ArmenianHouse.org - Հայ գրականություն, պատմություն, կրոն
Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support Unicode Armenian Language Support
ArmenianHouse.org in EnglishArmenianHouse.org in Russian

«ԱՐԵՎ» – ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԵՔԻԱԹՆԵՐ

Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64


26. ԱԴԱՄՈՐԴՈԻ ՀԵՔԻԱԹԸ

Ծառը որ պտուղ ա տալիս, էդ պտուղի կորիզիցը կամ սերմիցը էլ ետ թազա ծառ ա մեծանում։ Էս ծառն էլ պտուղ ա տալիս, պտուղի սերմն էլ մի թազա ծառ։

Էսպես էլ մարդ արարածը՝ ծնողը որդի ա ունենում, որդին՝ թոռ, թոռն էլ ծոռն ա ծնում։ Մարդու մեռնելու վախտը որ հասնում ա, մարդը հանգիստ մեռնում ա, քանի որ գիտի՝ իր անունն ու գործը ժառանգները կենդանի կպահեն աշխարքի մեջ։

Ամա վայն էկել ա տարել անպտուղ, անզավակ, առանց ընտանիքի ու ազգականների մնացած մենակ մարդուն։

Մի էդ տեսակ մենակ հարուստ մարդ ա լինում։ Ջահել վախտը իսկի չի մտածում, թե, որ ապրիլ կա՝ մեռնիլ կա, դե, էդպես ա էլի, էն ո՞ր ջահելն ա որ մտածում ա մահվան մասին։ Ամա էս մարդը տարիքը որ առնում ա, ընկնում ա ծանր մտքերի մեջ, ո՞նց անի, ի՞նչ անի, մահին խաբի, որ չմեռնի։ Չէ՞ որ մահից վախեցողի ապրածն էլ մեռածի հաշիվ ա։

— Վեր կենամ,— ասում ա,— գնամ մի էն տեսակ տեղ, մի էն տեսակ երկիր, որ մահ չլինի։

Շատ ա միտք անում, վերջը որոշում ա, որ էդ տեսակ տեղը իրանց երկրին նման չի լինի, էդ տեսակ տեղը,— ասում ա,— կարող ա աշխարքի վերջումը լինի։

Էհ, ինքը հարուստ մարդ, ի՞նչն ա պակաս։ Քարավանը բարձում ա բեռ ու բարձով, ծառա-նոքարներով ճամփա ա ընկնում, գնում ա ու գնում, շատն ու քիչը աստված գիտի, վերջը հասնում ա մի անծանոթ երկիր, որ իսկի իր երկրի նման չի։ Հարցնում ա, թե.

— Բարով, խերով լինի ձեր երկիրը, ի՞նչ ա ձեր երկրի անունը։ Ասում են՝

— Էս աշխարքի վերջի երկիրն ա։

Էս մարդու սիրտը ուրախությունից թպրտում ա։

— Էս ա, իմ ուզածն ա։ Մին էլ ա հարցնում.— Բա սրանից դենը երկիր չկա՞։

— Չէ, ասում են, էնա վերջն ա էլի՛։

Էս մարդը ուրախանում ա, ասում ա, թամամ, որ վերջի երկիրն ա, էստեղ ամեն ինչ ուրիշ տեսակ ա, էստեղ մարդը չի մեռնի։ Մին էլ սար ու ձոր ձեն են առնում, ձեն տալի.

-— Կմեռնի, ադամորդի, կմեռնի։

— Ո՞նց թե` կմեռեի,— փշաքաղվում ա մարդը։

— Կմեռնի,— աներևույթ ձեն են տալի ծառերն ու ջրերը, հավքն ու թռչունքը, գազանն ու սողունը,— կմեռնի ադամորդի, կմեռնի, մահը մարդու մեջն ա, իր ծնվելու օրիցը։ Հիմի էլ քու մահը հետդ բերել, հասցրել ես էստեղ։

Էս մարդը քոռ ու փոշման ուզում ա ետ փախչի, ամա ոտները թուլանում են, ալքերը մթնում, վեր ա ընկնում էստեղ մեռնում...

* * *

Պապիս հեքիաթները լսելու հավաքվում էին գեղի մեծն ու պստիկը։

— Էդպես ա, մահին խաբել լի լինի,— ձեն տվին մեր տարիքավոր հարևանները,— էն ո՞վ ա նրա ձեռիցը պրծել, որ էն միամիտ մարդը պրծներ։

Խոսքը պտիտ էկավ, էկավ հասավ տատիս, սա թե.

— Որ մահին խաբել լի լինի, դրա մի հեքիաթ էլ ես գիտեմ։ Ի՞նչ կասես ալևոր, սազական կլինի, որ ասեմ էդ հեքիաթը։

— Ասա, Հերիքնազ,— ասեց պապս,— շատ սազական կլինի։

— Նանի ջան,— ձեն տվին տան տղերքն ու հարսները,— ասա լսենք։

— Տատի ջան, դե ասա էլի, որ մենք էլ իմանանք,— տեղներիցը վեր թռան էրեխեքը` տատի վզովն ընկնելով ու նրա թևն ու փեշը քաշքշելով։

Տատս նստած տեղումը հարմարվեց, մութաքան քաշեց իրեն, քաղցր աչքով մտիկ արեց մեզ, իր շուրջը նստածներին։ Հանդարտ, մարմանդ, խոսքը ծոր տալով ու իր ասած խոսքին ականջ դնելով, սկսեց պատմել։

 


Բովանդակություն Առաջաբան 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 55 56 57 58 59 60 61 62 63 64

 

Լրացուցիչ տեղեկություններ

Աղբյուր՝ Երևան, «Սովետական գրող», 1980թ.:
Տրամադրել է՝ Միքայել Յալանուզյանը

Տես նաև

Հովհաննես Թումանյան. Հեքիաթներ

Design & Content © Anna & Karen Vrtanesyan, unless otherwise stated.  Legal Notice