«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
44. ԿՆՁՄՆՁՈՒԿԸ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Իմ ջահել վախտը, մեր կողմերում մի տերտեր կար, հայ գիդի, հա՜... անումը մտքիցս ընկել ա... ինչ որիս ա, սա մի շատ ջահել ու սիրուն կնիկ ուներ, ու շատ էլ խանդոտ էր էս տերտերը։
Գլխին շատ խելք չուներ, ամա էնքան հասկանում էր, որ ինքը՝ տարիքավոր մարդ, կնիկը՝ ջահել ու սիրուն, մին էլ տեսար, մի սիրեկան ճարեց իրա համար։
Տերտերը էդ ահը սրտումը, ինչ ասես ինքն էր անում՝ ջուրը, հացը, էլ ի՞նչ ասեմ, տան ամեն բանը ինքն էր տանում-բերում, շինում-թափում։ Չէր թողնի, որ իրա տունը մտնի ծանոթ յա հարևան, ղոնաղ յա բարեկամ։
Դե, պարզ ա էլի, ի՞նչ կլիներ էդ խեղճ ջահել կնկա հալը՝ տարիքոտ ու խանդոտ տերտերը կողքին, տունը՝ շեն, ամա ինքը միջին բռնավորի պես փակված...
Մի օր էլ գեղամիջում հավաքված մի դաստա օյինբազ ջահել տղեք մարջ են գալի, թե՝ ղոչաղը նա յա, ով որ կարենա տերտերի տունը ղոնաղ ընկնի, նրա սիրուն կնկանը տեսնի, խանդոտ տերտերի գլխին օյին խաղա։
Էս տղերանցից մեկը մարջ ա բռնում՝ թե ես կանեմ։
Էգսի օրը, էս տղեն կերուխումի լավ թադարեք ա տեսնում, խուրջինը լցնում, ուսը գցում, մռութը վրա կոխած, գալիս տերտերի դուռը ծեծում։
Էդ իրիկուն էլ, երկինքը թխպոտած, մի փիս էլ շաղ ա վեր գալիս։
Տերտերը քրթմնջալով դուրս ա գալիս տանից, դուռը բաց ա անում, թե
— Էդ ո՞վ ես, ի՞նչ ես ուզում։
— Տեր հայր,— ասում ա տղեն,— ղարիբ մարդ եմ, հեռու տեղից եմ գալի, բեզարած-ջարդված եմ՝ թող դարպասի հետևին նստեմ դինջանամ, մին չի տենամ գլուխս ի՞նչ ա գալի։
— Այ տղա,— ասում ա տերտերը,— էսքան տարի ես մի ղոնախ էլա պահած չեմ իմ տանը։ Էգուց խալխն իմացան, ի՞նչ կասեն։
— Տեր հայր,— ասում ա տղեն,— քեզ մատաղ, բա էս կես գիշերին, էս բուք ու անձրևին, ես ո՞ւր գնամ։ Բա աստված չունե՞ս դու։ Թող գամ դարպասի հետևը նստեմ, որ գոնյա գյուլլի ու գազանի փայ չդառնամ։ Լուսը բացվի, նոր վեր կենամ՝ գնամ։
Տերտերը տեսնում ա ճար չկա, ասում ա.
— Դե արի, դարպասի հետևը նստի։
Ւնքը տուն ա մտնում, թե
— Այ կնիկ, բա չես ասիլ, մեզ ղոնախ ա էկել, հրեն դարպասի մոտ նստած։
— Ա տեր,— ասում ա կնիկը,— էսքան տարի մենք ղոնախի էրես չենք տեսել, հիմի նոր ղոնախ ես բերել, թողել դարպասի մոտ, անձրևի տակ։ Բա դու խիղճ ու ամոթ չունե՞ս, բա դու աստված չո՞ւնես, իմացողը ի՞նչ կասի։
— Դե լավ, լավ,— ասում ա տերտերը,— հերիք ա լեզվիդ տաս, գնամ բերեմ, թող... հաշտումը նստի։
Գալիս ա տղին թե.
— Այ ղոնախ, արի հաշտումը նստի, չթրջվես։
— Տեր հայր,— ասում ա տղեն,— նեղություն մի քաշի, էհ՜, էստեղ էլ յոլա կգնամ։
Ամա տերտերը, որ զոռում ա, տղեն վեր ա կենում, մտնում դրանց հաշտը։
Տերտերն ու տերտերակինը նստում են հացի, տերտերակինն ասում ա.
— Ա տեր, էն տղին բերել ես թողել հաշտումը, բա դու հայ-քրիստոնյա չե՞ս։ Թող գա, մեզ հետ հաց ուտի, էլի գնա մնա հաշտումը։
Տերտերը գալիս ա, որ տղին տուն տանի, տղեն թե.
— Ի՞նչ նեղություն եք քաշում, տեր հայր, բան չկա, ես էստեղ մի հանգի յոլա կգնամ։
— Չէ,— ասում ա տերտերը,— վեր կաց գնանք, հրեն տիրուհին չարանում ա վրես։
Տղի ուզածն էլ ի՞նչ ա։
Բերում ա, խուրջինը բաց անում՝ էլ միս, էլ հավ, էլ գաթա, էլ կաթնահունց, էլ արաղ, էլ գինի։ Նստում մի լավ քեֆ են անում՝ պրծնում, մինչև կես գիշեր զրից ու մասլահաթ անում, նոր վեր կենում քնում։
Գիշերը էս տղեն վեր ա կենում, կժի միջի ջուրը վեր ածում դռանը, հետո սկսում հազալ, զկռտալ, տնքալ։
— Էդ ի՞նչ ա եղել, այ ղոնախ,— հարցնում ա տերտերը։
— Ոչինչ, տեր հայր,— ասում ա տղեն,— նեղություն մի քաշի, շատ ծարաված եմ, ուզեցի, թե ջուր խմեմ, էն էլ իմ քոռ բախտիցը կժումը ջուր չկա։ Ինչ արած մի հանգի կդիմանամ։
— Չէ, օրշնյալ,— ասում ա տերտերը,— ծարավ հո չե՞ս մեռնելու, կուժն առնեմ, էթամ ջրի: Դարպասի դուռը կողպի, որ ետ գամ, քեզ ձեն կտամ, կգաս, բաց կանես։ Ամա, օրշնյալ, անունդ ասա՝ ի՞նչ անուն ձեն տամ։
— Տեր հայր,— ասում ա տղեն,— անունս համ դժվար ա, համ էլ լավը չի։ Ես որ ծնվել եմ, տատմերս ասել ա՝ էս ի՞նչ ղաշանգ բալա յա, ասես նոր ծլած կնձմնձուկ լինի։ Էդ անունով էլ կնքել են ինձ։ Ասում ա ու մտածում, թե տղերքը ինչքան են ծիծաղելու, որ լսեն էդ կանաչեղենի անունը։
Տերտերը կուժն առած, վռազ գնում ա ջրի, ետ գալի՝ դարպասի դուռը կողպած, ղոնախի անունն էլ, թարսի նման մտահան ա արել։ Այ քեզ խաթա։ ճարը կտրած դուռը ծեծում ա ու ձեն տալիս՝
— Ղոնախ, ղոնախ, դուռը բաց արա։
Տղեն օթախիցը ձեն ա տալիս՝
— Տո, քու ղոնախի հերն էլ, քու հերն էլ, շան տղա, էս կես գիշերին ի՞նչ ես էկել քունս հարամ անում։
— Մեղա աստծու,— մտածում ա տերտերը,— շաղվել եմ, համ մութ ա, համ էլ թունդ էր էն զահրումար արաղը, գլուխս ա ընկել, ուրիշի դուռն եմ ընկել։
Սրա-նրա դուռն ու դարպասը ծեծելով ման ա գալի, մարդկանց զարթնացնում, հետն էլ լավ ուշունց ուտում։
— Էսա լիսանում ա,— մտածում ա տերտերը,— ինձ որ մարդ տեսնի, կուժը ձեռիս ճամփին կանգնած, ի՞նչ կասի։ Գնամ մեր դարբնի մոտ, բանիմաց մարդ ա, բալի էն ղոնախի, ոտը կոտրեր մեր տունր չգար, անունն իմանա՞։
— Ա տեր,— ասում ա դարբինը,— խեր լինի ի՞նչ ա պատահել, էս վախտի կուժը ձեռիդ, ի՞նչ բանի ես։
— Մի ղալաթ եմ արել, ախպեր,— ասում ա տերտերը,— էսքան տարի, կնկանս պատճառով, տանս ղոնախ չեմ պահել։ Էս իրիկուն մեկը դուռս թակեց։ Սատանեն մտավ դամարս՝ մեղքս էկավ, տուն տարա, մնաց կնկանս հետ, ես գնացի ջրի, որ ետ էկա, դուռը փակ, ղոնախի անունն էլ մտահան եմ արել, թե ձեն տամ՝ դուռը բաց անի։ Հիմի էկել եմ, որ դու անունն ասես։
— Ա տեր,— ասում ա դարբինը,— բա ես ի՞նչ իմանամ քու ղոնախի անունը։
— Բան չկա,— ասում ա տերտերը,— դու ինչ կանաչեղենի անուն գիտես ասա, ես գիտեմ որն ա։
— Դե, ի՞նչ ասեմ,— ասում ա դարբինը,— կանաչեղենը էս ա էլի՝ քինձը, կոտեմը, ռեհանը, թարխունը, ավելուկը, բանջարը, էլ ո՞րն ասեմ՝ կնձմնձուկը...
—- Հա՜, հենց էդ ա որ կա, օղորմի հորդ։
Վռազ գալիս ա, դարպասի դուռը թակում, ձեն տալի.
— Կնձմնձուկ, բաց արա։
Էս տղեն, իրա գործը պրծած, դուռը բաց ա անում, տերտերի ձեռիցը կուժն առնում, տուն բերում, հետո թե`
— Դե, տեր հայր, շատ շնորհակալ եմ, ես գնամ։
— Շատ էլ լավ կանես, օրհնյալ, բարի ճանապարհ, ամա խնդրում եմ՝ օչովի չասես, որ տերտերի տանը ղոնախ ես էլել։
Դե էլ ի՞նչ երկարացնեմ։
Էս տղեն գալիս ա, հնգերտանցը ամեն ինչ պատմում։
— Թե չեք հավատում, գնացեք դարբնին հարցրեք։
Դարբինն էլ սրանց մարջ գալու խաբարը իմացած ա լինում։ Նորից մի բոլ քահ-քահ ծիծաղում են, հետո նստում մի լավ քեֆ անում, վերջն էլ տերտերի գլխին էկածը աշխարքով մեկ անում, տերտերին խայտառակում։
* * *
Դուք տերտերներիցը պատմեցիք, հիմի ես պատմեմ մեր գեղի գժերիցը։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |