ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


37. ՄԱՐԴ ՈԻ ԿՆԿԱ ՊԱՅՄԱՆԸ

Մի գեղացի մարդ ա լինում, մի կնիկ։ Սրանք շատ լավ ու սիրով են ապրելիս լինում, ամա մարդու քոռ բախտիցը էս կնիկը հիվանդանում, մեռնում ա։ Մարդը երկար ժամանակ նոր կնիկ չի առնում։

Ես որդիա՞ն գտնեմ իմ օղորմածիկ կնկա նման լավ կնիկ, ամա մին էլ նստում ա ինքն իրան հետ խոսում,

— Այ մարդ,— ասում ա,— առանց կնկա տունը տուն չի՝ կրակ տուր ու վառի։ Մենակ ապրիլ չի լինի։ Պետք ա պսակվեմ ես։ Կյանքիս համն ու լազաթը կորել ա։ Մի խոսակից չկա, որ հետը զրից անեմ։ Անպսակ մնալը մենակ աստծուն, Քրիստոսին ու սրբերին ա վայել։

Էս մարդը ճանապարհ ա ընկնում, գնում գեղե-գեղ, շենից-շեն ման գալի, որ իր ուզածով մի լավ կնիկ ճարի։ Վերջը մի ջահել, սիրուն որբվերի կնիկ ա գտնում, հետը պսակվում՝ գնում իրա տուն։

Կնիկն ասում ա.— Պսակի տակին տերտերը չթողեց, որ ես ուզածս ասեմ, ամա ուզում եմ, որ գիտենաս։ Ես մի փիս խասիաթ ունեմ, տարվա միջին երեք օր իմ խանմությունս բռնում ա, էն օրերին ես ոչ մի բանի ձեռ չեմ տա, ոչ մի բան չեմ անի, խանում-խաթուն դառած ինձ համար ման եմ գալիս։

— Այ կնիկ,— ասում ա մարդը,— ես էլ քեզ պես եմ է. տարվա մեջ իրեք օր էլ իմ գժությունն ա բռնում։ Որ բռնում ա է, աստված հեռու տանի, ամեն ինչ կոտրատում եմ, ջարդ ու փշուր անում։ Ով էլ, որ էդ վախտը կողքիս լինի, տալիս եմ մահակով, ծեծում, աղցան անում։— Համ ասում ա, համ էլ մտածում.— «թող մի իրա խանմությունը ցույց տա, նոր ես դրա հախիցը կգամ»։

— Դե ո՞նց անենք,— ասում ա կնիկը,— պետք ա յոլա գնանք՝ ես քու գժությունը կտանեմ, դու էլ իմ խանմությունը։

Էսպես իրար խոսք են տալիս՝ ապրում։ Մարդը տեսնում ա, որ էս կնիկը սիրուն ու ջահել ա՝ ամա թամբալություն ա անում։ Մտածում ա՝ մի քիչ համբերեմ, թե չփոխվեց, նոր սրան խելքի կբերեմ։

Անց ա կենում մի առ ժամանակ։ Մարդը հնձվորներ ա բերում, որ արտը հնձեն։

Կեսօրին մարդ ա ղրկում տուն, որ կնիկը կերակուր էփի, ճաշ բերի հնձվորներին։ Կնիկը էդ ղրկածին ասում ա.

— Գնա մեր մարդին ասա, որ խանմությունս բռնել ա, դեռ գիշերվանից ա էկել։ Մարդս թող մեր հարևանի կնկանը ճաշ պատրաստել տա։

Մարդը էս որ լսում ա՝ կատաղում ա՝ մի լավ կակող հոնի ճիպոտ ա վեր ունում, վռազ հասնում ա տուն, դեռ ոտը շեմքին չդրած, գոռում ա.

— Այ կնիկ, բա ես ո՞նց անեմ, էս անտեր գժությունս բռնել ա։— Ասում ա ու ընկնում կնկա ջանին, մի լավ, քու հավանած, ճիպոտածեծ տալի։

Կնիկը ճղճղում ա, բղավում.

— Հա՜յ, մեռա, վա՜յ, օգնեցեք։

Հարևաններն ասում են.

— Էս մարդը մի օր չի նեղացրել իրա օղորմածիկ կնկանը։ Հիմի թազա կնկանը երևի դաս ա տալի։–– Ասում են ու քաշվում ղրաղ։

— Աստծու սիրուն,— ասում ա կնիկը,— բոլ էլավ, սրանից դենը ես իմ խանմությունն եմ թարգ տալի, դու էլ թարգը տու քու գժությունը։

Էդ ա լինում ու՝ էդ։ Դրանից հետո ո՞ր կնկա «խանմությունը» կարող ա բռնի։

* * *

Բա՜, էդպես ա կարգը՝ խելոք, համեստ կնկանը մարդը կսիրի, կխնայի, կպատվի, ամա թե որ ջահել, սիրուն կնկա սանձը բաց թողիր՝ գլխիդ կնստի։

Մեր պապերի ասած խոսքն ա. խամ, ջահել ձիու գյամը քաշած պետք ա պահես, թե չէ էդ ձին տրճկի տալով քեզ էլ գետնովը կտա, իրան էլ կվնասի։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice