիր ջան մտցըրեց ներս.
Թալանեցին, թախթըփեցին,
Կտրեցին քառսուն վարդապետ մեջ խորանին,
Կտրեցին քառսուն ավագ սարկավագ մեջ սենեկին,
Կտրեցին քառսուն լուսարար
Ու քառսունեն մեկ պակաս սարկավագ.
Էն մեկ թաքնվավ սպանվածներու լեշերու տակ։
Խոլբաշա զորքեր որ գնացին,
Էն էլավ լեշերու տակեն,
Առավ սարկավագի մի շապիկ,
Թաթխեց սպանվածներու արնով,
Հավար տարավ Սասուն, Դավթին։

[էջ 200]

13

Սարկավագ էկավ, հասավ Սասուն։
Էկավ Ձենով Հովանի սենեկ։
Տեսավ՝ Դավիթ նստե, Դավթի քեֆ հասեր է.
Սագեր արե խորոված՝ դրե փլավի վերա,
Յոթ տարվա նռան գինին խմե,
Ոտ թալե վեր ոտուն, ազապ լաճերու,
Ազապ աղջիկներու հետ կեր ու խում կ’անի։
Սարկավագ էկավ, էդոր դիմաց կանգնավ։
Ձենով Հովան ասաց.— Էդ ի՞նչ է էղե։
Սարկավագ ասաց.— Մեր վանք թալնեցին.
Դավիթ ծուռ է—էկե նստե, քե՞ֆ կ’անի։
Ձենով Հովան սիլա՛ մի զարկեց սարկավագին:
Դավիթ էն կողմեն ասաց.
— Հրողբեր, ինչի՞ սարկավագին տփիր։
Ասաց.— Սարկավագ կ’ասի՝ Դավիթ ծո՛ւռ է,
Էկե, նստե, էստեղ քե՛ֆ կ’անի։
Դավիթ կանչեց սարկավագին, ասաց.
— Տեսնե՛մ, արի էստեղ, ի՞նչ կ’ասես.
Էն ի՞նչ է պակաս իմ վանքին.
Խո՞ւնկն է պակաս, ձե՞թն է պակաս, ինչի՞ էկար,
Շուտ ա՛ռ, գընա՛, քո ժամուն հասի՛ր։
— Դավի՛թ,— ասաց էդ սարկավագ,—
Սպանեցին քառսուն էպիսկոպոս*
Սպանեցին քառսուն վարդապետ,
Սպանեցին քառսուն ավագ սարկավագ,
Սպանեցին քառսուն լուսարար,
Սպանեցին քառսուն՝ մեկ պակաս՝ սարկավագ,
Վանք պլոկեցին, թալնեցին, առա՛ն, գընացին։
— Է՜,— ասաց Դավիթ,— ինչի՞ գլուխ կը ցավցնես։
Դարձավ Հովանին ասաց.— Հրո՛ղբեր,
Սարկավագն էկեր է. խո՞ւնկն է պակաս,
Ձե՞թն է պակաս, մո՞մն է պակաս,
Տո՛ւր թող էրթա։
Սարկավագ մնաց շվար։
Չի կարնա հասկացնի Դավթին։

Դավիթ որ էտենց ասաց, չը հասկացավ,
Սարկավագ արնոտ շապիկ տվեց առաջ, ասաց.

------------------------

* Երգ է:

[էջ 201]

— Աստված քո տուն ավրի,
Ո՞ւր են քո էպիսկոպոսներ,
Ո՞ւր են քո վարդապետներ,
Ո՞ւր են քո ավագ սարկավագներ...
Դավիթ՝ որ տեսավ արնոտ շապիկ,
Գինին գլխից անցավ, ասաց.— Տըղա՛,
Էդա ի՞նչ է, ի՞նչ է եղեր։
— Դավիթ, մեռնեմ ես քեզ,— ասաց*,—
Սպանեցին քառսուն էպիսկոպոս,
Սպանեցին քառսուն վարդապետ,
Սպանեցին քառսուն ավագ սարկավագ,
Սպանեցին քառսուն լուսարար,
Սպանեցին քառսուն՝ մեկ պակաս՝ սարկավագ։
Վանք պլոկեցին, թալնեցին, առան, գնացին։
— Ո՜ւըհ,— ասաց,— վանք թալնա՞ծ,
Վարդապետներ սպանա՞ծ.
Դու էդպե՞ս կ’ասես, սարկավագ, ո՞վ էր, ո՞վ չէր։
Սարկավագն ասաց.— Խոլբաշին էր՝
Հինգ հարիր ձիավորով։
Ամեն ըսպանեց, ես էլ հազիվ փախա։
— Սարկավա՛գ,— ասաց Դավիթ,—
Էնոնք շո՞ւտ են գացած, թե նոր։
Ասաց.– էնոնք էնտե՛ղ են գացած,
Կո, ես էստե՛ղ էկա։
Դավիթ էլավ կայնեց, ասաց.
— Ազա՜պ լաճեր, ազապ աղջկե՜րք, կերե՛ք, խմե՞ք,
Ձեր քե՛ֆն արեք... Ես գնացի...

14

Իսկուն Դավիթ էլավ վագեց, մտավ Պառավու տուն։
Ասաց.— Պառավ, ես ո՞րտեղով էրթամ —
Էդ Խոլբաշու առջն բռնեմ.
Էն իմ վանք թալաներ, տարեր է։
Պառավ նշանց տվեց ճամփան, ասաց.
— Կ’էրթաս էն Բաթմանա գետի վերան, կամրջի մոտ։
Էդ Խոլբաշին ո՜ւր էլ էրթա,
Տի գա, էդ տեղեն տանցնի։

----------------------------

* Երգ է:

[էջ 202]

Դավիթ իրա ոտքեր չըլտեց,
Իրա թևքեր վե՛ր էտու,
Գնաց, բարդի ծառ մի քաշեց,
Իր ձեռ քսեց վերան,
Չլուտկացուց, դրեց թևին, գնաց։
Գնաց՝ էդա ջոջ քարի տակ կայնեց։
Խելի ժամանակ կայնեց, նայե՜ց, նայե՜ց...
Դըռդըռոց մի, ձա՛յն մի չի՛ գա։
Ասաց.— Վա՜յ թե անցած ըլնեն։
Մեկ էլ՝ լսեց, որ Խոլբաշին կ’ասի.
— Դավթի հե՛ր անիծեցինք,
Համ վա՛նք թալնեցինք,
Համ քառսո՛ւն վարդապետ, սարկավագ կտրեցինք։
Դե՛հ, թող գա, իմ առջև առնի՛։
Դավիթ իսկուն կանչեց.
— Խոլբաշի, դու դո՞ր տի փախչես։
Խոլբաշին հետև աչկեց, տեսավ՝
Դավիթ բարդու ծառ մի քաշե զորքերու մեջ
Կը փարատի, ու կամրջի վերան
Մեկ է՛ս կողմեն շուռ կը տա ջուր,
Մեկ է՛ն կողմեն շուռ կը տա ջուր։
Էնոր գորքեր ամմեն ջարդեց, էնոնք սպանեց,
Մնացած էլ լցեց գետ, էնոնք էլ խեղդեց։
Իրիշկեց՝ մարդ չի՛ մնացե. տեսավ՝
Խոլբաշին իրեն ձիով անցե գետի էն երես։
Ասաց.— Ձիո՛ւ տեր, ես կարնամ գամ քեզ ըսպանեմ,
Համա ես քեզ չե՛մ ըսպանի.
Դու գնա, Մելքին բարո՛վ արա,
Ասա՝ դեռ Սասուն չի՛ մեռե.
Մեկ էլ թող էսպես բան չանի՛.
Ավեր բանից ինչ կը դառնա։
Է՛, Խոլբաշին կիշխենա՞, դառնա՝ պատասխա՛ն տա.
Կը զարկի ձիուն, կը փախնի։
Դավիթ կէլնի կը դառնա Սասնա քաղաք։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice