ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


30. ԽԱԲԱՐԲԶԱՆ ՃՆՃՂՈԻԿԸ

Դուք իսկի իմացած կա՞ք, որ ծիտը լիզու առնի մարդի նման խոսի,— հարցրեց պապս։ Դուք կասեք՝ «չէ»։ Ես էլ չէի հավատում։ Համա արի տես, որ՝ տեղը որ նեղանա, ծիտը լիզու կառնի, կխոսի։ Այ լսեք, պատմեմ ձեզ։

Մեր գեղցի Սիմոնը մի օր վար անելիս ա լինում, տեսնում ա ակոսի միջին մի ճնճղուկ քուջուջ ա անում, փափախը գցում ա վրին, ճնճղուկը բռնում։

Խեղճ ճնճղուկի սիրտը ուզում ա թե տրաքի, ամա վախիցը լիզու ա առնում.

— Սիմոն,— ասում ա, ինձ որ բաց թողնես, քեզ մի էնպես բան կասեմ, էնպես բան կասեմ, որ շնորհակալ կմնաս։

Սիմոնը թե.

— Բաց եմ թողնելու, բա հու քեզ չեմ ուտելու, ասա տեսնեմ, ի՞նչ ես ասում։

— Սիմոն,— ասում ա ճնճղուկը,— էսօր ճաշդ ո՞վ ա բերելու։ Սիմոնը թե.

— Իմ կնիկը, էլ ո՞վ։

— Դե որ կգա,— ասում ա ճնճղուկը,— կնկանդ աչքերին մի լավ, սուր-սուր մտիկ կանես, թե իրան կորցրեց, կարմրեց, գիտենաս, որ էսօր ծուռ ա ման էկել, իրա հալալը՝ հարամացրել ա, թե հու չէ՝ անմեղ ա։

— Տա, այ ճնճղուկ, դու ի՞նչ գիտես մեր տան անց ու դարձը,— հարցնում ա Սիմոնը։
Ճնճղուկը թե.

— Ձեր կտրի տակին մի ճնճղուկի բույն կա։ Էդ բնի միջի ճնճղուկն ա ասել հրոխպորս կնկանը, հրոխպորս կնիկն էլ ասել ա տալին, տալն էլ ինձ։ Երդում կրակ եմ կերել, որ մարդի չեմ ասիլ, համա դե տենում ես էլի, ինչքան նեղ ա տեղս, ո՞նց չասեի։

Սիմոնը էս որ իմանում ա, էն ա հո իրան ուտում ա մինչև կեսօրին կնիկը հաց ա բերում նրա համար։ Սուր-սուր մտիկ ա անում կնկա աչքերի միջին, կնիկը իրան՝ կորցնում ա, կարմրում, սփրթնում։

— Այ կնիկ,— ասում ա Սիմոնը,— դու էսօր ծուռ ես ման էկե, քու հալալը հարամացրել ես։

— Քա, վո՛ւյ, էդ ով ասեց,— ծվում ա կնիկը։

— Մեր կտրի տակի ճնճղուկը,— ասում ա Սիմոնը։

Կնիկն սկսում ա լաց լինել, թե սուտ ա, էդպես բան չի եղել, համա էլ ուր, իրեն մատնել էր արդեն։ Համ լաց էր լինում, համ մտքումը ասում.

— Հիմի կաց տես ինչ սև եմ բերում գլխին, լիզուն կտրեմ գցեմ շանը, հարամ լինի էն կուտը, որ տվել էի նրան, թե ինչ ա սուս անի։

Էլ ի՞նչ ասեմ, էնա գիտեք էլի մեր Սիմոնի կրակ խասիաթը, ի՞նչ կուտացներ կնկանը։

Կնիկն էլ տուն հասնելուն պես, վեր ա ունում ցախավելը, ինչքան կտրի տա կին ծտի բուն կա քար ու քանդ ա անում...

Հիմի հո տեսաք, որ ծիտը լիզու ունի։ Անմեղ էրեխանցն ու միամիտ կնանոցը ըտենց են խաբում էլի, որ ասում են թե. «ծիտը խաբար բերեց»։

* * *

Երբ որ մի կուշտ ծիծաղեցին էս հեքիաթի վրա, պապս ասեց.

— Դուք լավ եք ճանաչում մեր Սիմոնին էլ, նրա կնկանն էլ։ Անունները որ փոխեք, հրեն էրկուսն էլ մեր գեղումն են։ Զարմանալին էն ա, որ էդ Սիմոնի կնիկը համ «ծուռ ա ման էկել, իրա հալալը հարամցրել ա, հետն էլ էնքան միամիտ ու շաշ ա եղել, որ հավատացել ա ծտի խաբար բերելուն»։

* * *

Էստեղ խոսքը նորից պտիտ էկավ, հասավ պապիս կողքին նստած, նրա ընկերներից մեկին, սա թե.

— Ես ձեզ իսկական մեր գեղումը պատահած բան պատմեմ, որ հիմի բերնե բերան ընկած հեքիաթ ա դառել։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice