«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
20. ԻՐԵՔ ՏԻԿՆԻԿԻ ԳԱՂՏՆԻՔԸ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լինում ա, չի լինում, մի թագավոր ա լինում։ Էս թագավորը պսակվում ա, մի ջահել, սիրուն կնիկ ա առնում։
Անց ա կենում ինն ամիս, ինն սհաթ, ինն րոպե, թագուհին ծունկը գետին ա տալիս բերում մի սիրուն տղա։ Կնիկը որ տղա բերի, տան պատերն էլ են խնդում, ուրախանում։
Թագավորը ուրախանում ա, աշխարքով մեկ ա լինում, համ էլ միտք ա անում, ոնց պետք ա մեծացնի իր որդուն։ Հավաքում ա իրա նազիր-վեզիրներին, պալատականներին, ասում ա.
— Իմ թագաժառանգի համար էնպես մի խաղալիք ճարեք, որ համ ոսկեղեն լինի, համ էրեխու նման լինի, համ էլ իրա էրեխա տեղովը՝ իմ էրեխուն խելք սովորացնի։
Նազիր-վեզիրը, պալատականները աշխարհով մեկ ման են գալի, թագավորի ուզածը չեն կարում գտնեն։ Ոսկերիչները ասում են.
— Խաղալիքը ոսկուց ա ուզու՞մ թագավորը, էդ մեր փեշակն ա կանենք, էդ մեկը` լավ։ Ասենք թե, խաղալիքը լինի էրեխու նման, շատ լավ, էդ վրա երկուսն էլ արեցինք։ Բայց, թե ո՞նց անենք, որ ոսկուց շինած էրեխեն թագաժառանգին խելք սովորացնի, էդ մեր խելքը չի կտրում։ Չենք կարալ։
— Տո, տնաքանդներ,— ասում են պալատականները,— բա էս քամբախ երկրումը մի խելքը գլխին ոսկերիչ չգտնվի՞, որ թագավորի հրամանը կատարի` համ մեր էրեսը պարզ անի, համ ինքն ուզածի չափ փող ստանա իր կատարած գործի համար։
— Դե, ի՞նչ անենք,— ասում են,— մեր մեծ ուստեն կարելի ա աներ էդ գործը, ամա ո՜ւ ր՝ շատ ա ծերացել, ձեռ ու ոտից ընկել։
— Նա արհեստանոց չունի,–— ասում են,— տանը մլուլ ա տալի, մանդր-մունդր բաներ շինում։
— Բա, որտե՞ղ ա ձեր մեծ ուստեն։
— Էսքան չարչարվեցինք, ման էկանք,— ասում են պալատականները,— էս մեկն էլ փորձենք, բալի մեր բախտը բանում ա։
Գալիս են էս մեծ ուստի դուռը կտրում, էրկու ոտը մի փաբուջի մեջ դնում, թե.
— Թագավորի հրամանն ա, պետք ա մի ճար անես, թե չէ, որ թագավորը չարացավ` ոսկերիչներիդ քոքը կկտրի։
— Դե, որ էդպես ա,— ասում ա մեծ ուստեն,— իրեք օր ինձ ժամանակ տվեք, կարելի ա ձեր ուզածը կատարեմ։
Էս պալատականները իրեք օր, վայ էն համբերելուն, համբերում են։ Չորրորդ օրը, լուսը նոր բացված՝ գալիս են մեծ ուստի մոտ.
— Հը՞, ի՞նչ էլավ, մի բան արիր, թե՞ չէ։
Ուստաբաշին հանում ա դարակիցը իրեք հատ մի չափի, մի քաշի, մի շենքի, իրար նման ոսկե տիկնիկ, դնում նրանց առաջին։
Պալատականները ասում են.
— Էրկու պահանջը կատարված ա՝ համ ոսկեղեն են, համ էլ էրեխու նման։ Բա վրա իրե՞քը, սրանք ոնց են խելք սովորացնելու թագաժառանգին։
— Լավ մտիկ արի՞ք էդ տիկնիկները,— հարցնում ա մեծ ուստեն։
— Էլ ի՞նչ մտիկ անենք, իրեքն էլ մի տեսակ են, էլի։
— Դե, որ մի տեսակ են,— ասում ա մեծ ուստեն,— ինձ տարեք թագավորի պալատը, բալի նա մի բան հասկանա։
Սրան բերում են թագավորի պալատը։
— Թագավորն ապրած կենա,— ասում ա մեծ ուստեն,— հրես քու ուզածը բերել եմ։
Թագավորը վեր ա ունում տիկնիկները, դես ա շուռ տալի, դեն ա շուռ տալի, բան չի հասկանում, իրեքն էլ ոսկուց, մի չափի, մի քաշի, մի շենքի։ Ասում ա.
— Այ մարդ, խաղալիքը ոսկուց ա՝ էդ լավ։ Մեկի տեղը իրեքն ես շինել՝ էդ էլ լավ, չունքի էրեխու ձեռին էրկուսը թե կորչի, մեկն էլ ա կմնա, որ խաղա։ Դու էն ասա, սրանք ո՞նց են խելք սովորացնելու իմ որդուն։
— Թագավորն ապրած կենա,— ասում ա մեծ ուստեն,— թե սրանք չսովորացնեն, ուրիշ սովորացնող չի ճարվի։ Սրանք թանկագին սովորացնողներ են, սրանց գինն էլ տարբեր ա։ Լավ մտիկ արա տիկնիկներին,— ասում ա,— էս մեկի գինը դու նշանակի, էս մեկելը սրանից ավելի թանկ ա, ամա ամենաթանկը էս ա, որ կա։ Ուրեմն, ասում ես, լավ տնտղեցի՞ր էդ տիկնիկները։
— Քու տունը շեն,— ասում ա թագավորը,— էստեղ ի՞նչ կա տնտղելու։ Հրես՝ էս մեկի աջ ու ձախ ականջներն էլ ծակ են, ամա էն երկուսինը՝ մի ականջն ա ծակ։
— Հա՞, օղորմի հորդ,— ասում ա մեծ ուստեն,— որ էդքան սուր աչք ունես, քեզ հետ խոսելը հեշտ ա։ Դե, վեր կալ,— ասում ա,— էս ծղոտը մտցրու առաջին տիկնիկի աջ ականջը։ Ի՞նչ էղավ։
— Պահո՜,— զարմացավ թագավորը,— դուրս էկավ ձախ ականջիցը։
— Հրամանք ես,— ասեց մեծ ուստեն,— ուրեմն էս տիկնիկը նման ա էն մարդուն, որ ինչ էլ անես, չի կարում մտքումը պահի, գլխումը խելք չկա։ Ինչ որ մի ականջիցը մտնում ա, մեկելիցը դուրս ա գալի։
— Դե, հիմի,— ասեց,— ծղնոտը կոխի մեկել տիկնիկի ականջը։ Ի՞նչ էղավ։
— Պույ,— ասեց թագավորը,— հրես բերնովը դուրս էլավ։
— Հրամանք ես,— ասեց ուստա բաշին,— էս տիկնիկն էլ նման ա էն մարդուն, որի բերնումը լոբի չի թրջվի: Մի բան որ լսեց, տասն էլ վրան ավելացրած, սուտն ու դրուստը իրար խառնած, փորը կծակի՝ մինչև սրան-նրան չասի, մարդկանց իրարից խռովացնի, կռվացնի։
— Լիս գա հորդ հոգուն, մեծ ուստա, շատ արդար ես,— ասում ա թագավորը,— էլ ո՞ւր ես հեռու գնում, հրես առաջիդ կանգնած պալատականների գործը բա ի՞նչ ա, էդ ա, էլի։
— Դե, հիմի թագավորն ապրած կենա, ծղոտը մտցրու սրա ականջը,— ասում ա մեծ ուստեն։
— Վայ, էս ի՞նչ պատահեց, մեծ ծղոտը գնաց վեր, մտավ գլու՞խը։
— Հրամանք ես, — ասեց մեծ ուստեն,— էս տիկնիկն էլ նման ա էն մարդուն, որ լսածը մտքին պահում ա, լավն ու վատը ջոկում, չարը՝ խափանում, լավին պաշտպան կանգնում։ Քու որդուն խելք սովորացնողը սա պետք ա լինի։
Էն Էրկու տիկնիկի վրա, թող քու որդին ծիծաղի, նրանց ծաղր ու ծանակ անի։ Ամա էս տիկնիկը, թող օրինակ դառնա որդուդ՝ թե ուզում ա խելոք ու արդար թագավոր լինի, թող միշտ ժողովրդի ասածին ականջ դնի, նրա ասածը հասկանա։ Ինքը բախտավոր կլինի, ժողովուրդն էլ՝ գոհ:
Թագավորր խորը մտածմունքի մեջ ա ընկնում։
— Իմաստուն մարդ ես,— ասում ա,— վարպետ ոսկերիչ։ Մինչև իմ որդու խելքի գալը, հրես ինձ սովորացրին քու տիկնիկները։ Դատարկագլուխ ու բերան պատռած պալատականների խոսքը լսելով ես ի՞նչ հասկանամ ժողովրդի դարդ ու ցավից։ Հիմի, ես իմ անելիքը դիտեմ։
* * *
Պապս հեքիաթը որ թամամացրեց, ասեց.
— Տեսա՞ք, ոսկերիչը ո՞նց խելոքացրեց էն թագավորին։ Տատս, ասած կլինեմ ձեզ, շատ խելոք կնիկ էր։
— Ալևոր,— ասեց,— թագավորի խելոքանալը ո՞րն ա։ Չես իմանու՞մ, որ թագավորի միրուքը պալատականների ու հարուստների ձեռքին ա՞։ Որ կուռն ուզեն, էն կուռը շուռ կտան։
— Ուրեմն հեքիաթն էլ չասե՞մ,— նեղացավ պապս։
— Չէ,— ասեց տատս,— իսչի չէ, հեքիաթը դաս ա լսողներին, ամա թագավորի խելոքանալը լինելու բան չի։
— Դու էլ ես արդար, այ կնիկ,— ասեց պապս։
Իհարկե` արդար ա։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |