ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


14. ԻՐԵՔ ԿՆԿԱ ԽԱՍԻԱԹԸ

Էն անխիղճ ու անսիրտ թագավորին աստված պատժում ա, իրեք կնիկ ա տալի, մեկը մեկելիցը բեթար։ Դրանցից ամեն մեկը մի ուրիշ տեսակ խասիաթ ա ունենում. մինը` գող, մինը, հեռ լսողանց, բոզ, էն մինն էլ` իրա ասած, լեզվանիկ, անամոթ, լիրբ ու այասզ։ Խեղճ թագավորը չի կարում ս րանց հախիցը գա։ «Էլ ի՞նչ թագավոր եմ,— ասում ա,— որ կնանիքս ինչ ուզում են, խաղում են գլխիս։ Ժողովրդին հարկերի տակ ճկռացնում եմ, չոքացնում, գլխներին պոպոք եմ ջարդում— ամեն տեղ խոսքս անց ա կենում, ամա էս իմ կնանոնց ձեռին կրակն եմ ընկել»։

Մի օր էս թագավորը գնում ա իրա հողերը ման գալու, տեսնում ա, որ իրա ռանչպարներից մեկը համ իր բանն ա անում, համ էլ հետը՝ հանդի էս ծերին էլ ա պար գալի, էն ծերին էլ։

Չէ՞ որ ամեն մարդ իրա դարդը լաց կլի, էս թագավորն էլ իրա դարդի հետ ընկած, ուզում ա իմանա, թե էս ռանչպարը ի՞նչ տեսակ կնիկ պետք ա ունենա, որ համ հանդի էս ծերին ա պար գալիս, համ էն ծերին։

Դերվիշի շորեր ա հագնում, գալիս էդ ռանչպարի տունը, կնիկը տանն ա լինում, թե.

— Ղոնախ չեք ընդունի՞։

— Ղոնախն աստծունն ա,— ասում ա կնիկը։

Թագավորը սպասում ա մինչև ռանչպարը գալիս ա տուն։ Նոր կնիկը պատրաստություն ա տեսնում։ Էս կնկանը ցորեն հաց թե չի ունենում, ցորեն լեզու ա ունենում։ Գնում ա ջուր ա բերում, էս դերվիշի ոտն ու ձեռը լվանում, հաց ա շինում, հաց տալի, պատվով ճամփու գցում։

Թագավորը գալիս ա իր պալատը, մեկ էլ առավոտը հրամայում ա իրա նազիր-վեզիրին.

— Գնա, էս սհաթիս էն ռանչպարին ու իրա կնկանը բեր ինձ մոտ։

— Թագավորն ո՞վ` ես ո՞վ,— ասում ա ռանչպարը,— ամա ինչ էլ որ լինի, պետք ա գնանք, թագավորի հրաման ա։

Էս ռանչպարը իրա կնկանը վեր ա ունում, նազիր-վեզիրի հետ գալիս կանգնում թագավորի առաջին։

Թագավորն ասում ա.

— Ես իրեք կնիկ ունեմ, դու՝ մինը, իմ իրեք կնիկը տալիս եմ քեզ, դու քու մինը ինձ պետք ա տաս։ Դրանց հետ ես քեզ բոլ-բոլ ոսկի կտամ, որ տանես քեզ համար տներ շինես, քու կնանոնց հետ մարդավարի ապրես։

Ռանչպարը մի քիչ չեմ ու չում ա անում, ամա թագավորի հրամանն ա, ի՞նչ կարա անի, վեր ա ունում էդ թազա իրեք կնկանը, ճամփա ա ընկնում, գալիս ա հասնում մի գետի։ Շորերը հանում ա, որ իրա կնանոնցը անց կացնի։ Առաջ շալակում ա գող կնկանը, գալիս ա կանգնում գետի մեջտեղը։

— Դու ի՞նչ փեշակի ես,— հարցնում ա ռանչպարը,— դուզն ասա, թե քեզանից խելքս բան կտրեց` անց կկացնեմ։

— Էս գլխից քեզ խոստովանեմ,— ասում ա կնիկը,— ես գող եմ. ինչքան ուզում եմ գողությունից ձեռ քաշեմ չեմ կարում։

— Հա՞-ա, չես կարո՞ւմ, վնաս չունի, գողին էլ ա ճար լինում, — ասում ա ռանչպարը, սրան թողում ա գետի էն էրեսին, հիմի գալիս ա շալակում հեռ լսողանց` բոզ կնկանը։

Հենց որ հասնում ա գետի մեջտեղը.

— Քու ցավիդ անունն ի՞նչ ա,— հարցնում ա ռանչպարը։

— Ես,— ասում ա կնիկը,— հեռ լսողանց՝ բոզ եմ, իմ փեշակը՝ բոզությունն ա, ինչքան ուզում եմ էդ բանը չանեմ՝ չեմ կարում, սիրտս ուզում ա։

— Հա՞-ա, չես կարո՞ւմ, սիրտդ ուզու՞մ ա, վնաս չունի, քեզ էլ մի ճար կլինի,— ասում ա ռանչպարը,— ու սրան էլ գետը անց կացնում։ Հիմի հերթը հասնում ա լեզվանիկին։

— Ասա տեսնեմ, դու ի՞նչ պտուղ ես,— գետի մեջտեղը կանգնած հարցնում ա ռանչպարը։

— Դե, որ գողն ու հեռ լսողանց՝ բոզը առանց ամաչելու ասեցին իրենց փեշակը, ես ի՞նչ ունեմ ամաչելու։ Ես մի անմեղ խասիաթի տեր եմ, այասզ եմ, լեզվանիկ, իսկական մկրատ եմ, ինչ որ ասեմ, դու էնպես պետք ա կատարես։

— Հա՞-ա,— ասում ա ռանչպարը,— դե որ դու այասզ ես, մկրատ, քեզ ճար չի լինի,— ասում ա ու էդ կնկանը գցում ա գետը։ Կնիկը էնա խեղդվում ա, ամա իրա խոսքից ետ չի կանգնում։ Ջրիցը հանում ա էրկու մատը, շանց ա տալիս, որ ինքը մկրատ ա, իրա խոսքիցր ետ չի կանգնի։

— Աստված քեզ հետ,— ասում ա ռանչպարը,— գնա, ամա մեղքս գալիս են էս գետի ձկները, ի՞նչ օրը կդնես դու նրանց։

Վեր ա ունում իրա երկու կնկանը՝ գալիս ա տուն, ուստեք ա կանչում, երկու կնկա համար էրկու ջոկ օթախ շինել տալի։

Գող կնկա համար ընենց օթախ, որ էրկու պատուհան ունենա, իսկ, հեռ լսողանց, բոզի համար՝ էրկու դուռ։ Գողը հարցնում ա.

— Այ մարդ, էս պատուհանները ինչի՞ համար ես շինել տվել։

— Նրա համար,— ասում ա մարդը,— որ եփ որ գողություն անես, գողացածդ մի պատուհանիցը մեկելը տանես, ես քու արածը չտեսնեմ։

Հմի էլ, հեռ լսողաց, բոզն ա հարցնում.

— Այ մարդ, էս էրկու դուռը ինչի՞ ես շինել տվել։

Մարդն ասում ա.

— Որ ուրիշ մարդ գա քու մոտ՝ մի դռնովը ընդունես, մեկելովը ճամփու դնես։ Աչքս արածդ տենա ոչ, թե չէ կռիվ-ղալմաղալ կընկնի։

Էս կնանիքը մարդու խոսքերը լսելուց հետո ասում են իրար.

— Հերիք ա, բոլ էլավ, լավն էն ա խելքի գանք, ուրիշ պատվական կնանոնց նման ապրենք մեր պատվական մարդու հետ։

Կնանոնցից մինը տան թադարեքն ա տեսնում, ամեն բան եփում-թափում, մեկելը՝ եզներն ու անասունը տեղավորում, գոմը ավլում, քերում, ջուր տաքացնում, մարդու ոտն ու գլուխը լվանում։

Ռանչպարը, առաջ թե մենակ հանդի էս ծերին ու էն ձերին էր պար գալիս, հիմի հանդի մեջտեղումն էլ ա պար գալիս։

Մի օր թագավորը մտածում ա՝ տենաս էն խեղճ ռանչպարը ի՞նչ օրումն ա էն իմ անիծված կնանոնց ձեռին։ Իրիկունը դերվիշի շորեր ա հագնում, մտնում ա ռանչպարի տուն.

— Ղոնախ չե՞ք ընդունի,— ասում ա։

— Ղոնախն աստծունն ա,— ասում են ռանչպարի կնանիքը, ամա թագավորին չեն ճանաչում։

Ռանչպարն էլ էնա տուն ա դալիս, էս ղերվիշ-թագավորս տեսնում ա, որ կնանիքը դուրս վազեցին, մինը եզներն ու անասունն ա տեղը քշում, մինը մարդին ծառայում, բերում առոք-փառոք թախտին նստացնում։

Հաց ուտելու վախտը դերվիշ-թագավորն ասում ա.

— Ռանչպար ախպեր, լսելով քեզ իրեք կնիկ ես ունեցել, բա հիմի ինչի՞ են էրկուսը։
Ռանչպարը գլխի ա ընկնում, որ սա թագավորն ա, ահ ու դող ընկած ասում ա.

— Թագավորն ապրած կենա, քեզանից թաքցնեմ, աստծուցն ո՞նց թաքցնեմ, էն մի կնիկը լաչառ-լեզվանիկ էր, գցեցի գետը, ջուրը տարավ կորցրեց։

— Շատ լավ ես արել, ռանչպար ախպեր,— ասում ա թագավորը,— էդ տեսակ կնիկը կարող ա մարդուն գժվացնի ու մարդասպան դարձնի։ Շատ լավ ես արել։ Հիմի, ռանչպար ախպեր, արի ծուռը նստենք՝ դուզ խոսենք։ Դու էդ ի՞նչ տեսակ մարդ ես, որ կարեցար իմ գող ու հեռ լսողանց, բոզ կնանոնցը խելքի ու նամուսի բերել։

— Թագավորն ապրած կենա,— ասում ա ռանչպարը,— մեկ, որ խելոք մարդը կնկանը էրես չի տա՝ կնանիքը շատ էրես առած են էլել։ Մեկել, որ ոչ աշխատանքի համ են իմացել, ոչ էլ ջրի պես ծախսած փողի հաշիվն են գիդացել, թագավորական խազինեն ոնց որ քեֆները տվել ա՝ կերել են ու խարջել։ Վրա իրեքն էլ, կասեմ, էն տղամարդը, որ պսակվում ու կնիկ ա տուն բերում, կնկա հետ շատ համբերություն պետք ա ունենա։ Մեր պապերն ասել են. տան մեծի մի աչքը քոռ, մի ականջը՝ խուլ պետք ա լինի։ Հիմի, ես ու դու մեր տան մեծերն ենք. ամեն բան չպետք ա տեսնենք, ամեն բան չպետք ա լսենք։ Կնկա հետ զոռով ու զարբով չեն խոսիլ՝ սիրով ու խաթրով մեկի տեղը տասը անիլ կտաս։ Կնկանը որ հավատաս ու սիրես՝ նա էլ քեզ կսիրի ու հավատարիմ կլինի։

— Խելոք ես ասում, ռանչպար ախպեր, ես հենց գիտեի, որ թագավոր եմ, կհրամայեմ՝ ինձ կսիրեն։ Չէ, սերը սրտից պետք ա լինի։ Պարտական եմ քեզ, որ կնանոնցս խելքի ես բերել, նրանց հետ հիմի ես էլ խելոքացա։ Դե, արի, ռանչպար ախպեր, իմ ապրանքը՝ էրկու կնիկս, ետ տուր ինձ, ես քեզ ետ կտամ քունը։ Վախիլ մի, քու հալալ կաթնակեր կնիկը իմ պալատումը խարաբ չի էլել։

Դե, թագավորի հրամանն ա, կարա՞ս չկատարես, էն րոպեին գլուխդ կֆռռա։ Բա՜։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice