«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
5. ՉՈՒԹՉԻ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լինում ա չի լինում մի թագավոր, սրան ունենում ա մի աղջիկ։ Օրվա մի օր մի ձկնորս իրեք լավ ձուկ ա բռնում, տանում թագավորին փեշքեշ։ Թագավորն էլ վեր ա ունում, տալի նազրին՝
— Առ,— ասում ա,— էս ձկները տար տուր աղջկանս, զաթի քեֆը տեղը չի, բալի սիրտն ուզում ա, թող խաշիլ տա ուտի։
Էս նազիրն ա՝ ձեները դնում ա մի էրծաթի սին ու մեջ, տանում ա տալի թագավորի աղջկան։
Աղջիկը որ տեսնում ա, հարցնում ա.
— Էդ ձկները է՞գ են, թե որձ։
— Թագավորի աղջիկն ապրած կենա, որձ են,— ասում ա նազիրը։
— Դեն տարեք, կորցրեք,— ասում ա աղջիկը,— չե՞ք իմանում, որ ես իսկի որձեղենի էրես չեմ ուզում տեսնեմ, ուր մնաց ուտեմ։
Ձկները էս խոսքը որ լսում են, վեր են կենում, պոչների վրեն կանգնում, ծիծաղում, էլ ետ շրմփալեն վեր ընկնում։
Թագավորին էս խաբարը որ տանում են, սրա բերանը մնում ա բաց`
— Ոնց լինի, — ասում ա,— պիտի իմանամ էս ի՞նչ բան ա, էդ ձկները ինչի՞ էին ծիծաղում։
Թագավորի աղջիկը, որ տեսնում ա ձկների ծիծաղելը, կանչում ա նազիրին.
— Կգնաս, — ասում ա,— մեր աշխարհը ման կգաս, կհարցնես, որտեղ իմ անունը չեն տալ, ինձ չեն ճանաչի, կգաս, կասես, որ ես էնտեղ մարդու գնամ։
— Լավ,— ասում ա նազիրը,— վեր ա կենում, ընկնում ճամփա։ Գնում ա, գնում, շատն ու քիչը աստված գիտա, տեսնում ա հրես մի մարդ, մնել մի շահել տղա չութով վրա են անում։ Չութչու տղեն իմաստուն ա լինում։
— Այ հեր, ասում ա,— հրեն թագավորի նազիրը գալիս ա։
Նազիրը գալիս ա, հասնում դրանց.
— Բարի աջողում, բաբի,— ասում ա, ի՞նչ կա, ի՞նչ չկա, քեֆներդ, հալներդ, ո՞նց եք, ի՞նչ եք անում։
— Ջանսաղություն, թագավորի նազիրը սաղ լինիմ,— ասում ա Չութչին,— կանք, ապրում ենք էլի։ Խեր լինի, բա դու էդ ո՞ւր ես գնում,— հարցնում ա։
— Գնում եմ մեր մհալը պտտեմ, տենամ ի՞նչ կա, ի՞նչ չկա, թագավորիցը խալխը հո գանգատավոր չեն։
— Թագավորի նազիրը ապրած կենա,— ասում ա Չութչու տղեն,— զուր ես չարչարվում, ինչքան էկել ես՝ տասն էնքան էլ գնաս, հլա թագավորի աղջկա անունը կա, զուր տեղը մի գնա, ետ դառ, գնա քու բանին, դու էլ ես մեղք, ձիդ էլ։
Թագավորի նազիրը տղի էս ասածը որ լսում ա, գալիս ա թագավորի աղջկանը մին-մին պատմում թե՝ էսպես, էսպես բան, ֆլան տեղը մի Չութչի կար, նրա տղեն էսպես պատասխան տվեց։
Թագավորի աղջիկը էս որ լսում ա, սուտ հիվանդ ա ձևանում։ Աշխարքումը ինչքան հեքիմ ա լինում, թագավորը բերել ա տալիս՝ աղջիկը չի լավանում։ Օրեն մի օր էլ, աղջիկը հորն ասում ա.
— Թագավորը ապրած կենա, բա չես ասի՝ էս գիշեր էրազիս մի սուրբ հալևոր էկավ՝ «Այ որդի,— ասավ,— ֆլան զեղումը մի Չութչի կա, էդ Չութչին մի մինուճար տղա ունի, պիտի էն տղին մորթեք, արինը խմես, որ լավանաս»։ — Այ հեր,— ասաց,— թե ուզում ես լավանամ, պիտի էն տղին մորթեք, պիտի բերել տաս, թե հու չէ՝ դու գիտաս։
Թագավորը կանչում ա նազիրին։
— Մի բեռ ոսկի վերկունես,— ասում ա,— կտաս Չութչուն, նրա տղին կառնես կբերես։
Չութչու տղեն դե իմաստուն էր, էս բանը իմանում ա։
— Այ հեր,— ասում ա,— թագավորը իրա նազիրին ղրկել ա, որ գա քեզ մի բեռը ոսկի տա, ինձ առնի տանի թագավորի աղջկա համար։ Մի վախի, ոսկին առ, ինձ տուր տանի։ Հանգիստ կաց,— ասում ա,— որ ասես ինձ բան չի լինի. ողջ-առողջ ետ կգամ։
Նազիրն ա՝ գալիս ա հասնում Չութչու տունը.
— Բարով, բաբի,— ասում ա։
— Բարով, աստծու հազար բարին,— ասում ա Չութչին,— խեր լինի, խի ես էկել,— հարցնում ա։
— Էկել եմ,— ասում ա,— տղիդ տանեմ, թագավորը ուզել ա։ Հրես էս մի բեռ ոսկին էլ քեզ փեշքեշ ա ղրկել։
— Տար, փեշքեշ ա,— ասում ա Չութչին,— տղեն ի՞նչ ա, որ ես թագավորիցը խնայեմ։
Նազիրն ա՝ մի բեռ ոսկին տալիս ա Չութչուն, նրա տղին քաշում թարքն ու ճամփա ընկնում։
Ամա նազիրի սիրտը մղկտում ա՝ էս տեսակ գոզալ տղին ախար ոնց մորթի, բերում ա իրանց տուն։ Նազրի կնիկը տենում ա մարդը դառը-տխուր նստած ա։
— Այ մարդ,— ասում ա,— խի՞ ես էդպես տխուր-տրտում նստել, ասա տենամ դարդդ ի՞նչ ա։
— Այ կնիկ,— ասում ա,— տեսնում ես էս տղին, սրան պտի մորթենք, որ ինչ ա թագավորի էն անսիրտ աղջիկը սրա արինը խմի, լավանա։
— Տնաշեն,— ասում ա կնիկը,— էդ ինչ ա, որ դրա հմար դարդոտել վարամնոտել, նստել ես։ Մի ոչխար մորթի, արինը լցրու մի ամանի մեջ, էս տղի շորերն էլ արնոտ արա, տար թագավորի աղջկանը տու, ասա. «Մորթել եմ, արինն էլ հրես բերել». նրանք շատ գիտե՞ն, թե էդ ինչի արին ա։
Նազիրը էդպես էլ անում ա, ոնց որ սովորեցրել էր կնիկը, գալիս ա թագավորի աղջկա մոտ։
— Թագավորի աղջիկը ապրած կենա,— ասում ա,— էրեխուն ինչքան բշտեցի, հետն էլ կռվեցի` չեղավ, չեկավ, ես էլ վերկալա, ճամփին մորթեցի. հրես էս արինը, էս էլ արնոտ շորերը։
Թագավորի աղջիկը էն րոպեին արինը խմում ա՝
— Օխա՜յ,— ասում ա,— անջաղ մի սիրտս հովացավ։ Տեղնուտեղը լավանում ա՝ ոտի կանգնում։ Թագավորը ուրախանում ա, որ աղջիկը լավացավ։
Ժամանակ ա անցկենում, ամա արի տես, որ ձկների ծիծաղելը թագավորի մտիցը չի գնում, օրեն մի օր կանչում ա նազիրին՝
— Մի շաբաթ քեզ ժամանակ,— ասում ա,— պիտի իմանաս, էն ձկները, որ բերիր տվիր աղջկանս, ինչի էին ծիծաղում, դրանով ի՞նչ էին ուզում ասեն։
— Աչքիս վրեն, թագավորն ապրած կենա,— ասում ա նազիրը։ Գալիս ա տուն, դառը-տխուր, նոթերը կիտած նստում ա։
Չութչու տղեն հարցնում ա.
— Խի՞ ես էդպես նոթերդ կիտել։ Ասա տենամ դարդդ ինչ ա։
— Է՜ , այ որդի, էսպես, էսպես, էսպես բան։ — Նազիրը նստում ա մին-մին տղին պատմում թագավորի հրամանը։
— Հեչ մի վախի,— ասում ա տղեն,— թագավորը թող ինձ կանչի, ես դրա պատասխանը կտամ։
Էգսի օրը նազիրը գալիս ա թագավորին, թե՝
— Թագավորն ապրած կենա, մեր տանը մի ջահել տղա կա, նա կասի թե ի՞նչի էին ծիծաղում ձկները. գնամ բերեմ։
— Գնա կանչի, գա,— ասում ա թագավորը։
Տղեն գալիս ա, ջուխտ ձեռը դնում ա դոշին, խորը գլուխ տալի, էնտեղ կանգնում։
— Դե ասա տենամ, իմ պատասխանը դո՞ւ պիտի տաս։
— Հա, թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ամա որ ասեմ՝ հո չե՞ս փոշմանի։
— Չէ,՛ չեմ փոշմանի,— ասում ա թագավորը։
— Ասե՞մ,— նորից ա հարցնում տղեն։
— Ասա,— ասում ա թագավորը։
— Լավ, թագավորն ապրած կենա։ Ես որ մորից ծնվեցի, տատմերը ինձ փաթաթելիս մի առակ ասեց, հլա կաց մի էդ առակը ասեմ, հետո քո պատասխանը տամ։
— Ասա,— ասում ա թագավորը։
— Մի թագավոր մի տղա ուներ։ Էդ թագավորի տղեն մի հատ թառլան ղուշ ուներ։ Էդ ղուշը վեր էր ունում, գնում որսի։ Օրվա մի օր, թագավորի տղեն, որ շատ էր բեզարել որս անելուց, էնպես էր ծարավել, որ էնա ուշը գնում էր։ Մին էլ տեսավ որ, հրե՜ն, քարափի գլխիցը ջուր ա կաթում։ Ծոցի թասը հանեց բռնեց էդ կաթող ջրի տակ, թասն էկավ լցվեց, ուզեցավ թե խմի, ղուշը թևով տվեց թասի ջուրը թափեց։
— Դու ուզում ես, որ ես ծարավ մեռնե՞մ,— չարացավ թագավորի տղեն, քաշեց ղշի գլուխը պոկեց։ Հետո որ վեր էլավ քարափի գլուխը, տեսավ, ի՜նչ տեսավ, էնտեղ մի սատկած օձ ա ընկած, էդ նրա թույնն ա, որ կաթել ա ներքև։
Տղեն շատ փոշմանեց, որ ղշի վիզը կտրել էր, համա էլ ու՜ր, բանը բանից անց էր կացել։
— Դե, հիմի ասա, թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ղուշը սպաներ լավ է՞ր, թե սաղ մնար լավ էր։
Թագավորը թե՝
— Չէ, սաղ մնար, լավ էր։ Էն ղուշն իմաստուն էր։ Հալբաթ որ տղեն կփոշմաներ։
Էս տղեն թե`
— Թագավորն ապրած կենա, որ էս ձկների ծիծաղելու պատճառն ասեմ՝ դու էլ կփոշմանես։
— Չէ, չեմ փոշմանի,— ասում ա թագավորը,— պիտի ասես։
— Դե չավ,— ասում ա տղեն,— որ զոռում ես՝ կասեմ, ամա, թագավորը ապրած կենա, իմ քավորը, որ ինձ կնքած՝ ժամիցը տուն էր բերում, ճամփին մի առակ պատմեց։ Էդ առակը քեզ պատմեմ, հետո պատասխանդ տամ։
— Պատմի,— հրամայում ա թագավորը։
— Ժամանակով,— ասեց տղեն,— մի թագավոր, մի շատ խելոք ու իմաստուն օձ ուներ դռնապան։ Ինչ մարդի սիրտը որ բարի էր լինում, օձը նրան ճամփա էր տալի՝ գալիս էին թագավորի մոտ, ինչ մարդի սիրտը որ չար էր լինում՝ օձը թողում չէր որ գա։
Սինոդապետները մի օր ասեցին.
— Թագավորն ապրած կենա, թե օձդ կվերջացնես, մենք էլ կգանք սինոդ, թե հու չէ՝ չենք գա։
Թագավորը մտածեց՝ «էս տասներկու մարդի խաթրը ո՞նց կոտրեմ մի օձի խաթեր»։ Թուրը քաշեց օձի վրա, օձը փախավ, ամա պոչիցը կտրվեց մի թզաչափ։
Էն էր ու էն։ Օր օրի վրա էս թագավորի գործերը վատացան, փչացան, սրա զորքը կոտորվեց, շատ նեղության մեջ ընկավ, նոր իմացավ, որ իրա դովլաթը էդ օձի խելքն ու իմաստությունն էր։
«Վա՜յ,— ասեց,— ափսոս իմ օձը։ Էրկաթե տրեխ հագավ, էրկաթե գավազան առավ ձեռը, ընկավ աշխարքե-աշխարք՝ համա օձը չգտավ։ Նոր, որ քոռ ու փոշման տուն էր դառնում, տեսավ օձը հրեն սարի տակին։
— Օձ ջան,— ասեց, իմ դովլաթը փախել ա ինձնից։ Արի գնանք մեր տուն։
Օձն ասեց.
— Գնա բանիդ, ոչ իմ պոչի յարեն կսաղանա, ոչ քո սրտի յարեն։ Դու գնա քու բանին, ես էլ՝ իմ։
— Թագավորն ապրած կենա,— ասեց աղեն,— ոնց որ էն օձի տեր թագավորը փոշմանեց, դու էլ կփոշմանես, որ ձկների ծիծաղելու պատճառը ասեմ։
— Չէ, չեմ փոշմանի, ասա,— հրամայում ա թագավորը։
— Որ էդպես ա, մի առակ ասեմ՝ լսի, նոր ուզածդ ասեմ։
Լինում ա, չի լինում մի թագավոր։ Էս թագավորը իսկի բան չի ունենում, ինքն ա լինում՝ մի Տուդի-ղուշ։ Հենց էնա էս Տուդի-ղշի հետ ա խորհուրդ անում։ Օրվա մի օր, մի ուրիշ Տուդի-ղուշ ա գալիս թագավորի Տուդի-ղշի մոտ, կտուցը նրա կտցին քսում, փաթթվում, էրկսով էլ դառը լաց են լինում, հետո... ծիծաղում են։ Էն եկվոր ղուշը թռչում ա, գնում։
— Էն ի՞նչ ղուշ էր,– հարցրեց թագավորը,— ինչի՞ լաց էլաք ու ինչի՞ ծիծաղեցիք։
— Թագավորն ապրած կենա,— ասեց Տուդի-ղուշը,— էն ղուշը իմ ախպերն էր, էկավ ասեց. «Հերներս մեռել ա»։ Էհ, սիրտ էր, ջիգյար էր, մռմռաց, լաց էլանք։ Հետո էլ ասեց, «Նշան եմ դրվե, թագավորիցը իրավունք առ, արի հարսանիք»։ Դե, ախպեր ա, ուրախացա, խնդացինք, ծիծաղեցինք։ Թագավորն ապրած կենա, հիմի թե իրավունք կտաս՝ կգնամ, թե հու չէ` չեմ գնա։
— Գնա,— ասեց թագավորը,— համա թեզ եդ դառ։
Տուդի-ղուշը թագավորին գլուխ ա տալի, թռնում գնում։ Անց ա կենում մի օր, էրկու օր, իրեք օր, մախլաս՝ մի շաբաթ, օրվա մի օր էդ Տուդի-ղուշը ետ ա դառնում՝ գալիս։ Գալիս ա, թագավորին գլուխ ա տալիս, կտցիցը մի գունդ թուղթ ա վեր գցում։ Թագավորը վեր ա ունում բաց անում, տենում ի՜նչ՝ իրեք հատ խնձորի կորիզ։ Կանչում ա իր այգեպանին, թե՝ «Էս իրեք կորիզը կտանես էնպես ջոկ տեղ կցանես, որ ղուշ, հավ, զադ չմոտենա»։
Անց ա կենում իրեք տարի։ Էդ իրեք կորիզը մի-մի ծառ են դառնում, էնքան էլ խնձոր են տալիս, որ չափ չկա։ Օրվա մի օրը այգեպանը տեսնում ա, խնձորները կարմրել են, հասնելու վրա են։ Տեսնում ա գետնին էլ մի մեծ կարմիր խնձոր վեր ընկած, ասում ա. «Տանեմ, թագավորը տեսնի»։
Դու մի ասի էդ խնձորը օձի կծած ա լինում, թունավորված։ Այգեպանը գալիս ա՝
— Թագավորն ապրած կենա,— ասում ա,— խնձորները հասնելու վրա են. էս մինը ծառի տակին գտա, վեր կալա բերի, առ տես լավն ա։
Թագավորը հենց ուզում ա խնձորն առնի բերանը, նազիը-վեզիրը չեն թողնում՝ «Բալի դեղած ա,— ասում են,— առաջ մի ուրիշի տու ուտի՝ հետո դու կեր»։
Էդ խնձորը գցում են մի հորթի առաջ։ Հորթը խնձորը ուտելուն պես միջիցը տրաքում ա, վեր ընկնում։ Թագավորը էս որ տեսնում ա՝ հերսոտում ա, տեղիցը վեր ա կենում, Տուդի-ղշի վիզը պոկում, գցում դեն, հետո հրամայում ա, որ են բաղի չորս կողմը հասար քաշեն, որ մարդ մուրդ չմտնի, էն խնձորիցն ուտի։
Հիմի սրանց թողնենք էստեղ՝ գանք նախրչուն ու իրա կնկանը։
Էդ զեղումը մի նախրչի ա լինում իր կնկա հետ։ Էդ նախրչին կնկանը շատ էր ծեծում, անպատվում։ Հայվանը գիտեր, թե ամուսնությունը կնկանը ծեծելու մեջն ա։ Մի օր էլ, որ դանակը ոսկորին ա հասնում, կնիկը ասում ա՝ «ոնց անեմ, որ մեռնեմ, էս աշխարքիցը պրծնեմ»։ Միտն ա ընկնում, որ թագավորի բախչի խնձորները ուտողը տեղնուտեղը կմեռնի։ Մի հանգով մտնում ա բախչեն, տեսնում ա մարդ-մուրդ չկա, վռազ-վռազ մի խնձոր ա քաղում, ուտում ա, որ մեռնի, ուտում ա պրծնում, տենում ա ի՜նչ հրես ջահելացավ, դառավ ոնց որ մի տասնհինգ տարեկան աղջիկ։
Սուս ու փուս գալիս ա իրանց դռան առաջին կանգնում։ Իրիկունը մարդը տուն ա գալի՝ որ կնկանը ծեծի։
— Աղջի — ասում ա,— իմ կնկանը չե՞ս տեսել։
Աղջիկը երդում-կրակն ա ընկնում, թե՝ «Ես քո կնիկն եմ»։
— Դե որ իմ կնիկն ես... կնկա կռնիցը բռնում ա, տուր թե կտաս, մի լավ զխկում ա, սալջարդ անում, վեր գցում։
Էս կնիկը վեր ա կենում, դառը տխուր գնում թագավորին գանգատ։ Տեղը տեղին պատմում ա իր գլխով անցկացածը, անց որ ես ձեզ պատմեցի։ Թագավորը մնում ա զարմացած, թե`
— Դրո՞ւստ ես ասում, որ իմ բախչի խնձորիցը կերար, ջահելացար։
— Դրուստ, թագավորն ապրած կենա։
— Էս րոպեին բերեք նախրչուն։
Էն րոպեին նախրչուն բերում են թագավորի մոտ, զոռում, որ խնձորը ուտի։ Չի ուզում՝ վախում ա, ամա ուտելուն պես ջահելանում ա, դառնում տասնհինգ տարեկան տղա։ Թագավորը մնում ա սառած նախրչու ու նրա կնկա էրեսին մտիկ անելով։ Շատ ա գլխին վայ տալի, դարդ անում, վայ իմ Տուդի-ղուշ, այ իմ Տուդի-ղուշ, համա էլ ո՜ւր, բանը բանից անց էր կացել։
— Թագավորն ապրած կենա,— ասում ա իմաստուն տղեն,— հիմի ասա ինձ՝ Տուդի-ղշին սպանելը էն թագավորը փոշմանե՞ց, թե չէ։
— Հալբաթ որ,— ասում ա թագավորը,— փոշմանեց— բա էն տեսակ ղուշը կմորթե՞ն։
— Դե, հիմի տես,— ասում ա տղեն,— ոնց որ էն թագավորը փոշմանել ա, ընենց էլ դու կփոշմանես, որ ասեմ թե ինչի՞ էին ծիծաղում էն ձկները։
Թագավորը իրեք առակից մի բան էլա չհասկացավ, ասեց.
— Անկարելի ա, ձկների ծիծաղելու պատճառը պետք ա ասես։
— Դե, որ էդպես ա,— ասեց տղեն, հրամայի, որ թագուհին, աղջիկդ, նազիր-վեզիրը, պալատականները բոլորը գան հավաքվեն։
Բոլորը գալիս են, թագավորի չորս կողմը նստոտում։ Թագավորի աղջիկն էլ իր աղախիններով վեր ա կենում գալիս պալատի մեջտեղը կանգնում։
— Աղջի, — ասում ա հերը,— մի՞տդ ա, որ ֆլան վախտը նազիրը քեզ համար իրեք ձուկ բերեց, ամա դու չկերար։
— Թագավորն ապրած կենա,— ասում ա աղջիկը,— դու չե՞ս իմանում, որ ես որձեղենի երես չեմ ուզում տենամ, ուր մնաց թե ուտեմ։
Էստեղ իմաստուն տղեն ասում ա.
— Թագավորն ապրած կենա, աղջիկդ պիտի տկլորանա։
Աղջիկը առաջ եկավ, թե.
— Թագավորն ապրած կենա, ի՞նչ ես ընկել էդ ջահելի խելքին։ Ես որ տկլորանամ վնաս չունի, դու իմ հերն ես, նա էլ իմ մերն ա, բա էն նազրին ի՞նչ անենք, բա էն ջահել տղին ի՞նչ անենք։ Ես չեմ տկլորանա, ես ամոթու կմեռնեմ։ Էդ անելու բան չի։
— Թող չլինի, — ասավ թագավորը,— քու բանը չի, դու տկլորվի, մեռի։ Աղջիկը տկլորացավ, մնաց տկլոր կանգնած։ Տղեն ասավ.— Թագավորն ապրած կենա, պտի էս աղախիններն էլ տկլորանան։
Թագավորի աղջիկը էլի առաջ ընկավ, թե`
— Թագավորն ապրած կենա, դուք ինձ տկլոր տեսաք, վնաս չունի հեր ու մեր, բարեկամ-ազգական եք, համա սրանք օտար աղջկերք են։ Հրես էս մինը Արևելքի թագավորի աղջիկն ա։ Օրը տասը տեղից նամակներ ա ստանում. Արևմուտքի թագավորի տղեն ասում ա՝ «Արի ինձ առ», Հարավի թագավորի տղեն ասում ա՝ «Արի ինձ առ», Հյուսիսի թագավորի տղեն ասում ա՝ «Արի ինձ առ»։ Բա էս թավուր աղջկան խալխի մեջ կտկլորացնե՞ն։ Կխայտառակվի, ամոթու կմեռնի։ Ձեր արածը անելու բան չի։
— Թող չլինի,— ասավ թագավորը,— քու բանը չի. թող տկլորանա, թող խայտառակվի, թող մեռնի։ Հանեք,— ասավ,— բոլոր էդ աղջկերանց շորերը։
Հանում են ու տեսնում են՝ ի՜նչ են տեսնում՝ աղախինները քառասունն էլ տղա են։ Բոլորը մնում են սառած՝ իրար էրեսի մտիկ անելով։
— Դե հիմի տեսա՞ր, թագավորն ապրած կենա,— ասում ա իմաստուն տղեն,— հիմի իմացա՞ր, ինչի՞ էին ծիծաղում էն ձկները։
— Դահիճ,— ձեն ա տալի թագավորը։
Դահիճները էն սհաթը գալիս են էնտեղ կանգնում։
— Էս սհաթին քառասունի գլուխն էլ կտրեք,— հրամայում ա թագավորը։ Դահիճները քառասունի գլուխն էլ թռցնում են։ Հետո՝ թագավորը հրամայում ա՝ իրա աղջկանը տանեն գցեն մի հացատուն, օրը մի կտոր հաց տան, քանի կենդանի ա՝ էնտեղ մնա, արևի էրես չտեսնի։
Նոր էստեղ թագավորը վեր ա կենում, էդ իմաստուն տղի ճակատը պաչում, մի քանի բեռը ոսկի ա տալիս, էլ եդ ճամփու գնում իրա հոր մոտ...
Աստծանից իրեք խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինը՝ ասիլ տվողին, մինն էլ՝ ականջ դնողին։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |