ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 203]

ԴԱՎԻԹԸ ՊԱՏՈՒՀԱՍՈՒՄ է ՄԸՍՐԱ ՄԵԼԻՔԻ ՀԱՐԿԱՀԱՆՆԵՐԻՆ

1

Խաբար գնաց, հասավ Մըսըր։
Գընացին Մըսրա Մելիքին ասին.
— Մելիք, ի՞նչ կ’անես.
Էն Սասունցի Ծուռ քո զորքեր ջարդեց...

Մըսրա Մելիք մեջլի՛ս հավաքեց.
Խելացի մարդեր՝ ինչքան կար, ժողվեց,
Խորհուրդ հարցրեց՝ ճամփան շանց տան՝
Դավթի կյանք էրկրի էրեսից վերցուն։
Մեջ մեջլիսին Կոզբադին անունով
Կտրիճ փահլևան մի կար, էն ասաց.
— Թագավո՛ր ապրած կենա, վայել չե՛մ տեսնի՝
Դու էրթաս վեր գյավուրի՛ն։
Դու ինձ հազար փահլևան տաս՝
Տ’էրթամ, Սասնա քաղաք թալնեմ, բերեմ քեզի.
Քառսուն էրկեն կնիկ բերեմ՝ ուղտեր բառնան,
Քառսուն կոլոտ կնիկ բերեմ՝ էրկանք աղան,
Քառսուն ազապ աղջիկ բերեմ քեզ արմաղա՛ն։
Քառսուն արջառ, քառսուն էրինջ,
Քառսուն ուղտու բեռով արծաթ,
Քառսուն ուղտու բեռով ոսկի՛ բերեմ—քե խա՛րջ,
Սասուն անեմ առ ու թալան։
ԶԴավիթ էլ սպանեմ, գլուխ բերեմ քեզի։
Մելիք ասաց.— Քաջ Կոզբադին,

[էջ 204]

Էդ իրավունք տվի՛ քո ձեռ։
Կ’էլնես կ’էրթաս Սասնա վերան։
Կը բերես մեր յոթ տարվա խարջ.
Քառսուն էրկեն կնիկ՝ մեզի ուղտեր բառնան,
Քառսուն կոլոտ կնիկ՝ մեզի էրկանք աղան,
Քառսուն կույս աղջիկ մեզի՝ արմաղա՛ն—
Արջառ ու էրինջ, ոսկի ու արծաթ,
Մեկ էլ Դավթի գլուխ։
Կոզբադին Մելիքին ասաց.
- Մե՛լիք, դու ի՞նչ տի տաս ինձի։
Ասաց.— Թե դու էդպե՛ս արիր,
Իմ կես թագավորություն կը տամ քեզի։
Կոզբադին կ’էլնի, հազար կտրիճ մարդեր կը ջոկի,
Կ’առնի, որ էրթա Սասնա վերան։

2

Բադին, Կոզբադին, Սուդին, Չարխադին
Ու Մելքի տված զորք ու զորական ընկան ճանապարհ.
Մըսրա քաղքի կընկտիք
Երբ որ տեսան էնոնց,
Պար բռնեցին, ասին.

«Բարո՛վ Բադին ու Չարխադին*,
Էդ ո՞ւր կ’էրթաք էդպես վազան,
Էյ Կոզբադին, է՜յ դու Սուդին,
Որ դարձեր եք էդպես զազան...»։
Կոզբադին վերցուց, էդ կընկտոցն ասաց.
— Մտեք տուն, արեք շիվան*,
Էլեք դուրս, արեք դիվան.
Կերթանք Սասան առ ու թալան.
Կարմիր եզներ բերենք լծան,
Սիրուն կովեր բերենք կըթան,
Որ դուք անեք եղ ու չորթան։
Կընկտոցից մեկ դարձավ ասաց.
— Սասնա ծռե՞ր... թե ես գիտե՛մ՝
Էդ ձեր ուզած թե՛ տան, թե տան։

----------------------

* Երգ է:

[էջ 205]

3

Կոզբադին իր զորքով գնաց,
Գնաց ու Սասնա մոտկացավ.
Մեջ դաշտին վրաններ զարկեց,
Քառսուն մարդեր ջոկեց զորքից,
Էդ քառսուն մարդ ու քառսուն ուղտ առավ,
Գնաց Հովանի մոտ,
Որ յոթ տարվա հարկ հավաքի։
Ասաց.— Մելիք ճամփե՛ր է մեզ,
Որ յոթ տարվա ձեր հարկ տանենք։

Հովան էդ բան լսեց, — Դավթից կը վախենար,—
Կանչեց ասաց.— Դա՛վիթ,
Էսօր իմ սիրտ վիրու օչխարի մի՛ս կ’ուզի.
Գընա՛, օչխար մի զարկ, բե՜ր, ես ուտեմ։
ԶԴավիթ խաբեց ու ճամփեց սար,
Որ Դավիթ խաբար չ’աներ, թե խարջ կը տան։
Դավիթ էլավ գնաց սար։
Վերգոն ու Կոզբադին կ’էրթան,
Քառսուն աղջիկ կը ժողովեն,
Կը լցնեն մեկ մարագ,
Քառսուն էրկեն կընիկ կը ժողովեն,
Կը լցնեն մեկ մարագ,
Քառսուն կարճ կընիկ կը ժողովեն,
Կը լցնեն մեկ մարագ,
Պառվու աղջիկն էլ կը տանեն։
Կը տանեն արջառներ, կը տանեն էրինջ,
Կը տանեն եզներ, կը տանեն կովեր,
Կը փակեն մեջ մարագներուն։
Սուդին, Չարխադին, Բադին, Կոզբազին
Կը գան, կը մտնեն ոսկու զարզամբին.
Կը գան, քուրսու վերան կը բազմեն.
Վերգոն էլ կ’էլնի որ ոսկին չափի,
Մըսրա Մեյքի ջվալներ լցնի։
Էդ վախտ Մըսրա զորք կը մտնի Սասուն քաղաք,
Թալան-թուլան կ’անի։
Կնիկ ու ապրանք կը տանի։

[էջ 206]

4

Դավիթ սար-ձոր ընկած՝ իր որս կ’աներ։
Սարեն իջավ Դավիթ՝
Իր նիզակին վերա օչխար տնկած։
Էկավ, մտավ Սասուն,
Իր ձեռ էտու, ժանգոտ շեղբիկ մ’առեց իր ձեռ,
Գնաց Պառվա շաղգամի մարգ,
Շաղգամ քաղեց, շեղբկով մաքրեց,
Ու շաղգամ ուտելեն մտավ քաղաք.
Մտավ քաղաք, էկավ տեսավ՝ ինչ,—
Ամեն օր որ կը գար, կը տեսներ՝
Ասե՛լ, խոսե՛լ, ծիծա՛ղ, ուրախությո՜ւն.
Էս օ՛ր որ էկավ, տեսավ՝
Ինչ որ քաղքի վերան հո՛ղ մաղես,
Քաղաքն ինչ լա՜լ, գոռա՜լ, ծեծկուք,
Մեր ու մանուկ ուրացեր են.
Տեսավ Պառավ, ձեռները ծոց դրած՝
Կը լա՜ կը մռմռա՜, կ’էրթա, կը գա, կասի
— Ավե՛ր, ավերվիս Սասուն,
Մեկ թաք աղջիկ ունեի՝ էն էլ գերի՛ գընաց Մըսըր։
Էդ ձեն ընկավ Դավթի ականջ.
Դավիթ էլավ, ասաց.— Պա՛ռավ,
Էդ ի՞նչ է, էդ ի՞նչ խաբար է։
Ասաց.— Գրող-մահ քեզ տանի, Դավիթ,
Սասունա ծո՛ւռ, շաղգամակեր,
Թող դարդակվի քո թամք։
Դավիթ ասաց.— Ինչի՞ համար ինձ կ’անիծես,
Ի՞նչ եմ արե, Պառավ։
Պառավ ասաց.— Ապա էն թաղթ նստող ո՞րն է։
Ասաց.— Իմ հրողբեր Վերգոն է.
Նանե, ինչի՞ ինձ կանիծես։
Պառավ ասաց.— Հալա դեռ չանիծե՜մ,
Մենք ի՜նչ նեղությունով, ի՜նչ տանջանքով
Մեծացուցինք մեր աղջիկներ,
Հիմիկ Վերգոն մեր աղջիկներ ժողվե,
Լցե էն մարագներ,
Որ տա, տանեն Մըսրա Մելքին։
Գընա, տե՛ս, Կոզբադին էկե՝
Քո հրողբոր մոտեն խարջ կը տանի՝
Մենք էդոնց խարջ տվո՞ղն ենք, ի՞նչ։

[էջ 207]

Դավիթ ասաց.— Պառա՛վ, Պառա՛վ,
Կոզբադին ո՞վ է, ի՞նչ խարջ է։
Պառավ ասաց.— Հը՛, Կոզբադին ո՞վ է...
Կոզբադնին Մելիքն է ճամփե.
Քառսուն կարճլիկ կընիկ տանի*,
Քառսուն էրկեն կընիկ տանի,
Քառսուն ագապ աղջի՛կ տանի։
Կովեր տանի, եզնե՛ր տանի,
Քառսուն ուղտի բեռնով ոսկի՛, արծա՛թ տանի;
Աղջիկ, կընկտիք, ամեն տարե,
Իրեք մեծ մարագներ արե,
Հիմիկ էլ ոսկի՛ն կը չափեն։

Դավիթ շատ բարկացավ,
Ամուր բռնեց Պառավու ձեռ, ասաց.
— Պառավ, էդա բաներ ո՞ր տեղն է,
Արի, էրթանք, ինձ նշանց տուր։

Պառավ Դավթին բերեց, նշանց տվեց գոմեր,
Ուր կարճ կընկտիք, էրկեն կընկտիք,
Ազապ աղջիկ լցուկ էին։
Դավիթ իրեք գոմի դռներ կոտրեց,
Դռներ բացեց, կընկտիք, աղջիկներ դուրս հանեց,
Ասաց.— Իմ մերե՜ր, իմ քուրե՜ր,
Դուրս էլեք, գնացեք ձեր տներ,
Գնացեք, ձեզ համար աղոթք արեք,
Ես կ’էրթամ ձեր չար կը տանեմ։
Դավիթ գնաց, արջառներու, կովերու դուռ էլ բացեց,
Ասաց.— Աստծու անասուններ,
Գնացեք ձեր տիրու դուռ։
Ապա Դավիթ Պառավու ձեռ քաշեց, ասաց.— Պառավ,
Արի՛ ոսկու զարզամբա տեղ նշա՛նց տուր ինձ։
Ո՞ր տեղն է՝ կը չափեն ոսկին։
Պառավ բերեց, էսապես. հեռու կայնեց.
— Դավի՛թ, — ասաց, — իմ ձեռ թո ղ,
Որ չը թողնես, չեմ ասի։
Դավիթ Պառավու ձեռ թողեց,
Պառավ ասաց.– Դե՛հ, ահա՛, տե՛ս, էնա՛ է, տես։
Ու խազնի դուռ նշանց էտու։

-------------------------

* Երգ է:

[էջ 208]

5

Դավիթ էլավ, գնաց,
Տեսավ քառսուն փահլևաններ
Խազնի դռան, թրեր հանե՝
Կես մեկ կողմեն, կես էն մեկէ՛լ՝ նստե։
Էնոնց բարև էտու, հարցուց.
- Տեսնես իմ հրողբեր էդ ի՞նչ կանի։
Ջուաբ տվին, թե ի՞նչ կը հարցուցես։
Ասաց.– Էրթամ էնոր օգնեմ։ Նե՛ղն է։
Փահլևաններ ասին.
- Էն ի՞նչ արեց, որ դու ի՞նչ անես։
Էս խոսքի վերան Դավիթ բարկացավ.
Վիրու օչխար դրավ գետին,
Բռնեց էն քառսունի վիզն էլ քաշեց,
Ինչպես մարդ հավու մի վիզ դուրս քաշի...
Էլ ետ վիրու օչխարն առավ իր թև,
Մտավ զարզամբին։
Դավիթ մտավ ոսկու զարզամբին,
Տեսավ՝ ոսկին գետնի վերան դիզած.
Տեսավ՝ Հովան ջվալների բերան բռնե,
Վերգոն էլ կոտ առե,
Կոտով ոսկի կը չափի՜, կը տա՛,
Կը լցնե՜ն, կը չափե՛ն, կը լցնե՜ն, կը չափե՛ն,
Կը դարդակեն, Մըսրա բեռնե՛ր կը լցնեն.
Հրողբերներ էնպես են քրտընե,
Կը լողան մեջ քրտընքին։
Դավիթ աչքեց տեսավ՝
Քուրսու բոլոր նստեր են.
Մեկտեղ Բադին, մեկ՝ Կոզբադին,
Մեկ՝ Չարխադին, մեկէլ՝ Սուդին։
Կոզբադին մեկ մեկ թիզ պռնգներ ունի,
Սուր-սուր ցըցված բեղեր ունի,
Որ մարդ տեսնի՝ կը սարսափի։
Էդ Կոզբադին նստե էնտեղ,
Որ հրողբեր ոսկին չափեր՝ կ’ասեր՝ «էրկու–ո՜ւ»
Կոզբադին կ’ասեր - «մե՜-ե՜կ»։

Բարկութենեն արյուն լցվավ Դավթի աչքեր։
Հովան տեսավ՝ Դավիթ էկավ,

[էջ 209]

— Համա խեղճ Վերգոն չը տեսավ։
Մեկ էլ Դավիթ էնենց բոռաց Վերգոյի վերա,
Վերգոն էնենց վախցավ, որ լավոտեց։
Իրիշկեց՝ Դավիթ գլխու վերև կայնուկ է,
Ասաց.— Դա՛վիթ, մա՛հ քեզ տանի.
Դիր մի քո հե՛ր բոռաց—ես վախեցա։
Դիր մ’էլ էդպես դու բոռացիր։
Դավիթ դարձավ Ձենով Հովանին, ասաց.
— Հրողբեր, էդա ի՞նչ է կ’անեք։
Ասաց.— Ծո՛ւռ Դավիթ, քո թևի կեղտե՛ր կը սրբենք։
— Ա՛յ հրողբեր, իմ թևին կեղտ ո՞ւր է,
Չէ՞ս տեսնա, որ չը կա, բա՛ն էլ չը կա։
Հովան ասաց.— Տե՛ս, հա՛ն, քո թևի վերան։
Դավիթ օչխար թևեն թալեց էն վերի տեղ,
Էկավ մոտ հրողբրանց։
Կամաց Վերգոյի ձեռ բռնեց, ասաց.
— Հրողբեր Վերգո, հրողբեր Հովան,
Դուք շա՛տ եք ծերացե,
Դուք չեք կարնա Սասնու ոսկին չափեք,
Տվեք, ես տի չափեմ, լցնեմ Մըսրա բեռներ.
Մելիք որ խարջ կ’ուզե,
Մելիքի խարաջ ե՛ս տի տամ։
Էդա փահլևաններ ասին.— Ջանըմ.
Դե, էդա ճիժ թող դեն, քո գո՛րծ արա։
Դավիթ ասաց.— Չէ՛, աստվա՛ծ գիտե, ե՛ս տի չափեմ։
Ձենով Հովան ասաց.— Դավիթ, գնա՛ քո բանին,
Քեզ բան չը կա՛ էսա գործին։
— Չէ՛,— ասաց,— ես չե՛մ էրթա, տո՛ւր։
Ու ձեռ էթալ, հրողբոր ձեռեն կոտ խլեց,
Կոտ կործեց վեր բերնին, ասաց.
— Հրողբեր, լից, լից, ոսկի՛ լից։
Հրողբեր մեկ թիակ ոսկի լցեց չափի ոռք,
Դավիթ փետ էտու վերան, թափեց,
Դատարկ կոտ վերուց իր ձեռ,
Շրջեց ջվալի մեջ, ասաց.— Էսա մե՜կ-էրկո՜ւ...
Կոզբադին չը դիմացավ, բոռաց, ասաց.
— Տո, ծո՛ւռ, էդ ի՞նչ է կ’անես։
Գնա, տեղդ նստի, կէլնեմ գլուխդ կը թռցում։
Բոռաց ասաց.— Ձենով Հովան, խաղա՛լի՞ք ենք.
Դու էդա ճիժ բերեր ես, որ ծիծաղա վեր մեզ։

[էջ 210]

Կը տաս՝ տո՛ւր յոթ տարվա մեր խարջ.
Թե չե՛ս իտա, կ’էրթամ Մըսրա Մելքին կ’ասեմ,
Կը գա Սասնա քաղաք կ’ավերի, տանի։
Դավիթ հերսոտավ, էլավ, կանգնավ,
Էսպես, վիզ ծռելով՝ մեկ մ’էլ Կոզբադնի կողմ աչքեց,
Կոտ վերցուց, ասաց,
— Յա՜ հացն ու գինին, տեր կենդանին,
Մարութա բարձր Աստվածածի՜ն։
Ասաց, կոտ զարկեց Կոզբադնի գլխուն։
Կոզբադին իր գլուխ կոռեց, բարձր կպավ.
Թե Կոզբադին գլուխ չր կոռեր,
Վիզ կը կտրեր, գլուխ կ’էրթար։
Կոզբադին շուտ մի էլավ՝ փախնի։
Դավիթ ընկավ հետև, Կոզբադին բռնեց,
Էնոր շրթունքներ կտրեց,
Էնոր ատամներ քաշեց, շարեց ճակատ,
Բերեց, դրեց ձիու վերան,
Ոտքեր ձիու փորի տակ կապեց, ասաց.
— Դե, գնա, թագավորիդ բարև արա, ասա.
Էն Մհերի տղա Դավիթն էդպես արեց.
Մեկ էլ չը գա՝ Սասնա կընիկ, աղջիկ տանի՜.
Սասնա տուն դեռ չի՛ ավերվե՛,
Որ դուք էկե մեզեն խարջ ու խարաջ կ’ուզեք։
Մըսրա գավառ իրեն, Սասնա գավառ մեզի։
Թե չէ՝ ինչ իրմեն կը գա, թող չը խնայի։

6

Էլան քոռ ու փոշման Բադին, Կոզբադին,
Սուդին, Չարխադին, իրենց զորք թողին
Փախան Մըսրա էրկիր։
Կոզբադնի զորքեր էլ իրենց ավար քշե,
Հաներ էին Սասնա սինորեն դուս, կը տանեին։

Դավիթ էլավ, հեծավ իր ձին,
Քըշեց Կոզբադնի զորքերի առաջ, կանչեց, ասաց.
— Էս մարդիկ ո՞ւր կը տանեք,
Էս թալան ո՞ւր կը տանեք։
Թողեք, գընացեք, քանի շո՛ւտ է.

[էջ 211]

Խե՛ղճ եք, մի՛ թողեք, որ ձեր գլուխ կտրեմ։
Ասին.— Դու մե՛կ՝ մենք հազար.
Ինչպե՞ս կարնաս դու մեզի հետ...
Դավիթ մըզրախ քաշեց ու ընկավ մեջ,
Էդ զորք բոլոր ջարդ ու փշուր արեց։
Զժողովուրդ, կնիկ, աղջիկ,
Քաղքեն տարած ալան-թալան հետ դարձուց,
Բերեց, հասավ Սասնա քաղաք,
Կանչեց զժողովուրդ, ասաց.
— Ամեն մարդ գա, իրեն ապրանք ճանչնա՛, վերցու
Ով որ ապրանք տվե՛,—
Թող գա իր ապրանք վերցու։
Ով որ ոսկի, փող տվե,
Թող գա, իրեն ոսկի՛ն վերցու։
Ով որ մեկ կորեկ ավե՛լ վերցու՝
Կը զարկեմ՝ զգլուխ կը կտրեմ։
Ամեն իր տվա՛ծ թող վերցու։
Զապրանք, զոսկի, զփող՝
Բոլոր ցրվեց, տվեց ժողովրդին.
Ինք էկավ իր տուն նստավ։

7

Սուդին, Չարխադին, Բադին, Կոզբադին
Լեղապատառ կ’էրթան, կը հասնեն Մըսըր։
Կիրիշկեն, Մըսրա աղբըրի վերա
Կնկտիք ժողվեր են՝ կժեր կը լցնեն։
Կնկտիք զէդ տեղաց տեսան Կոզբադին,
Որ բերան բացած՝ ուրախ կը ծիծղա։
Ասին.— Կոզբադին խարջ բերե, կը գա։
Համա Կոզբադին գնաց, մոտեցավ,
Տեսան՝ էնոր պռնգներ կտրտած,
Ատամներ քաշած, բևեռած ճակտին։
Կնկտիքըն ասին.– Տեսե՛ք մի, տեսեք,
Մեր Կոզբադին ինչպես կը գա լերան-լերան,
Բերնից կը թափե չորթընե թան։
Կոզբադին որ քիչ մէլ մոտիկ էկավ կնկտոց՝
Կնկտիքըն ասին ու խաղ արին.

[էջ 212]

— Այ, Կոզբադին, մեծաբերան*,
Կերթիր Սասուն՝ բերես թալան՝
Քառսուն էրկեն կնկտիք բերես՝ ուղտեր բառնան,
Քառսուն կարճլիկ կնկտիք բերես՝ էրկանք աղան,
Քառսուն կույս աղջիկ բերես արմաղան,
Քառսուն բեռով ոսկի, արծաթ բերես թալան.
Կարմիր կովեր բերես կթան,
Որ մենք անենք եղ ու չորթան։
— Ո՞ւր են հապա կարմիր կովեր։
— Ո՞ւր են հապա են քու կնկտիք.
— Հապա, էկար դու էտապես լերան-լերան,
— Քո ատամներ ճակտիդ վերան շարան-շարան։
— Ցեխո՛վ մոլված մեծաբերան։
— Իդա դիհեն գացիր՝ քանց գել գազան,
Ու էն դիհեն էկար՝ քանց շուն վազան.
— Մըզրախդ քո վզեն կախուկ՝ քանց շան խառան
Բերանդ է բաց՝ քանց պատուհան.
— Փսլիք կ’էրթա, քանց տոպրակի տակի թան՝
Ճանճեր վերան կապած քարվան։

Կոզբադին ամոթու էղավ՝ ձիու գըլուխ կոռեց,
Ուրիշ ճամփով էրթա։ Կնկտիք տեսան՝
Էնոնց մարդիկ գացած՝ հետ չե՛ն իգա։
Շատերու աչք ճամփին էր—բոռացին, ասին.
— Աբա մեր էրիկներ ո՞ր տեղ թողիր։
Դարձավ ասաց.
— Այ կընկըտիք շատախոսան*,
Ես գիտեի, թե էդ Սասուն դաշտ է, դուրան,
Չը գիտեի՝ քար էր, կապան։
Էնտեղ, ճժեր, որ նոր էլած՝ դիվանական
Իրենց նետ կա՝ քանց ձիթհանի գերան,
Էնոնք խոտե՛ր ունին կծան,
Էնոնց թրերը կեծական,
Էնոնք կը զարկեն մարդու ջան,
Մարդու լեշ կ’անեն պատուհան.
Ձեր էրիկներ էնտեղ ընկան.
Շատ մի անձրև կը գա գարնան՝

-------------------------

* Երգ է։

[էջ 213]

Սասնա տեղաց հեղեղ կը գա,
Ձեր մարդերու քիթ ու ականջ՝
Կբերի ձեզ՝ եղ ու չորթան։

8

Մնաց։ Օր մը, էրկու՝ վերա անցավ.
Մըսրա Մելիք հարցում արեց իր Մեջլիսին.
- Կոզբադին որ գնաց Սասուն՝
Խարջ ու խարաջ դեռ չի՞ բերե։
Ջուաբ տվին Մըսրա Մելքին, թե—Հա՜լ, հավա՜լ...
Կոզբադին ե՛տ էկավ Մըսըր։
Մելիք ասաց.– Կանչեք, թող գա՛, գա էսատեղ։
Կոզբադին ամոթու չէկավ։
Էդ վախտ, որ Կոզբադին զորքեր սպանե՛լ էտու,
Էնոնց բարեկամներ ժողվան Մելիքի դուռ,
Գանգատ արին, ասին.
- Կոզբադնին տարեք Մելքի Դիվանխանեն, դատեք:
Մելիք չորս մարդ ճամփեց Կոզբադնի հետև։
- Գնացե՛ք,— ասաց,— զոռո՛վ բերեք։
Էդա մարդիկ գնացին, ասին.
- Վա՜յ, Կոզբադին, Մելիք հրամա՛ն արե՝ տի գաս,
Որ դու չը գաս՝ մենք քե տըփելով տի տանենք։
Երբ Կոզբադին առան, բերին Մելիքի դեմ,
Տեսավ՝ էնոր ակռեք քաշած՝ զարկած ճակատ՝
Շա՛տ բարկացավ, ասաց.— էդ ի՞նչ է էղե քեզ։
Դու շատ կտրիճ կայիր էստեղ*.
Ասիր տ’էրթամ Սասուն թալնեմ,
Ո՞ւր են ապա, բեր մի տեսնեմ։—
Քառսուն-քառսուն էրկեն կնիկ,
Քառսուն-քառսուն կոլոտ կընիկ,
Քառսուն-քառսուն կույս աղջիկ արմաղա՜ն։
Հապա ի՞նչպես գացիր Սասուն,
Էդքան կտրիճ մարդեր տարար.
Ո՞ւր են ապա էդ քո մարդեր։

Կոզբադին ասաց.— Թագավո՛ր, ապրած կենաս,
Սասնա մեջ Դավի՛թ դուրս էկավ,

------------------------------

* Երգ է:

[էջ 214]

Էնի քո հրաման չը լսե՛ց։
Մեր զորք ջարդեց, յոթ տարվա խարջ չէտուր,
Մեզ էլ էսպես խեղեց։
Ասաց. «Դե ե՛լ, գնա՛,
Բարև՛ տար դու Մըսրա Մելքին,
Թող ի՛նք գա իր խարաջ տանի,
Ես ձեզի խարաջ տվող չե՛մ։
Մըսըր էնոր, Սասուն մեզի։
Չէ՞, չի՞ ուղի։ Ինչ կուզի՝ թող անի»։
Շա՜տ կտրիճ տըղա դառեր է Դավիթ.
Էնպես կտրիճ տըղա չըկա ...

9

Էդ որ լսեց՝ Մելիք կատղա՜վ,
Կատղավ, արուն էլավ աչքե՛ր,
Էլավ, էկավ իր տուն, ասաց.
— Ա՜խ, մարե, ա՜խ, մարե,
Ես էն օր Դավթին տի սպանեի՛, դու չը թողի՛ր։
Տեսա՞ր՝ հիմիկ ի՞նչպես վեր ինձ
Զոռբայություն կը բանացնի։
Ես զուր էն քո ասած արի։
— Հա՞,— ասաց մեր,— դու իմ ասած չ’արի՜ր.
Դու Կոզբադնի՛ ասած արիր։
Մելիք ասաց.— Ես քո ո՞ր ասածն էր՝ չարի։
Ասաց.– Որ դու իմ ասա՛ծն անեիր,
Տարին էրկու անգամ դու տ’էրթայիր իր տուն
Ու տեսնեիր Դավթին.
Ու դեռ Դավի՛թն էլ կանչեիր՝ բերեիր տուն։
Էն վախտ կ’ուրախանա՜ր, կ’ասեր՝ աղբեր կա ինձ։
Էլ մարդ չէր կարնա քո վերա խոսի։
Մելիքն ասաց.– Մա՛րե, ես արա՛բ եմ,
Դավիթ՝ հա՛յ է. էն ո՞նց կըլնի ինձի աղբեր։
— Մելիք,— ասաց Իսմիլ խաթուն,—
Է, քո խելք չի՞ կըտրի։
Շատեր՝ արաբ ու հայ, կըլնեն աղբեր.
Մեկ-մեկի տուն կ’էրթան
Ու իրար շատ կ’օգնեն։
Էն Դավիթն էլ մեր պահած-շահած տըղե՛ն էր.
Թե աղեկ վարվեիր իր հետ՝

[էջ 215]

Դավիթ քո խոսք տի կատարեր...
Աղե՜կ, Դավթի մոտ չը գնացիր,
Դավիթն էլ չը կանչի՛ր քո տուն,
Էլ ի՞նչ ունեիր Դավթի հետ,
Որ ճամփեցիր՝ յոթ տարվա խարջ ուզիր։
Դավիթն էլ տեղ հանեց։
— Մարե՜,— ասաց Մելիք,—
Դավիթ էդա բանե՜ր հանեց իմ գլուխ,
Որ ամոթու մե՛ջ էդ քաղքին
Չեմ կարնա գլուխ հանի դուրս։
— Մելի՛ք,— ասաց Իսմիլ խաթուն,—
Էլ դու Դավթի հետ գործ չունե՛ս.
Էլ բադալ բադալի՜ն էլավ.
Ես մեկ թուղթ կը ճամփեմ Դավթին,
Դավիթ քեզ հետ կը բարիշցում.
Էլ էնոր հետ դու գո՛րծ չ’ունես։
Է՛, Մելի՛քն է, կը դադարի՞։— Մարե՛,— ասաց.–
Քանի ես քո ասածն արի՝ վնաս տեսա։
Կամ ես գԴավիթ կը սպանեմ,
Կամ Դավիթ ինձի կը սպանի։
— Մելի՞ք,— ասաց Իսմիլ խաթուն,— իմ խո՛սք արա,
Դու չե՛ս կարնա զԴավիթ սպանի։
Որ ասաց՝ դու չես կարնա զԴավիթ սպանի՝
Մելիք բարկացավ.
Էլավ, իր վազիրի ձեռնեն բռնեց.
— Էլի՛, էրթա՛նք,– ասաց։

10

Մելիք գնաց մեջ քաղքին,
Քաղքի խելոք մարդիկ ողջ ժողովեց,
Առաջ էդա խելոք մարդկանց հարցմունք արեց։
Շատեր կալին՝ ավերություն չէի՛ն ուզի.
Շատեր կային՝ որ կ’ասեին.— Մե՛լիք,
Դավիթ քեզ ի՞նչ վնաս կը տա իսկի.
Դավիթ միամիտ իր տան նստե,
Դո՛ւ ես ավերություն արե,
Էլի դո՞ւ ես, որ չես դադրի։

[էջ 216]

Մելիք էդ մարդերու հետ էլ խորհուրդ չ’արեց:
Ջո՛կ մարդերու հետ զրուցեց.
Ասաց.— Դո՜ւք ինչ կ’ասեք.
Մենք Դավթի հետ կռի՛վ տ’անենք։
Ասին.— Մե՛լիք, էսօր Դավիթ քսան տարեկան է.
Դավիթ դեռ չը գիտե կռվել.
Թե դու էսօր կռիվ չ’անես`
Թե որ Դավթին դու չը սպանես,
Էն որ էլավ էրեսուն տարու,
Քեզ կը սպանի ու զՄըսըր էլ կը զավթի.
Աղե՛կն է՝ քո ամեն զորք ժողովես,
Էրթաս Դավթի վերա կռիվ։
Թե որ դու մեզ ականջ դնես՝
Էդա ամե՛ն բանեն լա՛վ է։ Էս տարի թե չ’էրթաս
Էլ Դավթին վրա չե՛ս կարնա...

Մելիք դարձավ խելոք մարդերու վերա
Գոռա՜ց, կանչե՜ց, ասա՛ց.
— Կերթամ Սասուն, Սասուն կավերե՜մ։
Ըզհող ու ջուր, ըզժողովուրդ կը վերում,
Քանդեմ, տանեմ
Մըսրա հետև նոր քաղաք մի շինեմ.
Էլ թող Սասուն անուն չըլնի մեջ աշխարհին։

[ներդիր]

Ինձ պետք են հազար–հազար անբեղ, անմորուս զինվոր

Ինձ պետք են հազար–հազար անբեղ, անմորուս զինվոր

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice