«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
51. ՃԼԵՐՔԸ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Մի մեր ու մի տղա են լինում։ Սրանց ունեցած-չունեցածը մի ջուխտ եզն ա լինում։
Արի տես, որ մի օր մերը դժվար հիվանդանում ա։ Տղեն գլխովը պտիտ ա գալի,— Ի՞նչ կուզես այ մերա, բալի մի բա՞ն կուտես, այ մերա։
— Սիրտս միս ա ուզում,— ասում ա մերը,— թե եզը կմորթես, էնա նրա միսը կուտեմ, թե հու չէ, բան էլա չեմ ուտիլ։
Տղեն տարակուսում ա՝ թե.
— Բա վար անելու վախտը որ էկավ, ես մի եզով ո՞նց վար անեմ, այ մերա։
— Շատ սրտով միս ուտիլ եմ ուզում,— ասում ա մերը,— վար անելու վախտը որ գա, աստված ողորմած ա, հալբաթ մի դուռը բաց կանի մեզ համար։
Դե, տղեն շատ ա սիրելիս լինում մորն էլի, չի կարենում խաթրը կոտրի, եզը մորթում ա, միսը ուտեցնում հիվանդ մորը։ Մերը կամաց-կամաց լավանում ա, ոտի ա կանգնում։
Օրեր են, գալիս են՝ անց են կենում։
Վար անելու վախտը որ հասնում ՝ ա, էս խեղճ տղեն մնում ա անճար անօգնական, ախար, մի եզով ո՞նց վար անի։
— Էդ ի՞նչ ա, այ որդի,— հարցնում ա մերը,— էդ խի՞ ես նոթերդ կիտել։
— Այ մերա,— ասում ա տղեն,— բա հիմի ես ի՞նչ անեմ։
— Դարդ մի անիլ,— ասում ա մերը,— դու գութան սարքի, մի թայն էլ ինձ լծի։
Դե, խեղճ տղեն ի՞նչ աներ, աղքատ մարդու օրը սև լինի, անճարը կուտի բանջարը, լծում ա մորը եզան հետ, որ վար անի։
Հենց էդ վախտը թագավորը որսից ետ գալիս ա լինում, էս որ տեսնվում ա, շատ զարմանում ու չարանում ա.
— Կանչեցեք,— ասում ա,— էդ տղին։ Կանչում են։
— Այ աղա,— ասում ա թագավորը,— դու էդ ի՞նչ տեսակ մարդ ես, մորդ դրել ես լծի տակ, որ վար անե՞ս։
— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ես երկու եզ ունեի, մերս որ դժվար հիվանդացավ, ասեց, մի եզը մորթի, սիրտս միս ա ուզում։ Ես էլ խաթրիցը էլա ոչ, մորթեցի, կերավ՝ աստծանով լավացավ, ոտի կանգնեց։ Հիմի տեսա, որ առանց վար անելու ձմեռը սոված ենք մնալու, հենց ինքն ասաւվ՝ «լծի ինձ», ես էլ լծեցի։
— Շատ ապրես, որ մորդ խոսքը գետնովը չես տվել,— ասում ա,— հիմի մորդ վեր թող,— ասում ա թագավորը,— ես մի խամ բուղա ունեմ, թե կարաս սովորացնես՝ արի տամ քեզ։
Տղեն հետը գնում ա, տեսնում ա ի՞նչ, մի ազազիլ բուղա բան ա, որ թագավորը իսկի չի կարում սրան բանացնի։ Մի հնարով սրան կապ են անում բռնում։
Տղեն բերում ա բուղին գոմը, քիփլիկ կապում գոմումը, փորիցն էլ, պոզերիցն էլ, իրեք օր, իրեք գիշեր սոված ու ծարավ ա պահում։ Բուղեն հալից ընկնում ա։ Նոր էստեղ տղեն բերում ա մի թաս ջուր ա տալի, մի բուռը խոտ, տանում ա, եզան հետ լծում։ ՝Քիչ-քիչ ջուրն էլ ա շատացնում, խոտն էլ, էնա բուղեն սովորում ա, կարգին գութան ա քաշում եզան հետ։
Խաբարը հասնում ա թագավորին.
— Բա չես ասիլ, թագավորն ապրած կենա, էն քու ազազիլ բուղեն, եզան կողքին՝ լծան տակ իրա համար գութան ա քաշում։
— Հլա մի էդ տդին կանչեցեք,— ասում ա թագավորը,— թող գա էստեղ։
Կանչում են։
— Այ տղա,— ասում ա,— էդ ո՞նց արիր, որ դրա հախիցը էկար, բան անիլ սովորացրիր։
— Դե, էնա սովորացրի էլի,— ասում ա տղեն։
— Բաս, որ էդպես ա,— ասում ա թագավորը,— ես մի աղջիկ ունեմ, արի տամ քեզ, հարսանիք անենք, տար քեզ կնիկ։ Ի՞նչ կասես սրան։
— Թագավորն ապրած կենա,— ասում ա տղեն,— ի՞նչ պետք ա ասեմ, դու որ տաս՝ ես էլ կառնեմ, խի՞ չեմ առնի որ։
Էհ, թագավորի աղջկա վայել հարսանիք են անում, գնում են աղջիկը բերում են տուն։ Դու մի ասիլ, սա մի ճլերք, թամբալի մեկն ա լինում, կպչում ա նստած տեղիցը վեր չի կենում։
— Էս ի՞նչ ա, այ որդի, որ բերիր մեր գլխին,– ասում ա մերը։
— Բան չկա, այ մեր,— ասում ա որդին,— ես դրան ճամփի կբերեմ, կհայացնեմ։ Դրան,— ասում ա,— Հաց ու ջռւր չտաս։ Բանն ո՞վ անի ես ու դու, հացն ո՞վ ուտի՝ ես ու դու։
Մեր ու որդի ուտում են, նրան տալիս չեն։
Մի օր, էրկու օր էտենց մնում ա, վրա իրեքը ճլերքը վեր ա կենում, իրա տակն ու ղրաղը ավլում, էլ ետ նստում։
Իրիկունը մերը տղին որ պատմում ա, տղեն ասում ա.
— Դե, դրան մի կտոր հաց տու, մի քիչ էլ ջուր։ Մերը տալիս ա։
Էգսի օրը աղջիկը վեր ա կենում, օթախի կեսը ավլում ա, ետ նստում իրա տեղը։
— Դե որ էդպես ա,— ասում ա տղեն,— բեր այ մեր, մի հացի կեսը տու, ջուրն էլ ավելացրու։
— Վույ, գրողը տանի սրանց,— մտածում ա աղջիկը,— իմ հոր տանը, առանց բան շինելու, ամեն բան էլ ուտում էի։ Հիմի սրանց տանը մինչև բան չեմ շինում, ցամաք հաց էլ չեն տալիս։
Մեկել օրը վեր ա կենում էս աղջիկը, տունն էլ ա ավլում, դուռն էլ։
— Այ մերա,— ասում ա տղեն,— դե հիմի մեզ հետ բարեբար հաց կտաս էդ աղջկան։
Դե, էլ ի՞նչ ասեմ։
Դրանից եդը էս աղջիկը խելքի ա գալի, ամեն օր վեր ա կենում, տուն ու դուռը մաքրում, ջուրն ա գնում, տան ամեն բանն անում, շփշփում։ Օրվա մի օր թագավորն ասում ա.
— Մեր ճլերքին տվինք էն տղին, հլա գնանք՝ տենանք, ի՞նչ դառավ։
Մի լավ խուրջին ա սարքում՝ գնում տեսության։
Աղջիկը շատ ուրախանում ա, շփշփալեն գալիս ա, հոր ձիու գլուխը բռնում, հորը վեր ա բերում, տուն տանում։
Կեսուրը քաշում ա ձին կապելու։ Դրանք միս են լինում եփած էդ օրը։ Աղջիկը բերում ա սխտորը տալի հորը, ասում ա.
— Այ հեր կլպի, որ իրիկունը քեզ հաց տան, թե հու չէ, սրանք քեզ հաց չեն տալ։
Թագավորը բեղի տակին ծիծաղում ա, կամաց-կամաց կլպում ա սխտորը։
Կեսուրը ետ ա գալի տեսնում ա թագավորը սխտոր ա կլպում.
— Վո՜ւյ քոռանամ ես,— ասում ա,— աղջի, էդ խի՞ ես սխտորը խնամուն տվել, որ կլպի:
— Բա մինչև բան չշինի, դուք հաց կտա՞ք դրան, ինձ տալի՞ս էիք, որ։
— Աղջի, ձենդ կտրի,— ասում ա կեսուրը,— Էդ ի՞նչ ես ասում։
— Խնամի, մի նեղանա հարսիցդ։ Դե, դուզ ա ասում, էլի,— ասում ա թագավորը,— թե անբան մարդը, թե անասունը։ Ապրի իմ ղոչաղ փեսեն, որ աղջկանս խելքի ա բերել։ Դե հիմի էկեք իսկական հարսանիքը մին էլ նորից անենք, թագուհին էլ գա, տենա իրա աչքովը, որ մեր աղջիկը էլ էն չի։
Էհ, նորից նոր հարսանիք են անում, ուրախանում, աշխարքով մին լինում։ Նրանք հասնում են իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին...
Հա, ի՞նչ էի ուզում ասել, հա...
...Աստված ձեր թոռներին էլ պահի՝ մի աղջիկ-թոռն էլ ես ունեմ։ Էս հեքիաթը ես որ պատմեցի, ասեց.
— Պապի, դու ուզում ես ինձ աշխարքով մեկ խայտառակ անե՞ս։
— Չէ։— ասի,— Բալիկ ջան, դու հո խելոքացել ես, տեսար որ անունդ չտվի։ Ես իմ խոսքի տերն եմ, դու որ խելոքացել, լավ աղջիկ ես դառել, էլ խի՞ եմ անունդ տալի։ Չէ, վախիլ մի, չեմ տա։ Իմ ցավն ուրիշ ա։ Ես ուզում եմ, որ մեր հարևանի աղջիկը՝ քու էն լավ ընկերուհին լսի ու թագավորի աղջկա նման խելոքանա, դու նրան ասա, ես մի քիչ էլ կհամբերեմ, թե խելոքացավ՝ լավ, թե հու չէ՝ անունն էլ գիտեմ, ազգանունն էլ ու թե ո՞ր ուսումնարանի, ո՞ր դասարանումն ա կարդում, էդ հու գիտեմ։
Ձեզանից թաքցնեմ, աստծանից ինչ թաքցնեմ, հրես ծոցատետրումս մի քանի ճլերքի անուն կա, որ գրել են ինձ նրանց ծնողները, թե խելքի էկան՝ լավ, թե հու չէ՝ ուզեմ-չուզեմ... Դե, հու հասկացաք, էլի։ Պետքա հեքիաթիս մեջը գցեմ նրանց անունները։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |