ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


54. ՔՅՈՍԻ, ԹՈՓԱԼԻ ՈԻ ՔՈՌԻ ՊԱՏՄՈԻԹՅՈԻՆԸ

Ժամանակին մի վաճառական կար։ Իրա մեռնելու վախտը կանչեց տղին, ասեց,
— Որդիս, որդե առուտուրի կգնաս՝ գնա, Հալեպ քաղաքը մի գնա։

Հերը մեռավ, տարան թաղեցին։ Տղեն էկավ տուն.

— Այ, մեր,— ասեց,— ես պիտի գնամ Հալեպ քաղաքը։

— Այ որդի,— ասեց մերը,— չէ՞ քո հերը քեզ ասեց Հալեպ քաղաքը չգնաս։

— Ճար չկա,— ասեց տղեն,— պիտի գնամ, չունքի շիմշատ փետը շատ թանկ է ծախվում Հալեպումը։

Տղեն առավ քառասուն ղաթրի բեռ շիմշատ փետ, բարձեց, աստծու անունը տվեց, ընկավ ճամփա։

Գնաց, շատ ու քիչը աստված գիտի, մոտկացավ Հալեպ քաղաքին։ Քաղաքի դարպասները փակ էին, չունքի ուշ էր, մութն ընկել էր։ Էստեղ, քաղաքից դուրս մի խան կար։ Էդ խանիցը դուրս եկան, մոտեցան բեռներին իրեք հոգի, մինը՝ թոփալ, մինը՝ քյոսա, մինն էլ՝ քոռ։

— Ուշացել եք,— ասին,— քաղաքի խաները փակ կլինեն։ Գիշերը մնացեք մեր խանումը, առավոտը կգնաք քաղաք։

Բեռները վեր ածեցին։ Թոփալը մի բեռ շիմշատը տակովն արեց, գողացավ տարավ, կեսը՝ լցրեց օջախը, կեսն էլ դրեց թախտի տակը։ Մտան խանը, հաց կերան, խմեցին, խոսացին։ Քյոսեն ասեց՝

— Խեղճ մարդ, անտեղի էսքան ճանապարհ ա կտրել, էսքան ծախս ա քաշել, մինչի հասցրել ա էստեղ։

— Մեր վառելիքը շիմշատն ա էլի,— վրա բերեց թոփալը,— հրեսիկ օջախն էլ, թախտի տակն էլ դրանով լիքն ա,— ամա,— ասեց,— աստված ողորմած ա, հազարիցը մի հետ էկել ես Էրևանից՝ հասել Հալեպ, մեր քաղաքի համար անպատվություն կլինի, — ասեց,— որ դու դառ ու դատարկ ետ դառնաս։ Հենց էս բադիովը յոթ բարդիա ոսկի կտամ քեզ, քո ծախսդ էլա դուրս գա։

Տղի քեֆը շատ խարաբ էլավ, տեսավ, որ վնասի մեջ ա, ամա էլ ի՞նչ, հո հետը չէր տանելու քառասուն բեռ ապրանքը։

— Ջհանդամը,— ասավ,— գնամ քաղաքն էլա տենամ, թե չէ որ տուն գնացի, չե՞ն ասի թե` գնացիր Հալեպ քաղաքը՝ ի՞նչ տեսար։

Գնաց, մտավ քաղաքը, դես ման էկավ, դեն ման էկավ, վերջը մտավ մի դուքան, տեսավ մի ալևոր առուտուր ա անում։

— Բարի հաջողում,— ասեց։

— Բարով, հազար բարին եկար, ղարիբ ախպեր։ Ո՞րտեղից ես։

— Ես,— ասեց,— Էրեվանցի եմ, Փարպի գեղիցն եմ։

— Բա ի՞նչ գործով ես էկել։

— Էկել եմ,— ասեց,— քաղաքը ման գալու։ Ու բիրդան հարցրեց՝ քեզ շիմշատ փետ կունենա՞ս։

— Ինչքա՞ն։

— Մի տասը փութ,— ասեց,— հինգ փութ։

— Չէ,— ասեց ալևորը,— էստեղ Հալեպումը, հինգ ու տասը փթով շիմշատ չի լինի, որ շատ լինի չորս-հինգ գրվանքա կլինի։ Շատ էլ թանկ ա` մսխալը՝ հինգ մանեթ։

Տղեն էս որ իմանում ա, քիչ ա մնում խելքը կորցնի.

— Ապի,— ասում ա,— բա իմ քառասուն բեռ շիմշատը, հրեն էն խանումը բռնված ա։— Նոր ըստէ մին-մին պատմում ա իրա գլխին էկածը։

— Մի ճար արա,— ասում ա,— ապի, բալքի իմ բեռներս ազատեմ։

— Էդ շատ դժվար ա,— ասում ա ալևորը,— դրանք իրեք ընկեր են Քյոսեն, Թոփալն ու Քոռը, դրանք շատ մարդ են թալաներ էլի թե քեզ կարենա մի ճար անի, կանի էն խանի խոհարարը։

Էրևանցին վռազ էկավ խոհարարի մոտ՝

— Վերև աստված,— ասեց,— ներքև՝ դու։ Ես իմ ձեռը գցել եմ քու փեշը, կամ ձեռս կտրի, կամ փեշդ։

Խոհարարը սրա պատմությունը որ լսեց, մեղքն էկավ, ասեց.

— Էս անիծած Քյոսեն, Թոփալն ու Քոռը մեր Հալեպ քաղաքի անունը խայտառակում են։ Գիշերը կգնաս,— ասեց,— էն մի օթախը, օջախի ծակը բաց կանես՝ ականջ կդնես, ինչ որ պետք ա կիմանաս։

Տղեն գիշերն էկավ, օջախի ծակը բաց արեց, ականջը դեմ տվեց, մին էլ ըհը՛... Թոփալը, Քյոսեն ու Քոռը, գուշակ-գրբացն էլ հետները մտան կողքի օթախը՝

— Գուշակ-գրբաց,— ասին,— Էրևանցին քառասուն բեռ շիշմատ ա բերել, քառասուն բեռին մենք յոթ բադիա ոսկի պիտի տանք։ Քառասուն բեռը ինչքա՞ն ոսկի կբռնի, մենք ինչքան կհարստանանք։

— Նա Էրևանցի ա,— ասեց գուշակ-գրբացը,— դուք որ էդքան գիտեք, նա ձեր ութ չափը կիմանա. բալքի նա ասեց՝ յոթ բադիա ոսկի չեմ ուզում, յոթ բադիա լու եմ ուզում, որդիան կտաք էդքան լուն։

— Այ ձեր տունը շինվի,— ասեցին,— նա էդքան ոնց կմտածի, որ ասի։

Համա էրևանցին ծակովը լսում ա, հա՜։ Առավոտը որ լիսը բացվեց, սա վեր կացավ, գնաց տանուտերի կուշտը՝— ես էսօր,— ասեց,— տասը օր ա էկել եմ, իմ քառասուն բեռը դրանք բանդ են արել, կանչեք, տենանք ի՞նչ են տալի, ես տան ու տեղի տեր եմ, վեր կենամ գնամ։

Տանուտերը կանչեց Քյոսին ու Թոփալին՝

— Էս մարդին,— ասեց,— ինչ որ տալու եք, խի՞ չեք տալի, որ գնա։

— Յոթը բադիա ոսկի,— ասին,— պարտական ենք դրան տալու։ Հրեսիկ՝ տանք։
Էրևանցին էստեղ շուռ էկավ, թե՝

— Ես փողի ու ոսկու կարոտ չեմ։ Ես հազարավոր ոչխար ու տավար ունեմ։ Ամա չոբաններս քնով են ընկնում, ապրանքս ծնելու վախտը վնասվում ա։ Յոթը բադիա ոսկու տեղակ, թող ինձ տան յոթ բադիա լու, որ չոբաններս էլ չքնեն։ Չորսը էգ, իրեքը որձ։

Հալեպ քաղաքի տանուտերը շատ արդար, համ էլ շատ խելոք մարդ էր.

— Իրավունք ունի,— ասեց,— էրևանցին, իրա ապրանքն ա, կուզի ոսկու կտա, կուզի՝ լվի։ Իմացած կամ,— ասեց,— Ապարան անունով մի գեղ կա, էնտեղ ի՞նչն ա շատից շատ՝ լուն, տները լվերով լիքն են։ Բռնեք բերեք, էս պատվական մարդու ուզած հախը տվեք՝ ձեր ապրանքը տարեք։

Հալեպի տանուտերի խոսքը՝ խոսք էր։ Ո՞վ կարեր, «չէ» ասի, տեղնուտեղը գլուխը կթռցներ։

Էդ իրեք ընկերները ի՞նչ անեին։ Գնացին հասան Ապարան, տեսան որ դրուստ՝ ի՞նչն ա շատ՝ լուն։ Լվերի ձեռիցը՝ ճար ու իլլաջ չկա։ Գիշերը մինչև լուս քուն չի գալի սրանց աչքին, (չունքի անսովոր են լվակծուկի)։ Տո, անքուն մնալը ջահանդամը՝ սրանք նոր իմացան, որ լու բռնիլը ամեն մարդու հունար չի։

Էդ զահուրմար լվի մի հատը մինչի բռնում դնում էին բադիյի մեջը, որ տենան ո՞րձ ա, թե՝ էգ, էն մեկելը բադյի միջիցը դուրս էր թռչում։

Հալից ընկան էս խեղճերը, լվոտվեցին, ջանները քոր ու քոս ընկավ, տեսան, որ բան չի դառնում՝ քոռ ու փոշման ետ դառան Հալեպ քաղաքը։ ... Ըստեղ ես, մինչի նրանք Հալեպու քաղաքը կհասնեն՝ էրևանցու գլխի էկածը մի կողմ թողած, մի էրկու խոսք եմ ուզում ասեմ Ապարանու մասին։

Այո, դրուստ ա՝ կարելի ա որ, հին ժամանակ Ապարանում լուն շատ լիներ էլած, ու էդ պատճառով հեքիաթասանի բերանն ա ընկել, համա հիմի լուն ո՞վ ա ավել էնտեղ։ Հենց ես ինքս քանի անգամ էլած կամ Սպիտակի գեղարենքումը, քանի անգամ անուշ-անուշ խռմփացել եմ իմ լավ բարեկամների տներումը Ապարանու էն զով, լիսն յակ գիշերներին։

Չէ՞, մի օր հոգի ունեմ տալու, ես ո՞նց ասեմ թե Ապարանում լու տեսել եմ՝ տեսած չկամ։

Թե որ էսպես առաջանանք, շատ կարելի ա, որ էսօր-էգուց մեր գեղերումը լվի քոքը էնպես կտրվի, որ էրեխեքը մենակ գրքի միջի նկարներով ճանաչեն, թե լուն ի՞նչ տեսակ ջանավար ա։

Հիմի ետ դառնանք Հալեպ քաղաքը։ Թոփալը, Քյոսեն ու Քոռը հասան էստեղ, ասին՝ ոնց լինի մենք էդ էրևանցու հախիցը պետք ա գանք։

Սրանք մի մարդ գտան, լավ փող տվին ձեռը, ասին՝

— Էդ էրևանցին ինչ տեղ գնա հաց ուտելու, դու էլ կմտնես էնտեղ, ինչ որ նա կուզի, դու էլ կուզես, կնստեք, կխմեք, կուտեք, մասլահաթ կանեք, վերջը դրա մտքինը կիմանաս, կգաս մեզ կասես։

Գլխներդ էլ ինչ սավառնեմ, էն մարդը հացի ա նստում էրևանցու հետ ու նրա ամենայն հանգամանքը իմանում, գալիս տեղեկացնում են իրեքին։

Էգսի օրը, քուչումը, Քոռը էրևանցու առաջը կտրեց՝

— Վայ, բարո՛վ, բարով,— ասեց,— Մարտիրոս ջան— Հերդ, մերդ ո՞նց են, էն ֆլան հարևա՞նը, էն մեկել ազգակա՞նը։ Գոհություն աստծո,— ասեց,— ոնց որ փափագով ուզում էի քեզ տենայի, հիմի տեսա։ Ախր քեզնից առնելիք ունեմ, Մարտիրոս ջան։ Էն վախտը, որ ես ձեր տանը նոքար էի, դու նոր էլար մորիցդ, աչքիդ մինն էլ փուչ էր, ես իմ մի աչքը հանեցի, դրի քո աչքի տեղը։ Հիմի, Մարտիրոս ջան, իմ աչքը ետ եմ ուզում, հանի տուր ինձ։

Էս ի՞նչ ա ասում, ո՞նց թե տուր ինձ։

Էլ ի՞նչ ասեմ, բանը հասավ դիվանի։. Տանուտերը ասեց,

— Ախպեր, ո՞վ կհասկանա էս վաճառականների բանը, ինչ ասես կառ՛նեն ու կծախեն։

Կանչեց էրևանցուն.

— Էս մարդը,— ասեց,— ասում ա՝ քո աչքի մեկը սրանն ա, հիմի ուզում ա, ի՞նչ ես ասում։

Էրևանցին էստեղ մի օր ժամանակ խնդրեց։ Գիշերը մտավ էլ ետ էն օթախը, օջախի ծակը բաց արեց, ականջը դեմ տվեց, ըհը՜, իրեքն էլ գուշակ-գրբացին խոսացրին։

— Էրևանցին,— ասեց Քոռը,— Թոփալի ձեռիցը պրծավ, Քյոսի ձեռիցը պրծավ, տենանք իմ ձեռիցը ո՞նց ա պրծնելու։

— Նա էրևանցի ա,— ասեց գուշակ-գրբացը,— դուք նրա հետ չեք կարա։

— Էլ նա ի՞նչ կարա անի,— ասաց Քոռը,— որ իմացավ, թե աչքը պիտի հանեն, կթողա, կփախչի։

— Խի՞ ա փախչում,— ասեց,— գուշակ-գրբացը,— կասի, «Շատ լավ, իմ մի աչքն էլ հանեք, Քոռի էն մի աչքն էլ հանեք, դրեք կշեռքը՝ կշռեք, թե որ բարեբար լինի, տվեք նրան։

Էգսի օրը, էրևանցին հենց էտենց էլ ասեց Հալեպի տանուտերին.

— Բերեք,— ասեց,— իմ աչքն էլ հանեք, Քոռի էն մի աչքն էլ, դնենք մի կշեռքի, կշռենք, թե որ բարեբար էլավ, նրանն ա, տվեք նրան։

Քոռը էս որ լսեց, վեր կալավ Թոփալին ու Քյոսին ու էն գնալն էր, որ գնաց, մինչև հիմի էլ էրևանցու անունը որ լսում են՝ իրեքն էլ դող են ընկնում։

Նոր էստեղ էրևանցին շիմշատի բեռները ծախում ա իսկական գնովը։ Մի բեռն էլ փեշքաշ ա տալի խոհարարին։ Դե, առանց նրա խրատի, ո՞նց կարեր հաղթի էն իրեքին, ճամփա ա ընկնում դեպի Էրևան։

...Մինչև Մարտիրոսի Էրևան հասնելը, մի վկայություն էլ տամ էրեվանցիներին։ Ձեր լսածը ճշմարիտ պատմություն ա։ Ես էլ եմ տեսած Հալեպ քաղաքը, մի զարմանալի քաղաք ա, մեջը լիքը ամեն տեսակի մարդկերանցով։ Դե, մեծ քաղաքի օրենքն ա՝ լավն էլ կպատահի, վատն էլ։ Յանի մեր Էրևանումը չկա՞ն Քյոսա, Թոփալ ու Քոռ, որ լավ մտիկ անենք, կտեսնենք։

* * *

— Ալևոր,— ասեց տատս, — դու իրեք Հալեպցուց ագահության մասին պատմեցիր, արի սրանց թողնենք Հալեպում, ես ձեզ բերեմ հասցնեմ Մսրա Մելիքի թագավորությունը։

— Ասա, Հերիքնազ, ասա, դու ասա, ես մի քիչ դինջանամ։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice