ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


48. ԹԱՄԲԱԼԸ

։Ժամանակով մի հարուստ մարդ ա լինում, սրան ունենում ա մինուճար մի տղա։ Էս էրեխուն շատ են սիրում, նրա ամեն ուզածը կատարում։ Տան մեծ ու պստիկի համար նրա խոսքը օրենք ա լինում։ Թե ուզածը չկատարեին, էդ էրեխեն մի լաց ու վայնասուն էր գցում, որ տանով-տեղով, հարևաններով ականջները բռնում էին, որ նրա ձենը չլսեն։ Դե, գիտեք էլի. «Էրեխին հարցրին՝ ինչի՞ ես լաց լինում, ասավ խոսքս անց ա կենում, դրա համար»։

Էս տղեն քանի մեծացավ դառավ իրա ասածի, համ էլ թամբալ, հետն էլ խորամանկ տղա։ Դե որ ամեն ուզածը կատարում էին, էնքան էր թամբալացել, որ ալարում էր կերածը ծամի։ Տղի պսակվելու վախտը որ հասավ, հերը տղի համար մի խելոք աղջիկ առավ, պսակեց՝ իրա մնացած ումբրը տվեց տղին, պառկեց ու մեռավ։

Հիմի էլ էս տղեն կամ կնկա ծոցիցը դուրս չէր գալիս, կամ զարթնելուն պես վռազ մտնում էր թունդիրը, ամառ-ձմեռ թունդիրի միջիցը չէր դուրս գալիս, թե.- Վա՜յ, ես մրսում եմ, վա՜յ ես կմրսեմ, կմեռնեմ։

Հոր թողած կարողությունը մի քանի վախտ կերան պրծան՝ մնացին սոված։ Տղին ճար չէր լինում թունդիրիցը դուրս բերել, որ մի աշխատանք անի՝ օղլուշաղը պահի։

Խելոք կնիկը էրկու օր սրան քաղցած պահեց, վրա իրեք օրը, մի բուռ չամիչ վեր կալավ, չամիչը շաղ տվեց՝ սկսած թունդիրի շրթիցը՝ մինչև տան դուռը՝ ինքը տապ կացավ։ Տղեն կանգնեց թունդիրի միջին, որ դինջանա, տեսավ չամիչ ա թափած, ձեռը գցեց, կամաց-կամաց հավաքեց կերավ, որ տեսավ ձեռը էլ չի հասնում, դուրս էկավ թունդիրիցը, հավաքելով հասավ դռանը, դուռը բաց արավ, որ էնտեղ էլ հավաքի, կնիկը դուռը ներսիցը պինդ փակեց։

Տղեն ձենը գլուխը գցեց.

— Վայ, ոտներս ցուրտը տարավ, վայ, ես էս ա մրսեցի՝ մեռա, այ կնիկ, դուռը բաց արա, հրես մեռնում եմ։

— Ձենդ կտրի թամբալ շուն,— ասում ա կնիկը,— էս ամառվա տաք օրը ի՞նչ ունես մրսելու։ Բոլ էլավ, հոգիս կերար, չեմ թողնի թունդիրը մտնես, դու մեռնես դուռը բաց չեմ անի, գնա աշխատանք արա, բեր օղլուշաղը պահի։

Ճարը կտրած էս մարդը մնում ա դուրսը, ման ա գալիս քուչեքումը։ Մին էլ տեսնում ա՝ ըհը՛, մի սիրուն աղլուխ ա վեր ընկած։ Վեր ա ունում, տեսնում ա, որ էդ աղլուխը թագավորի աղջկա աղլուխը պետք ա լիսի։

Դու մի ասի թագավորի աղջիկը իրա քառասուն աղախիններով գալիս ա բախլեն ման գալու։ Աղլուխը հանում կախ ա տալի ծառի ճղնին, քամին էլ վեր ա ունում քշում։

Տղեն աղլուխը բերում ա կնկանը, կնիկն ասում ա,

— Ոչ ես կարամ կապեմ գլխիս, ոչ էլ դու կարաս ծախես։ Էս թագավորի աղջկա աղլուխն ա։ Տար տուր թագավորին, մի բան փեշքեշ կտա, մի երկու օր հաց կառնենք կուտենք։

Էս տղան դուրս ա գալիս քուչեն, մի հարմար տեղ ա ման գալի, տենում ա` պատը ճաքած ա, աղլուխը կոլոլում ա կոխում ա էդ ճաքը, մին էլ լսում ա, որ դալալը ձեն ա տալիս,— ով որ թագավորի աղջկա աղլուխը գտել ա, թող բերի տա, բերողը քսանհինգ մանեթ կստանա։

Տղեն ասում ա դալալին, թե,

— Ես գտել եմ։

Դալալը թե.

— Աղլուխը տու վաղը տամ։

Ասում ա,

— Քեզ ինչի եմ տալիս, կտանեմ, թագավորին կտամ։ Երկուսով իրար հետ գնում են հասնում թագավորի պալատը։

— Աղլուխը տու,— ասում ա թագավորը,— տու, որ փողը տամ։

Տղեն ասում ա.

— Ինձ որ՞դիան ա աղլուխը։

Թագավորը թե,

— Բա ինչի՞ ես եկել։

Տղեն թե,

— Ես ռամ գցող եմ։ Ռամս կգցեմ` կգտնեմ։

Թագավորը թե,

— Յանի դու էդքան շնո՞րհք ունես։ Դե գցի տեսնենք։

Տղեն ձեռի միջին մտիկ արեց, ասավ,

— Աղլուխը ֆլան քուչի պատի ճեղքումն ա։ Թագավորը դալալին ղրկեց, որ բերի, ասեց,

— Թե դուզ էլավ, փեշքաշ կտամ քեզ։

Թագավորը աղլուխը որ տեսավ, զարմացավ, ասեց,

— Երևելի իմաստուն ես դու, բա մինչև հիմի որդի՞ էիր, որ քու անունը չէի լսել։

Սա թե.

— Ես մի քյասիբ մարդ եմ, իմ անունը ի՞նչ պետք ա լսեիր։

— Էսօրվանից,— ասեց թագավորը,— դու իմ վեզիրն ես, իմ պալատում պետք ա լինես։ Քու ամսականն էլ կլինի քսան ու հինգ ոսկի, կեր, խմի, քեֆ արա։

Տղեն վեր ա կենում, գալիս տուն, կնկանն ասում ա,

— Աչքդ լիս։

Կնիկն ասում ա.

— Հը, ի՞նչ խաբար ա:

Մարդն ասում ա,— Էլ ի՞նչ խաբար պետք ա լի, հիմի ես թագավորի վեզիրն եմ, իմ ամսականը քսան ու հինգ ոսկի ա, հիմի որ պետք ա լավ ուտեմ, խմեմ, քեֆ անեմ։
Մի քանի ժամանակ մարդ ու կնիկ իրանց քեֆին ապրեցին, մին էլ թագավորը մտածեց,

— Արի մի հատ էլ փորձեմ սրա իմաստությունը։– Կանչում ա տղին, թե,— գնանք բաղը ման գալու, դու աջ գնա, ես ձախ։

Թագավորը մի վարդ ա պոկում, բռի միջին պահում,

— Ինչ ա՞ բռիս միջինը, իմացիր։

Տղեն տեսնում ա, որ էս ա գլուխը կտրելու են կնկա պատճառով, կնկա անունն էլ Գյուլի ա լինում, ասում ա,

— Ա՜խ, Գյուլի, Գյուլի։

Թագավորը բուռը բաց ա անում, ասում ա,— Դու ո՞նց իմացար, ար բռիս միջինը գյուլ էր։

Տղեն ասում ա.

— Որ իմաստուն չլինեի ո՞նց կիմանայի։

— Որ էդքան իմաստուն ես,— ասում ա թաղավորը,— ամսականդ շինեցի երեսուն ոսկի։

Նորից անց ա կենում մի քանի ժամանակ, հիմի արի տես, որ թագավորի խազինեն յոթ հոգի կտրում են, ամեն մեկը մի ջվալ ոսկի են տանում։ Թագավորը կանչում ա իր իմաստուն վեզիրին, ասում ա,

— Խազինեն կտրել են, յոթ ջվալ ոսկի են տարել, յա պետք ա գտնես, յա թե չէ գլուխդ կտրիլ կտամ։

Տղեն ասում ա,— Քառասուն օր ժամանակ տուր, կգտնեմ։

— Լավ,— ասում ա թագավռրը,— տվի քառասուն օր։

Տղեն իր օրն ու գլուխը վայ տալով գալիս ա տուն,— Այ կնիկ, ասում ա, հորդ տունը քանդվի, ոնց որ դու իմ տունը քանդեցիր։ Ինձ հմա սուս ու փուս խելոք վեր ընկած էի թոնրի միջին, գլուխս կերար, մի բուռ չամչով խաբեցիր, դուրս արիր տանիցս։ Թագավորի խազինեն կտրել են։ Ասում ա, յա պտի գտնես, յա գլուխդ կտրիլ կտամ։ Բա, ես ո՞նց գտնեմ, վեզրի կնիկ Գյուլի խանում։ Թեզ արա, հաց գցի ուտեմ, մի քիչ քնեմ, վեր կենամ գիշերով գլուխս առնեմ փախչեմ։

Կնիկը վեր կացավ, յոթ ձու խաշեց, բերեց դրեց մարդի առաջը։

Հենց էդ վախտն էլ, թագավորի խազինի գողերը, յոթ հոգի, իմանում են, որ թագավորը թամբահ ա արել էս վեզրին՝ գտնելու, գալիս են կտուրը, որ ականջ դնեն, տենան՝ իրանց անումը տալիս ա՞։ Յոթ հոգուց վեցը նստում են ղրաղ, մեկն էլ գալիս ա երդիկի մոտ պպզում։ Տեսնում ա ձեն ու ձուն չկա, վեր ա կենում, որ գնա, հենց էդ վախտը իմաստուն վեզիրը ձվի մեկն ուտում ա, ասում.

— Էս մեկը գնաց։ Էս էլ մի բան չի։

Գողը լսում ա, համ զարմանում ա, համ վախից դողացնում, ընկերներին ասում ա,

— Վեզիրը իմացավ։

Հիմի էլ մեկել ընկերն ա մոտկանում երդիկին՝ վեզիրը էլի մի ձու յա ուտում, ասում,—

— Էս էլ երկուսը գնաց, սա էլ մի բան չէր.

Սա գնում ա ասում.— դրուստ որ իմաստուն մարդ ա, իմացավ գալն ու գնալը։

Էսենց յոթն էլ էկան-գնացին, տեսան որ իմաստունը իմացավ նրանց գալն ու գնալը։ Իրար միչի խորհուրդ արին, վեր եկան ներքև, վեզիրի դուռը ծեծեցին, յոթն էլ ընկան վեզիրի ոտները, թե.

— Վերև աստված, ներքև դու, մեզ ազատի, թագավորի խազինեն մենք ենք կտրել։

— Ես լավ գիտեմ, որ դուք եք կտրել, համա որ էկաք ոտներս ընկաք, ձեր անունը չեմ տա, կասեմ՝ ես ռամ եմ գցել, գտել եմ։ Դուք գնացեք, մի ջվալ ոսկին ձեզ, վեցը բերեք։

Գողերը ուրախացան, գնացին վեց ջվալ ոսկին շալակեցին, բերին դրին վեզիրի տանը։ Վեզիրը առավոտը հենց լիսը բացվեց, վեր կացավ գնաց թագավորի մոտ ասեց.

— Գտել եմ թագավորն ապրած կենա, հրեն մեր տանն են ջվաները, ղրկի բերել տու։

Թագավորը շատ ուրախացավ, ասեց.

— Դու քառասուն օր ժամանակ էիր ուզել, ո՞նց էս գիշեր գտար։

— Ռամ գցեցի, գտա, էլ ո՞ւր եմ քառասուն օր մնում։

— Իրեք ջվալը քեզ,— ասավ թագավորը,— իրեքը բեր մեզ։ Բոլ ա։

Համբալները շալակեցին բերին։ Թագավորն ասաց.

— Որ էդքան իմաստուն ես, քու ամսականը շինում եմ քառասուն ոսկի։ Տղեն թագավորին գլուխ տվեց, գնաց իրա տունը, կնկանն ասեց.

— Քոռ բախտը սրանով իրեք հետ ինձ ազատում ա գլուխս կտրելուց, հիմի ամսականս դառել ա քառասուն ոսկի, էդ մեզ բոլ-բոլ ա։ Հիմի մի բան մտածենք, ի՞նչ անենք, ո՞նց անենք, բալքի գլուխներս ազատենք։

— Դե, ի՞նչ մտածենք,— ասեց կնիկը,— ես ինչ գիտեմ՝ ինչ ասեմ։

— Այ կնիկ,– ասավ,— արի ես ինձ դնեմ հիվանդությունը,— ասեմ.— իմաստությունս հիվանդությունը տարավ։

— Լավ ասիր,— ասեց մկնիկը,— բերեց տեղաշորը գցեց, մարդուն տեղով, բարձով, պառկեցրեց։ Խաբարը գնաց թագավորին, թե վեզիրը հիվանդացել ա։

Թագավորը ինչքան հեքիմ ղրկեց՝ չկարացին ճար անին, վեր կացավ իրա ոտքովն էկավ նստեց վեզիրի մոտ։ Վեզիրը աչքով արեց, կողքի մարդեքը քաշվեցին, նոր թագավորը հարցրեց, թե.

— Քու ցավի անունը ի՞նչ ա, հեքիմները բան չեն հասկանում։

— Թագավորն ապրած կենա, էս իրեք անգամ էլ փորձանքը որ պատահում ա քեզ, ես ռամ եմ գցում, օգնում եմ քեզ, համա հիմի, արի տես, որ չարքերը ասում են ինձ.

— Մենք թագավորին ուզում ենք վնաս տանք, դու խի՞ չես թողնում։ Էս քանի գիշեր ա հավաքվում են, ինձ էն ծեծն են տալի, էն օրն են գցում, որ վրես հալ չի մնացել։ Գլխիս էնքան են տվել, որ իմաստությունս կորել ա։

— Վա՜յ, վա՜յ, — ասեց թագավորը,— քու տունը չքանդվի, հո մարդի չե՞ս ասել, որ իմաստությունդ կորել ա։ Կնկանդ էլ բան չասես, թե չէ հենց էն օրը աշխարքը կիմանա։ Քու իմաստությունը կորցնելը, լավ ա, որ մենակ ես ու դու գիտենք. թող ուրիշները կարծեն թե դու էլի իմաստուն ես, որ քու ահիցը գողութչուն չանեն։ Էս էլ իմանաս՝ էսօրվանից քու ամսականը հիսուն ոսկի ա։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice