ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 283]

ԴԱՎԹԻ ՄԱՀԸ

1

Ավուր մեկ Դավիթ ասաց.— Խա՛նդութ,
Էն, ինչ ես քեզի բերի՝
Էն քառսուն փահլևանի մեղաց տակ ընկա.
Իմ խիղճ չի տանի՝ քեզի էնոնց ձեռքեն խլեցի։
Ես լսեր եմ՝ Գյուրջիստան խորոտ աղջիկներ շատ կան,
Տ’էրթամ, գըտնեմ էն քառսուն փահլևաններ,
Քառսուն ազապ աղջիկ պսակեմ վեր էդոնց,
Ո՛ր աղջիկ իրենց քեֆ կ’ուզի,
Նոր դառնամ, գամ Սասուն։
Խանդութ խանում ասաց.
— Դա՛վիթ, դու իմ մեղաց տակ մտար,
Ինձի հորե, մորե հանեցիր,
Ինձի բերիր, էս քաղաք դրիր,
Կը թողնես ինձի, էրթա՞ս։
Որ քեզի տղա մ’էլավ, ես ի՞նչպես տ’անեմ։
Դավիթ ասաց.— Խանդութ խանում,
Որ ինձի տղա էլավ,
Անուն կը դնես Մհեր.
Իմ հոր անուն գետին չը մնա։
Հանեց մեկ ոսկի բազբանդ էտու,
Անգին քարերն էլ մեջ։
Ասաց.— Թե տղա էլավ,
Կը կապես էնոր աջ թևին.

[էջ 284]

Թե որ աղջիկ էլավ,
Ասաց,— Կըտաս իրեն բաժինք։
Ես որ շատ ուշացա, զՄհեր ճամփի, թող գա,
Բազբանդ տեսնեմ, կը ճանչենամ։

Էլավ, հեծավ Քուռկիկ Ջալալին,
Ընկավ ճամփա, քշեց գնաց։
Էն քառսուն փահլևաններ,
Քառսուն էրկիր մեկ–մեկ գտավ,
Տարավ էնոնց դեհ Գյուրջիստան։
Գնացին, գնացին հասան Գյուրջու քաղաք։
Քառսուն փահլևանին աղջիկ գտավ։
Դավիթ էնտեղեն դարձավ գնաց Ադրբեջան։
Իրիշկեց, տեսավ, որ մեկ աղջիկ կա էդա տեղ
Էն աղջկան պես էլ աղջիկ խորոտ չկա։
Ասաց.— Տանեմ Խանդութ խանումին խըդամ։
Էդ մեկ աղջիկ էլ վերուց
Ասաց.
— Ամեն մարդ իրեն աստված,
Էրթա իրեն էրկիր,
Ես էլ կ’էրթամ դեհ Սասուն։
Փահլևաններ առան իրենց աղջիկներ,
Գլուխ տվին, ասին.
— Շնորհակալ ենք քենե, Դա՛վիթ,
Որ հասուցիր մեր մուրազին։
Կաց-բարև արին, գնացին։
Դավիթն էլ առավ էն մեկ աղջիկ,
Էդի ձիու գավակ, էկավ։
Մենք խաբար տանք Խանդութի մոտեն։։

2

Դավիթ որ գնաց Գյուրջիստան,
Վաչոն մարդ Ճամփեց Խանդութի ետև,
Առավ, էկավ Կապուտկող։
Խանդութ էն ժամանակ էրեխով էր.
Որ էկավ իր հոր տուն,
Պառկավ, տղա մի բերեց։
Վաչոն ասաց Խանդութին.
— Թե որ էդ տղան Դավթի տղան է,

[էջ 285]

Էնոր մոտեն նշան մի, զորություն մի տ’էլնի։
Էլան զտղեն բարուրեցին,
Գութնի շղթաներ բնդի տեղ փաթթեցին վեր էնոր.
Տղան էր՝ ինչ էլաց ու ճմլտկաց մեջ ճղորիս,
Էն շղթաներ կտոր-կտոր էղան։
Դե՜հ, Դավթից ու Խանդութից
Մանդր տղա հո՛ չ’ըլներ...
Տեսան որ՝ Ազնանցորդի՛ է։
Համա տղան, որ կը լողկըցուցեն,
Տեսան՝ մեկ ձեռք խուփ է։
Ինչ ճար արին-չարին,
Տղի ձեռք չը բացվավ,
Քաղաք քաղքով չեն կա՛րնա էնոր ձեռք բանա.
Վաչոն էլավ իրեն ահուն,
Նամա՛կ գրեց Դավթի քեռուն.
«Թո՛րոս, աչքդ լուս ըլնի.
Դավթին տղա մի էղեր է,
Մենակ մի ձեռք խեղ է»։
Թորոս որ էդ նամակ կարդըցավ,
Էլավ, հեծավ Վեցոտնեն Լազգին,
Էկավ, հասավ Կապուտկող.
Էկավ Վաչոյի տուն, ասաց.
— Հըլա տղի բարուր տվեք,
Աչքեմ իմա՞լ տղա է։
Թորոս առավ ըզտղան, տեսավ.
Զմանուկի ձեռք մաժեց, մատներ բացվան.
Տեսավ, կաթ մի արուն ձեռքի մեջ.
Ասաց.– Հա՜յ, հա՜յ, թե քար էսօր մուտ տա, մուտ տա,
Հող չի կարնա պահի.
Զաշխարք արեր է կաթ մի արուն,
Դրեր է մեջ ձեռքին։
Թե որ էդի մնաց,
Էդոր մոտեն զարմանալի բան տ’էլնի։
Մնաց էրկու-իրեք օր,
Խանդութ տղան էտու կնքել,
Անուն էդիր Մհեր։

Ինչ խալխի տղեք տարով կը ջոջանային,
Մհեր օրով կը ջոջանար,
Ինչ ամսով, Մհեր՝ ժամով։

[էջ 286]

Մնաց ժուկ մ’ ու ժամանակ մի՝
Քեռի Թորոս էլավ, առավ զՄհեր,
Առավ զԽանդութ խանում,
Էկան, էլան Սասուն։

Տարին որ թամամավ,
Մհեր էլավ, գնաց մեջ քաղքին ման կը գար։
Ջոջ գետ մի Սասնու քաղքի առջևեն կ’էրթար.
Մհեր վեց էլից՝ կամուրջ կապեց վեր էն գետին
Որ մարդիկ կ’էրթային՝
Վեր կամրջին ինի կ’էրթային։
Մհեր կ’էրթար, մարդեր կը տփեր, կ’ասեր.
— Շա՛ն որդիք, ես կամուրջ կապեր եմ,
Ձե՞զ համար եմ կապե.
Ինչի՞ վեր իմ կամրջին կ’էրթաք։
Մարդիկ կը դառնային, գային,
Զարկեին, ջրով անցնեին։
Մհեր կ’էրթար, կը տփեր, կ’ասեր.
— Շա՛ն որդիք, ես կամուրջ կապեր եմ,
Ձե՛զ համար եմ կապե,
Դուք ինչի՞ կը տաք ջրին,
Ջուր զձե տանի, մեղք ընկնի իմ վիզ։
Քաղքցիք էկան մոտ Քեռին գանգատ։
Քեռի Թորոս զՄհեր խրատեց։

3

Յոթ տարին լրացավ, Դավիթ չէկավ։
Մհեր իր մորն ասաց.
— Ի՛մ մեր, իմ հեր ո՞ւր է.
Էրեխեք ինձի կ’ասեն՝
Դու հեր չունես, բիճ ես,
Ինձի հեր չկա՞, էրթամ ետև.
Իմ հեր ո՞ւր է գնացե։
Մերն ասաց. — Քո հեր Դավիթն է.
Գնացե Գյուրջիստան էրկիր,
Քառսուն փահլևաններուն պսակի, գա.
Մեկ ոսկե բազբանդ էլ տվե,

[էջ 287]

Որ իրեն տղա ըլնի՝ կապեմ թևին,
Ճամփեմ գնա էնոր առջև։
Մհեր ասաց.— Ես տ’էրթամ իմ հոր գտնեմ։
Մերն էլ էբեր ոսկե բազբանդ,
Կապեց Մհերի թևին,
Գյուրջիստանի ճամփան նշանց էտու։

Մհեր գնաց ախոռ, ձի մի հանեց,
Զենքեր առավ, հեծավ, ընկավ ճամփա։

Եկավ մեջ դաշտին, իրիշկեց՝
Տեսավ թուխմորուս մարդ մի,
Խորոտ աղջիկ մի առե ձիու գավակ, կուգա.
Մհեր կանչեց.— Է՜յ, մարդ,
Դու միրուքավոր մեկ մի, էդ ջահել աղջիկ
Քե վայե՞լ է, որ առեր, կը տանես։
Էդ աղջիկ տի տաս ինձի։
Ասաց.– Տղա՛, դու գյադա մի,
Քեզի վայել է, ինձի վայել չէ՞։
Ասաց.– Էնդուց ինձի վայել է,
Ես ազապ, էն ազապ։
Դավիթ արավ, որ անցներ,
Մհեր ձեռ էթալ, ասաց.
— Չե՛մ իտա, տ’առնեմ քո մոտեն։
Էնտեղ Դավթի սիրտ էլավ, ասաց.
— Հա՛յ–հո՜յ, հա՛յ–հո՜յ, իրիշկեցեք.

«Շատ ծովեր եմ մտե*.
Իմ ձիու ճանճեր չեն թացվե.
Հիմիկ մեկ բարակ առու եմ տեսե,
Չի թողնի, որ ես անցնեմ։
Շատ սարեր, քարեր եմ ման էկե.
Իմ առջև դեմ կանգնող չէր էղե,
Մեկ բարակ բատան եմ տեսե,
Շատ եմ մոտեն վախեցե»։

Դավիթ որ պրծավ, Մհեր ասաց.
— Գյուվա բարակ առուն ե՞ս եմ,
Գյուվա բարակ բատան ե՞ս եմ։

------------------------

* Երգ է:

[էջ 288]

Ձիուց վեր էլի, ես դու կպնենք կուշտի։
Դավիթ ձիուց վեր էկավ, ասաց.— Կայնի,
Էս աղջիկ տանեմ էնտեղ,
Նոր ես դու կռվենք։
— էլի տար,— ասաց Մհեր։
Տարավ, աղջիկ էդիր սարի գլուխ,
Ինք դարձավ, էկավ էնտեղ։
Դավիթ, Մհեր մտան կուշտի։
Էնպես զարկվան, կռվան իրարու հետ,
Փոշին էլավ էրկնուց էրես բռնեց,
Քրտինք իջավ գետին ցեխ արեց։
Էնոնց գուրզի զորությունից
Քամին զարկեց Դավթի թաշկինակ տարավ,
Տարավ, թալեց առջև Խանդութի դռան։

Խանդութ խանում էլավ դուրս,
Իրիշկեց, փոշին աշխարք բռներ է։
Տեսավ էնտեղ մեկ թաշկինակ.
Առավ, հոտ արավ, ասաց.
«Ըհը՛, էս Դավթի թաշկինակն է»։
Տեսավ՝ գրգռոց ընկե դաշտ։
Էլավ, ձին հեծավ, քշեց գնաց.
Տեսավ՝ թոզ-դուման կ’էլնի,
Ինչ որ էրկու սար
Կը գան, դիպնեն իրար,
Էնպես էն Դավիթ, Մհեր առած իրար.
Արընի մեջ լող կր տան։
Մարդ չէր կարնա մոտենա։
Խանդութ խանում առավ կանչի, ասաց.

«Դավի՛թ, դու մի՛ զարնի*,
Դավի՛թ, դու մի՛ զարնի,
Մեր նորելուկ մեկ տակ մանուկին»։

Դավիթ ինք չի զարնի,
Համա կուզի իր հոգին փրկի,
Իր ահու կը զարնի Մհերին։
Մհեր դարձավ, ասաց.

------------------------

* Երգ է:

[ներդիր]

Մելիք որ ճանաչեց զԴավիթ, Փչեց որ թռցնի տեղեն

Մելիք որ ճանաչեց զԴավիթ, Փչեց որ թռցնի տեղեն

[էջ 289]

— Մա՛րե, դու հոգ մի՛ անի,
Էնոր զարկեր կը նմանի Ծովասարու քամի՝
Որ կը հասնի իմ մազերուն։

Խանդութ խանում դոր ասաց.
«Մհեր, դու մի՛ զարնի*,
Մհեր, դու մի՛ զարնի,
Մեր թուխմորուս Դավթին»։

Մհեր իսկի չը լսավ։
Խանդութ խանում դոր երգեց.

«Սարեր, հըմդաթ էկեք*,
Ձորեր, հըմդաթ էկեք,
Հե՛ր, տղեն մե-մեկից բաժանեք»*։

Սարեր, ձորեր հըմդա՞թ կը գան,
Սարեր, ձորեր հըմդաթ չեն իգա։
Խանդութ խանում կանչեց.

«Օրհնյա՛լ, բարերար աստված*,
Քո հրամանքն էր շատ.
Հրաման էնես՝ Գաբրիել հրեշտակ վար իջներ,
Հեր, տղեն մե-մեկից հետ կտրեր»։

Աստծու հրամանքով Գաբրիել հրեշտակ վար իջավ,
Ձեռ էտու, հեր-տղան ետ կտրեց իրարուց,
Ինչ որ էրկու աքլոր կռվեն, մեկ էրթա, ետ կտրի։

Դավիթ դարձավ, ասաց.
— Ա՛յ տղա, դու ինձի տի սպանեիր,
Իմ կտրիճի ձեռնեն ի՞նչպես տի պրծնեիր։
Ասաց.— Քո կտրիճն ո՞վ է։
Ասաց.— Իմ կտրիճ էն է,
Ինչ ոսկի բազբանդ կո վեր թևին։
Տղան իրիշկեց վեր իր թևին,
Տեսավ՝ ոսկի բազբանդ կապած է.

-----------------------

* Երգ է։

[էջ 290]

Լացեց, հասավ Դավթի ձեռք պագեց, ասաց.
— Իմ հեր դո՞ւն ես, ես քե մեղա։
Դավիթ կանչեց, ասաց.
— Մհե՛ր, որ դու հետ ինձի կռիվ արիր,
Ինձի ամանչեցրիր,
Կանչեր եմ քաղցրիկ աստված,
Անմահ ըլնիս, անժառանգ։

Ինչ Դավիթ անեծք էտու,
Մհեր ըռըկավ, գնաց Կապուտկող։
Քառսուն ազապ լաճ առավ,
Քառսուն ազապ աղջիկ, նստավ,
Յոթ տարվան նռան գինին դրին, խմեցին։

4

Դավիթ էլավ, առավ էն աղջկան,
Առավ զԽանդութ խանում, էկան տուն։
Ինչ կռիվ արին հետ Մհերին,
Մեջ արընին կարմրցեր էր.
Ասաց.— Խանդութ խանում, ջուր բեր, լվացվեմ։
Դավիթ շորեր էհան, տի լվացվեր,
Կնիկ իրիշկեց՝ էնոր խաչ վեր թևին
Սևցեր էր ածուխի պես,
Էլաց, դժարացավ։
Դավիթ ասաց.— Կնի՛կ,
Ինչի՞ դժարացար, լացիր։
Ասաց.— Խաչ Պատերազմին վեր քո աջ թևին՝
Սևցեր է, էլեր է սև կուտ։
Ասաց.— Խանդութ խանում,
Էն չէր Մհերի զարկեր կը գար վեր իմ գլխուն,
Էն Խաչ Պատերազմին էր, ինձի կը զարներ։
Կնի՛կ, ես տէրթամ Չմշկիկ Սուլթանի մոտ,
Էրթում արի յոթ օր, գնաց յոթ տարի.
Ես էրթմակոտոր եմ էլե,
Կնի՛կ, ես գնացի...

Ասավ թե չէ, էլավ,
Քուռկիկ Ջալալին հեծավ,
Թուր Կեծակին կապեց, գնաց։

[էջ 291]

Հասավ առջև Չմշկիկ Սուլթանի քոշկին;
Չմշկիկ Սուլթան տեսավ՝
Դավիթ էկավ առջև իրեն սարին, ասաց,
— Դավի՛թ, դու էրդում էիր արե յոթն օր,
Քո էրդում տարար յոթ տարի.
Ես մնացի առանց մարդ,
Քո ճա՛մփան կ’իրիշկեմ։
Ասաց.— Դե՛հ, քո պատրաստություն տես,
Էլնենք մեյդան, կռվե՛նք։
Էն էլ ասաց.— Մեկ ժամ ժամանակ սալ,
Զիմ շորեր հագնեմ, զենքեր կապեմ, գամ։
Դավիթ կապեց զՔուռկիկ Ջալալին
Վեր Չմշկիկ Սուլթանի դռան, ասաց.
— Ձին էստեղ թող մնա,
Ես էրթամ գետ, լողանամ,
Չուր քո շորեր հագնես, գաս։

Դավիթ շորեր էհան,
Մտավ գետ, մեջ ջրին լողանա։
Էդ ջրի ափ էղեգնուտ էր,
Չուր Չմշկիկ Սուլթան կը գար,
Էնոր աղջիկ առավ նետ-աղեղ,
Էկավ էդ էղեգներու մեջ, պահ մտավ։
Դավիթ որ լողանալու հետ էր,
Էդ աղջիկ գողտուկ էլավ՝
Թունավոր նետով էզար Դավթին,
Որ էզար մեջքին, ծակեց,
Սրտեն ինի էտու դուրս։
Որ զարկեց՝ Դավիթ բոռաց,
Էնոր մոտեն յոթ գոմշու ձեն էլավ.
Գնաց, հասավ Սասուն.
Քեռի Թորոս լսեց Դավթի ձեն,
Ասաց.— Տղեկնե՛ր, էլեք,
Մեր Դավթին զարկեցին։
Քեռի Թորոս, Զենով Հովան, Ճնճղափորիկ,
Խոր Մանուկ, Խոր Գուսան ժողվին իրար։
Ձենով Հովանն էլ Սասնու բոռաց.
— Դավի՛թ, կո մենք էկանք։
Ու էկան Դավթին օգնության։

[էջ 292]

Էկան, հասան էն ջրի մոտ։
Քեռին հարցուց Դավթին.
— Տղա՛, Դա՛վիթ, քեզի ո՞վ զարկեց։
Ասաց.— Չեմ գիտի ով զարկեց.
Էն էղեգնուտեն մեկ մի էլավ, զարկեց։

Գնացին էղեգնուտի մեջ,
Փնտռեցին, գտան, տեսան՝
Մեկ չինի աչքերով աղջիկ.
Ինչ Դավիթ բոռացեր էր, մեռեր էր ահու։
Էդ աղջիկ Չմշկիկ Սուլթանի աղջիկն էր։
Դավիթ որ իմացավ՝ ասաց.
— Իմ ցեց իմ անձից է,
Էդ իմ սերմն էր, որ ինձի սպանեց։
Դավիթ էդ խոսք ասաց,
Ու ինքն էլ էնտեղ մեռավ,—
Արև էտու ձեր որդոց։
Էն մեռավ, ձին էնտեղ ծռավ,
Ծռակապ կտրեց, ընկավ դուրս,
Ինչքան մարդ պատահավ,
Տավար պատահավ, ձի, կտրեց,
Գնաց, կանգնավ առջև Խանդութ խանումի դռան։
Խանդութ խանումն էլ էլավ, իրիշկեց,
Տեսավ՝ ձին էկե, տեր հետ չը կա.
Շուտ մի խաբար արավ,
Թե Դավիթ կորե, չը կա։

5

Քեռի Թորոս ասաց.
— Տղեկնե՛ր, բերեք Դավթին,
Քոթակ կապենք ձիու վերան,
Էլնենք ջրինդ խաղալով էրթանք,
Բալքի Խանդութ չը գիտնա, որ Դավիթ մեռեր է։

Համա Խանդութ էլած տանիք,—
Բարձր էր իրենց տանիք,
Քարերու վրա էր շինած,—
Ամեն կողմ կ’իրիշկեր, տեսներ՝
Դավիթ ո՞ղջ կը գա, թե՝ մեռած։

[էջ 293]

Խանդութ իրիշկեց, տեսավ, որ
Ջրինդ խաղալով կը գան էդոնք։
Դավիթ հեծեր է մեկ ուրիշ ձի,
Իսկի չի խլվլա իր տեղեն։
Էն հասկացավ, որ Դավիթ մեռած է.
Ասաց.

«Որ աժեց, էկավ*,
Որ չ’աժեց, էկավ,
Իմ կանաչ կտրիճ Դավիթ չէկավ»։

Էն քոփակ Ցռան Վերգոն
Էնտեղ տանքի վերան կայնած էր.
Առաջ էկավ՝ վերցուց, ասաց,
— Դավիթ մեռավ առանց կռիվ,
Էն մեռավ, ես քեզի անուշ.
Կը պակսի քե կտրիճ Դավիթ,
Չի պակսի պարոն էրիկ։
Խանդութ դարձավ ասաց.
— Ըստուց ետև արև-լուս ինձի հարամ ըլնի,
Ետև Դավթին ես աշխարք չեմ մնա։

Էս անգամ Խանդութ էլավ բերդի գլուխ
Ու էնտեղեն իրեն թալեց.
Գլուխն առավ վեր քարին, քար ծակեց, էղավ փոս։
Էն փոսի մեջ՝ Սասունա կես շնիկ կորեկ
Կը լցնեն ու կը ծեծեն սանդի տեղ։
Էնոր ծծերի տեղ հիմի էլ էրկու ադբուր կը թալի։
Յոթ ճուղ ծամի տեղ էլ հիմի կ’էրևա,
Քանց յոթ սուն կը սևկըտի։
Ու հիմի էլ սանդ էնտեղ է, բերդի առաջ։

Էկան տեսան, որ Խանդութ խանում ընկե մեռե։
Մեկ դարդն էղեր է էրկու։
Քեռի Թորոս հարցուց.
— Էդ ո՞վ ասաց։
Ասին, թե. — Վերգոն էր։
Ասաց — Քոփա՛կ, ինչի՞ չը համբերիր՝ չուր գայինք։

-------------------

* Երգ է:

[էջ 294]

Բերին, էրկուսին էլ պատանքեցին,
Էլան էրկսի նաշն էլ կապեցին իրարու,
Քառսուն տերտերով, քառսուն վարդապետով,
Քառսուն էլ սարկավագով,
Քաղքի ժողովուրդն էլ բոլորը հետ.
Լալով, գոռալով, ժամով-պատարագով,
Տարան էրկուս մեկտեղ Ծովասար,
Մարութա վանք թաղեցին,
Յոթն օր սուգ կապեցին։
Էնոնք մեռան, աստված օղորմի իրենց հոգուն,

Դո՛ւք, ձեր անուշ ջան սաղ ըլնի։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice