«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
52. ԽՂՃՈՎ ՏՂԵՆ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Եղել ա չի եղել մի հեր, մի տղա։ Տղեն որ պսակվում ա, մի սիրուն աղջիկ ա բերում հարս։ Սիրուն, որ ասում եմ, է՛, շատ սիրուն։ Ամա դե, հայտնի բան ա, նոր տուն բերած հարսը չկտրած ձմերուկ ա՝ կլեպին թամաշ անելով, շատ անգամ փորձված մարդն էլ ա խաբվում։ Արի տես որ՝ էս սիրուն կլեպ հարսը դուրս ա գալիս շատ անզգամ, կապը կտրած, կռվարար, աստծու կրակ։ Ամեն օր ալևոր սկեսրարի հետ կռվում ա, նրա էրեսին թքում, նրան անպատվում, էնենց անառակ, լկտի բաներ անում ու ասում, որ լսողը ականջները կփակի։
Ալևորի օրը թե մի օր չի լինում, էլածն էլ մթնում, սևանում ա, երբ խեղճ մարդը աչքերից զրկվում՝ կուրանում ա։ Առանց փետի չի կարենում ոտը ոտի առաջին դնի, չի կարենում մի բան էլա անի։
Մի օր էլ կնիկը ասում ա տղին։
— Ես էդ քոռին էլ չեմ կարա պահի, տար դրան մի տեղով կորցրու արի։
— Ի՞նչ ես ասում, այ կնիկ,— ասում ա տղեն,— իմ ծնողին, իմ հորը ես ո՞ւր տանեմ կորցնեմ։
— Պտի տանես, կորցնես,— ասում ա կնիկը,— թե չես տարե-կորցրե, էն օրը կգցեմ քեզ, էնենց օյին կխաղամ գլխիդ, որ աշխարքում խաղք ու խայտառակ կլինես։
Տղի սիրտը մռմռում ա, կսկիծը ջանն ա առնում, ամա ի՞նչ՝ տղեն իր տունը իրա ձեռովն ա քանդել, որ հենց առաջի օրվանից կնկա գյամը չի քաշել, նստացրել ա գլխին ու թողել, որ իր գլխին էլ, հոր գլխին էլ պոպոք ջարդի։ Հիմի նրա գյամը քաշվիլ չի։ Ճարն ի՞նչ։
Հորը խաբում ա թե՝ գնանք մի քիչ ման գանք։ Ալևորին տանում ա սարը, որ սպանի, ամա ձեռը թուլանում ա, չի կարենում դանակ քաշի հոր վրա, բերում, նստեցնում ա մի քարայրում։
— Էս ո՞ւր ենք էկել, որդի,— հարցնում ա ալևորը։
— Էս չոբանների բինեն ա,— ասում ա տղեն,— դու էստեղ կաց սպասի, ես էս ա կգամ։
Էն գնալն ա, որ գնում ա։
Հերը շատ ա սպասում, տեսնում ա, որ տղեն ուշացավ, մի ձեռը փետին, մի ձեռը պատին դեմ տալով, դուրս ա գալիս, նստում մի քարի։
— Վայ ինձ,— ասում ա,— էրեխուս բան ա պատահել, վայ թե նրան գելերը կերան, թե չէ ինչի՞ պիտի էսքան ուշանար։ Արևը մեր մտնելու վրա ա։
Մին էլ մարդկանց ձեն ա շների հաչոց ա հասնում ականջին։
— Յարաբ, էս ովքե՞ր են, տեր աստված, չլինի իմ էրեխեն մի փորձանքի ա էկել։
Էրկու չոբան են մոտկանում սրան։ Չոբաններից մինը հարցնում ա.
— Պապի, դու էստեղ ի՞նչ ես անում։
— Ւ՞նչ իմանամ, այ բալա մ,— ասում ա ալևորը,— տղես ասեց գնանք սարը, քիչ ման գանք։ Էկանք հասանք էստեղ, ասեց՝ ես մի դուրս գնամ գամ։ Չեմ գիտա ինչի ուշացավ՝ գելերը կերան, չարի էկավ էրեխես՝ ի՞նչ իմանամ, չկա։ Արևդ ապրի, մի ձեն տու, կանչի, բալի իմանա գա։
Չոբանը ձեռը դնում ա ականջին՝ մին, էրկու, տասը ձեն տալի կանչում, ամա ձենը, դնգդնգալով ետ ա գալի, հասնում իրան, ձեն տվող չկա։
— Դու սոված կլինես, պապի,— ասում ա չոբանը, արի մեզ հետ հաց ուտենք։ Հացը բրթում ա նոր կթած կաթի մեջ, մի փետի գդալ էլ դնում ալևորի ձեռը՝ «Համեցեք, անուշ արա»։
Որդուն կորցրած հոր բողազովը հաց կգնա՞։
Ալևորը չի ուզում չոբանների խաթրը կոտրի՝ մի էրկու գդալ ուտում ա ետ քաշվում.
— Կուլ չի գնում,— ասում ա,— ողորմի ձեր անցավորաց, մի դես ու դեն ման էկեք, էլի ձեն տվեք, կանչեք, բալի գտնեք իմ էրեխուն։
Չոբանները գնում են դես ու դեն ման գալի, կանչում, ձեն տալի` թե տղա ես դրե էնտեղ՝ արի տար, չկա ու չկա։
— Պապի,— ասում են,— քու տղեն քեզ խաբել ա, բերել ա էստեղ, ինքը թողել՝ փախել ա:
— Չեմ հավատա,— ասում ա ալևորը,— տղեն ո՞նց կթողնի քոռացած հորը սարումը անտեր, ինքը կգնա տո՞ւն։ Էդ հավատալու բան ա՞։
Մեծ չոբանը խելոք, բանիմաց մարդ ա լինում։ Գլխի ա ընկնում, որ էստեղ կնկա մատը կա խառը,
— Պապի,— ասում ա,— մի բան հարցնեմ, ամա չնեղանաս՝ քու հարսը հնազանդ, պատվավոր կնիկ ա՞, թե՞ անզգամ, կապը կտրած։
— Քեզանից թաքցնեմ՝ աստծուց ի՞նչ թաքցնեմ,— ասում ա ալևորը,— կապը կտրած կատաղած շանից բեթար։
— Հա, էդ ա որ կա,— ասում ա չոբանը,— էդ քու հարսն ա զոռել տղիդ, որ քեզ տանի, սպանի, յա կորցնի, ամա տղեդ սպանիլը չի ղմշել թողել փախել ա։
— Ւ՞նչ ասեմ, այ բալամ,— ասում ա ալևորը,— ասածդ խելքի մոտիկ բան ա, բալքի էտենց ա։ Ջհանդամը իմ գլուխը, մենակ թե տղես սաղ սալամաթ տուն հասած լինի։
— Դու դարդ մի անիլ, պապի։ Մենք քեզ կպահենք,— ասում ա չոբանը,— դու մեր հերը կլինես, մենք՝ քու որդիքը։
Ալևորը թող մնա չոբանների մոտ, մենք գանք խաբարը տանք ումնի՞ց, խաբարը տանք ալևորի տղիցը։
Տղեն որ հորը խաբում, թողնում փախչում ա, գալիս տուն, սիրտը կոտրած բան չի գալի աչքին, դարդախորով ա լինում։
— Ես էս ի՞նչ արի, ոնց արի,— ասում ա,— չէ՞ ես մարդ էի, հո գազան չէի՞, անբան անասուն չէի, չէ՞ որ հորս սիրում էի, ո՞նց քոռացրեց ինձ իմ անզգամ կնիկը, ոնց իմ սիրտը մեռցրեց, որ ես նրա ուզածը կատարեցի։
Քիչ ա մնում խելքը կորցնի։
— Հը՞, ի՞նչ արիր, — հարցնում ա կնիկը,— տարար՝ կորցրի՞ր:
Տղեն դարդ ու ցավից տնքում, ձեն չի հանում։
— Խլացել ե՞ս,— ասում ա կնիկը,— Քեզ եմ հարցնում ի՞նչ արիր:
— Տարա սպանեցի՝ թողի էկա։
Անզգամ դու անզգամ կնիկ՝ ի՞նչ ասի, որ լավ լինի.
— Փառք քեզ, աստված,— ասում ա,— ես լավ ազատվեցի էն քոռ ալևորին պահելուց։
Էս խոսքի վրեն, տղեն ասես նոր խելքի ա գալի, տեսնում ա, որ կնիկը, չէ թե սիրելու՝ սպանելու ա արժանի։ Վրա ա պրծնում կնկանը, մազերիցը բռնում, գետնովն ա տալի, ոտի տակը գցում՝ տուր թե կտաս, շինում աղցան։
Ամա չի հանգստանում, խեղճն՝ իրան ուտում ա, կսկիծը ջանն ա առնում։ Ոչ կարենում ա քնի, ոչ կարենում ա ուտի, լղարում, հալից ընկնում ա, մնում ա վրեն կաշին ու ոսկորը։
Մի օր էլ լիսը դեռ չբացված, վեր ա կենում՝ ընկնում սարը, որ բալքի հորը գտնի։ Տեսնում ա, հրենիկ էրկու չոբան, ոչխարի սուրուն առաջ արած, քշում են արոտատեղը։
Տղեն բարով ա տալի սրանց, բարով ա առնում, հարցնում.
— Էստեղարենք մի ալևոր տեսած չեք լինի՞։
— Ի՞նչ ալևոր։
— Աչքերից զուրկ, խեղճ ու կրակ մի ալևոր, իմ քամբախտ հերն ա, ես էլ նրա էվել քամբախտ տղեն եմ։ Ես էնենց մի բան եմ արել, որ լսված ու տեսնված չի աշխարքիս երեսին։ Նոր, հիմի եկել եմ, նրան եմ ման գալի։
Էստեղ աղեն մին-մին, կարգով պատմում ա իր գլխի էկածը, ոնց որ ես պատմեցի։
Մեծ չոբանը ականջը կախ լսում ա, ամա ջահել չոբանը՝ տաքարյուն տղա, մահակը քաշում ա, որ տղին տեղն ու տեղը խփի, սպանի՝ ընկերը սրա ձեռը բռնում ա.
— Համբերի,— ասում ա,— սպանելով բան չի դառնա։ Այ, տղա,— ասում ա,— ասենք թե քու հերը սաղ-սալամաթ ա, ու մեր կշտին ա, տանելու ես տուն, որ նորից էն անզգամը նրան տանշի, չարչարի՞։
— Չէ,— ասում ա տղեն,— էդպես բան չի լինի, ու չի լինի։ Որ արեց՝ կսպանեմ։
— Շատ միամիտ ես,— ասում ա չոբանը,— որ սպանեցիր քեզ քշելու են տաժանքի՝ գնալդ կլինի, ետ գալդ՝ չէ։ Տանդ մնացած անզգամ կնիկը էլի էն անզգամն ա. անզգամին մենակ մահ-գերեզմանը կհաղթի... Վեր կաց, հլա մի գնանք հորդ մոտ, մի տեսնենք՝ նա ի՞նչ ա ասում։
Վեր են կենում, գալիս չոբանների բինեն՝ հրենիկ հերը քարին նստած, դարդոտ, վիզը՝ ծուռ, ձեռը ծոցին։ Տղի ձենը որ լսում ա՝ փշաքաղվում ա, շունչը՝ կտրվում.
— Բալա ջան, էդ դու ե՞ս, դու էստեղ ե՞ս, դու սաղ-սալամաթ ե՞ս։ Ընկնում են իրար վզով փաթաթվում, մին կարոտից լաց լինում, մին ուրախությունից՝ ծիծաղում։ Չոբաններն էլ չեն կարենում իրենց պահեն՝ նրանց լացի հետ լաց են լինում, նրանց ծիծաղը հետ՝ ծիծաղում։ Մի քիչ որ սրտները տեղն ա ընկնում, տղեն ասում ա՝
— Վեր կաց, այ հեր, վեր կաց, շնորհակալ կենանք էս իմ չոբան ախպերներին, գնանք մեր տուն։
— Չէ, բալա ջան,— ասում ա հերը,— իմ մի ոտը էստեղ ա, մեկելը՝ գերեզմանումը՝ էսօր կամ, էգուց՝ չկամ: Գնա քու կնկա հետ, ձեր քեֆին ապրեք, մենակ թե՝ հաշտ ու սիրով եղեք իրար հետ, իմ ուզածը էդ ա։
Տղեն ընկնում ա հոր ոտները, նրա ձեռն ու ոտը պաչում, աղաչանք, պաղատանք անում, լաց լինում, էնքան լաց լինում ու վայ տալիս իր գլուխը, որ աչքերն ուռչում են ու ձենը կտրվում։ Չոբաններն էլ մի կողմից են մեջ ընկնում, մի հնարով վեր են ունում ալևորին բերում տուն։
Էլ ի՞նչ ասել կուզի, որ տղեն, տեղնուտեղը դուրս ա անում տնից էն չար ու անզգամ կնկանը։
Մենակ թե, չգիտեմ, էն տղեն թազա կնիկ առավ իր համար, թե՞ չէ։
Առաջվա կնկա ահն ու սարսափը սրտին՝ վայ թե էլ չպսակվի։
* * *
Պապս հեքիաթը որ թամամցրեց, մեր հարսներից մեկը՝
— Հայրիկ,— ասեց,— բա էդ տեսակ բան կարող ա՞ որ լինի։ Էդ էլած բան ա՞, թե շինած հեքիաթ ա։
— Էլած բան ա։
— Բա որ էլած բան ա,— ասեց հարսը,— էլ ինչի՞ ես ասում՝ «էլել ա չի էլել»։ Էնա միանգամից ասա՝ «էլել ա», ու էն անբախտ ալևորի էլ, նրա անզգամ հարսի էլ, նրա անխելք տղի անումն էլ տուր, որ բոլորն էլ իմանան։
— Ալևոր,— ասեց տատս,— դրա պատասխանը թող ես տամ։
— Ասա, Հերիքնազ,— ասեց պապս,— դու ինձանից լավ կասես։
— Հարսի ջան,— ասեց տատս,— ջահել ես։ Աշխարքը դեռ փակ ա քու աչքին։ Ձեր լսածը իսկական պատմություն ա, ամա, արի տես, որ էն տեսակ անզգամ հարսներն ու կնկա փեշի տակին խելքները կորցրած տղեքը՝ մեկն ու էրկուսը չեն, ո՞ր մեկի անունը տաս։
Հայտնի բան ա, ժամանակները փոխվել են։ Պառաված, հալից ընկած հորն ու մորը հիմի ոչ սպանում են, ոչ էլ կորցնում սարերումը, ամա էնենց են անտեր անտիրական թողնում, որ միանգամից սպանեին, էն լավ կլիներ։
Սկեսրարիդ հեքիաթները շատերն են լսում։ Ականջ ունեցողը՝ կիմանա, խիղճ ունեցողը՝ կհասկանա։
* * *
Էս իմ տատի սիրած խոսքն ա. «թող որ ականջ ունեցողը՝ իմանա, խիղճ ունեցողը՝ հասկանա»։
* * *
Մի ուրիշի էլի էդ տեսակ հեքիաթ էլ պատմեմ ձեզ, լսեք։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |