ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


27. ՄԱՀԻՆ ԽԱԲԵԼ ՉԻ ԼԻՆԻ

Լինում ա լի լինում մի գեղացի մարդ ա լինում։ Էս գեղացին տարին տասներկու ամիս արին քրտինք ա թափում, օր ու գիշեր աշխատում, ամա իրա օրումը մի կուշտ փոր հաց կերած չի լինում` դատածը տանող-տանողի ա լինում։ Ինքը սոված, էրեխեքը սոված։

Ձեռները մեկնում ա երկինք, թե.

— Այ աստված, բա մի կուշտ փորով հաց ե՞րբ պետք ա ուտեմ։

Էհ, աստծու շատ պետքն ա՞, թե էդ խեղճ մարդը տանով-տեղով հացի կարոտ ա։

Էս մարդը տեսնում ա, որ ասածներից խեր չկա, ճարը կտրում ա, հարուստի մառանիցը մի շալակ հաց ա գողանում, մտնում մի էրի մեջ, որ մի կուշտ հաց ուտի։ Էն ա բրդուճը տանում ա բերնին, մին էլ, ըհը՛, մի մարդ ա մտնում էրը։ Գեղացին վռազ հացը պահում ա մեջքի ետևը։

— Բարի օր,— ասում ա անծանոթը։

— Բարին վրեդ,— ասում ա գեղացին։

— Բա, էստեղ ի՞նչ բանի ես։ Թե.

— Հեչ, հով տեղ ա, ասի՝ մի քիչ դինջանամ։

— Ուտելու բան-ման կա՞։

— Չէ, ղուրբան, չկա։

— Բա էդ ձեռիդ բրդուճն ի՞նչ ա:

Մարդու սուտը բռնվում ա։

— Ճիշտ ա,— ասում ա,— կա, համա մի կուշտ փոր պետք ա ուտեմ, համ էլ էրեխանցս պետք ա տանեմ։ Քեզ ինչի՞ եմ տալի։

— Հանի մի բրդուճ։

— Չեմ տա։

— Որ ասեմ թե ով եմ՝ կտաս։

— Լավ, հալա մի ասա տեսնեմ ո՞վ ես։

— Ես քու ստեղծող աստվածն եմ։

— Վայ քու տունը քանդվի հա՜, աստվա՞ծն ես։ Դու էն չե՞ս, որ հարուստ ու աղքատ ես ստեղծել։ Դու էն չե՞ս, որ հարուստներին օղորմում, աղքատներին իսկի մտիկ չես անում։ Դու էն չե՞ս, որ ինձպեսներին մինչև օրս մի կուշտ փոր հաց չես տվել։ Էկել ես, հերիք չի, հլա զոռ էլ ես բանեցնում, ինձ վախեցնո՞ւմ։ Որ մեռնեմ՝ չեմ տա։

Աստված տեսնում ա, որ էս գեղացին քարից էլ պինդ ա, սրանից մի շան մազ էլ չի կարա պոկի, թողնում ա՝ գնում։

Մարդը նոր շունչ ա քաշում, ուզում ա բրդուճը բերանը տանի, մին էլ, ըհը՛, մի ուրիշը մտավ էրը։

— Բարի օր,— ասում ա անծանոթը։

— Աստծու խերն ու բարին։

— Ճամփորդ եմ,— ասում ա եկվորը,— սարի գելի պես սոված եմ, ուտելու բան-ման կա՞ կշտիդ։

— Կար, համա կերա՝ պրծա։

— Բա էն բրդուճը, որ ձեռքիդ ա՞։

— Հենց էն ա ու էն։

— Սուտ ես ասում, որ իմանաս ո՞վ եմ, կտաս։

— Դե ասա տեսնեմ ո՞վ ես։

— Ես Քրիստոսն եմ։

— Վայ քու տունը քանդվի հա՜։ Ես աստվածից չվախեցա, քեզանից պետք ա վախենա՞մ։ Դու, որ լավ, կարգին մարդ լինեիր, քեզ չէին բռնի, չէին խաչի ու չարչարի։ Որ ճամփովն էկար, էն ճամփավն էլ ետ գնա։ Տեղովդ մեկ սուտ ես։ Էնքան բան խոստացար քյասիբ-քյուսուբին, մինն էլա չկատարեցիր։

Քրիստոսը տեսնում ա, որ էս անհավատիցը օգուտ չկա, թողնում ա, գնում։ Էս խեղճ գեղացին սոված, թուքը կուլ տալով, բրդուճը բերանն ա կոխում, մին էլ, ըհը մի ուրիշն էլա գալի։

— Բարի օր։

— Թող բարի լինի, թե որ կարենամ էս մի թիքեն կուլ տամ։ Տո, ձեր տունը քանդվի, դուք, ինչ ա, ոչ խիղճ ունեք, ոչ նամո՞ւս։ Հրես սովիցը մեռնում եմ, գողություն եմ արել, թե ինչ ա կյանքումս մի հետ էլա կուշտ փոր հաց ուտեմ, էս մի թիքեն էլ եք հարամ անում գլխիս։

— Շատ լիզվիդ մի տա,— ասում ա անծանոթը, գիտեմ, որ հաց ունես, տուր։

— Միանգամից ասա տեսնենք ո՞վ ես, ինչի՞ տամ։

— Ինձ Մահ կասեն,— ասում ա անծանոթը։

— Հա, որ դու Մահն ես, ի՞նչ եմ ասել, հիմի որ կտամ։ Դու աստծանից էլ զորավոր ես, Քրիստոսից էլ։ Քեզանից արդարը չկա։ Քու աչքին մեկ են հարուստն ու աղքատը, ջահելն ու պառավը, տեղացին ու էկվորը։ Դու մարդկանց մեջ խտրություն չես դնում։ Առ, ախպեր, թող քեզ հալալ լինի քու բաժինը։ Առ, համեցեք։

— Հացը ինձ պետք չի,— ասում ա Մահը,— ես կուշտ եմ, ես միշտ կուշտ եմ, պատահում ա, որ շատ կերածից տանջվում եմ, ամա ի՞նչ արած, գործիս անունն էդ ա։ Ես ուզում էի քեզ փորձեմ։ Հիմի տեսնում եմ, որ մինչև կյանքիդ վերջը անարատ ու արդար ես մնացել։ Էլ ապրելու ու տանջվելու ուժ չի մնացել ջանումդ։ Հասել ա քու վերջին օրը։ Հիմի ես քեզ կքնացնեմ ու էդպես, առանց մահվան տանջանքի, քաղցր էրազների մեջ ճամփու կգցեմ արքայություն։ Գնա, ախպեր, բարի ճամփա քեզ։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice