«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
8. ՄԻԱՄԻՏ ԳԵՂՑՈԻ ԽԵԼՈՔ ԱՂՋԻԿԸ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Հին ժամանակով Լոռու գեղերից մնում ապրում էր մի պառավ մարդ։ (Ասենք թե էդ գեղը հենց հայի Գյառ-Գյառն էր)։ Նա ուներ էրկու աղջիկ։ Մինը մարդու էր տվել Փամբակում, մինն էլ տանն էր։ Էդ տան աղջիկը շատ խելոք էր, տնարար ու շատ էլ սիրուն։ Խելքով ու շնորհքով սաղ գեղումը գովական էր։ Էնպես շնորհքով ձեռք ուներ, էնպես սուր միտք, որ ամենքը ասում էին, թե նրա շնորհքը տվովի ա, աստվածատուր ա, թե նա իմաստուն ա ու հնարագետ։ Մի օր աղջիկը ասավ հորը.
— Ապի, գնա տես մեծ քիրս, փեսեն, էրեխեքը ո՞նց են ու խաբարը բեր։
Ալևորը վեր կացավ, գնաց Փամբակ, մի քանի օր մեծ աղջկա մոտ կացավ ու ետ էկավ։ Ճամփին նրան ռաստ էկան էրկու ջահել տղա։ Երբ հասան Փամբակա ջրին, նրանցից մինը ասավ.
— Հայրիկ, ջրի վրա կարմունջ չկա, արի մինս ու մինս կարմունջ դառնանք, մեկելներն էլ վրովն անց կենան։
Ալևորը զարմացավ, ասեց.
— Այ որդի, ոնց որ տեսնում եմ, դու֊ք խելոք տղերք եք, ամա հիմի էնպիսի սարսաղ բան եք ասում, էդ ո՞նց կլինի։ Մի մարդ կարա՞ էս ջրի վրա կարմունջ դառնա։
Էդ տղերքն էլ բան չասին: Չիմն էլ բոբիկացան ու ջուրն անց կացան։ Երբ որ հասան Դվալա սարին, նրանցից մինն ասավ.
— Հայրիկ, էս սարը շատ բարձրն ա։ Մենք մինչև սարի գլուխ հասնիլը շատ կբեզարենք։ Արի մինս ու մինս նարդիվան դառնանք, մեկելներս էլ վրովը բարձրանանք սարը։
— Այ որդի,— ասավ ալևորը,— Էլի մի սարսաղ բան ասեցիր, մի մարդ կարա էս եքա սարին նարդիվան լինի՞։
Անծանոթ տղերքը էլ բան չասացին, բարձրացան Դվալա սարը. էդ սարի գլխից Լոռին ոտքիդ տակին ա, թամաշ արին, ի՞նչ տեսան. սար ու ձոր ալ ու ալվան ծաղիկի մեջ կորած, դեզերն էլ կանաչ արտերով, անդ ու անտառով զուգված զարդարված։ Չորս կողմը սարեր, կլոր պար բռնած, մեջտեղը ձորեր՝ խոր ու ահռելի, աջ ու ձախ կտրած։
Դվեր եկան Դվալա սարից։ Մայիս ամիսն է, արտերն եկել, հասկեր էին քշել ու ցնծին էին տալիս։ Մի լավ արտի կշտով անց կենալիս էդ տղերանցից մինն ասավ.
— Հայրիկ, յարաբ էս արտի տերը սրա ցորենը կանանչ ա կերել, թե պտի հնձի, կալսի ու հետո ուտի։
Ալևորը զարմացավ, ասավ.
— Այ որդի, էլի մի սարսաղ բան ասեցիր, ախար արտը կանանչուց կուտվի՞։ Մին չի որ չհասնի, չհնձեն, չկալսեն, չչորացնեն ու տանեն ջաղացումը աղան, եդնա հաց անեն, ո՞նց կարան ուտեն։
Տղերքն էլի սուս կացան։
Երբ հասան գեղը, մութն ընկել էր, նրանք հալիվորին հարցրին.— էս գեղումը ո՞վ կա, որ մեզ ղոնախ ընդունի։
— Գնացեք,— ասավ,— Խամցոնց տունը, նրանք գյուռ օջախ են ու ղոնախասեր։
Էն տղերքը գնացին՝ Խամցոնց, ալևորն էլ էկավ իրա տուն։ Աղջիկը հարցրեց.
— Ապի, քիրս ո՞նց էր, էրեխեքը, մեր փեսեն ո՞նց էին։
— Շատ լավ էին բալա ջան, քեզ ու հարցնողանցը շատ բարով էին անում:
— Է, լավ, ապի, գնացիր աշխարհ ման էկար, էլ ուրիշ ի՞նչ տեսար, ի՞նչ իմացար, պատմի տենանք։
— Ի՞նչ պետք է անեի, այ բալա, աշխարք ա էլի, ով ունի՞ ուտում ա, խմում, քեֆ անում։ Ով չունի՝ վայ ա տալի իր սև օրը, արին քրտինք ա անում, որ մի կտոր չոր հաց ունենա։ Հա, էսօր ճամփին ինձ ընկերացան էրկու ջահել տղա, ամա խոսելիս մի էրկու սարսաղ բան ասին։
Ու ալևորը պատմեց կարմունջի բանը։ Աղջիկը ասավ,— Ապի, դու շատ միամիտն ես, նրանք քեզ կապանք են ասել, դու գլխի չես ընկել։ Դու նրանց սարսաղ ես ասել, ամա նրանք սարսաղ չեն։
— Բա ո՞նց որդի, մի մարդ կարա՞ եքա ջրին կարմունջ դառնա։
— Է, ապի, երբ նա ընենց ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, չեմ կարող կարմունջ դառնալ, մինդ ու մինդ կարմունջ դառեք, ես էլ վրովն անց կենամ»։ Էն վախտը նրանցից մինը կբոբիկանար, քեզ կշալակեր, ջուրն անց կկտցներ. նա կդառնար քեզ համար կարմունջ։
— Ղորթ որ է,— գլխի ընկավ ալևորը,— էդ լավ, ասենք, ամա մի մարդ կարա՞ Դվալա սարին նարդիվան դառնա՞։
Ու պատմեց նարդիվանի բանը։
— Է, ապի,— ասավ աղջիկը,— էլի գլխի չես ընկել։ Երբ նա էդպես ասավ, դուն էլ կասեիր. «Ես ծեր եմ, որդի, կարալ չեմ նարդիվան դառնալ, մինդ ու մինդ նարդիվան դառեք, ես էլ վրովը բարձրանամ սարը»։ Էն վախտը նրանցից մինը կսկսեր մի լավ հեքիաթ, յա մի պատմություն, դուն էլ ականջ կանեիր ու սարը հենց կբարձրանայիր, որ չէիր իմանալ, թե ոնց բարձրացար։ Էդ կդառնար քեզ համար նարդիվան։
— Ղորթ որ է,— ասավ հալիվորը,— էդ էլ ես լավ ասում։ Լավ, էդ ասենք էդպես։ Ամա արտը կանանչունց կուտվի՞։
— Է, ապի, ապի,— ասաց աղջիկը,— էս հասարակ կապանքն էլ չես գլխի ընկել։ Ախար մի մարդ երբ պարտքով ա վարում, ցանում, որ հնձի, կալսի, պարտքատերը կգա, կտանի, ուրեմն, նա արտը կանանչուց ա կերել։ Իսկ էն մարդը, որ իրա աշխատանքով ա վարել ու ցանել, նա, իհարկե, որ հնձի, կալսի՝ ամբարը կլցնի ու ինքը կուտի։ Բա էն տղերքը ի՞նչ էլան, ապի,— հարցրեց աղջիկը։
— Գնացին Խամցոնց տուն, բալա։
— Էհ, ապի, էստեղ էլ կացինը քարովն ես տվել։ Ախար նրանք ի՞նչ կմտածեին։ Չէին ասի՞լ էս մարդուն իսկի հասկացողություն չուներ։ Սաղ օրը նրանց հետ ճամփա ես էկել։ Անծանոթ մարդիկ քեզ հետ էկել են քու գեղը։ Բա դու տուն չունեի՞ր, մի կտոր հաց չունեի՞ր, մի էրկու տեղաշոր չունեի՞ր, որ քու ճամփի ընկերներին համեցեք էիր արել քու տունը, քան թե վեր ես ունում՝ ղրկում ուրիշներին։ Որ էդ բանը իմանան, մենք ծիծաղատեղ կդառնանք մարդկանց աչքին։
Ու աղջիկը ձեռաց մի եղալի կլոր գաթա թխեց, տասներկու հատ էլ ձու էփեց, բոխչումը կապեց ու ասավ.— Ապի, էս տար էն տղերանցը տուր, ասա. աղջիկս նեղացավ, որ ձեզ իմ տունը չեմ կանչել, հիմի ձեզ համար էս ղրկել ա, անուշ արեք։
Ալևորը բոխչեն վեկալավ գնաց, ամա միտն էկավ, որ բան չի կերել՝ սոված ա, մի ձուն կլպեց, գաթի պռնկիցն էլ մի քիչ կտրեց, կերավ, նոր բոխչեն բերեց էն տղերանցը։
Տղերքը գլխի ընկան, որ աղջիկն էլ իրանց ա կապանք ղրկել.— Էս ո՞նց ա, հայրիկ,— ասեց մեկը,— ձեր աշխարհումը տարին տասնմեկ ամիս ունի՞։ Լիսնյակն էլ օրապակաս ա՞։
Հալիվորը էլի բան չհասկացավ, էկավ տուն, ասավ.
— Մի սարսաղ բան էլ հիմի ասին, թե ձեր տարին տասնմեկ ամիս ա ու լիսնյակն էլ՝ օրապակաս։
— Է՜, ապի, ապի, ինձ խայտառակ արիր։ Բերանդ կրակ էր ընկե՞լ։ Ի՞նչ կլիներ, որ ճամփին ձուն չէիր կերել ու գաթի պռնկիցն էլ չէիր կտրել։
Միամիտ ալևորը որտեղի՞ց հասկանար, որ աղջիկը իր կապանքովը ասել ա տղերանցը, որ իրա տարիքը թամամել ա ու ինքն էլ թամամ լուսնի պես հասած ա։
Մեկել օրը աղջիկն ասեց.
— Ապի, գնա, էն տղերանցը համեցեք արա մեր տունը, թող գան քու օջախումը մի կտոր հաց կտրեն։
Ալևորը գնաց հրավիրեց։ Տղերքը էկան։ Նրանք սրտով ուղում էին միամիտ ալևորի խելոք աղջկանը տեսնել։ Աղջիկը նրանց շատ քաղաքավարի ընդունեց, ասավ.
— Շատ ցավում եմ, որ իմ հերը ձեր ասածները չի հասկացել, ձեզ պես ճամփի ընկերներին իր տունը չի հրավիրել, հիմի ես խնդրում եմ մեր մի կտոր հացը կտրեք ու հետո բարով գնաք ձեր ճամփեն։
Աղջիկը նրանց հետ զրից էր անում, հերն էլ կերակուրը պատրաստում, հացի թադարեք տեսնում, դուս ու տուն անում։
Տղերքը տեսան, որ աղջիկը համ շատ խելոք ա, համ իմաստուն ա, համ էլ շատ սիրուն ա։ Համա չեն հասկանում. շատ ամաչելուցը, թե մորուց ա՝ աչքերի մինը վախտ-վախտ շլվում ա։ Տղերանց մեկը ասավ.— Օթախը շատ լավն ա, ամեն բան կարգին սարքին, ամա ափսոս, որ բուխարիկը մի քիչ ծուռն ա։
Աղջիկը գլխի ընկավ, որ խոսքն իր մասին ա, ետ դառավ ու քաղաքավարի ասաց.
— Սեր պատվական ղոնախներ, դուք բուխարիկի ծռնությունը թողեք, նրան թամաշ արեք, թե ծուխը ինչքան կանոնավոր ա դուրս տանում։
Տղերքը խելքամաղ են լինում աղջկա շնորհքի, տեսքի ու խելքի վրա։ Նրանցից մինը առաջ ա գալիս ու ասում.— Խանում աղջիկ, մենք ճամփորդ չենք, ես էս երկրի իշխանի որդին եմ, սա էլ իմ ընկերն ա։ Մենք շորներս փոխել ենք, ման ենք գալի, որ ժողովրդի չարն ու բարին իմանանք։ Դրա հետ ես մի նպատակ էլ ունեմ. ուզում եմ ինձ համար խելոք մի նշանած ճարեմ: Հիմի քեզնից լավը սաղ աշխարհումը չեմ գտնի։ Դու ես, որ կաս ինձ համար։ Թե դու համաձայն ես, ձեռքդ տուր, մենք հույս աստծու՝ բախտավոր կլինենք։
Աղջիկն էլ շատ հավանեց տղին։ Սրանք նշանվեցին, հետո պսակվեցին ու իրանց մուրազին հասան։
* * *
— Շաքար բիձա,— ասեց տատս,— վերջերս քաղաք էիր գնացել մի հեքիաթ էլ ա բերած կլնես հետդ։
— Չէ, հեքիաթ չեմ բերել, համա տեսածս կպատմեմ։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |