ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ


[էջ 217]

ԴԱՎԹԻ ԵՎ ՄԵԼԻՔԻ ՄԵՆԱՄԱՐՏԸ

1

Իրեք կողմըն աշխարհի Մըսրա Մելքի ձեռն էր.
Մենակ մե՛կ կողմն աշխարհի Դավթի հայրենին էր.
Մելիք կանչեց, իրեն իշխաններ ժողվեց,
Հետո բերավ, տաշտ մի դրեց իրեն առջև,
Ածելի զարկեց իրեն ճակտին,
Արուն թափվեց, տաշտ լցրեց։
Բացեց Մելիք մեկ թուղթ,
Էն արնով գրեց զորականչ.
«Թղթիկ մի գրեմ հարավային*,
Թղթիկ մի գրեմ հյուսիսային,
Թղթիկ մի գրեմ արևելյան,
Թղթիկ մի գրեմ արևմտյան,
Իմ բոլո՛ր զորքին ու զորապետին,
Զենքեր վերցնո՛ղ, թող գա՜,
Պատերա՜զմ է.
Էկե՛ք, էկե՛ք.
Խա՛չ պարոններ,
Սակռի՜ գլխներ,
Լե՛ն ճակատներ,
Թիա՛կ լեզվներ,
Էկե՛ք վեր գյավուրին.
Պատերա՜զմ է, պատերա՛զմ...

-------------------

* Երգ է:

[էջ 218]

Ինձ պետք են հազա՜ր—հազար անբեղ, անմորուս զինվոր.
Ինձ պետք են հազա՜ր—հազար էն մոր մինուճար զինվոր.
Ինձ պետք են հազա՜ր—հազար թխամազ մորուսով զինվոր.
Ինձ պետք են հազա՜ր—հազար սիպտակ մորուսով զինվոր.
Ինձ պետք են հազա՜ր—հազար կարմիր մորուսով զինվոր.
Ինձ պետք են հազա՜ր—հազար սիպտա՛կ ձիավոր,
Ա՜խ, սիպտա՛կ ձիավոր.
Ինձ պետք են հազա՜ր—հազար կարմի՛ր ձիավոր,
Ա՜խ, կարմիր ձիավոր.
Ինձ պետք են հազա՜ր—հազար սև-սև՛ ձիավոր,
Ա՜խ, սև-սև՛ ձիավոր.
Ինձ պետք են հազա՜ր—հազար փո՛ղ փչողներ,
Թմբո՛ւկ զարկողներ,
Ա՜խ, թմբո՛ւկ զարկողներ,
Էկե՛ք, էկե՛ք, ինձ պետք են բյուր-հազար հետևակ զինվոր,
Ա՜խ, հետևա՛կ զինվոր։
Էկեք, էկեք վեր գյավուրին.
Պատերա՜զմ է, պատերա՜զմ»։

Քիչ ժամանակ վերա անցավ.
Մըսրա Մելիք տեսավ,
Որ չորս կողմեն օգնականներ հասան։
Էն ժամանակ էլավ Մելիք,
Ձենով ասաց.
«Էկա՛ն, որ էկան լոտրիկ ջահելներ*,
Էկա՜ն, կո հարի՜ր հազար համար,
Էկա՜ն, որ էկան թառբեղ ջահելներ,
Էկա՜ն, կո հարի՜ր հազար համար,
Էկա՜ն, որ էկան մորո՛ւս կնդուկներ,
Էկա՜ն, կո հարի՜ր հազար համար,
Էկա՜ն, որ էկան փողե՛ր փչողներ,
Էկա՜ն, կո յո՛թ թագավորներ՝ չորս կողմ աշխարհեն
Էկա՜ն, որ էկան իմ կտրի՛ճ օգնողներ,
Պատերա՜զմ է, Մելիք, պատերա՜զմ...»։

Էնպես, անթիվ ու անհամար ձիավորներ էկան,
Որ Մըսրա գետ հասած ժամանակ՝

----------------------

* Երգ է։

[էջ 219]

Առաջին էկողներ ջրի կե՛ս խմեցին,
Միջին էկողներ ջրի մնացա՛ծ կես խմեցին,
Հետո էկողներ գետի քարե՛ր լիզեցին,
Մնացած հեծելներ ծարա՛վ մնացին։
Էկան հասան Մըսրա դաշտին, վրան զարկին
Ու հարցում արին Մըսրա Մելիքին.
— Մեր դուշման ո՞վ է, ո՞ւմ հետ տի կռվենք։

Պատասխան տվեց.— Դավիթ անունով Սասնեցին.
Ինձի շատ ու շատ մարդ է կոտորե.
Օգնություն տվեք,
Կռի՛վ տ’էրթամ էդ Դավթի դեմ։

2

Էդ գիշեր Իսմիլ խաթուն իրեք էրազ տեսավ.
Քուն որ փախավ՝ էլավ էկավ,
Տըղի բարձի վերև նստեց, ասաց.
— Մե՛լիք, ո՛րդի, մեկ է՛լ կ’ասեմ,
Դու մի՛ էրթա Դավթի վերան։
Ես էս գիշեր էրա՛զ տեսա.
Մըսրա աստըղ մութ, խավար էր,
Սասնա աստըղ լո՛ւս, պայծա՛ռ էր.
Ու մեկ դի՛ր էլ էրազ տեսա՝
Մեր Մըսրա ձին փախեփա՛խ էր,
Սասունա ձին հասեհա՛ս էր.
Էն մեկ դի՛ր էլ էրազ տեսա.
Սասնա էրկիր արև՛ էր, լո՛ւս էր, տա՛ք էր.
Մեր Մըսրա էրկիր ա՛մպ էր, մո՛ւթն էր,
Մըժ էր, անձրև՛ կը գար։
Հեղեղ կայնավ. հեղեղի ջուր դառավ արուն,
Ու ջանդաքներ մեջ կը տաներ...
Արի, մի՛ էրթա վեր Դավթին,
Դու իմ խոսքին ակա՛նջ արա։
Մելիք ասաց.— Սո՛ւս, խաբեբա,
Դու քեզ համար կը քնես՝ էրազ ինձ համա՞ր կը տեսնես։
Տ’էրթամ Սասնու վերան։
— Որ տ’էրթաս,— ասաց իր մեր,
Ես է՛լ տի գամ, մենակ չե՛մ թողնի քեզ։

[էջ 220]

Մելիք ասաց.— Դու կընիկ ես, մի՛ գա։
— Կը գա՛մ,— ասաց,— ես չե՛մ դադրի:

Էլավ Իսմիլ խաթուն,
Ժողվեց քառսուն աղջիկ, քառսուն կնիկ,
Ու էրկու ձեռք շավար քաշող,
Ու էրկու ձեռք զուռնա փչող առավ,—
Էդ աղջիկներ խաղալո՛ւ ապով առավ,—
Մելիքի հետ գընաց Սասուն։

Մելիք իր զորքեր առավ,
Ինք էլ ընկավ զորքի առաջ
Ու դուրս էլավ Սասնա վերա։
Էկավ ու մեջ Լեռա դաշտին բանա՛կ դրավ
Ու անհամար վրա՛ն զարկեց։
Էնոր բանակ էնքան էր մեծ,
Որ չուր հետինն էկավ, հասավ,
Առջին էկող քարեր քաղեց, ավազ մաղեց
Ու գետ կըտրեց...

Էդտեղ Մելիք թուղթ մի գրեց Դավթին.
— Դավի՛թ, կռի՛վ տ’անես, արի՛ իմ դեմ,
Չէ հո՝ տի տամ ես իմ զորքեր քաղքի վերա
Ու ինչքան ո՛րձ կա՝ տի սպանեմ,
Կրա՛կ տի տամ Սասնա քաղաք ու տի վառեմ,
Ջրհեղեղի տակով տ’անեմ,
Սասնա քար-հող քշեմ գերի։
Առան էդ թուղթ, բերին, տվին Հովանի ձեռ։
Ձենով Հովան կարդաց, ասաց.
— Ջա՛նըմ, էսա ո՞ւմ վերան է՝ կը գա կըռիվ,
Էսքան զորքեր ժողվե-էկեր է, ի՞նչ տ’անենք։
Ոչ մա՛րդ ունենք, ոչ զո՛րք։
Կը լա Հովան՝ մորուսը վե,
Կը թափի տաք արտասուքներ։
— Հե՜, բարերա՛ր աստված,— կ’ ասի,—
Դո՛ւ օգնություն հասնես մեզի։

Սասուն էդ թուղթ որ կարդացին՝ ահ-դող ընկան.
Ամա Դավիթ դեռ չէր լսե։

[էջ 221]

3

Ձենով Հովան Մելքի գրած էդ թուղթ առավ՝
Գնաց Վերգոյի մոտ։
Երբ որ Վերգոն լսեց՝
Մելիք մեծ զորքերով էլե՛ր, էկե,
Զարկե վրան, ասաց.
— Հովան, մեր ձեռքեն չի՛ գա, որ կռվենք,
Բերենք Դավթին, նստենք, քե՛ֆ մի անենք,
Խաբենք Դավթին, խմեցուցենք,
Էլնենք, տանենք կընիկ, աղջիկ,
Ոսկի-արծաթ տանք Մելիքին,
Անցնենք էնոր թրի տակով,
Բալքի Մելիք խղճա մեզի։

Էլավ Ձենով Հովան, կեր-խում սարքեց։
Դավթին կուշտ-կուշտ գինի տվին,
Յոթը կանթեն պղինձ լցրին,
Բերին, դրին իրենց միջև։

Թորոսն էլ էդ քեֆին էկավ,
Ու իր միտ վե՜ ասաց.
«Դավիթ տաքարուն տղա է,
Ինքզինքը մեջ կռվին վնաս կը տա,
Խմեցուցենք՝ թող տուն մնա...»։
Դարձավ ասաց.– Դավիթ,
Թե էդ պղինձ գինին խմես՝ Մհերի տղեն ես,
Թե չը խմես՝ բիճ ես։
— Քեռի՛,— ասաց,— լի՛ց մի տեսնենք էդա բարոշ։
Քեռին պղինձ լցրեց լիք — չուր բերան։
Դավիթ վերուց, դրեց բերնին,
Խըմեց, խըմե՜ց, խլսուց թողեց,
Պղինձ ընկավ գետին, ծակվավ։
Դավիթ էնպես մի գինովցա՜վ—պառկավ, քնավ։
Քեռի Թորոս ինք էլավ, թմբուկ զարկեց, ասաց.
«Էլե՛ք, էլե՛ք*,
Քոթո՜թ, մոթո՜թ,
Անուշ Քոթոթ,

--------------------------

* Երգ է:

[էջ 222]

Վժիկ Մըխո,–
Ճընճղափորիկ,
Ու Խոր Մանուկ,
Ու Խոր Գուսան,
Ու Ճոռ Վիրապ,
Էլե՛ք, էլե՛ք,
Էսօր լավ է, քանց ամեն օր,
Էրթանք, տեսնենք —
Շատեն՝ շա՛տ, ու քչեն՝ քիչ.
Յա աստված էդ մարդո՛ւն կը տա,
Յա թե՝ աստված կը տա մեզի»։
Քեռի Թորոս երեսունինը վրան վերցուց,
Առավ իր տան անդամներուն,
Էլան, հեծան, գնացին.
Գնացին Լեռա սարի գըլուխ,
Իրենց վրաններ զարկեցին։
Էրեսունինը վրան զարկեց Քեռի Թորոս,
Մնաց, չուր լուս բացվի։

4

Քեռի Թորոսի կընկա, Սադուխտի սիրտ լցվավ,
Սանդուխտ միտ վե ասաց.
«Թորոսին էնտեղ կը սպանեն,
Մեր տղեքներ էլ կը սպանեն,
Կը գան, մեզի՜ էլ կը սպանեն,
Մեր քոք կը բերեն, կը կտրեն»։
Էկավ Սանդուխտ նստավ,
Լացեց Դավթի գլխու վերև։

Էնոր արտասուքն օր թափավ Դավթի էրես,
Դավիթ զարթնավ, տեսավ՝ ասաց.
— Յա, նանե, աստված խե՜ր անի.
Հալա ես ո՛ղջ եմ—դու ինչի՞ կը լաս։
— Ա՛յ Դավիթ,— ասաց.— լաո, գրո՛ղ քեզ խեղդի.
Կոզբադնի զորք տվիր, ջարդիր.
Մըսրա Մելիք անթիվ զորք է քաշե, էկե.
Քեռիդ էլավ, գընաց դեմ էնոր։
Քեռուդ Մելիք տի ըսպանի

[էջ 223]

Ու գա, մեզի էլ տի ըսպանի,
Մեր քոքըն տի կտրեն.
Մեզի ամեն գերի տանեն։

Դավթի հերսըն էնպե՛ս էլավ,
Որ քո՜ւն, գինովութե՜ն անցան։
Էլավ, իր նետ-աղեղ առավ,
Ասաց.— Նա՛նե, մի՛ վախենա,
Հիմա կ’էրթամ, ես Մելքին պատասխան կը տամ։
Էլավ, գնաց...

5

Գնաց Ձենով Հովանի մոտ, ասաց.— Հրողբեր Հովան,
Ինձ զենք ու ձի մի տուր, կռիվ տ’էրթամ,
Ձենով Հովան ասաց.— Գընա՛,
Գոմի ձիերուց մեկ ջոկի,
Օդի թրերուց էլ՝ թո՛ւր մի ջոկի։
Վերգոն էդտեղ ծաղրով ասաց՝
— Դավիթ, որ Մելիք կը սպանես,
Էնոր ականջ ինձ նվեր բեր։
Դավիթ ըռկավ, ամա բան չասաց։
Դավիթ գնաց, գոմից կռուտ քուռա՛կ մ’առավ,
Թրերեն էլ ժանգոտ թուր մի առավ,
Ձին հեծավ, քըշեց, գընաց։

Էդ վախտ արտատեր Պառավ էլավ դեմ Դավթին,
Ասաց.— Դա՛վիթ, ո՛րդի, ի՞նչ տ’ անես։
Ասաց.— Կ’էրթամ վեր Մըսրա Մելիքին կռիվ։
Պառավ խնդաց Դավթի վերա, ասաց.
— Դավիթ, ծո՞ւռ ես, որ էդոնցով կ’էրթաս կռիվ.
Բա ափսոս չի՛, որ դու էն հոր տղան ըլնես։
Դավիթ ըռկավ, ասաց.— Պառա՛վ,
Հապա ինչո՞վ էրթամ կռիվ.
Կ’ուզես՝ անթարոցի՛ց, շիշի՛ց,
Ի՛նչ որ ունես՝ հազի՛ր արա,
Բե՛ր, էնոնցով էրթամ կռիվ՝.
Պառավն ասաց.— Դավիթ, մեռնե՛մ քո արևուն,
Մի՛ բարկանա, կ’էրթաս, քեզ բա՛ն ասեմ՝ նո՛ր գընա։
— Պառավ, դե, շո՛ւտ, ասա տեսնեմ։

[էջ 224]

Պառավ ասաց..
«Մագյար չը կա՞ր քո հոր Թուրն Կեծակին*,
Մագյար չը կա՞ր քո հոր Քուռկիկ Ջալալին,
Մագյար չը կա՞ր Քուռկուն Նալն պողպատի,
Մագյար չը կա՞ր քո հոր Գյամն պողպատի,
Որ դնես Քուռկիկ Ջալալու բերնին։
Մագյար չը կա՞ր քո հոր Թամքը սադաֆի,
Զանգուներ իր վերան կախուկ են ոսկի,
Մագյար չը կա՞ր քո հոր Գուտն ի գլխին.
Մագյար չը կա՞ր քո հոր Կապեն ղադիֆե.
Մագյար չը կա՞ր քո հոր Քամարն ի մեջքին.
Մագյար չը կա՞ր քո հոր Շալվարն ի ոտին.
Մագյար չը կա՞ր քո հոր Կոշիկն ի ոտին.
Մագյար չը կա՞ր քո հոր Խաչ Պատերազմին
Վեր իր աջ թևին»։
Ասաց.— Պառավ, էդ բոլոր ո՞րտեղն է։
Պառավն ասաց.— Դավի՛թ, քո հրողբեր
Անեծք դրեց էնոր վերան,
Ով քեզ քո հոր բաներ, նշանց կը տա։
Ասեմ՝ էնոր անեծքի տակը տի մնամ։
Էլիր, քանի դու էդապես շիվար էղար—
Մըսրա Մելիքն էկե, քեզնից կռիվ կ’ուզե,
Գընա, զոռի՛, Հովան թող դո՛ւրս հանի.
Ամա խաթրով Հովան չի՛ տա էդա բաներ.
Տ’էրթաս, էնոր փողպատ պինդ տի բռնես
Ու զոռովեն տ’առնես։

6

Դավիթ գնաց հրողբոր մոտ.
Իր ձեռ էթալ ու հրողբոր փողպատ բռնեց,
Պինդ թափ էտու, էնոր ոտքեր հողից կտրեց։
Ասաց.— Ես կուզեմ քենե իմ հոր Թո՛ւրն Կեծակին*.
Ես կուզեմ քենե իմ հոր Քուռկի՛կ Ջալալին՝
Վեր ոտին Նալն պողպատի,
Ես կուզեմ քենե Սա՛նձը պողպատի,
Որ դնեմ Քուռկիկ Ջալալու բերնին։

----------------------------

* Երգ է:

[էջ 225]

Ես կուզեմ իմ հոր Թա՛մքը սադաֆի՝
Վերան կախուկ զանգուներ ոսկի.
Ես կուզեմ քենե իմ հոր Գուտն ի գլխին,
Ես կուզեմ քենե իմ հոր Կապա՛ն ղադիֆե,
Ես կուզեմ քենե իմ հոր Քամա՛րն մեջքին,
Ես կուզեմ քենե իմ հոր Շալվա՛րն ի ոտին,
Ես կուզեմ քենե իմ հոր Կոշի՛կն ի ոտին.
Ես կուզեմ քենե իմ հոր Խա՛չ Պատերազմին.
Կըտաս տուր խաթրով —
Չես ի տա՝ կը կայնեմ, զոռովե՛ն կառնեմ։
Հրողբեր դարձավ, ասաց.
— Էն բերան կոտրի, որ քեզ սովորցուց.
Էն քո գիտցած չէ՛ր, քեզի ուստա՛ կա։
Էն տարին, ինչ Մհեր մեռավ —
Շեմքի տակ էնոր գեստեր խորեցի։
Դե գնա՛նք, հանեմ։

Գնացին, հանին։
Դավիթ բերեց տուն, էդ գեստեր հագավ։
Հրողբերն ասաց.— Մեռնե՛մ քեզ, Դավիթ,
Քո հոր զենք-զրահ, կո՛, էն ներքնատան։
Քառսուն աստիճան սանդուղք ցած իջնես,
Նո՛ր քո հոր զենքեր էն տեղեն հանես։
Թե էդ զենք վերո՜ւս՝ դու կարնաս կռվես.
Թե չէ՛՝ մի՛ էրթա, չե՛ս կարնա կռվես։

Դավիթ էր՛ գնաց, իջավ ներքնատուն,
Իր հոր զենք-զրահ տեսավ պատեն կախ։
Էդ ամեն գրկեց, քաշեց իր թևին,
Դուրս հանեց, բերեց Ձենով Հովանին։
Ձենով Հովան էդ բան տեսավ, ուրախացավ։

Ասաց.— Բալքի Դավիթ իրա հոր տեղ բռնի։
Ես Մհերի աղբե՛ր էի՝ չէի կարնա դուրս բերեի,
Ամա Դավիթ գրկեց, բերեց։

---------------------------

* Երգ է:

[էջ 226]

7

Ձենով Հովան ուրախացավ, ասաց.— Դա՛վիթ,
Էն օրից, ինչ քո հեր մեռավ, մինչև էսօր,
Ես քո հոր ձին փակեր էի մեծ գոմ,
Դուռն էլ շարե. հերթիկեն խոտ ու ջուր կը տայի։
Մըսրա Մելքի ահուց չե՛մ իշխենա,
Որ դուռ բանամ, ձին հանեմ դուրս։
Տարավ Դավիթ Ձենով Հովան,
Հեռվանց գոմի դուռ շանց տվեց, ասաց.
— Դավիթ, քո հոր ձին էնտեղն է.
Թե դու կարնա՜ս՝ գնա քաշի, հան դո՛ւրս։
Դավիթ դուռ քանդեց, բացեց, մտավ ներս։
Ձին Մհերի զենք-զրահներ տեսավ թե չէ,
Ճանաչեց, ուրախացավ,
Տռճիկ տվեց ու խրխնջաց։
Դավիթ մոտիկ գնաց ձիուն, մազեր բռնեց,
Աչքեր մաժեց, քամակ մաժեց.
Ձին հոտոտաց, ձին լա՛ց էղավ։
Էլավ Դավիթ, զձին գոմեն քաշեց, հանեց։
Գոմեն էլան՝ ձին ճանաչեց, որ Մհեր չէր։
Պինդ աքացի՛ մէզար գետին,
Կրակ էտու ոտի տակեն։
Աստծու շնորհքով լեզու առավ, ասաց.
— Հողածին, հո՛ղ ես, քեզ հո՛ղ տի դարձնեմ.
Ինձ ի՞նչ տ’անես։
Ասաց.— Ես քեզի տի հեծնեմ։
Ձին ասաց.— Քեզ էնպե՛ս տի բարձրացուցեմ,
Տի տամ արեգական—վառեմ։
Ասաց.— Կոլորվե՛մ քո փորի տակ։
Ձին ասաց.— Քեզ տի տակեմ սար ու ձորեր,
Զարնեմ քարեր, ծառեր՝ փշրեմ։
Ասաց.— Տ’օլորվեմ, էլնեմ քո մե՛ջք։
Ձին ասաց.— Հա՞յ գիդի մարդ,
Դու ինձ տե՛ր, ես քե ձի՛ ըլնենք։
Դավիթ ձիուն ասաց.
— Քե տեր չը կար՝ ես քե տե՛ր կըլնեմ,
Քե թիմարող չը կար՝ ես քե թիմարող կըլնեմ։
Քե կեր տըվող չը կար՝ ես կեր տըվո՛ղ կըլնեմ։

[էջ 227]

Դարձավ Հովանին՝ ասաց.— Հրողբեր,
Ես կուզեմ քենե Թա՛մքը սադաֆին։

Թամք բերեց Հովան, իր միտ վե ասաց.
— Ինչ Մհեր էդ թամք կը դներ ձիուն,
Ինչ թանգ կը կըքեր,
Ձիու առաջի էրկու ոտ գետնուց կը կտրեր։–
Ասաց.— Թե Դավիթ ձիու ոտ վերուց,
Թող էրթա կռիվ.
Թե որ չը վերուց՝ չի՛ կարնա էրթա։
Դավիթ թամք դրեց ձիու քամակին
Ու թանգ որ կքեց,
Ձիու չորս ոտն էլ գետնուց կտրեց։
Ասաց.— Հրողբե՛ր,
Տո՛ւր ինձ Մհերի Խաչ Պատերազմին։
Հրողբերն ասաց.— Ես չե՛մ կարնա տա.
Թե արժա՛ն ես՝ կը գա քո թևին,
Թե արժան չես՝ չի գա քո թևին։
Էդտեղ աստծու հրամանով
Խաչ Պատերազմին իջավ վեր աջ թևին։
Դավիթ էլավ հոր ձին հեծավ,
Իր հոր ջոջ սազ էտու զարկել,
Փչեց իր հոր Պղլորի Փող,
Անգամ մի իր դռան առաջ գընաց, էկավ։
Սասուն ողջ ժողովավ էդտեղ։

8

Ձենով Հովան կայնեց, լավ մի աչքեց տղին,
Սիրտ մրռմըռաց, ըսկսեց լալ, երգով ասաց,
«Ա՛խ-վա՜խ, ախ-վա՜խ, հազա՛ր ափսոս*,
Ափսո՜ս, հազա՛ր ափսոս Քուռկիկ Ջալալին,
Ա՛խ, հալա Քուռկիկ Ջալալին,
Ափսո՜ս, հազա՛ր ափսոս Թամքը սադաֆին.
Ա՜խ, հալա Թամքը սադաֆին.
Ափսո՛ս, հազա ՜ր ափսոս Սանձը պողպատին,
Ա՛խ, հալա Սանձը պողպատին.

[էջ 228]

Ափսո՜ս, հազար ափսոս Գուտն ի գլխին,
Ա՜խ, հալա Գուտն ի գլխին,
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս Կապան ղադիֆե,
Ա՜խ, հալա Կապան ղադիֆե.
Ափսո՜ս, հազար ափսոս Քամարն ի մեջքին,
Ա՜խ, հալա Քամարն ի մեջքին.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս Կոշիկն ի ոտին,
Ա՜խ, հալա Կոշիկն ի ոտին,
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս Խաչ Պատերազմին,
Ա՜խ, հալա Խաչ Պատերազմին»։
Ձենով Հովան Դավթին չէր տեսնի,
Դավիթ իր ձիուն նստած՝
Ձեռ զարկեց վեր թրին,
Տի քաշեր, զարկեր հրողբոր,
Ձենով Հովան կանչեց.
«Ափսո՜ս, հազա՜ր ափսոս մեր թառլան Դավիթ*,
Ա՜խ, հալա մեր թառլա՜ն Դավիթ.
Ափսո՜ս, հազա՜ր ափսոս եղնիկն ջահել,
Որ գնաց մեր Սասնա տնեն»։

Որ ասաց՝ «Ափսո՜ս մեր թառլան Դավիթ»,
Դավիթն ասաց.— Հրողբե՛ր,
Դու մատա՛ղ ըլնես էդա մե՛կ խոսքին.
Էդա մեկ խոսք որ չ’ասեիր՝
Քո վիզ տի զարկեի.
Տըվի՛ էդա մեկ խոսքի խաթեր։
Ինչի՞ առաջ ամե՛ն բանի ափսոսացիր— հետո ինձ.
Առաջ ինձի՛ ափսոսայիր ու հետո էնոնք։
Ե՞ս եմ ափսոս, թե՞ Թուր Կեծակին.
Ե՞ս եմ ափսոս, թե՞ Քամարն ի մեջքին։
Ասաց.— Դավի՞թ, քո գլխուն մեռնեմ,
Ախր ես քո ապով կը լամ։
Դավիթ ձիուց իջավ տակ,
Պագեց իր հրողբոր ձեռ, ասաց.
— Հրողբեր, հալա՛լ արա, ինչ ամագ տվեր ես ինձի։
Հրողբեր Հովան էդ բան որ լսեց,
Մհերի ջոջ սազ էտու զարնել,

-----------------------

* Երգ է:

[էջ 229]

Մհերի թմբո՛ւկ էտու ծեծել։
Մհերի փո՛ղ էտու փչել։
Հարսներ էկան, դեմ կայնան,
Խաղով ասին Դավթին.
«Դավիթ, էրթալ քեզ չ’ըլնի, դառնա՛լ քեզ ըլնի*»
Դառնալ քեզ ըլնի, մեր աղբեր Դավիթ.
Չուր հիմիկ քեզ հարսնություն չե՛նք արեր —
Նո՛ր տի հարսնություն անենք, մեր աղբե՛ր Դավիթ.
Նո՛ր տի քո ձեռքին ջո՛ւր լըցնենք, մեր աղբե՛ր Դավիթ.
Քո ոտներին սոլ տի դնենք, մեր ախպե՛ր Դավիթ.
Քեզ հարսնությո՛ւն տ’անենք, մեր աղբեր Դավիթ»։

9

Դավիթ էլավ, թռավ վեր իր ձիուն,
Աստծու անուն տվեց,
Դարձավ, առավ խաթրը քաղքըցոց,
Դարձավ, առավ խաթրը գեղացոց,
Առավ Դաւփթ խաթրը մարդ ու կընկտոց, ասաց.
— Աղբերնե՛ր, քուրե՛ր, դուք մի՛ վախենաք*
Աստծու կամքով կ’էրթամ ես կռիվ
0՜, քուրեր, դուք կացեք բարով,
Դուք ինձի քուրությո՛ւն եք արե.
0՜, մերեր, դուք կացե՛ք բարով,
Դուք ինձի մերությո՛ւն եք արե։
Բարի՛ դրկիցներ, դուք կացե՛ք բարով,
Դուք կացե՛ք բարով մեծ ու պստիկով.
Իմ դուռ-դրկիցներ, ձեր էրես շա՛տ եմ թռեր,
Ինձ հալա՛լ արեք։
Բարի տանտիկիննե՜ր, ինչ հա՛ց կը թխեք,
Դավթի անուն հիշեցեք։
Ջահելնե՛ր, դուք է՛լ, ինչ որ քե՛ֆ կ’անեք,–
Դավթի անո՛ւն հիշեցեք։
Իմ քուրե՜ր, մերե՛ր, իմ լա՛վ դրկիցներ,
Մնացեք բարով։

-----------------------

* Երգ է:

[էջ 230]

10

Երբ որ Դավիթ էս խոսք կ’ասեր՝
Իր մամիկ, Մըհերի մեր, Դեղձուն Ծամ,
Իր սուգեն էլավ սգահան։
Էն ժամանակեն որ Մհեր մեռեր էր,
Ու մամիկ մտեր էր յոթոտանու հետև,
Ծառա մի կար,
Էնոր հաց կը տաներ։
Էն օր, որ Դավիթ էլավ
Մհերի սազ էտու զարկել,
Էդ ծառան հաց կը տաներ Մհերի մոր։
Մհերի մեր ասաց.
— Էս Մհերի սազի՛ ձեն կ’առնի իմ ականջ,
Էս ի՞նչ բան է։
Ասաց.— Խանում, հալա դու դեռ չե՛ս հասկացե,
Դավիթ էլե, իր հոր շորեր հագե,
Իր հոր զենքեր կապե վեր ի՛ր,
Իր հոր Քուռկիկ Ջալալին հեծե,
Իր հոր սա՛զն է, որ կը զարկի,
Կռի՛վ կ’էրթա Մելիքի դեմ։
Մհերի մեր՝ էդ լսեց, թողեց իր սուգ,–
Էլավ, իրան տեղեն կայնեց, ասաց.
— Իմ մուրազ կատարվեց, տ’էլնեմ դուրս։
Գնաց, գլուխ փանջարեն վեր կախեց,
Աչքեց, տեսավ՝ նորմանուկ Դավիթ
Մհերի ձին հեծե, կայնե։ Կանչեց.
— Քուռկի՛կ Ջալալին, մեռնե՛մ քե, մուրա՛զ։
Դավիթ շա՛տ զարմացավ, կայնեց։
Դեղձուն շարունակեց.— Քուռկի՛կ Ջալալին*,
Իմ Դավիթ հե՛ր չ’ունի՝ անես հերություն.
Իմ Դավիթ մե՛ր չ’ունի՝ անե՛ս մերություն,
Իմ Դավիթ աղբե՛ր չ’ունի՝ անե՛ս աղբերություն,
Իմ Դավիթ դու տանես իր հոր Կաթնով Աղբուր,
Դավիթ ձիուց իջնի, իջնի ջուր խըմի,
Իմ Դավիթ դու տանես իր հոր փորձաքար —
Դավիթ իր թուր զարկի, զարկի սան, փորձի։

---------------------

* Երգ է։

[էջ 231]

Քուռկիկ, քե ամանա՛թ իմ նորամանուկ Դավիթ։
Ձին վիզ թեքած լսեց, ասաց.— Շա՛տ լավ, մամիկ։
Պառավ իր խոսք դարձուց Դավթին, ասաց.
— Դավիթ, քո օղորմած հեր իր ձիուն
Ամեն ճար ու ճամփա շանց է տվե,
Ձին էդ ամեն գիտի։
Դավիթն ասաց.— Շա՛տ լա՛վ, մամիկ։
Ու էլավ Դավիթ՝ քըշեց Քուռկիկ Ջալալին։

11

Քշեց, գնաց մեջ հոր Ծովասարին.
Դավիթ որ Սասունեն էլավ՝
Էնպես մշո՛ւշ մի, դումա՛ն մի դրեց,
Որ Դավթի աչք ըսկի ճամփեն չէ՛ր ջոկի։
Ամա Քուռկիկ աղավնիկի՛ նման թռավ։
Դավիթ ասաց.– Ջա՛նըմ, էդ է՛լ աստծու բան է։
Կայնեմ, թողնեմ Քուռկիկ Ջալալու կամքին,
Ուր որ էրթա՛, թող էրթա՛։
Քուռկիկ Ջալալի՛ն էր, գընա՜ց, գընա՜ց,
Էն յո՛թ օրվա ճամփան մի սհաթվան անցավ։
Էլավ բարձրիկ սարի գլուխ.
Որ էլավ էդ սարի գլուխ, կանգնեց.
Կանգնեց վեր էն Կաթնաղբրին։
Մըժ բացվավ, դուման բացվավ.
Քուռկիկ չոքեր էզար գետին, մնաց.
Դավիթ գիտցավ, թե ձին դադրավ, ասաց.
— Հեյ-վա՜խ, Քուռկիկ Ջալալին,
Քո վի՛զ կոտրի,
Ես կ’ասեի՝ դու ինձ արնի գետե՛ր տ’անցուցես,
«Էս պո՛ւտ մի ջուր է—ինձ չե՞ս կարնա անցուցես։
Էսա տեղ որ էսպե՛ս կ’անես՝
Բա մեջ կռվին ի՞նչպես տ’անես.
Ի՞նչպես տ’էրթամ Մըսրա Մելիքի դեմ կռիվ։
Ասաց, զանգուն էզա՛ր,
Ձիու կողաշար կոտրեց։
Ձին ըռկավ, ասաց.
— Կարնամ զքեզ զարնեմ արեգական էրես
Համա քո հոր խաթրին չե՛մ իտա։
Դավիթ ըռկավ, քաշեց իր թուր,

[էջ 232]

Ու Քուռկիկի վիզ տի կտրեր.
Թուր մինչև կես քաշեց՝
Էն դեհեն քամի՛ մի զարկեց էնոր ճակատ.
Դավիթ ուշքի եկավ—լսեց ձիու ձեն։
Ձին ասաց.
— Էսի քո հոր Կաթնաղբուրն է.
Իջի՛ տակ, ջո՛ւր խմի։
Իջի պո՛ւտ մ’էլ ջրից տուր իմ կողաշարին։
Դավիթ իջավ, ձիու գլուխ պագեց,
Պուտ մի ջուր էտու ձիու կողաշարք։
Դավիթ ձին էթող խոտերի մեջ արածա,
Ինքն էլ աղբուրեն ջուր խմեց,
Պառկեց, քնեց, հանգստացավ։
Ձին էլ կանգնեց արևու դեմ՝
Հով արեց վերան։

12

Քնից ակահավ, ի՞նչ տեսավ,— հզորացե,
Իր հոր հագուստ հազիվ կը գա վերան։
Ձին խրխնջաց, էկավ, կանգնեց Դավթի առաջ։
Դավիթ սանձ դրեց բերան, էլավ, հեծավ։
Խնդացավ, քըշեց, գնաց։
Ճամփին տեսավ մեկ էրկաթե սուն։
Ձին ասաց.— Դավի՛թ,
Էն սուն որ կը տեսնես՝ էնի քո հոր փորձաքա՛րն է։
Թե դու մեկ դարբից կտրեցիր՝ կ’էրթա՛նք կռիվ.
Չը կտրեցիր՝ չե՛նք էրթա կռիվ։
Դավիթ թուր քաշեց, մեկ դարբից էզարկ.
Թուր Կեծակին էն սուն կտրեց, մեջեն անցավ։
Էրկաթե սուն է—էդ սուր որ մեջեն անցավ՝
Կտոր վեր կտորի՛ն մնաց.
Դավիթ չ’իմացավ թե թուր կտրեր անցեր է.
Նոթեր կիտեց, էնոր սիրտ թոռոմավ։
Ասաց ձենով.
«Ոտի՛կ, դու թո՛ւլ կենայիր*.
Չը գայի՛ր, հասնեի՛ր էստեղ։
Որ իմ դարբ զարկեի՛ էդ սան,

--------------------

* Երգ է:

[էջ 233]

Չը կտրեի՝ իմ սիրտ թոռոմե՛ր։
Ձեռիկ, դու կոտո՛ր կենայիր,
Որ ուժ էնքան չըկար քեզի,
Զարնեիր, էն սուն շո՛ւռ տայիր,
Իմ սիրտ էսպես չը թոռոմե՛ր։
Աչքի՞կ, դու խավա՛ր կենայիր,
Որ էսա բան չը տեսնեիր,
Ինչի էրկաթե սուն չը կտրեի,
Որ գնայի կռիվ դեմ Մըսրա Մելքին»։

Մեկ էլ՝ Դավիթ տեսավ՝ քամի՛ էլավ.
Էդա քամին փոթորկի՛ պես էկավ,
Էկավ, զարկեց էրկաթե սուն,
Սուն շո՛ւռ առավ։
Դավիթ գնաց, տեսավ,
Իր զարկած տեղ թուր կտրե՛, անցե։
Խնդացավ, ասաց.
«Ոտի՛կ, դու ուժո՛վ ըլնես*,
Դու բարո՛վ էկար էստեղ.
Որ ես զարկեցի՛ էս սուն կտրի.
Ձեռիկ, դու կանա՛չ ըլնես,
Թող քո ուժ է՛լ ավելի ըլնի,
Որ Մելքի դեմ գնա՛մ կռիվ.
Աչքիկ դու լուսո՛վ ըլնես,
Որ էս բան տեսար»։

Ասաց, քշե՛ց իր ձին,
Էն քարերուց, աղբրներուց, էն սարերուց.
Հալալութեն ուզեց,
Մնաք բարև՛ ասաց, երգեց.
«Ծովասարու պաղ-պաղ աղբրներ*,
Մնացե՛ք բարով, բարի՛ մնացեք։
Ես կ’էրթամ կռիկ, կը ծարավնամ.
Դուք ինձնից կարո՛տ մնացեք։
Ծովասարու պաղ-պա՜ղ քամիներ,
Մնացե՛ք բարով, բարի՛ մնացեք,
Ես կ’էրթամ կռիվ, կը շոգնամ,
Դուք հո՛վ մնացեք»։

----------------------

* Երգ է:

[էջ 234]

13

Ասաց, քըշեց, գնաց Մըսրա Մելիքի դեմ.
Տեսավ՝ էրկնուց աստղին հաշի՛վ կար,
Էնոնց վրաններին հաշիվ չը կար.
Կայնեց բարձր սարի վերա,
Տեսավ՝ որ զորք քանց ծովու ավազ շատ է։
Գլուխ թափ էտու, ասաց.
«Տեր աստված, ինչպե՜ս տէրթամ կռիվ*։
Խնամք շա՛տ է մեծ թագավորին։
Էնոնք ըլեն գարնան մատղաշ գառներ,
Ես ըլնեմ անոթի գել՝
Չեմ կարնա էնոնց խեղդի.
Էդ վրաններ ըլնեն դեզեր, ես ըլնեմ կրակ,
Չե՛մ կարնա ես էդոնց վառի։
Էդոնք ըլնեն մոխիր, ես ըլնեմ քամի՝
Չե՛մ կարնա էնոնք տեղից վերցուցի»։

Ձին իմացավ Դավթի էրկմտիլ, ասաց.
— Է՛յ անիրավ, ի՞նչ կը վախենաս*,
Քանի մի քո թո՛ւր կը կտրի,
Էնքան էլ իմ շո՛ւնչ կը կտրի.
Քանի մի քո թո՛ւր կը կտրի,
Էնքան էլ իմ ո՛տ կը տրորի։
Դավիթ, մի՛ էրկմտի, քըշի։
Դու իմ քամկից վե չը գաս, չը խաբվես։

Դավթի սիրտ պնդացավ էդ խոսքերով,
Դավիթ քշեց, գնաց, ասաց.
— Ջանըմ, ես տի խաբա՛ր անեմ ու նո՛ր տէրթամ։
Գնաց, էլավ Լեռա սարի գլուխ, կանչեց.— «Էհե՜յ*,
Ով քընած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիե՛ր թամբեք,
Ով թամբեր է՝ զենքե՛ր կապեք,
Ով կապեր է՝ էլե՛ք, հեծեք.
Չ’ասեք Դավիթ գող գող էկավ,
Գող-գող գընաց»։

Ասաց, ընկավ էդ զորքի մեջ,
Զարկեց, զարկեց, կանչեց.

--------------------------

* Երգ է:

[էջ 235]

«Վազե՛, Քուռկիկ, վազե՛,
Կըտրե՛, թըրիկ, կըտրե՛...»։
Կռվան, զարկին, կոտորեցին,
Արնե հեղեղ էլավ, լեշեր տարավ։

Էդ վախտ Քեռի Թորոս աչքեց
Դեպի Մըսրա Մելքի զորք,
Տեսավ՝ Մըսրա զորքերի մեջ
Էնպե՜ս մի կտրում ընկե,
Էնպե՜ս վայնասուն ընկե —
Զիրար կը ջարդեն, կը կտրեն։
Քեռի Թորոս դարձավ, ասաց.
— Տղեկներ, վե՛ր էլեք, մեր աստված մե՛ծ է.
Կտրում ընկե՛ր է Մելիքի զորքերի մեջ։
Էլեք, մենք էլ ներքի դեհեն առնենք...
Վերի դեհեն Դավի՛թ կտրեց,
Ներքի դեհեն՝ Քեռի Թորոս...

Մըսրա Մելքի զորքի միջեն մարդ մի էլավ,—
Մեկ ալևոր—յոթ տղու հեր։
Մելիք էնոր յոթ տղեկներ զոռովեն էր բերեր կռիվ։
Էդ ալևոր ասաց.— Հեյ-վա՜խ, հեյ-վա՜խ...
Դուրս էկավ էն՝ առանց զենքի ու գլուխբաց՝
Զորքի միջեն վազեց,
Ասաց.— Ճամփա՛ տվեք, էրթամ Դավթի առաջ։
Մի խոսք ասեմ, էսա զորք ազատեմ կռվից։
Էկավ, կանգնեց Դավթի առաջ,
Ասաց.— Դավի՛թ, մեռնե՛մ քեզի,
Ակա՛նջ արա, ձիդ դադրեցրու,
Գամ՝ քեզի խո՜սք տ’ասեմ։
— Ի՞նչ տ’ասես ինձ, հալվոր.— հարցուց Դավիթ։
— Դավի՛թ,— ասաց,— մեռնե՛մ քո արևուն.
Չէ՛ որ էնոնք էլ մա՛րդ են, իսան են.
Ինչի՞ կը կոտորես, ինչի՞ կը սպանես,
Չէ՞ էդոնք է՛լ էրեխաներ ունեն,
Տուն ու կընիկ ունեն։
Էնոնց սպանես՝ ճժերու մեղք կ’ընկնի քո վիզ։
Աղքատ ու խեղճ մարդ են էդոնք.
Որը իր մոր մեկուճարն է,
Որը նոր պսակված տըղա,

------------------------

* Երգ է:

[էջ 236]

Որը իր օջախի սունն է,
Որը հանգած մի տան ճրագ։
— Ապա ինչի՞ էկած են, հետ ինձ կը կռվեն։
Պատասխանեց.— Մեզ ի՞նչ մեղք կա.
Մըսրա Մելիքն է զոռովեն բռնե, բերե.
Մըսրա Մելիքն է քո դուշման,
Գընա իր հետ կռիվ արա։
— Ապա Մելիքն ո՞ւր է հիմա։
— Ա՛յ, էն կանաչ վրանի տակ քնա՛ծ է, տե՛ս,
Ոսկի խնձորն էնոր չադրի գլխին դրուկ.
Յոթն ագապ աղջիկ էնոր ճանճ կը քշեն,
Յոթն ազապ աղջիկ էնոր ոտ կը մաժեն։
Էն վրանից մուխ որ կ’էլնի՝
Էն մուխն էլ հո մուխ չի,
Էն շոգելքն էնոր բերնի։
Դու որ էրթաս Մելիք սպանես՝
Էդ զորք քեզի աղոթք տ’անի,
Տի խնդանա ու ա՛մեն մեկն իր տուն տ’էրթա։

Էդտեղ Դավիթ խղճավորվավ,
Զորք ջարդել վերջացուց,
Դարձավ, ասաց.— Հա՛լվոր,
Աղեկ խոսք ասացիր.
Ես քո ասած տ’անեմ։

14

Դավիթ քշեց իր ձին, գընաց,
Մելքի վրանի դուռ կայնեց.
Տեսավ՝ Մելիք վրանի տակ
Մեջ վերմակին կոլոնվե՝ պառկե։
Յոթն աղջիկ էնոր չորս դին նստե՝ ճանճ կը քշեն,
Յոթն աղջիկ իր ոտ կը մաժեն,
Իսմիլ խաթուն նստե Մելքի գլխու առջև,
Էրկու արաբ ծառայող էլ դռան կանգնած։
Դավիթ արաբներին ասաց.
— Վե՛ր հանեք էդա ձեր աղեն,
Կանչեք, Մելիք թող դուրս գա դուռ։
Էդ արաբներ ասին.
— Մենք չենք կարնա, էնի յոթըն օր տի քնի։
Իրե՛ք անցե, չո՛րս օր էլ կա, որ վեր էլնի։

[էջ 237]

Դավիթ ասաց.— Ես չե՛մ դադրի,
Չուր էնիկ իր քեֆով էլնի։
Քընի-մընի ես չե՛մ գիտի,
Շուտ մի կանչեք, թող դո՛ւրս էլնի,
Թե մահ չունի՝ մա՛հ եմ բերե.
Թե գրող չունի՝ գրող եմ դառե.
Էնոր ջո՛ջ քուն կը քնացնեմ։
Էլան՝ շամփուր կարմրցուցին,
Դրին Մելքի ոտների տակ։
Ասաց.— Օ՜ֆ, աղջիկներ,
Ինչի՞ իմ տեղ լավ չեք շինե.
Լու կա իմ տեղ, ինձ կը խածե։
Ասաց, էլի մնաց քնուկ։
Բերին՝ գութնի խո՛փ մի կարմրցուցին,
Դրին էնոր ոտների տակ։
Ասաց.— Օ՜ֆ, մեջ իմ տեղաց ինչքա՜ն լու կա։
Ինձ կը խածեն, չեն թողնի՝ ես քնեմ։
Դավիթ էդտեղ չը համբերեց, քաշեց նիզակ,
Զարկավ, Մելքի կրունկ ծակեց։
Ասաց.– Մե՛լիք, դե վեր էլի, բա՛վ է քնես։
Մըսրա Մե՛լիքն ասաց.— Օ՜ֆ - օ՜ֆ,
Չե՛ք թողնի դինջանամ։
Էլավ, նստեց.
Մեկ ձեռ դրեց էսա՛ աչքի վերա,
Մեկ ձեռ դրեց մեկէ՛լ աչքի վերա,
Աչքեր սրբեց, էսպես իրիշկեց դուրս,
Տեսավ Դավիթ իր ձին հեծե՝
Մեջ արնին շաղախվե,
Վրանի դուռ կանգնե։
Մելիք որ ճանաչեց զԴավիթ,
Փչեց, որ թռցնի տեղեն։
Տեսավ՝ Դավիթ իրար չէկավ։
Մելքի մոտեն քառսուն գոմշի ուժ պակասեց։
Դավիթ ասաց.— Էկել եմ, որ կռվենք։
Մելիք խնդացավ, ասաց.
— Չա՛ր սատանեն զքեզ տանի, Թլո՛ր Դավիթ,
Էդ ե՞րբ էղար դու ձիավոր՝
Էկար, կանգնիր իմ չադրի դուռ։
Դավիթ, ձիուց իջի,
Արի էստեղ, խոսենք, հանգստանանք։

[էջ 238]

Նորեն էլնենք, կռիվ անենք։
Դավիթ ասաց.— Չէ՛, չեմ իջնի։
Էսա խեղճ ու կրակ մարդեր
Ինչի՞ ես դու բերե կռիվ.
Մենք էլ նստինք հանգստանա՛նք։
Դուրս արի, դուրս, զարկե՛նք իրար։
Մելիքի մեր, Իսմիլ խաթուն առաջ էկավ,
Ասաց.— Դավիթ, ճամփա էկե՝ նեղացեր ես.
Ձիուց իջի, հանգստանաս,
Նորեն կէլնեք, կռիվ կ’անեք։
Շա՛տ որ խնդրեց՝ Դավիթ ուզեց ձիուց իջնի։
Ձին փախ տվավ, չ’ուզեց Դավիթ իջնի։
Մըսրա Մելիք քառսուն գազ հոր փորե մեջ վրանին,
Էրկաթե թոռ գցե բերնին,
Ու խալիներ փռե վերան,
Կ’ուզեր Դավիթ գար՝ նստեր,
Ընկներ մեջ էն հորուն։

Խաբեցին Դավթին՝ ձիուց բերին տակ։
Ձին ըռըկավ, փախա՜վ, գընա՜ց,
Գընաց՝ էլավ սարի գլուխ։
Տարան Դավթին, նստեցուցին վե՛ր էն հորին։
Դըրըմբ... ընկավ հոր վե՛, գընաց։
Մեջ էդ հորուն էրկաթե թոռ, օղե՛ր կային։
Դավիթ ընկավ օղերու մեջ,
Չըկարցավ դուրս էլներ.
Էրկաթե թոռ էկավ իրար։
Մելիք բերեց ջաղցի քարեր,
Քաշեց հորի բերնի վերան, թողեց, ասաց.
— Է՜ն էր, որ հետ ինձի կռիվ տ’աներ,
Հայ-հո՜յ... Դավիթ Սասնա էկեր է՝
Հետ Մելքին կռի՜վ կ’անի.
Թլո՛ր Դավիթ Սասնա էկեր է՝
Կուզի հետ Մըսրա Մելիքին կռի՜վ անի... հայ-հա՜յ...
Դե թող կենա էնտեղ, չուր օսկորներ փտեն...

Իրիկուն էղավ։ Մելիք ընկավ քնավ.
Դավիթ մնաց էն հոր։
Դավիթ թող մնա էն հոր.
Մենք դառնանք վի՞րմեն խաբար տանք։
Խաբար տանք Ձենով Հովանեն։

[էջ 239]

15

Ձենով Հովան գիշերն էրազ տեսավ.
Մըսրա աստըղ շողի՛ն կը տար,
Սասնա աստըղ կը խավարեր։
Հովան քնուց էլավ, ասաց.— Կընիկ, վե՛ր էլի, վե՛ր,
Տեսա՝ Մըսրա աստըղ շողի՛ն կըտար,
Սասնա աստըղ կը խավարեր —
Դավիթ մեր ձեռքեն գնաց։
Սառյեն ասաց.— Աստված քո տուն ավրի.
Դու քուն քեզ հա՛մար կը քնես,
Էրազ խալխի՛ն կը տեսնես։
Ձենով Հովան էլի՛ քնավ։
Մեկ է՛լ էրազ տեսավ.
Մըսրա աստըղ շա՛տ էր պայծառ.
Սասնա աստըղ խավարե՛ր էր, հա՛, կը հանգչեր։
Հովան քնից էլավ, ասաց. — Կընի՛կ, վե՛ր էլի, վե՛ր։
Ես տեսա՝ Մըսրա աստըղ շա՛տ էր պայծառ,
Սասնա աստըղ հա՜ կը հանգչեր։
Սառյեն ասաց.— Քո տո՛ւն ավրի,
Դու ինչի՞ չես քնի, ա՛յ մարդ.
Չը թողի՛ր, որ էսօր քնեմ։
Ձենով Հովան մե՛կ էլ քնավ։
Քնավ, մեկ է՛լ էրազ տեսավ.
Տեսավ՝ Մըսրա աստըղ էկավ,
Ու Սասնա աստըղ կուլ էտու։
Ասաց.– Կընի՛կ, վե՛ր էլի, Դավիթ ըսպանեցին։
Սառյեն ասաց.— Ինչի՞ չես քնի դու, ա՛յ մարդ,
Ով գիտի՝ ո՞ր կընկա ծոց է պառկե Դավիթ.
Ով գիտի ո՞ր տեղ քեֆ կ’անի։
Ձենով Հովան ըռկավ,
Քացի մ’ էզար կընկան։
Կնիկն էլավ ճրագ վառեց։
Ձենով Հովան ասաց.— Իմ զրահներ բե՛ր։
Կընիկ բերեց։ Ձենով Հովան էլավ,
Յոթ գոմշի կաշի փաթեց իրեն վերա,
Յոթ գոմշի շղթա փաթեց իրեն վերա.
Որ բոռալեն չը պա՛տռվի։
Հագավ իր զենք-զրահ,
Գնաց, գոմի դռներ էբաց։

[էջ 240]

Իր ձեռ տվեց վեր Սիպտակ ձիու մեջքին,–
Սիպտակ ձին փոր էտու գետին։
Հովան ասաց.— Սիպտակ ձի,
Ե՞րբ տի տանես ինձ, հասցնես Դավթի կռվին։
Ձին ասաց.— Չուր կեսօրին։
Ձենով Հովան ասաց.
— Հարա՛մ ըլնի էնա իմ կեր, որ տվի քեզ։
Չուր կեսօր Դավթի նաշի՞ն հասնեմ, թե լաշին։
Գնաց Հովան ու ձեռ էտու Կարմիր ձիու մեջքին,—
Կարմի՛ր ձին էլ իր փոր էտու գետին։
Հովան ասաց.— Ա՛յ Կարմիր ձի,
Ե՞րբ տի տանես ինձ հասցնես Դավթի կռվին։
Ասաց.— Չուր արևն առնելուն։
Ձենով Հովան ասաց.
— Հարա՛մ ըլնի իմ պահել, որ պահեցի՛ զքեզ։
Դավթի ինչի՞ն հասնեմ արևն առնելուն։
Հետո գնաց ու ձեռ էտու Սևո՛ւկ ձիու մեջքին,
Էս Սև ձին փոր չէտու գետին։
Ձենով Հովան պագեց Սևուկ ձիու գլուխ,
Ասաց.— Սև՛ ձի,
Ե՞րբ տի տանես ինձ—հասցնես Դավթի կռվին։
Սև ձին ասաց.
— Որ դու կարնաս քե4 վե՛ր իմ քամակին բռնես՝
Մեկ ոտ թալես զանգուն,
Չուր մեկէլ ոտ շո՛ւռ տաս մեկէլ զանգուն,
Կը հասցնեմ Դավթի կռվին։
Էլավ, հեծնի Հովան Սև ձին,
Մի ոտ էդիր զանգուն,
Յուր մեկէլ ոտ շուռ էտու մեկէլ զանգուն,—
Սև ձին հրեղեն էր–
Լեռա սարի գլուխ կայնավ։
Քուռկիկ Ջալալին զՁենով Հովան տեսավ,
Խրխնջալեն էկավ մոտիկ։
Ձենով Հովան վախցավ, ասաց.
— Դավիթ սպանված է, ձին փախե, էկե էստեղ։
Կանգնեց Ձենով Հովան, կանչեց.
Ձեն ընկավ սար ու ձոր.
Ասաց.— Դավիթ, ո՞ւր ես,
Հիշա՛, Մարութա բարձր Աստվածածին,
Հիշա՛ զԽաչ Պատերազմին,

[էջ 241]

Ինչ վեր քո աջ թևին,
Ու թա՛փ տուր քեզ...

Կանչեց...
Հովանի ձեն՛ հասավ, ընկավ Դավթի ականջ.
Դավիթ ասաց.— Հայ-հա՜յ,
Հրողբերս է էկե էստեղ.
Ի՛նձ կը կանչի.
Յա, Մարութա բարձրիկ Աստվածածին,
Խա՛չ Պատերազմին, վեր իմ աջ թևին։
Ասաց, զինք թափ էտու։
Էրկաթե օղ ու շղթաներ թռան էրկինք,
Ջաղցի քարեր բլան, թռան,
Էնոնց ամեն կտոր քառսուն մարդ ըսպանեց։
Դավիթ թռավ, կանգնավ հորի բերան, ասաց.
— Մըսրա Մելիք, էլ դու բեբախտություն չ’անե՛ս։
Լուսուն տղամարդո՛ւ նըման կռվենք։
Մըսրա Մելիք էլ չը գիտցավ մոտենալ։
Դավիթ էլավ՝ իր ձին փնտռի.
Ձենով Հովան կանչեց.— Դավի՛թ, արի՛։
Դավիթ էնոր կանչով գնաց մոտ հրողբեր։
Ամա ձին ըռկեր էր՝ չէ՛ր իգա ձեռ։
Դավիթ գնաց, գուրգուրելով էբեր.
Ձին էկավ ձեռ, Դավիթ էլավ, հեծավ, ասաց.
— Հրողբեր, դու գնա քաղաք, ես տ’էրթամ կռիվ։

16

Գնաց, հասավ Մըսրա Մելքին, ասաց.
— Մըսրա՛ Մելիք, էն դիր ինձ խաբեցիր,
Մըկա էլ ի՞նչ տ’անես։
Մելիք տեսավ՝
Դավիթ դրեր էր ձեռ գուրզին։
Ահից դողաց, ասաց.
— Դավի՛թ ջան, դե արի՛, նստի՛։
Ասաց.— Ես չե՛մ նստի, կռի՛վ անենք։
Մըսրա Մելիք հրաման տվեց.—
Քյահլան ձին դուրս բերին։
Հագավ շորեր, կապեց զենքեր,
Նստեց իր ձին, գնաց մեյդան։

[էջ 242]

Ըսկսեցին մեջ մեյդանին էրթալ ու գալ։
Մըսրա Մելիք ասաց,
— Գավի՛թ, կըռիվ զոռովե՞ն անենք թե հերթով.
Դավիթ ասաց.– Ինչպես քո ջան կուզի։
Մըսրա Մելիք ասաց.
— Կուզեմ հերթո՛վ անենք.
Իրեք դարբ մեկ զարկի,
Իրեք դարբ մեկէլ զարկի։
Առաջ ո՞վ տի զարկի։
Դավիթ ասաց.— Առաջ դո՛ւ զարկ,
Տարիքով մեծ դուն ես։
Դավիթ ձիուց էկավ տակ.
Գնաց, կանգնեց մեջ դաշտին։
Ասաց.– Մըսրա Մելիք, քո դարբեր զարկ։
Մըսրա Մելիք իր գուրզ առավ։
Քըշեց, գնաց մինչև Ֆարկին.
Իրեք ավուր ճամփա՛ անցավ,
Քրշեց, էկավ, հասավ Դավթին,
Գո՛ւրզ մի զարկեց Դավթին։
Ինչպես շո՛ւն մի օռնա՝ գետին պոռթեց.
Ինչպես քառսուն ջուխտ գոմեշնե՛ր լծես,
Գութան վարես՝ գետին պոռթա,
Թոզ ու դուման էրկիր-էրկինք բռնեց,
Օր ու գիշեր էդ թոզ չիջավ գետին։
Մելիք ասաց.– Է՜, Դավիթ, հո՛ղ էիր,
Հող դարձուցի։
Դավիթն ասաց.— Մելիք, դեռ ես կենդանի՛ եմ։։
Էդ մեկ, մե՛կ էլ զարկի։
Մելիքն ասաց.— Հա՛, տնավեր,
Էս մեկ անգամ ճամփաս մո՛տ էր.
Թափ չը մնա՛ց մեջ իմ գուրզին։
Ասաց, դարձավ, մեկ է՛լ քըշեց։

Գընաց, հասավ չուր Դիարբեքիր
Ու էնտեղից քըշեց, էկավ Դավթի վերա։
Էկավ՝ իր գուրզ թալեց Դավթին։
Ինչպես առյո՛ւծ օռնա՝ գետին պոռթեց,
Ինչպես հեղեղ ավերի, գետին պոռթեց։
Թոզ ու դուման էրկիր-էրկինք բռնեց,
Արեգական էրեսն առավ։

[էջ 243]

Էրկու գիշեր ու էրկու օր էդ թոզ կանգնեց Դավթի վերա։
Մելիք ասաց.– Դավի՛թ, հալա կենդանի՞ ես,
Հող էիր, քեզ հող դարձուցի։
Դավիթ ասաց.– Մելիք, կենդանի՛ եմ.
Էսիկ էրկու, մեկ էլ զարկի։
— Հայ-հա՜յ,— ասաց Մելիք,–
Իմ ձիու մանգզիլ քի՛չ էր.
Թափ չը մնա՛ց մեջ իմ գուրզին։

Նորեն Մելիք դարձավ, գընաց,
Քըշեց, հասավ Մըսըր քաղաք։
Ու Մըսրրից քըշեց, էկավ Դավթի վերա։
Էկավ, գուրզ մ’ել զարկեց։
Ինչպես գարնան ամպ գոռգոռա՝ էրկիր պոռթեց,
Ինչպես էրկրաշարժ մի զարկի՝ էրկիր պոռթեց:
Թոզ ու դուման էրկիր-էրկինք բռնեց,
Արեգական էրեսն առավ.
Իրեք ցերեկ, իրեք գիշեր
Էդ թոզ կանգնեց Դավթի վերան։
Մելիք ասաց.– Մեռա՛վ Դավիթ.
Հող էր Դավիթ, հող դարձուցի։
Ինչ թոզ-դուման գետնեն էլավ,
Դավիթ, իր ձին, էլան, իրենց տեղ կանգնեցին:

Դավիթ ասաց.– Մելիք, դու քո դարբեր պրծար։
Հերթ ի՛նձ հասավ։
— Է՜յ, — ասաց.— տնավե՛ր, մեկ է՛լ էրթամ:
— Չէ, չէ՛,— ասաց,— դու ո՞ւր տ’էրթաս։
Հերթ իմըն է. աշխարհ հերթո՞վ է, թե զոռով:
Մելիքի մեր էկավ, ասաց.
— Դավի՛թ, Մելիք քո աղբե՛րն է.
Բեբախտաթյուն չ’անես։
— Հա՛, մարե՛, չե՛մ անի բեբախտություն.
Իրեք դարբ տի զարկեմ Մելքին։
Մելիք ասաց.— Դավիթ, քեզնե կը խնդրվեմ,
Յոթ սհաթ ժամանա՛կ տաս ինձ։
Թող ես էրթամ, վրանի տակ պառկեմ,
Դու գաս ու ինձ զարկես։
Ասաց.— Գընա, պառկի,
Մենակ թե ինձ ասա, Մելիք,

[էջ 244]

Ինչո՞վ զարկեմ, թրո՞վ զարկեմ, թե՞ իմ գուրզով.
Մելիք իր մտքի մեջ ասաց.
«Ջա՜նըմ, էդ գուրզ որ ինձ զարկի՝
Էդ գուրզին դիմանա՜լ կ’ըլնի»։
Ասաց.— Դավի՛թ, թրո՛վ զարկի։

17

Գընաց Մելիք վրանի տակ, ասաց.
— Ես իրեք դարբ Դավթին զարկի,
Դավթին ըսկի բան մի չէղավ.
Հիմի Դավիթ կը գա, էստեղ ինձ կը զարկի։
Մելիքի մեր ասաց.
— Մե՛լիք, արի մտի մեջ էդ հորին։
Մելիք մտավ մեջ հորին։
Քառսուն գոմշու կաշի բերին քաշին վերան,
Քառսուն ջաղացի քար դրին վերան,
Վերմակ քաշին քարի վերան։
Մելիք մեջ էն հորին հանգիստ նստեց, ասաց.
— Հիմի հերթ Դավթինն է։
Դավիթ գիտի, թե էն ինչ արեր է.
Կը գա, կը տեսնա ջաղացի քար,—
Չէ՞ որ հորու բերնին դրած էսպես բարձրացեր է
Վերմակ քաշած քարի վերա։
Գիտի, որ էնքան Մելիքի ջանդաք չի՛։
Ապա Մելիքի մեր էնտեղ կայնուկ է։
Դավիթ չասաց՝ զՄելիք հանեք դուրս, տեսնեմ։

Հեծավ Դավիթ Քուռկիկ Ջալալին,
Գնաց հասավ չուր Ծովասար.
Քաշեց իր Թուր Կեծակին,
Քըշեց իր Քուռկիկ Ջալալին,
Էկավ, որ տի զարկեր՝
Իսմիլ խաթուն իրեն ծծեր հանեց,
Դավթի առաջ վազեց, ասաց.
— Դավիթ, քաղցր ծիծ եմ տվե քեզի,
Դու իմ կաթի խաթեր էդ զարկ ինձի բախշի։
Դավիթ ասաց.— Մարե, ինչի՞ դուն չուր հիմիկ,
Մելիքի զարկ կը գար մեջ իմ գլխուն,
Մեկ մ’էլ չ’ասիր՝ Մելի՛ք, զարկ մի ինձի՛ բախշի։

[էջ 245]

Դավիթ իր թուր իջեցուց, տարավ, բերեց,
Բարձրացուց էդ թուր, համբուրեց,
Դրեց ճակատին, ասաց.— Մարե՛,
— Էս մեկ զարկ քո՛ խաթեր։

Մեկ էլ դարձավ, գնաց Դավիթ,
Իր ձին քըշեց էկավ. էկավ, որ տի զարկեր՝
Մելիքի քուր վազեց էնոր առաջ, ասաց.
— Դավիթ, դու որ պստիկ էիր՝
Ես քեզ շա՛տ եմ գրկեր, պահեր, խաղցուցեր եմ,
Էդա մեկ թուրն էլ ինձ բախշի։
Դավիթ էդ թուր իջեցուց, տարավ, բերեց,
Բարձրացուց էդ թուր, համբուրեց,
Դրեց իր ճակտին, ասաց.
— Էս մեկ զարկ էլ քո՛ խաթեր։
Մընաց մե՛կ զարկ, մեկ աստված, մեկ ես
Յա կը սպանեմ, յա կը թողում։

Դավիթ դարձավ,
Գընաց, հասավ Սասնա սարեր,
Քըշեց, էկավ Մելքի վերա։
Որ տի հասներ հորի բերան՝
Իսմիլ խաթուն իր հետ բերած կնիկներուն,
Էդա ազապ աղջիկներուն,
Էդա շավար քաշողներուն ասաց.
— Շո՛ւտ, շա՜վար քաշեք,
— Շո՛ւտ, փողե՜ր փչեք,
— Շո՛ւտ, թմբո՜ւկ զարկեք,
— Շո՛ւտ, ձեր քաֆկիրնե՜ր բռնեցեք ձեր ձեռ.
— Խաղացե՛ք, խորո՛տ խաղացեք,
— Դավիթ որ գա՝ ազապ տըղա է,
Կ’իրիշկի ձեզի, զարկ թո՛ւլ կը զարկի.
Մելիք չի՛ սպանի։

Աղջիկներ էլան,
Շավա՛ր քաշեցին,
Փողե՛ր փչեցին,
Թմբուկնե՛ր զարկին,
Էլան, խա՛ղ կ’անեն։
Ապա Դավիթ գիտի՜.
— Էդա ինձի՛ համար կ’անեն,— ասաց,—

[էջ 246]

Կ’ուզեն ինձի շըշկըռացնեն։
Կանչեց, ասաց.
— Յա՜ Մարութա բարձրիկ Աստվածածին,
Յա Խաչ Պատերազմին, ինչ վեր իմ աջ թևին։
Կանչեց, զարկեց Թուր Կեծակին։

Կըտրեց քառսուն ջաղացի քար,
Կըտրեց քառսուն գոմշու կաշին,
Կըտրեց հըրեշ Մըսրա Մելքին,
Կըտրեց ճակտից, ոտքերուց դուրս էլավ
Ու յոթ գազ էլ մտավ գետին,
Գնաց հասավ սև ջուր։
Թե հրեշտակ իր թև չ’առներ առջև,
Սև ջուր տէլներ, աշխարք առներ։
Մըսրա Մելիք կանչեց, ասաց.
— Դավիթ, ես էստե՛ղ եմ,
Մեկ է՛լ զարկի։
Դավիթ ասաց.— Մըսրա Մելիք, քեզի թա՛փ տուր։
Մըսրա Մելիք զինք թափ էտուր,
Մեկ կտոր ընկավ էստեղ, մեկէլ՝ էնտեղ։
Մըսրա Մելիք խատավ։

18

Դավիթ ասաց.— Մարե՛,
Վերմակ բացե՛ք, տեսնեմ Մելիք։
Ասին.— Գնա, մենք կը բանանք։
Դավիթ զձին քըշեց, էկավ կանգնեց,
Ձեռ էթալ, վերմակ բացեց,
Տեսավ քառսուն ջաղցի քարեր,
Ամենն էլ թրի առջև կտրտված.
Իր ձեռ էթալ, քարեր վերուց, գցեց,
Տեսավ քառսուն գոմշու կաշիք՝
Ամեն կտոր կտոր արած։
Մելիքի մեր կռացավ էդ հորի վերան,
Կանչեց.– Մե՜լիք, Մե՜լիք, Մե՜լիք։
Մելիք ձեն չէտու։
Մելիքի մեր ու քիր նստան էնտեղ, վերան լացին։
Ապա մեր դարձավ Դավթին, ասաց.
— Դավի՛թ, սպանեցիր Մըսրա Մելքին,
Վնա՛ս չը կա, դու է՛լ իմ տղան ես:

[էջ 247]

Արի, էնոր կնիկ դու ա՛ռ,
Մըսրա թագավորություն մնա՛ քեզի,
Սասուն զաթի քո՛նն Է։
Դավիթ ասաց.
— Ես մորե որ ծնվեր եմ՝ անարա՛տ եմ,
Ես իմ հալալ լեշ հարամ լեշերու չե՛մ խառնի։
Կուզես արի, քե կը տանեմ մոտ ինձ, Սասուն։
Ասաց.— Չէ՛, Դավիթ, չեմ գա Սասնա էրկիր։
Ասաց.— Որ չես գա մեր Սասնա էրկիր,
Գընա, Մըսըր տվեր եմ քե, ապրի։

Դավիթ ձիու գլուխ շրջեց,
Էլավ, գընաց մեջ զորքերին.
Ինչ զորք զորական մնացե՝
Կանչեց, հրամայեց, ասաց.
-— Ամենիդ իրավունք կը տամ.
Ուր տեղեն էկեր եք՝ էլեք, գնացեք ձեր տեղ։
Էլեք, գնացեք ու ձեր տներ նստեք,
Դուք ինձ համար աղո՛թք արեք,
Իմ հորն ու մորն էլ օղորմի՛ տվեք,
Հանդա՛րտ կացեք,
Մեկ էլ չէլնեք ու գաք վեր Սասնա։
Մեկ էլ որ զենք առնեք մեր դեմ,
Թե որ դուք կռվի գաք վեր մեզ՝
Քառսուն գազ խոր հորում ըլնեք,
Թե ջաղացի ջոջ քարի տակ,
Տ’էլնի ձեր դեմ Սասնա Դավիթ,
Տ’էլնի ձեր դեմ Թուր Կեծակին։

Էդա զորք Դավթին օրհնեց,
Համա դժար կը հավատար, թե Մելիք սպանուկ է։
— Հա՜, Դավիթ,— կ’ասեն,—
Մեռնե՛նք մենք քո գլխուն,
Ո՜ւր էլ գնաս՝ աստված հետ քեզ,
Աստված քո բան միշտ աջողի,
Աստված քեզ ջանսաղությո՛ւն տա,
Աստված քո հոր ու մոր արքայություն տա։
Իսմիլ խաթուն առավ իր զորք, գընաց Մըսըր.
Էն եկած թագավորներ, փաշեք ու զորքեր
Էլան, ցրվեցան չորս կողմն աշխարհին,

[էջ 248]

Դավթի արած կտրճություն ամեն տեղ պատմեցին,
Ասին.— Դավիթ իր հոր ուխտ արավ՝
Մըսրա Մելիք սպանեց,
Սասուն ազատեց։

19

Իր կռվի տեղեն իմացավ Թորոս,
Որ Դավիթ Մըսրա Մելքին սպաներ է։
Դադարեցուց իր կռիվ,
Էկավ, հասավ Դավթին։
Դարձուց Դավիթ իր Քուռկիկ Ջալալին,
Դարձուցին իրենց ձիեր Քեռի Թորոս
Ու երեսունութ կտրիճներ—էկան Սասուն։
Ի՜նչ կ’բերեն հետներ էն կռվից.
Իսկի բան չեն բերի։
Էնոնց բերած էղավ ջուխտ մի եզ,
Լծեցին սել, քցեցին հետևներ,
Մըսրա Մելիքի ականջ Դավիթ զարկեց նիզակի ծեր,
Դրավ վեր սելին, քաշեցին, բերին,
Քաշեցին բերին՝ Սասնա քաղաք հասցնեն,
Վերգոյին նվեր։

Էդ ժամանակ ի՞նչ կ’անցներ կը դառնար Սասուն։
Հովան որ հասավ Սասուն,—
Չէ՞ որ Հովան էն զորք ամեն տեսեր էր,
Ամեն վրաններ տեսեր էր,
Գընացեր Սասնա քաղաք, ժողովրդին ասեր էր—
Էսքան չա՛դր կա, էսքան զո՛րք կա.
Ժողովուրդ ասեր էր.— Ախ-վա՜խ, ախ-վա՜խ,
Ախ-վա՜խ, տի սպանե՛ն զԴավիթ.
Տի գան կընիկ, աղջիկ, ճժեր տանեն գերի։
Ախ-վա՜խ, տեր աստված,
Ախ-վա՜խ, դո՛ւ ճար արա...
Էդա քաղքի մարդեր
Էն սարի գլուխ պահապան են դրե՝ ի՞նչ ապով.
Որ իրիշկեն ճամփան,
Դավի՞թ կը գա, թե զո՞րք կը գա։
Որ շատ մարդ գա՝
Քաղքի մարդերուն խաբար տան,
Իրենց պատրաստություն տեսնեն։

[ներդիր]

Կանչեց զարկեց թուր Կեծակին

Կանչեց զարկեց թուր Կեծակին

[էջ 249]

Էդ պահապաններ մեկ էլ տեսան՝
Մեկ ձիավոր կը գա առաջից,
Էրեսունինը ձիավոր հետևից։
Պահապաններ վազեցին քաղաք, ասին.
— Ձիավորնե՜ր կըգան, մեկն էլ առջևեն.
Հավատաս, Դավի՛թն ըլնի։
Հովանին ասին.— Դավիթն էկավ։
Հովան էլավ՝ էրթա Դավթի առաջ։ Էն քաղքցիք,–
Մարդ, կընիկ, ալևոր, պառավ, ճիժ-բիժ—
Ամե՛ն գնացին Դավթի առաջ։

Դավիթ նայեց, տեսավ, ջոջ զորք կը գա։
«Ջա՛նըմ,— միտ վե ասաց,— Էդա զորք ի՜նչ է.
Ինձի քանի՞ դուշման կա՝ կը գան վեր ինձի»։
Դավիթ իր ձին քըշեց, ասաց.
— Ձի՛, գընա՛, աստված ինչ արե՜ր է, արե՛ր է...
Ձին քըշեց, մոտեցավ, տեսավ՝
Հովան ամենու առջևն է.
Իրիշկեց՝ տըղա, աղջիկ, գեղական ամեն էկած են.
Բոռաց.— Հրողբեր, դու է՛լ էկեր ես հետ ինձ կռիվ;
Հրողբեր ասաց.— Դավի՛թ,
Մենք էկել ենք քո վերա կը խնդանանք,
Մենք փառք կը տանք աստծուն,
Որ սալամաթ էկար։
Դավիթ հարցուց.– Էդ կնիկնե՞ր ինչի էկած էն։
— Դավի՛թ,— ասաց,— ինչ դու գնացիր՝
Չուր հիմիկ էդա շիվարներ կը լան,
Աստված կը կանչեն, կը վախենան,
Թե Մըսրա Մելիք քեզի կը սպանի,
Արաբներ կը գան, քաղքի մարդեր ամեն կը սպանեն,
Կընկտեր կը տանեն։
Քո գալ լսան, ամեն խնդացան, ուրախացան։
Մեծ ու պստիկ քո ապո՛վ էկան։
— Դե դարձեք, գնացե՛ք,— ասաց,—
Մելիք սպանե՛ր եմ. դե դարձե՛ք, դարձե՛ք։
Դավթի հրողբեր էլավ,
Դավթի գլուխ պագեց, քրտինք սրբեց, ասաց.
— Էլ իսկի չե՛նք վախենա։
Սասունցիք գնացին արխային տներ նստան։

[էջ 250]

Տուն որ էկան, հրողբեր Դավթի արնոտ շորեր փոխեց.
Առոք փառոք նստեցուց,
Քուռկիկ Ջալային էլ մաքուր լվացին,
Տարան, կապեցին իր տեղ։

Ինչ Դավիթ՝ գնաց նստեց իր տեղ,
Ասաց.— Դե մեկ կթխա գինի՛ տվեք ինձ։
Գինին խմեց ու պառկավ, քնավ իրեք օր։
Ինչ իրեք օր անցավ,
Արտատեր Պառավ էլավ էկավ Դավթի մոտ,
Ասաց.— Դավի՛թ, բարով էկար, Դա՛վիթ, բարո՛վ էկար։
— Աստծու բարին քե, Պառավ։
— Տեսա՞ր,— ասաց Պառավ,—
Ժանգոտ թրով, քոսոտ ձիով ինչպե՞ս կ’էրթայիր.
Տեսա՞ր Մելիքի դեմ կռիվ քանի մի զոռ է։
— Պառավ,— ասաց,— շնորհակալ եմ քեզնե.
Կը գա՞ս դու ինձի մե՛ր ըլնես. ես մեր չ’ունեմ։
— Դավիթ, ես էլի՛ քեզ մեր եմ,— ասաց,—
Կ’էրթամ իմ տուն.
Ինչ բան քեգ պետք կ’ըլնի՝ կը գամ, կ’ասեմ։
Ըսկի՛ մի վախենա, Դավիթ, ծլիս, ծաղկիս։
Չուր հիմիկ պըստիկ էիր՝ ջոշացար,
Էլ էստեղ մի՛ նըստի.
Դու գընա, Հովանին ասա.
«Իմ հոր սենեկ պատրաստի,
Ես էրթամ, իմ հոր սենեկ նստեմ»։
Դավիթ, դե մնա՜ս բարով։

Դավիթ գնաց, Հովանին ասաց.
— Հրողբեր, իմ հոր սենեկ բաց։
Տ’էրթամ, իմ հոր սենեկ նստեմ։
— Հա՛,— կ’ասի Հովան,— հիմիկ կը բանամ։
Էդա Սասնա ճրագ չուր հիմիկ հանգա՛ծ էր,
Հիմիկ Սասնա ճրագ վառվավ.
Ապա չը բանա՞մ։
Քո արածն, որ դո՛ւ արիր, ես շա՛տ կը խնդանամ.
Որ դու էսպես կտրիճ ես —
Ես գիտեմ, թե աշխարհ ամեն իմն է.
Ես կը խնդանամ, որ դու ասես, մենք ծիծաղանք։

 


Բովանդակություն  |  Կազմ, տիտղոսաթերթ, 1-2 էջեր  |  Նախաբան
Ճյուղ I. Ա / Բ  |  Ճյուղ II. Ա / Բ
Ճյուղ III. Ա-1 / Ա-2 / Ա-3 / Ա-4 / Ա-5 / Բ-1 / Բ-2
Ճյուղ IV. Ա / Բ
Վերջերգ  |  Բառարան  |  Վայրերի անուններ

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ «Սասունցի Դավիթ», Երևան, Հայպետհրատ, 1961թ.:
Տրամադրեց՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

«Սասունցի Դավիթ» հերոսավեպի մասին
Հովհաննես Թումանյան. Սասունցի Դավիթ
Валерий Брюсов: Сасунци Давид

Հայ հին վիպաշխարհը

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice