«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
36. ԱՆԶԳԱՄ ԿՆԻԿԸ
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լինում ա, լի լինում մի մարդ, մի կնիկ։ Սրանք շատ աղքատ ու անճար են լինում։ Մարդը գնում էր սրա-նրա մոտ, մշակություն անում, մի քանի շահի աշխատում, բերում ընտանիքը պահում։
Համա կնիկը էնենց մի անզգամ, էնենց մի աստծո էրեսիցը թափած, էնենց մի տնաքանդ էր, որ, որ... էլ չեմ կարա ասել։
Աստծու օրը մարդի հոգին հանում էր՝ «Ինձ համար էս առ, էն առ, էս բեր, էն բեր, էս չթին հավան չեմ, էն չթիցր բեր»։
Էսենց խեղճ մարդին գժվացրել էր, թողել։ Խեղճ մարդը մեռնում էր կնկանը խրատելով՝ «Այ կնիկ, ախր էսենց չի լինի, տեսնում ես, օրեն հացի մուրացկան ենք, զոռով ենք ծերը ծերին հասցնում, գլուխ պահում»։
Համա ո՞ւմ ես ասում, անզգամ կնիկը էլի իրա էշն էր քշում։ Կնիկդ որ լավը լինի, մի գնա հարսանիք, տանդ ամեն օր հարսանիք ա ու հարսանիք, թե կնիկդ վատը լինի, մի գնա մեռլատուն, տունդ ամեն օր մեռլատուն ա ու մեռլատուն։
Վերջը, որ էս խեղճ մարդու հոգուն հասնում ա, տեսնում ա՝ ճար չկա, որոշում ա գլուխն առնի, կորչի, բալքի էդ անզգամ կնկա ձեռիցը պրծնի։ Օրվա մի օր վեր ա կենում էդ մարդը՝ տնից փախչում։
Գնում ա, գնում ա, գնում, շատ ու քիչն աստված գիտի, դուրս ա գալիս մի չոր ամայի տեղ։ Մեկ էլ տեսնում ա հրեն գետնին մի կլոր քար։ Ասում ա, տեսնես էս ի՞նչ բան ա։ Ճռնչալեն էդ քարը ետ ա գցում, տեսնում ա՝ տակին մի խոր անտակ հոր, էն սհաթին քարը էլ ետ գնում ա հորի բերնին։
— Էս լավ էղավ,— ասում ա,— սրանից էլ լավ տեղ չկա, գնամ անզգամ կնկանս բերեմ, գցեմ էստեղ, բալքի միանգամից ազատվեմ նրա ձեռիցը։
Գալիս ա տուն։
— Այ կնիկ,— ասում ա,— էսենց, էսենց, էսենց բան։ Էսօր գնացել էի հանդը ցախ հավաքելու, տեսա գետնին մի կլոր քար, բարձրացրի քարը, ինչ տեսնեմ՝ մի մեծ հոր, մեջը լիքը խազինա՝ էլ ոսկե մատնիքներ, էլ մարգարիտներ, էլ մարջաններ ու հազար ու մի թանկագին քարեր՝ էնենց են պսպղում, որ մարդի քեֆ են բերում։
— Ճի՞շտ,— հարցնում ա կնիկը։
— Չիշտը ո՞րն ա։ Չես հավատում, գնանք տես։
Մարդ ու կնիկ վեր են կենում, մի էրկու պարան էլ հետները վեր ունում, ընկնում ճամփա։ Գալիս են, գալիս, հասնում էդ հորի մոտ։ Մարդը քարը բարձրացնում ա, դե գիտի իր կնկա թարս բնույթը, չէ՞։
— Այ կնիկ,— ասում ա,— բեր պարանը կապենք իմ միջքին, կախվեմ հորը, ինչ կա չկա, հավաքեմ, դուրս գամ։
— Չէ, ինչի՞— հակառակում ա կնիկը,— դու գնաս, լավ բաները վերցնես, փիսերը թողաս ինձ։ Ես պիտի կախ ընկնեմ։
Մարդն էլ հենց էդ էր ուզում։ Բերում ա պարանը, կապում կնկա մեջքը, կախ անում հորը։ Հենց որ հասնում ա անտակը, մարդը պարանի ծերը ձեռիցը բաց ա թողնում, քարը էլի դնում հորի բերնին, որ դուրս չգա։
Վեր ա կենում, գալիս տուն։
Անց ա կենում մի օր, էրկու օր, իրեք օր, մի շաբաթ։ Մարդն ասում ա՝ «գնամ տենամ էն անզգամը ինչ օրի ա, մեռա՞վ, սա՞ղ մնաց»։ Գալիս ա, գալիս, հասնում հորի մոտ։ Ականջ ա դնում, ի՜նչ տեսնի, հորի միջիցը մի էնենց դժվըժոցի, մի էնենց ղալմաղալի, մի էնենց հարայ-հրոցի ձեն ա գալի, որ աստված փրկի-ազատի։
Քարը մի քիչ դեն ա տանում թե չէ, տեսնում ա էն տեղից ձեն տվին.
— Աստծու սիրուն, այ հողածին, ինչ կլինի՝ էդ քարը դեն գցես, մի էստեղից դուրս գանք, էս անզգամ կնկա ձեռիցը պրծնենք, հալբաթ մենք էլ մի օր քու լավության տակիցը դուրս կգանք։
Էս մարդի մեղքը գալիս ա, դե, գիտի իրա կնկան, հորի բերանը բաց ա անում, սատանեքը գլխապատառ, դուրս են պրծնում, շնչակտուր, հորի չորս բոլորը կանգնում։ Սատանաներին որ տեսնում ա էս խեղճ մարդր, վախլությունիցը քիչ ա մնում լեղին պատռի։
— Մի վախենա, մի վախենա, հողածին,— ասում ա սատանաներից մեծը,— մի վախենա, դու որ մեզ էսենց մի լավություն արիր, էն անզգամ կնկա ձեռիցը պրծացրիր, պիտի քո լավության տակիցը դուրս գանք։ Հրես,— ասում ա,— ես կգնամ կմտնեմ թագավորի աղջկա փորը։ Ինչ դեղ-դարման անեն, ինչ հեքիմ բերեն, չեմ դուրս գա։ Էս որ կլսես,— ասում ա,— վեր կկենաս, կգնաս թագավորի մոտ «Թագավորն ապրած կենա,— կասես,— ես քո աղջկան կլավացնեմ»։ Հենց որ դու մտնես աղջկա օթախը, ես դուրս կգամ աղջկա փորիցը, աղջիկը կլավանա, կլինի ոնց որ մորեն մեկ։
Սատանեն էս ասում ա՝ աներևույթ լինում։ Անց ա կենում մի վախտ։ Խաբարը հասնում ա էս գեղը, թե՝ բա չեք ասի, էսենց, էսենց բան. թագավորի աղջիկը գժվել ա, քառասուն տակ նրա ձեռն ու ոտը կապել են, գցել մի օթախ, աշխարքումն էլ հեքիմ չի մնացել, բերել են՝ լավանալու ճար չկա։
Էս մարդը էս որ լսում ա, վեր ա կենում, գնում թագավորի մոտ։
— Ինչի՞ ես էկել, այ մարդ,— հարցնում ա թագավորը։
— Ես հեքիմ եմ,— ասում ա,— էկել եմ աղջկանդ լավացնեմ։
— Թե լավացրիր,— ասում ա թագավորր,— ինչ ուզես՝ կտամ։
Սրան տանում են աղջկա օթախը։ Տեսնում ա, հրեն աղջկա ձեռ ու ոտը քառասուն տակ կապկպած։ Սա մոտենում ա աղջկանը, սուտ-մուտ գիր-միր անում, ինքն իրան փնթփնթում՝ իբր թե աղոթք ա անում։ Սատանեն սրան որ տեսնում ա, դուրս ա գայթիս աղջկա փորիցը, հետո էս մարդուն ասում,
— Տես,— ասում ա,— էստեղից գնում եմ Հնդստանի թագավորի աղջկա փորը մտնեմ։ Համա չլինեմ-չիմանամ գաս էնտեղ, հա , թե չէ, իմաց կաց նրան կթողեմ, քո փորը կմտնեմ։
— Չէ,— ասում ա,— հո չեմ գժվել, գալիս եմ՝ ի՞նչ անեմ։ Սատանեն թողնում ա, գնում իր սատանությանը։
Մարդը աղջկա կապերը ետ ա անում, բերում թագավորի մոտ։ Աղջիկը լավանում ա, լինում ոնց որ մորեն մեկ։ Թագավորը ուրախանում ա, դառնում աշխարքով մեկ։
— Այ տղա,— ասում ա,— ի՞նչ կուզես, որ տամ։
Սա թե՝
— Թագավորն ապրած կենա, ինչ տաս՝ համաձայն եմ։
— Բաս որ էտենց ա,— ասում ա թագավորը,— իմ աղջիկը տալիս եմ քեզ։ Տար, մորդ կաթի պես քեզ հալալ ա. չունքի դու չլինեիր՝ նրան լավացնելու ճար չէր լինի։
Թագավորը բերում ա աղջկանը սրան ա տալի, յոթ օր, յոթ գիշեր հարսանիք, կեր ու խում անում, ուրախանում։
* * *
Արի հիմա սրան թողանք էստեղ, գանք խաբար տանք՝ ումի՞ց։ Խաբարը տանք սատանիցը։
Սատանեն գնում ա մտնում Հնդստանի թագավորի աղջկա փորը։ Հնդստանի թագավորը աշխարքումն էլ հեքիմ չի մնում՝ բերել ա տալիս, չեն կարում լավացնեն։
Վերջը խաբար են տալիս Հնդստանի թագավորին, թե՝ ֆլան թագավորի փեսեն, էսենց, էսենց, էսենց գլուխ հեքիմ ա։ Թե լավացնի՝ նա կլավացնի, էլ մարդ չէ։
Հնդստանի թագավորը էն սհաթին մարդ ա ղրկում էդ թագավորի մոտ։
Սա գալիս ա, հասնում էս թագավորի պալատը, գլուխ տալի, ձեռները դոշին դնում՝ էնտեղ կանգնում։
— Բարի լինի,— ասում ա թագավորը,— էդ ինչի՞ ես եկել։
Սա թե՝
— Թագավորն ապրած կենա, Հնդստանի թագավորի աղջիկը գժվել ա։ Քառասուն տակ ձեռ ու ոտը կապել են, ճար չի լինում։ Լսել ա, որ քո փեսեն էսենց, էսենց, էսենց գլուխ հեքիմ ա, կանչում ա, որ նրան լավացնի։ Թե հու չէ...
Խեղճ փեսեն մնում ա երկու ջրի արանքին, չի իմանում ինչ անի, չգնա՝ երկու թագավորի արանքը կռիվ դուրս կգա. Գնա՝ վախում ա սատանեն աղջկանը թողնի, գա մտնի իրա փորը։ Միտք ա անում, միտք՝ «Ջհանդամը,— ասում ա,— կգնամ, ինչ կլինի՝ կլինի»։
Էս փեսեն Հնդստանի թագավորի ղրկած մարդու հետ վեր ա կենում ընկնում ճամփա։ Գալիս են, գալիս են, գալիս, շատն ու քիչը աստված գիտի, մի օր, երկու օր, իրեք օր, մի շաբաթ, հասնում են Հնդստան։
Փեսեն գնում ա դուզ թագավորի ամարաթը, թագավորին գլուխ տալի, ձեռները դոշին դնում՝ էնտեղ կանգնում։
— Ֆլան հեքիմը դու ես,— հարցնում ա Հնդստանի թագավորը։
— Հա, թագավորն ապրած կենա, ես եմ,— ասում ա։
— Իմ աղջկանը կարա՞ս լավացնես։
— Բանն աստված,— ասում ա,— թագավորը ողջ լինի։
Էս մարդին տանում են թագավորի աղջկա օթախը։ Տեսնում ա՝ հրեն աղջիկը քառասուն տակ կապկպած ա։ Սատանեն սրան որ տեսնում ա, աղջկա փորի միջիցը ձեն ա տալիս։
— Այ մարդ, չէ՞ ես քեզ ասեցի՝ չգաս, դու ոնց սիրտ արիր, էկար։
Սա թե՝
— Սո՛ւս, սատանա ախպեր, ես հո չեմ էկել սրան լավացնեմ. էկել եմ քեզ իմաց տամ, որ էն անզգամ կնիկը հորի միջիցը դուրս ա էկել, քո հետևիցը ման ա գալի, լսել ա, որ էկել ես Հնդստան, ինքն էլ վեր ա կացել, էկել քո հավարին։ Ճար ունես՝ տես։
— Ամմա՜ն, աստծու սիրուն,— ձեն ա տալիս սատանեն,— բաս որ էտենց ա՝ դուրս գամ էստեղից փախչեմ, գնամ ուրիշ երկիր, քանի էն անզգամ կնիկը չի եկել ինձ գտել։
Սատանեն էս ասում ա թե չէ, թագավորի աղջկա փորիցը դուրս ա գալիս, փախչում։
Աղջիկը լավանում ա, լինում ոնց որ մորեն մեկ։ Նոր էդ մարդը աղջկա կապերն արձակում ա, տանում թագավորի մոտ։
Թագավորը ուրախանում ա, աշխարքով մեկ ա լինում։ Բերում ա էդ մարդին իրա քաշովը մին ոսկի ա տալիս, ճամփում էլ ետ իրանց երկիրը։
Բա՜։
Աստված ազատի լսողանց՝ անզգամ կնկա ձեռիցը։ Ամա՜ն։
* * *
— Ալևոր,— ասեց տատս,— չկարծես, որ ես մենակ կնանոնցն եմ պաշտպանում, հրես մի հեքիաթ էլ պատմեմ մի ուրիշ կնկա մասին։
Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64
Լրացուցիչ տեղեկություններ |
Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.: |
Տես նաև |