ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian
Արգամ Այվազյան

ՋՈՒՂԱ


Բովանդակություն | Էջեր 1, 2 | Պատմական ակնարկ | Краткий очерк | Brief outline
Ուսումնասիրման պատմությունը
 | Հուշարձանները | Ջուղայի գրչօջախը

Lուսանկարներ–Иллюстрации–Illustrations: 1-35 | 36-72 | 73-107

Список иллюстраций. Illustrations | Բովանդակություն (ինչպես գրքում)


[էջ 3]

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԱԿՆԱՐԿ

Պատմական Երնջակ գավառի Ջուղա քաղաքը հին Հայաստանի նշանավոր բնակատեղերից է և գոյատևել է անընդմեջ մինչև 1848 թ.։ Դեռևս վաղ միջնադարում ավանի հռչակ ձեռք բերած այս բնակատեղին X–XIII դարերում վեր է ածվել քաղաքավանի, իսկ XV-XVII դդ. այն Հայաստանի նշանավոր առևտրական կենտրոններից էր։

Ջուղան ականատես է եղել Նախիջևանի և Վասպուրականի տարածքներում տեղի ունեցած պատմական իրադարձություններին։ Բազմամարդ ու բարգավաճ այս քաղաքը միջնադարում բազմիցս ենթարկվել է օտարամուտ ու ավարառու բանակների ոտնձգություններին ու ավերումներին, կողոպուտներին ու հրկիզումներին և վերջապես 1605 թ. ենթարկվել է հիմնահատակ ավերման, բնակչության հարկադրաբար և ամբողջական տեղահանման։

«Ջուղա» տեղանունը գիտական գրականության մեջ դեռևս ստուգաբանված չէ։ Հայ մատենագրության մեջ այս հնագույն տեղանունը V-XVII դարերում կոչվել է Ջուղայ, Ճողայ, Ջուղա, իսկ XVII ֊XX դդ., ի տարբերություն Նոր Ջուղայի, կոչվել է Հին (տեղական բարբառով Խին) Ջուղա։ Օտարազգի պատմիչներն ու ճանապարհորդները այն անվանել են Djoulfa, Ciulfa, Iulfa, Zulfa, Usulfa, Sulfa, Diulfa, Tulfa, Iula, Chiulfa, Zugha1:

XVII դարում Ղազար կաթողիկոս Ճահկեցին նշել է, որ Անի քաղաքի կործանումից հետո նրա բնակչության «կեսքն ճղեալ գնացին ի Ճուղայ...»2։ Այս տեղեկությունն էլ հիմք է ծառայել, որպեսզի կարծվի, թե Ջուղան որպես բնակատեղի հիմնվել է Անիի

_______________________
1. Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 410։
2. Ղ. Ճահկեցի, Գիրք Աստվածաբանական, որ կոչի դրախտ ցանկալի, Կ. Պոլիս, 1735, էջ 633։
_______________________

[էջ 4]

կործանումից հետո և այն Անի քաղաքի մի ճյուղն է («ճյուղ ա»): Այս ոչ ճիշտ մեկնաբանությունն էլ ավանդաբար փոխանցվել է ջուղայեցիներին։ Սակայն Նախիջևանի հնամենի գավառների բազմաթիվ տեղանունները, ինչպես, օրինակ, Գողթն, Տրունիք, Երնջակք, Ռամիք, Ցղնայք, Ապրակունիք, Շահապունիք կամ Շահապոնք, Շարուր և այլն, որոնք հոգնակի թվով աշխարհագրական անուններ են, ցույց են տալիս հավաքական գաղափար և տեղ։ Կարելի է ենթադրել, որ Ջուղայքը կամ Ջուղայը էթնիկական ծագում ունի և ցույց է տալիս հավաքական նշանակությամբ բնակվելու տեղ։ Հավանաբար այս տեղանունը նախահայկական ծագում ունի և առաջացել է այդտեղ բնակվող հայկական նույնանուն ցեղի անունից։

Հայ մատենագրության մեջ Ջուղայի մասին հնագույն տեղեկությունը վերաբերում է մ. թ. ա. առաջին դարին։ V դ. պատմիչ Մովսես Խորենացին, «Հայոց պատմության» մեջ նկարագրելով Տիգրան Երկրորդի (գահակալության տարիները 95-55 թթ. մ. թ. ա.) քաջագործությունները, նշում է, որ Աժդահակին հաղթելուց հետո նրա առաջին կնոջը՝ Անույշին «և շատ աղջիկներ Աժդահակի սերունդից՝ պատանիներով և գերիների բազմությամբ հանդերձ, ավելի քան մի բյուր մարդ (Տիգրանը) բնակեցնում է մեծ լեռան արևելյան կողմը մինչև Գողթնի սահմանները. սրանք են Տամբատ, Ոսկիողա, Դաժգույնք և գետեզրյա ուրիշ դաստակերտներ, որոնցից մեկն է Վրանջունիք, մինչև Նախճավան ամրոցի դեմուդեմը։ Նրանց է թողնում նաև երեք ավաններ – Խրամ, Ջուղա և Խո(ր)շակունիք՝ գետի մյուս կողմում, ամբողջ դաշտը...»1:

Հին աշխարհի նշանավոր առևտրական ու ռազմական տարանցիկ ճանապարհներից մեկի կարևոր հանգուցակետում հիմնված Ջուղան, որտեղով անցնում էին Հեռավոր արևելքից դեպի Միջերկրականի ափերը ձգվող երթուղիները, այնուհետև հիշատակվում է VII դարում՝ Հայաստան ներխուժած արաբական արշավանքների դեպքերի արձանագրման առթիվ։ Այդ մասին Ղևոնդ պատմիչը նշում է, որ արաբները, հարձակվելով Հայոց աշխարհի վրա, գրավում են Գողթնը և նրա մերձակա գավառները. «Բազումս յարանց ընդ սուր անցուցանեին, և զայլս գերի վարեալ կանամբի և մանկտեաւ՝ անցուցանէին ընդ գետն Երասխ ընդ հունն Ջուղայու»2: Այնուհետև արաբները, 688 թ. նորից հարձակում գործելով Հայոց երկրի վրա, «գործէին զանօրէնութիւն յաւանս Մարաց ի Խրամ, ի Ջուղայ և ի Խոշակունիս»3:

Ջուղան այնուհետև հիշատակվում է X դարում, երբ 962 թ. Խրամ քաղաքի ավերումից հետո Ջուղա են տեղափոխել ս. Կարապետի մասունքները։ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցին այս փաստի մասին նշում է, որ Ջուղայի բռնագաղթից հետո մի մահմեդական Ջուղայի Ամենասուրբ Երրորդություն կամ Վերին Կաթան անվանվող

_______________________
1. Մ. Խորենացի, Հայոց պատմություն, թարգմանությունը, ներածությունը և ծանոթագրությունները ակադեմիկոս Ս. Մալխասյանի, Եր., 1961, էջ 132-133։
2. Պատմութիւն Ղեւոնդեայ մեծի վարդապետի հայոց, Ս. Պետերբուրգ, 1887, էջ 7։
3. Ղևոնդ, նշվ. աշխ., էջ 18։
_______________________

[էջ 5]

եկեղեցու ավագ խորանից գտած մի արկղիկի մեջ հայտնաբերել է սուրբ մասունքներ և մի կտոր մագաղաթ, որոնք որոշ ժամանակ անց հանձնվել են Ջուղայից ոչ այնքան հեռու գտնվող հռչակավոր Դարաշամբի ս. Ստեփանոս Նախավկայի վանքի եպիսկոպոս Շմավոնին։ Այդ մագաղաթում գրված էր. «Այս է մասն նշխարաց սրբոյն Յովհաննու Կարապետին, զոր Գրիգոր Լուսաւորիչ եբեր ի Հայս, և եդ ի քաղաքն Խրամ, իսկ ի յաւերման Խրամ քաղաքին ի ՆԻԱ (972) թուին Հայոց բերին ի Ջուղայ»1։

X դ. Ջուղան իր նշանավոր Ամենափրկիչ վանքով հիշվում է նաև Խաչիկ կաթողիկոսի՝ 976 թ. Աշոտ թագավորի կողմից Դարաշամբի ս. Ստեփանոս Նախավկայի վանքին կալվածքներ ընծայելու փաստը հաստատող վավերագրում2: Այն հիշատակվում է նաև Սարգիս կաթողիկոսի՝ Սյունաց վիճակին ուղղած 1010 թ. շրջաբերական նամակում3 և այլ աղբյուրներում։ Ջուղան այնուհետև բազմիցս հիշատակվում է XIII-XVIII դարերի մի շարք պատմիչների աշխատություններում, ուղեգրություններում և զանազան այլ ձեռագրերում4: Այսպիսով վաղ միջնադարյան աղբյուրներից սկսած Ջուղայի հիշատակման փաստերն ինքնին ապացուցում են, որ այն իր տեղով և բնակչությամբ էական մասնակցություն է ունեցել միջնադարյան Հայաստանի պատմամշակութային կյանքում և ձեռք է բերել նշանավոր բնակատեղի հռչակ։

Պատմական Ջուղա քաղաքը տարածված է եղել այժմյան Նախիջևանի ԻՍՍՀ Ջուլֆայի շրջանի Ջուղա գյուղի մերձակայքում, Արաքս գետի ձախ ափին, ավելի քան 2 կմ երկարությամբ՝ արևելքից դեպի արևմուտք, Արաքսից մինչև մոտակա լեռնափեշերը 400-500 մ լայնությամբ։ Ապառաժոտ լեռնաշղթաների արանքում հիմնադրված Ջուղայի թաղամասերն ընդգրկել են նաև Արաքսի աջափնյա (այժմ իրանական) հարթությունները, ուր այժմ էլ նկատվում են քաղաքապատկան շինությունների՝ կամրջի, քարավանատան, Անդրեորդու եկեղեցու, գերեզմանատան և այլ կառույցների ավերակներն ու հետքերը։ Արաքսամերձ այս վայրը, ուր հիմնված է եղել Ջուղան, բավական խորն ու երկար, նեղ կիրճ է, որին ջուղայեցիները կոչել են Ծակուտա ձոր, Ծակուտ։ Երկու կողմերից Արաքսը եզերող Մաղարդայի և Ջուղայի լեռնաշղթաներն այստեղ ավելի են իրար մոտեցել և նրանց քարքարոտ ու մերկ փեշերի արանքով հոսող Արաքսը տեղ-տեղ փրփրոտ ու արագընթաց է, աղմկոտ, ափերը ծեծող, իսկ տեղ-տեղ էլ հեզասահ է ու սիգաճեմ։ Ծակուտա կիրճից քիչ արևմուտք, մյուս ափից, Արաքսին է միախառնվում պատմական Կարմիր կամ Տղմուտ գետը։

_______________________
1. «Պատմութիւն Առաքել վարդապետի Դաւրիժեցւոյ», Վաղ-պատ, 1896, էջ 524։
2. Կալվածագրեր և տնտեսական այլ գործարքների վերաբերյալ արխիվային վավերագրեր, պրակ 1, կազմեց՝ Հար. Աբրահամյան, Եր., 1941, էջ 6։
3. «Ստեփանոսի Սիւնեաց եպիսկոպոսի Պատմութիւն տանն Սիսական», ի լոյս ընծայեաց Մկրտիչ Էմին, Մոսկվա, 1861, էջ 227։
4. Ջուղայի XIII-XVII դդ. պատմական անցյալի որոշ եղելությունների մասին տե՛ս Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 410-415։
_______________________

[էջ 6]

Մաղարդայի լեռնաշղթան Ջուղայի արևելյան կողմում թեքվում է դեպի հարավ, իսկ Ջուղայի լեռնաշղթան, որի բարձունքներն անվանում են Տափի սար, Հազարան, Ձորուտի լեռներ, անկյունաձև ձգվում է հյուսիս` դեպի Երնջակ գետի հոսանքն ի վեր։ Այս դիրքի շնորհիվ էլ Ծակուտա կիրճում առաջացել է փոքրիկ բլրակներով ու թմբերով ոչ այնքան մեծ հովտաձև հարթավայր, որտեղ էլ փռված է եղել պատմական ու հռչակավոր Ջուղան։ Այն հարավից պաշտպանվել է Արաքս գետով ու Մաղարդայի, իսկ հյուսիսից՝ Ջուղայի բարձրաբերձ ու պարսպանման լեռնաշղթաներով։ Արևելքից ու արևմուտքից դեպի քաղաք մտնող նեղ անցումները փակվել են հուսալի պարիսպներով։ Այս դիրքի շնորհիվ քաղաքը որոշ չափով պաշտպանվել է թշնամիների հանկարծակի հարձակումներից։

Ծովի մակարդակից մոտ 700 մ բարձրություն ունեցող Ջուղան ունի արևոտ ու չոր, ցամաքային կլիմա։ Քաղաքը երկու կողմերից եզերող արևկա լեռները մերկ են, պատնեշների ու թրատված բարձունքների վերածված։ Բազմաձև ու վեհանիստ այդ լեռները տեղ-տեղ նման են բարձրագագաթ աշտարակների ու ամրոցների, քարե սյուների։ Արևախանձ ու վառ կարմրին, այրված-բովված, սեփ-սևին տվող այդ բարձունքներին կան զանազան խորշեր ու խորշակներ, դժվարամուտ քարայրներ ու անձավներ։ Բուսականությունից համարյա թե զուրկ այդ բարձունքներին գարնանը տեղ-տեղ կանաչող ափաչափ կտորները մի յուրօրինակ հմայք ու երանգ են հաղորդում։

Դատելով Ջուղայի հնագիտական տարածքից և պատմական աղբյուրների վկայություններից, քաղաքը կազմված է եղել ավելի քան 10 մեծ թաղամասերից, բնակեցված միայն հայերով և ունեցել է 7 նշանավոր եկեղեցիներ ու մի քանի այլ մատուռներ ու սրբավայրեր, աշխարհիկ մի շարք կառույցներ։ Մինչև Ջուղայի ավերումն ու բռնի գաղթեցումը այդտեղով անցած եվրոպացի մի շարք ճանապարհորդների հաղորդած տեղեկություններով XVI դ. կեսերից հետո քաղաքն ունեցել է 2-4 հազարի հասնող տներ՝ 15-20 հազարից մինչև 40 հազար հասնող հայկական բնակչությամբ1: Չնայած տեղանքի ոչ այնքան նպաստավոր պայմաններին քաղաքաշինությունն ընթացել է որոշակի սկզբունքներով։ Քարաշեն և աղյուսաշեն միահարկ և երկհարկ տները ներսից ծեփված և մեծամասամբ որմնանկարված են եղել։ Գլխավոր և միջթաղային փողոցները, որոնք մեծամասամբ սալարկված ու խճաքարով տոփանված են եղել, ունեցել են 1,5-2 մ միջին լայնություն։ Ինչպես բնակելի տների մի մասը, այնպես էլ Ջուղայի հուշարձանները արծվի բների նման ծվարել են լեռների բարձունքներին կամ էլ փեշերին։

1673 թ., Ջուղայի կործանումից 68 տարի հետո, նշանավոր ճանապարհորդ Շարդենը Ջուղայով անցնելուց հետո նշել է, որ քաղաքի «մուտքերը, որոնք բնականա–

_______________________
1. Ղ. Ալիշան, Սիսական, էջ 410, 413։ Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, ԺԳ-ԺԶ դարեր (1253-1582 թթ.), հտ. Ա, Եր., 1932, էջ 454։
_______________________

[էջ 7]

բար դժվարանցանելի և ամուր են, պահպանված էին շատ բերդերով... տների մեծ մասը ծակեր և գետնափորներ են, սարերի մեջ այրեր...»1։ Հ. Առաքելյանը, 1884 թ. ուսումնասիրելով Ջուղայի ավերակները, նկարագրում է. «Տները երկհարկանի, շատ պարզ, կոպիտ ճարտարապետությամբ շինված են և ոչ միայն տափարակի վրա, այլ նաև ժայռերի, սարի լանջերի վրա. եկեղեցիները նույնպես շատ փոքր են, դռները այնքան փոքր, որ մտնելու համար պետք է սողալ։ Մի քանի տներ շինված են այնպիսի ժայռերի վրա, որտեղ այծյամները կարող են միայն ման գալ»2: Ջուղան կառավարում էր նահապետների կամ իշխանների քաղաքային ժողովը, որը ղեկավարում էր քաղաքագլուխը։ Եվ ամեն կողմից լավ պատսպարված Ջուղայի կամ Դարվազրի գլխի բերդի պարսպի աշտարակի վրա, որը հսկում էր քաղաքի գլխավոր մուտքը, միշտ կանգնած էր լինում պահապանը։ Եվ «յուրաքանչյուր նոր եկող պետք է պահապանին հայտներ իր անունը և միայն քաղաքապետի թույլտվությամբ կարող էր մտնել»3:

Ջուղան մինչև XVII դ. վերջերը, ի հակադրություն իր ներկա վիճակի, ունեցել է պտղատու այգիներ, պուրակներ ու այգեստաններ, քիչ թե շատ վարելահողեր, որոնք տարածված են եղել քաղաքի արևելյան կողմում գտնվող ոչ մեծ հովտում` ս. Սարգսի, Վարդուտի փոքրիկ դաշտերում։ Այժմ էլ այդ հովտում և նրա մերձակայքում տեսանելի են վաղեմի ջրանցքների ու ջրհորների, ցանկապատների հետքերը, պուրակներից ու այգեստաններից մնացած հատուկենտ ծառերը։ Ջուղայի սակավահող լինելն էլ ջուղայեցիներին թելադրել է զբաղվելու առևտրով ու արհեստներով, տնայնագործությամբ ու արվեստով։ Այդ պատճառով էլ այստեղ հնուց ի վեր երկրագործությունն ունեցել է երկրորդական նշանակություն։

Պատմական աղբյուրների վկայությամբ Ջուղայում, դեռևս XXII դդ. սկսած, արհեստների հետ համատեղ շեշտակի զարգացել է առևտուրը։ Այն XI դ. արդեն ուներ իր հոգևոր կենտրոնը և իր նշանակությամբ ու համբավով դասվում էր Նախիջևանի շարքը։ Գտնվելով նշանավոր առևտրական երթուղու վրա, որը կոչվում էր նաև արքունի կամ վաճառականական ճանապարհ, նա կարճ ժամանակամիջոցում Արաքսի (Երասխի) ձորում հռչակվում է որպես տարանցիկ ապրանքների պահեստավայր ու առևտրական փոխանակությունների կենտրոն և XV դ. սկսած աննախադեպ ծաղկման ու բարգավաճման է հասնում։ Այդ պատճառով էլ ջուղայեցիների համար առևտրական լինելը գլխավոր և առաջնակարգ ժառանգական զբաղմունք ու մասնագիտություն է եղել։ Եվ արդեն XV-XVII դարերում հայ իրականության մեջ ջուղայեցի վաճառականները, որոնք իրենց կոչում էին «խոջաներ», հայտնի էին թե՛ իրենց կուտակած անհաշիվ հարստություններով

_______________________
1. Հ. Աոաքելլան, Պարսկաստանի հայերը, Նրանց անցեալը, ներկան եւ ապագան, մասն Ա, Վիեննա, 1911, էջ 30։
2. Հ. Առաքելյան, նշվ. աշխ., էջ 30։
3. Նույն տեղում, էջ 28 — 29։
_______________________

[էջ 8]

ու կարողություններով, թե՛ որպես հայ տպագրական-հրատարակչական գործի իսկական կազմակերպիչներ ու նվիրյալ հայրենասերներ։ Այդ դարերին՝ Հայաստանի համար քաղաքական, տնտեսական և մշակութային առումով անկումային համարվող ժամանակաշրջանում, մեծ հռչակ է ձեռք բերում Ջուղան, որի կապիտալը հայտնի էր համարյա թե ամենուր։ Ջուղայեցիների հարստությունները առասպելական չափերի էին հասել, իսկ «խոջաների» տների ու ապարանքների զարդարանքներն ու կահկարասիների մեծ մասը ոսկուց ու արծաթից էին պատրաստված։ Եվ այդ ամենի շնորհիվ 1541 թ. Գրիգոր XI կաթողիկոսը իր կոնդակում Ջուղան համարել է «աստուածախնամ գիւղաքաղաք»1: Իսկ XV– XVI դդ. նշանավոր մանրանկարիչ Հակոբ Ջուղայեցին 1587 թ. Ջուղայում ընդօրինակած մի Ավետարանի հիշատակարանում քաղաքն ուղղակի անվանում է «մեծակրօն մայրաքաղաք»2։ Վաստակաշատ գրիչ Խաչատուր Խիզանեցին 1594 թ. ընդօրինակած իր Հայսմավուրքի հիշատակարանում նշում է, որ այն ընդօրինակել է «ի մայրաքաղաքն Ջուղայ, որ է հանգիստ եւ պարծանք հայկազեան տոհմիս, եւ խնդրեմք ի յապէնիազ արարչէն, որ շէնս ի շէն պահեալ է»3։

Ջուղայի ձեռներեց վաճառականները դարեր շարունակ մուտք էին գործում Արևելքի և Արևմուտքի բոլոր առևտրական քաղաքներն ու կետերը և ամենուր հիմնում իրենց առևտրական տներն ու հենակետերը։ Ջուղայեցի առևտրականների քարավանները ազատորեն մուտք էին գործում Պարսկաստան, Հնդկաստան (գլխավորապես Մադրաս, Կալկաթա), Իտալիա (Վենետիկ), Ավստրիա (Վիեննա), Հոլանդիա (Ամստերդամ), Եգիպտոս, Ռուսաստան (Մոսկվա, Պետերբուրգ, Ղրիմ, Աստրախան), Թուրքիա, անգամ Ճավա կղզի, Բիրմա, Ֆիլիպինյան կղզիներ (Մանիլա) և այլուր։ Միայն XVI դ. Վենետիկի և նրա մերձակա առևտրական կենտրոնների հետ առնչություն ունեցած 250 հայ վաճառականներից մոտ 60-ը Ջուղայից են եղել4, որոնք իրենց ձեռքին էին կենտրոնացրել մի շարք ապրանքների՝ հատկապես մետաքսի, արտահանումը։ Վենետիկում ջուղայեցիների դերն այնքան մեծ էր, որ քաղաքի փողոցներից մեկը կոչվել է «Ջուղայեցվոց փողոց»։

Հայ վաճառականության պատմության ուսումնասիրողներից մեկը իրավացիորեն նշել է. «1500-ական թվերին ջուղայեցիներն արդեն տեր էին Եգիպտոսի կամ Միջերկրական Եվրոպայի շուկաների համեմի, գխտորի, մանավանդ հում մետաքսի

_______________________
1. Ղ. Ալիշան, Սիսական, էջ 411։
2. Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր հավաքումներու, հտ. Ա, կազմեց՝ Արտաւազդ արքեպ. Սիւրմէեան, Փարիզ, 1950, էջ 83։
3. Երևանի Մատենադարան, Մեսրոպ Տեր-Մովսիսյան Մագիստրոս, Մայր ցուցակ ձեռագրաց (ձեռագիր), Հայսմավուրքներ, էջ 123։
4. Ղ. Ալիշան, Հայ-Վենետ կամ յառընչութիւնք հայոց եւ Վենետաց, Վենետիկ, 1896, էջ 368-380։
_______________________

[էջ 9]

գործին»1: XVI դ. կեսերին վերաբերող մի շարք գրավոր փաստաթղթերի տեղեկություններով ջուղայեցի վաճառականները եվրոպական զանազան շուկաներում տարեկան արտահանում էին 500-1000 ջորիի բեռ2 մետաքս և այդտեղից Ջուղա էին ներմուծում նույնքան էլ եվրոպական բրդյա կերպասներ, ամենատարբեր ապրանքներ և այլն3։ Ջուղայեցիները ժամանակի նշանավոր առևտրական երկրների հետ կապեր հաստատելուց բացի մեկնել են նաև մի շարք հեռավոր երկրներ ու կղզիներ (Ֆիլիպիններ, Ճավա), որտեղ, վստահություն ձեռք բերելով, հիմնել են եկեղեցիներ ու մատուռներ, գաղթավայրեր։ Օրինակ, հեռավոր Բիրմայի երեք նշանավոր քաղաքներում եղած հայկական գերեզմանատների ու մատուռի ուսումնասիրողներից մեկը նշել է. «Հայերուն Պիրմանիա գաղթը մեկ երկու դարու խնդիր չէ, հնդկականին չափ և թերևս ավելի հին է ան. վաճառական և բանիմաց ջուղայեցիներ, Երասխի ափունքեն՝ հին Ջուղայեն նույնիսկ գալով, հինգ դար առաջ կրցեր են շահիլ Պիրմանիո հին վեհապետներուն համակրանքը, և տնտեսական ու վարչական ասպարեզներուն մեջ դիրք շինել Ծայրագույն Արևելքի սահմանակից այս հեռավոր երկրին մեջ»4։ Ջուղայեցիները գործնական կապերի մեջ են եղել նաև Հալեպում։ Վենետիկցի նշանավոր առևտրական Ֆրիդրիխի պատմելով 1563 թ. Հալեպի շուկայում իրեն հանդիպած առաջին առևտրականները ջուղայեցիներն են եղել, որոնց անվանում է «հայաստանցի վաճառականներ»։ Հալեպի հայոց գերեզմանատանը XVI դարից պահպանված 14 տապանաքարերից 13-ը պատկանել է հին ջուղայեցիներին5: Հալեպում է թաղված նաև Ազարիա Ջուղայեցին, որը 1584—1601 թթ. Սսի կաթողիկոսն էր6։

Առևտրի հարաճուն աճի ու լայն ընդգրկումների շնորհիվ զարգացած արհեստավորական ու վաճառականական դասով, հնավանդ մշակույթով Ջուղան մասնավորապես XVI-XVII դդ. Հայաստանի հռչակավոր քաղաքներից մեկը լինելուց բացի համարվում էր նաև որպես ոսկերչության, դաջագործության ու ասեղնագործության, քանդակագործության ու թանկագին քարերի մշակման, բրուտագործության ու ժողովրդական ճարտարապետության, նկարչության ու

_______________________
1. Հ. Քիւրտեան, Նիւթեր հայ վաճառականութեան պատմութեան համար, առանց տպագր. տեղի ու թվականի, էջ 6։
2. Մեկ ջորիի բեռը հավասար է 180-200 կգ։
3. Հ. Քիւրտեան, նշվ. աշխ., էջ 11։
4. Մ. Գրիգորյան, Հայք ի Հարավային Հնդկաստան, «Բազմավեպ», 1927, էջ 239։ թ. Գուշակյան, Հնդկահայք, Երուսաղեմ, 1941, էջ 86-87։
5. Ա. Սյուրմեյան, Պատմություն Հալեպի ազգային գերեզմանատանց և արձանագիր հայերեն տապանաքարերու, Հ.ալեպ, 1935, էջ 12—13, 25։
6. Հր. Աճառյան, Հայոց անձնանունների բառարան, հտ. Ա, Եր., 1942, էջ 56։
_______________________

[էջ 10]

մանրանկարչության, գրչարվեստի ու վիմագրչության աչքի ընկնող կենտրոն։ Եվրոպական երկրներից ջուղայեցի վաճառականների զանազան ապրանքների հետ միաժամանակ հայրենի քաղաքը բերած ժամանակի և դասական արվեստի բազմապիսի նմուշները ջուղայեցի շնորհաշատ ու հմուտ վարպետներին նոր ներշնչանք ու ստեղծագործական եռանդ էին հաղորդում։ Սակայն Ջուղայի, օրըստօրե բարգավաճող այս քաղաքի, բեղմնավոր մշակութային կյանքը XVII դ. սկզբում մի քանի տասնամյակ ընդհատվեց, իսկ դարերի ընթացքում ստեղծված բազմաթիվ մշակութային արժեքները անվերադարձ կերպով կորստի մատնվեցին քաղաքի կործանման ու բնակչության բռնագաղթի պատճառով։

Պատմությունն ավանդում է, որ Հայոց լեռնաշխարհում դարեր շարունակ մոլեգնած ամեհի պտտահողմերի, բարկաճայթ փոթորիկների նման ավերող ու բնաջնջող ոսոխների, արյունռուշտ թշնամիների պատճառով դժվարին ու մաքառումներով լի է եղել ոչ միայն հայ մարդու կյանքը, այլև նրա հայրենի երկրի բնակատեղիների պատմությունը։ Հաճախ Հայոց երկրի բազմաթիվ մեծ ու փոքր, շենշող ու շեն բնակատեղիներն ու քաղաքները, թշնամիների ավերող կրունկների ներքո հրի ու սրի մատնվելով, մոխրակույտերի են վերածվել, անհայտության մշուշով ի պահ են մտել դարերի խորքում։ Սակայն նորից ու նորից հայը հայրենի օջախի մոխրակույտի մոտ կարկատել ու վերաշինել է հայրենին։ Եվ այսպես շարունակ հայոց հար ու հարատև երկրում գոյատևել ու հզորացել է հայրենին ու հայի անդաստանը։ Անդարմանելի անցյալում պատահել է նաև այնպես, որ բնական անասելի աղետներից ու պատահարներից (երկրաշարժեր, հրաբխային ժայթքումներ, ջրհեղեղ) զատ, հազար ու մի փորձանքի ենթարկված Հայաստան երկրում բնակատեղիներն ամայացել են նաև հարկադրաբար, անասելի ուժի ու դաժանությունների գործադրումներով։ Ահա այսպիսի դաժան հարկադրանքի ենթարկվեց նաև Ջուղան, որը 1605 թ. կազմակերպեց և իրականացրեց Պարսկաստանի Շահ Աբաս Առաջինը։

XV-XVII դդ. Պարսկաստանի և Թուրքիայի միջև անընդմեջ գոյատևող պատերազմների հետևանքով Հայաստանի տարածքը, փաստորեն, վեր էր ածվել պատերազմական թատերաբեմի։ 1555 թ. այդ երկու գիշատիչ պետությունների միջև կնքված Ամասիայի դաշնագրով Պարսկաստանի տիրապետության տակ էին գտնվում Հայաստանն ու Ադրբեջանը, Վրաստանի արևելյան շրջանները։ Սի դաշնագիր, որի պայմանները ձեռնտու չէին Թուրքիային։ Այդ պատճառով էլ Թուրքիան 1570-1590 թթ., պատերազմական գործողություններ ծավալելով, ետ է վերցնում ամբողջ Անդրկովկասն ու Ատրպատականը։ Նման պայմանները Պարսկաստանի համար նվաստացուցիչ էին, և նա ամեն կերպ ձգտում է Թուրքիայից ետ վերցնել իրեն պատկանող «ժառանգական հողերը»։ Այս ծրագրի իրագործման համար Պարսկաստանի ներքին ու արտաքին կյանքում մի շարք արմատական փոփոխություններ է կատարում Շահ Աբաս

[էջ 11]

Առաջինը (1587-1629 թթ.): Այսպիսի իրադրության մեջ Հայաստանը մի կողմից կեղեքվում ու թուլանում է Թուրքիայի ձեռքին, իսկ մյուս կողմից էլ ենթարկվում Պարսկաստանի հարձակումներին։ Շահը Թուրքիայի նկատմամբ հաղթանակ տանելու նկատառումներով խորամանկաբար սիրաշահում և աշխատում է իր երկրի շահերի համար օգտագործել հայ, վրացի, քուրդ ու ադրբեջանցի վերնախավի ազդեցությունը և ուժերը լարել Թուրքիայի դեմ։

Եվ այսպես Շահ Աբասը, սկսելով իր ծրագրային հարձակումները, 1603 թ. Թուրքիայից գրեթե անարգելք վերցնում է ամբողջ Նախիջևանի գավառները, իսկ հետո գրավում նաև Երևանը։ Ջուղայի համար հատուկ ծրագիր մշակած շահը երեք օր իջևանում է Զուղայում և վայելում մեծահարուստ խոջաների առատաձեռն հյուրասիրությունը։ XVII դ. պատմիչ Առաքել Դավրիժեցին, որը կատարված դեպքերի ականատեսն է, մանրամասնորեն նկարագրելով շահի ընդունելությունը, նշում է. «Իշխանք՝ ծերք, և երիտասարդք՝ ի զարդ և ի զէնս ոսկեհուռն սխրատեսիլ հանդերձից պճնազարդեալք ընդ առաջ ընթանային։ Եւ նորաբողբոջ դեռահաս մանկունք ոսկի բաժակաւ զանուշահամ, և ազնիւ գինի մատուցանէին։ Լուցեալ մոմեղինօք և խնկօք և կնդրկօք քահանայք և մարմնաւոր երգեցիկք առաջի ընթանալով յարմարական ձայնիւ նուագէին։ Եւ զճանապարհս անցից արքայի զարդարեցին. և յեղէրէ գետոյն մինչև ցապարանս խօջայ Խաչիկին արկին վայանդազ առաթուր թագաւորին, պատուական և վայելուչ կումաշս, որոց վերայ էանց թագաւորն՝ և գնաց ի տուն խօջայ Խաչիկին։ Եւ ի տան անդր, խոջայ Խաչիկն ոսկի սկուտեղ լցեալ ոսկւով եդեալ ի ձեռն որդւոյ իւրոյ մատույց առաջի թագաւորին, նոյնպէս և ամենայն մեծամեծք Ջուղայու մատուցին ընծայ, որպէս վայել է թագաւորի... Իսկ վիշապն անդնդային Շահաբաս՝ որ ի սկզբանէ զբարս օձ ունի բնաւորեալ յինքեան ընդդէմ քրիստոնէից... և զգայռէր ի սրտի` թէ զիարդ պատճառ և ժամ գտցէ նենգել զնոսա։ Բայց առ ժամն ծածկեալ զթոյնսն առ երեսս սրտահաճուկ լինէր»1: Այս ընդունելության մասին տեղեկություններ է հաղորդել նաև 1602-1603 թթ. Պարսկաստանում ճանապարհորդած Գ. Տեկտանդերը2: Ի պատիվ շահի Ջուղայի տներում ու պատշգամբներում երեք գիշեր վառվում էին շուրջ 50 հազար լապտերներ։ Այսուհանդերձ ջուղայեցիները ներքուստ սաստիկ ահաբեկված էին, կարծեք թե զգում էին խորամանկ շահի չարամտությունն ու նենգությունը։

Երևանի գրավումից հետո թուրքական բանակը 1604 թ. վերջերին, ժամանակավոր դադարից հետո, ձեռնամուխ եղավ նոր հակահարձակման։ Շահ Աբասը, զգալով հակառակորդի գերակշռող ուժի առկայությունը, որոշում է նահանջել դեպի իր երկիրը։ Սակայն այս նահանջը նման չէր ռազմական բանակների նահանջին։ Այն մի հրեշավոր

_______________________
1. Ա. Դավրիժեցի, նշվ. աշխ., էջ 24-25։
2. Чтения в императорском обществе истории и древностей российских, СПб, 1896, с. 33, 237.
_______________________

[էջ 12]

ծրագիր էր հետապնդում, որոշված էր հրի ու սրի մատնել, ամայացնել ու ավերակների վերածել բնակատեղիները, Արաքսի ձախափնյա ամբողջ դաշտերն ու հուշարձանները, իսկ բնակչությանը բռնորեն տեղափոխել Պարսկաստան։ Դա մի հրեշավոր նահանջ–ծրագիր էր, և հայոց պատմության այդ ծանր ու դաժան էջը մնաց որպես «մեծ սուրգունի» (մեծ գաղթ) տարի։ Ըստ Ա. Դավրիժեցու, Շահ Աբասը որոշել էր «Զի եկեալ օսմւսնցւոցն անբնակ գտանիցեն զերկիրն մարդկանէ»1, ինչպես նաև տեղահան արվող հայ ժողովրդի միջոցով զարկ տալ իր հետամնաց երկրում արհեստներին, առևտրին ու երկրի բարգավաճմանը։

Նահանջի ճանապարհին առանձնահատուկ ուշադրությամբ է կատարվում Ջուղայի բռնագաղթը, որին շահը դեռևս իր թագավորության սկզբից մեծ տեղ էր տալիս և ամեն կերպ ձգտում Ջուղայի իշխաններին ու առևտրականներին իր կողմը գրավել, նրա առևտրական կապիտալը պարսից թագավորության սեփականությունը դարձնել։ Առաքել Դավրիժեցին իր պատմության մեջ մի առանձին գլուխ (Ե) է նվիրել Ջուղայի գաղթին «Յաղագս քշելոյ զամենափարթամ գիւղաքաղաքն Ջուղայու յերկիրն Պարսից»2։ Պատմիչի որակավորմամբ. «գիւղաքաղաքն Ջուղայ, որ էր մեծ և երևելի շէնն այն ի ժամանակին յայնմիկի մեջ արեւելայ աշխարհիս»3։ Դավրիժեցու հաղորդած տեղեկություններով Ջուղայի բռնագաղթը հանձնարարված էր Թահմազղուլի բեկին. «Շահն կոչեաց զայս Թահմազղուլիս առաջի իւր, գրեաց նոմոս (հրովարտակ) հրամանի և ետ ցնա, և հրամայեաց նմա գնալ ի Ջուղայ և միահաղոյն քշել զնոսա և ոչ թողուլ ի նա բնակիչ և ոչ զմի։ Եւ Թահմազղուլին ելեալ յերսաց արքայի, սրընթաց արշաւմամբ շեշտակի աճապարեալ ի Ջուղայ, և կոչեալ զաւագանիսն և մեծաւ ցասմամբ սպառնացաւ նոցա, սարսռելի և տաժանելի մահուամբ կորուսանել զնոսա թէ ոչ առժամայն և վաղվաղակի զհրամանս թագաւորին կատարեսցեն։ Այլ և զնոմոս հրամանաց թագաւորին հանեալ առաջի ամենայն ժողովրդեանն ընթերցան, յորում գրեալ էր թէ՝ հրաման է ի թագաւորութենէս մերմէ ձեզ Ջուղայեցւոցդ ելանել ի տեղեաց ձերոց և գնալ ի Պարսկաստան աշխարհ»4։

Այնուհետև հատուկ մարդկանց միջոցով Թահմազղուլի բեկը Ջուղայի թաղամասերով մեկ հայտարարում է գաղթի հրամանը և հորդորում, որպեսզի երեք օրվա ընթացքում բնակիչները թողնեն քաղաքը։ Իսկ շրջակա գյուղերի մահմեդական խաժամուժը հոծ խմբերով օրերով շրջում էր Ջուղայի փողոցներում և ջուղայեցիներին ստիպում լքել իրենց հայրենի տունն ու ծննդավայրը։ Պատմիչի վկայությամբ այդ խաժամուժը

_______________________
1. Ա. Դավւրիժեցի, նշվ. աշխ., էջ 38։
2. Նույն տեղում, էջ 57-70։
3. Նույն տեղում, էջ 12։
4. Նույն տեղում, էջ 58։
_______________________

[էջ 13]

և Թահմազղուլիի զորքը քաղաքն ավարի ենթարկելու համար «գումարեալ մահմետականացն ի միասին, էր, որ՝ տասն, էր որ քսան, էր որ երեսուն մտանէին տունս քրիստոնէիցն, զնոսա ստիպէին ելանել և գնալ, հարկանէին սաստիկ հարուածով, այլ և յընչիցն և ի կարասեաց ինքնեանք յափշտակէին... և այսպես յափշտակումն և կորուստ էր ընչից քրիստոնէից»1։

Հանկարծակիի եկած և շրջապատման օղակի մեջ առնված տագնապահար ջուղայեցիները ճարահատյալ թողնում են իրենց հայրենի քաղաքը։ Եվ Ջուղայի մեծամեծերն ու քահանաները, ողջ բնակչությունը, դուրս գալով Ջուղայի պարիսպներից, մոտենում են ս. Աստվածածին եկեղեցուն և «աղիողորմ ձայնիւ, փղձկեալ սրտիւ և արտասուալի աչօք գոռային՝ և լային, և աղաղակելով կանչեին ընդդեմ Աստուածածնին, և ասէին. Ով սուրբ Աստուածածին, այսոքիկ բանալիք սրբոյ եկեղեցւոյ մերոյ` և տանց մերոց քեզ յանձն լիցի. և դու դարձուսցես զմեզ ի տեղիս մեր յօտար երկրէն ուր տանին։ Եւ զայս ասացեալ արկին զբանալիսն ի գետն, և մորմոքալով յոլով ժամս ձայն բարձեալ լացին, և ապա գնացին»2։ Ըստ Ա. Դավրիժեցու տեղեկությունների Ջուղայի գաղթը կատարվել է 1605 թ. հոկտեմբերին։ Եվ աշնանային Արաքսի անցման ժամանակ «որք տկարք էին թափեալք լինէին ի ջուրն և ծվալով և ճչալով գնային ընդ երեսս ջրոյն. և յոլովք հեղձնուին ի ջուրն՝ և մեռանէին։ Եւ յերկու կողմէ յեզերս գետոյն ցրուեալք էին լեշք և դիք մարդկան խեղդելոց ի ջրոյն։ Եւ այսպէս տառապանօք անցին ժողովուրդքն զգետն Երասխ...»3։

Ջուղայի տեղահանությունից հետո, որի ժամանակ բռնագաղթվեց ավելի քան 3 հազար հայ ընտանիք, շահի հրամանով Թահմազղուլի բեկը «հասեալ ի Ջուղա բազում հրոսակօք և առեալ ի ձեռս իւրեանց ջահս լուցեալս և ղամբարս եղեգաց, և նաւթիւ կազմեալ լապտերս, և սկսան այրել և հրդեհել, և քանդել զառաստաղս և տապալել զշինուածս որմոց։ Եւ ոչ բնաւ թողին յարկ ծածկեալ կամ շէն, այլ յաւեր և յապականութիւն դարձուցին»4։ Այս վկայությունից բացի Ջուղայի հրկիզման փաստն արձանագրվել է նաև մի շարք այլ աղբյուրներում։ Օրինակ, ջուղայեցի տարագիր Հակոբ Երեցը Նոր Ջուղայի ս. Սարգիս եկեղեցում 1607 թ. գրչագրած Ավետարանի հիշատակարանում դառնագին կերպով հիշում է, որ «ի հուրոյ այրմանէն, աւուր մի ճանապարհ զայրահոտ զմարդն ի վէմն արգելէր ու ըմբռնէր շունչն։ Դեռևս այս նեղութիւնսի թանձրամած մխոյն արեգակն ոք երևէր»5:

Գաղթից հետո Ջուղայի բնակչության աննշան մասը, որը խուսափել էր բռնագաղթից, նորից հաստատվում է հայրենի քաղաքում։ Սակայն ընդամենը մի քանի ամիս հետո՝

_______________________
1. Ա. Դավրիժեցի, նշվ. աշխ., էջ 59։
2. Նույն տեղում, էջ 60։
3. Նույն տեղում, էջ 61։
4. Նույն տեղում, էջ 61 –62։
5. С. Тер-Аветисян, город Джуга, Тифлис, 1937. с. 77
_______________________

[էջ 14]

1606 թ. գարնանը, Ջուղայում մնացած բնակչությանը վերստին տեղահան անելու համար շահի հրովարտակով Ջուղա է մեկնում Համդամ աղան, «եւ եկեալ Համդան աղայն ընդ իւր զօրէք ի Ջուղայ՝ կոչեաց զմնացեալ ժողովուրդն առաջի իւր և խօսեցաւ ընդ նոսա սաստիւ և բռնութեամբ, եթէ հնազանդեալ անսայք հրամանաց թագաւորին ելէք ձերովք ընտանեօք և ստացուածովք զի ի միասին երթիցուք, և թէ ոչ կամիք գնալ, զարուս և զկարողս ձեր սրով կոտորեմք և զինչս և զնտանիս ձեր ի գերութիւն առնումք։ Այլ և գնացեալ ի լերինս և իձորս ի տեղիս փախստէիցն գտին զփախուցեալսն, և բերին ի Ջուղայ, և յինանց երկրորդում կիրակէի երկուշաբաթ օրն չուեցուցին ի Ջուղայոյ՝ և ուղևորեցին դէպ ի Թավրէզ»1։ Եվ այսպես մինչև վերջին մարդը դատարկվում է Ջուղան, հրկիզվում ու հիմնովին քայքայվում։ Իսկ ջուղայեցիների տունդարձի բաղձանքն ու հավատը չիրականանալով մնում է որպես հույս ու կարոտ։ Հետագայում Ջուղայի ավերակներում կատարվում են բազմաթիվ ավերումներ ու գանձախուզություն, որոնց ընթացքում փնտրում և գտնում էին հայրենի տուն վերադառնալու հույսով ջուղայեցիների թաքցրած հարստությունները, որոնք պահվել էին. «ի յարկս, և ի խորս, և ի վիհս և ի պատշաճաւոր տեղիս, և այնպիսի թողեալ գնացին»2:

Ա. Դավրիժեցուց բացի XVII-XVIII դդ. բազմաթիվ ձեռագիր աղբյուրներում խոր ցավով ու կսկիծով է նկարագրված Ջուղայի բռնագաղթը, Արաքսի անցումը։ 1608 թ. ընդօրինակված մի ժողովածուում, օրինակ, կարդում ենք. «...զբնակիչս Ջուղայոյ հանին ի գեղեցկաշէն և ի բազմածախ յարկաց իւրեանց, մեծաւ հառաչանօք, վայ և եղուկ կարդալով։ Անդ էր տեսանել զողբս և զարտասուս նոցա. զի ի յանկարծ և յեղակարծ ժամու եղեն անտուն և անտեղ, անյարկ և անօթևան, աւտար և պանդուխտ, նշդեհ և տնանկ։ Մանաւանդ, զի առաջի աչաց իւրեանց տեսին զբազում ծախիւք շինեալ և զարդարեալ ապարանքն իւրեանց այրեցեալ և հրդեհեալ... Այլ և դասք քահանայից ողբալով ընթանային ի դրունս եկեղեցեաց և տային զհրաժարական ողջոյնն և արտասուօք... ողբային մինչ ի ձայնէ նոցա քարանձաւքն հնչեին և որոտային... Եւ ապայ զինուորացն զամենեսեան ժողովեցին ի յափն Երասխայ, և զի սակաւ էր նաւն ի յանցուցանելն, քեցեցին զամբոխն աշխարհաժողով և ի գետն մղեցին, և սկսաւ ջուրն լինել նոցա գերեզման և յուղարկաւոր...»3։ Իսկ բնիկ երնջակցի Ավգուստինոս Բաջեցին, որը Նախիջևանի եպիսկոպոսն էր և բռնագաղթի ականատեսը, Ջուղայի և Նախիջևանի գյուղերի տեղահանության մասին նշել է, որ Շահ Աբասի զինվորները մտնում էին հայկական գյուղերը ինչպես «կայծակն ի երկնից» և ստիպում էին բնակչությանը անմիջապես գաղթել։ Նրանք թույլ չէին տալիս նույնիսկ դաշտից բերել ապրանքները կամ

_______________________
1. Ա. Դավրիժեցի, նշվ. աշխ., էջ 63։
2. Նույն տեղում, էջ 522։
3. Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1601-1620 թթ.), հտ. Ա, կազմեցին՝ Վ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Եր., 1974, էջ 286։
_______________________

[էջ 15]

վերցնել անհրաժեշտ իրերը. «Թողինք տունն ապրանքով լի, հօտն ի դաշտին, հայրն որդին ուրացաւ, մայրն ի դուստրն ուրացաւ... դուրս արին ամենայն մարդ իւր յերկրէն որպէս նահիր և ինքեան եղեն սրով և նիզակով քշողք... լալն ու հառաչանքն ելաւ մինչև երկինս...»1։

XVII դ. տաղերգու բանաստեղծ Հովհաննես Մակվեցին Ջուղայի տեղահանման ականատեսն է և իր հայտնի «Ողբ Ջուղայու» տաղում Ջուղան համեմատում է Փարիզի հետ և մինչև իսկ «հանցման» (առավել) համարում։ Տաղերգուն մեծ վշտով պատկերում է.

«Ո՞վ կարէ պատմէլ գրով զայս կըսկիծս, որ մեզ հանդիպան,
Որ մեք ի մեր սուրբ տեղացն զըրկեցաք, եղաք անպիտան։

Աստհնւորս է բէբաֆայ. ձեզ վըկայ բերիմ ըզՋուղայ,
Փոխան սաղմոսաց երգոց՝ բու աւերակի ձայն կու գայ։

Աւաղ ըզՋուղայ ասեմ, ըզպարծանքըն Հայոց ազգիս,
Որ հանցման էիր քան ըզՓարէզ Ֆռանգսիսի,

Քանդեալ յոյժ աւերեցար, որ քան զնըմանն է այլ դըժար,
Որ անդ որդիք չըմընաց, այլ ի քեզ և ոչ է մի հաւ։

Ըզգեղեցիկ ճոխ պատկերք, որ խնամով դու զնոսա սընար,
Տարան ըՍպահան քաղաքն, խառնեցին ի պիղծ թաթն որ կայր։

Ես Յովհաննէս Մակուեցի, լալագին տաղիս երգողի,
Ես էի ի մէջ նոցա և աչօք իմովք զայս տեսի»2։

Իսկ XVII դ. մեկ այլ տաղերգու Դավիթ Գեղամեցին, իր ողբում (ըստ Ղ. Ալիշանի «Ողբք ի Ջուղա») մասնավորապես նկարագրել է փարթամ այս քաղաքի ավերակները։ Տաղերգուն մեծ ափսոսանքով է հիշում մեծահարուստ խոջաների, բարեկեցիկ տեղացիների երբեմնի ապարանքները, հուշարձանները Ջուղայի երբեմնի բուռն մշակութային կյանքի խորհրդանիշերը...

«Ջուղա քաղաքն ազնիւ շինած,
Քօշք և սարայքն բարձրացուցած

_______________________
1. Ք. Պատկանյան, Նշխարհ մատենագրութեանց հայոց, Ս. Պետեոբուրգ, 1884, էջ 6։
2. Պ. Խաչատրյան, Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ —ժէ դդ.) եր., 1969, էջ 278 — 279։
_______________________

[էջ 16]

Եւ գոյնըզգոյն ծաղկեցուցած.
Նա հիացումն էր տեսողաց։

Եկեղեցիքն զարդարած,
Բուրվառնին ոսկէջրած.
Ծածկոցներն ոսկէթելած։

Աւետարանքն և սուրբ խաչերն,
Անգին ակամք էր զարդարած,
Սեղանըներն և սրբութիւնն,
Ուրախութիւն էր նայողաց։

Ժամատեղերն խափանեցաւ,
Պաշտօնէից ձայնըն հատաւ,
Լուսն և կանթեղքն խաւարեցաւ,
Պայծառութիւնն աւեր դարձաւ»1:

Ջուղայի բռնագաղթը ազդեցիկ և պատկերավոր է նկարագրել նաև մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը.

«Ետևը սուր, առաջը՝ ջուր.
Սուգ, վայնասուն, իրարանցում,
Բառաչում են մեծ ու պուճուր,
Իրար գրկած՝ գետը լըցվում»2։

Եվ այսպես, մոլեգնած Շահ Աբասը հրի ու սրի միջոցով տեղահան անելով ջուղայեցիներին, իր երկրի տնտեսական շահերից ելնելով, ստեղծում է նոր քաղաք՝ Նոր Ջուղան։ Եվ հայոց պատմագիրների երկերում պատմական Ջուղայի փոխարեն սկսվում է արձանագրվել Նոր Ջուղան, իսկ հին քաղաքի հուշն ու վերքերը պատմության վերածվելով թանձրանում-դաջվում են ժողովրդի մտքում ու սրտում, շրջակա պղնձագույն լեռների լանջերին։ Սպահանի մոտ, Զանդարութ գետի հարավային կողմում գտնվող տարածքի մի մասը ջուղայեցիներին տրվում է որպես արքունական պարգև, իսկ մի մասն էլ, ըստ պայմանի, հայերը պետք է գնեին դրամով։ Նոր քաղաքի կառուցման

_______________________
1. Պ. Խաչատրյան, նշվ. աշխ., էջ 182։ Հայերեն ձեռագրերի ԺԷ դարի հիշատակարաններ (1601-1620 թթ.), հտ. Ա, կազմեցին՝ Վ. Հակոբյան, Ա. Հովհաննիսյան, Եր., 1974, էջ 366։
2. Հովհ. Թումսւնյան, Ընտիր երկեր, Եր., 1978, էջ 142։
_______________________

[էջ 17]

համար ջուղայեցիները,կազմելով քաղաքի գլխավոր հատակագիծը, «ձգեցին մի ուղղագիծ երկայն պողոտա արևելքից դեպի արևմուտք, որի երկարությունն է 3246 քայլ, իսկ լայնությունը՝ 16»1։ Այս գլխավոր պողոտայի շուրջն էլ գետից դեպի հարավ, ձգվում են 10 լայնարձակ փողոցներ, որոնցից յուրաքանչյուրը մի մեծ թաղ է, ուր XVII դ. սկզբներին բնակություն է հաստատում շուրջ 30 հազար բնակիչ2։

Շինարար, ստեղծագործող և առևտրական ջուղայեցիներն այս նոր բնակավայրում մի քանի տարվա ընդմիջումից հետո վերընձյուղում ու շարունակում են Հին Ջուղայի դարավոր մշակույթն ու արվեստը, կենցաղն ու նիստ ու կացը, դարերով ավանդված սովորույթները։ Այստեղ՝ նոր քաղաքում, Հին Ջուղայի շուրջ 30 նշանավոր տոհմերի՝ Լազարյանների, Սաֆրազյանների, Շահրիմանյանների, Էմինյանների, Խալդարյանների, Վելիջանյանների, Սահրատյանների և այլոց սերունդների ու շառավիղների միջոցներով ու անմիջական ղեկավարությամբ ջուղայեցիները, ի հիշատակ իրենց ծննդավայր Ջուղայի հուշարձանների, հիմնում են Ամենափրկչի փառավոր վանքը և 17 այլ եկեղեցիներ, բացում դպրոցներ, կառուցում են բազմաթիվ պալատանման ապարանքներ ու տներ, ստեղծում են հազարավոր գեղազարդ խաչքարեր և այլևայլ հուշարձաններ։ 1647 թ. Հովհաննես վարդապետը այստեղ բացում է տպարան և տպում մի շարք գրքեր։

Ինչպես Հին Ջուղայում, այստեղ էլ ջուղայեցիների կյանքում առաջնակարգ տեղ են գրավում առևտուրն ու շինարվեստը, սերը դեպի հայրենի երկիրն ու մշակույթը։ Ջուղայեցիները, քաջ գիտակցելով մամուլի, տպագիր խոսքի անգնահատելի նշանակությունը, Նոր Ջուղայում և իրենց գլխավոր գաղթօջախներում, հատկապես Մադրասում ու Կալկաթայում, հիմնելով տպարաններ, հրատարակում են մի շարք գրքեր և վերջապես 1794 թ. Մադրասում հրատարակում են հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը»։

Ջուղայեցիները XVII-XVIII դդ. իրենց ձեռքին էին կենտրոնացրել Պարսկաստանի արտաքին առևտուրը և իրենց նախնիների նման եվրոպական մի շարք երկրների հետ ստեղծել առևտրական լայն կապեր։ Նշված ժամանակահատվածում առևտրական էլ ավելի սերտ հարաբերություններ էին ստեղծել Ռուսաստանի հետ։ Նոր Ջուղայի վաճառականները հատկապես մետաքսի արտահանման վերաբերյալ Ռուսաստանի հետ կնքել էին մի քանի արտոնյալ ու ձեռնտու պայմանագրեր։ Ջուղայեցի հայ վաճառականները Ալեքսեյ Միխայլովիչ ցարին սիրաշահելու համար (քրիստոնյաներին ցույց տված հովանավորության պատճառով) 1660 թ. խոջա Ջաքարիա Սահրատյանի միջոցով նրան ընծայում են մի ադամանդակուռ գահ, որը «զուտ ոսկիից՝ ուներ իր վրա 876

_______________________
1. Հ. Տեր-Յովնանեան, Պատմութիւն Նոր Ջուղայու, հտ. Ա, Նոր Ջուղա, 1880, էջ 39։
2. Հ. Հակոբյան, Ուղեգրություններ, հտ. Զ, Եր., 1934, էջ 80։
_______________________

[էջ 18]

մեծ և փոքր ադամանդ, ալ 1239 հակինթ և ընտելուզված էր 3 կարգ մարգարիտներով»1։ Այս գահը, որն այժմ պահպանվում է Կրեմլի զինապալատում և նրա մշտական ցուցանմուշներից է, այն ժամանակ գնահատվել է 24,443 ռուբլի։

Շահ Աբասի ավերումից հետո Ջուղան որոշ ժամանակ մնացել է քարուքանդ և անմարդաբնակ։ Բռնագաղթից հետո տարագրությունից զանազան հանգամանքներով խույս տված և փրկված ջուղայեցիները, ինչպես նաև Նոր Ջուղայից փախած մի քանի ընտանիքներ նորից գալիս-հաստատվում են մոխրակույտերի վերածված հայրենի քաղաքում` սկզբում ապաստանելով քիչ թե շատ կանգուն քաղաքային ծածկած շուկայում, իսկ հետո նորոգում են մի քանի տներ, մասամբ էլ եկեղեցիներն ու վանքերը։ Եվ այսպես վերակենդանանում է Ջուղան։ Ըստ ավանդության այնտեղ վերաբնակեցված ընտանիքների թիվը յոթն է եղել՝ Տեր-Պողոսենց, պարոն Փանոսենց, Խոջա Նազարենց, երեսփոխան Թումոյենց, տանուտեր Ֆրանգուլենց, պարոն Աթանեսենց և խոջա Ծատուրենց տները։

Եվ այսպես երբեմնի փառքն ու հզորությունը կորցրած Ջուղայի հետագա շրջանի գոյության ու գործունեության մասին տեղեկություններ են հաղորդում նրա եկեղեցիների մերձակայքի XVII– XIX դդ. տապանաքարերի համառոտ արձանագրությունները, ինչպես նաև այդտեղ 1620-ական թվականներից սկսած ընդօրինակված մի շարք ձեռագրեր։ 1620 թ. ընդօրինակված «Հարցմունք և պատասխանք ընդ դէմ Ղուրանի» ձեռագրի հիշատակարանը վկայում է. «Գրեալ ի թւին ՌԿԹ (1620), յԱրիստակէս գրչէ, ի գիւղն Ջուղայ, ի դուռն սուրբ Յակոբայ և սուրբ Սարգսի...»2։ 1641 թ. Դիլաքենց Ծատուրը գերի ընկած մի Ավետարան Էրզրումից գնելով նվիրել է Ջուղայի ս. Գևորգ եկեղեցուն, որի մասին ձեռագրի հիշատակարանը վկայում է. «Սուրբ Աւետարանս յիշատակ է Ջուղայեցի Մկրտիչին, ուր որդոյն Դիլաքին, Ծատուրին, մաւր Ումտիանէ, Ծատուրին կողակցին, Մերտատիկին, Մէրփաշէ թվին ՈՂ (1641) Առզռում առի ես Դիլաքենց Ծատուրն տվի խին-Ջուղոյ սբ. Գէորք յեկեղեցին յիշատակ»3։ Իսկ 1645 թ. այստեղ ընդօրինակված մի ձեռագրի գրիչ Մարգար դպիրը նշել է. «Արդ գրեցաւ սուրբ Աւետարանս Յովհաննու ի թվականիս Հայոց ՈՂԴ (1645) ի գրչիս ձեռամբ դպիր Մարգարի, ի գեօղն Ջուղայ. ի խնդրոյ հաւատարիմ քրիստոնեաց Աղէ, որ է որդի Մելիք Աղէ՝ որ ստացաւ զսայ...»4 (ձեռագիրն այժմ գտնվում է Եվրոպայում):

_______________________
1. Հ. Տեր-Յովնանեան, նշվ., աշխ., էջ 167։ Հ. Առաքելեան, Ակնարկ Պարսկաստանի հայերի անցեալի վրայ, «Գեղունի», Վենետիկ, 1904, թիւ 1-10, էջ 18։ «Армяно-русские отношения в XVII веке», том 1, Е. 1953, с. 26-28.
2. Մ. Սմբատյանց, Նկարագիր սուրբ Կարապետի վանից Երնջակայ եւ շրջակայից նորա, Տփխիս, 1904, էջ 145։
3. Ս. Տեր-Ավետիսյան, նշվ. աշխ., էջ 80-81:
4. Մայր ցուցակ հայերէն ձեռագրաց Եւրոպայի մասնաւոր Հավաքումներու , հտ. Ա, կազմեց՝ Արտաւազդ արքեպ. Սիւրմէեան, Փարիզ, 1950, էջ 14, 33։
_______________________

[էջ 19]

1848 թ. Ջուղայում հաստատված բնակչությունը պատմական քաղաքի ավերակներից մի քիչ արևելք՝ Երնջակ գետն Արաքսին միախառնվելու գետաբերանին, երկու կողմերից լեռներով շրջապատված տեղում, Ձորուտ լեռնագագաթի փեշին հիմնում է այժմյան Ջուլֆայի շրջանի Ջուղա գյուղը, որը 1912-1913 թթ. տվյալներով ուներ 1080 բնակիչ1։ 1828 թ. Թուրքմենչայի հաշտության դաշնագրից հետո Ջուղա գյուղը դառնում է Պարսկաստանի և Ռուսաստանի պետական սահմանային բնակատեղի և վերստին, իր դիրքի շնորհիվ, պահպանում հնից եկող իր նշանակությունը և համարվում երկու պետությունների ապրանքաշրջանառության կարևոր կետ։ 1851 թ. նորակառույց գյուղի հյուսիսային թաղամասում կառուցվում է Ջուղա քաղաքի ս. Գևորգ եկեղեցու անունը հավերժացնող մի նոր եկեղեցի՝ ս. Գևորգ անունով։ Վերջինս փայտածածկ ու հասարակ շինություն է, որին կից 1860 թ. Էջմիածնի Սինոդի որոշմամբ բացվել է դպրոց։ 1890 թ. այս դպրոցին կից բացվել է Ջուղայի ընթերցարան-գրադարանը։ Ջուղայի բնակչությունը հիմնականում զբաղվում էր քարհատությամբ և Արաքս գետի վրա կատարում (մինչև 1920 թ.) նավարկություն։ Այս հիմնական զբաղմունքներով էլ սահմանափակվում է Ջուղայի տնտեսական ու քաղաքական գործունեության ոլորտը։

XIX դ. կեսերից հետո Ջուղայի մոտ պետական սահմանային ծառայությունների՝ մաքսատան, կայազորի շենքի, փոստատան և այլնի հիմնման շնորհիվ Ջուղա գյուղից 3 կմ արևելք, Արաքսի ափին առաջանում է մի նոր բնակատեղ և անվանվում է Ջուլֆա, որն էլ այժմյան շրջանի շրջկենտրոնն է (ջուղայեցիները այս Ջուլֆային կոչում էին Կրախտին): 1918-19 թթ. ազգամիջյան կռիվների ժամանակ ջուղայեցիներից համալրված Ջուղայի վաշտը հերոսաբար դիմադրել ու պայքարել է իր հայրենի գյուղը ավերումներից զերծ պահելու համար։ Այնուամենայնիվ 1919 թ. հուլիսին կանոնավոր զինված և 500-ից ավելի մարդուց կազմված բանակի մուտքը դեպի Ջուղա արգելելու համար 32 ջուղայեցիներից կազմված խմբի քաջարի ու անձնուրաց պայքարից հետո Ջուղայի ողջ բնակչությունը ստիպված գաղթում է Թավրիզ։ 1920 թ. հուլիսին, Նախիջևանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, Թավրիզ գաղթած ջուղայեցիները վերադառնում են և հաստատվում իրենց հայրենի գյուղում։

 

Ջուղայի բարբառը, որը պատկանում է «ում» ճյուղին, իր բառային կազմով, շարահյուսության ու հնչյունաբանության, ձևաբանության առանձնակի կամ համակարգային տարբերությամբ հանդերձ, նմանվում է Արարատյան և Ղարաբաղի, իսկ ձայնային դիրքով` Վանա և Մշո բարբառներին: Այն հասկանալի էր Ջուղային մերձակա և Նախիջևանի մի քանի գյուղերի բնակչությանը։ Ջուղայի բարբառով գրի առած մեր

_______________________
1. Աշխարհագրութիւն Հայաստանի, կազմեց Ավետիք Տեր-Հակոբյան, Թիֆլիս, 1914, էջ 53։
_______________________

[էջ 20]

հավաքածուից1 հետևյալ հատվածը պատկերավոր կերպով բնորոշում է այդ բարբառի մի շարք առանձնահատկությունները.

«Այ կուկուր (հորաքույր), հեր չի՞ս գոլըմ մեր ղոլը։ Մըկել օրը զազիս (մայրիկս) լեվ շրեփած (խաշ) էր եփել, ասավ գնա կուկուրին ասա, թո արախին (երեխային) վիկալի գո շրեփած ուտեն։ Ձեր տուն գալու, Լորդանենց շունը խլբակից (բնից) դուրս եկավ իմ քամակից, ես էլ վազելու բրդմիշ (սայթաքեցի) ելամ, ընկամ, հըմի ոտս լանգըմ (կաղում) ա։ Մին էլ ականիմ (նայեմ) տեսնամ օր ընդանց էն քուշնա շեշտի (գիժ, շաշ) Սեփոն ա շունը բրախել, քշըշ տվել իմ վրան և հետո ասում ա բարիմ պնբլոզիմ (բարի ողջույն, իսկ ջուղայեցիների պատասխան ողջույնը՝ շարիմ շնգլոզիմ): Ուզում ամ են շեշտու զազինին տեսնամ, ասիմ օր էն չառլամիշի ջլավը (սանձը) քաշի։

Կուկուր, գազին ասում ա, օր խաբրզակի (սեխի) և արևածաղիկի ու հարակականի խատիճ (կորեկ, կուտ) ունեք, թո մի քիչ տա, էսօր մեր բոստանը տնգելու անք»։

1918—1919 թթ. Թեհրանի դպրոցում աշխատելիս հանճարեղ լեզվաբան Հր. Աճառյանը գրի է առել նաև Ջուղայի բարբառով մի շարք նյութեր, որոնք տեղ են գտել այդ բարբառին նվիրված ուսումնասիրության մեջ։ Դրանց շարքում տեղ է գտել նաև 1910-ական թվականների դեպքերի բերումով Հին Ջուղայից Պարսկաստան գաղթած ջուղայեցի Էլօյի զրույցը, որն էլ ամբողջովին հղում ենք.

«Մին նմույշ Հին-Ջուղայից
(Պատմեց Էլօ)

Խերու չէ, մկել տարի, մենք օր յեկանք կրախտինը, իրեք օր մնացինք կրախտընումը. իրեք օրինց յեդօ մեր կեղականը լսավ օր Նախճվան կռիվ ա. թօփերի ծէնն էլ կոլըմա. տղեք, մենք պտա կնանք կեղականի չորս ղօլը կտրինք, օր չկոն։ Բշէյրվան մին վախտը աղօթարանը պացվում էր, մի վախտ տե՛սանք թվանքնին տխտխկացրան։ Կեղականը խռվտան, վայնասինը ընգավ. մնմնու ասըմ ան հուր կնանք, հուր փախնինք. փախնինք ղզլբաշի խողը։ Փախանք, ղզըլբաշի կրախտընումը մնացինք մին օր. մին օրինցը յետօ մաշինը տեսանք յեկավ, մին ամըրկացի ջահել տղա յեկավ մտավ մեր կեղականի մեջը. մին մին ընգավ ականիլը ընդա լիզուն մենք չինք խասկանըմ. անջախ ձեռնով արավ թէ յեկեք դաբի վագօնը. լցվանք վագօնը յեկանք Թավրեզ. պերան թափան ուսումնարանի հայաթը։ Մեր յեկած օրը յերկու շլակ խաց պերան. մեր կեղականը ասավ՝ խացը ուտե՛լու անք, կուշտանանք. էլ մեզ կտորվիլ չկա. ընդա հեքսը օրը ասավ. էլ խաց չկա. պտա ձեզ փող տանք, մեր կեղականը ասավ. տնէրնիս քանդվավ. մենք փողով չենք ապրի, էլ տու մի ասի, խացի փողն էլ, ջորի փողն էլ, քօշի փողն էլ, չայի փողն էլ տվան»2։

_______________________
1. Հին Ջուղայի բարբառի որոշ մանրամասնությունների մասին տես Հր. Աճառյան, Քննություն Նոր-Ջուղայի բարբառի, Եր., 1940։
2. Հր. Աճառյան, նշվ. աշխ., էջ 391-392։

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Արգամ Այվազյան — «Ջուղա»
«Սովետական գրող» հրատարակչություն, Երևան 1984 թ.

Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյան

Տես նաև
Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice