ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


53. ՀԱՅՐ ՈԻ ՈՐԴՈԻ ԱՌԱԿԸ

Ասում են, որ մի մարդ ա եղել, սրան ունեցել ա մինուճար մի տղա։ Հերը որդուն աչքի լսից ավել ա սիրել, ինքը չի կերել, որդուն ա տվել, ինքը ծարավ ա մնացել, շուրը որդուն ա հասցրել, ինքը չի հագել, որդուն ա հագցրել։ Էդպես սուրբ-սուրբ անելով, հույսը աստծուն տված, տղին մեծացնում ա, պսակում, մուրազին հասցնում։

Օրերը գալիս են իրար ետևից, գալիս են անց են կենում, գնում։ Տղեն տարիք ա առնում, հերն ավելի մեծանում, պառավում ա, աչքի լիսը խավարում, ձեռնուոտից ընկնում ա, չի կարենում մի բան էլա անի։

Տղեն տեսնում ա, որ հերը իրա վզին բեռ ա դառել, էլ երկար չի մտածում։ Մի ջվալ ա վեր ունում, էդ ոտ ու ձեռից ընկած հորը գցում ա մեջը, շալակում, տանում իրանց սարը, էնտեղ մի քերծով վեր գցում։

Ժամանակը չէ՞ որ գալիս ա, անց ա կենում, գնում։ Էս իրա հորը քերծովը վեր գցած տղի ժամանակն էլ ա հասնում, սա էլ հոր նման պառավում, ձեռուոտից ընկնում ա։

Հիմի սրա տղան ա։ Տեսնում ա, որ հերը ծանրություն ա տալիս իրան, գցում ա ջվալի մեջ, շալակում բերում սարը, քերծովը վեր գցի, ասում ա,

— Ապեր, էստեղ կաց, ես էս ա գալիս եմ։

— Որդի,— ասում ա հերը,— ես գիտեմ, թե ինչի համար ես բերել ինձ էստեղ։ Ամա տեղը էս չի, էն կողմն ա տեղը, էն քերծովը վեր գցի, ես իմ հորը, հրեն այ, էն քերծովն եմ վեր գցել։

Հոր խոսքերը որ լսում ա տղեն, ոնց որ՝ թե ուշքի ա գալիս, մտածում ա՝ թե որ ժամանակը գա, ինքն էլ պառավի, հալից ընկնի, իրա տղեն էլ պետք ա բերի սարի քերծովը վեր գցի, բան հոգի անի։

Սուս ու փուս վեր ա ունում հոր ձեռը պաչում։ Մենակ մի բան ա ասում.

— Ապի,— ասում ա,— թե կարաս բախշի իմ էս արարմունքը։

— Այ որդի,— ասում ա հերը,— մեղավորը դու չես։ Ես որ իմ հորը իմ ձեռովը չսպանեի, հիմի իմ որդին ինձ էստեղ չէր բերի։

Տղեն լավ հասկանում ա հոր խոսքերն էլ, իր աններելի արարմունքն էլ։ Հորը բերում ա տուն, պատվով պահում-պահպանում։ Երբ որ ժամանակը գալիս ա, հերը մնացած ումբրը որդուն ա տալի՝ մեռնում ա։ Տղեն մեծ պատվով թաղում ա հորը ու իրա երեխանցն էլ սովորացնում մեծի պատիվը պահելը։

— Հայրիկ,— ասեց մեր մեծ հարսը,— մի քանի տարի առաջ Հալեպ քաղաքի պատմությունն էիր արել, ի՞նչ կլինի, որ մեկ էլ ասես։

— Քյոսի, թոփալի ու քոռի պատմությո՞ւնը։

Լավ։ Պատմեմ։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice