«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
64. ԱՌԵՎՏՈԻՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Մի չոբան իր էրկու ոչխարը տանում ա բազար, որ ծախի, ամա ուշ ա տեղ հասնում՝ մուշտարի չի ճարում։
Քոռ ու փոշման ուզում ա ետ դառնա, մին էլ մի դալալ ա մոտկանում էս ոչխարների դմակն ա ձեռների միջին ծանր ու թեթև անում, կողերն ա ճմռում՝ մթամ ուզում ա առնի, դեսից-դենից լկռահաչի տալի, վերջը, թե.
— Ի՞նչ արժի քու ոչխարը։
Ոչխարի գինն էլ էդ վախտը շատ-շատ՝ իրեք-չորս մանեթ ա լինում։ Ամա չոբանը տեսնում ա, որ սա քամի փչող ա, բան առնող չի, գլխիցը ռադ անելու համար ասում ա.
— Էս ոչխարի գինը հազար մանեթ ա։
— Քու չոբան հալովը ինձ վրա ծիծաղում ե՞ս,— ասում ա դալալը,— դե հմի ծիծաղի։
Ասում ա ու մի սիլլա տալիս չոբանին։
Չոբանը ոչխարները թողած, բռնում ա էդ դալալի յախիցը, քարշ տալիս բերում քյոխվի մոտ։
— Ինչ գանգատ ունես,— հարցնում ա քյոխվեն։
Չոբանը պատմում ա, թե էսենց, էսենց բան, էս մարդը, ես անմեղ, անտեղի ինձ սիլլա ա տվել։
— Դուզ ա ասո՞ւմ էս քնձռոտ չոբանը,— հարցնում ա քյոխվեն։
— Հրամանք ես,— ասում ա դալալը ու քյոխվին աչքով անում։ Քյոխվեն հասկանում ա դալալի աչքով անելը՝ յանի դու քունը կստանաս։
Մթամ շատ ա չարանում դալալի վրա, ոտը գետնովն ա տալիս.
— Էդ արարքիդ համար,— ասում ա,— էս չոբանին, շտրաֆ պետք ա տաս. քսան կապեկ։ Էս րոպեին հանի,— ասում ա,— տուր։
— Հրամանք ես,— ասում ա դալալը,— ձեռիս չկա, գնամ տուն, բերեմ։
— Բան չկա,— ասում ա քյոխվեն,— սա կսպասի, գնա բեր։
Չոբանը հասկանում ա, որ իրան ձեռ են առնում։ Դալալի գնալուց հետո հարցնում ա.
— Պարոն քյոխվա,— ասում ա,— ուրեմս, մարդի էրեսին սիլլա խփելը քսան կոպեկ արժի՞։
— Հա, էդպես ա օրենքը,— պատասխանում ա քյոխվեն։
— Մեռնեմ օրենքին,— ասում ա չոբանը, մի սիլլա տալիս քյոխվին, դալալը քսան կոպեկը որ բերի,— ասում ա,— քեզ թող լինի։ Ես վռազ եմ, գնացի։
Մինչի քյոխվեն՝ ուշքի ա գալի, չոբանը փախչում, գնում ա։
* * *
Ախ, ո՞ւր էր թե կաշառակեր դատավորը միշտ իրա փայ սիլլեն ուտեր։
* * *
... Հիմի էս թողնենք ու գանք հեքիաթի մշակողի մոտ, տեսնենք՝ ինչպես պետք ա նրա բանը վերջանա։
Արամ Ղանալանյանի «Ավանդապատումում» մի մեջբերում կա Գարեգին Լևոնյանից քաղված։
«Ղարսի փաշան պատվիրում է Թուջջարին, որ նա բոլորովին նոր մի հեքիաթ ասի։ Թուջջարը նեղն է ընկնում. նայում է չորս կողմը, նշան է անում աշակերտին, որ այլայլված հետևում էր վարպետի անհանգիստ շարժումներին՝ ու հազալով, կոկորդը մաքրելով հանպատրաստից սկսում է մի նոր հեքիաթ հորինել (պատմելով և ներկայացնելով)։ Այդ ընթացքում Թուջջարն այնպիսի սրտաշարժ տեսարաններ է հորինում, որ փաշան սկսում է հեկեկալ։ Անսպասելի կերպով լաց է լինում և ինքը Թուջջարը։ Զարմացած աշակերտը մոտենալով իր վարպետին հարցնում է— ուստա, դո՞ւ ինչու ես լաց լինում, հո գիտես, որ պատմածդ հեքիաթը սուտ է։— Որդի,— պատասխանում է Թուջջարը,— ես լաց եմ լինում ոչ թե հեքիաթի ազդեցությունից, այլ թե ինչպես պիտի վերջացնեմ այն»։
* * *
Հեքիաթները շարունակվում են, ես էլ՝ նրանց հետ... Բայց թե ոնց ա վերջանալու իմ բանը, էդ էլ աստված գիտի։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |