ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


2. ԺՈՒԺԿԱԼ ԹԱԳՈՒՀԻՆ ՈՒ ԻՐ ԵՐԵՔ ՏՂԵՆ

Ժամանակով լինում ա մի թագավոր։ Սրան ունենում ա մինուճար մի աղջիկ։ Էս աղջիկը շատ սիրուն ա լինում։ Շատ խելոք ու շատ նամուսով, բայց միշտ փախչելիս ա լինում աշխարքի վայելքից։

— Միտք չունեմ,— ասում ա,— աշխարհ մտնելու։ Իմ սիրտը երկնային աստծուն ու Քրիստոսին եմ տվել։

Թագավորի տեղը շատ նեղում են.

— Աղջկանդ մարդու տուր, որ մահիցդ հետո աշխարքը անտեր չմնա։ Թագավորի աղջիկն ասում ա.

— Այ հեր, դե որ էդպես զոռում են, ես էսպես պայման եմ դնում. Ես կուզեմ էն տղին, որ կհամաձայնվի տարենը մենակ մի անգամ իմ անկողինը գար:

Էս բանը հայտնում են աշխարհի բոլոր կողմերին, ամա բոլոր թագաժառանգներն ու իշխանները հրաժարվում են էդ չլսված պայմանից։ Օչով չի ուզում էդ աղջկան առնել։ Գալիս ա մի նախրչու տղա, ասում ա.

— Ես կուզեմ։ Թե որ թագավորի աղջիկը էդքան համբերող ու նամուսով կլինի՝ ես էլ կլինեմ։ Ես էդ պայմանին համաձայն եմ, ախպեր, ես դրան կուզեմ։

Թագավորի աղջիկը էս տղի խոսք ու զրցից հասկանում ա, որ սա համ շատ խելոք ա, համ էլ շատ դիմացկուն ու համբերող։ Բերում են սրանց պսակում։ Թագի տակին երդվում են՝ տարենը մենակ մի անգամ իրար հետ անկողին մտնեն.— Ով որ մեզանից,— ասում են,— էս երդումը քանդի, աստված էն րոպեն նրա մեջքը կոտրի։— Ասում են ու իրանց խոսքին հաստատ մնում։

Պսակի առաջին գիշերը աղջիկը երկուհոգիսանում ա։ Ծեր թագավորը հրաժարվում ա Գահից, ու նրա տեղը թագավոր ա նստում փեսեն՝ նախրչու տղեն։ Սա էնպես խելքով ու իմաստությունով ա կառավարում երկիրը, որ ժողովուրդը սրտով սիրում ա ու պատվում սրան։

Վրա երկրորդ տարին թագուհին պառկում ա, բերում մի սիրուն տղա։ Աշխարքն էլ իրանց սիրած թագավորի ու թագուհու հետ ուրախանում ու զվարճանում ա։ Բոլորի բերանին նրանց բարի գործերն ու անարատ հալալ սուրբ անկողինն ա լինում։ Օրերը գալիս անց են կենում, թագուհին մի տղա էլ ա բերում։

Էդ վախտերը, մի իրիկուն, մի քանի փչացած ջահել տղերք քեֆ անելիս են լինում։ Նրանցից մեկն ասում ա,— թագավորի ու թագուհու բախտավորությունն էլ երկար չի քաշիլ։ Թագավորը տարենը մեկ ա գնում թագուհու անկողինը։

— Էդպես ա,— ասում ա մեկելը,— ասում են, հենց էս գիշերը նրանց ժամկետը թամամում ա։ Թագավորը գնալ պտի թագուհու անկողինը։
— Տղերք,— ասավ սրա կողքին նստողը,— ես էս գիշեր գնալու եմ թագուհուն խաբեմ։ Թե ես նրանց բախտավորությունը չքանդեմ, բաս ես ես չեմ։

Ընկերները ասին՝ ինչացո՞ւ ես դու, ի՞նչ քու խելքի բանն ա, որ էդ անես։ Նա թե՝ ես էդ բանը թե գլուխ չբերեմ, ինձ շուն-շան որդի ասեք։ Ու մարջ են գալի։

Էս փչացած, աննամուս տղեն գալիս ա ընկնում թագավորի ոտները:

— Տեր թագավոր, աչիդ ու գլխիդ մատաղ,— ասում ա,— ես մի քյասիբ տղա եմ։ Մի սիրուն աղջիկ եմ սիրել, էս գիշեր գնալու եմ որ նշանը տամ։ Ամա էս շորերով ամաչում եմ գնամ։ Քու շորերիցը մի ձեռք տուր, հագնեմ, գնամ սիրածիս մոտ, ետ կգամ շորերդ կտամ քեզ։

Թագավորի մեղքը գալիս ա,— հայ գիտի,— ասում ա,— ես էլ եմ սրա օրին եղել` տկլոր, առանց լավ շորի։

Ու մի ձեռք իր շորերից տալիս ա էդ տղին։

Տղեն հագնում ա, գնում թագավորի շորերով ու անունով թագուհու անկողինը պղծում, ետ գալիս, շորերը տալիս թագավորին.

— Շնորհակալ եմ թագավոր,— ասում ա ու գնում կորչում։

Մի քիչ հետո թագավորը գնում ա թագուհու մոտ, դուռը ծեծում ա։

— Էն ո՞վ ա,— ձեն ա տալիս թագուհին։

— Ես եմ, թագուհի ջան, դուռը բաց արա։

— Թագավոր, ի՞նչ եղավ քեզ, նոր չգնացի՞ր էստեղից։

Թագավորը գլխի ա ընկնում, որ միամիտ թագուհին խաբվել ա իրա շորերին, ու էդ բանի պատճառն էլ ինքն ա։

— Վա՜յ մեջքս կոտրեց, թագուհի,— ասում ա ու վեր ընկնում։ Թագուհին դուռը բաց ա անում, տեսնում՝ թագավորի մեջքը կոտրել ա։

— Իմ անգին թագուհի,— ասում ա թագավորը,— քեզ անչափ սիրելուց երկրորդ անգամ եկա, դրա համար աստծու պատիժը մեջքս կոտրեց։

Թագուհին վրա ա ընկնում մարդին, արտասուք թափում, հավար ա կանչում։ Պալատականները թագավորի համար բժիշկներ ու հայտնի գրբացներ, ամեն տեսակ դեղ ու դարման են անում, ամա թագավորի լավանալու ճար չի լինում։

Էն օրվանից անց ա կենում ինն ամիս, ինն օր, ինը սհաթ, ինը րոպե, թագուհին ծունկը գետնին ա տալիս, բերում ա երրորդ տդեն։ Խաբարը տանում են հիվանդ թագավորին, աչքալիս են տալի թագուհու կողմից։

Էստեղ թագավորը գիր ա գրում թագուհուն, թե.

— Ես իմ երեք որդկերանքից մեկին զրկում եմ ժառանգությունից։ Գրի տակին ձեռք ա քաշում, կնիքը խփում, ձեռները ծալում դոշին, ու աքերը գցում երկինք ու հոգին փչում։

Մինչև տղերանց հասնելը թագուհին ա երկիրը կառավարում ։ Ուշք ու միտքը գցում ա իրա երեք տղի վրա, որ մինը, մնից լավն են լինում, խելոք ու սիրուն։ Համ էլ շատ ա միտք անում, թե ինչո՞ւ թագավորը տղերանցից մեկին զրկեց ժառանգությունից։ Միտք ա անում, ամա գլխի չի ընկնում պատճառը։

Օրեր են էլի, գալիս, անց են կենում։ Տղերքը մեծանում են, հասնում են գահին նստելուն, ամա օչով չի կարում իմանա, թե դրանցից ո՞ր մեկն ա զրկված ժառանգությունից։ Թագուհին իմացած ա լինում, որ էն ֆլան երկրի թագավորը մի շատ խելոք, իմաստուն ու աստվածավախ մարդ ա։ Երկրի բանիմաց մարդիքը խորհուրդ են տալի, որ տղերքը գնան էն թագավորի մոտ, բալքի նա մի բան գլխի ընկնի, մի ճամփա շանց տա։

Տղերքը գնում են, հասնում էդ թագավորի դուռը։

— Բարով, հազար բարին եք եկել,– ասում ա էն թագավորը,— ճամփա եք կտրել, բեզարել, սովել եք, էսօր դինջացեք, հաց կերեք, քնեք, առավոտը, որ աստծու լուսը բացվի, տենանք, թե ձեր դարդին ի՞նչ դարման կարվի։

Առավոտը տղերքը պատմում են թագավորին իրանց դարդը։ Թագավորն էլ պատմում ա իրա աղջկան, որ նրանց հոր կտակի միտքը բաց անի։

Թագավորի աղջիկր, որ դուրս ա գալիս իրա օթախիցը, քողը վեր աունում, նրա երեսի շափաղիցը տղերքը աչքերը խուփ են անում` հենց իմանում են արեգակ ա դուրս եկել։

Թագավորի աղջիկն ասում ա.

— Ձեր ուզածը ես գիտեմ, հլա դեռ ինձ լսեք մի բան պատմեմ, հետո կմտածենք, թե ոնց անենք, որ դուզ ճամփեն գտնենք։

Մի օր մի քանի աղջիկ գնում են հանդը բոխ ու զոխ քաղելու։ Դրանցից մինը մեկելներիցը ջոկվում ա, զոխ ու բոխ քաղելով շատ ա հեռանում, մին էլ մտիկ ա անում, տեսնում ա, որ մնացել ա մենակ ու էստեղ մի չոբան ոչխար ա արածացնում։

Չոբանը տեսնում ա էս սիրուն աղջկան, քեֆը գալիս ա, սիրտը ցնծում ա, բռնում ա էդ սիրունին, որ սիրի, աղջիկը աղաչում ա.

— Չոբան ախպեր,— ասում ա,— ուխտ ունեմ արած, որ անարատ մնամ, սուրբ սրտով իմ թագին ու պսակին արժանի լինեմ։ Ես քեզ հաստատ խոսք եմ տալիս, որ իմ պսակի առաջին գիշերը, էլի էսպես մաքուր ու անարատ գամ քու մոտ։

Չոբանը էդ աղջկան հավատում ա ու բաց թողնում։

Ժամանակ ա անցնում։ Էս աղջիկը պսակվում ա մի շատ լավ տղի հետ։ Առաջին գիշերը, երբ սրանք մտնում են իրանց սենյակը, աղջիկը սիրտը բաց ա անում տղի առաջ, իր գլխի եկածը պատմում. — Ոտիդ ու գլխիդ մատաղ, իմ տեր, թագ ու պսակ, ես չոբանին հաստատ խոսք եմ տվել, ուզում չեմ խոսքս կոտրել։ Բեր դու ինձ բաց թող, գնամ նրա մոտ։ Թե ինձ սիրում ես, թողալ մի, որ ես խոսքս գետին գցեմ, չոբանի մոտ անազնիվ դուրս գամ։

— Գնա,— ասում ա մարդը,— որ դու աստատ խոսք ես տվել, չոբանն էլ քեզ հավատացել ա, քեզ բաց ա թողել, գնա քու ազնիվ խոսքը կատարի։

Ու անարատ բաց ա թողնում իր նորահարսին...

... Էստեղ թագավորի աղջիկը խոսքը կտրում ա ու դառնում մեծ ախպորը, հարցնում.

— Դրուստն ասա, թագավորի մեծ տղա, դու որ լինեիր էդ տղի տեղը քու նշանածին, քու նորահարսին, քողն էլ երեսին բաց կթողնեի՞ր։

— Իհարկե, բաց կթողնեի, որ չոբանը նրան հավատացել ա, նա էլ հաստատ խոսք ա տվել, էն նորափեսեն էդպես պիտի աներ։

Թագավորի աղջիկը լռում ա, հետո շարունակում.

— Էդ նորահարսը քողն երեսին, գնում ա հասնում չոբանի տուն, դուռը ծեծում. «Չոբան ախպեր,— ասում ա,—- ես իմ խոսքի տերն եմ, էս գիշեր պսակվեցի, իմ նշանածից իրավունք առա, անարատ եկել եմ քու մոտ, հիմի մնացել եմ քու խղճմտանքին, թե ուզում ես ինձ հոգեց-հոգի կորցնել, թե ուզում ես, որ իմ մարդը ամեն օր ինձ երեսծեծանք անի, թե ուզում ես, որ ես անբախտ լինեմ, ամեն օր աղի արտասունք թափեմ՝ կատարի քո կամքը։

Չոբանը զարմանում ա էդ նորահարսի ու իր նորափեսի ազնվության վրա, սիրտը փուլ ա գալիս, ասում ա,— դու իմ քույրն ես, իմ բերնի սրբությունն ու օրհնանքն ես, գնա, քու մուրազին հասի։ Քու նշանածն էլ սրանից դենը իմ ախպերն ա։ Իմ դուռը միշտ բաց կլինի ձեր առաջ...

... Էստեղ թագավորի աղջիկը իր պատմությունը կտրում ա ու դառնում միջնեկ ախպորը հարցնում.

— Դրուստն ասա, թագավորի միջնեկ տղա, դու որ լինեիր էն չոբանի տեղը, էն սիրուն նորահարսին, քողն երեսին, բաց կթողնեի՞ր։

— Իհարկե, բաց կթողնեի։ Երբ որ նորահարսն ու փեսեն էնքան ազնիվ էին, որ մինն իրա հաստատ խոսքի տերն էր, մեկելն էլ իր նշանածի խոսքը չկոտրեց, ազնիվ չոբանն էլ իր մարդկությունը ցույց տվեց, ես հո քարսիրտ չեմ, որ բաց չթողնեի։

Թագավորի աղջիկը էլի սուս կացավ, հետո շարունակեց.

— Նորահարսը չոբանից որ հեռացավ, վազեց, ինչքան ուժ ուներ, որ թեզ հասնի իրա փեսին, էնա հասել էր քաղաքին, որ մի քանի լոթի տղերք նրա առաջը կտրեցին. «Հիմի որ իսկական քեֆ կանենք,— ասին,— որսը իրա ոտովն եկավ»։ Ուզեցին տանեն խայտառակ անեն։

Նորահարսը, քողն երեսին, նրանց ոտներն ընկավ. «Ախպերտինք, ձեր ջանին ղուրբան, ձեր ոտին մատաղ, թողեք մի երկու խոսք ասեմ ու հետո ինչ ուզում եք, արեք»։ Ու նա պատմեց իր գլխին անց կացածը, ասեց. «Կամ ինձ էստեղ սաղ-սաղ թաղեցեք, կամ թողեք գնամ մուրազիս հասնեմ։ Որիդ քիր չունեք՝ ինձ քիր հաշվեցեք, որիդ էլ ունեք, մեկն էլ ավելացրեք»։

Էդ լոթիքը խղճացին նորահարսին ու բաց թողին։

Էստեղ թագավորի աղջիկը իր պատմությունը կտրում ա ու պուճուր ախպորը հարցնում.

— Դրուստն ասա, թագավորի պուճուր տղա, դու որ լինեիր էն տղերանց տեղը, էն սիրուն հարսնացուին բաց կթողնեի՞ր։

— Չէ, բաց չէի թողնի, ես զարմացել եմ էն նորափեսի վրա, որ սարսաղություն արավ, իր նորահարսին բաց թողուց կես գիշերին գնա չոբանի մոտը։ Չոբանն էլ սարսաղություն արավ, իր ոտով եկած որսը ձեռից բաց թողեց։ Էն լոթի քեֆ անող տղերքն էլ սարսաղություն արին, որ նրան բաց թողին։ Ես էդ բանը չէի անի։ Հլա մի ուզածս կանեի, հետո ինչ ուզում էր լիներ։

Թագավորի աղջիկը վեր ա կենում ու էդ տղին ասում.

— Ժառանգությունից զրկվածը հենց դու ես, որ կաս։ Դու խառնակ արուն ունես, որ քեզ էդպես ա խոսացնել տալիս։ Դու էն թագի տակ երդում կերած հորն ու մոր հալալ տղեն չես։ Քու աշխարհ գալում կամ հերդ ա խաբված, կամ մերդ, կամ թե չէ՝ երկուսը միասին։ Հալբաթ թագավորին մի ուրիշը խաբել ա ու նրա անունով խաբել քո մորը։ Հենց էդ ա թագավորի մեջքը կոտրել։

— Ապրես, աղջիկ ջան,— ասեց թագավորը,— շատ դրուստ ես գտել զրկվածին։ Էստեղ վեր ա կենում թագավորի մեծ տղեն, էս թագավորի ձեռը պաչում ա, ասում.

— Տեր թագավոր, թե որ արժան կհամարես, խնդրում եմ քու աղջկա ձեռքն ինձ տաս։

Աղջիկն էլ տեսնելուն պես սիրահարվում ա մեծ ախպորը։ Թագավորը իր ձեռքով նրանց հարսանիքն անում ա ու մեծ բաժինքով ու դուժինքով ճանապարհ դնում։

* * *

Նրանք հասան իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երբ այս հեքիաթը վերջացրեց Աղասին, մենք արդեն ձորը բարձրացել էինք և հասել Օձուն գյուղը։ Օրը լիսացավ, նրա հետ վերջացավ և մեր հեքիաթների առաջին գիշերը։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice