«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
16. ԽԵԼՔ ԾԱԽՈՂԻ ՀԵՔԻԱԹԸ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Օրվա մի օրը, էս թագավորը դուրս ա գալիս ման գալու իր քաղաքումը, որ տեսնի, թե ինչ կա, ինչ չկա։ Մին էլ տեսնում ա, որ հրես, մի դուքանի ճակատին գրած ա՝ «Խելք եմ ծախու՜մ»։ Խելքը կծախվի՞։ Մտնում ա նեքսև:
— Այ դուքանչի,— ասում ա,— ղորթ որ խելք ե՞ս ծախում։
Թե՝
— Հա, թագավորն ապրած կենա, խելք եմ ծախում։
— Բա, ի՞նչ արժի։
Թե՝
— Հիսուն ոսկի։
— Առ քեզ հիսուն ոսկի,— ասում ա թագավորը,— դե տուր, տենամ, խելքը։
— Գնա,— ասում ա դուքանչին,— էգուց կգաս կտանես ապրանքդ։
Մեկել օրը թագավորը գալիս ա, որ իր առած ապրանքը տանի, դուքանչին ասում ա.
«Ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։
Թագավորը տեսնում ա, որ խաբվել ա, մի կուշտ ծիծաղում ա, թողնում ա գնում իրա պալատը։ Որ միտն ա ընկնում իր առած ապրանք-խելքը, թե՝ «ինչ որ անելու ես՝ մտածելով արա», տեսնում ա, որ իր առածը խելոք խելք ա։
Էդ օրվանից էս թագավորը սովորություն ա անում՝ նստեր, թե վեր կենար, ուտեր, թե խմեր՝ կասեր ու կծիծաղեր. «Ինչ որ անելու ես՝ մտածելով արա»։
Հմի սրան էստե թողենք, գանք խաբար տանք ումնի՞ց։ Գանք խաբարը տանք թագավորի կնկանիցը։ Արի տես, որ էս թագավորի կնիկը հարամ կաթնակեր ա լինում։ Դառնում ա վեզրի սիրեկանը։ Արանք խոսքը մեկ են անում՝ դալլաքին կաշառում են, որ թրաշվելու ժամանակը դալլաքը ածիլովը տա, թագավորի վիզը կտրի, վեզիրը դառնա թագավոր։
Թրաշվելու օրը դալլաքը գալիս ա, որ թագավորին թրաշի։ Թագավորի կնիկն ու վեզիրն էլ տապ են կենում փարդի ետևը, որ ինչ ա թագավորի վիզը կտրելու պահին նրան կորցնեն, վեզիրը տեղնուտեղը նստի թախտին՝ լինի թագավոր։
Դալլաքը ձեռն ա առնում ածելին, որ մոտենում ա թագավորին, թագավորը միամիտ, իր սիրած խոսքն ասում ա ու ծիծաղում. «Ինչ որ անելու ես, մտածելով արա»։
Էստեղ, դալլաքը ընկնում ա թագավորի ոտները, ձեն տալի.
— Ես մեղավոր չեմ։ Քու կնիկն ու վեզիրն են էդ խորհուրդը արել։ Ես մեղավոր չեմ, ես մեղավոր չեմ։
Թագավորի մարդիկը վրա են հասնում, բռնում են դալլաքին, թե՝ ի՞նչ ես ասում, ո՞վ ա մեղավոր՝, փարդեն ետ են քաշում, ի՞նչ տենան՝ հրեսիկ թագավորի կնիկը ու վեզիրը էնտեղ տապ կացած։
Գլխներդ էլ ի՞նչ ցավացնեմ՝ քննություն են անում, տեսնում են, թե ո՞վ ա խառը էս գործին, ո՞վ ա մեղավոր, էն րոպեին սրանց գլխները կտրում են։
Նոր էստեղ թագավորը վեր ա կենում, գնում խելք ծախողի մոտ, մի հարիր ոսկի էլ նորից ա տալիս՝
— Ղորթ որ,— ասում ա,— այ մարդ, խելք ես ծախում։ Քո ծախած խելքը շատ մարդու կօգնի, շատ մարդ կփրկվի: Թող մարդիկը սովորեն ու մտներին լավ պահեն քու խոսքերը՝ բան անելուց առաջ մտածիր՝ նոր արա։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |